Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հրաչ Քեշիշյանի մահասարսուռ երազը



germanikus
07.10.2012, 16:25
54641


«Հրաչ Քեշիշյանի մահասարսուռ երազը»


Լիալուսնի 3-րդ օրն էր:
Արևելյան տաք քամին, գորշ անձրևի հետ միասին, հարավային ափերից, դժկամ լուրեր բերող բանբերի պես, փաթաթել էր լեռնաշխարհը:
Քաղաքը կորած էր թույլ մառախուղի և տհաճ զգացողության սարսափելի մթնոլորտում:
Երեկո էր:
Պետանվտանգության ծառայության հատուկ նկուղային զնդանում պատից պատ էր քայլում հոգեպես ծանրագույն իրավիճակում գտնվող պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, երբ բացվեց զնդանի դուռը և մգլած երեսով u խռպոտ ձայնով բանտապահը նրան դուրս հրավիրեց:
Քեշիշյանը կարծես վեցերրորդ զգայարանով կարդաց բանտապահի աչքերում մոտալուտ մահվան չարագույժ լուրը:
Ժողովրդի բազմությունը, հոծ խմբերով, հավաքվել էր կենտրոնական հրապարակում: Որի կենտրոնում վեր էր խոյանում սրածայր շեղբով մահաբեր գելիոտինը:
Սևազգեստ քահանաները պտտվում էին ժողովրդի մեջ՝ փորձելով հանգստացնել նրանց՝ մոտալուտ մահապատիժը տեսնելու սարսափելի զգացողությունից:
Հեղձուկ օդը, տաք անձրևի հետ միասին, պատել էր ողջ հրապարակը:
Շղթայակապ Հրաչ Քեշիշյանը մոտեցավ գելիոտինին և քահանաների օգնությամբ գլուխը դրեց մահատախտակին:
Նրան մոտեցավ սրբազան արքեպիսկոպոսը:

Արքեպիսկ. - Ընդունու՞մ ես մեղքերդ, որդիս:
Պատրա՞ստ ես ներում հայցել մարդոց և Աստծո առջև:

Քեշիշյանը բարձրացրեց հայացքը և աղիողորմ արտաբերեց.

- Ես իրենց եմ ընտրել... իրե'նց...

Սրբազան արքեպիսկոպոսը, դառնացած հայացքը, լի կասկածանքով և հարցմունքով, ուղղեց դեպի հրապարակի աստիճանների վերնամասում դրված կառավարական օթյակի առաջին հարկ: Որտեղ նստած սրբազանների սրբազնագույնը, գլխի թեթև շարժումով, բացասական գործողության հրահանգ տվեց.
Գլխավոր թեմի առաջնորդը, հայացքը ուղղելով դեպի Քեշիշյանը, մահասարսուռ ձայնով արտաբերեց.
- Չենq հավատում, որդյակ իմ, չենq հավատում:
Եվ քաշեց ձգանը:
Գելիոտինի սրածայր շեղբը սուրալով ներքև` կտրեց և զամբյուղը գլորեց Հրաչ Քեշիշյանի արնաշաղախ գլուխը: Իսկ մարմինը, մորթված հավի պես թփրտալով, ջղաձգորեն գալարվեց մահատախտակին:
Լսվեց ժողովրդի վախի և ահասարսուռ հառաչանքի արձագանքը: Տեղ-տեղ լսվեցին հավանության և ոգևորության ծափահարություններ:

Զարզանդելի երազից ճչոցով արթնանալով` Հրաչ Քեշիշյանը նստեց մահճակալին:
Սառը քրտինքը պատել էր ճակատը:
Խոհանոցից լսվում էր բաց ծորակի խշշոցը և քամուց տատանվող պատուհանի փեղկի ձայնը:
Հրաչը շնչահեղձ էր լինում:
Հայելու առաջ սրբելով երեսը, նա մոտեցավ սառնարանին: Երեկվա գինարբուքից մնացած 100 գրամ օղին և գարեջրի մնացորդը լցնելով մեկ բաժակի մեջ` Հրաչը մի կումով ըմպեց այն, այնուհետև մոտեցավ պատուհանին:
Դրսում քաղաքն էր: Իր սովորական անցուդարձով, փոշով, կոպիտ հրահրոցով և երթուղայինների տձև բազմությամբ:

Հրաչը հայացքը ուղղեց ներքև, բռնվեց բազրիքից և փորձեց խորը շունչ քաշել:
Սակայն ահազդու տեսարանից սարսափած՝ զարհուրելի գոռոցով ետ քաշվեց:
Պատուհանից այն կողմ, կարծես հրեշտակի պես երկնքից կախված, խելագար ժպիտով և արնակալած շրթունքներով ճոճվում էր սպիտակազգեստ երգչուհի Ուրիշոն: Ձախ ձեռքով բռնած սպարապետի կտրված գլուխը, իսկ աջով` սեփական աչքերը:

Հրաչը ուշագնաց եղավ:
Երազը շարունակվում էր:

Որոտացող ամպրոպի և զիգզագաձև կայծակի փայլատակումից շողշողացող անձրևի կաթիլները, հորդառատ գետի պես, երկնքից թափվում էին կոկորդից տաք գոլորշի արձակող զինվորների դեմքին:
Խառնացրիվ լեգիոնները համախմբելու և կագորտաների մեջ վերադասավորելու համար, զինվորական առաջնորդները հրամաններ էին արձակում սուրհանդակների խրոխտ ձայներով:
Գիշերվա խավարը տեղի էր տալիս գորշ արշալույսին:
Իսկ մահաբեր ամպերը, փռելով իրենց սև փետուրները, և պատելով հնադարյա քաղաքը, կարծես չէին ուզում հեռանալ:

Հեգնաժպիտ և դառը հայացքով կայսր Քոչիոսը, և նրա տեղակալ` քնաթաթախ աչքերով անվտանգության հանձնակատար Սարգիսոսը, թիկն էին տվել ամֆիթատրոնի կառավարական սենյակի բազմոցին և խորհդակցում էին արևելյան բարբարոս երկրի ղեկավար Լահիմ Ալիոսի հետ մոտալուտ պատերազմի վերսկսման առնչությամբ:
Դրսից լսվեց հանդիսատեսի բուռն ծափահարությունները և աղաղակը:
Նրանք պահանջում էին անհապաղ սկսե՛լ ներկայացումը:
Քոչիոսը և Սարգիսոսը գրավեցին իրենց տեղը կառավարական օթյակում և ներկայացումը սկսելու հրաման արձակեցին:

Առաջին տեսարանը ներկայացնում էր սենատի դահլիճը, որտեղ ժողովրդի ներկայացուցիչներին մարմնավորող դերասանները ներկայացնում էին պետական հարցերի քննարկման ընթացք: Հերթականությամբ իրենց խոսքն էին ասում սենատի անդամները: Իր ծանրակշիռ խոսքն ասաց նաև կայսերը թշնամաբար տրամադրված սպարապետ Վուզգիոս Սարկոսը:

