PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ



Ռուֆուս
16.05.2012, 18:00
Վերսկսում ենք «Պատմվածք փակ աչքերով» նախագիծը:

Պայմանները հետևյալն են:
1. Ակումբի ցանկացած անդամ PM-ով ուղարկում է ինձ իր մի ամբողջական և թարմ պատմվածք, որը երբևէ չի տպագրվել, չի ընթերցվել որևէ մեկի կողմից, չի տեղադրվել որևէ ֆորումում, առավել ևս` Ակումբում: Միաժամանակ երաշխավորում է, որ պատմվածքի բովանդակության և հեղինակի ով լինելու մասին տեղեկությունները դուրս չեն գա իմ ու իր միջից:
2. Ես պատմվածքը բաժանում եմ երկու պայմանական կեսերի և տեղադրում եմ Ակումբում միայն առաջին հատվածը (առանց օրիգինալ վերնագրի):
3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ իրենց վերնագրերով՝ տարբերակ N վերնագիր - վերջաբան: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
4. Շարունակություն ուղարկողները պարտադիր պետք է ուղարկեն նաև իրենց տարբերակի վերնագիրը:
5. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին:)

Սպասում եմ պատմվածքներին :) Եթե մեկից ավել պատմվածք ստացա, մնացածը կպահեմ հետագա մրցույթների համար:

Ռուֆուս
28.05.2012, 16:45
Եվ այսպես վերջապես ունենք պատմվածք: Դուք ունեք ուղիղ մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ինձ ուղարկեք պատմվածքի շարունակությունը: Չմոռանաք նաև ուղարկել պատմվածքի ձեր վերնագիրը, այլապես ձեր տարբերակը չեմ ընդունի: Շարունակությունները կարող եք ուղարկել մինչև հունիսի 4-ը, ժամը 23:59: Բոլորին մաղթում եմ բուռն ստեղծագործական ներշնչանք:

Ռուֆուս
28.05.2012, 16:46
Սիրուշը մաքրում էր շքեղ տան անկյունները՝ մտքի մեջ ինքն իրեն հիշեցնելով, թե դրանից հետո դեռ քանի տուն պիտի գնար:
Հարուստի տուն ընկնելը շնորհքի հարց էր, անգամ՝ որպես հավաքարար: Ինքն այդ կողմից շատ շնորհքով էր. ահագին ծանոթություն ուներ էլիտար խավերում: Մեկի տունն էր մաքրել, մեկի արդուկն արել, մյուսի երեխաներին պահել: Մի խոսքով, իր համար կարգին ռեզյումե էր հավաքել՝ լիքը երաշխավորագրերով: Ու հիմա աշխարհի տերերը, մեկը մյուսին իմաց տալով, Սիրուշին արագ աշխատանքի էին դասավորում իրենց հարուստ շրջապատում:
Հենց նույն ձևով էլ նա հայտնվել էր Ռազմիկի հոյակապ տանը: Երեք օրը մեկ գալիս մաքրում էր, հավաքում, դասավորում:
Սա իր այցելած բոլոր տներից մի կարևոր բանով էր տարբերվում՝ մեջը կնոջ շունչ չկար. ապրողը միայնակ տղամարդ էր: Հայության մեջ հազվադեպ պատահող երևույթ: Քառասունն անց տղամարդ՝ հետը ոչ կին, ոչ երեխա: Թեև Սիրուշի ականջով ընկել էր, որ սա ժամանակին ամուսնացած էր եղել, բայց զավակ չէին կարողացել ունենալ, մի օր էլ, շատ կասկածելի հանգամանքների բերումով, կինը մահացել էր: Բայց այն աշխարհ գնալու փոխարեն, թառել նստել էր Ռազմիկի մատին: Համենայդեպս, Սիրուշին այդպես էին պատմել: Իբր թե Ռազմիկ դու Ռազմիկ, վերցրել կնոջ աճյունը տարել էր Շվեյցարիա, որտեղ դրան քիչ է դիակիզարան էին մտցրել, դեռ մի հատ էլ ստացած մոխիրը դարձրել ադամանդ ու հանձնել տիրոջը: Ահա քո կինը, խնդրեմ: Կուզես կուլ տուր, կուզես կախիր վզիցդ: Դե ասում էին՝ Ռազմիկն էլ մատանի էր սարքել ու այդ օրվանից իր սիրելի կնոջը մատից չէր հանում:
Սիրուշը էլի շատ ու շատ բաներ էր լսել Ռազմիկի մասին: Դրանցից մեկը հեչ մտքից դուրս չէր գալիս: Չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող էր հայ տղամարդն իրեն նման բան թույլ տար: Բայց դե մարդիկ ասում էին, ուրեմն մի բան գիտեին: Իբր թե այդ Ռազմիկ կոչեցյալը հին անցյալում՝ իր ջահելության տարիներին, Ռուսաստաններում «ուղեկցորդ» էր աշխատել: Ասում էին՝ առաջին կլոր գումարը հենց այդպես էլ վաստակել էր, հետո խելքը գլխին գործի մեջ դրել, հարստացել: Իսկ թե ինչ էր ուղեկցորդը, Սիրուշին մանրամասն բացատրել էին, ու ինքը կարծում էր, որ տվյալ մասնագիտության համար կարելի էր ավելի հարմար բառ օգտագործել: Թե չէ ուղեկցորդը ո՞րն է, հո ինքը երեկվա երեխան չէ՞ր: Գումարի դիմաց՝ հարուստ, տարիքով կանանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց կողմից ուզածիդ պես օգտագործվելը լրիվ ուրիշ բառի էր արժանի: Ուղեկցորդ, չէ մի չէ՜, զբոսավար:
Սիրուշը ուրիշների պատմածներին միշտ էլ կարգին ականջ էր դնում: Եվ այդքան բան լսելուց հետո Ռազմիկն իր համար այլասերված մարսեցու կարգի առանձնյակ էր, որի հետ աշխատում էր ամեն տեսակի շփումը մինիմալի հասցնել: Նա լավ էր վճարում, ինքն էլ իր գործը բարեխղճորեն անում էր, գլխավորը դա էր:
Սիրուշը արագ-արագ փայլեցնում էր դարակներում դրած ճոխ ապակեղենը, երբ հանկարծ հիշեց իր ծանոթներից մեկի ասածը. «Ռազմիկի տան ամեն ինչը միլիոն արժի՝ կահույքից սկսած, ամեն մի ծաղկամանով վերջացրած»:
Ու հենց այդ մտքի վրա սատանան եկավ, պոչը թափ տվեց, և կատարվեց Սիրուշի կարիերայում դեռևս չտեսնված մի բան: Շքեղ գույներով ծաղկամանը ձեռքից ընկավ գետնին ու աղմուկով ջարդուփշուր եղավ: Սիրուշին թվաց՝ իր սիրտն էլ հետը: Սառեց մնաց: Քանի որ սատանան էլ դեռ մոտերքում էր, հենց այդ պահին Ռազմիկը տուն մտավ: Աղմուկը լսելով՝ արագ անցավ մաքրության զոհ դարձած սենյակը: Եկավ կանգնեց Սիրուշի դիմաց, երկուսով լուռ իրար նայեցին:

(շարունակելի)

Ռուֆուս
12.06.2012, 11:08
Ցավոք, պետք է ասեմ, որ այս մրցույթը չհաջողվեց, որովհետև 2 շաբաթ անհամբեր սպասելուց հետո ընդամենը ստացել եմ մեկ շարունակություն:

Ուղղակի կտեղադրեմ հեղինակի շարունակությունը և ստացածս միակ շարունակությունը անուններով ու առանց քվեարկության՝ շնորհակալություն հայտնելով երեք մասնակիցներին:

Ռուֆուս
12.06.2012, 11:09
Սկզբի հեղինակ՝ ivy

Խոսքը մեր մեջ

(շարունակություն)

...Ռազմիկը վաղուց էր նկատել, որ իր տունը հավաքող կինը մի քիչ տարօրինակ պահվածք ուներ, առնվազն երբ ինքը մոտերքում էր: Իրեն տեսնելուն պես՝ քիչ էր մնում մկան պես ծակ գտներ, մեջը մտներ: Բայց դե այս անգամ մկնիկը փախչելու տեղ չուներ:
«Էրեխեքս...»,- անցավ Սիրուշի մտքով, ու թուքը կոկորդում չորացավ:
Հիմա ամբողջ կյանքն էլ ձրի աշխատեր, վնասը չէր կարողանալու փոխհատուցել:
Ռազմիկն ուշադիր հետևում էր Սիրուշի դեմքին:
-Ջարդեցիր, հա՞,- ասաց տանտերը շեշտված սառնությամբ:
-Չհասկացա ոնց ստացվեց... Ախր էսպիսի բան դեռ ոչ մի անգամ չէր եղել...
Սիրուշի շունչը կտրվում էր:
-Հիմա ես ի՞նչ եմ անելու...
Աչքերը լցվեցին, ձեռքերը սկսեցին դողալ:
Ռազմիկը նույն ուշադրությամբ հետևում էր նրա վիճակին:
-Ինչ պիտի անես,- ասաց նա խստությամբ,- էս պարագայում քեզ միայն մի բան է մնում անել:
-Ի՞նչ:
Տանտերը քմծիծաղ տվեց, ու Սիրուշին թվաց, որ իրեն էլ են հիմա մոխրացնելու, քար սարքեն, դնեն Ռազմիկի մատին: Թեև այս դեպքում կուլ տալն իրավիճակին ավելի սազական կլիներ:
-Մոտիկ արի, ասեմ:
Կինը կամաց առաջ եկավ:
-Ավելի մոտիկ:
Դրանից ավելի մոտիկն արդեն կհանգեցներ ուղեկցորդի կարգավիճակի, բայց Սիրուշին ուրիշ ոչինչ չէր մնում, քան հնազանդվել:
-Դե հիմա ականջդ մոտ բեր:
Նա մաշկի վրա զգաց տղամարդու շնչառությունն ու լսեց նրա կամաց ձայնը.
-Քեզ միայն մնում է վերցնել ավելն ու մաքրել փշրանքները:
Զարմացած կինը մի քայլ հետ գնաց ու նայեց տանտիրոջը: Ռազմիկը ժպտաց: Հանգիստ, ընկերական:
-Վախենում ես ինձնից, հա՞, կարծում ես գել ու գազան եմ:
-Չէ, չէ... Ուղղակի...
-Եղածը ծաղկաման չէ՞ր: Վրադ գույն չկա:
Սիրուշը շփոթված նայեց փշուրներին:
-Գնանք խոհանոց, մի հատ թեյ կխմենք, մի քիչ կհանգստանաս:
-Բա ծաղկամանը...
-Հետո կհավաքես, արի:
Ռազմիկը բաժակը դրեց Սիրուշի դիմաց, իր թեյից էլ մի մեծ կում արեց ու հարցրեց.
-Աշխատանքդ հերիքո՞ւմ է ապրուստիդ: Երկու երեխա ունես, չէ՞:
Կինն անվստահությամբ նայեց նրան:
-Հա... Մենակ հեշտ չի, ամուսինս վաղուց է բաժանվել, գնացել: Բայց դե կարողանում եմ հասցնել:
-Ես էլ եմ բաժանված:
Սիրուշն առաջին անգամ ուշադիր հայացք գցեց իր գործատուի մատներին և դրանց վրա ոչ մի մատանի էլ չտեսավ:
-Ինքը հիմա Շվեյցարիայում է ապրում՝ տղայիս հետ: Ամռանը կգա տղաս, դպրոցական արձակուրդներ են մոտը: Կհանդիպեք: Հոյակապ հայերեն է խոսում:
Վերջին նախադասությունը նա ասաց հատուկ հպարտությամբ, բայց հետն էլ թաքուն կարոտով:
Սիրուշը չգիտեր ինչ մտածեր: Բա մարդկանց ասածնե՞րը:
-Սպասիր նկարը ցույց տամ, -ասաց տղամարդն ու պահարանի վրայից հանեց շրջանակի մեջ վերցրած լուսանկարը:- Հին նկար է, բայց ես շատ եմ հավանում:
Կինը նայեց իր առջև դրված նկարին:
-Ձեզ շատ նման է: Իսկ սա ո՞վ է:
-Պապաս,- ասաց Ռազմիկն ու ցածր ձայնով ավելացրեց,- էն ժամանակ դեռ կար պապաս...
-Հեղինակավոր մարդ է երևում:
-Էդպես էլ կար: Անունով մարդ էր: Էս ամբողջ ունեցվածքն իրենից է ինձ մնացել, ներառյալ՝ էս տունը: Ինձ որ մնար, ես հո էսքանը չէի կարող ինքս ստեղծել: Ուր է ինձ էդքան շնորհք...
Սիրուշը վերջացրեց իր թեյն ու վեր կացավ տեղից:
-Դուք ինձ ասեք ծաղկամանի գինը, ես մի բան կանեմ...
-Դեռ դրա մասի՞ն ես մտածում: Մոռացիր: Շատ պարտաճանաչ աշխատող ես երևում, արժի մտածել քո վարձն ավելացնելու մասին,- ասաց Ռազմիկը ժպտալով,- էն փշրանքները հավաքիր ու տուն գնա:
Երբ արդեն դրսում էր, Սիրուշի գլխում սկսեցին տարբեր խառը մտքեր պտտվել, բայց սիրտը հանգիստ էր, հոգին էլ՝ թեթև:
Ռազմիկը բացեց դարակը, միջի մեծ տուփից հանեց կոտրված ծաղկամանի նման մեկը ու դրեց նրա տեղում: Կոմպլեկտով էր գնել: Վաղուց: Էջան հուշանվերների խանութից:

Ռուֆուս
12.06.2012, 11:10
Հեղինակներ՝ laro և armen9494

Սատանի եղբայրը

(շարունակություն)

...Ա՜խ, այդ անտանելի լռությունը, որ խոցում էր Սիրուշի հոգին.... Այնքան ուժեղ էր զարկում սիրտը, որ քիչ էր մնում տեղից դուրս թռչեր: Գուցե երբ Ռազմիկը խոսեր, բղավեր, հարձակվեր իր վրա, այդպես չվախենար, ինչպես հիմա: Երկարատև, ճնշող լռությունից հետո Ռազմիկը որոշեց խոսել ու տվեց մի այնպիսի հարց, որի պատասխանն արդեն գիտեր.
-Դու՞ ես կոտրել ծաղկամանը:
-Այո, պատահաբար...ներեցեք...,-դողդոջուն ձայնով պատասխանեց Սիրուշը: Նա վախից «պատի ծեփ էր» դարձել, չէ՞ որ Ռազմիկը հենց առաջին օրվանից նախազգուշացրել էր, որ այդ ծաղկամանին Սիրուշը ձեռք չտար: Մտքերով էր տարվել Սիրուշը ու բոլորովին մոռացել էր Ռազմիկի զգուշացման և իր խոստումի մասին:
Սիրուշի վիճակը նախանձելի չէր: Մեղքի զգացումն էր տանջում նրան ու մի հարց. Ինչու՞ հենց այս ծաղկամանն էր այսքան թանկ ու կարևոր այդ «սատանի ճուտի» համար:
Բայց մի անսովոր հանդարտություն կարծես իջել էր Ռազմիկի վրա, նա հանգիստ էր, չէր բղավում: Չկատարվեց այն, ինչ սպասում էր Սիրուշը. դեռ զգում էր մարմինը, ուրեմն ողջ էր: Ավելին. Ռազմիկը նստեց բազմոցին և հանգիստ սկսեց խոսել Սիրուշի հետ.
-Ես սա գնել էի այն ժամանակ, երբ դեռ պատանի էի, իսկ դու՞..դու ջարդուփշուր արեցիր այն: Դա իմ ուխտի նշանն էր Սատան եղբորս հետ: Այն ժամանակ ես աղքատ էի և ունեցած-չունեցածս մի տուն էր, որը ողորմելի վիճակում էր գտնվում: Ես տառապում էի արագ և հեշտ հարստանալու մոլուցքով և գրավ դրեցի այդ տունն ու խաղատուն գնացի՝ գումարը ձեռքիս: Երբ արդեն պարզ էր ինձ համար, որ պարտվելու էի, ականջներումս մի տարօրինակ երժշտություն հնչեց ու հայտնվեց հեղինակը: Ու հենց այդ ժամանակ մենք պայման կապեցինք: Ըստ այդ պայմանի, ես հարուստ կլինեի, եթե այդ պահին հաղթած ամբողջ գումարը ծախսեի մի ծաղկաման գնելու համար: Դա պիտի լիներ մեր ուխտի,բարեկամության հավերժական նշանը և ոչ միայն: Համաձայնեցի: Եվ իրոք. ես հաղթեցի ու շատ փող ունեի արդեն, գնացի ծաղկամանը գնելու: Գնեցի: Եվ նորից լսվեց այդ երաժշտությունը: Ես չէի հասկանում, թե ուր եմ գնում, կարծես ոտքերս տեր չունեին: Երբ այդ երաժշտությունը դադարեց, ես արդեն կանգնած էի այս շքեղ տան դիմաց: Ամեն օր այս կոտրածդ ծաղկամանում փող էր ավելանում, փո՛ղ, շա՜տ փող, հասկանու՞մ ես: Այն բանից հետո, երբ անիծյալ կնոջս անզգուշության պատճառով ճաքեց ծաղկամանը, Սատան եղբայրս հրամայեց կնոջս մոխրից ադամանդե մի մատանի սարքել, այլապես՝ կրկնակի անգամ կպակասի իր կողմից տրվող փողի քանակը: Իսկ որ ամենասարսափելին է, եթե ծաղկամանը կոտրվի, ես նորից կկանգնեմ հին, կոտրած տաշտակիս առջև:
Ըստ երևույթին, Ռազմիկը քար չէր: Հա՛, մարդ էր, մարդ. սովորական մեղսավոր մարդ: Սիրուշը կարծես մի պահ մոռացավ իր անսահաման վախը և ամբողջ սրտով կարեկցեց փողի գերի դարձած Սատանի եղբորը: Իսկ ու՞ր էր կորել Սատան եղբայրը....մոտերքում չէր երևում ինչ-որ: Սիրուշն առիթը բաց չթողեց.
-Արդյո՞ք կյանքից սա էր քեզ պետք...
Նույնպիսի երկարատև լռություն ու սառը, ոչինչ չասող հայացք: Հպարտությունը թույլ չէր տալիս իր սխալ լինելու ուղղությամբ մտածել: Մտքով Սատանն անցավ ու նա նորից որտեղից որտեղ հայտնվեց՝ իր սիրելի ու իրեն բնորոշ դարձած երաժշտությամբ: Անմիջապես խավարեց շուրջը ու լսվեց խուլ, հազիվ լսելի մի ձայն.
-Ռազմիկ եղբայր, ոչ միայն կոտրվեց ծաղկամանս, այլև մեր ամբողջ պատմությունը պատմեցիր այս կնոջը, որն ընդամենը մեր տան մաքրություն անողն է: Մինչ ես նոր եղբայր էի ման գալիս մեզ համար և մեր բարեկամության ընթացքում առաջին անգամ մենակ քեզ թողեցի, դու դավաճանեցիր ինձ: Այսպես փոխհատուցեցիր ինձ, իսկ ես քեզ անսահման հարուստ դարձրեցի...
Ռազմիկի ականջներում միայն Սիրուշի խոսքերն էին: Ու զարմանալի մի բան կատարվեց. Ռազմիկը բղավեց ինչքան ուժ ուներ.
-Հեռու, հեռու՛ ինձնից: Գնա քո փողերով հանդերձ, պետք չի, հեռացի՛ր....
Սատանը զարմացավ.
- Լավ մտածիր, Ռազմի՛կ, էլ էտ չես բերի այն ամենն, ինչ ունես. ծաղկամանը կարող ես վերականգնել Սիրուշի մոխրից ու կլինես նույնչափ հարուստ:
Ռազմիկը խորը շունչ քաշեց ու պատասխան տվեց, որը եղավ վերջինը Սատանի հետ զրույցում.
-Որոշումս անփոփոխ է:
Երբ Ռազմիկն աչքերը բացեց նորից հին փլատակների առջև էր: Նայեց ձեռքին. մատանին չկար: Մատանու փոխարեն կողքին էր Սիրուշը: Նրա հոգուց կարծես մի ծանրություն էր դուրս թռել ու մտել էր այն մարդկանց հոգիները , ովքեր Սատանի հետագա եղբայրներն էին լինելու: Իսկ Սատանը այդ նոր եղբայրներին է որոնում, մի՛շտ: Նրա եղբայրները դառնում են բոլոր նրանք, ովքեր շահամոլ են ու փողը պաշտում են մարդկային բոլոր արժեքներից առավել.....

StrangeLittleGirl
12.06.2012, 11:26
Էս էլ իմ շարունակությունը, որ ակումբցիների ահից չուղարկեցի :)) Վերջին երկու տողը նոր գրեցի:

- Բա հիմա ի՞նչ անենք,- շշնջաց Սիրուշը:
- Ի՞նչը ինչ անենք... Ծաղկամանս էլ չկա:
- Չէ, էդ նկատի չունեմ… Պատմվածքը: Ո՞նց շարունակենք:
Ռազմիկը սկսեց ծիծաղել: Մտածեց, որ Սիրուշը ցնդել է: Հետո հիշեց, որ հենց նոր ծանր կորուստ է ունեցել, նորից լրջացավ:
- Ի՞նչ ես դուրս տալիս: Ծաղկամանս չկա: Քեզ էլ ծախես, փողը չես կարող տալ:
- Լավ էլ շարունակում ես,- ուրախացավ Սիրուշը: Հետո գլուխը կախեց ու դերի մեջ մտավ,- պատրաստ եմ մի քանի ամիս ձրի աշխատել:
- Ընդհանուր առմամբ վատ միտք չէ, բայց եթե նույնիսկ ամբողջ կյանքդ ինձ մոտ ձրի աշխատես, չես կարող վերադարձնել ծաղկամանս, որովհետև այն պատրաստված էր իմ մահացած կնոջ հոգուց: Իսկ հիմա հոգին փախավ: Ու՞ր գնաց, չգիտեմ:
- Հրաշալի երևակայություն ունես: Կնոջդ հոգու վրա զարգացնե՞նք պատմվածքը:
Ռազմիկը ներվայնացավ:
- Մի կարգին բան հորինիր,- ասաց,- թե չէ ակումբցիները լխկած պոմիդորներ կշպրտեն վրադ:
- Սենց թե նենց շպրտելու են: Չե՞ս տեսնում, որ մրցույթը չկայացավ: Սաղ դու էիր:
- Լավ, վերջ, գնացինք,- ասաց Ռազմիկը, բռնեց Սիրուշի թևից, ու միասին գնացին Ռուֆուսի մոտ` ներողություն խնդրելու, որ իրենց երևակայությունը չհերիքեց շարունակության համար:

armen9494
12.06.2012, 11:54
Էս էլ իմ շարունակությունը, որ ակումբցիների ահից չուղարկեցի :)) Վերջին երկու տողը նոր գրեցի:

- Բա հիմա ի՞նչ անենք,- շշնջաց Սիրուշը:
- Ի՞նչը ինչ անենք... Ծաղկամանս էլ չկա:
- Չէ, էդ նկատի չունեմ… Պատմվածքը: Ո՞նց շարունակենք:
Ռազմիկը սկսեց ծիծաղել: Մտածեց, որ Սիրուշը ցնդել է: Հետո հիշեց, որ հենց նոր ծանր կորուստ է ունեցել, նորից լրջացավ:
- Ի՞նչ ես դուրս տալիս: Ծաղկամանս չկա: Քեզ էլ ծախես, փողը չես կարող տալ:
- Լավ էլ շարունակում ես,- ուրախացավ Սիրուշը: Հետո գլուխը կախեց ու դերի մեջ մտավ,- պատրաստ եմ մի քանի ամիս ձրի աշխատել:
- Ընդհանուր առմամբ վատ միտք չէ, բայց եթե նույնիսկ ամբողջ կյանքդ ինձ մոտ ձրի աշխատես, չես կարող վերադարձնել ծաղկամանս, որովհետև այն պատրաստված էր իմ մահացած կնոջ հոգուց: Իսկ հիմա հոգին փախավ: Ու՞ր գնաց, չգիտեմ:
- Հրաշալի երևակայություն ունես: Կնոջդ հոգու վրա զարգացնե՞նք պատմվածքը:
Ռազմիկը ներվայնացավ:
- Մի կարգին բան հորինիր,- ասաց,- թե չէ ակումբցիները լխկած պոմիդորներ կշպրտեն վրադ:
- Սենց թե նենց շպրտելու են: Չե՞ս տեսնում, որ մրցույթը չկայացավ: Սաղ դու էիր:
- Լավ, վերջ, գնացինք,- ասաց Ռազմիկը, բռնեց Սիրուշի թևից, ու միասին գնացին Ռուֆուսի մոտ` ներողություն խնդրելու, որ իրենց երևակայությունը չհերիքեց շարունակության համար:

Աաաաաաաա:D Այ էս գժություն էր:))
Ափսոս ակումբում ադմինը ես չեմ, մի հավեսով մրցանակ կտայի քեզ:love

Հ.Գ.
ու սենց պատմվածքը չե՞ս ուղարկել, ամո՛թ քեզ :beee

ivy
12.06.2012, 12:01
Այ տենց ա էլի, շուխուռ դրեցին, թե Փակ աչքերով են ուզում, պատմվածք չուղարկեցին, ես դրեցի մի բան գրեցի, որ խաղը կայանա, էն էլ նրանք սկի շարունակել չուզեցին::beee

StrangeLittleGirl
12.06.2012, 12:48
Աաաաաաաա:D Այ էս գժություն էր:))
Ափսոս ակումբում ադմինը ես չեմ, մի հավեսով մրցանակ կտայի քեզ:love

Հ.Գ.
ու սենց պատմվածքը չե՞ս ուղարկել, ամո՛թ քեզ :beee
ես հո ակումբցիներին լավ գիտեմ: որ սենց բան ուղարկեի, սաղ թռնելու էին դեմքիս, թե՝ չե՞ս ամաչում, էս ոնց ես փչացրել, գրելու բան չունեիր, չմասնակցեիր և այլն... :beee

Ռուֆուս
12.06.2012, 12:52
Բյուր, Ռուֆը նեղացած ա, ներողություն խնդրի՛ր :beee

StrangeLittleGirl
12.06.2012, 13:03
Բյուր, Ռուֆը նեղացած ա, ներողություն խնդրի՛ր :beee

Սիրուշն ու Ռազը խնդրեցին: Հերիք չի՞:
Լավ, ես էլ եմ ներողություն խնդրում: Արի նոր մրցույթ անենք (բայց ոչ փակ աչքերով), մեղքերս քավեմ: :oy

Peace
12.06.2012, 13:13
Ես այնուամենայնիվ չին, չին, չին անում է չնչին, չնչին շարունակում եմ հետաքրքված մնալ այս նախագծի անունը ինչու է «Պատմվածք փակ աչքերով», այն պարագայում, երբ նախագծի զարգացումն ապահովելու համար` մեկնարկից սկսած մինչև վերջ, անհրաժեշտ են բաց աչքեր:

Ռուֆուս
12.06.2012, 14:22
Սիրուշն ու Ռազը խնդրեցին: Հերիք չի՞:
Լավ, ես էլ եմ ներողություն խնդրում: Արի նոր մրցույթ անենք (բայց ոչ փակ աչքերով), մեղքերս քավեմ: :oy

Հա, դե լավ, չեմ նեղացել :)) Եկեք մրցույթների թեմա (http://www.akumb.am/showthread.php/57598-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4), քննարկենք, թե ինչ եք ուզում, ինձանից մենակ կազմակերպելն ա գնում, կանեմ :)