PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի անավարտ մեղեդի



Har8 FAF
28.04.2012, 17:05
Սիրով նվիրում եմ
ՋՈՒԼԵՏԱ ՔԵՇԻՇՅԱՆԻՆ
Ջ. Ավագյան

Իմ կրկնվող երազներում շարունակ
Սնարիս մոտ հայտնվում է ճերմակաթև մի հրեշտակ,
Ու չգիտեմ, հայտնվում է որպես վերքիս բալասա՞ն
Թե՞ մեծ մեղքիս` մեծ խարան:
(Անանուն)


Մի անավարտ մեղեդի

Ես չեմ ձոնում սոնետ, օդա,
Ոչ էլ շքեղ մադրիգալ,
Պարզ, անպաճույճ, համեստ հանգով
Քեզ եմ երգում, Յունոնա՜:

Ջինջ, կրակոտ աչքերը քո,
Ու ջերմ ժպիտդ պայծառ
Լույսի ցոլանք են վառ:
Ես այդ ցոլանքից շլացել եմ,
Տե՜ս, շլացել նաև քո շող հայացքից`
Առինքնող ու տաք:

Արևից շող, լուսնից ցոլանք
Արարիչն է Քեզ տվել,
Սակայն բախտիդ աստղի ուղին
Ո՞վ է այդպես խոտորել:
Գիտեմ` ինչքան ցավ ես թաղել
Նուրբ ու փխրուն հոգուդ մեջ,
Արդ բեկբեկված կյանքիդ գիրքը
Ես թերթում եմ էջ առ էջ:

Դեռափթիթ, դեռ աղջնակ,
Ա~խ, սիրեցիր դու նրան…
Լավ տղա էր, սրտում կրակ,
Արքերում` բոց հուրհրան:
Նա էլ սիրեց քեզ, Յունոնա,
Սիրեց մաքուր, կաթոգին.
- Օ~, Յունոնա՛, - շշննջում էր,-
Դու իմ կյանքն ես, իմ հոգին:
Հաճախ էլ լուռ, առանց խոսքի,
Ձեռքդ ափի մեջ առած,
Հիացմունքով քեզ էր նայում`
Աչքը աչքիդ մեջ հառած:

Har8 FAF
28.04.2012, 17:13
Ու մի օր էլ հեգ պատանին,
Սպիտակ վարդերը ձեռքին,
Ինքնավստահ, գոհ, երջանիկ,
Հայտնվեց ձեր տան շեմին:
Ներս մտավ նա, շատ բարեկիրթ
Հորդ, մորդ ողջունեց,
Ապա շիկնեց, բայց անկաշկանդ
Սրտի խորհուրդը հայտնեց.
- Ձեզնից եկել եմ խնդրելու
Ձեռքն աննման ձեր աղջկա,
Այս աշխարհում նրանից թանկ
Ինձ համար ոչինչ չկա:

- Չէ, - որոտաց հայրդ ամպած, -
Չէ, լինելու բան չէ դա,
Ես օտարի աղջիկ չեմ տա:
Օտար երկրից մենք տուն դարձանք,
Որ հայ մնանք,
Որ չեղծվի ազգը մեր,
Որ տուն բերենք մենք հայ հարսներ,
Միայն հայի աղջիկ տանք:

Կարկամեցիր լուռ ու հլու,
Ո՛չ ընդվզում, ո՛չ բողոք,
Ո՛չ աղերսանք չեն փոխելու
Հորդ վճիռն անողոք:
Ազգասեր է հայրդ անշուշտ,
Խոսքն օրենք է աներեր,
Հաշվի մեջ չեն ո՛չ զգացմունք,
Ո՛չ տառապանք, ո՛չ էլ սեր:

Չես մեղադրում հորդ, սակայն,
Հասկանում ես դու նրան,
Ավանդապաշտ մարդու կամքը
Անհողդողդ է, անվարան:

Ու նա գնաց… անվերադարձ…
Պահը դաժան էր, անգութ,
Ու նա գնաց, ետ չի դառնա,
Ետ կանչելն է անօգուտ:
Ճանաչում ես, գիտես նրան,
Չէ, ետ չի գա նա էլի.
Ժառանգորդն է գոռ ու հպարտ
Արբելյան Նեբրովթ - Բելի:

Չփնտրեցիր մի կարեկից
Ընկեր, ծանոթ, բարեկամ,
Որ ամոքեն ցավերը քո,
Ցրեն մտքերդ տարտամ:
Պարփակվեցիր ինքդ քո մեջ,
Մորմոքվեցիր սիրատանջ…
Կյանքդ դատարկ ու սնամեջ
Դարձավ գեհեն, մղձավանջ:

Har8 FAF
28.04.2012, 17:17
Ե՛լ, Յունոնա՛, տես գարունը
Թևին առել արքայական պերճ ծիրանի,
Ձեռքին` ցնծուն ծնծղա,
Ծեսն է անում իր օծման:
Ու ծփում է պերճ ծիրանին
Ցոլ գույներով արևի,
Ծնծղան է հնչեղ ցնծում`
Կոչնակ դարձած զարթոնքի:
Ծառ ու ծաղիկ պճնվում են
Հազարերանգ գույներով,
Թռչունների սիրո կանչից,
Տե՛ս, թնդում են սար ու ձոր:

Ե՛լ, Յունոնա՛, ե՛լ, արթնացիր,
Դու էլ ծաղիկ ես գարնան,
Ամեն վիշտ, ցավ ու մղձավանջ
Ունեն և՛ վերջ, և՛ սահման:
Խուլ մնացին գարնան կանչին
Երկա~ր, երկա~ր, տարիներ,
Ու անմոռաց հուշեր դարձան
Թե՛ տառապանք և թե՛ սեր:
Ուսման ծարավ, գործ, աշխատանք
Կյանքիդ տվին նոր իմաստ,
Գիրքն էլ դարձավ
Քեզ մտերիմ ու սրտակից բարեկամ:
Ամեն գրքից դու քաղեցիր
Իմաստալից շատ մտքեր,
Սակայն հոգիդ խռովահույզ լոկ Սևակն է ամոքել:
Հայ հանճարի փայլատակող
Հոգեհմա աստղն այդ մեծ,
Կյանքի բովում թրծված, հղկված
Ու ողորկված խոր խոհերով
Ու տողերով լուսավառ,
Հույսի թևեր քեզ տվեց:

Արյան եռքը փոթորկուն է
Ջահել, փթթող մարմնի մեջ,
Օ~, Յունոնա, չէ, չես կարող
Առանց սիրո դու ապրել:
Աչքերիդ մեջ էլի վառման
Կրակներ են ցոլցլում,
Սերն ես սիրում, փնտրում ես այն,
Որ գտնես ու չես գտնում:

Ու մի օր էլ,
(Ա~խ, այդ օրը չլիներ)
Բնության ու ճամփորդության սիրահար
Մի խմբի հետ Գորիս քաղաքը մտար:
Անձրևը հորդ, տեղատարափ
Թավալվում էր փողոցներում,
Գիշերն էր մոտ,
Ու տեղ չկար հյուրանոցում:
Է՛հ, ինչ արած, ճարահատված
Տուն եք փնտրում գիշերակաց:

Har8 FAF
28.04.2012, 17:21
Մեկ էլ մեկը` մորուքավոր,
Ոնց Վանատուր* հայ աստված,
Իր տան դռներն է բացում:
Ու մտնում եք դուք մի սրահ`
Արվեստանոց նկարչի, իսկ նկարիչն
Ինքն է` տանտերն հյուրնկալ:

Գիսախռիվ, գունատերես
Այր է նա մի երիտասարդ,
Գեղաչ է ու գեղաժպիտ,
Իսկ բիբերում խորաթափանց
Կարծրացած է մի խոր թախիծ:

Խումբը` աշխույժ, զվարճախոս,
Կատակում է, ծիծաղում ու աղմկում.
Տղաներ ու աղջիկներ են`
Մեկը մեկից համակրելի ու սիրուն:
Իսկ տանտերն էլ, յուրօրինակ,
Անձնապաստան իր կերպով,
Ձեզ է ժպտում շատ բարյացկամ ու մտերմիկ ժպիտով:
Կերուխումի սեղանի շուրջ
Զրուցում եք սրտամոտ,
Նա էլ, թեև ձեզ անծանոթ,
Լավ ընկեր ու վաղուց ծանոթ է թվում:

Ի~նչ լիցքեր են շողարձակվում
Նրա զննող աչքերում,
Երբ հայացքը քեզ է ուղղում`
Մեկ ակնդետ, մեկ թաքուն:
Չէ-որ, վստահ քո հմայքին,
Անսովոր չես այդ լիցքերին դու, բնավ,
Սակայն այսօր մոլորվում ես
Թախծաշաղախ այդ շողերից սիրավառ:

Լուսաբացին, երբ արևը
Նոր էր բազմել դարավանդին,
Նա էլ ուրախ ձեր խմբի հետ,
Այցելեցիք Խնձորեսկ:
Ձորահովտում վեհատեսիլ,
Քարե գրկում ժայռերի
Փռվել է հին Խնձորեսկը,
Դարձել մասունք դարերի:
Խորհրդավոր խոր կիրճերում,
Քարափներում ապառաժ
Կուտակվում են փրփուր ամպերն`
Անձև, անփույթ, խուռներամ:
Հետո քամու շոյանքներից նվաղում,
Ծվեն – ծվեն ծավալվում են նազանքով,
Լեռնածերպեր, ձոր ու քարափ
Ծածկում ծխե շղարշով:
Ու թվում է` ծուխ – շղարշից
Իջնում են ցած ոգիներն հին հայերի,
Շունչ ու հևք են տալիս, ասես,
Ծեր, հնամյա վանքերին
Ու երբեմնի մարդաբնակ անձավներին,
Որ ձգվել են լանջերն ի վեր լեռների,
Որպես խոսուն, բայց լուռ վկա`
Մաքառումի ու գոյի:

Har8 FAF
28.04.2012, 17:25
Անկրկնելի տեսարանից սքանչացած`
Հուզվել ես դու, շառագունել վարդի պես,
Նա էլ, գերված անկրկնելի քո հմայքից,
Միշտ կողքիդ է, քայլ չի գցում առանց քեզ:
Իսկ կեսօրին ընկուզենու շուքի տակ
Հավաքվեցիք խմբովի.
Ուտեստները մեր հայկական վայելեցիք լի ու լի:
Ու նա ահա կիթառն առած,
Սիրակարոտ խենթի նման
Երգը երգեց խենթ աղջկա:
Քեզ էլ թվաց,
Թե սրտիդ պես, թե սրտիդ հետ
Հառաչեցին քար ու քարափ`
Սիրակարոտ թրթիռներից խենթացած:
Օդը լցվեց սիրո բույրով,
Տագնապներով ու ձայներով անորոշ.
Արծի՞վն հեռվում թևաբախեց,
Սարում այծյա՞մը խայտաց,
Անդունդն ի վար գահավիժեց
Ժայռաբեկո՞րը պոկված…
Չէ, Յունոնա՛,
Սրտիդ զարկն է ահագնացած
Քո քունքներում տրոփում,
Եվ ուզում ես
Կանչել, գոռալ, աղաղակել.
- Կրկին սիրո~ւմ եմ, սիրու~մ:


Գտար այսպես դու քո փնտրած
Սիրուդ արժան ասպետին,
Գլխին դրիր լուսե պսակ`
Զօծված հոգու քո անապակ
Անուրջներով երկնային:

Ա~խ, Յունոնա, այս սերդ էլ քեզ
Ուրախություն քիչ բերեց,
Գուցե գրված էր ի վերուստ`
Այն ինչ եղավ, կատարվեց.
Հանդիպումները սիրատարփ
Կրկնվեցին մերթընդմերթ,
Սիրո խոսքեր ու խոստումներ
Հեղեղվեցին երկուստեք:
Ավա~ղ, հետո, ի՛մ Յունոնա,
Դու իմացար` քո սիրելին
Տուն էր բերել
Պատահական մի աղջկա`
Ենթարկվելով հոգեվարքի մեջ գտնվող հոր կամքին:

Խռովք ու ցավ միահյուսված`
Մտորում ես, երկատվում,
Ի՞նչ անել, ի՞նչ,
Ու ոչ մի ելք չես գտնում:
Ախր շատ ես սիրում նրան,
Ու սիրված ես, լավ գիտես,
Ինչ եղել է, ինչ էլ լինի,
Այդ տղային անհնար է չսիրել:
Գիտես` կինն էլ է շատ սիրում,
Գիտես նաև ցավը սիրո կորստյան,
Ա~խ, չես կարող ու չես ուզում
Ցավ պատճառել դու նրան:
Սիրտդ միայն, ընդդիմադիր
Խառնվածքին քո շիտակ,
Բուռն ու հախուռն ներբողում է
Քաղցրությունը սպասումի ու հանդիպման:
Որքան մտքով հաստատակամ
Ըմբոստանում ես սրտիդ դեմ,
Սերդ ավելի է մոլեգնում,
Դառնում կայուն ու տևական:
Ու մոլեգնած սիրով սիրտդ
Խաբեց մտքիդ ու տիրացավ քո կամքին,
Քաղցր ժամի մի հանդիպման
Կուլ գնացիր տարփանքին:

Har8 FAF
28.04.2012, 17:42
Մի ցավ էլ կար, ա~խ, քո սրտում`
Մեծ եղբայրդ էր Ամերիկա գնացել.
Մայրդ` տկար, հայրդ` արդեն տարիքն առած,
Չեն դիմանում իրենց որդու կարոտին:
Որոշել են` պիտի գնան,
Սպասում են քո վճռին,
Ա~խ, ո՞նց գնաս, ու՞ր, ու՞ր գնաս,
Ախր շատ ես ամուր կպած քո հողին:
Քո սիրածի ու քո հոգու
Դաշնությունը ո՞նց ավերես,
Ընկերներիդ, ծանոթներիդ, ա~խ, ո՞նց լքես,
Ա~խ, ո՞նց լքես Երևանդ,
Հայրենիքդ անչափ չքնաղ,
Այս բոլորը, ա~խ, ցավ է, ցավ:
Իսկ աչքերդ ու՞ր, ու՞ր պահես,
Որ չտեսնեն մորդ աչքերն արդեն մարող,
Որ անտեղյակ ու անհաղորդ ապրումներիդ,
Նայում են քեզ անօգ, սպասող ու աղերսող:

Մեծ կամք ասեմ, թե` թուլություն.
Ելքը գտար`
Որպես տիպար հայ աղջկա,
Որոշեցիր այս ամենին միայն ինքդ քեզ զոհել:

ՙՄի լիցի ինձ`
Խորհել և ոչ հառաչել՚:**
Այդպես եղավ`
Շատ խորհեցիր, երկփեղկվեցիր մեկուսի,
Հառաչանքդ շուրթերիդ լուռ քարացավ:
ՙՄի լիցի ինձ`
Ամպել և ոչ անձրևել՚:**
Ավա~ղ, ավա~ղ, այդ էլ եղավ`
Ամպեցիր դու անգիտակից, ակամա,
Չանձրևեցիր ինքնակամ:
ՙՄի լիցի ինձ`
Ողբալ և ոչ արտասվել՚:**
Չանձրևեցիր ու ողբացիր,
Արտասուքդ դուրս չհորդաց,
Աղի - աղի, գունդ - գունդ, լցվեց հոգուդ մեջ,
Մրմուռ տալով ցողվեց, հունցվեց ցավերիդ…
Անհոգության դիմակ հագար
Ու ժպտացիր, ու հեռացար քո երկրից,
Քո սրտի պես, քո սրտի հետ
Քո հայրենի հողն էլ տնքաց խոր ցավից:

Տարիներ են անցել, երկա~ր տարիներ…
Ահա նորից քո երկիրն ես հետ դարձել:
Նույն աղջիկն ես` նուրբ ու փխրուն քո հոգով,
Աչքերդ էլի լի են շենշող ցոլանքով:
Ինչպես խարույկն է բորբոքվում
Քամու թեթև հպումից,
Այնպես կարոտդ բորբոքվեց,
Երբ ոտքդ դրիր քո հողին:
Ու տուրք տալով տարիներով
Փայփայած քո իղձերին`
Թողած հրավերք, վայելք, խնջույք,
Նախ կարոտդ խնկարկեցիր մայր հողին:

Har8 FAF
28.04.2012, 17:50
Ճանապարհներն` աջ ու ահյակ,
Հյուսիս, հարավ, անցա քեզ հետ միասին,
Երկրին մեր սուրբ, աստվածաստեղծ
Նայեցի ես քո աչքերով կարոտկեզ:

Սլանում է, սլանում է մեքենան,
Որ կողմ նայես, թվում է, թե դրախտի դուռն է բացվում:
Արարիչը իր վրձինը արևի մեջ թաթախել,
Գույն - գույն հրաշք մեր լեռներն է
Կուտակ - կուտակ նկարել,
Վրձնահարվածով տեղ - տեղ տեղին ու ճաշակով,
Ծառ ու ծաղկով, ջրերով է զարդարել:
Մի բուռ երկիր, ու ինչքա~ն շատ
Լեռ, սար ու քար,
Բայց ի~նչ լեռներ, բայց ի~նչ սարեր`
Արեգնածին ու արևի գույներով,
Գորշերանգը, սև քարն անգամ,
Զարմանալի ներդաշնակ ու նրբերփին:

Սլանում է, սլանում է մեքենան,
Դու, անընդհատ ու ոգեշունչ,
Մեր մեծերի հոգու խոսքը ձոնված երկրին
Ասմունքում ես սրտառուչ:
Ականջալուր քո ասմունքին`
Իմ ուղեղում մեր պատմության
Լույսը պակաս, խավարը շատ
Էջերն են հույժ խմորվում:
Ինչու՞, Աստվա՛ծ, աստվածասեր հայի համար
Արարել ես դրախտի դուռ մի երկիր,
Բայց դարերով, մինչ հիմա էլ
Բարի հային Հոբի նման
Ենթարկում ես անչափ դաժան փորձության:

Սլանում է, սլանում է մեքենան
Կիսադատարկ ճամփաներով քաղաքների, գյուղերի
Խնդումերես ջահելները էլ չկան`
Գնացել են կտոր հացի ետևից:
Գնացել են, ու գնում են,
Գնում` խումբ - խումբ.
Ու գնալուց ամեն մեկի,
Հայ արևից մի - մի շող է պակասում:

Ա~խ, Յունոնա՛, քո սիրելին էլ չկա,
Թեև գիտես` որտեղ է նա,
Բայց չգիտես` օտար ափում ո՞նց է ապրում,
Մոռացավ քեզ, թե հոշոտված սրտով քո պես
Կարոտում է, մորմոքվում:

Ինչու՞, Աստվա՛ծ, հային տվիր
Կարոտ, մորմոք ու ապագա անորոշ,
Հայի բախտին` արևթագի արժանի,
Ինչու՞, ինչու՞ բաժին ընկավ
Լոկ մշուշե ապարոշ:
Միտքս` թափառ ինչուների քաոսում,
Ների՛ր, Աստվա՛ծ, ահա թե ինչ է ասում`
Չլինի՞ թե այլազգիներն հողեղեն են,
Մենք` հայերս, քարեղեն:
Թե քարից ենք, քարեղեն ենք,
Ունենք, սակայն խոր հոգի`
Որոտանի անձեռակերտ խոր հունի պես պերճաշուք,
Որոտանի ջրի նման պարզ ու լուրթ:

Har8 FAF
28.04.2012, 17:54
Սլանում է, սլանում է մեքենան…
Ու մենք Գորիս ենք մտնում.
Անձրև չկա…
Հյուրանոցում հյուր չկա,
Միայն մենք ենք, լռություն է ամենուր,
Պատուհանից երևում են սար ու քարափ`
Մառախլապատ ու տխուր:
Հուզումներդ սրտիդ խորքում խոր փակելո
Գիտեմ, ունես մեծ արվեստ,
Բայց հենց այստեղ` սիրուդ օրրան Գորիսում
Սրտիդ փակ դուռը բացվեց,
Ու պատմեցիր…Ես հասկացա,
Որ չի մարել, հուշ չի դառել սերդ մեծ:
Ես հասկացա որ քո հոգում
Տառապանքը բարություն է արարել:
Քեզ գրկեցի, ի՛մ Յունոնա,
Հոգիդ առա հոգուս մեջ:

Այդ օրվանից մեր ոսկեբառ հայերենում
Բառ եմ փնտրում քեզ վայել:
Հիմա ուշ չէ, ուշ չէ հիմա,
Հապա նայիր քեզ հայելում`
Իմ աչքերով, Յունոնա՛,
Դեռ ջահել ես` լի թովչանքով կանացի,
Ու հարուստ ես, քանզի ունես
Կնոջ գանձը` ամենամեծ ադամանդը`
Բարություն:
Ապրած կյանքդ էլ մեղեդի է,
Հույզ - մեղեդի անավարտ,
Որի խազը* սեր է համակ
Ու բարություն ափեափ:
Բայց դե ափսոս, հազար ափսոս,
Որ քո նման մի լույս աղջիկ
Ծլել, ծաղկել ու սիրել է այս հողում
Թեև փայլուն, բայց դե օտար,
Բայց դե օտար թաղարում* է զորանում:
Քանի ուշ չէ, ի՛մ Յունոնա,
Բախտիդ ղեկը ձեռքդ առ,
Գտիր քեզ սիրող մեկին,
(Քեզ չսիրել անհնար է, հավատա)
Սերը սեր է բերում կյանքում,
Գուցե կրկին կսիրես:

Իսկ ես, հույսի թևեր առած,
Հավատում եմ, ի՛մ սիրելի,
Որ էջերը կյանքիդ գրքի դեռ կիսատ
Կողողվեն շռայլ փայլով հույսի, սիրո, հավատի,
Ու հետագա երկա~ր - երկա~ր տարիներիդ
ճանապարհը հարթ ու անցավ կլինի:























*Վանատուր – Հայոց դիցարանի հյուրընկալության աստվածը
**Գ. Նարեկացի, ՙՄատյան ողբերգության՚
*Խազ – հայկական ձայնանիշ (նոտա)
*Թաղար – հողով լցված ծաղկաման