PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճանաչված եւ հետաքրքիր պարողներ



Claudia Mori
03.02.2012, 23:55
Ինչպես հասկացա, կոնկրետ պարողների մասին թեմա չկա, իսկ այս մարդիկ ոչ պակաս հանրաճանաչ են ու հետաքրքիր, որքան եւ երգի ասպարեզի մարդիկ: Առաջարկում եմ աշխարհի լավագույն ու հետաքրքիր պարողներով լցնել այս թեման ու սկսում եմ Հայկ Հոբոսյանից:

Իրան շատերը ճանաչում են, որպես «Պարիր թե կարող ես» հեռուստատեսային նախագծի հաղթող, ես այս մարդուն ավելի վաղ եմ ճանաչել ու շատ եմ հպարտացել իրենով, վերջերս նորից առիթ ունեցա իր մասին տեսանյութ նկարել ու այժմ կտեղադրեմ իմ նախկին հոդվածը եւ նոր տեսանյութը;)

2009թ.-ի հոդված՝

Երբ խոսում է մարմինը. խուլ հայ պարողը հաղորդակցվում է աշխարհի հետ երաժշտության միջոցով


http://www.armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/ai392101.jpg





Հայկ Հոբոսյանը 11 տարեկան էր, երբ առաջին անգամ հեռուստատեսությամբ տեսավ Մայքլ Ջեքսոնի պարը և անմիջապես գերվեց Փոփի արքայի շարժումների լեզվի նրբագեղությամբ:


Հոբոսյանը հասկացավ, որ ամենից շատ ուզում է պարել իր կուռքի նման, և մի քանի տարի անց` տեսնելով Հոբոսյանի պարը, շատերը Հայաստանում նրան նույնիսկ «ֆենոմեն» անվանեցին: Հոբոսյանը ոգի ու շունչ էր դնում պարի մեջ: Սակայն ի տարբերություն իր կուռքի` հայ պարողը չէր լսում երաժշտությունը:

Հինգ ամսականում Հայկը կորցրել է լսողությունը ինֆեկցիոն հիվանդության պատճառով: Այժմ 26 տարեկան` նա ապրել է զգայարաններով, որոնք ձայն չեն պահանջում: (Լսողական օժանդակ սարքի օգնությամբ նա լսում է 4 տոկոսով)

Եվ մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է պարել առանց երաժշտությունը լսելու, Հոբոսյանն ասում է, որ պարն իր կիրքն է, իր կյանքի անբաժանելի մասը: Նա ասում է, որ հենց որ հայրը հասկացավ, որ որդին ուզում է պարել, անմիջապես տարավ «Արայի դանս շոու» պարախումբ:

«Այո, սկզբում ինձ համար շատ դժվար էր,- ասում է Հոբոսյանը: - Ես ամեն դեպքում տարբերվում էի ինձ հետ պարող երեխաներից: Բայց իմ առաջին ուսուցիչն ու բոլոր մյուսները շատ օգնեցին, և կարողացա ինտեգրվել ու զբաղվել իմ սիրած գործով»:

Այսօր Հոբոսյանը, փաստորեն, Հայաստանում համերգներով հանդես եկող «Արայի դանս շոու» պարախմբի առաջատար պարողն է: Նա մասնագիտացել է հիփ-հոփում, բրեյք դանսում և լատինաամերիկյան պարերում:

Հայկի գործընկեր Անիդա Աբգարյանը հիշում է, թե ինչպես առաջին անգամ տեսավ Հայկի պարը:

«Ես նրան առաջին անգամ տեսել եմ մի փառատոնի ժամանակ, որին երկուսս էլ մասնակցում էինք: Ես 17 տարեկան էի, Հայկը` 11: Նա հրաշալի էր պարում այդ տարիքի համար, բայց ես ոչինչ չգիտեի նրա չլսելու մասին, մինչև հայտարարեցին, որ Հայկը շահել է գլխավոր մրցանակը: Ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր, ծնողներն արտասվում էին, և ես հասկացա, որ այդ փոքրիկը ֆենոմեն է»,- ասում է 29-ամյա Աբգարյանը:

Անիդան Հայկին «մեր խմբի արև» է անվանում և համարում է նրան պարային լեզվի լավագույն գիտակներից մեկը Հայաստանում, ով «երբեք թույլ չի տալիս մտածելու, որ ինքը տարբեր է»:

«Մենք նույնն ենք: Տարբերությունն այն է, որ նա ավելի բարի է, և ես երբեմն նախանձում եմ, որ նա շատ դեպքերում չի լսում, թե որքան չար են մարդիկ, և որքան թերություններ կան աշխարհում»,- ասում է Անիդան:

Երբ «Արայի դանս շոուի» ղեկավար Կարեն Միքայելյանն ընդունում էր Հայկին իրենց խումբ, մտքով էլ չէր անցնում, որ մի օր նա կդառնա խմբի առաջատար պարողը:

«Երբ առաջին անգամ հայրը բերեց Հայկին, ես մեծ երկընտրանքի առաջ հայտնվեցի (երբեք չլսող աշակերտ չէր ունեցել): Բայց չեմ զղջում, որ նրան ընդունեցի մեր խումբ, որովհետև նա շատ խելացի երեխա էր և տվեց ավելին, քան ես սպասում էի,- հիշում է Միքայելյանը: - Նա այնքան ներքին ուժ ունի, որ այն հույզերը, որ մենք ստանում ենք երաժշտությունից, ինքն արդեն ունի իր մեջ»:

Հայկի երազանքն է գտնել հարմար պարային ստուդիա, որտեղ իր սիրելի լեզուն կկարողանա փոխանցել բոլոր այն երեխաներին, ովքեր իր նման ուզում են պարել: Խոստացել են սեպտեմբերին խուլ-համրերի մշակույթի պալատում տարածք հատկացնել:

Պարողն ունի մեկ այլ երազանք` միավորվել իր հոր հետ, որն ապրում է Լոս Անջելեսում: Նա մոր, քրոջ ու եղբոր հետ ապրում է Երևանում, իսկ հայրն արդեն 5 տարի Լոս Անջելեսում է: Հայրն ԱՄՆ-ում սկզբում հաշվապահ էր աշխատում և հույս ուներ Հայկին տանել այնտեղ: Հիմա նա տաքսու վարորդ է: Հայկը չորս անգամ դիմել է մուտքի վիզա ստանալու համար (ընդ որում` առաջին անգամ ընտանիքի մյուս անդամների հետ), սակայն մերժվել: Ասում է, որ պատճառը, երևի, իր չլսելն է:


Հայաստանում չլսող երեխաների պարախմբերը ղեկավարում են լսել կարողացող մարդիկ: Հայկն այստեղ էլ է եզակի. նա կարողանում է պարել սովորեցնել` ցույց տալով, նույնիսկ լսող մարդկանց: Վերջերս դադարեցրել է պարապմունքները հիփ-հոփի խմբակում լսողության խնդիր ունեցող երեխաների համար և հիփ-հոփի և լատինաամերիկյան պարերի խմբակում լսող երեխաների համար: Նախատեսում է նոր խմբակ բացել սեպտեմբերին:

Աղբյուրը՝ http://www.armenianow.com/hy/features/10199/when_the_body_speaks_deaf_armenian
(http://www.armenianow.com/hy/features/10199/when_the_body_speaks_deaf_armenian)
Նոր հոդված եւ տեսահոլովակ

Խոսում են պարի լեզվով

http://www.hra.am/i/up/5d59e83930c3fe6e520d7ae3e91cf063.jpg
Հայկ Հոբոսյանը թեև ամբողջությամբ չի լսում երաժշտական հնչյունները, բայց կարողանում է շարժվել ռիթմով ու գեղեցիկ։Հինգ ամսականում Հայկը կորցրել է լսողությունը ինֆեկցիոն հիվանդության պատճառով: Այժմ լսողական օժանդակ սարքի օգնությամբ լսում է միայն 4 տոկոսով, բայց պարի հոգեբանությունն ու մատուցման ձևը նրա մոտ 100 տոկոսին հավասար արդյունք են տալիս:

Դրա ապացույցը տարբեր պարային մրցույթների ժամանակ ստացված առաջին տեղի մրցանակներն են, իսկ 2010թ. տասնյակ մրցակիցների մեջ հենց ինքն ընտրվեց, որպես լավագույն պարող հայկական «Շանթ» հեռուստաընկերության «Պարի՛ր, թե կարող ես» հեռուստատեսային նախագծի ժամանակ:

«Ես 11 տարեկան էի, երբ առաջին անգամ հեռուստատեսությամբ տեսա Մայքլ Ջեքսոնի պարը և որոշեցի, որ ուզում եմ նրա նման պարել ու իմ առաջին ուսուցիչն ու բոլոր գործընկերներս շատ օգնեցին, որ ես ավելի մասնագիտացված զբաղվեմ այս գործով»,- պատմում է Հայկը:

Նա այժմ «Արայի դանս շոու» պարախումբի առաջատար պարողներից է, մասնագիտացել է հիփ-հոփում, բրեյք դանսում և լատինաամերիկյան պարերում, ինչպես նաև՝ ղեկավարում 4 պարային խումբ, որտեղ պարել է սովորեցնում ինչպես լսողության խնդիրներ ունեցողներին, այնպես էլ այն երեխաներին ովքեր լսում են հարյուր տոկոսով:

Աշակերտներն ասում են, որ այժմ մեծ հաճույքով են հաճախում պարի խմբակ ու հպարտանում են,որ իրենց դասատուն ընկեր Հայկն է:

«Մենք իրար հետ խոսում ենք պարի լեզվով ու հասկանում ենք իրար մեկ խոսքից»,- ասում է 15-ամյա Դիանա Ստեփանյանը՝ երազելով կարողանալ պարել Հայկի նման։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am (http://www.hra.am)


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=CHPTfcKuMr8