Ներկայացման ընդհանուր տրամադրությունը վատ և սարսափելի տեսարանների էր նախապատրաստում:
Սատուրնը գտնվելով Անդրոմեդայի միգամածության գերագույն աստղ Նիբերիոսի ազդեցության տակ, արագընթաց պտույտներով մոտենում էր Յուպիտերին:
Էրինները կանխագուշակում էին արյունալի իրադարձություններ կայսրությունում և նրա սահմաններից դուրս:
Ներկայացման սյուժեն հետաքրքրություն առաջացնելով Քոչիոսի և Սարգիսոսի մոտ` նրանց ուշադրությունը ավելի' սևեռեց դեպի բեմը:
Հանկարծ բացելով ետնամասի դուռը և լրաբեր բանբերների դիմակները հանելով, սրերով և նիզակներով զինված մի հրոսակախումբ, իրենց առաջնորդ Հունանոսի ղեկավարությամբ, այլանդակ հայհոյանքներով, հարձակվեց սենատի ղեկավարության վրա՝ նիզակահարելով ղեկավարության ութ անդամների: Որոնց թվում էին սենատի նախագահ Կարիուս Դեմոսը և լեգիոնների գերագույն հրամանատար Վուզգիոս Սարկոսը:
Քոչիոսն ու Սարգիսոսը, թեթևացած շունչ քաշելով, նայեցին միմյանց, ժպտացին թռուցիկ հեգնական ժպիտով և դանդաղ թիկն տվեցին բազմոցին:
Հեռվից լսվեց խուլ անտառի կույր և խելագար բնակիչ, գիշերային բվեճի ահասարսուռ ծիծաղը, որը, թափահարելով թևերը, կորավ խավարում:
Հրաչ Քեշիշյանի երազը և ներկայացումը շարունակվում էին:
Նա տեսավ ինքն իրեն սենատի լրատվության հանձնակատարի տեղակալի դերում և արնահեղության ականատես: Եվ ցանկացավ գոռալ: Սակայն բարբարոս Հունանոսը, նիզակի ծայրով սեղմեց Քեշիշյանի կոկորդը և ստիպեց նրան պառկել գետնին:
Ներկայացման առաջին տեսարանն ավարտվեց:
Լուսացավ:
Հրաչը, հեռացող լուսնի արտացոլանքի ներքո, մոտեցավ հարակից տներից մեկի շքամուտքին:
Եվ հանկարծ լսելով ոտնաձայններ` արագ ետ քաշվեց և թաքնվեց երկու շենքերը իրար հարող նրբանցքում: Այդ ժամանակ շքամուտքից դուրս եկավ կայսր Քոչիոսի լրատվության գլխավոր հանձնակատար, ավազակապետ Հունանոսի ընկեր, արվամոլ Տիկուս Նաղդիուսը:
Եվ մոտեցավ լծված կառքին: Հենց այդ ժամանակ, կառքի ետնամասում թաքնված անհայտ մի ավազակ, դանակը ձեռքին, հարձակվեց Տիկուսի վրա և դանակը խրելով նրա սիրտը` արագ հեռացավ:
Հրաչը, դողացող ոտքերով, մոտեցավ Տիկուսին, բարձրացրեց նրա գլուխը և լսեց հոգևարքի մեջ գտնվող Տիկուսի վերջին բառերը.
- Հրաչ?...
Հրաչը, նայելով նրա աչքերին, լացակումաց և վախեցած շշնջաց.
- Ախր ես... նրանց եմ ընտրել, նրա'նց:
Սևաթուխ ամպերը ետ քաշվեցին:
Ներկայացումը շարունակվում էր:
Երկրորդ տեսարանը ներկայացնում էր դատարանի դահլիճ, որտեղ թագավորական գերագույն դատարանի գլխավոր հանձնակատար, գոմեշի մռութով և կովի աչքերով Ջհանգիրիուս Գուգուսը, բացելով հերթական դատական նիստը, ատամների արանքից նետեց.
- Տվյալ դատավարության փորձաքննական հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ մարդասպանները գործել են ինքնուրույն և ոչ մի քաղաքական պատվեր չի եղել:
Եվ գոհ իր արտասանած դատավճռից` նա հայացքը ուղղեց դեպի կառավարական օթյակ, որտեղից գլխի դրական շարժումով և նուրբ ժպիտով նրան հավանություն տվեցին կայսրն ու անվտանգության հանձնակատարը:

