PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Արշակ պապը



Նարե91
25.02.2012, 13:59
Հայաստանի հեռավոր գյուղերից մեկի` կիսախարխուլ տնակներից մեկում էր ապրում Արշակ պապը: Ապրում էր մեն-մենակ. կինը շատ վաղուց էր մահացել, իսկ մինուճար որդին կնոջ և երեխաների հետ երկու տարի առաջ մեկնել էր Երևան` բարեկեցիկ կյանքով ապրելու պատրվակով: Այնքան «բարեկեցիկ», որ գյուղը լքելուց հետո իսպառ մոռացել էին իրենց միայնակ հարազատի մասին: Երևան գնալուց ի վեր նույնիսկ մեկ անգամ չէին այցելել նրան: Իսկ Արշակ պապը... նրան պարզապես կարոտը խեղդում էր. խոսքերով հնարավոր չէ նկարագրել նրա զգացածն ու ապրածը: Նրա սրտի վերքն իսկապես խորն էր: Սակայն այդ ամենով հանդերձ երբևէ սովորություն չուներ ցույց տալու, որ վիրավորված է, որ իրեն միայնակ է զգում: Գյուղի հարևանները երբեմն զարմանում էին նրա տոկունության վրա: «Զորեղ է մեր Արշակ պապը», -ասում էին: Գյուղում բոլորն էին նրան սիրում` թե մեծ, թե փոքր. բոլորի ուրախությունն էր: Այս ութսունամյա ծերունին նաև բավականին հետաքրքիր անձնավորություն էր: Ինքն իր համար սովորություններ էր հնարել, որոնցից երբեք չէր հրաժարվում:

«Լույսը բացվում ա թե չէ, մարդ պըտի զարթնի, իսկ մութը ընկնելու հետ` պըտի պառկի քնելու»,- ասում էր:
Եվ իսկապես` արևածագի հետ արթնանում էր, մայրամուտի հետ` քուն մտնում: Արթնանալուն պես վեր էր կենում, հագնվում ու շտապ գնում էր իր տնակի կողքին գտնվող շատ փոքրիկ կրպականման «արհեստանոցը», որտեղ սիրում էր փայտամշակությամբ զբաղվել: Նրա մուրճի զարկերը գյուղացիներին հուշում էին, որ լույսն արդեն բացվել է ու որ Արշակ պապն արդեն աշխատանքի է անցել: Չնայած բավականին ծեր լինելուն` փայտից այնպիսի գեղեցիկ ու յուրօրինակ իրեր էր պատրաստում, որ բոլորին հաճելիորեն զարմացնում էր: Իսկ երբ հարցնում էին, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, առանց վարանելու պատասխանում էր.

«Մարդ մի գործ, որ անում ա, պըտի սիրով անի... հլը մի անգամ փորձեք ձեր արած գործի մեջ մի կաթիլ սեր ավելացնել... այ հենց փորձե՛ք, հաստատ համոզված էղեք, որ հաջողություն կունենաք»...

Երբ հոգնում էր արհեստանոցում աշխատելուց, գնում էր, իր համար մի բաժակ սուրճ էր պատրաստում, նստում էր իր իսկ ձեռքերով մշակած այգում ու վայելում էր...
Աշխարհում որդուց հետո երևի իր այգին էր ամենից շատ սիրում: Իր մի մասնիկը դարձած ծառերի հետ այնպես խնամքով էր վարվում, ասես իր զավակները լինեին: Իսկ առավել հետքրքիր էր ունկնդրել նրա ու ծառերի խոսակցությունը: Այնպես էր խոսում ծառերի հետ, երբեմն վատ բերքատվության պատճառով այնպես նախատում, իսկ առատ բերքի դեպքում այնպես քաջալերում, որ կողքից նայողին թվում էր, թե ծառերը իրականում լսում ու հասկանում էին նրան:

Թեպետ հանգամանքների բերումով չորրորդ դասարանի կրթություն ուներ, սակայն ոչ ոք այդ չէր զգում: Պատճառը թերևս այն էր, որ ինքնակրթությամբ շատ էր զբաղվում, շատ-շատ էր ընթերցում ու գրեթե ամեն ոլորտից գաղափար ուներ: Իրոք զարգացած ծերունի էր Արշակ պապը: Եվ պատահական չէ, որ հարևանների երեխաները, գրքերն ու տետրակներն առած, վազում էին նրա մոտ: Եթե անգամ աշխատելիս էլ էր լինում, գործը թողնում էր ու երեխաներին իր կարողացածի չափով օգնության էր հասնում: Բայց երեխաների համար դասերն ուղղակի առիթ էին նրա տուն գնալու համար: Նրանց նպատակն ավելի շատ Արշակ պապի կյանքի հետ կապված հետքրքրաշարժ պատմությունները լսելն էր: Ամենից հաճույքով, սակայն, լսում էր նրա` բանակում անցկացրած տարիների հետ կապված զվարճալի դեպքերը: Այնքան պատկերավոր, գունագեղ ու հետաքրքիր ձևով էր պատմում, որ երեխաներն առանց աչք թարթելու, համակ ուշադրությամբ լսում էին:

