PDA

Դիտել ողջ տարբերակը : Կայծն ու կրակը



varpet
04.01.2012, 22:40
ԱՆՑԱՐ



Անցար,

Ու մեծ խառնաշփոթ ու տառապանք անհետագիծ

Նետեցիր ինձ,

Ու նոր աչքեր ու նոր հոգի` քնքուշ, անբիծ,

Նետեցիր ինձ,

Ու սուրալով ասուպի պես` երազանքներ, հույսեր, թախիծ

Նետեցիր ինձ.

Անցար այնպես բուռն ու հանգիստ,

Որ հույզերիս խենթ ապշանքից

Դադար առա երկար-երկար.


Փնտրում եմ քեզ, լսու՞մ ես ինձ...

varpet
04.01.2012, 22:42
ԱՌԱՆՑ ԶԱՅՐՈՒՅԹԻ


Առանց զայրույթի նման եմ գարնան
Փափուկ հովիկի երգ ու շշուկին,
Նման եմ ձմռան ելևէջող ձյան
Նրբին ջերմությանն ու շենշող շուքին:

Նման եմ աշնան տերևների հեզ
Մեղմ գունացայտին, առանց զայրույթի,
Նման եմ ամռան ջերմ ու սիրակեզ,
Փխրուն ամպերի ճերմակ կապույտին:

Նման եմ սիրո, նման եմ լույսի,
Առավոտվան եմ նման հուսառատ ...
Ավաղ տարբեր եմ, առանց զայրույթի,
Ինձանից` դեմքս` զայրանքով սառած:

varpet
04.01.2012, 22:45
ԳԻՇԵՐ ՁՅՈՒՆԱԾԱԾԿ...


Գիշեր ձյունածածկ ու խայթող քամի.
Իսկ ես վառվում եմ կրակով անշեջ.
Սիրտս լեցուն է քո սիրով քանի`
Պիտի այրվեմ ցուրտ գիշերների մեջ:

Գարնան քո շնչից դառնալով հալոցք`
Ճեղքում եմ սառցե կոպտությունը իմ.
Ժպիտդ` արև, և համբյուրդ` բոց.
Զեփյուռ է թվում քամին մոլեգին:

Գիշեր ձյունաթույր ու ջերմ անուրջներ.
Ու ես ժպտում եմ խինդով անհագուրդ.
Գիշերվա քնքուշ ու անմոռաց սեր,
Թեկուզ` բուք, քամի ու կատաղի ցուրտ:

varpet
04.01.2012, 22:46
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ


...

Աղբյուր կար սարում` փոքրիկ ու անտես.
Մի բռունցք ջուր էր փոսի մեջ կարծես,
Մանկության ընկեր, հիշու՞մ ես քանի -
Քանի անգամ է նա զովացրել մեզ:

Հիշու՞մ ես գյուղի ժայռերը փոշոտ,
Արևն ու տապը, դաշտերը փշոտ,
Մանկության սահուն դարերում քանի՜
Խարույկ ենք վառել քարանձավի մոտ:

Աշխույժ կար սարում, երգ ու արձագանք,
Ոսկեծուփ զեփյուռ, անբասիր բերկրանք ...
Քնքուշ կարոտով նիրհել եմ քանի`
Մանկություն, կեցիր, հիմա հյուր կգանք:

varpet
04.01.2012, 22:47
ՃԱԿԱՏԱԳԻՐ

Հանկարծ կարդում եմ` ինչե՜ր են գրված
Ճակատագրերի անտես էջերում.
Տողեր` պարզ ու բարդ, հավաք ու ցրված,
Ուղի, փակուղի, կորուստ, ձեռքբերում ...

Գրված են խրթին, անհասկանալի,
Հօգուտի միտով կամ անկողմնակալ,
Իսկ նկարները` կամուրջ, բանալի ...
Գլխագրերը` Խենթ, Սրիկա, Արդար ...

Հանկարծ ցնցվում եմ կարդալուց, լարված
Ճմրթում գիրը` թաքուն աշխարհից,
Աղաղակում եմ` վարո՛րդ, էստեղ կաց
Դուրս գամ, շեղվել եմ իմ ճանապարհից ...

varpet
04.01.2012, 22:49
ՔՈ ՈՒՐՎԱԳԻԾԸ

Քո ուրվագիծը մերկ է ու վայրի,

Վարսերդ` խռիվ, ալիքների պես.

Երբեմնի խաղաղ աչքերս բարի

Ժայթքում են, պարպում թույնով հրակեզ:


Սառն ու արհամարհ հայացքդ անգութ

Կռվի է քաշում անդորրը հոգուս.

Աչքերդ կու՞յր են, սիրտդ` գորշ ու մութ,

Տե՛ս, խեղում է ինձ կրքաեռ մի լույս ...

varpet
04.01.2012, 22:50
ՉԿԱՍ ԷԼ ԴՈՒ


Չկաս էլ դու,

Մեծ հրդեհի մոխիր թեթև,

Հիմա քամուց

Ամպ ես կազմել. փոշի ես խև,

Հիմա էլ քեզ

Չեմ նկատում ինչպես առաջ.

Անէացել,

Դարձել ես ծեր հուշ ու հառաչ:

Հաղթել եմ քեզ

Ու քառատել խենթ ու անխիղճ,

Կարոտակեզ

Դու իմ հին սեր, ես` քո դահիճ...

varpet
04.01.2012, 23:51
...


Ձմեռ պապ, ինձ բեր քո Ձյունանուշին`

Իր երկնաողող աչքերով կապույտ.

Երբ քնած լինեմ, թող թաքուն խուժի

Սենյակս` խռիվ, թափրտված անփույթ:

Թող լուռ հավաքի շորերս գետնից,

Ու դասավորի դարակ առ դարակ,

Հետո կռանա ու համբուրի ինձ

Ու անհետանա` հալվելուց արագ:

Իսկ երբ արթնանամ` թող էլ չգտնեմ

Գրասեղանիս նամակակույտը.

Ու ամբողջ տարի խելագար փնտրեմ

Նրա աչքերի փափուկ կապույտը...

varpet
04.01.2012, 23:58
ՔՈ ՈՒՐՎԱԿԱՆԻՆ...


Քո ուրվականին չե՞ս կարող սանձել.
Խեղկատակի պես շուրջս թափառում`
Մերթ տարփատոչոր փորձում է տանջել,
Մերթ էլ անհագուրդ կարոտ է դառնում:

Մերթ լացապատառ գամվում է խղճիս,
Մերթ ահասարսուռ հարձակվում հանկարծ,
Մերթ մեղմաժպիտ նայում աչքերիս`
Անորոշ կրքի շնչով համակված:

Քո ուրվականին զսպի՛ր, խնդրում եմ.
Թիրախ լինելուց հոգնել եմ այնպես:
Թող` գտնեմ նրան, ում որ փնտրում եմ.
Դառնամ ուրվական ու հետևեմ քեզ...

varpet
05.01.2012, 00:01
ՔԵԶ ՀԵՆՑ ՆՈՐ ՏԵՍԱ


Քեզ հենց նոր տեսա.

Հենց նոր հասկացա, որ հմայք ունես,

Որ փարթամաշուք կեցվածքդ իմ մեջ

Հավերժացրեց քեզ:

Իմացա հենց նոր, որ իրանդ կույս

Սերեց երկրաշարժ,

Որ անմիջական աչիկներդ լույս`

Ծուղակներ են վարժ:

Քեզ հենց նոր տեսա.

Հասկացա` որքա՛ն ցանուցիր եմ ես,

Որ ամպերիս պես հոսել ես անվերջ`

Չեմ նկատել քեզ...

varpet
05.01.2012, 18:16
ՔՈ ԱՌԱՎՈՏԸ

Որքա՜ն եմ սիրում այս առավոտը`
Լի թռիչքներով նուրբ, երանական,
Մաշկի ջերմանքը, վարսերի հոտը,
Ժպիտն աչքերի, երբ փակ են անգամ:

Որքա՜ն եմ սիրում այտերը փափուկ`
Քնքուշ ու անհոգ թաթախված կրծքիս,
Թաթիկները` հեզ թուլությամբ տաքուկ`
Ամուր փաթաթված ծանր ուսերիս:

Որքա՜ն եմ սիրում ոտքերը`ցրված
Ոտքերիս գրկում, և կուրծքը արթուն`
Թեթև ծանրությամբ քնիս մեջ խրված,
Եվ քիթիկը ժիր ու շուրթերը ձյուն:

Որքա՜ն եմ սիրում առավոտը այս,
Երբ հաշտ քնի մեջ, փռված իրանիս,
Անրջաշաղախ, սիրով համակված
Գեղեցկությունը արթնացնում է ինձ:

varpet
06.01.2012, 22:15
ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ ԻՆՁ


Հանգի՛ստ թող ինձ, միայնության ինքնակործան տաղն եմ ուզում

Հորիզոնի եզերքից դուրս մեղմ նվագել,

Մարմնականս եթեր շինած, խոհականս` անսպառ հուզում,

Մեկուսանալ ազատահոս ու անարգել:

Լքել, խեղդվել անձկությունից, խենթ տառապել,

Փնտրել փոշմանության ճամփան, բայց ապարդյուն,

Շաղ տալ հոգիս խորթության մեջ, վշտով ամպել

Ու չտեղալ անձրևի պես, ոչ մի արցունք:

Ու չպարել խրախճածին մեղեդու տակ,

Չսարսափել ելևէջի դադարներից,

Չդիմանալ, չպայքարել ու համարձակ

Անէանալ ու կազդուրվել...

Հանգի՛ստ թող ինձ...

varpet
06.01.2012, 22:19
ԹՈՂ, ՈՐ ԳՐԿԵՄ


Թող, որ գրկեմ.

Թող տապալեմ գոռոզը քո, դառնամ հերոս,

Թող երազդ ենթարկեմ ինձ, ասպատակեմ

Թող խոհերում քո, մտքերում քո բարբարոս:

Թող, որ գրկեմ.

Թող հալածեմ, ներսը ըմբոստ ավերեմ քո,

Թող հոգեշունչ աչքերդ լայն քեզնից փրկեմ,

Թող կուրորեն հաղթանակեմ անխոս, անգո:

Թող, որ գրկեմ ...

varpet
06.01.2012, 22:21
ԵԹԵ ՍԻՐԵՍ

Եթե սիրես

Կմոռանամ իմ փառահեղ երգերը կույս,

Որ սիրահար խելառի պես մատուցել եմ ուրիշներին,

Կմոռանամ գիշերաթույր ինձ պես փայլող աչքերը լույս,

Որ իմ սրտի պատերից ներս սիրտ են հյուսել, նվիրել ինձ:

Կմոռանամ շուրթերը ջերմ ինձ սառեցնող,

եթե սիրես:

Եթե սիրես քեզ էլ կասեմ ամբողջ հոգով`

սիրում եմ քեզ ...

varpet
10.01.2012, 08:50
ՓՈԽԵԼ ԱՇԽԱՐՀԸ


-Ինձ կհաջողվի՞ փոխել աշխարհը ...
Հայացքս խոնարհ` խորհուրդ եմ ուզում.
Արդյո՞ք իմ սրտի էս մերկապարը,
Վճիռը շառատ իմ քեզ չի հուզում:

Արդյո՞ք կհաղթեմ մարտերի դաշտում
Ինքս ինձ` իմ դեմ անգութ բանակած,
Արդյո՞ք ցնորքս` խենթ ու կիսահում,
Խորհուրդ կդառնա` վես հաղթանակած:

-Աշխարհս փոխել. լռին, միայնակ
Վերածվել սիրո ու ճանապարհի,
Մաքրվել հույսի անձրևների տակ...
Որքա՜ն եմ ուզում խորհուրդդ բարի:

Lusinamara
13.01.2012, 01:27
ՔՈ ԱՌԱՎՈՏԸ

Որքա՜ն եմ սիրում այս առավոտը`
Լի թռիչքներով նուրբ, երանական,
Մաշկի ջերմանքը, վարսերի հոտը,
Ժպիտն աչքերի, երբ փակ են անգամ:

Որքա՜ն եմ սիրում այտերը փափուկ`
Քնքուշ ու անհոգ թաթախված կրծքիս,
Թաթիկները` հեզ թուլությամբ տաքուկ`
Ամուր փաթաթված ծանր ուսերիս:

Որքա՜ն եմ սիրում ոտքերը`ցրված
Ոտքերիս գրկում, և կուրծքը արթուն`
Թեթև ծանրությամբ քնիս մեջ խրված,
Եվ քիթիկը ժիր ու շուրթերը ձյուն:

Որքա՜ն եմ սիրում առավոտը այս,
Երբ հաշտ քնի մեջ, փռված իրանիս,
Անրջաշաղախ, սիրով համակված
Գեղեցկությունը արթնացնում է ինձ:

Ուղղակի խոսքեր չունեմ :love

varpet
14.01.2012, 15:12
ՔՈ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ


Մեղմիկ զարկվում եմ քո պատուհանին,

Նայում աչքերիդ ու գլորվում ցած.

Խորթ գողանում է համբույրները հին

Ապակին` շենշող քնքշանքից ապշած:


Լուռ լճանում եմ` քո շքամուտքին

Արտացոլելու երկինքս անձև.

Աշուն է: Վաղը կայցելեմ կրկին,

Դարձյալ կդառնամ մեղմահոս անձրև ...

varpet
17.01.2012, 13:09
ՄԵՆՈՒԹՅՈՒՆ


Դեղնել է իմ մենությունը. դեղնել եմ ես,
Անջատվել եմ գոյությունից, հասունացել,
Աշնանային արցունքախեղդ լացը, ասես,
Թափառական հոգուս շուրթին երգ է դարձել:

Դեղնել է իմ մենությունը. դեղնել եմ ես`
Հուսակարոտ աչքերովս քամուն կառչած,
Զարթոնքի պես հրաբորբոք ու նորատես
Ծերացել եմ` գարնանային աշուն դարձած:

varpet
17.01.2012, 16:54
Անչափ շնորհակալ եմ բոլորից
Ժամանակիս սղության պատճառով ակտիվ մասնակցություն ի վիճակի չեմ ցուցաբերել, սակայն շատ հետևողական եմ. ակումբը լի է այնպիսի արժեքներով, որի համար իսկապես պատիվ է` լինել անդամ
Շատ ու շատ պատասխաններ գտնվում են հենց այս թեմաներում
Այնքան շատ են բանիմաց, կիրթ, ստեղծագործ, միաժամանակ հաճելի ու անմիջական մարդիկ, որ երբեմն զարմացնում է այս միջավայրը

Հաջողություններ` բոլորին