germanikus
07.10.2012, 16:26
Հրաչ Քեշիշյանը բարձրացրեց գլուխը և հայտնաբերեց ինքն իրեն դատարանի դահլիճում՝ ճաղերի ետևում` ավազակապետ Հունանոսի կողքին նստած:
Եվ Ջհանգիրիուսի վերջին բառերից հետո, որոնք դատապարտում էին պրոդյուսերին մահապատժի, Հրաչ Քեշիշյանը հոգևարքի մեջ աղաղակեց.
Ախր ես նրանց եմ ընտրել....նրա'նց:
Իսկ ավազակապետ Հունանոսը, խորամանկ հայացքով նայելով օթյակ` ժպտաց այնպիսի մի դիվային ժպիտով, որի մեջ Հրաչ Քեշիշյանը կարդաց Հունանոսի մոտալուտ ազատագրման և ոսկով երկու միլիոն գումար կայսրությունից ստանալու մոտալուտ ակնկալիքը` կասկած անգամ չունենալով, որ արդեն իսկ խաբված է:
Միջանցիկ քամին ուժգնությամբ փակեց ննջարանի դուռը՝ գետնին տապալելով տնային բարի վրա դրված շոտլանդական վիսկիի շիշը:
Հրաչ Քեշիշյանը բացեց աչքերը և հայտնաբերեց ինքն իրեն սեղանի տակ, բարի կողքին պառկած: Կիսադատարկ վիսկիի բաժակը կողքին:
Մի կերպ քարշ տալով մարմինը լոգարան, Հրաչը, փսխեց լվացարանում, որից հետո լվացվեց սառը ջրով, բարձրացրեց գլուխը, նայեց հայելուն և սարսափահար ետ քաշվեց.
Հայելուց նախատինքով նրան էր նայում երկրի առաջին կայսր Լևուս Պետրիուսը:
Հրաչը կարկամեց;
Բացեց բերանը, ուզենալով արտաբերել. - Ես Քոչ... , սակայն չհասցրեց ավարտել նախադասությունը, որովհետև Պետրիուսը ընդհատեց նրան իր բարձրագոչ հայտարարությամբ.
- Լեգիոններ, կագորտաներ մինչև վերջ: Լեգիոններ, կագորտաներ մինչև վերջ:
Հրաչը ուշագնաց եղավ:

Ցմփոր և այլանդակ դեմքերով ոստիկանները, կովի բառաչյունով կանգնեցնում էին ողջ տրանսպորտը և ստիպում մարդկանց հեռանալ գլխավոր պողոտայի վերին ծայրամասից, քանի որ երկրի թանկարժեք և հին ձեռագրերի հիմնական շտեմարանի դիմաց հավաքվել էին գործող կայսերը թշնամաբար տրամադրված առաջին կայսր Լևուս Պետրիուսը, և հռետորական ակտիվիստ, երիտասարդ Նիկոլաս Փաշոսը:
Ինչպես նաև առաջատար խմբավորումների ղեկավարներ Ստեփիուս Դեմոսը և Արիոս Սարկոսը: Իրենց հավատարիմ բարեկամ, նախկին սենատի առևտրի գործերի հանձնակատար Գուռզիոսի հետ միասին:
Ժողովուրդը աղաղակում էր՝ ողջունելով նրանց մուտքը ամբիոն:
Առաջին կայսր Պետրիուսը, մոտենալով խոսափողին, ժողովրդին ներկայացրեց իրենց խմբի նոր անդամ, Հանրային լրատվության գլխավոր պրոդյուսեր և ակտիվիստ Հրաչ Քեշիշյանին:
Հրաչը կանգնեց ամբիոնի դիմաց, բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, զարմացած նայեց Լևուս Պետրիուսին, հետո մնացած բոլորին: Եվ շրջելով գլուխը դեպի ձախ՝ սարսափից քարացավ:
Որովհետև այնտեղ էր նաև ավազակապետ Հունանոսի դատավարության գլխավոր դատավոր և կայսր Քոչիոսի աջ ձեռք՝ Ջհանգիրիուս Գագուսը: Ով վախենալով կայսր Քոչիոսի կողմից սպասվող դավադիր սպանությունից` անցել էև Լևուս Պետրիուսի թիմակիցների կողմը:
Հրաչ Քեշիշյանը, այլայլված դեմքը ուղղեց դեպի ժողովուրդը, և նորածին դինոզավրի կռնչյունով աղաղակեց.

- Ես Քոչ...
Մեկ վայրկյան դադար տվեց: Գլուխը շրջեց դեպի Լևուս Պետրիուսը և կարկամելով արտաբերեց.
Ես Լևուս...
Անվստահորեն գլուխը շրջեց դեպի Գագուսը, հետո գլուխը իջեցրեց ցած և մրմնջաց.
Ես Քոչիուս...Պետրիուսին եմ ընտրել, Քոչիուս... Պետրիուսին...
Եվ գիտակցելով, որ ամեն ինչ խառնեց իրար` վախից միզելով անդրավարտիքում` ուշագնաց եղավ:
Նրան ձեռքերի վրա ամբիոնից ցած իջեցրեց կայսր Պետրիուսի թիմակից, տիկնիկների արքա, ծերունի Մանարիուսը:
Որը Հրաչին նստեցրեց այգու արևվկող նստարանին, սառը թրջոցով շփեց ճակատը, անկենդան ժպտաց և բեղերի արանքից նետեց.
- Մարդ չի մնացել: Բոլորս ենք տիկնիկ, բոլորս:


Հարսանեկան թափորի կառքերի ղողանջը տարածվեց ողջ քաղաքով:
Ոսկեզօծ կառքերը, լծված արաբական գեղեցկագույն նժույգներով և պատված Գալլերի երկրից բերված միլիոնավոր կարմիր կակաչներով, որի համար կայրս Քոչիոսի աջ ձեռք Դոդիուս Գագուսը վճարել էր միլիոն դրախմա ոսկով, սլանում էր դեպի կենտրոնական հրապարակ:
Առաջին կառքում նստած էր Քոչիոսը, տիկնոջ՝ Բելիոսի հետ, անվտանգության նախարար Սարգիսոսը՝ իր տիկնոջ Ռիտոսի հետ, ետնամասում նստած էր թագավորական թատրոնի անշուք դերասան Հրաչոսը իր տիկնոջ՝ երգչուհի Սյուզիոսի հետ միասին:
Վերջիններս իրենց դստերը կնության էին տալիս Քոչիոսի կրտսեր որդուն:

Երկրորդ կառքում նստած էին լրատվության գլխավոր հանձնակատար Ալեքսիուսը, և նրա աջ ձեռք՝ Ամիրիանոսը:
Նրանց մեջտեղում, կիսամերկ և քնարը ձեռքին, նստած էր կայսրության գլխավոր հետերա Նազիուս Հովիուսը:

Հրաչ Քեշիշյանը և ծերունի Մանարիուսը հայացքները ուղղեցին դեպի հարսանեկան թափորը և լսելով Ուրիշոյի հոմերական ծիծաղը և դեպի իրենց նետված`
"Քելե՛, քելե՛" արտահայտությունը՝ սառույցի պես հալվեցին և հոսեցին մոտակա մայթի կողքին դրված կոյուղու ջրափոսը:
Երգիչները, դիրիժորները, դասական և էստրադային խմբերը, երգ ու պարով, աղմուկ աղաղակով, կազմած մի մեծ երաժշտախումբ, ժողովրդի ուղեկցությամբ, փողոցով իջնում էին դեպի կենտրոնական հրապարակ:

Թափորը առաջնորդում էր առևտրի գլխավոր հանձնակատար Դոդիուս Գագուսը` իր ընկերner Լիֆուս Սամուսի և Ռուբուս Գեռմանիկուսի հետ: Նրանց ուղեկցում էին թագավորական գլխավոր խեղկատակ Հրատոս Թոխոսը, դերասան Խորուս Լևյուսը, քնարական երգի թագավորական մենակատար Նունիոս Եսոսը, կայսեր սիրեցյալ և կայսրուհու ֆավորիտ Շուշոս Պետրիոսը:

Գլխավոր հետերա, դերասանուհի Նազիուսը, և երկաթե դեմքով դերասան Խորուս Լևյուսը, ձեռքներին բռնած ծաղրական դիմակները հերթով փոփոխելով, ներկայացնում էին թագավորական պալատի բոլոր կին և տղամարդ ներկայացուցիչներին:

Իսկ Նունոս Եսոսը և Շուշոս Պետրիոսը, միմյանց ձեռք բռնած, վեհափառ հայացքով նայում էին դեպի ապագան և նրանց շուրթերից ծորում էր հանրահայտ երգի մոտիվը.
Երազ իմ երկիր, հայրենի..
Իսկ այդ ժամանակ, քաղաքի արևելյան և արևմտյան մասերից, լայնարձակ փողոցներով երկրից դեպի արտագաղթի ճանապարհն էին բռնել չքավորության եզրին հասած ժողովրդական մասսաները:
Նրանց իրենց հայացքով ուղեկցում էին փողոցի չորս կողմում կանգնած գազանաբարո ոստիկանները, կաշառակեր այլազգի հյուպատոսները, արհամարհական հայացքով նրանց նայող լկտի չինովնիկները, և նրանց վրա հաչող շղթայակապ, կատաղած շները:
Իսկ երգը շարունակվում էր. Երազ իմ երկիր, հայրենի...
Փողոցի և հրապարակի գլխավոր շենքերի տանիքներին տեղադրված նկարահանման սարքերը գրանցում էին ամեն մի շարժում: Իսկ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը հրամաններ էր արձակում նկարահանող խմբին` գլխավոր աշտարակի դիմացի ծառուղուց:

- Նկարահանումը սկսվում է: Բոլորն իրենց տեղերում:

Մատո՛ռ...
Օդում արձագանքեց հրացանի կրակոցը, որի արձագանքը տարածվեց քաղաքով մեկ: Իսկ երկնքից ուղիղ Հրաչ Քեշիշյանի առջև ընկավ բարության, ազնվության, եղբայրության և խաղաղության համամարդկային խորհրդանիշ հանդիսացող արյունլվա, սպիտակ աղավնին:
Ընկավ գետնին, վերջին ճիգերով թափահարեց թևերը և հոգևարքի մեջ ասաց.

- Դու վերջապես ու՞մ ես ընտրել, Հրաչ:

germanikus
07.10.2012, 16:26
Հրաչը, մի որոշ ժամանակ սառած աչքերով նայելով աղավնուն, բարձրացրեց գլուխը և հայայցքը ուղղեց կառավարական օթյակ. Որտեղ կանգնած կայսր Քոչիոսը իր տիկին Բելիոսի հետ, և անվտանգության նախարար Սարգիսոսը իր տիկին Ռիտոսի հետ, արհամարհական ծիծաղով ներքև էին շաղ տալիս կանաչագույն դրամական արժույթի կտրոնների հսկայածավալ մի քանակություն:
Թիթեռի պես թռչելով և օդում պարելով` թղթադրամները ողողեցին ողջ նկարահանման հրապարակը:
Դերասանները, տեխնիկական կազմը, բանվորները և ողջ նկարահանման խումբը, ժողովրդի և ոստիկանների հետ միասին նետվեցին հավաքելու թղթադրամները: Որոնցից մեկը, պտույտ գործելով օդում, եկավ և դանդաղորեն սահելով փարվեց Հրաչ Քեշիշյանի ճակատին` ծածկելով աչքերը:
Եվ Հրաչի ''Ես ընտրել եմ... ընտրե~լ եմ..."
աղաղակից հետո ևս մեկ թղթադրամ փակեց նրա բերանը:
Հրաչին թվաց, թե էլ երբեք հնարավոր չի լինի արթնանալ մութ և դաժան խաբեության քաղցր քնից: Որովհետև երազը շարունակվում էր:

Անսպասելի կերպով Հրաչն իրեն հայտնաբերեց քաղաքի ծայրամասերից մեկում:
Կապտավուն օդը հեղձուկ էր առաջացրել: Հրաչը ուշադրությունը սևեռեց փողոցի անկյուններից մեկի վրա:
Ասես հրաշքով, ոչնչից մարմնավորում ստացած զինվորը հայտնվեց քաղաքի նրբանցքներից մեկում:
Ոտքից մինչև գլուխ ժամանակակից զենքերով զինված, արնակալած աչքերով, սառը սրտով և վրիժառության զգացումով համակված զինվորը, պտտվելով իր առանցքի շուրջ, հեքիաթների կախարդների նման վերափոխվեց 100 իսկ հետ 1000 զինվորի:
Անդրոմեդայի միգամածության հրեշավոր աստղը սուրաց դեպի Կասիոպեյա` հաստատելով զարհուրելի իրադարձության իրականությունը:
Կարծես երկնքից եկող մի ձայն 1000 զինվորին հրաման արձակեց:
- Ուշադիր լսեք.
Արյան և տառապանքի գնով քարից հաց քամող խեղճ և սոված ազգը թունավորված է սարսափելի և մահաբեր թույնով, որի անունն է գողություն:
Գողության, թալանի, կաշառակերության և խաբեության թույնով են վարակված թե' իշխանությունները, թե' քաղաքական ընդդիմությունը, թե' գործադիր մարմինները, թե' ժողովուրդը:
Եվ այս ժանտախտը քանի գնում խորանում և թույնով է համակում նաև աճող սերնդին:
Դրան նպաստում են ծնողների վարքը, շրջապատը, լրատվության միջոցները և այլն:
Եվ այս վարակի դեմն առնել հնարավոր չէ քաղաքակիրթ ձևերով, որովհետև վարակված են բացարձակապես բոլորը:
Այնպես որ ես` խղճի և արդարության տիրակալս, հրամայում եմ.
Հանուն ազգի փրկության սուրբ և արդար գործի կտրե'լ ժանտախտի գլուխը` ոչնչացնելով ամենաթունավորվածներին, որը կկազմի մոտ 300.000 մարդ: Եվ դրանից հետո ողջ մնացացներին համակած սարսափի զգացողությունը կկանգնեցնի թույնի առաջխաղացումը: Սա' է միակ ճանապարհը:
- Առա~ջ, Հայրենիքի զինվորներ:

Մահաբեր ամպերը կարծես ճանապարհ էին ցույց տալիս ուրվական զինվորներին, որոնք բաժանվելով մանր խմբերի, հարձակվեցին քնած քաղաքի վրա:
Նպատակներից գերագույնը իշխանական համակարգը ոչնչացնելն էր: Որից հետո հերթը մնացած վարակվածներինն էր:
Երկնակամարը ներկվեց արշալույսի արյամբ:
Սկսվեց համազգային կոտորած: Մեկ ժամվա ընթացքում ոչնչացնելով մոտ 250.000 մարդ և մնացած 50.000 -ին հավաքելով կենտրոնական հրապարակում, զինվորները անցան հաջորդ քայլին:
Հրապարակում տեղադրված 200 գելիոտինի փայլուն և սրածայր շեղբերը սպասում էին իրենց զոհերին:
Ողջ մնացած ամբոխը, սարսափի զգացումով համակված, սպասում էր արնալի իրադարձության շարունակությանը:
Մեկը մյուսի ետևից փայլատակում էին գելիոտինի շեղբերը և դեռ ողջ մնացած իշխանավորների, հոգևորականների և այլոց կտրված գլուխները, մահասարսուռ և սառած աչքերով, գլորվում էին դեպի դժոխային անեություն:
Հրաչ Քեշիշյանը սարսափահար ջղաձգվեց, շնչակտուր հազաց, կախկանձեց և... արթնացավ:
Ժամը 13.00-ն էր: Խոհանոցից լսվում էր բաց ծորակի խշշոցը: Հրաչը մոտեցավ սառնարանին: Երեկվա գինարբուքից մնացած 100 գրամ օղին և գարեջրի մնացորդը խառնելով իրար` մի կում արեց և մոտեցավ պատուհանին:
Իսկ պատուհանից այն կողմ քաղաքն էր: Իր եռուզեռով, մարդկանց անցուդարձով և երթուղայինների տձև բազմությամբ:
Հրաչը կախվեց բազրիքից, ուզեց խորը շունչ քաշել, և սարսափահար ետ քաշվեց:
Երազը շարունակվում էր...

Adam
17.08.2019, 19:43
աաաա Էս ես եմ գրել :D ... լրիվ մոռացել էի … նոր թեմաներն էի թերթում մեկ էլ ընկա վրեն :D ... ֆեյքով գրանցվել էի որ պոստ անեմ.. չէի ուզում իմ անունից դնեի, որ անկեղծ կարծիքներ լսեի ))))) էխ նոստալգա … 12 թիվ :( լօլ

Adam
17.08.2019, 19:47
ինքս իմ գրած տափակության վրա մեռել եմ խնդալուց :D