Ժպտում էր, ուրախանում, երբեմն էլ` ծիծաղում, բայց մարդն առնվազն կույր պիտի լիներ, որ չնկատեր, թե որքան տխուր, տանջված ու մտահոգ տեսք ուներ Արշակ պապը: Սիրտը կտոր-կտոր էր լինում, երբ պահի տակ հիշում էր իրեն միայնակ թողած որդուն ու թոռներին: «Տեսնես որտե՞ղ էին, ինչո՞վ էին զբաղված, հո՞ փորձանքի մեջ չէին ընկել», այս հարցերն էին շարունակ պտտվում նրա ուղեղում: Անսահման էր այն սերը, քնքշանքն ու ջերմությունը, որ տվել էր նրանց, սակայն այսօր…:

Հարևանուհիներից մեկը` Սաթիկը, ով շատ համարձակ կին էր ու մտքին եկած յուրաքանչյուր բան առանց երկմտելու ասում էր, շատ էր նեղվում Արշակ պապին այդպես խեղճացած տեսնելու փաստից, ու ամեն հարմար առիթին չէր զլանում կրկնել.
- Ախր ա՛յ Արշակ պապ ջան, էդ անաստվածներին հասկանալ չեմ կարում… լավ բա մի օր չգա՞ն տեսնեն ողջ ես, մեռած ես… ինչի՞ կարիք ունես, ինչի կարիք չունե՞ս…

- Սաթիկ ջա՛ն, կարող ա պատահի զբաղված են, իրենց գործերով են… ոչինչ… թող իրանք լավ ըլնեն… ես յոլլա եմ գնում…

- էհհ դու փոխվողը չես…մենք հո լսել ենք, գիտենք, թե դրանք հիմի ինչ պայմաններում են ապրում, - բարկացած ասում էր Սաթիկը` մեկ անգամ ևս ապշելով Արշակ պապի բարության, ներողամտության և մեծ սրտի վրա:

Ներելու ունակություն… ահա այն առաքինություններից մեկը, որով օժտված էր նա:
«Եթե մեկին սիրում ես, մեջդ գոնե մի քիչ սեր ա մնացել, ուրեմն պըտի կարենաս ներես… իսկ ես իրանց ոչ թե մի քիչ եմ սիրում, այլ` անսահման… դրա համար կարում եմ ներեմ»,- կարծես ինքն իրեն մխիթարելով` շարունակ ասում էր:
Ասում են՝ որքան մարդը մեծանում է, այնքան մանկանում է, փոքր երեխայի նման համառ ու կամակոր է դառնում: Արշակ պապն էլ էր այդպիսին դարձել: Հարևանների առաջարկած օգնությունից համարյա միշտ հրաժարվում էր. սովոր էր ամեն բան ինքնուրույն անել… չէր սիրում ուրիշներին նեղություն տալ: Միակ բանը, որ ժամանակ առ ժամանակ խնդրում էր գյուղի էրէխեքին, իր համար խանութ գնալն ու անհրաժեշտ մթերքներ գնելն էր, քանի որ ինքը հազվադեպ էր տանից դուրս գալիս: Երբ էրեխեքն իր խնդրանքը կատարած վերդառնում էին, ուրախությունը զսպել չէր կարողանում, նրանց օրհնանքներ տալով ` հազար անգամ շնորհակալություն էր հայտնում: Իսկ երբ ուզում էին մանրը վերադարձնել, զայրացած ասում էր.

«Այ էդ մեկը չեղավ… եթե չվերցնես, կնեղանամ ու քեզնից էլ բան չեմ խնդրի»:
Հենց էսպիսինն էր նա` անկեղծ, սրտաբաց, բարի ու կամեցող: Գուցե հենց այս հատկանիշների շնորհիվ էր, որ գյուղում բոլորի հարգանքն էր վայելում: Համագյուղացիները չէին պատկերացնում, որ մի օր Արշակ պապին կարող էին էլ իրենց կողքին չտեսնել: Ու անգամ երբ մեկ օր նրա մուրճի զարկերը չէին լսում, անհանգստացած վազում էին` տեսնելու` ամեն բան կարգին է, հո հետը մի բան չի եղել: Հերթական անգամն էր… այդ օրը ոչ ոք չլսեց Արշակ պապի` լուսաբացն ազդարարող մուրճի զարկերը: Շտապ գնացին, նրա տնակի դուռը թակեցին, բայց արձագանք չեղավ: Երկար սպասելուց հետո դուռը կոտրեցին ու երբ ներս մտան, տեսան, որ Արշակ պապը չկար…այո՛, չկար… ասես անհետացել էր…

Գյուղում իրարանցում սկսվեց… սկսեցին միմյանց հարցուփորձ անել, բայց ոչ ոք տեղեկություն չուներ …ի վերջո ճարահատյալ դիմեցին ոստիկանություն: Իսկ մինչ ոստիկանությունը կպարզեր, թե ինչն ինչոց է, համագյուղացիներից մեկը առավոտյան Երևան գնալիս` հենց Երևան տանող ճանապարհին` մի ծառի տակ ընկած տեսել էր Արշակ պապի դին: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ սրտի կաթված էր: Իսկ թե ուր էր գնում նա այդ օրն առավոտյան, մինչ օրս հայտնի չէ… միայն ենթադրություններ են անում, որ գուցե որդու կարոտն է ստիպել նրան բռնել Երևան տանող ճամփան: Իսկ նրա անաստված որդին, ինչպես որ Սաթիկն էր սիրում կրկնել, չիմացավ ու չմասնակցեց հոր թաղման արարողությանը:

Արշակ պապը մեռավ որդու ու թոռների կարոտից, լքված ու իրեն միայնակ զգալուց, արհամարհանքից… ծեր էր, բայց նա դեռ էլի երկար կապրեր, եթե չլիներ նրա ապրած մեծագույն կսկիծը:
« Տղու արհամարհանքը սպանեց հորը»,- Արշակ պապի մահը սգալով ու ափսոսանքով` ասում էին համագյուղացիները:

unknown
25.02.2012, 14:57
Շատ լավն էր ու հուզիչ:goodես կարդալուց հուզվեցի ապրես Նարե ջան:)

armen9494
25.02.2012, 16:31
Նարե իրոք որ հրաշալի գործ է:love ընե՜նց հավեսով կարդացի, թեթև, հանգի՜ստ...

Նարե91
25.02.2012, 21:51
Շատ լավն էր ու հուզիչ:goodես կարդալուց հուզվեցի ապրես Նարե ջան:)


Նարե իրոք որ հրաշալի գործ է:love ընե՜նց հավեսով կարդացի, թեթև, հանգի՜ստ...
ապրեք, որ կարդացիք:) :oy

Mark Pauler
26.02.2012, 00:48
Շատ սիրուն ու գրագետ ես գրում, բայց իմ կարծիքով ինչ-որ պակասող բան կա գրելաոճիդ մեջ: Կարծես վերլուծական լինի, դրա համար պատմվածքի փոխարեն ավելի շատ նմանացնում եմ փոխադրության:
Կարծում եմ դեպքերը վերլուծելու փոխարեն, եթե երկխոսություններն ու գործողությունները շատացնես ավելի հետաքրքիր կդառնա պատմվածքդ:

Գալաթեա
26.02.2012, 01:23
Մարկի հետ համամիտ եմ, Նարե ջան. շատ լավ բնորոշել է: Մի քիչ շատ ես գրելու ժամանակ բացատրում, ընթերցողին դետալները պարզաբանում:
Գրածդ դրա կարիքը բնավ չունի, քանի որ պատկերավոր ա ու կենդանի:

Ապրես, ես կարողացա Արշակ պապին տեսնել :)

Նարե91
26.02.2012, 12:36
Շատ սիրուն ու գրագետ ես գրում, բայց իմ կարծիքով ինչ-որ պակասող բան կա գրելաոճիդ մեջ: Կարծես վերլուծական լինի, դրա համար պատմվածքի փոխարեն ավելի շատ նմանացնում եմ փոխադրության:
Կարծում եմ դեպքերը վերլուծելու փոխարեն, եթե երկխոսություններն ու գործողությունները շատացնես ավելի հետաքրքիր կդառնա պատմվածքդ:


Մարկի հետ համամիտ եմ, Նարե ջան. շատ լավ բնորոշել է: Մի քիչ շատ ես գրելու ժամանակ բացատրում, ընթերցողին դետալները պարզաբանում:
Գրածդ դրա կարիքը բնավ չունի, քանի որ պատկերավոր ա ու կենդանի:

Ապրես, ես կարողացա Արշակ պապին տեսնել :)



Ձեզ էլ եմ անչափ շնորհակալ:)

Ինքս էլ զգում եմ, որ շատ մանրամասն ա ստացվում նկարագրություններն ու տեսարանները, բայց դա ինձ մոտ պարզապես գալիս է բնավորությունիցս:) ինձ թվում է, որ եթե էդպես մանրամասնորեն չնկարագրեմ, ապա ընթերցողը գուցե լավ պատկերացում կազմել չկարողանա ու ասելիքս գուցե տեղ հասցնել չհաջողվի... ինչևէ, հաջորդ պատմվածքը գրելիս կաշխատեմ սխալս ուղղել;)

Գեա
26.02.2012, 14:27
Նարե ջան դժվարը սկիզբն է,կարևորն այն է, որ մեջդ կայծ կա ու ստեղծագործելու ցանկություն , վաղ թե ուշ անփորձությունդ կհղկվի ու սուր եզրերը կկորեն` տեղի տալով փորձին: Մի կարևոր հատկանիշ ունես, որ դուրս գալիս է, գրագետ ես գրում, իսկ դա մեծ բան է:Հաջողություն եմ ցանականում ու սպասում մոտ ապագայում քո արդեն հասուն ու հղկված գործերին: