PDA

Դիտել ողջ տարբերակը : Վահե Ավետյան. Անկախ վերլուծություն



tvsevak
02.07.2012, 04:40
Արդյո՞ք հասարակական այսքան հնչեղություն կստանար Վահե Ավետյանի մահը, եթե հաջորդ տարի չսպասվեին նախագահական ընտրություններ կամ վայրը, ուր կատարվել է դեպքը կապ չունենար ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հետ: Իհարկե՝ ոչ:

Տարիներ առաջ ես դեռ ուսանող էի, երբ Խանջյան փողոցի վրա՝ անմիջապես Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ գտնվող Օդնոկլասսնիկի սրճարանում ոմն պատգամավորի թիկնազորի կողմից ծեծվեց, ապա հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ մի երիտասարդ: Ծեծվեց սխալմունքով, մահացավ, որովհետև շփոթել էին ուրիշի հետ… Սակայն քչերը գիտեն, որ այդ երիտասարդին ծեծել էին Խանջյան- Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, հանել էին այն մարդու մեքենայի ղեկից, ում փնտրում էին ու մտածելով, որ սա հենց այդ մեքենայի տերն է, սկսել էին սատկացնել փողոցի մեջտեղում… Հետո բերել էին և աստիճաններից նետել ներս՝ սրճարան, ապա այդտեղ շարունակել ծեծը… Քչերն իմացան սրա մասին, քչերն իմացան, որ նա թողեց իր երկու մինչև չորս տարեկան երեխաներին, ոչ ոք չիմացավ, որ մարդ չպատժվեց կամ պատժվեց ձևական, որովհետև տուժող կողմին բնակարան էին նվիրել Ամենակենտրոնում և խանութ ու հետևաբար բողոք չկար. հաշտվել էին:

Ես հիմա գրում եմ Վահե Ավետյան անունն ու ինձ վատ եմ զգում… Մարմնովս սարսուռ է անցնում, մի պահ մտածում եմ նրա հարազատների մասին, դնում ինձ նրանց տեղը: Ու ոչմիկերպ չեմ կարողանում հասկանալ այն բազմաթիվ տականքներին, ովքեր այդ անունն այսօր դրոշակ են դարձրել, ովքեր նրա անմեղ հիշատակով փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, ինքնահաստատվել քաղաքական դաշտում: Ու շարունակվում է տգիտության հորձանուտը, ոմանք ալիքի տակ են ընկնում, ոմանք հերոսաբար մի քանի բան են ավելացնում, գունավորում, պատմում անտեղյակներին ու սկսվում է վայնասունը: Սա էլ չլինի Օսկանյանի ու փուչիկների պատմությունը: Անիմաստ, պարապ ու այս խորհրդարանում մանդատ չստացած անհաջողակների մի խումբ շահարկում է սպայի մահը, շահարկում է երիտասարդի, իրենց ընկերոջ՝ հայի մահը: Իսկական ցավողն այդպես չի լինում, սա հերթական թատրոնն է… Ինչու՞ այլևս փակ շուկայի մասին չի խոսվում, չէ՞ որ դեռ ընթանում են այնտեղ շինաշխատանքներ… Դե իհարկե պարզ է, որովհետև ինքնահաստատվելու և պարապ չլինելու նոր ասպարեզ է բացվել՝ ուրիշի կյանքի հաշվին… Այո, ուրիշի, որովհետև հարազատներն այդպես չեն վարվի…

Մեկ տարի առաջ ընկերուհիս ինքնասպան եղավ ու մի քանի օր թերթերը գրում էին նրա մահվան մասին… Բակում, ինստիտուտում խոսում էին… Չսիրող ընկերուհիներն ու պարապ պառավները բակի ասում էին, որ հղի էր, տնային տնտեսուհիները հավելում, որ հոգեկան խանգարում ուներ, մասամբ ճանաչողները, թե՝ պատահաբար է եղել, ոմանք մեկ ուրիշ վարկած… Ու ամեն անգամ լսելով, տեսնելով, կարդալով այդ ամենը, նրա անունը թերթերով, հեռուստատեսությամբ ես և նրա մայրն անասելի ցավ էինք ապրում, խելագարության աստիճան անտանելի… Ես գիտեմ, թե ինչ է դա, դրա համար խուսափում էի այս նյութս գրելուց, ուղղակի, այնքան աղբ կա հեղեղված ամենուր, որ այս մեկն էլ չուզելով իմ կողմից թող լինի, գուցե, ոմանք սա կարդալով ուշքի գան:

Այո, եղել է վատ, ստոր, անմարդկային ու բարոյականության ոչ մի անկյունում չտեղավորվող դեպք: Ու ոչ թե այն պատճառով, որ նա սպա էր, այլ զուտ մարդու, մարդկային կյանքի առումով, չէ՞ որ ոչ մեկի ճակատին գրված չէ, թե նա ով է մասնագիտությամբ կամ որտեղ է աշխատում… Անցնենք սպա լինելուն: Շատ հաճախ ենք վերջերս լսում բանակում կատարվող բազմաթիվ դեպքերի մասին, երբ հայ զինվորներն ու սպաներն իրար են սպանում, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում զոհվում են տղաներ… Մի խոսքով… Այդ ամենի համար կառավարության շենքի դիմաց բողոքում են մի քանի սևազգեստ կանայք: Որովհետև դա անշնորհակալ գործ է, դրանով որևէ կուսակցության դեմ բան չես հավաքի, դե ուրեմն այդ մայրերն իրենց դարդով թող տապակվեն, իսկ մենք փնտրենք այսպիսի բազմասուր իրավիճակներ…

Երթուղայինների վարորդներն իրար սպանում են օրը ցերեկով 100 դրամից սկսված վեճի պատճառով, եղբայրը մորթում է քրոջը, երիտասարդը ծեծելով կիսամեռ է անում հայփոստի աշխատակցին, մայրը մորթում է իր երեխաներին, սկեսրայրը՝ հարսին, ռեստորանը վերաշում են հասարակաց տան՝ մարմնավաճառների մենյուով, սակայն քանի որ մեջտեղում պատգամավոր, կուսակցություն, այդպիսի բաներ չկան, ուրեմն նորմալ է, անցնենք առաջ: Նույն Ռուբեն Հայրապետյանի շնորհիվ չէ՞, որ այսօր, գրեթե, ամեն հինգերորդ բակում ժամանակակից կահավորված ֆուտբոլի դաշտեր կան, նույն Ռ. Հայրապետյանը չէ՞ր անձրևին կանգնած ընդդիմանում <<Հրազդան>> մարզադաշտի այլանդակելուն, ո՞վ է հիմա այնտեղ խոտածածկ փռում, քանի ուսանողներ և անապահով ընտանիքներ են նրա բարեգործական հիմնադրամի աջակցությունն ստացել, ու՞ր է հասել ժամանակին անհույս մեր հավաքականը, ո՞րն է քաղաքի ամենալավ թաղամասը: Ռուբեն Հայրապետյանի մասին հարցրեք նրան ճանաչողներից, հարցրեք յուրաքանչյուր ավանցուց, ոչ թե կարծիք կազմեք լուտանքաշատ անսկզբունք ԶԼՄ-ներից: Ի՞նչ անենք, որ դեպքը տեղի է ունեցել նրա ընտանիքին պատկանող ռեստորանում, դա կարող էր լինել ամենուր, ամեն մի քայլափոխի և վստահ եմ, որ այսքան հնչեղություն չէր ստանա, որովհետև նմանատիպ պատմություններ կան մեր անցյալի էջերում… Ավտոմատներով փողոցներում իրար են սպանում, դա՝ հեչ, բայց որ ռեստորանը այսինչ մարդունն է, ուրեմն ընկեք ալիքի տակ ու սկսեք անպատվել… Այդ մարդու մեկ հազարերորդի չափ այս երկրի համար ամենքս մի բան անեինք, հիմա կունենայինք ուրիշ, լավ Հայաստան… Ես չեմ պաշտպանում ոչ մեկի, չեմ գովաբանում, ուղղակի, օբյեկտիվ լինենք, սառը դատենք… Լավ չի չէ՞, երբ բակում մի հանցագործություն է լինում, բակի բոլոր երիտասարդներին կանչում են հարցաքննության, անկախ նրանից, եղել են այդտեղ, մասնակցել են, թե՝ ոչ…

Ես կարող եմ տանը քնած լինել և իմ խանութի աշխատողը ահաբեկչություն անի, Նաիրի Հունանյան դառնա, բայց ես հո չե՞մ կարող նրա փոխարեն պատասխան տալ կամ ինչի՞ համար, սթափվեք: Ամեն մարդ ունի իր կյանքն ու մտածելակերպը և վարվում է պահի թելադրանքով այնպես, ինչքան իր ուղեղն ու պատկերացումները, տեսածն ու դաստիարակությունն են ներում: Մահն անդառնալի է, կորցրածին ետ չես բերի: Ցավակցում եմ Վահեի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա մահը և կոչ անում դադարեցնել այս ողջ թատրոնն ու հանգստություն տալ նրա հոգուն: Լիահույս եմ, որ բոլոր մեղավորներն անկախ ամեն ինչից պատասխան կտան ամբողջ խստությամբ թե օրենքի, թե մարդկային խղճի և թե Աստծո դատաստանի առաջ…