PDA

Դիտել ողջ տարբերակը : Գաբրիել Գարսիա Մարքես «Հրաշք վաճառող բարի աճպարարը»



vahe avetian
21.02.2007, 06:54
Հրաշք վաճառող բարի աճպարարը
Գաբրիել Գարսիա Մարքես

Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած - առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող: Սեղանը բարձած էր տարբեր հիվանդությունների դեմ դեղերի սրվակներով, հանգստացնող խոտերով: Նա կարիբյան ափի փոքրիկ քաղաքներում բարձր դողդոջուն ձայնով գովաբանում ու վաճառում էր իր ապրանքը: Այս անգամ ոչ մի հնդկական չուլ ու փալաս դեռ չէր առաջարկել, այլ ասում էր - բերեք իսկական թունավոր օձ, և ես ցույց կտամ ինձ վրա, ինչպես է գործում իմ գտած հակաթույնը, միակը՝ բացարձակապես ապահով - տիկնայք և պարոնայք - օձերի, մորմերի, ցողկի և ամեն տեսակի կաթնասունների խայթոցի դեմ։ Մեկը՝ որի վրա հակաթույնի նկատմամբ նրա հավատքը ուժեղ տպավորություն էր թողել, ինչ որ տեղից շշով մի մապանա բերեց՝ ամենաթունավորներից, նրանցից, որի խայթյունից զոհը միանգամից սկսում է շնչահեղձ լինել: Նա այնպիսի ագահությամբ վերցրեց շիշը, որ բոլորս կարծեցինք, թե օձին հիմա ուտելու է։ Շշի բերանը բացվելուն պես օձը դուրս պրծավ ու խայթեց նրա վիզը։ Աճպարարը շնչահեղձ լինելով հազիվ հասցրեց խմել հակաթույնը։ Երբ չուլ ու փալասով բեռնված սեղանը բազմության ճնշման տակ շուռ եկավ, և հսկայական մարմինը մնաց գետնին անշարժ փռված, կարծեցինք թե մեռավ, սակայն նա շարունակում էր ծիծաղել՝ լայն բացված բերանից ոսկե ատամների փայլը ճառագելով։ Սեղանի շուռ գալուց աղմուկն այնպիսին էր, որ քսան տարի առաջ ընկերական այցով հյուսիսից ժամանած և այն ժամանակվանից նավահանգիստում կանգնած զրահակիրը կարանտին հայտարարեց, վախենալով, որ օձի թույնը կարող է տարածվել տախտակամածով, իսկ ծաղկազարդի կիրակին տոնող մարդիկ, չհամբերելով պատարագի վերջին դուրս եկան եկեղեցուց՝ լուսավորված արմավենիների ճյուղերով, որովհետև ցանկանում էին տեսնել, թե ինչ է կատարվում խայթվածի հետ, որի մարմինն այդ ընթացքում ուռել ու երկու անգամ մեծացել էր, բերանից դեղին փրփուր էր գալիս, և լսվում էր, թե ինչպես են շնչում նրա ծակոտիները, բայց նա շարունակում էր բարձրաձայն քրքջալ այնպես, որ վրայի բոլոր զանգուլակները միաժամանակ զնգզնգում էին։ Ուռելով՝ նրա մարմինը պոկում էր զանգապանների կոճակներն ու պատռում հագուստի կարերը, և թվում էր, թե թանկագին քարերով մատանիները հիմա կկտրեն նրա մատները, իսկ երեսը աղ դրած մսի գույնի էր, և բոլորը, ով տեսել էր, ինչպես խայթեց նրան օձը, հասկացան, որ չնայած դեռ ողջ է, արդեն նեխում է և շուտով կքանդվի այնպիսի մանր մասերի, որ ստիպված կլինեն բահով հավաքել նրան ու լցնել տոպրակը, բայց միևնույն ժամանակ թվում էր, թե նույնիսկ թեփի վերածվելուց հետո չի դադարելու ծիծաղել։ Տեսարանն այնքան անհավատալի էր, որ հյուսիսային երկրից եկած ծովային հետևակայինները, բարձրացան իրենց նավակամրջին, որպեսզի հզոր տեսապակիներով գունավոր ապարատներով լուսանկարեն նրան, բայց եկեղեցուց դուրս եկած կանայք խանգարեցին՝ խեղճի վրա ծածկոց գցելով, իսկ ծածկոցի վրա դրեցին լուսավորված արմավենու ճյուղեր՝ երևի ծովային հետևակայիններին իրենց օտարերկրյա բաներով մարմինը պղծելուն խանգարելու համար։ Բոլորը արդեն որոշել էին, որ մեռած է, երբ մի շարժումով գցեց վրայից արմավենու ճյուղերը, և դեռ լիովին չարթնացած ու կատարվածից ուշքի չեկած, առանց կողմնակի օգնության ուղղեց սեղանը, մի կերպ բարձրացավ վրան, և ահա նորից ճչում է, - հակաթույնը ուղղակի տիրոջ օրհնանքն է սրվակում, դուք բոլորդ համոզվեցիք դրանում, արժե ընդամենը երկու կվարտիլյո։ ոռնում էր, որ հակաթույնը հայնաբերել է ոչ թե շահից ելնելով, այլ մարդկանց բարօրության համար - միայն խնդրում եմ ձեզ, տիկնայք և պարոնայք մի հրմշտեք իրար, բոլորիդ կհասնի։ Մարդիկ իհարկե հրմշտում էին, և ճիշտ էին անում, որովհետև բոլորին չէր հերիքելու հաստատ։ Մի սրվակ ձեռք բերեց անգամ զրահակիր նավից մի ծովակալ, հավատալով, որ այդ դարմանը կպաշտպանի անգամ անարխիստների թունավորված փամփուշտներից, իսկ անձնակազմի անդամները, որոնց այդպես էլ չհաջողվեց լուսանկարել օձի կծելուց մեռած մարդ, սկսեցին լուսանկարել նրան ոչ միայն հասակով մեկ սեղանին կանգնած, այլ նաև պահանջեցին ինքնագիր տալ, և նա սիրով բաժանում էր ստորագրությունը, մինչև ջղաձգությունից ձեռքի կծկվելը։

Արդեն բոլորովին մթնել էր ու բոլորը ցրվել էին իրենց տները, երբ նա սկսեց հայացքով փնտրել այն հիմարին, որը պիտի օգներ հավաքել սեղանը և փաթեթավորել սրվակները: Իհարկե հայացքը կանգ առավ իմ վրա։ Կարծես ճակատագիրն ինքը նայեց վրաս, ոչ միայն իմ, նրա վրա նույնպես, ու չնայած անցել է արդեն հարյուր տարուց ավելի, մենք ամեն ինչ հիշում ենք, կարծես դա եղել է անցած կիրակի։ Դարսում էինք արդեն ծիրանագույն ոլորագծերով ճամպրուկը, ավելի նման իմաստունի դամբարանի, երբ նա տեսնելով հավանաբար իմ մեջ ինչ-որ լույս, որը միանգամից չէր նկատել, հարցրեց անտարբերությամբ, - ո՞վ ես դու, - և ես պատասխանեցի, որ որբ եմ հորս կենդանության օրոք, և նա ծիծաղեց, ավելի բարձր, քան թույնի ազդեցության ժամանակ, իսկ հետո հարցրեց, ինչով եմ զբաղվում, ու ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ անում, պարզապես ապրում եմ, որովհետև բոլոր մյուս զբաղմունքները քոռ կոպեկ չարժեն, և նա դեռ արտասվելով ծիծաղից, հարցրեց, կա՞ արդյոք աշխարհում մի բան, որ ես այնուամենայնիվ կուզեի իմանալ, և դա միակ անգամն էր, որ ես նրան լուրջ պատասխանեցի ու չստեցի, որ կուզեի գուշակել սովորել, և այդ ժամանակ նա դադարեց ծիծաղը և ասաց, իբր բարձր մտորելով, որ դրա համար ընդամենը ինձ չի հերիքում շատ չնչին բան, որովհետև հիմար դեմքը՝ որը անհրաժեշտ է դրա համար, ես արդեն ունեմ։ Նույն երեկո նա խոսեց հորս հետ և մեկ ռեալ ու երկու կվարտիլյոյով ու սիրային հաղթանակները գուշակող խաղաթղթերի մեկ կապուկով ինձ ընդմիշտ գնեց։

Այդպիսին էր չար աճպարարը, քանի որ բարի աճպարարը ես եմ։ Նա ի վիճակի էր աստղագետին ապացուցել, որ փետրվար ամիսը ոչ այլ ինչ է, քան անտեսանելի փղերի նախիր, բայց երբ հաջողակությունը երես թեքեց նրանից՝ դարձավ անգութ։ Իր լավագույն ժամանակներում նա փոխարքաների զմռսիչ էր աշխատում, և պատմում են, որ կարող էր այնպիսի իշխող արտահայտություն տալ դեմքերին, որ նրանք հետո երկար տարիներ կառավարում էին անգամ ավելի լավ, քան կենդանի ժամանակ, և մինչև նրանց չէր բերում հասարակ մահկանացուի տեսքի, ոչ ոք չէր համարձակվում նրանց հողին հանձնել, բայց նրա դրությունը վատացավ այն բանից հետո, երբ հնարեց շախմատը, որտեղ հնարավոր չէ ոչ պարտություն, ոչ հաղթանակ, իսկ պարտիան անվերջ է։ Այս խաղը խենթության հասցրեց մի կապելանի և դարձավ երկու տիտղոսավոր անձանց ինքնասպանության պատճառ: Դրանից հետո սկսեց անկումը, դարձավ երազների մեկնաբան, հետո հիպնոտիստ, որին հրավիրում էին ծննդյան տոներին հյուրերին զվարճացնելու, հետո ներշնչումով ատամ հեռացնող և վերջապես տոնավաճառի հեքիմ, իսկ այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք, անգամ անկիրթ ծովահենները լուրջ չէին ընդունում նրան։ Մենք թրև էինք գալիս աշխարհով մեկ սուտ դեղորայքով և ապրում անդադար վախի մեջ մաքսանենգներին անտեսանելի դարձնող մեր հնարած մոմերի և այն կաթիլների պատճառով, որոնք քրիստոնյա կանայք, աննկատ կաթեցնելով ապուրի մեջ, կարող են աստվածավախ դարձնել հոլանդացի ամուսիններին, և այն ամենի պատճառով ինչ դուք կընտրեք ինքներդ, տիկնայք և պարոնայք, և ես բոլորովին չեմ պարտադրում, որ դուք գնեք, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս չհրաժարվել ձեր երջանկությունից։ Մեր հետ կատարվող ամեն ինչի համար ծիծաղից թուլանում էինք, բայց հազիվ էր հաջողվում օրվա հաց վաստակել, ու հիմա նա հույսը դրել էր միայն իմ գուշակելու կարողության վրա։ Ճապոնացու պես մի օր ինձ հագցրեց, փակեց դագաղ հիշեցնող ճամպրուկում ու շղթայեց ներսի աջ պատին, որ այնտեղից գուշակություններ անեմ, իսկ ինքն այդ ժամանակ տենդագին թերթում էր քերականությունը, փնտրում ամենահարմար ձևը, որ մարդկանց ստիպի հավատալ իր նոր գիտությանը, - տիկնայք և պարոնայք, ձեր առաջ Եզեկիելի լուսատիտիկներից տանջված արարածն է, այ դու՛ք, որ նայում եք թերահավատորեն, եկեք տեսնենք կհամարձակվե՞ք արդյոք հարցնել, թե երբ եք մեռնելու… Ինձ երբեք չէր հաջողվում ճիշտ գուշակել նույնիսկ օրվա ամիս ամսաթիվը, և վերջիվերջո նա գտավ, որ ես անպետք գուշակ եմ, որ ուտելուց հետո քնելը ոչնչացնում է գուշակելու գեղձերը, դրանից հետո մահակով գլխիս խփեց, որ հաջողությունը ետ բերի ու ասաց, որ ինձ կվերադարձնի հորս ու իր փողը ետ կպահանջի։ Հենց այդ ժամանկ էլ հայտնաբերեց տառապանքի առաջացրած էլեկտրականության կիրառման հնարավորությունը ու սկսեց կառուցել կարի մեքենա, որը կաշխատեր մարմնի ցավող մասին ծծիչներով միացած։ Քանի որ գիշերներն ամբողջ տառապում էի նրա մահակի հարվածների հասցրած ցավից, որոնք տեղում էին գլխիս նրա անհաջողություններին վերջ դնելու նպատակով, անհրաժեշտ եղավ ինձ պահել, որ կարողանար իր փորձարկումներն ավարտել: Վերադարձս հետաձգվեց, իսկ նրա տրամադրությունը սկսեց բարձրանալ, որովհետև մեքենան վերջիվերջո այնքան լավ սկսեց աշխատել, որ ոչ միայն կարում էր միանձնուհուց էլ լավ, այլ նաև ձեռագործում թռչուններ ու ծաղիկներ՝ ցավի սաստկացմանը համընթաց։ Այսպիսի իրավիճակում էինք, համոզված, որ վերջապես հաղթահարված են բոլոր դժվարությունները, երբ մեզ հասավ գուժն այն մասին, որ զրահանավի ադմիրալը, Ֆիլադելֆիայում ցանկանալով ցուցադրել իր գնած հակաթույնի ազդեցությունը, վերածվել է ադմիրալի մուրաբայի, իր շտաբի աչքի առաջ։

Հիմա նա չէր ծիծաղում։ Մենք փախչում էինք արահետներով, որ միայն հնդկացիներին են հայտնի, ու ինչքան խորանում էինք, այնքան ավելի որոշակի էին դառնում լուրերը, որ դեղին տենդի դեմ պայքարի պատրվակով ցամաք էին ներխուժել ծովային հետևակայինները ու գլխատում էին ամեն մի գաղտնի ու բացահայտ հողի վաճառքով զբաղվողի, որ հանդիպում էր նրանց ճանապարհին ու գլխատում էին ոչ միայն տեղաբնակներին նրանց անվտանգությունն ապահովելու համար, այլ նաև ցրվածության պատճառով չինացիներին, նեգրերին անշուշտ՝ ըստ հին սովորության, հնդիկներին, քանի որ օձ վարժեցնող են, դրանից հետո ոչնչացրին ֆաունան ու ֆլորան ու ձեռքերն ընկած միներալները, որովհետև մեր գործերով նրանց մասնագետները բացատրել էին, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հնարքներ ունի նույնիսկ բնությունը կերպափոխելու, միայն թե խաբեն գրինգոներին։ Ես չէի հասկանում ոչ ծովային հետևակայինների զայրույթը, ոչ մեր վախը նրանց հանդեպ, մինչև չհայտնվեցինք ապահովության մեջ՝ հավերժ քամոտ ուաջիրայում, ու միայն այստեղ նա քաջություն ունեցավ խոստովանել, որ իր հակաթույնը ոչ այլ ինչ է, քան խաշնդեղ, խառնած բևեկնախեժի հետ, և որ ինքը նախօրոք երկու կվարտիլյո էր վճարել մեկին, որ վերջինս բերեր այն թույնը հանած մապանան։ Մենք տեղավորվեցինք գաղութային ժամանակներից մնացած միսիոներության ավերակներում, հույսի պատրանքով, որ այդ կողմերով կանցնեն ինչ-որ մաքսանենգներ, որոնց կարելի է վստահել։ Նրաք միայն կհամարձակվեն դուրս գալ տափաստանի այրող արևի սնդիկե լամպի տակ։

vahe avetian
21.02.2007, 06:58
Սկզբում ուտում էինք ծխահարած սալամանդր ինչ-որ մոլախոտի փոշու հետ խառնած, և դեռ կարողանում էինք ծիծաղել, երբ փորձում էինք ուտել նրա եփած ուղեղը, բայց երբ վերջում կերանք նույնիսկ ջրափոսի վրայի սարդոստայնը, հասկացանք, թե ինչքան չի հերիքում ետևում թողած աշխարհը։ Քանի որ չգիտեի դեռ այն ժամանակ մահվան դեմ որևէ միջոց, պառկեցի նվազագույն ցավ պատճառող դիրքով ու սկսեցի սպասել, մինչ նա տենդի մեջ զառանցում էր ինչ-որ կնոջ մասին, որն այնքան զգայուն էր, որ հառաչելով կարող էր անցնել պատի միջով, բայց նույնիսկ այս հնարովի սիրային տառապանքը մահին խաբելու նրա պատրանքն էր։ Այն պահին, երբ մենք արդեն մեռած պիտի լինեինք, նա մոտեցավ ինձ ու նստեց կողքիս, լի կյանքով, ինչպես երբևէ ու գիշերն անցկացրեց մոտս՝ հետևելով հոգևարքիս, խորհելով այնպես ուժեղ, որ մինչև հիմա չգիտեմ քամի՞ն էր արդյոք, թե՞ նրա միտքը, որ սուլում էր ավերակների մեջ, իսկ արևածագին ասաց ինձ նույն ձայնով ու նույն՝ ինչպես նախկինում հաստատակամությամբ, որ հիմա վերջապես ինքը գիտե ճշմարտությունը, այն է, որ իմ պատճառով էր շեղվել իր կյանքի գիծը, այնպես որ, ինձ պետք է հավաքեմ, որովհետև ինչպես ծռել եմ, այնպես էլ ուղղելու եմ հիմա։ Այդ ժամանակ կորցրի սիրո այն փոքրիկ պատառիկը, որ դեռ ունեի նրա նկատմամբ։ Նա հանեց վրաս մնացած վերջին ցնցոտիները, ինձ փաթաթեց փշալարերով, վերքերիս վրա բորակ լցրեց, ինձ ողողեց ինձնից իսկ արտադրված հեղուկով ու թևատակերիցս կախեց արևի տակ՝ գոռալով, որ այդպիսի խոշտանգումը բավարար չէ, որ գոհացնի իրեն։ Վերջում նա ինձ թողեց սեփական թշվառությանս մեջ, բանտախցում փտելու, որտեղ միսիոներները գաղութատիրության ժամանակներում ուղիղ ճանապարհի էին բերում հերետիկոսներին ու նենգությամբ, որի պակասից չէր տառապում, օգտագործելով որովայնախոսության իր արվեստը՝ սկսեց նմանակել ուտելի կենդանիների, հասած բազուկի ձայները, աղբյուրի կարկաչը, որ իմ մոտ պատրանք ստեղծեր, որ այդ առատության մեջ մեռնում եմ սովից ու ծարավից։ Երբ վերջապես մաքսանենգները նրան ուտելիք տվեցին, իջավ իմ բանտախուցն ու ինձ ուտելու ինչ - որ բան բերեց, այնքան, որ սովից չմեռնեմ, բայց հետո այդ ողորմության համար վճարեցի նրանով, որ աքցանով քաշեց եղունգներս ու չեչաքարով խառտեց ատամներս ու միակ հույսս այն էր, որ դեռ առիթ կունենամ այս ստորացումներից ու դաժան տանջանքից ազատվելու։ Զարմանում էի, թե ինչպես եմ կարողանում դիմանալ սեփական մարմնիս նեխման գարշահոտին, իսկ նա դեռ շարունակում էր վերևից վրաս շպրտել իր ուտելիքի մնացորդները ու նեխած մողես ու գիշատիչ թռչուն՝ վերջնականապես թունավորելու համար բանտախցիս օդը։ Չգիտեմ, ինչքան անցավ, երբ նա ինձ ցույց տվեց մի ճագարի մարմին ու հայտնեց, որ պատրաստ է թողնել փտելու այն իմ աչքի առաջ, միայն թե չտա ուտեմ, ու այդտեղ հատեց իմ համբերությունն, ու ես բռնեցի ճագարի ականջներից ու շպրտեցի դիմացի պատին՝ պատկերացնելով, որ ոչ թե կենդանին է ծեփվում պատին, այլ նա ինքը, ու կարծես երազում տեսա, թե ինչպես ճագարը ոչ միայն անտանելի ճչոցով վերակենդանացավ, այլ նաև ինչպես օդի միջով նորից թռավ ձեռքերիս մեջ։

Այդպես սկսվեց իմ փառապանծ կյանքը։ Այդ ժամանակվանից ես պտտվում եմ աշխարհում ու մալարիայով հիվանդների ջերմությունն իջեցնում երկու պեսոյով, կույրերի տեսողությեւնն եմ վերականգնում չորս ու հիսունով, ջրգողությամբ տառապողներին՝ տասնութ պեսոյով, կռնատների վերջույթներն եմ վերականգնում քսան պեսոյով, եթե բնածին արատ է, եթե վերջույթները կորցրել են դժբախտ պատահարի կամ կռվի հետևանքով՝ վերցնում եմ քսաներկու, քսանհինգ՝ եթե պատերազմի կամ երկրաշարժի, ծովային հետևակայինների ափ դուրս գալու կամ այլ բնական աղետի հետևանք է, սովորական հիվանդությունները բուժում եմ խմբերով, խելագարներից վերցնում եմ նրանց խելագարության պատճառից դատելով, երեխաներին բուժում եմ կես գնով, հիմարներին՝ հենց այնպես, և հիմա, պարոն քսաներորդ նավատորմի հրամանատար, հրամայեք ձեր տղաներին հավաքեն բարիկադները, որ տառապյալ մարդկությունն առաջ գա, բորոտները կանգնեն ձախ կողմում, ընկնավորները՝ աջ, պարալիզվածներն այնտեղ, որտեղ չեն խանգարի, իսկ ոչ այնքան հրատապ դեպքերը թող սպասեն ետևում, միայն խնդրում եմ բոլորդ միանգամից մի խմբվեք շուրջս, այլապես ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, կարող եմ շփոթել հիվանդություններն ու կարող եմ ձեզ բուժել մի հիվանդությունից, որ չունեք, և թող հնչի երաժշտություն, հնչի այնպես, որ պղնձե փողերը շիկանան, ու հրավառությունից վառվեն հրեշտակները, իսկ օղին սպանի միտքը, և թող գան լարախաղացներն ու պոռնիկները, հիմարներն ու նկարիչները, և այս ամենն իմ հաշվին, տիկնայք և պարոնայք, որովհետև սրանով վերջ է դրվում հրաշագործների վատ համբավին ու սկսում համըդհանուր համերաշխություն։

Այսպես, բանեցնելով քաղաքական գործիչների հնարքները՝ հանգստացնում եմ ես նրանց, եթե հանկարծ ուժերս ինձ դավաճանեն, և նրանցից որևէ մեկը իմ բուժումից հետո իրեն ավելի վատ զգա քան մինչև բուժումը։ Միակ բանը, որ ես հրաժարվում եմ անել, մահացածներին հարություն տալն է, որովհետեև նրանք դեռ աչքերը չբացած, բռունցքներով հարձակվում են վրաս իրենց հանգիստը խախտելու համար, իսկ հետո մեկ է ինքնասպան են լինում, կամ նորից մահանում հիասթափությունից։ Առաջին պահերին իմ հետևից ման էր գալիս գիտնականների մի շքախումբ, որ պարզեր իմ գործունեության օրինականությունը, իսկ երբ եզրահանգման եկան, սկսեցին ինձ սպառնալ Սիմոն Հրաշագործի դժոխքով և խորհուրդ տվեցին ապաշխարել, որ ճիշտ քրիստոնյայի ճամփան բռնեմ, բայց ես ամբողջ հարգանքով, որին իրենք արժանի են, պատասխանեցի, որ հենց դրանից էլ սկսել էի ։ Չէ որ, ինձ, արտիստիս, իմաստ չունի մահից հետո սուրբ հռչակվել, և ուզում եմ միայն մեկ բան՝ ապրել ու սլանալ հախուռն, գլուխս կորցրած, առանց խելքիս շատ զոռ տալու, այս հին, մեծ վեց գլանանոց կաբրիոլետով, գնված ծովային հետևակազորի հյուպատոսից՝ վարորդի հետ միասին ինչ-որ ժամանակ առաջ, Նոր Օռլեանի ծովահենների օպերայում, իմ այժմյան մետաքսե շապիկներով, իմ արևելյան լոսյոններով, իմ թոփազե ատամներով, իմ դիպակե շլյապայով, երկու գույնանի կաշվե կոշիկներով, ուզում եմ քնել այսուհետև առավոտյան ինչքան ցանկանամ, պարել գեղեցկության թագուհիների հետ և պտտեցնել նրանց գլուխը իմ հանրագիտարանային պերճախոսությամբ, և իմ ծնկները չեն դողա, եթե հանկարծ չորեքշաբթի, քառասուն օրվա պասի առաջին օրը զատկից առաջ, կորչեն իմ ունակությունները, չէ՞ որ, այս մինիստրի կյանքով ապրելը շարունակելու համար, ավելի քան բավարար է հիմար դեմքի արտահայտությունը և անթիվ կրպակները, որ ձգվում են այստեղից մինչև հորիզոն, որտեղ նույն զբոսաշրջիկները, որ առաջ ուզում էին վրեժ լուծել ադմիրալի համար, հիմա կռվում են իմ ստորագրությամբ նկարների համար, օրացույցների՝ իմ գրած սիրային բանաստեղծություններով, իմ կիսադեմով մեդալների, հագուստի մի պատառիկ ձեռք բերելու, չնայած նրան, որ ես ի տարբերություն հայրենիքի հայրերի, մարմարից չեմ կերտված, օր ու գիշեր ձի չեմ հեծում, և պատված չեմ ծիծեռնակներով։ Ափսոս, որ այս պատմությունը չի կարող կրկնել չար աճպարարը, թե չէ դուք կհամոզվեիք, որ ամեն բառ ճիշտ է այստեղ։ Վերջին անգամ, երբ նրան տեսել են, կորցրել էր անգամ գնդասեղները, որոնցով ամրացված էր նախկին պերճությունը և անապատի սաստկության մեջ անհետացել էր նրա հոգին, ոսկորները խառնվել մարմնում, բայց երկու-երեք զանգակածաղկի բոժոժիկ նրա ծամից դեռ մնում էին, ու դա ավելի քան բավարար էր:

Մի կիրակի նա նորից հայտնվեց Սանտա Մարիա դել Դարյեն նավահանգստում, իր անփոփոխ դամբարանի նման ճամպրուկով: Այս անգամ հակաթույն չէր վաճառում: Զգացմունքների լիառատությունից դողդոջուն ձայնով խնդրում էր, որ ծովային հետևակայինները գնդակահարեն իրեն բոլորի աչքի առաջ, որ կարողանա ցուցադրել իր վրա վերակենդանացման գերբնական իր ընդունակությունը, տիկնայք և պարոնայք, դուք, որ այսքան երկար տառապել եք իմ խաբեբայությունից՝ կան բոլոր հիմքերը ինձ չհավատալու, բայց երդվում եմ մորս ոսկորներով, որ դուք այսօր կտեսնեք իսկական ճշմարտություն և ոչ թե ինչ-որ բան անդրշիրիմյան աշխարհից, եթե անգամ թիզ ինչ կասկածում եք, ուշադիր նայեք և համոզվեք, որ հիմա այլևս չեմ ծիծաղում, ինչպես առաջներում և դժվարությամբ եմ զսպում արցունքներս։ Նա վերջապես անհրաժեշտ տպավորությունը թողեց բոլորի վրա, երբ արտասուքով լի աչքերով արձակեց կրծքի վրայի կոճակները և բռունցքով խփեց այնտեղ, որտեղ սիրտն է, հաստատելով այդպիսով մահվան ամենաիրական տեղը, սակայն ծովային հետևակայինները վախենալով կիրակնօրյա բազմության աչքի առջև խայտառակ լինելուց՝ չկրակեցին։ Ինչ որ մեկը, հավանաբար հիշելով նրա առաջվա աճպարարությունները, գնաց ինչ - որ տեղ ու բերեց թիթեղատուփով երնջակի մի քանի արմատ, որը կհերիքեր, որ Կարիբյան ծոցի բոլոր ձկները որովայնով վերև ջրի մակերես բարձրանան: Նա ճանկեց թիթեղատուփը այնպիսի ագահությամբ, կարծես պատրաստվում էր ուտել, և իսկապես կերավ, տիկնայք և պարոնայք, միայն, կխնդրեմ չսարսափել, մի շտապեք աղոթք անել իմ համար, չէ՞ որ մեռնելն ինձ համար նունն է, ինչ հյուր գնալը։ Այս անգամ նա արդարացի վարվեց, չփորձեց ինչպես դերասանը բեմում պատկերել հոգևարքի խռխռոց, այլ միայն իջավ մի կերպ սեղանից, հողի վրա ճոճվելով ընտրեց ամենահարմար տեղը և այտեղից արդեն պառկած, նայեց ինձ ինչպես հարազատ մորը, մեկնեց մարմնի երկայնությամբ ձեռքերը և զսպելով տղամարդու արտասուքը, փչեց վերջին շունչը հոգևարքի գալարումների մեջ։ Այո, այդ եզակի անգամ գիտությունն ինձ հաղթեց։

Ես նրան դրեցի ծաղկավոր ճամպրուկի մեջ, պատվիրեցի հոգեհանգստի ժամերգություն, որը նստեց վրաս չորս անգամ հիսուն դուբլին այն պատճառով, որ քահանան ոսկեզօծ զգեստով էր և եկեղեցում նստած էին երեք եպիսկոպոս: Թաղեցինք նրան կեսարին վայել մի դամբարանում, որը գտնվում է բլրի գլխին, ամենաթարմ ծովային հովիկների գգվանքի ներքո մի մատուռում, իսկ բետոնե սալաքարին գոթական մեծատառերով գրել տվեցի, - այստեղ հանգչում է մեռած աճպարարի աճյունը, չար մականունով, որը խաբել է ծովայիններին ու գիտության զոհ է դարձել, և երբ որոշեցի որ այս մեծարանքներով հատուցեցի պատշաճը, սկսեցի վրեժ լուծել կրածս ստոարացումների համար։ Ես վերակենդանացրի նրան իր դամբարանի ներսում և թողեցի այնտեղ սարսափով համակված։

Այս ամենը կատարվել է վաղուց, այն ժամանակ, երբ Սանտա-Մարիա-դել-Դարյեն նավահանգիստը կերան մրջույնները, բայց մատուռը դամբարանով, բնավ անվնաս մինչ օրս կանգնած է թմբի վրա, Ատլանտիկի քամիների մեջ քնած վիշապների ստվերում, և ամեն անգամ, երբ լինում եմ այդ կողմերում, լեփ-լեցուն մեքենա վարդ եմ տանում: Սիրտս կտոր-կտոր է լինում երբ հիշում եմ նրա առաքինթյունների մասին, բայց հետո, երբ ականջս դնում եմ բետոնե սալաքարին ու լսում, թե ինչպես է արտասվում հալից ընկած ճամպրուկի բեկորների մեջ:

Բայց ամեն անգամ վերակենդանացնում եմ նրան, երբ մահանում է, քանզի այս պատիժը նրանով է հրաշալի, որ նա կապրի դամբարանում, քանի դեռ ապրում եմ ես՝

այսինքն հավերժ։

ՎԵՐՋ

թարգմանեց Վահե Ավետյանը

Լոս
26.02.2007, 00:11
Շա~տ լավ էր: Իսպաներենի՞ց ես թարգմանել։
Իսկ 100 տարվա մենության հայերեն Է-բուք կունենա՞ս։

StrangeLittleGirl
26.02.2007, 00:15
Էս ի՜նչ լավ բան եք արել: Մարկեսն իմ սիրած գրողն է: Հենց ժամանակ ունենամ, կկարդամ:

Gohar
26.02.2007, 18:03
Շատ լավն էր … Ու նաև մեր այսօրվա իրական կերպարների պատճենն էր…
Դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեմ ասելով` «Մեր այսօրվա իրական կերպարների պատճեն»:

CactuSoul
27.02.2007, 15:22
Արտակարգ էր…
Շատ շնորհակալ եմ, որ էսպիսի հրաշալի բան ես արել, Վահե ջան: Բառեր չեմ գտնում, որ շնորհակալությունս արտահայտեմ…
Շատ արագ եմ կարդացել, ընդամենը ծանոթության կարգով, բայց ինձ չափազանց շատ դուր եկավ:

Davo'o
27.02.2007, 18:11
Հզոր էր, չէի կարդացել, շնորհակալություն:

StrangeLittleGirl
28.02.2007, 21:50
Ախր Մարկեսն ուրիշ է, հո զոռով չի: Ո՜նց եմ սիրում նրա ոճը:

Arminka_
28.02.2007, 22:52
Ողջույններս Վահե: Մարկեսին պաշտում եմ,բարի գործ ես արել: Իսկ հետաքրքիր է բնագրի՞ց ես թարգմանել: Իսպաներենը շատ եմ սիրում և տիրապետում եմ,բայց կարծում եմ միևնույն է դժվար է Մարկեսին բնագրով կարդալը: Ես "Cien anos de soledad" հայրեն կարդացի, կարծում եմ իսպաներենով էտպես լավ չէի ընկալի...բայց " El coronel no tiene que le escriba" բնագրով կարդացի,մի փոքր դժվարացա,բայց արժեր…

lili-4
28.08.2008, 22:06
Գաբրիել Գարսիա Մարկեսի 13 մտքերը կյանքի մասին
1. Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2.Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառ չի դառնա:
3.Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4.Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5. Ինչ- որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
6. Երբեք չդադարես ծպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ- որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես:
8.Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
9.Հնարավոր ՝ աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն ՄԻԱԿԻՆ, որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախպարտ լինենք:
10.Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
11.Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ:
12.Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
13.Այնքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:

StrangeLittleGirl
28.08.2008, 23:38
Էս 13 մտքերն առաջ շատ էի սիրում, իսկ հետո զգացի, որ նախ դա Մարկես չէ, երկրորդ… Չգիտեմ, դրանց մեջ էնքան էլ ճշմարտություն չկա:

pilisopa-uhi
31.08.2008, 10:05
Էս 13 մտքերն առաջ շատ էի սիրում, իսկ հետո զգացի, որ նախ դա Մարկես չէ, երկրորդ… Չգիտեմ, դրանց մեջ էնքան էլ ճշմարտություն չկա:
Համաձայն եմ: Ավելի շատ բառախաղ կա, քան թե բառերի խարհուրդ: Մարկեսը իր գրքերում 100 ամգամ ավելի խորիմաստ մտքերա գրում, որ ժամերով մտացել են տալիս:

lili-4
05.09.2008, 19:29
Համաձայն եմ: Ավելի շատ բառախաղ կա, քան թե բառերի խարհուրդ: Մարկեսը իր գրքերում 100 ամգամ ավելի խորիմաստ մտքերա գրում, որ ժամերով մտացել են տալիս:

Այպես էլ չհասկացա, հիմա սա բառախաղ է առանց խորհուրդի, թե՞ խորիմաստ մտքեր են ոչ բոլորին արագ ու ամբողջական հասկանալի…:think

pilisopa-uhi
05.09.2008, 21:56
lili-4;1107089]Այպես էլ չհասկացա, հիմա սա բառախաղ է առանց խորհուրդի, թե՞ խորիմաստ մտքեր են ոչ բոլորին արագ ու ամբողջական հասկանալի…:think
Բառախաղ է առանց շատ խորը իմաստի:Իմ կարծիքն է: