PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ավտոբուսում



romanista
17.08.2012, 23:46
ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ


Իմ կյանքում լուսավոր կետեր քիչ են: Հենց նրանցից մեկի` սիրելիիս հետ մեր հերթական հանդիպումից հետո կանգնել եմ կանգառում և սպասում եմ ավտոբուսին, որը պետք ինձ տուն հասցնի: Ամառ է, ցուրտ չէ, չեմ մրսում, իհարկե, դա լավ է, բայց, կարծես թե, մի քիչ երկար սպասեցի, ու արդեն դրանից սկսում եմ նյարդայինանալ: Վերջին ժամանակներս ամեն ինչից եմ նյարդայինանում, սա էր պակաս, սա էլ եղավ:
Ահա, եկավ, ինչպես միշտ մինչև վերջ լցված, այն կարգի, որ ես ստիպված եմ լինում բավարարվել դռնակը փակվելուց հետո ավտոբուս բարձրանալու սանդուղքի վրա կանգնելով:
Մի քիչ գնացինք, պարապ եմ, ցանկանում եմ պարապությանս վերջը տալ ինձ մշտապես ուղեկցող սիրելի երաժշտությամբ, բայց հասկանում եմ, որ կանգնած դիրքում այնքան էլ հարմար չի լինի ականջակալները բջջայինին միացնելու, հետո ականջներս դնելու և երաժշտությունը միացնելու այդ երկար բարակ գործընթացը:
Ինչ արած, ստիպված սկսում եմ հետաքրքրությամբ ուսումնասիրել ուղևորներին, և, պատկերացրեք, գտնում եմ իմ հետաքրքրությունը շարժողների: Բայց… ավաղ, բացասական առումով:
Ահա, համարյա հենց կողքիս, նախավերջին նստատեղին նստել է մի կին, և դեմքով շրջվելով դեպի իր ետևում նստած երիտասարդը, ակտիվորեն խոսում է Աստծուց, Աստվածաշնչից, աշխարհի վերջից: Պարզ է, երկրիս բնակչության գրեթե 20 տոկոսը կազմող աղանդավորներից մեկ մոլեկուլ, որ դժբախտաբար այս ճանապարհին բաժին հասավ մեզ: Այո, ինչու՞ դժբախտաբար: Դե, դա կարելի էր եզրակացնել թե իմ լռակյաց վերաբերմունքից, եթե մի հասկացող մարդ նայեր ամեն կերպ զգացածս արտահայտել չցանկացող դեմքիս, կամ, թեկուզ այլ շատ ուղևորների, որոնք բացահայտորեն, վատ տրամադրվածությամբ նայում էին այդ երկուսի կողմն ու հետևում եհովական բացահայտ քարոզին:
Երեսս շրջում եմ: Այդ կնոջից հետո եկող հաջորդ զույգ նստատեղին նստած են երկու աղջիկ, որոնք բարձրաձայն, ակտիվորեն ինչ-որ բան են քննարկում: Այնքան բարձր, որ անգամ մեքենայի շարժիչի ձայնը չի կարողանում լռեցնել նրանց: Ու նույնիսկ այդպես բարձր խոսալը չի թույլ տալիս լսել նրանց խոսակցության նյութը, դե, երևի նրանից, որ մեծ ցանկություն էլ չկա: Ինչի՞ց պետք է այդքան բարձր և տգեղ կերպով խոսի մեր նորօրյա երիտասարդության իգական հատվածը ներկայացնող այս զույգը, մեր օրերի մոդայով պճնված, այն աղջիկներից, որոնք հաստատ պատճառ կբռնեն իրենց գիրք չկարդալը հին գրքերի` առողջության համար վնասակար լինելու հետ: (Դժբախտաբար, առիթ ունեցա օրեր առաջ կարդալ այդպիսի նյութ համացանցում, ևս մի պատճառ այսպիսիների համար արդարացնելու իրենց անընթերցասեր լինելու փաստը):
“Սրանցից էլ օգուտ չկա”, - մտածում եմ ես ու մտքումս էլ որոշում, - “չէ, վերջ, հաստատ, ինչքան էլ որ անհարմար լինի, հիմա ականջակալներով երաժշտություն կմիացնեմ, թե չէ մի երկուսին էլ նայեմ, նորից նյարդայինանալու եմ”:
Այդպես էլ վարվում եմ, ինչպես ասացի, կանգնած դիրքում այդ պրոցեսը բավական անհարմար է, բայց մեծ ցանկության հետևանքով կարծես երկու վայրկյան տևեց, ու… վակուումային ականջակալներս կտրում են ինձ ավտոբուսային ամեն տեսակ խոսակցություններից, ուղեղումս միայն երաժշտություն է, և ես թեթևացած շունչ եմ քաշում:
Արդեն, երբ ես ոչինչ չեմ լսում, շարունակում եմ նայել շուրջս: Աղանդավոր կինը շարունակում է քարոզը, իսկ նրան լսող տղամարդը գնալով լայնացնում է կեղծ ժպիտը, կարծես հասկացնելով, որ “դե լավ էլի, էլ չեմ ուզում լսել”: Ուղևորների անդուր հայացքները շարունակում են հետևել նրանց: Այն աղջիկները շարունակում են խոսել, և կրկին բարձրաձայն, ինչը, թեև ես հիմա ականջակալներով եմ, բայց հասկանում եմ նրանց ժեստերից:
“Թող խոսեն, մեկ է չեմ լսում, հանգիստ կհասնեմ տեղ”, - մտածում եմ ես և հենց այդ պահին ընթացիկ երգն ավարտվում է ու բջջայինիս նվագարկիչը պատահական հերթականությամբ կանգ է առնում “Ոստանի” “Խենթ երաժիշտ” կատարման վրա: Կենտրոնանում եմ երգի բառերի վրա`

“Խենթ երաժիշտ, դու ինչու, ինչու չես փախչում,
Չէ որ քո կյանքը այստեղ զուր է անցնում,
Ասիական ծուլության ճահճուտում, այս անվերջ, համատարած,
Քո հույսերի երազներ ցնորական,
Տոթ ու փոշոտ, այս երկրում, գավառական”:

Մի պահ կարծես շշմեցի: Հետո կրկին նայեցի շուրջս ու հասկացա: Երգի բառերում գտնվում էր նույն այն իրավիճակը, որը ես այսքան երկար-բարակ նկարագրում եմ:
Ասիական գավառական երկիր, որը ծուլությունից ձգտում է Եվրոպա, այնտեղից ընդօրինակելով միայն վատը` հոմիկներին, աղանդներին, որոնցից մեկի կարկառուն մոլեկուլներից մեկը դեռ շարունակում է իր քարոզով ազդել էլ ավելի կեղծ ժպտացող երիտասարդի վրա:
Ու հանկարծ այդ երիտասարդի նյարդերը տեղի են տալիս: Իհարկե չեմ լսում ինչ է ասում, բայց դա ասելուց հետո արդեն ազատության շտապող ժպիտով արագորեն վեր է կենում տեղից և խծկվելով կանգնած ուղևորների մեջ, շտապում դեպի դիմացի դուռը, որպեսզի իջնի: Աղանդավոր կինը, որ շրջվել էր ետ, դեպի երիտասարդը, դժգոհ դեմքով շրջվում է և ուղիղ նստում: Լուռ: Նրա միսիան չստացվեց, ցավոք, ինչքան երկար խոսեց ախր, ու ահա արդյունքը, այս ծույլ, ասիական մտածելակերպով քրիստոնյա երիտասարդը թքեց թե իր ու թե իր քարոզի վրա ու հեռացավ:
Այդ պահին ավտոբուսը կանգնեց: Վարորդը ուղևոր էր վերցնում: Այո, ավտոբուսի սրահում մեկ ոտք դնելու տեղ անգամ չկար, բայց դե պոտենցիալ ուղեվարձ հանդիսացող ուղևորին ինչպե՞ս կարելի է չվերցնել: Եվ դույզն ինչ հոգ չէ վարորդի համար, որ ավտոբուսում եղած քրտնքահոտը մեկ չափաբաժնով կշատանա: Մեկ ուղեվարձի չափ ավել հաց կգնի իր երեխայի համար, ինչ արած, նա էլ այսպես է գումար վաստակում, հասկանում եմ:
Ես արդեն իմ սանդուղքի վրա մենակ չեմ, կողքս խծկվել է այն մեր նոր ուղևորը, քանի որ բարձրանալու տեղ չկա, հըմ, լիներ, ես կբարձրանայի, և դեռ շուտվանից:
Տարվելով սիրելի երաժշտությամբ չեմ նկատում, որ համարյա հասնում եմ իմ կանգառին: Ահա, նկատեցի: Ստիպված եմ հրաժեշտ տալ երաժշտությանը, որպեսզի բջջայինս ու ականջակալներս տեղավորեմ գրպանումս, հանեմ ուղեվարձը, և դեռ հասցնեմ էլ մինչև կանգառս հասնելը ամբողջ կոկորդովս ավտոբուսի այս մի ծայրից մյուս ծայրում գտնվող վարորդին բղավելով տեղեկացնեմ, որ մյուս կանգառում արգելակի: Ահա, բոլոր գործողություններն արվեցին, ու քանի որ հիմա արդեն ես շրջապատիս լսում եմ, հիմա արդեն ականջիս հասավ այն երկու աղջիկների խոսակցությունը: Խոսում էին ինչ-որ աղջկական, մելամաղձոտ, մելոդրամատիկ, լացելու հասցնող կինոֆիլմից: Ու կրկին բարձր ու կրկին ժեստերով: Այո, ես երևի ճիշտ եմ, սրանք երևի գիրք չեն էլ կարդում:
Հասա կանգառիս: Իջնում եմ, մոտենում դիմացի դռանը, վճարում, և շրջվում եմ, որ քայլեմ տուն: Սիրում եմ իմ քաղաքը, երևանյան եռուզեռից, փոշուց ու անդուր կյանքից հեռու փոքրիկ, մաքուր օդով լի քաղաքս:
Քաշելով այդ մաքուր օդից, քայլում եմ ու մտորում գլոբալիզացիայի բացասական հետևանքների մասին: Հանկարծ հիշում եմ կյանքիս լուսավոր կետերից մեկին, որին քիչ առաջ էի հրաժեշտ տվել: “Զանգեմ, տեղեկացնեմ, որ հասել եմ”, - մտածում եմ ես, ու գրպանիցս հանելով հեռախոսը, գտնում եմ նրա համարն ու զանգում:
- Ալո, սիրելի՞ս: Ես արդեն հասել եմ: Այո, նորմալ: Լավ, դե մտնեմ տուն, կզանգեմ: Սիրում եմ քեզ…