PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Չափազանց դառը իրականություն…



Նարե91
15.12.2011, 02:58
Համարյա մեկ շաբաթ էր` Սերինեն հիվանդ մոր անկողնու մոտից չէր հեռանում: Ժամերով նստում ու նայում էր հիվանդությունից դալկացած ու արդեն գրեթե անգիտակից վիճակում գտնվող մորը` երբեմն անկարող լինելով զսպելու հուզմունքը:
Սեդան` Սերինեի մայրը, ով այսօր անօգնական վիճակում գամված էր անկողնում, բավականին ուժեղ կին էր. երբ մեկ տարի առաջ պարզվեց, որ անբուժելի հիվանդությամբ է տառապում, ոչ զավակներին և ոչ էլ ամուսնուն չցանկացավ իր վշտին մասնակից դարձնել. չէր ուզում ընտանիքի անդամներին ցավ ու տառապանք պատճառել, շարունակ ինքն իրենով լուռ տառապում էր:
Եվ ահա հիմա նա գտնվում էր հիվանդության այն փուլում, երբ ողջ օրգամիզմը հյուծվել, ու բոլոր ուժերը սպառվել էին: Իսկ մեկ բառ անգամ արտասանելը նրանից մեծ ճիգ ու ջանք էր պահանջում: Եվ այս իրավիճակում մահը, պարզապես, անխուսափելի էր: Ու թեև 21-ամյա Սերինեն դա շատ լավ էր գիտակցում, այնուամենայնիվ , ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այն մտքին, որ մի օր մորը կարող էր մահացած տեսնել: Անընդհատ խոսում էր նրա հետ և փորձում իրենց կյանքից որոշ դրվագնել հիշեցնել: Ու թեպետ տպավորությունն էնպիսին էր, որ Սեդան աղջկան չէր լսում, Սերինեն համոզված էր, որ մայրը հասկանում, վերհիշում ու նորից վերապրում էր նրա ամեն մի ասածը, չնայած որ աչքերից հոսող արցունքներից բացի ուրիշ ոչ մի բան դրա մասին չէին վկայում:
«Մա՛մ… Հիշում ե՞ս էն սեպտեմբերի մեկը, երբ առաջին անգամ ինձ դպրոց տարար, - ասում էր,- Էն ոնց էի կպել քեզնից ու պոկ չէի գալիս… վախենում էի, մա՛մ, վախենում էի էն մտքից, որ քեզ էլ չեմ տեսնելու… բա ոնց էի վախեցել, երբ դասն ավարտվելուն պես դուրս եկա, ու քեզ դրսում չգտա»…: Սա ասելիս՝ Սերինեի արտասվախառն դեմքին կարծես ժպիտի նշույլներ հայտնվեցին… « Բա որ հետո գտա քեզ… հիշում ե՞ս ոնց վազելով եկա ու գրկեցի քեզ այնպես ամուր` ասես հարյուր տարի չէի տեսել»:
Ահա հենց այսպես էր դուստրը փորձում ինչ-որ կերպ թոթափել իր մեջ կուտակված ողջ տրտմությունը, իսկ մայրը, ցավոք սրտի, միայն արցունքների միջոցով էր կարողանում արջագանքել դստեր ասածներին:
«Մա՛մ... մամ ջաաան, իսկ հիշում ե՞ս, որ մի անգամ` Մարտի 8-ին, ես ու Դավոն (Դավիթը Սերինեի կրտսեր եղբայրն էր, ով այդ ժամանակ ծառայության մեջ էր) քո համար շնորհավորական բացիկ էինք սարքել... մինչև հիմա կա էդ բացիկը... ինչքա՜ն էիր ուրախացել... բայց դու դեռ էլի ես ուրախանալու... դեռ ինչքան բացիկներ ենք ես ու Դավոն քո համար սարքելու, մենակ դու լավացի, մամ ջան, չնայած ես գիտեմ` դու ուժեղ ես, դու կդիմանաս, մեզ հասատ մենակ չես թողնի», -ասում էր ու արդեն անհնար էր դառնում պահելու փղձուկը, կոկորդում ինչ-որ բան ամուր սեղմում էր... ուզում էր գոռալ, ուզում էր բարձր ձայնով լաց լինել, բայց...
Ի պատասխան դրան` Սեդայի խամրած աչքերում դուստրը շարունակ միայն մի արտահայտություն էր կարողանում կարդալ. «Ներիր ինձ, բալե՛ս»: Եվ իսկապես, Սեդան, ով արդեն բռնել էր մահվան ուղին, իրեն մեղավոր էր զգում` նախ ընտանիքի անդամներին տանջելու ու ցավ պատճառելու, հետո` նրանց լքելու ու անդարձ հեռանալու համար:
Հետզհետե լույսը բացվում էր, սակայն Սերինեն արդեն չէր էլ տարբերում ցերեկը՝ գիշերվանից ու խավարը՝ լույսից: Այնքա՜ն աննկատ էր անցնում ժամանակը նրա համար... ուզում էր անդադար նստել ու նայել մոր դալուկ ու գունատ, բայց միևնույն ժամանակ խոսուն դեմքին... ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել դառը իրականության հետ:
Մինասը` Սերինեի հայրը, նույնպես չէր կարողանում հարմարվել ստեղծված դաժան իրակնության հետ, սակայն տղամարդուն վայել կերպով հմտորեն կարողանում էր քողարկել իր զգացմունքները: Հենց այդ իսկ պարզ պատճառով էր, որ միայն շատ խիստ անհրաժեշտության դեպքում էր կնոջ սենյակը մտնում: Այդ խիստ անհրաժեշտություններից մեկն էլ՝ ժամանակ առ ժամանակ աղջկան դուրս կանչելն էր, որպեսզի բանակից զանգահարող եղբոր հետ զրուցեր: Ու ամեն անգամ եղբոր հետ խոսելուց հետո Սերինեն զերծ չէր մնում հոր հետ վիճաբանելուց.
- Այ բալես, տենց չի լինի,- համդիմանում էր հայրը, - էդ էրեխուն ամեն անգամ խաբում, մի բան ասում ես... ի վերջո մի օր իմանալու ա, որ մերը...
- Պապ, չե՞ս հասկանում, որ ընդամենը երեք ամսից Դավոն տանն ա լինելու... իսկ հիմա՞... եթե ասե՞նք... պատկերացնում ե՞ս... Դավոն չի դիմանա, կխելագարվի, գլխին մի փորձանք կբերի հաստատ:
- Չի՛ խելագարվի... դու ես լրիվ խելագարվել... ով ա տեսել` որդին իր մոր թաղմանը չմասնակցի:
- Սուս, պապ, էդ բառը չասես... չեմ ուզում, չեմ ուզում լսել... արդեն մորս ողջ-ողջ թաղում ես, - արցունքները ցամաքեցնելով` ասում էր Սերինեն:
Ու իսկապես, նրա ասածների մեջ ճշմարտություն կար: Որդին, հեռու գտնվելով մորից, գուցե իրոք չկարողանար դիմակայել այդ մեծ ցավին, ու գուցե հետագայում կորուստներն անդառնալի լինեին: Բայց Մինասին էլ հասկանալ կարելի էր. ճշմարտությունը կոծկելու համար, Դավիթը, հնարավոր էր, որ երբեք քրոջն ու հորը ներել չկարողանար:
Իրականում հայր ու դուստր արդեն չափազանց շատ էին վիճաբանել այս հարցի շուրջ, բայց Սերինեն անդրդվելի էր: Իսկ Մինասը, քանի որ չէր ուզում աղջկա ` առանց այն էլ արդեն աղ ու պղպեղով համամված վերքի վրա նորից աղ ու պղպեղ ավելացնել, տեղի տվեց ու որոշեց, որ կանեն այնպես, ինչպես դուստրն էր ուզում. Դավիթին չեն ասի մոր` մոտալուտ վախճանի մասին:
Անցավ մի քանի օր: Սերինեն շատ անհանգիստ էր. գիշերը մայրը շատ վատ էր:Շարունակ հոգոցներ էր հանում ու ծանր հառաչում: Այդ վկայությունն էր այն բանի, որ մինչև առավոտ հազիվ թե լուսացներ: Դրա մասին մտածելիս` Սերինեի մարմնով սարսուռ էր անցնում, վախենում էր, որ ամեն պահի մորը կարող էր անշնչացած տեսնել:
Այդ գիշեր հայրն էլ էր նրա կողքին: Երկուսով կարծես սպասման մեջ էին... սարսափելի զգացում է, համաձայնե՛ք: Ուղղակի զարհուրելի է... նստել ու սպասել, թե հարազատդ երբ է հոգին ավանդելու... Ի՜նչ արած... սա էր դառը իրականությունը...
Մինչև վերջին պահը, սակայն, Սերինեն հրաշքի էր սպասում, իսկապես չէր կարող մորը մեռած տեսնել:
«Պա՛պ,... չեմ ուզում... չեմ ուզում, որ մաման լքի մեզ... համաձայն եմ, թող միշտ էս վիճակով պառկած մնա, թող չխոսի, թող մենակ արցունքները լինեն ապացույցն էն բանի, որ ինձ լսում ա, մենակ թե չեմ կարող տեսնել...պա՛պ,... ես չեմ դիմանա...»,- մոր ձեռքը վայրկյան անգամ բաց չթողնելով ու հեկեկալով՝ ասում էր:
Բայց ինչ-որ բան փոխել` անհնար էր.... վերջ... վրա հասավ այն պահը, որից Սերինեն ամենաշատն էր վախենում. մայրն այլևս անկենդան էր:
Էհ, մարդկային կյանք... ախ որքա՜ն թանկ ու արժեքավոր ես դու, բայց առավել թանկ ու արժեքավոր ես նրանց համար, ովքեր քեզ իսկապես պաշտում են ու առանց քեզ իրենց կյանքը պատկերացնել չեն կարողանում:
Սկզբում Սերինեն այդ թանկ ու արժեքավոր կյանքի կորստից ուշքի չէր գալիս, համակերպվել չէր կարողանում, օրերով փակվում էր սենյակում, ոչ ուտում էր, ոչ` խմում, սակայն կամաց-կամաց ժամանակն օգնում էր կյանքին մի փոքր ավելի սթափ նայել: Գիտակցում էր, որ պիտի ուժեղ լինի, քանի որ ի վերջո նրան ավելի ծանր փորձություն էր սպասվում. շատ քիչ ժամանակ էր մնացել եղբոր` բանակից վերադառնալուն: Նա պիտի պատրաստվեր, հոգեպես տրամադրվեր... Աստված գիտեր, թե մոր կորստի մասին լսելուց հետո Դավիթին ինչ էր սպասվում:
Ու Այդ ժամանակվա ընթացքում Սերինեն փորձում էր վերհիշել մոր հետ կապված լավ ու վատ, տխուր և ուրախ անցած ու գնացած օրերը, նրա սիրած ու չսիրած երևույթները, մի խոսքով` մոր հետ կապված ամեն բան: Մի հետաքրքիր սովորություն ուներ Սեդան. անկախ նրանից կլսեր, թե ոչ, ռադիոընդունիչը գրեթե միշտ միացված էր թողնում, ու երբ երեխաները, այդ ձայնից նյարդայնացած, փորձում էին անջատել, զայրացած ասում էր. «Չեմ ուզում աշխարհքից կտրված ապրել... ինձ հետ խոսող, ինձ շատ բաներ պատմող, սակայն իմ արձագանքը երբեք չլսող միակ ընկերոջից ինձ մի՛ զրկեք»:
Այն օրը Սերինեն հիշել էր մոր հենց այդ սովորության մասին ու իրեն մի տեսակ վատ էր զգում, որ ժամանկին չարաճճիություն էր անում ու ի հակառակ մոր` ռադիոընդունիչը պարբերաբար անջատում: Ու որոշեց.
«Այսուհետ ռադիոընդունիչը երբե՛ք չեմ անջատելու»:
Հենց այդ նույն ռադիոյով էր, որ երեկոյան լսեց այն բոթը, որը այդ չափազանց դառը իրականության մի մասն ու ճակատագրի հաջորդ ծանրագույն հարվածն էր:
Ահա այդ.
Այսօր` կեսօրին մոտ, №... զորամասի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող` 1992 թվականին ծնված Դավիթ Մինասի Պողոսյանը:

Հ.Գ. Ժող ջան, առաջին անգամ եմ ստեղծագործություններիցս ակումբում տեղադրում, էնպես որ սպասում եմ ձեր քննադատություններին…

ivy
15.12.2011, 03:09
Նարե, հուսով եմ, որ գրածդ իրական դեպք չէր... Իսկ եթե իրական դեպք չէր, չեմ հասկանում, թե ինչու էր գրված: :(

Նարե91
15.12.2011, 03:13
Այվի ջան, ցավում եմ:(, բայց իրականությունն եմ գրել՝ չնայած որ վերջին հատվածը իրականությունից մի քիչ տարբերվում է…

Գեա
15.12.2011, 10:49
Նարե ջան գրագետ էր գրված , աչքս շոյեց, չեմ թաքցնի... լաց եղա:

E-la Via
15.12.2011, 10:50
Նարե ջան, մարդու ձեռքն է չի գնում շնորհակալություն հայտնել… Դաժան էր...

Լավ, իսկ ինչ վերաբերվում է ստեղծագործությանը, ասեմ, որ սահուն էր գրված, կիրթ շարադված:
Ապրես, շարունակիր գրել: Հաճույքով կկարդամ մյուս ստեղծագործություններդ էլ:

Նարե91
15.12.2011, 22:03
Նարե ջան գրագետ էր գրված , աչքս շոյեց, չեմ թաքցնի... լաց եղա:
Գեա ջան, շնորհակալ եմ՝ կարդալուդ :)և ներողություն եմ խնդրում՝ քեզ թածխով լցնելու համար:(

Նարե ջան, մարդու ձեռքն է չի գնում շնորհակալություն հայտնել… Դաժան էր...
Լավ, իսկ ինչ վերաբերվում է ստեղծագործությանը, ասեմ, որ սահուն էր գրված, կիրթ շարադված:
Ապրես, շարունակիր գրել: Հաճույքով կկարդամ մյուս ստեղծագործություններդ էլ:
Քեզ նույնպես շնորհակալություն, way ջան… դաժան բառը բավական չէ բնութագրելու այդ ընտանիքի ցավը:(...Շատ կուզենայի, որ գրածս իրականության հետ ոչ մի աղերս չունենար,բայց եղածն եղած է : Արդեն մեկ տարի է անցել այդ դեպքից, ու ուրախ եմ, որ այդ դաժանագույն հարվածներից հետո հայր ու դուստր իրենց մեջ ուժ գտան ապրելու…

Lion
16.12.2011, 08:29
Հ.Գ. Ժող ջան, առաջին անգամ եմ ստեղծագործություններիցս ակումբում տեղադրում, էնպես որ սպասում եմ ձեր քննադատություններին…

Նարե91 ջան, եթե սա իրականպատմության շարադրանք էր, ապա պոստիս շարունակությունը մի կարդա - ընկալենք սա որպես կյանքի մի էպիզոդի արտացոլանք, բայց եթե խնդրին նայենք զուտ որպես ստեղծագործություն, ապա... ոչինչ չէ, որ... քննադատեմ? Ասեմ հետևյալը - ստեղծագործությունը "տեխնիկապես" դուրս եկավ, բայց բովանդակային առումով` չէ: Այսինքն ես կարծում եմ, որ դու իրականումա ավելին ես կարող, քան սա է: Այո, ոճդ լավն էր, սահուն, ոնց ասվեց վերևում, կարողանում ես մարդկային զգացմունքները նկարագրել, բայց... այ հենց էդ բացը դուրս չեկավ: Դուրս չեկավ այն, որ դու կարծես ուզեցել ես. "վշտերով շլացնել" ընթերցողին - ողջ պատմվածքը պատմում ես վշտի մասին, հմտորեն հասցնում ես դա գագաթակետին և... վերջում մի ուրիշ ու ավելի մեծ վիշտ ես հրամցնում ու դրանով էլ ավարտում ես: Տպավորություն կար, թե ուղղակի. "ինտրիգը չի հերիքել" և դու "պերեբոռ ես արել": Մի հատ էլ սուբյեկտիվ պահ - միշտ այն կարծիքին եմ եղել, թեև չեմ փաթաթում դա ուրիշների վզին, որ պատմվածքը դրական կամ բացասական լինելուց զատ պետք է ընդհանուր առմամբ մարդկանց որևէ դրական բան տա - հիմա այստեղ` հա. վշտացանք, հա, վերջում էլ ավելի վատ զգացինք, բայց... լաց ու կոծից բացի էլ ինչ?

Դուրս չեկավ նաև էպիզոդիկ ու կարծես պատահական հայտնվող հոր կերպարը, որը հարց չի լուծում, էլ չասած էլ այն, որ հիվանդ կնոջ սենյակ փորձում է քիչ մտնել...

Մի խոսքով, պատմվածքի մասին այսքանը, ես նման դեպքերում փորձում եմ անկեղծ լինել, որ հեղինակին օգուտ տված լինեմ - վստահ եմ, որ ապագայում նորանոր ու ավելի դրական լույսերով համեմված ստեղծագործություններ կստեղծես

Նարե91
16.12.2011, 19:43
Նարե91 ջան, եթե սա իրականպատմության շարադրանք էր, ապա պոստիս շարունակությունը մի կարդա - ընկալենք սա որպես կյանքի մի էպիզոդի արտացոլանք, բայց եթե խնդրին նայենք զուտ որպես ստեղծագործություն, ապա...
ոչինչ չէ, որ... քննադատեմ? Ասեմ հետևյալը - ստեղծագործությունը "տեխնիկապես" դուրս եկավ, բայց բովանդակային առումով` չէ: Այսինքն ես կարծում եմ, որ դու իրականումա ավելին ես կարող, քան սա է: Այո, ոճդ լավն էր, սահուն, ոնց ասվեց վերևում, կարողանում ես մարդկային զգացմունքները նկարագրել, բայց... այ հենց էդ բացը դուրս չեկավ: Դուրս չեկավ այն, որ դու կարծես ուզեցել ես. "վշտերով շլացնել" ընթերցողին - ողջ պատմվածքը պատմում ես վշտի մասին, հմտորեն հասցնում ես դա գագաթակետին և... վերջում մի ուրիշ ու ավելի մեծ վիշտ ես հրամցնում ու դրանով էլ ավարտում ես: Տպավորություն կար, թե ուղղակի. "ինտրիգը չի հերիքել" և դու "պերեբոռ ես արել": Մի հատ էլ սուբյեկտիվ պահ - միշտ այն կարծիքին եմ եղել, թեև չեմ փաթաթում դա ուրիշների վզին, որ պատմվածքը դրական կամ բացասական լինելուց զատ պետք է ընդհանուր առմամբ մարդկանց որևէ դրական բան տա - հիմա այստեղ` հա. վշտացանք, հա, վերջում էլ ավելի վատ զգացինք, բայց... լաց ու կոծից բացի էլ ինչ?

Դուրս չեկավ նաև էպիզոդիկ ու կարծես պատահական հայտնվող հոր կերպարը, որը հարց չի լուծում, էլ չասած էլ այն, որ հիվանդ կնոջ սենյակ փորձում է քիչ մտնել...

Մի խոսքով, պատմվածքի մասին այսքանը, ես նման դեպքերում փորձում եմ անկեղծ լինել, որ հեղինակին օգուտ տված լինեմ - վստահ եմ, որ ապագայում նորանոր ու ավելի դրական լույսերով համեմված ստեղծագործություններ կստեղծես

Lion ջան, քանի որ պատմվածքը մասամբ էր իրականությանը համապատասխանում, այդ պատճառով կարդացի գրածիդ շարունակությունը ու անկախ այդ փաստից չկարդալը, կարծում եմ՝ կդիտվեր որպես անշնորհքության դրսևորում…
Ոչ թե ոչինչ, որ քննադատում ես, այլ ես իսկապես քննադատություններ էի ուզում լսել ու դրա համար անչափ շնորհակալ եմ քեզ այդ անելու համար:
Իրականում ես այս պատմությունը չեմ գրել, որ այն դրական վարկանիշներով ու շնորհակալություններով ողողեն. նման միտում երբևէ չեմ ունեցել:
Անկեղծ ասած, գրելու շատ քիչ փորձ ունեմ. ինչ էլ որ գրել եմ, երբեք չեմ ցանկացել, որ ինչ-որ մեկը կարդա, քանի որ միշտ մտածել եմ, որ գրածս իրենից ինչ-որ արժեք չի ներկայացնում: Բայց մի քանի օր առաջ, երբ վերընթերցում էի ստեղծագործություններս, ուղղակի որոշեցի դրանցից մեկն այստեղ տեղադրել զուտ այն պատճառով, որ քննադատությունների, ճիշտ խորհուրդների ու արտահայտած կարծիքների միջոցով կարողանամ հետագա գրվածքներիս մեջ փոփոխություններ մտցնել ու որակապես բարելավել… Հավատացած եղի՛ր, որ որ գրառումդ մեծ օգնություն էր ինձ համար ու դրա համար ևս մեկ անգամ ի սրտե շնորհակալությունս քեզ:

Lion
17.12.2011, 01:21
Ապրես, որ ճիշտ հասկացար :) Ուրախ եմ, որ օգտակար եղա և հետագայում ես հաճույքով կկարդամ քո մյուս ստեղծագործությունները...

Sambitbaba
17.12.2011, 08:49
Անկեղծորեն ասած, ոչ թե չեմ սիրում տխուր պատմվածքներ: Ուղղակի ինձ թվում է, որ մարդիկ կարծում են, թե ուրախ պատմություններ շարադրելն ավելի դժվար է: Եվ այդ է պատճառը, որ ով չի ալարում՝ տխուր պատմություն է շարադրում: Հետևանքը՝ հազվադեպ են հաճելի ու իրոք հուզիչ ստեղծագործությունները…

Քո "Դառը իրականությունը" այս հազվադեպների թվին է պատկանում, սիրելի Նարե:

Վարպետությանդ առաջին վկայականն են Այվիի խոսքերը: Այնքան հստակ ես նկարագրել իրականության դաժանությունը, որ Այվին վրդովվում է. եթե իրականություն չէ, ուրեմն ինչո՞ւ է այսքան դաժան… /Ճի՞շտ եմ, Այվի…/

Գեային էլ լրիվ կարելի է հասկանալ. այնքան զգացմունքային ես գրել այս գործը, որ անշուշտ այն կարող է արցունքներ էլ քամել ընթերցողի աչքից:

Միանալով Վեյին, կասեմ, որ հիմա արդեն՝ դու ուղղակի պարտավոր ես ծանոթացնել մեզ քո այլ ստեղծագործությունների հետ էլ: Եվ եթե նրանք էլ նման են սրան…

Ինչ մեղքս թաքցնեմ, համաձայն եմ Լիոնի հետ էլ, երբ նա գրում է, որ. "հայրը հիվանդ կնոջ սենյակ փորձում է քիչ մտնել...": Իհարկե, ցանկության դեպքում կարելի է հորն էլ հասկանալ, սակայն ես կարծում եմ, որ բանն այստեղ ավելի շատ քո անփորձությունն է: Եվ այդ առիթով մի լավ լուր եմ ուզում հաղորդել քեզ. մի վհատվիր, քանզի անփորձությունը՝ ամենահեշտ բուժվող հիվանդությունն է:

Դրա փոխարեն քեզ մոտ, ինչպես երևում է, կա մի բան, որը շատ քչերին է յուրահատուկ. բնազդը, զգայականությունը:

Սա՝ այն է, ինչի պատճառով ես համաձայն չեմ նույն Լիոնի հետ /կներես, Լիոն ջան/, երբ նա գրում է. "վշտերով շլացնել" կամ " Դուրս չեկավ նաև էպիզոդիկ ու կարծես պատահական հայտնվող հոր կերպարը, որը հարց չի լուծում": Իհարկե, Լիոն ջան, եթե այս պատմությունը դիտենք որպես հերթական մի տխուր պատմության փորձ, - հնարավոր կլինի ինչ-որ տեղ համաձայնվել քեզ հետ այս հարցերում էլ, չնայած հայրը հենց էպիզոդիկ կերպար է որ կա: Եվ հարցն այն չէ, որ նա "հարց չի լուծում", - հարցերն այստեղ լուծում է դուստրը: Ուղղակի, ինչպես դու ճիշտ նկատեցիր, հոր կերպարը մշակման կարիք ունի: Բայց սա՝ "հերթական տխուր պատմություն" չի: Սա՝

Ուրիշ է:
Եզակի է:
Առանձնահատուկ է:
Սրա համար կարելի է Նոբելյան մրցանակ տալ…

Այստեղ կա մի բան, ինչը կտրականապես հերքում է "վշտերով շլացնելու" գաղափարը:

Ես չգիտեմ, Նարե ջան, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ասում, կամ կռահո՞ւմ ես, թե ուր եմ տանում միտքս: Շատ հնարավոր է, որ՝ ոչ: Ես նույնիսկ չեմ էլ զարմանա, եթե հենց այդպես էլ լինի: Որովհետև մենք մեր մատի փաթաթան ենք դարձրել այն տեսակետը, որ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք մտածում ենք: Բայց յուրաքանչյուր մարդ, երբեմն այնպիսի հոգևոր վիճակներ է ապրում, որ սկսում է մտածել ոչ թե ուղեղով, այլ… սրտով: Եվ այ, հենց այս դեպքում են սկսում ի հայտ գալ մեծ ճշմարտությունները:
Քանզի սիրտը՝ գաղափարներ, իդեաներ առաջարկողն է, ուղեղը՝ այդ իդեաները փորձարկողը, իսկ հոգին՝ դրա արդյունքը վայելողը:

Այս անգամ՝ դու մտածել ես սրտով: Դու գիտե՞ս այդ:

Ամենակարևորն այստեղ սերն է և հոգատարությունը: Այն սերն ու հոգատարությունը, որ թռչում-անցնում է տարածության, ժամանակի, գիտակցության, մեր բոլոր նախախնամությունների վրայով, մեր ամբողջ տրամաբանականության վրայով, որպեսզի ավելորդ ողբերգությամբ չպղտորի, որպեսզի գոնե մի քանի՝ մոտալուտ հանդիպման երջանիկ սպասումներով լի օրեր պարգևի առանց այն էլ շուտով այդպես ողբերգականորեն կտրվող պատանի կյանքին… Եղբոր կյանքին:

Սերինեի տաժանակիր, տանջալից օրերի հուզիչ նկարագրությունը, մշուշապատված սիրելի մոր մոտալուտ մահվան դառնությամբ, - գիլյոտինի պես կտրում է Դավթի ողբերգական մահվան լուրը: Ինչ խոսք, դաժան է՝ շատ: Բայց ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո, երբ կրքերը հանգստանան, - թե Այվին, թե Գեան, թե Վեյը և թե Լիոնը, - այս տխուր պատմությունը հիշելիս, առաջին հերթին կհիշեն ոչ թե այս ամբողջ տրագիզմն ու դաժանությունը, այլ այն մաքուր, վսեմ, հոգատար ու մեծ սերը եղբոր հանդեպ, որը հնարավորություն տվեց Սերինեին, նույնիսկ անգիտակցաբար, հեռու պահել սիրելի եղբորը՝ մորը կորցնելու ողբերգությունից:

Կներես, Նարե ջան, երկար ստացվեց, բայց, հուսամ՝ հասկանալի՞…

Հ.Գ. Իսկ քեզ՝ խորին շնորհակալություն այս գեղեցիկ ու տխուր, բայց ըստ ինձ՝ լուսավոր, - պատմվածքի համար:

impression
17.12.2011, 10:53
Նարե, էս պատմվածքդ ես մի տեսակ չեմ մարսում, ու ձևավորված կարծիք էլ չունեմ, որ գրեմ, ոչ էլ սիրում եմ գրել կարծիքս
բայց մի բան խնդրեմ, եթե ժամանակ ու հավես ունենաս, մի բան հորինի ու դիր կարդանք, հա՞
այսինքն գրածդ ոչ թե արդեն դու քո աչքով տեսած լինես կամ քեզ պատմած լինեն, այլ դու ինքդ քո գլխի մեջ էփես, խառնես, համեմես, ու երբ մտածես որ պատրաստ ա, հանես դնես ստեղ, ասես՝ համեցեք ;)

John
17.12.2011, 11:43
Կարծում եմ՝ պատմվածքը ուսուցողական կլինի ռոբոտացած մարդկանց համար, ովքեր խրվել են ճահճացած կյանքի հորձանուտի մեջ ու մոռանում են գոնե մեկ-մեկ ժպտալ իրենց հարազատներին, գրկել, համբուրել, ուրախանալ, որ նրանք կան, իր կողքին են...

Շնորհակալ եմ Նարե ջան, որ չես զլացել գրի առնել...

Ու մեկ էլ մի խորհուրդ՝ որն ինձ տվել են ժամանակին ու սիրով հետևում եմ այդ խորհրդին՝ երկար գրառումներ անելուց յուրաքանչյուր մի քանի տողից հետո մի տող բաց թող, որ կարդացողի աչքի համար դժվար չլինի... ասենք էջը «թերթելուց» հետո դժվարությամբ չգտնի, թե որտեղ էր հասել :)

armen9494
17.12.2011, 16:22
Ճիշտն ասած՝ չէի ուզում մտնել էս բաժին, որովհետև ակումբը իմ համար ուրախ տեղ է, որտեղ կատակում ենք, զվարճանում, մեկ մեկ էլ իրար միս ուտում :))
Բայց որ տեսա այսքան գրառումներ, ասեցի կարդամ, վերջ ի վերջո հետաքրքրեց: Ասեմ, որ յուրաքանչյուրիդ տեղը որ լինեի, կփորձեի մոռանալ կամ ուշադրություն չդարձնել այս վշտին: Մարդ շատ լսեսլով էս պատմությունները, կարդալով ինտերնետում բայղուշ լուրեր, հաստատ ավելի է վատանում, իրեն դա ինչ-որ դրական լուրջ բան չի տալիս: Ես մի ուրիշ պատմություն կարող էի պատմել մեր հարևանի աղջկա մասին, բայց չեմ ուզում, որ տխրեք: Ճիշտը որ ասեմ՝ ես էլ էդ դեպքը ու աղջկան միշտ աշխատում եմ չհիշել, հիշելուց էլ միայն լավ պահերն եմ հիշում ու չեմ էլ մտածում, որ նա չկա: Միայն նման պատմություններ կարդալիս եմ դրա մասին հիշում: Լավ, ինչ որա է: Մի բան էլ ասեմ, պատմվածքը իմ համար ուներ երկու մաս՝ սուգ և ողբ: Առաջին մասը սուգ էր, որովհետև մայրը արդեն ինչ-որ չափով ապրել էր իր կյանք, ուներ զավակներ և, վաղ թե ուշ ինչպես բոլոր մարդիկ, հեռանում էր այս աշխարհից: Նրա մահը սգում էին: Իսկ այ երկրորդ մասը (որը չշարունակվեց) արդեն ողբ էր:
Եվ նման դեպքերում ես մի բան էլ եմ մտածում՝ իսկ ինչի՞ ենք մենք մտածում, որ այս կյանքից հեռանալը վատ է: Միգուցե հենց այս կյանքից հեռանում ես, սկսվում է մի ուրիշ "տիպի" կյանք՝ "կեր, խմի, քեֆ արա"-ի նման ;)

Նարե, գրեցի վերջացրի, նոր հիշեցի, որ դու սա համ էլ որպես պատմվածք էս գրել ու ոզում էիր, որ կարծիքներ հայտնեն: Ասեմ մի բան՝ մենակ նրանից, որ արդեն սենց խոսում ենք, կարող ես հետևություններ անել, որ շատ լավ ես գրել: Մեծամասնությունը չի էլ մտածում գրածդ ձևի մասին, նրան գրավում է պատմությունը, իսկ դա հենց այն է, ինչ պետք է ;)

Smokie
17.12.2011, 23:01
Նարե ջան շատ լավն էր: Իրոք ինչպես նշեցին այստեղ` գրված էր շատ սահուն, գեղեցիկ, լավ ու... շատ տխուր::( Բայց ինչու՞ աչք փակել իրականության վրա, ինչքան էլ այն դառը լինի` դառնություններ ցանկացած մարդու կյանքում եղել են, գոնե մեկ անգամ եւ հաճախ մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում (կամ, գոնե պետք է գտնեն) հաղթահարելու համար խոչընդոտները: Տխուր օրերը անբաժան են մարդու կյանքից, ինչքան էլ ցավալի է, բայց փաստ է: Իհարկե կա նաեւ դրականը, կա նաեւ լավը, դա է'լ գալիս է այն բանից հետո, երբ հաղթահարում ես բարդությունները::) Գիտե՞ս, իմ մոտ հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մազոխիստ եմ:

Ես ասել եմ չէ՞ քեզ, որ մեեեծ հետաքրքրությամբ ու մի շնչով եմ կարդում կյանքից վերցրած քո երկար պատմությունները, որոնք վաղուց է ինչ, էլ չես դնում ակումբում: Այս պատմությունն էլ սկզբից տեսել էի ու մտածել «երկար է, հետո անպայման կկարդամ,» հիմա չդիմացա հետաքրքրությանը ու... էլի մի շնչով կարդացի::) Իզուր ես կարծում, որ թույլ ես որպես գրող, ես մեծագույն հաճույքով էլի՛ կկարդամ քո ստեղծագործություններից, մանավանդ, որ կարոտել եմ, քո ծավալուն պատմություններին::)

Smokie
18.12.2011, 16:21
Ճիշտն ասած ինձ է՛լ դուր չէր եկել այն բանը, որ հայրը հազվադեպ էր մտնում հիվանդ կնոջ մոտ, թող անհամեստ չհնչի, բայց եսասերի տպավորություն է թողնում::oy Ճիշտ է, անտարբեր չի դեպի այս ամենը, բայց միայն ի՛ր տառապանքին է կարեւորություն տալիս,:( կամ սովոր է ինքն իր մեջ փակվել ու նման պահերին լռել, ինչը նույնպես շատ վատ է, այդ պահին աղջիկը եւ մայրը հենց աջակցության կարիք էին զգում: Ուշադրության արժանի է նաեւ այն հատվածը՝ որտեղ ուզում է, որ որդին իմանա մոր հիվանդության մասին:

Նարե91
18.12.2011, 20:44
Հարգելի ակումբցիներ ջան, անչափ շնորհակալ եմ ձեր թանկ ժամանակը ծախսելու, պատմվածքը կարդալու, ձեր զգացածն արտահայտելու ու պետքական խորհուրդներ տալու համար:
Համոզված եղե՛ք, որ յուրաքանչյուրիդ խոսքն անսահմանորեն կարևորում եմ ու հետագայում ինչ-որ բան գրելիս հատ առ հատ հիշելու եմ ձեր բոլորի ասածները:
Էնքան բան ունեմ ասելու... եթե սկսեմ պատասխանել, ապա էնքան եմ ծավալվելու, որ...:) բայց ախր չանդրադառնալ էլ չեմ կարող.... լավ փորձեմ հնարավորինս հակիրճ գրել... Ուրեմն այսպես.

Sambitbaba ջան, հոգաչափ շնորհակալ եմ պատմվածքն այդքան մանրամասնորեն վերլուծելու ու քննարկելու համար... ինչ խոսք՝ օգտակար էր շատ: Իսկապես, գրելիս շատ խորը չեմ մտածել. գրել եմ այն, ինչ զգացել եմ ու հավանաբար բնազդաբար է ստացվել, ինչպես որ դուք նշեցիք: Ինձ համար շատ բաներ բացահայտեցիք իմ իսկ գրած ստեղծագործության վերաբերյալ::)

impression ջան, ակումբում այն եզակիներից ես /եթե ոչ այն եզակին/, ում գրած յուրաքանչյուր տողը ոչ թե կարդում եմ, այլ ագահաբար կլանում, ու հենց էդ պատճառով էլ քո ամեն մի ասածը թանկ եմ համարում: Ժամանակ գտնելուն պես՝ հաճույքով ասածդ կիրագործեմ: Շնորհակալություն նաև քեզ:

John ջան, արժեքավոր խորհուրդդ մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ:) Ես էլ իրոք զգացի, որ աչքի համար հաճելի չէ էսպես կիպ-կիպ գրվածը: Հաջորդ անգամ էլ սենց չեմ անի… մերսիներ;)

armen9494 ջան, մարդկանց մեծամասնությունը ոչ թե այս կյանքից հեռանալուց է վախենում, այլ անորոշությունից. այսինքն այն բանից, որ չի իմանում՝ մահից հետո իրեն ինչ է սպասվելու: Դա ավելի սարսափելի է իրականում, քան հենց մահը: Ու մի բան էլ... այ սրան իսկապես չանդրադառնալ չեմ կարող. անկեղծ ասած ստորև գրվածդ ինձ զայրացրեց.

Մի բան էլ ասեմ, պատմվածքը իմ համար ուներ երկու մաս՝ սուգ և ողբ: Առաջին մասը սուգ էր, որովհետև մայրը արդեն ինչ-որ չափով ապրել էր իր կյանք, ուներ զավակներ և, վաղ թե ուշ ինչպես բոլոր մարդիկ, հեռանում էր այս աշխարհից: Նրա մահը սգում էին: Իսկ այ երկրորդ մասը (որը չշարունակվեց) արդեն ողբ էր:

Արմե'ն, այն, որ վաղ թե ուշ բոլոր մարդիկ էլ հեռանում են այս կյանքից, այնքան պարզ է, ինչքան որ` 2+2=4: Դա չէ խնդիրը... Ինչ է՝ էդ մայրն այլևս անելիք չունե՞ր էս աշխարում... վե՞րջ... կարո՞ղ էր արդեն մեռնել:(...
Ծնողի կորուստը, որ տարիքում էլ, որ լինի, չափազանց ծանր է իր զավակի համար... էնպես որ էդ ողբ ու սուգ տարանջատումդ բոլորովին տեղին չէր... չնայած դու գրել ես այն, ինչ զգացել ես ու դրա համար ես քեզ չեմ մեղադրում՝ չմոռանալով հայտնել շնորհակալությունս;)

Smokie ջան, :o թույլ գրո՞ղ... երանի չէր՝ թույլ գրող լինեի... ես դեռ էնքան թուղթ պիտի մրոտեմ, մինչև որ հասնեմ թույլ գրողի մակարդակին...ես հիմա պարզապես անում եմ այն, ինչն ինձ հաճույք է պատճառում: Թե հետո ինչ կլինի՝ չգիտեմ::( Շատ ապրես կարդալուդ համար Գևորգ ջան, ամենից շատ սակայն ուրախ եմ, որ հաճույքով ես կարդում:;)

Հ.Գ. Կաշխատեմ, որ հետագայում գրվելիք պատմվածքները ողբի ու սգի տարրեր չպարունակեն՝ փորձելով կոտրել այն կարծրատիպը, թե իբր ուրախ պատմություններն իրականում ավելի դժվար է ներկայացնել…:)

Alphaone
07.08.2013, 19:29
Նարե ջան, անկեղծ Փառիկն ավելի դուր եկավ, կարծում եմ, այն էլ էր իրական դեպքերի շարադրանք, ես եսիմ ինչ փորձառու գրող չեմ, որ նման բան ասեմ, բայց որպես լիքը կարդացած մարդ կարող եմ ասել, որ անփորձություն կար ու ընդհանուր ճնշող մթնոլորտ էր: Ես էս ժանրի մարդ չեմ, դրա համար լավ խորհուրդներ չեմ կարող տալ, իրականում լացացրեց, բայց լացացրեց, երբ կարդացի, որ իրական դեպք էր ու ինձ մոտ ապրող մարդկանց մոտ հիմա նույն վիշտն է, լավ կլինի, որ լացացնի անգամ հորինվածքն ու ոչ թե ծանր սյուժեով լացացնի, այլ՝ խորությամբ ու զգացմունքներով: Գիտեմ, որ դու կարողանում ես զգալ ու ատ խորը զգայական արտացոլում տալ, դրա համար էլ վստահ եմ, որ դեռ տասնյակ անգամներ ավելի լավ գործեր եմ կարդալու քո հեղինակությամբ :)

armen9494
08.08.2013, 18:17
armen9494 ջան, մարդկանց մեծամասնությունը ոչ թե այս կյանքից հեռանալուց է վախենում, այլ անորոշությունից. այսինքն այն բանից, որ չի իմանում՝ մահից հետո իրեն ինչ է սպասվելու: Դա ավելի սարսափելի է իրականում, քան հենց մահը: Ու մի բան էլ... այ սրան իսկապես չանդրադառնալ չեմ կարող. անկեղծ ասած ստորև գրվածդ ինձ զայրացրեց.


Արմե'ն, այն, որ վաղ թե ուշ բոլոր մարդիկ էլ հեռանում են այս կյանքից, այնքան պարզ է, ինչքան որ` 2+2=4: Դա չէ խնդիրը... Ինչ է՝ էդ մայրն այլևս անելիք չունե՞ր էս աշխարում... վե՞րջ... կարո՞ղ էր արդեն մեռնել:(...
Ծնողի կորուստը, որ տարիքում էլ, որ լինի, չափազանց ծանր է իր զավակի համար... էնպես որ էդ ողբ ու սուգ տարանջատումդ բոլորովին տեղին չէր... չնայած դու գրել ես այն, ինչ զգացել ես ու դրա համար ես քեզ չեմ մեղադրում՝ չմոռանալով հայտնել շնորհակալությունս;)


Էս ինչքա՜ն ժամանակ ա անցել, էն ժամանակ չէի էլ տեսել, որ պատասխանեի:
Նարե ջան մարդը որ տարիքում էլ որ լինի, անելիք միշտ ունի ու չեմ կարծում որ ասածս դրա հետ կապ ուներ: Էդ դեպքում կարո՞ղ ես ասել երբ կլինի սուգը:
Եթե դատենք էնպես, ոնց դու ես ասում, ապա մարդը անընդհատ ապագա սպասելիքներ ունի՝
պապը սպասում է նոր թոռան, թոռան ծնվելուց հետո սպասում է, թե երբ պիտի իրա ձեռքը բռնած դպրոց տանի, հետո երբ պիտի թոռը ամուսնանա: Դրանից հետո էլ բա մի հատ թոռանս էրեխուն չտեսնեի... :roll
Էս շարքը անվերջ ա ու շա՜տ քաղցր շարք ա, բայց պատկերացրու ինչքան դառը կլինի էդ մարդու կյանքն իրականում՝ երբ նա այդքան երկար ապրի ու տեսնի իր որդու կամ թոռան մահը:
Ազնիվ խոսք չեմ երազի այդքան ապրել, էդ կորուստը մարդուն կարա խելագարության էլ հասցնի:

Vardik!
02.11.2013, 21:47
Նար ջան,խոստմանս համաձայն ժամանակ եմ գտնում ու հերթով կկարդամ գրածներդ:
Սրա մասին համ լավն եմ ուզում ասել,համ վատը: Գիտեմ,որ ճիշտ կհասկանաս: :)
Հենց առաջին տողերից հասկացա,որ հորինված չէր,այլ կյանքից վերցված: Ապրես,սիրում եմ,երբ իրական կյանքից են գրում: Համոզված եմ՝ իրական կյանքում գրական գլուխգործոցներ ստեղծելու անթիվ թեմաներ կան:

Բայց աչքիս դու մի քիչ անհամբեր ես: :)) Մի տեսակ շտապողականություն նկատեցի գրածումդ: Էն իմաստով,որ ասես շտապում ես շեշտել դառը իրականությունը: Երկու տեղ հանդիպումա էդ արտահայտությունը: Դրանով կարծես շեշտը դնում ես կոնկրետ էն պահի վրա,որտեղ գրել ես դա: Քո գրածը սկզբից մինչև վերջա դառը իրականություն,ախր: Ինձ թվումա՝ մի թեթև խմբագրելու կարիք ունի,շատ քիչ:
Էսքան փնթնփթում եմ,սպասի մի հատ էլ լավ բան ասեմ: :) Բավականին լավ ես նկարագրում մարդու հոգեկան ապրումները,ապրես: Թեմա,սյուժե,հերոսներ ընտրելիս չես սխալվում,բայց մի տեսակ անավարտ բանա մնում դրանցում: Ես հավատում եմ,որ դու դրանք ժամանակի ընթացքում կլրացնես: Շարունակիր նույն ոգով,Նարե ջան:

Meme
03.11.2013, 02:06
Նար, գիտես որ գրեթե երբեք չի հարմարվում ընթերցել ձեր բոլորի ստեղծագործությունները, բայց էն միտքը հա կար մեջս.
- Պիտի կարդամ մի օր...
ու էսօր էլ էս ժամին, պարապությունիցս, աչքովս հենց քոնը ընկավ, կարդացի, ու գիտես, ընթացքում հասկանում էի, որ գրածդ իսկապես իրականա, չնայած որ փոխել ես....
ապրես, մարմնովս զգացի ամենը, էս անգամ ուժեղ էի չեմ արտասվել, չնայած էսպիսի գրվածքներից միշտ հուզվում եմ, իհարկե արցունքի վայրկան եղավ, բայց .... միգուցե այսօր ուրախ եմ եղել, ինչևէ..
Շնորհակալ եմ քեզ, էսքան իրական ներկայացնելու իրականը, ու նաև իրականությունից քո ուժով փոխելու ամենը, տա Աստված նման դեպքեր չլինելը սխալ կլինի ասելը, բայց թող էնքան չնչին լինեն, որ քեզ նման ստեղծագործող մարդիկ գրիչ չառնեն իրենց ձեռքին նման բանը արձանագրելու....
նկատեցի, որ սա առաջինդա եղել, բայց քո բոլոր ստեղծածներդ պիտի կարդամ, ինքս իմ մեջ եմ դեռ շատ վաղուց խոստացել...