PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Սամվել Զուլոյան (Զուլո)



Շինարար
16.03.2012, 02:47
Թող էստեղ էլ լինի…:)

Թռչնաձուկը

Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…
Կա´ր: Չկային չե´մ հավատում…
Ծովում ոսկե մի ձկնիկ կար,
Իսկ երկնքում` ոսկե թռչուն:

Ձուկը երգն էր, բախտն էր ծովի`
Ոսկեթեփուկ, ոսկելողակ`
Ձկնիկն էր նա հորինովի,
Կապույտ ծովում` փոքրիկ շողակ:

Չէր ճանաչում ոչ ոք նրան.
Ապրում էր գոհ, ձկնավայել,
Նրա համար ոչ մի ձկնորս
Դեռ ոսկեղեն ցանց չէր կարել:

Ծովից բարձր, լազուրում պերճ,
Երկնքի լուրթ մաքուր ծոցում
Թևածում էր, երգում անվերջ
Մի հորինված ոսկե թռչուն:

Չէր նկատել ոչ ոք նրան,
Չկար նրան փնտրող աչքեր,
Նրա համար ոչ մի որսորդ
Չէր հորինել ոսկե նետեր…

Ապրում էին ձուկ ու թռչուն`
Միայնակ, գոհ ու անընկեր,
Մեկն իր ծովի կապույտ գրկում,
Մյուսն իր ծավի երկնքին տեր:

Հետո ինչպե՞ս, ինչպե՞ս եղավ`
Ձուկը մի օր իր երազում,
Մի լուրթ կապույտ երկինք տեսավ
Ու երկնքում`ոսկե թռչուն:

Իսկ թռչունը տեսավ ծավի
Անեզրություն մի ալեծուփ,
Ուր թռչում, թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…

Երբ ցնորքը հալվեց-անցավ,
Ասես երբեք չէր էլ եղել,
Ձուկը միայն նոր հասկացավ,
Որ երբեք չի նայել վերև:

Նայեց, տեսավ ծովի վրա
Ուրի՜շ- ուրի՜շ եթեր մի լուրթ,
Ուր թռչում թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…

Ձուկը ուզեց երկինք լողալ`
Ինքնասպան ճիգով անզոր,
Անվե ՜րջ- անվե՜րջ վեր բարձրանալ,
Գրկել անհաս երազն իր նոր…

Լո´կ մի վայրկյան պոկվեց ջրից,
Թվաց` ամբողջ մի դար տևեց,
Ու շնչահեղձ ընկավ նորից
Ծովի կապույտ ջրերի մեջ:

Նա զգաց, որ երկինք չունի
Եվ չունի վեր տանող թևեր,
Որ Արարչի հորինումը
Նրան որպես ձուկ է ձևել…

Եվ ծովը, որ չուներ սահման,
Դարձավ հանկարծ նեղ մի վանդակ,
Ինքը` խխունջ որդանման,
Անձև, անշուք ու այլանդակ:

Իջավ-սուզվեց խորքը ծովի,
Բանտվեց մի մութ, խուլ անձավում,
Ուր արևի ոչ մի շողիկ
Ու ոչ մի ձայն չէր թափանցում:

Ուխտեց` երբեք չբարձրանալ,
Ապրել իր մութ մղձավանջում,
Չտառապել, չցանկանալ
Ո´չ թռիչք, ո´չ անմիտ անկում:

Իսկ թռչունը ծովի վրա
Իր բախտի ձուկն էր որոնում,
Ցած էր կանչում ծովը նրան,
Ալիքների խաղով գերում:

…Մի գիշեր, երբ խավարը սև
Ծով ու երկինք մութով պատեց,
Հանկարծ ցածում ջրերի մեջ,
Հավքը ձկանն իր նկատեց…

Ճիչով անզուսպ, ինքնամոռաց
Հավքը իրեն ծովը նետեց,
…Անդրադարձը լուսնի դողաց,
Լուսնեղջյուրը ամպում խեղդվեց…

Երկնքից լուրթ երազների
Թե կարոտի ծովից կապույտ,
Հրաշքներով այգը հղի
Ծնեց ոսկե մի թռչնաձուկ…

Որդին` երկու Կապույտների,
Որ չգիտե ոչ մի սահման,
Մեկ թռչում, մեկ լող է տալիս,
Թռչունի ու ձկան նման,

Որ Կարոտը հավերժ թևի,
Որ Երազը մնա անեղծ,
Տենչը Սիրո հարատևի
Թե´ երկնքում, թե´ ծովի մեջ:

Կա ՞ր, թե ՞ չկար, չկա ՞ր, թե ՞ կար…
Կա´ր, չկային չեմ հավատում…
Ես երազում նրան տեսա,
Դուք էլ փնտրեք ձեր երազում:



Ուզում եմ սիրեք իրան:)

E-la Via
16.03.2012, 12:26
Իսկ Զուլոյին չսիրել անհնար է:
Ահա և իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը:


Այո, հենց սա է սերը, Մարիա

Այո, հենց սա է սերը, Մարիա,
Վշտի կաթիլ է, տառապանքի ծով,
Մեռնող երազի հևքն են Մարիա,
Խաբված անուրջի աչքերը լացող։
Ոչ, մնաս բարով պետք չէ, Մարիա.
Հեռացողներին ճամփան չի ների,
Գիտե՞ս, ինձ մի օր մի ծեր սատանա
Պատմեց լեգենդը մեռնող ճայերի։
Նրանք ապրում են ծովերի վրա`
Ծով ու երկնքի կապույտին գերի,
Բանտված ճախրանք է երազը նրանց,
Ու մահը երգ է` անավարտ, թերի։
Ի՞նչ մնաս բարով, ի՞նչ վերջ, Մարիա,
Սերը շքերթ է հրաժեշտների...
Տես, օրորվում են ծովերի վրա
Ճերմակ թևերը մեռած Ճայերի։

Agni
16.03.2012, 13:10
Ես էլ երբ հայտնաբերեցի նրան, մեծ ագահությամբ կարդում էի ու ափսոսանք զգում նրա ցավի ու ապրած կյանքի համար…
Սա էլ իմ ամենասիրած ստեղծագործություններից.

Օդն անսեր դողդողաց քո ուրվաձայն շնչից,
Ու կանգ առավ օրը սրտիս վերջին զարկից:
Ծմրած, ծմրած հանգավ հողը մայթերին թաց,
Խուլ մռլտաց քամին աշնան հոգեվարքի...

Տեսիլվեցին նորից, ու աչքերով դեռ բաց`
Ես զգացի, տեսա հևքը անդրաշխարհի,
Եվ անհայտի կապույտ մշուշներում զնգաց
Ոսկեվորիկ զանգը անէ քո տաճարի:

Ու վառվեցին հեռվում բյուր բուրվառ ու կերոն,
Լուսաթևիկ իջան տանիքների վրա,
Հոգեձայնիկ հնչեց հսկա մի երգեհոն,
Մի հարազատ շշուկ քնքուշ շրշաց` գնանք …

CactuSoul
16.03.2012, 14:01
Զուլոյին հայտնաբերել եմ այս բանաստեղծությամբ, ու նա միանգամից դարձավ ոչ միայն իմ ամենասիրելի բանաստեղծներից, այլև ամենա-ամենասիրելի մարդկանցից մեկը…


Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ`
Աննյութ, խրված սարդոստայնում օրերի,
Եվ իմ սառած աչքերի մեջ, քեզ ի տես,
Հուշդ գալիք հանցանքներս կների:

Ես գիտեի, որ մի օր դեն կթքես
Զառանցանքն այս (որը սեր էր երևի):-
Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ,
Որ աղոթեմ հանուն փրկված սերերի...

CactuSoul
16.03.2012, 14:04
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԿՏՈՒՍ

Փշոտ երանություն,
Տառապանքի ծաղիկ,
Ոչ ոք քեզ չի գտնի-
Դու անցյալ ես թաքուն:
Ներկա գիշերների
Հիշողություն թաքուն,
Հիշողության ծաղիկ`
Մոռացումի դժգույն անապատում:

My World My Space
16.03.2012, 16:54
ԻՆՁ ՋՆՋԵԼ ԵՄ ԵՐԵԿՎԱՆԻՑ

Ինձ ջնջել եմ երեկվանից,
Ու ձեր միջին արդեն չկամ,
Օրապակաս էն խելառից
Եկա վերջին բարևս տամ...
Լի՝ անպակաս էս սեղանին
Ես մեկ լեղի, մեկ կենաց թաս,
Պիտի ջարդվեմ միանգամից,
Մնացողաց շախն անպակաս...
Երանի ձեզ, և մեղա ինձ,
Եվ օրերին էս գժավուն,
Ինձ նմանակ ձեր նմանին
Հիմա ես եմ մենակ թաղում...
Հիմա ես եմ, ձեր մեջ չկամ,
Ինձ ջնջել եմ երեկվանից,
Մնացողաց շախն անպակաս,
Երանի ձեզ, օղորմի ինձ...

Հ.Գ. Սա եմ կարդացել առաջին անգամ, ու անընդհատ վերընթերցել... մի տեսակ թեթևացնում ա, տանում ու... շպրտում ա մի անկյուն՝ ցավոտ...

Nadine
16.03.2012, 20:00
Ես էլ եմ շատ սիրում իրեն...:love

Վաղը դու գուցե արդեն չես լինի,
Վաղը կլինես օտար ու հեռու:
Թող սա մեր վերջին գիշերը լինի,-
Վաղը ամեն բան այլ է լինելու:
Ամեն ինչ ճիշտ է, ազնիվ, անսխալ:
Ներեմ, բայց ինչու, ինձ ինչ ես արել,
Տես, ես վերստին կարող եմ ժպտալ,
Թեև թախիծ ես ժպիտիս խառնել:
Գնա ու քեզ հետ գիշերը այս տար,
Եվ այնտեղ` անհայտ քո հեռուներում
Հիշիր` աշխարհում դեռ մարդիկ կան չար,
Որոնք չեն դավում, բայց չեն էլ ներում...

Դատարկություն
17.06.2012, 19:18
Հունիսի 15-ին Զուլոյի մահվան օրն էր: Էսօր գնացինք իր շիրիմին ծաղիկ դրեցինք: Ես էլ իր գրքից իր գրածներից կարդացի մտքումս :)

CactuSoul
08.12.2013, 03:20
Անձրևաջուրը մի փոքրիկ թղթե նավակ է տանում:-
Անձրև է մաղում՝ նման անօգուտ զղջումին լացի,
Ասես սևամաշկ մի տանտիրուհի լվացք է քամում,
Ու մաշկիս վրա զգում եմ կպչուն սարսուռը թացի:

Մերը չէ, սակայն, ո՛չ անձրևը այս, ո՛չ այս գիշերը,
Ծիծաղում են, տե՛ս, անվերջ մեծացող ջրափոսերը,
Հիշո՞ւմ ես՝ մեր հին կավածեփ, նաիվ, բարի կուռքերը,
Որ մեզ սեր էին միամտաբար անվերջ խոստանում...

Անձրևաջուրը մի փոքրիկ թղթե նավակ է տանում,
Նրա մեջ՝ մեր հին, նախահեղեղյան մոռացված սերը:
Եվ ասես հեռու մշուշներից մեզ ձեռքով են անում
Ներումնահայաց, մեզ սեր խոստացող բարի կուռքերը:

Անձրևաջուրը մի փոքրիկ թղթե նավակ է տանում
Դեպի հեռավոր, անհայտ, փոթորկուն
Օվկիանոսները:

CactuSoul
08.12.2013, 03:32
Գիշերվա մթնում, ցրտում գիշերվա՝
Վախով, սրթսրթուն պատրանքներով լի,
Ամենքից հեռու՝ քնած թե արթուն,
Սիրտս ճաք տվել, ցնծում է հիմա...
Ու ալ արյունս պաղպաջուն գինի...
Թող հոգուս վերջին ճիչը ձեզ լինի,
Այրեր և տիկնայք՝ սուրբ, առաքինի:
Բայց այս սրթսրթուն գիշերվա մթնում,
Ձեր օրինապահ հայացքից թաքուն,
Ուզում եմ խմել կենացը նրանց՝
Միայնակ կանանց ու աղջիկների,
Որոնց ոչ մեկը չի ուղեկցում տուն,
Եվ շողքն են նրանք հեռու աստղերի...

CactuSoul
08.12.2013, 03:40
Չէ՞ որ դեռ ինչքան ձմեռ պիտի գա,
Եվ որքան պիտի ձյուները հալվեն.
Հին Աստվածների հին օրենքն է սա,
Որ վշտի վրա գարուններ թառեն:
...Իսկ այս ծառերը գարնանն այլևս բողբոջ չեն տալու,
Ու նրանց համար՝ աշունն առավել տխուր է հիմի,
Նրանք մեռնում են դանդաղ, համրորեն, առանց ճչալու,
Ու մահը նրանց՝ լոկ ջարդվող ծառի հառաչանք է մի:
Նրանք բարի են, բայց նախանձում են
Նոր ծլարձակող մատղաշ շիվերին,
Որոնք գարնանը իրենց առաջին բողբոջն են տալու,
Եվ գալիք գարնան ա՛յն ծաղիկներին,
Որոնք ապրում են միայն մի գարուն,
Որոնք նման չեն տապալվող զառամ այս հսկաներին:
Անտառը մեծ է, ու չի նկատի ոչ ոք մահը այս ծեր հսկաների,
Որոնք մեռնում են՝ մինչև վերջ մահին չհավատալով,
Ու թեև գիտեն, որ արդեն երբեք բողբոջ չեն տալու,
Բայց հավատում են հառնող բնության հին առասպելին:

Այբ
08.12.2013, 11:38
Անձրևների միանվագ երաժշտություն,
Կախված երկինք՝ գորշ ու մռայլ,
Ձիգ ձանձրույթի անհամրելի առատություն,
Կաթկթոցի նման տաղտուկ բառեր շռայլ։
Թաց հոգուս մեջ սիրտն իմ, նման ջրահեղձի,
Զուր փորձում է անհույս ճիգով լողալ վերև։-
Ո՞վ պիտի տաք իր նշտարով պահն այս հերձի,
Որ բորբոսնած, մգլած սրտիս ժանգը քերե։
Այս ողբասաց, լալկան օրվա վերջը չկա,
Չկան ժամեր, չկա շաբաթ ու կիրակի։-
Ես որտեղի՞ց, ի՞նչ մոգությամբ այստեղ ընկա՝
Անխախտ կամքով մի անողոք հրեշտակի։
Եվ փորձում եմ ջրով ծծված մաշկս քամել,
Բայց բռնում եմ միայն ստվերս լպրծուն,
Որ կիսանդրիս ունայնության պահին գամել
Ու ինքնության իմ սահմանն է շրջագծում։
Ես ձեռքերս թիերի պես վերուվարում,
Զուր փորձում եմ անցնել սահմանը անձուկի,
Գիտեմ՝ այնտեղ, այլ գոյության անդրաշխարհում
Սպասում է մեկը սուզվող իմ մակույկին...
Իսկ ստվերս, որ երբեք չի հակաճառում,
Թի-ձեռքերս դարձնում է թռչնի թևեր,
Բայց ինչ-որ բան նրան թռչել է խանգարում՝
Ակնարկելով, որ թռիչքը միայն ձև է։
Ես հուսահատ, ինչպես որդին Դեդալոսի,
Շրմփում եմ նորից թախծի ջրափոսում
Եվ մաս առ մաս, անէ, անձև ու մեկուսի,
Կավս խառնած ցեխաջրին՝ ցած եմ հոսում...

StrangeLittleGirl
08.12.2013, 13:11
Ո՞վ ա ինքը

Շինարար
08.12.2013, 13:53
Ո՞վ ա ինքը

Բանաստեղծ:

CactuSoul
08.12.2013, 13:59
Ո՞վ ա ինքը
Ահա համառոտ կենսագրությունը (արտագրել եմ իր ֆեյսբուքյան էջից (https://www.facebook.com/zulo.samvel.zuloyan)).

Սամվել Զուլոյան: Քչերին է ծանոթ այս անունը: Սակայն Վանաձորում շատերը նրան որպես հարբեցող ու գինեմոլ գիտեին, մյուսները նրան խելառ բանաստեղծ էին անվանում, որն իր հոգին սատանային ծախեց:

Ո՞վ չի տեսել հարբած Զուլոյին` շենքի պատին հենված: Նրան գիտեին բոլորը:
Իսկ նա միայնակ էր, ահավոր միայնակ: Մինչև վերջին օրն էլ նրա միակ զրուցակիցները եղել են ձեռքի անդավաճան ծխախոտն ու գինու գավաթը, որից ասես կում առ կում կուլ էր տալիս կյանքի դառնությունն ու դուրս թափում ճերմակ թղթի «անսեռ դեմքին»:

Գրում էր: Հարբած, կիսամեռ վիճակում էլի գրում էր և նորից խմում, որ մոռանա գրածը: Ինքն իր թշնամին էր, ինքն իր սարսափը, կարծես մի դև էր նստել նրա ոսկրացած կրծքում և կրծում էր սպիացած սիրտը:

Այդ բուռն, հակադրանքներով լի խառնվածքը ծնեց բանաստեղծի մի հիասքանչ շարք` «Ինձնից մինչև ես»: Այն հրատարակվեց 1996թ.: Հաջորդ ժողովածուն, որի համար Զուլոն այնքան երկար էր ընտրում բանաստեղծություններ, նա չհասցրեց տեսնել: Այն լույս տեսավ 2003թ.` նրա մահից հետո, ընկերների և մտերիմների աջակցության շնորհիվ և ընդհանուր համաձայնությամբ անվանվեց «Մարդը պատի վրա», որովհետև Զուլոն ինքը հաճախ ասում էր, որ իր կյանքը նման է այս աշխարհն անդրաշխարհից բաժանող պատի վրա ապրողի կյանքին:

2000թ. մի առավոտ նրան գտան իր երկրորդ կնոջ պատուհանների տակ ընկած: Վանաձորը խշշում էր բամբասանքով (նույնիսկ նրա առաջին կինը պնդում էր, որ Զուլոն սերտ կապեր ուներ սատանայի հետ): Մարդիկ ասես երկար սպասում էին նոր թեմայի` իրենց լեզուները քորելու համար: Նրանք համոզված էին, որ վերջն այդպիսին էր լինելու, և Զուլոն արդարացրեց նրանց սպասումները…
Ինքնասպանությունից քիչ առաջ այսպիսի քառատող էր գրել.


…Վերջին բաժակի հետ պիտի պատռեմ կաշիս`
Մորթս նետած դևին այդ` լափելու,
Որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից`
Ձյուների մեջ ԾԱՂԻԿ որոնելու…

Ասես ինքը կողքից տեսել էր սեփական մահը:
Մեռավ վերջին «աշնանային պոետը», սակայն հոգին նրա շարունակում է ապրել «պատի այս կողմում»` իր Անձրևող սիրո քաղաքում, ինչպես նա անվանեց իր սիրելի Վանաձորը:

Սամվել Զուլոյանը ծնվել է 1956թ. Կիրովականում (այժմ Վանաձոր): Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը: Առաջին անգամ տպագրվել է 1979թ. «Ավանգարդ» թերթում: Պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում:
Հայաստանի Գրողների միության անդամ է 1995-ից:
1996-2000թթ. եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը:

Վախճանվել է 2000թ.:

E-la Via
09.12.2013, 17:47
ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեի, որ կաս,
Որ դու կգաս մի օր`
Մշուշ լինի, անձրև,
Թե կիրակի,
Վաղուց փնտրած սիրո,
Քրոջ տեսքով մոլոր…
Եվ ուշացած հուշդ
Դուռս պիտի թակի:
Եվ գիտեի, որ դու
Հայտնվում ես միշտ ուշ,
Անակնկալ, ուրիշ ժամանակից-
Ավետիսիդ կարոտ
Հոգուս իջար ոնց գույժ`
Դարձնելով կորուստն իմ կրկնակի:
Ես ամենքից հոգնած,
Դարձրած ողջը հուշ
Եվ վաստակած արդեն իմ կիրակին`
Խմում էի գինին
Իմ առօրյա անուժ,
Գոհ մաղթանքներ հղում
Պահապան Հրեշտակիս:
Բայց դու եկար հանկարծ-
Քրոջ տեսքով մոլոր,
Ինձ դարձրիր երկդեմ ու երկակի…
Եվ մնում է կիսված
Երկրորդությունն իմ նոր,
Եվ անձրև է, մշուշ ու կիրակի…

Այբ
01.08.2014, 17:53
Մի օր տառապյալ նավազի նման
Կվեռադառնամ հեռուներից ես
Ու թեև գիտեմ` չեմ գտնի, չկա
Այն, ինչ տարիներ որոնել եմ ես...

Տխուր կլինի ափը հանդիպման,
Եվ նավս հոգնած` խարիսխ կձգե,
Ու ես, այն ծերուկ նավազի նման,
Կգտնեմ միայն անտարբեր դեմքեր:

Եվ չեմ հասկանա` որքան կորցրի,
Որքան եմ արդյոք ոմանց պարտք ես դեռ,
Կվատնեմ շվայտ գանձերս ձրի,
Չեմ ծախի երբեք, կտամ լոկ նվեր:

Եվ երբ ժամանակն իր զուսպ հեգնանքով
Կգա և պարտքի մուրհակն ինձ կտա,
Այնժամ ես, վերջին մեռնողի ջանքով,
Հանկարծ խելագար կճչամ` գտա˜...

Այբ
02.08.2014, 10:45
ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՍ

1
Հորիզոնը դեռ տանում է երեկվա
Շշուկները, խորհուրդները հեռավոր…
Սուտ է, արդեն ինձ չես գտնի, ես չկամ,
Վաղն իմը չէ, չեմ ունենա և այսօր:
Լոկ ստվերս է հուշում ձևը իմ նախկին,
Ու իմ գոյը ես տանում եմ նրա մեջ.
Այն ո՞վ էր, որ ինձ անվանեց առաջին-
Առաջինը վերջնագծին ինձ գամեց:
Ու տանում է հորիզոնը երեկվա
Պաղ դիակս ամփոփելու սնամեջ
Այն տուփի մեջ, որ կոչվում է ապագա…
Հեռանում եմ` որոնելով ինձ անվերջ:
Ամենուրեք, ամեն ինչում, միշտ առկա`
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ:

2
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ,
Ես լոկ ձև եմ, ես ստվերն եմ իմ նախկին.
Այն ո՞վ նետեց իմ վրա քարն առաջին,
Ո՞վ էր, արդյոք, որ ինձ ինձնից դուրս վանեց:
Ո՞վ դարձրեց ինձ ինձանից այսքան մեծ-
Համր ու անկյանք` քարե արձան Աստծու…
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Առաջինն ո՞վ ինձ սպանեց իմ ձեռքով:
Ու քայլում եմ ստվերացած երկնքով,
Ես` կիսով դև և կիսով չափ դեռ անեղծ,
Ժամանակի անչափելի եզերքով
Քարշ եմ տալիս ուրվականն իմ սուտ ու կեղծ…
Այն ո՞վ էր, որ ինձ սպանեց իմ ձեռքով,
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց:

3
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Եվ ու՞մ առաջ պիտի ծնկեմ մեղավոր:-
Նախամեղքը` «սին ու չնչին» մի խնձոր,
Որի համար երկինքն ինձ «գող» համարեց:
Ո՞վ «մեղսագործ» խարանեց իմ ճակատին,
Դատապարտեց ինձ կրելու մեղքն իմ հոր,
Ո՞վ դարձրեց ինձ մուրացիկ դրախտի,
Ո՞վ դարձրեց ինձ դժոխքի թագավոր…
Եվ ես անվերջ արարելով ինձ կրկին,
Ես` բանական, մի բանական մտագար,
Կմոտենամ ինձ ի՛նձ կապող կամրջին,
Դեն նետելով թե՛ մեղավոր, թե՛ արդար,
Ու կարարվեմ նորից Ջրից ու Հողից`
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից:

4
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից
Եվ ճակատիս պիղծ դրոշմը նզովքի
Երկրի մաքուր ցողով պիտի լվանամ`
Առած մի նոր մարմին, գտած` նոր հոգի,
Որ ստվերս անկյանք նորից մարդանա…
Եվ թույլ ու խեղճ իմ աչքերը լուսնոտի
Պիտի կրկին երկրային փայլ ստանան,
Եվ դեն նետեմ մղձավանջն այս հնոտի…
Մերկ ու մաքուր նախահոր պես իմ նորից`
Կզգամ դարձյալ տենչն այն հսկա կարոտի,
Այն կարոտի, որ ժառանգել եմ հողից,-
Այն, որ միշտ կա թե՛ ծառի մեջ, թե՛ խոտի…
Ես` արարված երկրի կավե խմորից-
Մարդն արարիչ, ՀԱՅՐԸ մարդու և ՈՐԴԻՆ:

Այբ
02.08.2014, 10:55
Երբ լեգենդները կտարալուծվեն ժամանակի մեջ,
Ու երբ դադարեն անձրևներ մաղել ճամփեքի վրա,
Եվ երբ կավարտվի հատվող գծերի հոսքը անընդմեջ,-
Ես կհայտվեմ, ու կհնդիպենք հանկարծ, ակամա:
Ու չես հավատա դու ճամփաների խաբուսիկ խաղին.
Դու ինձ թաղել ես վաղու˜ց` հեռավոր Տրոյայի տակ,-
Ես կգամ, ինչպես չնչին մի բեկոր կործանված նավի…
Ես կգամ, ինչպես գալիս են երկրից անդրշիրիմյան,
Ու քո տան առաջ կկանգնեմ որպես Տրոյական ձի,
Ցնցոտիավոր այն բախտախնդիր արքայի նման…
Կգամ, որ ԿԱՄՔԸ` աստվածախնամ սխալի ճշտի…
Ու նորից բախտի ու աստվածների կամքին հակառակ`
Ես պիտի գրեմ տաճարի պատին ձեռքով մարդկային,
Որ ես եմ` Մարդը, որն ապրել գիտի տքնությամբ համառ,
Որ ես եմ` Մարդը, մաքառող գոյի ասքը երկրային:

Այբ
12.02.2015, 22:03
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ժխորի մեջ հախուռն ձայների
Ես ավելի եմ փոքրիկ ու մենակ,
Երբ, կաղին տալով, քայլքը բառերիս
Անհայտությունն է դարձնում հենակ,-
Ապավինելով ունայն խոսքերին,
Ցնորքների հետ դաշն ու անխռով`
Հեռաստաններ եմ տեսնում անթերի,
Դեմքեր` կիսավարտ ու ինքնագորով:
Եվ երբ նորից եմ փորձում վերապրել
Միակ սկիզբս ու… վախճանս միակ,
Իսկ հեռուներից ծույլ ու անտարբեր
Մոտենում է ինձ մի մոմե դիմակ…
Երբ դիպչելով մունջ շուրթերին նրա`
Ես վերաճում եմ մենավոր խեցու,
Ձկների համր առոգանությամբ`
Խշշում է իմ մեջ ցավն ամենեցու…

CactuSoul
18.10.2017, 20:18
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Լուսաբացը երբ կգտնի ինձ երևի,
Մոմս մարած պիտի լինի
Ու օջախիս քուրան՝ հանգած:
Մի սև ստվեր՝ իմ այս վերջին կեսգիշերից՝
Տան անկյունում կմնա՝ ոնց մթին կասկած:
...Ու կսկսվի ելումուտը զուսպ ձևերի,
Ախ ու վախի վշտամորմոք լացուկոծում,
Կհեռանամ մարմին կոչված էդ մեռելից՝
Վերջին անգամ ինձ գտնելու քո փողոցում...
Երկու ստվեր՝ ինձ հետամուտ, զգոն կգան,
Ծանոթ մի կին կհառաչի՝ «Գնա՜ց ձեռից»,
Չհասկացած, որ ես վաղուց արդեն չկամ,
Ու ապրածս սուտն է անթաղ էդ մեռելի...
Հիմա արդեն ինձնից, ձեզնից էն կողմ միշտ կամ՝
Հրեշտակաց բաժին դառնամ,
Թե՝ դևերի...
Ձեռքիս մեջ է ունեցածս, որ պիտի տամ
Նրան, ումը երբեք չեղա
Ու միշտ ԷԻ...