PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Շենքի տատիկը...



My World My Space
29.01.2012, 16:12
Միայնակ կին էր Վալյա տատիկը, ուկրաինուհի, որը ոչ մի հարզատ չուներ աշխարհում. բոլորը սպանվել էին գերմանացիների ձեռքով: Ու էդ անտեր աղջկան հայրենական պատերազմից հետո Հայաստան էր բերել ու հետն ամուսնացել մեր շենքի Օննիկ պապը: Օննիկ պապի մահանալուց հետո շենքի բնակիչներն էին հոգ տանում Վալյա տատիկին: Որը մի աման ճաշ էր տալիս, որը կանչում էր իր տուն հաց ուտելու, կամ սրճելու: Վերելակի վարձը միշտ ավելի շատ հավաքելով էլ լուծվում էր Վալյա տատիկի հոսանքի, և կոմունալ մյուս վճարների հարցը: Շենքի տատիկն էր դարձել նա ու պարտքի տակ չէր մնում: Տանտիկինների համար բռնիչներ ու գոգնոցներ էր կարում, երեխաների համար գուլպաներ գործում ու միշտ ժպտում էր իր անսահման բարի կանաչ աչքերով.
- Աստված պայի բալյեկդ…

Ով տեղ պետք է գնար, ու երեխաներին տանը մենակ թողնելու խնդիր ուներ, Վալյա տատին պատրաստ էր, կգար ու կնստեր երեխաներ հետ, մինչև ծնողները վերադառնային: Շենքում ուրախություն լիներ, Վալյա տատին իր օրհնանքների պաշարով առաջին մասնակիցն էր:

Մի օր Վալյա տատին բարձրացավ մեր տուն, թե.
- Ու մենյա լամպըչկա սգառելա, կառա՞ս պոխես բալա ջան:
Ու մինչ Վալյա տատին մերոնց հետ մի սուրճ կխմեր, ես իջա իր տուն և փոխեցի վառված լամպը: Երբ ետ եկա, Վալյա տատին ուրախացած ասաց.
- Ապռես բալա ջան, ոնց ոռ դու ինձ լուսավոռեցիր, աստված էլ քո օկին լուսավոռի…
Համերաշխ ծիծաղեցինք…

Մի օր առավոտյան հարևաններից մեկը ծեծեց Վալյա տատիկի դուռն ու դուռը բացող չէղավ: Մտածեց, թե քնած է, նայեց ժամին ու անհանգստացավ: Վազքով բարձրացավ վերև ու զանգեց ոստիկանություն:
Երբ ոստիկանները բացեցին դուռն ու ներս մտան, տեսան Վալյա տատիկին բազմոցի վրա կուչ էկած , սառած աչքերը Օննիկ պապի լուսանկարին հառած:

Հավաքվեցին հարևաններով ու սկսեցին թաղման պատրաստություն տեսնել: մեկը հանձն առավ դագաղը գնել, մի քանիսը որոշեցին հոգեհացի ու մեքենայի հարցը լուծել, հայրս էլ գնաց թաղման բյուրո գերեզմանի հարցով: Մենք՝ թաղի տղաներով սկսեցինք սենյակը դատարկել: Երկու օր անց թաղումն էր: Քաի որ ընկերներով 2 գիշեր չէինք քնել ու հերթապահել էինք հանգուցյալի մոտ, որոշեցինք գերեզման չգնալ, ու սպասել տանը, ու օգնել աղջիկներին հոգեհացի սեղանները պատրաստելու հարցում:

Դուդուկի նվագի տակ շենքը վերջին հրաժեշտը տվեց իր տատիկին:

Տատիկի տունը հարևանների գրավոր խնդրանքով տրվեց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փախստական դարձած մի երիտասարդ ընտանիքի, որոնց տան պատին՝ նույն տեղում, մինչև օրս կախված են Օննիկ պապիկի ու Վայլա տատիկի նկարները: Իսկ տան ամենափոքր բնակիչին եթե հարցնես, թե ո՞ւմ նկարն են, հպարտությամբ կասի.
- Օննիկ պապիկիս ու Վալյա տատիկիս…

Եթե ոտքդ ընկնի Շահումյանի գերեզմանատուն, Հովհաննիսյան Օննիկի գերեզմանի կողքին կտեսնես նաև Հովհաննիսյան Վալյայի շիրմաքարը, վրան գրված՝ թոռներից:

էդ թոռներից մեկը ես եմ….

armen9494
29.01.2012, 22:21
Ինչ հետաքրքիր ձևով եք գրել :love վաղուց չէի կարդացել նման համ ու հոտով պատմություն, ամբողջությամբ անկեղծություն էր :kiss

Mark Pauler
05.02.2012, 23:54
Պատմությունդ չնայած ավարտվում ա մահով, բայց մեկա դրական լիցքեր ա տալիս ու նույնիսկ անկեղծ ժպիտ ա առաջացնում :)

Alphaone
18.03.2013, 03:44
Բարի գործ էր, հետք թողեց...

Նիկեա
18.03.2013, 14:12
Մեծ,շատ մեծ շնորհակալություն պատմվածքի համար::)