PDA

Դիտել ողջ տարբերակը : ivy-ի, impression-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը



Chuk
10.02.2012, 01:30
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)-ն սկսում է, impression (http://www.akumb.am/member.php/5134-impression)-ը՝ շարունակում, StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

ivy
13.02.2012, 01:04
Մի փոքր նախաբան: :)
Էս պատմվածքը գրեցի մի քանի ժամ առաջ՝ «Գերբնական երևույթներ» մրցույթի համար, բայց շատ արագ հասկացա, որ չեմ դնելու մրցույթին: Տարբեր պատճառներով:
Հետո որոշեցի կիսել ու դնել էստեղ:
Իսկ հետո էլ մտածեցի, որ ամբողջը կդնեմ: Թեև ես «ավարտել եմ» պատմվածքը, բայց ինքը զարգանալու տեղ ունի. Լիլը հաստատ դժգոհ չի մնա: ;) Համոզված եմ, Բյուրն էլ՝ Լիլից հետո: :)
Էնպես որ, սա ընդունեք՝ որպես «Գերբնական երևույթներ»-ին մասնակցելու նախավարժանք: :))



Շնորհավորում եմ, դու ընտրել ես շրջանակը

Դեն նետեց թավային կպած ծուռումուռ զանգվածը, որին բախտ չէր վիճակվել դառնալու բլիթ: Հետո նստեց իր տան միակ աթոռին, որը նույնքան չորուկ ու քրչոտ էր, որքան իր վրա կուչ եկած մարմինը, ու միացրեց համակարգիչը:
Օնիկն ապրում էր մենակ, թշվառ ու տխուր կյանքով: Ապրուստի միջոցը լրագրողությունն էր: Այս ու այնտեղ մի կերպ կարողանում էր գրոշների դիմաց վաճառել իր հոդվածները ու մի կտոր հացի փող ճարել:
Ազատ ժամանակ (իբր թե զբաղված էլ էր լինում) Օնիկն ինտերնետային էջերում լրացնում էր Աստված գիտի ում կողմից բստրած հարցաշարեր, որոնց պատասխանները խոստանում էին ամեն ինչ պատմել այն լրացնողի մասին: Նա միշտ լրջությամբ պատասխանում էր բոլոր հարցերին, խնամքով հաշվում իր միավորները, ապա տպում, հանում իր արդյունքը, շրջանակի մեջ վերցնում ու փակցնում սառնարանին:
«Դուք ինքնավստահ եք...»
«Ձեր առջև բաց են բոլոր դռները...»
«Հոյակա՜պ սիրեկան եք...»
«Ձեզ կարելի է միայն նախանձել...»

Օնիկը նախընտրում էր նայել սառնարանին՝ հայելու փոխարեն, որն անամոթաբար դավաճանել էր իրեն ճշմարտության հետ:
Երբ իր դատարկ կյանքն ամուր սեղմում էր կոկորդը ու նույնիսկ սառնարանին նայելն արդեն չէր օգնում, Օնիկը գնում էր մոտակայքում գտնվող մանկապարտեզը, նստում դրսում՝ պատուհանի մոտ դրված նստարանին, ու ժամերով հետևում ներսում կատարվող եռուզեռին: Տեսածն ինքն իր հետ քննարկում էր, ուրախանում ու հուզվում:
Այդ օրն էլ՝ անհաջող խոհարարական ու լրագրողական փորձերից հետո, Օնիկը որոշել էր դուրս գնալ տնից՝ երջանկության իր բաժինը գտնելու մանկապարտեզի պատերի տակ:
- Երեխաներ, հիմա կլոր շրջան ենք կազմում,- լսվեց գունավոր պատերի միջից:
- Էս կինը բայց մազալու դեմք է, միշտ ասում է «կլոր շրջան», կարծես «ոչ կլոր» շրջան էլ է լինում,- քթի տակ վերլուծեց Օնիկն ու սկսեց ուշադրությամբ հետևել:
- Ծափիկ, ծափիկ, ծիրանի, պապս գնաց գերանի,- հնչեց հենց նրա ականջի մոտ:
Օնիկն անսապասելիությունից վեր թռավ: Կողքին նստած էր մի երիտասարդ կին՝ վառ, բայց ճաշակով հագնված, ձեռքին՝ անիվներով ճամպրուկ:
- Անձնական դայակի կարի՞ք ունես,- ասաց կինը՝ կպցնելով սիգարետը:
Օնիկն առաջին անգամ էր տեսնում դրսում ծխող կնոջ:
- Չէէ... ես ուղղակի...
- Պեդոֆի՞լիա:
- Մի ասեք էդպիսի բաներ...
- Բա ի՞նչ, դու էլ ես ուզում խաղա՞լ:
Օնիկն ավելի շփոթվեց.
- Չգիտեմ ինչի մասին եք խոսում:
- Ափսոս, իսկ ես արդեն ուզում էի խաղ առաջարկել:
- Ի՞նչ խաղ...
Կինը գրպանից հանեց կարմիր շրթներկը ու պատին մի քանի երկրաչափական պատկեր նկարեց:
- Ընտրիր սրանցից մեկը, որն ամենաշատն է սրտովդ:
Օնիկին դա հիշեցրեց իր լրացրած հարցաշարերը ու ստացած արդյունքները:
- Դե... Շրջանակը:
- Հոյակապ է:
- Եվ ին՞չ, ի՞նչ էր դա նշանակում:
- Միայն այն, որ դու նախընտրում ես շրջանակը:
Ու կինը զրնգուն ծիծաղեց:
- Չեմ հասկանում, բայց դա պիտի ինչ-որ բան նշանակի, չէ՞: Ինչ-որ բնութագիր տա:
- Ա՜խ, տալու մասին քիչ էր մնում մոռանայի:
Այդ ասելով՝ կինը ճամպրուկից հանեց մի մեծ, կլոր բուբլիկ, որոնցից Օնիկը վերջին անգամ մանուկ ժամանակ էր տեսել, ու կախեց նրա վզից:
-Շնորհավորում եմ, դու ընտրել ես շրջանակը:
- Ձե՞ռ եք առնում,- հուսահատված ու վիրավորված ձայնով ասաց Օնիկը:
- Բացարձակապես:
Կինը վեր կացավ տեղից ու ճամպրուկն իր հետևից գլորելով՝ հանդարտ քայլեց դեպի դիմացի փողոցը:
- Դեռ կհանդիպենք,- ասաց նա՝ առանց շրջվելու, միայն խնամված ձեռքը ֆրանսուհուն վայել նազանքով վեր բարձրացնելով: Եվ հանգիստ հեռացավ:
Օնիկը մնաց տեղում նստած, վզին՝ մի հսկա բուբլիկ, դեմքին՝ ապուշի արտահայտություն:
Երբ վերջապես ուշքի եկավ, պոկվեց իր սիրելի նստարանից ու հոգնած քայլերով գնաց տուն՝ ճամփին կրծոտելով խմորե շրջանակը և զարմանալով, թե ինչ արտասովոր համ ունի իր «շահած» նվերը: Տանն իրեն ոչինչ չէր սպասում՝ բացի սառնարանի հոյակապ գրություններից: Օնիկը կուչ եկավ իր չոր բազմոցին ու քնեց՝ երազելով մի օր իսկապես դառնալ այն, ինչի մասին վկայում էին իր ընտրած տարբերակները:

Երբ զարթնեց, արդեն առավոտ էր. քնել էր տասնհինգ ժամից ավել...
Կողքին ընկած էր բուբլիկի մնացորդը, որն անհասկանալիորեն գորշացել էր ու հիմո գարշահոտություն էր բուրում: Օնիկն այն զզվանքով մի կողմ նետեց ու մոտեցավ գազօջախին՝ ուտելու բան գտնելու հույսով: Բայց այնտեղ միայն կեղտոտ թավան էր՝ որպես երեկվա անհաջող բլիթի հետևանք:
- Թո՜ւ...
Որոշեց նորից փորձել: Արագ լվաց թավան, դրեց կրակին, ամանի մեջ պատրաստեց կիսամածուզիկ զանգվածը ու շերեփով լցրեց տաքացած թավայի վրա: Հենց առաջին փորձից ընտիր բլիթ ստացվեց: Կլոր ու փայլուն՝ տեղը տեղին: Օնիկն ախորժակով կուլ տվեց իր ստեղծած գլուխգործոցը՝ ուրախանալով իր հաջողությունից: Ապա գնաց լոգարան՝ թարմանալու ու մտածելու, թե ինչով զբաղվի այդ օրը: Դժկամությամբ նայեց հայելուն. տանել չէր կարող այդ հանդիպումները: Զարմանքով նկատեց, որ իր ցմքած դեմքն այդ առավոտ փոխվել էր, կարծես մի քիչ կլորացել, համարյա դուրեկանդարձել: Հետո հայացքն իջավ իրանին: Սովորաբար ցցված կողերի փոխարեն փափկություն էր առաջացել, անգամ թեթև նկատելի փոր:
Օնիկը մտքին դրեց սրանից հետո լավ սնվել՝ այդ օրվա նախաճաշից ոչ պակաս, որն արդեն իսկ կարողացել էր նկատելի ազդեցություն ունենալ իր արտաքինի վրա:
Լողանալուց հետո Օնիկը նստեց համակարգչի առջև ու սկսեց հոդված երկնել: Օնլայն պարբերականներից մեկը խոստացել էր... դե գրեթե խոստացել էր գնել իր գրածը:
Աշխատանքն արագ առաջ էր գնում: Արդեն երկու ժամից ամեն ինչ պատրաստ էր: Վեր կացավ տեղից ու զգաց, որ գլուխը պտտվում է: Սենյակը սկսեց լողալ աչքերի առջև: Գլուխը թափահարեց, ձեռքը դրեց ճակատին, մատները հպվեցին մազերին... Նորից մոտեցավ հայելուն: Մի բուռ քնձռոտ բարակ մազրեը նկատելիորեն փարթամացել էին, գանգրացել ու կլոր-կլոր ընկել ճակատին: Զարմանքով վերցրեց վերջերս գնած շամպունը, նայեց-նայեց, նորից դրեց տեղը: Հետո վերադարձավ համակարգչի մոտ՝ չնկատելով, որ իր ուղղանկյուն հայելին դարձել էր օվալաձև:

Մի քանի օրից Օնիկի հոդվածն արդեն ինտերնետում էր և մեծ ուշադրության էր արժանացել՝ նոր պատվիրատուներ առաջացնելով:
- Լսիր, Օնիկ,- նրա պատին գրեց վիրտուալ գործընկերներից մեկը,- սկսել ես ինչ-որ խուճուճ գրել, այ տղա, քեզ ո՞ր մոծակն է կծել:
- Խուճո՞ւճ...
- Դե լավ իմաստով, մարդկանց դուրը գալիս է, քո ձեռագիրն արդեն սկսում են ճանաչել, հենց էդպես էլ շարունակիր:
Շուտով լրագրողական վիրտուալ աշխարհում նոր աստղ ծնվեց՝ O'nick անունով: «O» մականունով մարդը դարձել էր ամենահաջողակ լրագրողներից մեկը, որը սակայն միշտ խուսափում էր ցանկացած տեսակի իրական շփումից: Ո՞վ էր տեսել Օնիկին: Ոչ ոք:
Բայց դա նրան չէր խանգարում կլորիկ գումարներ վաստակել ու իր գրություններով հայտնի դառնալ երկրի բոլոր շրջաններում: Նա հեղինակություն էր ու իր գրած ամեն խուճուճ բառը օղ էր դառնում ընթերցողի ականջին կամ այդ էլեկտրոնային պայմաններում ավելի ճիշտ կլիներ ասել՝ ակնոց դառնում աչքերին:
Այդպես շարունակվեց մի կլոր տարի: Հարթ ու կլոր տարի, որից հետո O'nick-ը կորավ...
...
Նա նստած էր իր տան միակ աթոռին, որը վերջին ժամանակներս լայնացել էր ու հանգիստ կարող էր բազկաթոռ դառնալու հայտ ներկայացնել: Անթարթ հայացքով նայում էր իր տան պատերին: Դրանք կոր էին ընկել, անկյուններն անհետացել էին: Տան հատուկենտ կահույքի կտորները ձևափոխվել էին ու փայտե գնդակ էին հիշեցնում: Անգամ սառնարանն էր փքվել ու ցմփոր մակերեսի վրայից թափել բոլոր թղթերը՝ շրջանակի մեջ առած գրառումներով:
Օնիկի շնչառություն ծանր էր: Նրա գունդ դարձած մարմինն ամեն թեթև շարժումից լխկլխկում էր՝ թարմ դոնդողի նման:
Մտքերը վերածվել էին պղպջակների, որոնք կամաց պայթում էին՝ տեղը թողնելով դատարկություն ու դրանից ծնված անվրդով վիճակ:

Փորձեց տեղից վեր կենալ, չստացվեց: Ինքն իր մեջ մտած, խմորագունդ դարձած մարմինը դժվար էր շարժել:
Մեծ ճիգերի գնով իրեն մահճակալից ցած գցեց ու գլորվեց դեպի դուռը, որը վերածվել էր դուրս տանող կլոր անցքի: Նա դուրս ընկավ տնից ու գլուխկոնծի տվեց փողոցն ի վար: Ամռան վառող արևը սկսեց խանձել նրան: Օնիկը զգաց, թե ոնց է միջի դատարկությունը ձգվում, լայնանում ու վերածվում ծակի:
Գլոր-մլոր լինելով՝ հասավ իր ծանոթ մանկապարտեզի նստարանին ու կպնելով մի փայլուն կրունկի՝ անշարժ ընկավ:
- Ահա և հանդիպեցինք,- ասաց սիրունիկը ու բացելով իր ճամպրուկը՝ Օնիկին մեջը դրեց:
ժամանակը դադարեց գոյություն ունենալ: Վերջինը, ինչ նա լսեց, հնչեց շատ բարի ձայնով.
- Շնորհավորում եմ, դու ընտրել ես շրջանակը:
Ու Օնիկը կախվեց ինչ-որ մեկի քրտնած վզից:

impression
03.03.2012, 19:09
Գլուխը պտտվում էր: Փողոցը գնում-գալիս էր աչքի առաջ: Հետո հասկացավ, որ էդ ոչ թե գլուխն էր պտտվում, կամ փողոցն էր գնում-գալիս, այլ հենց ինքը: Դե արդեն բուբլիկ էր, ուրիշի վզին: Մի քիչ ձգվեց վեր, որ նայի, թե էս ով է իրեն «կրում»: Այսուայն կողմ տմբտմբալով տեսավ նիհար, չսափրված մի դեմք, ներս ընկած այտեր, երկար թարթիչներով անջատված աչքեր: «Այ ախպեր, էս ինչ օյին էր»,-մտմտում էր դեռ հայտնի լինելու բոլոր բարիքները ճաշակել չհասցրած Օ՛նիկը: «Մի բան պետք ա անել, որ էս սոված գյադեն մեզ չուտի»: Հաջողության հասնելուց ու թագավորին վայել գիրանալուց հետո ինքն իր աչքում շատացել էր, թե ինչ, Օ՛նիկն ինքն իր մասին հոգնակի թվով էր խոսում: Ու մինչև սոված գյադեն իրեն քարշ կտար տուն, Օ՛նիկը կենդանի մնալու պլաններ էր գծում: Հիշեց իր իսկ կերած բուբլիկն ու, էն մտքից, որ դա էլ էր երևի թե ժամանակին ինչ-որ մեկն եղել, սիրտը խառնեց: Ամենափայլուն միտքը, որ մտքին եկավ, բուբլիկի համը փչացնելն էր: Չզսպեց իրեն, մի հատ հավեսո՜վ հետ տվեց: «Դե հիմա տեսնեմ մեզ ոնց ես ուտելու»,- քրթմնջաց իրենից գոհ:

Հասան տուն: Սովածը լրիվ Օ՛նիկի օրին էր: Իրեն նույնիսկ կարելի էր սկսել կոչել Օ՛րիկ: Էլի մենակ էր ապրում, էլի ինչ-որ բաներ էր գրում-մրում, ու, ոնց հասկացավ բուբլիկը, լավ չէր ապրում: Օ՛րիկն Օ՛նիկին դրեց սեղանին: «Դու մենակ ինձ մի կեր, ես քո կյանքը խելքի կբերեմ»,-մտքում խոստացավ Օ՛նիկը: Ու հենց էդ պահին հասկացավ, որ ինչ-որ շատ էր սկսել մտածել: Փորձեց խոսել:
-Ապեր,-երկչոտ ասաց:
Օ՛րիկը շշմած հետ դարձավ, նայեց էս կողմ, էն կողմ, պատուհանը բացեց մի հատ էլ դուրս նայեց, հետո ուսերը թոթվեց ու բացեց սառնարանի դուռը:
«Քաշված ենք, սա սոված ա»,- ինքն իրեն փնթփնթաց Օ՛նիկը:
- Ապեր, հլը մի րոպե կգա՞ս,-նորից կանչեց:Օ՛րիկի ձեռքից ընկավ մածունի շիշը, որը վերցրել էր երևի բուբլիկը ներս անելու համար:
Սփրթնած, քրտնած շրջվեց ու դողացող ձայնով հարցրեց.
-Հը՞՞՞՞:
- Ապեր դե ինչ ես կոտրտվում, արի ասում եմ մի հատ,-նեղսրտեց Օ՛նիկը:
- Ո՞վ ա,- կասկածամտորեն հարցրեց Օ՛րիկը:
- Ես եմ, Օ՛նիկն ա, իմ մասին լսած կլինես,- հպարտ հպարտ ասաց Օ՛նիկը, ով բացի ավելորդ քաշից, նաև սկսել էր տառապել աստղային հիվանդությամբ:
- Բա դու ու՞ր ես,-ապշած հարցրեց Օ՛նիկն ու նայեց սեղանի տակ:
-Ըհը՜, տաք ա՜, տաք ա՜, հիմա սեղանի վրա նայի: Ի՞նչ ես տեսնում.
-Բու...բու....բուբ...
-Լի՛կ,-ավարտեց Օ՛նիկը:
-Հա,-բան չէր հասկանում Օ՛րիկը:
-Է հա բա էդ ե՛ս եմ,- ուրախացավ Օ՛նիկը,-ծանոթանանք:
Ու հենց էդ պահին Օ՛րիկը, որը սովոր չէր նման սյուրռեալիզմի, վերցրեց առաջինը ձեռքի տակ ընկածն ու տուր թե կտաս Օ՛բուբլիկին:
Լավ էր, ձեռքի տակ ոչ թե դանակ էր ընկել, այլ՝ շերեփ:
- Հորս արև, ապե՜ր...,- նվնվաց Օ՛նիկը:

StrangeLittleGirl
05.03.2012, 00:34
- ե՜ր, ե՜ր, ե՜ր,- լսեց արձագանքը:

Քիչ անց Օ՛նիկը հասկացավ, որ մեծ արագությամբ ինչ-որ խողովակով իջնում է: Մութ էր, ու ծայրում լույս չէր երևում: Միայն իր նվնվոցի արձագանքն էր լսվում, որ գնալով ավելի ու ավելի էր ուժգնանում: Մեկ էլ հո՛պ, Օ՛նիկը զգաց, որ ինչ-որ մեկը բռնեց:
- Ահա և հանդիպեցինք,- լսեց ծանոթ ձայնը:
- Էս դու որտեղի՞ց բսնեցիր:
Կինը ժպտաց, հետո ծիծաղեց, հետո՝ հռհռաց: Ու էդ հռհռոցն արձագանքում էր՝ լսվելով բոլոր կողմերից: Օ՛Նիկն ինչ-որ դատարկ մոխրագույն տարածության մեջ էր, որը սահմաններ չուներ:
- Ասա՝ ուզածդ ի՞նչ ա, էս ի՞նչ օյին բերիր գլխիս:
- Յա, բա գիտես՝ ամեն ինչ տենց հե՞շտ ա: Համ լավ կյանք ես ուզում, համ էլ դրա դիմաց բան չես ուզում տալ:
- Հասկացանք, որ Աստված տվողին ա տալիս...
- Չգիտեի, որ Աստված եմ:
- Դե դրա համար էլ չես տալիս, մենակ վերցնում ես:
- Կարո՞ղ ա դու չէիր, որ նենց վիրտուալ փառքի գագաթնակետին հասար:
- Հա բայց կլորացա:
- Դու կլորն ընտրեցիր: Աստղն ընտրեիր, հիմա աստղաձև կլինեիր: Ի՞նչ վատ կլիներ որ: Աստղաձև մարմին... Լավ, շատ ես խոսում, արի քեզ մի բան ցույց տամ:

Կինը մատով խփեց բուբլիկ Օ՛նիկի չեղած ճակատին, ու մոխրագույն տարածությունը միանգամից լցվեց:
- Տես, էս քեզ նման չենթարկվող բուբլիկների դժոխքն ա: Մի երկուսը քառակուսին են ընտրել, դարձել են ռուբիկ-կուբիկ: Դե հիմա մտածի՝ բա վա՞տ կլիներ, որ Օ՛րիկը քեզ ուտեր: Գոնե ուրիշ տեղ կհայտնվեիր, ոչ թե դժոխքում: Թե չէ՝ չեմուչում, եսիմ ինչ:
- Կլորն ուժի մե՞ջ ա,- որտեղից որտեղ հարցնում է Օ՛նիկը:
- Հա, քեզ հետդարձի ճանապարհ տալիս եմ:
- Բուբլիկը պարտադի՞ր ա:
- Լավ, մատերիալդ կարաս ինքդ ընտրես:

Հաջորդ վայրկյանին Օ՛Նիկը հայտնվեց իրենից էլ հաստափոր ու կլոր մի տղամարդու մատին՝ որպես ամուսնական մատանի, ինչից կլոչը սարսափեց, որովհետև անկողնում էր ուրիշի կնոջ հետ՝ համոզված լինելով, որ վաղուց կորցրել է իր՝ ամուսնացած լինելու միակ փաստը:

impression
05.03.2012, 00:58
ապրեք :)

Շինարար
05.03.2012, 01:33
Այվի ջան, գերբնականին դնեիր, ես հաստատ էս տարբերակի օգտին կքվեարկեի, ու սա՞ ես նախավարժանք համարում, հրաշք էր... Մեկ-մեկ նենց նեղվում եմ, որ մեկի գրածը հավանում եմ, հետո էդ գրողը ասում ա՝ է, չէ, սա ինչ ա որ, յանի սկի ես չեմ հավանում, դու ինչ ես հասկանում որ, խնդրում եմ՝ դու նման բաներ չասես, որովհետև իրոք հրաշք էր:))

Իմփրեշընն ու Բյուրն էլ ոնց էլ կարողացել էին շարունակել, շշմելու բան ա, ես լինեի՝ տակից դուրս չէի գա, երազ կսարքեի հաստատ սկիզբը ու կդատափետվեի:))

Կեցցեք: Այվի ջան, քեզ վարկանիշ եմ պարտք, էս պահին համակարգը թույլ չտվեց, բայց ես իմ պարտքերը հիշում եմ::)

StrangeLittleGirl
05.03.2012, 02:07
Այվի ջան, քեզ վարկանիշ եմ պարտք, էս պահին համակարգը թույլ չտվեց, բայց ես իմ պարտքերը հիշում եմ::)
Ես էլ ասում եմ՝ էս խելառն ո՞վ ա, որ էս գրածիս համար վարկանիշ ա տվել :D դու մի ասա` բաժանում ես, որ Ռիփին տաս:

Բայց ընդհանուր առմամբ, համաձայն եմ հետդ: Եթե սա գերբնականին տեղադրվեր, հաստատ հաղթելու էր, ես էլ քարոզարշավ էի սկսելու: Իսկ շարունակությունները (համ իմը, համ Լիլինը) էնքան որ շարունակած ա, որովհետև շարունակելու տեղ չկար:

Շինարար
05.03.2012, 09:59
Ես էլ ասում եմ՝ էս խելառն ո՞վ ա, որ էս գրածիս համար վարկանիշ ա տվել :D դու մի ասա` բաժանում ես, որ Ռիփին տաս:

Բայց ընդհանուր առմամբ, համաձայն եմ հետդ: Եթե սա գերբնականին տեղադրվեր, հաստատ հաղթելու էր, ես էլ քարոզարշավ էի սկսելու: Իսկ շարունակությունները (համ իմը, համ Լիլինը) էնքան որ շարունակած ա, որովհետև շարունակելու տեղ չկար:Բյուր, մենակ էն, որ Իմփրեշընը շարունակելիս ոչ թե 2-րդ կերպարն էր առաջ մղել, այլ բուբլիկին էր անդրադարձել, արդեն միավոր արժեր: Ուղղակի, իմ տպավորությամբ, համարել ա խնդիրը լուծվածու վերջ, բայց վաղուց ոչ մեկը վիրտուալ էս տարածքում չի էլ կասկածում, որ Իմփրեշընը կարար խնդիրը լուծել, բա էքսպրեսիա՞ն:)) Ես համոզված եմ, ուզեիք, շատ ավելի լավ շարունակություն էիք գրելու, բայց էլի եմ ասում, հավես էր արդեն էն, որ շարունակության հերոսը բուբլիկն էր:

Գեա
06.03.2012, 00:21
Ես էլ ասեմ:)Այվի զարմացած եմ, որ գրածդ չես դրել մրցույթին, իսկապես լավն էր, չեմ հիշում մրցույթում քանի տարբերակ ունեիր, բայց սա համարյա գերբնականից գերբնական ու ֆորմատային էր, գրագետ էր, կլանեց, բուբլիկը մեղքս եկավ: Ու ասեմ , որ կարելի է ասել նաև ավարտուն էր, դե էդ ուժաստիկերը սովորաբար հենց նման ավարտ էլ ունենում են: Ճիշտն ասած շարունակությունները դուրս չեկան , արհեստական էին, ու ոճերի տարբերությունը կարկատանի նման աչք էր ծակում:

ivy
06.03.2012, 01:11
Էրեխեք, մերսի լավ խոսքերի համար, շատ ուրախացա, որ հավանել եք: Մրցույթին չէի դրել էս տարբերակը, որովհետև հեչ իմը չէր ու գրելուց էլ հաճույք չէի ստացել: Համ էլ մի տեսակ չէի ուզում «սարսափելի» պատմվածք ուղարկել մրցույթին, դրա համար գրեցի «Համարյա գերբնական պատմությունը» ու «Բարև, Կարոն», որոնք լրիվ իմոնք էին և հաճույքով էի գրել: :)

Լիլ, Բյուր, շնորհակալ եմ, որ շարունակեցիք: Ես հաստատ կզայրանայի, որ ինձ էսպիսի սկիզբ տային ու ասեին՝ շարունակի, երբ շարունակելը շատ դժվար է: Բայց դուք տակից լավ էլ դուրս եք եկել, պաչիկներ ձեզ, մի օր որ հավես ունենանք, էլի կխաղանք միասին: ;)

Claudia Mori
06.03.2012, 01:36
Անկրկնելի եռյակը :good

Հ.Գ. Ամուսնական մատանու պահը սպանեց Բյուր:D

StrangeLittleGirl
06.03.2012, 03:08
Լիլ, Բյուր, շնորհակալ եմ, որ շարունակեցիք: Ես հաստատ կզայրանայի, որ ինձ էսպիսի սկիզբ տային ու ասեին՝ շարունակի, երբ շարունակելը շատ դժվար է: Բայց դուք տակից լավ էլ դուրս եք եկել, պաչիկներ ձեզ, մի օր որ հավես ունենանք, էլի կխաղանք միասին: ;)
Ես մի հատ սկիզբ ունեմ, հեչ չի շարունակվում :)) որ հավես ունենաք, ձեն հանեք, մարտադաշտ հանեմ: Կարող ա ձեր շարունակություններից հետո իմն էլ ծնվի :))

Ռուֆուս
06.03.2012, 10:50
Լիլն ու Բյուրը ապրեն շարունակությունը գրելու համար, բայց իմ կարծիքով Ռիպայի գրածը շարունակվելու կարիք հեչ չուներ... :)

impression
06.03.2012, 11:56
չմեռանք՝ բուբլիկ էլ դառանք

Օ՛նիկ