PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուբեն Սևակ



Մաեստրո
17.11.2011, 23:17
53425

(Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) ծնվել է փետրվարի 15-ին 1885 թ-ին Սիլիվրի գյուղում(Կ.Պոլսի մոտ):Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։

Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի,Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։

Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.

«Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ'ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական յարմարութիւնը` դերասանութիւնը»։
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915–ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։
Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…

Մաեստրո
17.11.2011, 23:23
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
Ստեղծագործական աշխատանք

Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905–ին, «Մասիս» հանդեսում։ 1910–ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։

Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։

Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը» բանաստեղծություններում և «Այս դանակը», «Թրուպադուրները», «Փողոց ավլողը», «Մարդերգություն» պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնքտիպ գործերից են։

Սևակի ազգային–հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909–ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման։

Սևակը առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Սևակը ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք, որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։

Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։

Թարգմանել է Լկոնտ դը Լիլի, Հ.Հայնեի բանաստեղծություններից։

Մաեստրո
17.11.2011, 23:42
12, ապրիլ, ուրբաթ երեկո, «Լոզան»

Անուշիկ գանձս
Շնորհակալություն այն նամակների համար, որ կանոնավոր կերպով յուրաքանչյուր 2 օրը մի անգամ վաղ առավոտյան ստանում եմ քեզանից: Շնորհակալություն նաև այն նվերների համար, որ իմ ծննդյան օրվա առթիվ ես ուղարկել. Դու մի փոքրիկ գանձ կին ես, որը շատ է սիրում իր ամուսնուն և ուզում է նրան հաճույք պատճառել, անկախ ամեն ինչից: Սիրելիս, կարծում եմ, որ փոխկապի գնդասեղը տարել ես հետդ, այն մեկը, որ ծնեղներդ անցյալ տարի ծննդյանս օրվա առթիվ նվիրել էին ինձ և որի գոհարը ընկնելու վրա էր: Խնդրում եմ վերանորոգել տաս: Իզուր փնտրեցի նաև ես ձեռնափայտս վերջապես (երրորդ անգամը լինելով) զոդել տալու համար կոտրված արծաթը, բայց չգտա գավազանը: Եթե հիշում ես, որտեղ ենք դրել, հաջորդ նամակում գրիր ինձ:
Այսօր արդեն երկու շաբաթ է, որ գնացել ես մոտիցս: Զարմանալի է, այնպես չէ՞: Եվ ասել, թե կան մարդիկ, որ տարվա կեսը, երբեմն նույնիսկ տարիներ շարունակ ապրում են առանձի՞ն: Իրո՞ք սիրահարներ են դրանք …
Դու ուզում ես, որ հայտնեմ իմ կարծիքը այն մի քանի կահույքի վերաբերյալ, որ ուզում ես գնել: Սիրելիս, վարվիր ինչպես կամենում ես, մեր երկուսի ճաշակները համընկնում են, և այդ կահույքների մեջ դու ինձնից ավելի երկար ես ապրելու (քանի որ ամբողջ օրը տանը կլինես), այնպես որ կարող ես ըստ քո ցանուկության որոշել: Իսկ գալով դաշնամուրին, եթե իրոք այնպիսին է, որ չես ուզենա դրանով նվագել, ուրեմն իսկապես չարժի այդքան դրամ վճարել տեղափոխելու համար Էրֆուրդից լոզան և Լոզանից Պոլիս: Ավելի լավ կլինի (ինչպես ասում ես) վաճառե;լ այն և այդ դրամով Сзарск-ից մի դաշնամուր վարձել:Բայց առավել կարևոր մի հարց կա, որ կուզենայի այսօր գրել քեզ և որի մասին երկար եմ մտածել: Գրել էիր, որ ծնողներս ուզում են ապրել Շվեյցարիայում. Հրաշալի միտք է, և ահա թե ինչ եմ առաջարկում քեզ: Եթե ուզում են Շվեյցարիայում բնակվել, ավելի լավ է ապրեն Լոզանում, որովհետև դրանից լավ բան չկա, երբ ծերունի զույգերը բնակվում են օտար երկրում, լրիվ առանձին իրենց տան մեջ (հիշիր Տամատներին): Դրամ ունեն, կահույք ունեն, բայց տանջվում են այն պատճառով, որ շատ մենակ են …)Եվ հետ մենք հարատև Եվրոպայում չենք մնալու, կգա մի օր (և այդ օրը գուցե հեռու չէ), երբ կգնանք Պոլիս, այնտեղ ապրելու և մեռնելու համար: Այն ժամանակ հաճախ կմտածես խեղճ միայնակ ծնողներիդ մասին և կզղջաս, որ ավելի երկար և ավելի խելոք չես ապրել նրանց հետ հրապուրիչ դարձնելու համար նրանց ծերությունը (որովհետև ես էլ հաճախ եմ մտածում իմ ծեր ծնողների մասին, այնքան հաճախ, որ չես էլ կասկածի):
Անցյալ օրը մի հրաշալի ամառանոց տեսա Սեկրետան պողոտայի վրա, աներևակայելի տեսարանով, պարտեզ, հարմարություններ, ամբողջապես նոր, անչափ գեղեցիկ և շատ էժան: Բայց մեր երկուսի համար շատ մեծ էր: Կարող ենք միասին մի ամառանոց վարձել և նրանց մոտ կունենանք մի հարկաբաժին, մի փոքրիկ հարկ: Խոհանոցի ծախսերը կկիսենք և այլն: Եվ շատ հարմար կլինի մեզ համար, որովհետև, երբ ես մի գործ ունենամ, ամբողջ օրը Լոզանից դուրս, բնակարանում մենակ մնալը վտանգավոր է միայնակ երիտասարդ կնոջ համար: Տխուր է միաժամանակ: Եվ հետո, շատ հաճախ կպատահի, որ հիվանդանոցում քնեմ հիվանդին հսկելու համարև, այդ դեպքում ի՞նչ ես անելու մենակ ամառանոցում, Լոզանից դուրս: Այնինչ եթե ծնողներդ երկորդ հարկում լինեն, շատ հարմար է: Այնուհետև գիտես, որ մի քանի ամիս հետո մորդ կարիքը շատ ես զգալու, որովհետև չեմ ուզում հիվանդանոց ուղարկել քեզ: Ի վերջո, երկար մտածելուց հետո, գտա, որ միակ միջոցը դա է: Կխոստանքնք նրանց լավ վարվել իրենց հետ: Վերջապես կարող ես խոսել նրանց հետ այդ մասին և լրջորեն ու իսկույն գրել ինձ:
Հարցնում ես ինձ, «լավ անցկացրի՞ ծննդյանս օրը»: Ավելի շուտ տխուր անցկացրի: Մի քանի օր է գլուխս ցավում է, փոքր թշվառությո՜ւն: Տնից դուրս եմ գալիս միայն ճաշելու համար և դա մի ամբողջ զբոանք է: Շտապում եմ շուտ հասնելու Բազ : 6 – 40-ի մեկնող վերջին գնացքին քեզ ուղարկելու համար, այս իսկ երեկոյան: Ցտեսություն, գանձս, բյուր – բյուր քաղցր համբյուրներ եմ ուղարկում քեզ: Իսկ ծնողներիդ հղում եմ ամենաջերմ ողջույններս:

Քո` Ռուբեն

Մաեստրո
17.11.2011, 23:51
-Հոգի'ս, դուն հոս...-հեկեկաց ձայնը լալեն:
Գիշերն ուշ էր, գաղջ գիշեր էր ապրիլի.
Իր գրկին մեջ լուսնակն առած սխրալի`
Թուփերն ի վար ջուրը կ'երթար հևալեն...

-Հոգի'ս, դուն հոս...- Ու տեսա որ ոչ հեռու,
Գետափին մոտ, հանկարծաթափ, ուժգնովին,
Հովերու պես, որոնք իրար կը ձուլվին,
Երկու ստվեր կը նետվեին իրարու...

Տարօրինակ ինչ ուներ օդն այդ գիշեր,
Որ դեռ կուծքիս տակ հետքն ունիմ սարսուռի,
Ու բիբերուս մեջ խոնավ կետ մը կուռի...
Ես այդ գիշերն առանց հույզի չեմ հիշեր:

Ու կը տեսնեմ աչքիս առջևն են ահա`
Իրար ձուլված, անքակտելի, տենդագին,
Բերան բերնի, հուժկու բազուկը մեջքին,
Ու մազերու ծովը, որ լայն կը դողա...

Օ, երջանիկ տարիք, ուր մարդ կրնա գեթ
Տաք համբույրի մը անհունին մեջ մոռնալ
Գոյությո'ւնն ալ, Տիեզերքն ալ, ինքզինքն ալ,
Ու աշխարհին ժպտիլ անփույթ ու անգետ:

Օր մը Սիրո ծաղիկները կը դեղնին,
-Երբ անբաժան եղան փուշերը վարդեն-
Պետք է տքնիլ, ցավը ըմպել ու արդեն
Քիչ հետո ժամն է խորհելու սև հողին...

-Հոգի'ս, դուն հոս...- Երկար, երկար քարացան,
Այս դիրքին մեջ բերան բերնի անձնվեր,
Իրենց շունչերն կարծես իրար հանձնվեր`
Այնքան սեր կար այդ պաշտումին մեջ անձայն...

Ու ես լըռիկ, ու ես անշարժ, երկյուղած,
Կը նայեի իրենց երկար, ու վաղվան,
Կը խորհեի, հաջորդ վաղվան ու մահվան,
Երբ զգացի, թե էությունս դողաց...

Մաեստրո
17.11.2011, 23:54
ԻՆՉՈՒ

Ինչու, ինչու զիս սիրեցիր,
Փոքրի'կ աղջիկ, քեզի մեղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթեռ պետք էր,
Դուն ծեր արծիվ մը բանտեցիր...

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապույտ աղջիկ` պլպուլն երգ էր.
Քե'զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռո'ւնչս ընտրեցիր...

Ես կ'երթամ միշտ, անծայրածիր
Դամբաններն են ոտքիս հետքեր.
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկին կուրծքըդ բացիր...

Կ'այրին աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ'երգեր.
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սե'ր-Աստվածը սիրեցիր...

Մաեստրո
17.11.2011, 23:55
ԱՆԿԱՐԵԼԻ ՍԵՐ

Ես այգերով ու ցայգերով
Հաճախ մենակ կ'անրջեմ,
Անհնարին, երկնագորով
Սեր մը, որուն տերը չեմ...

Այրող աչքերս քուն չունին,
Կը տեսնեմ մերթ մեգի պես
Զույգ մը աչեր, որ գույն չունին,
Բայց կը սպանեն տեգի պես...

Կուզեմ մեռնիլ դյուցազնային
Սիրո մ'համար աղջըկա,
Հետո աչերս վար կը նային`
Ուր է այն Սերն, ախ չըկա'...

einnA
17.11.2011, 23:58
Այնքան սեր կար այդ պաշտումին մեջ անձայն...

շատ կար :)

Նել, շնորհակալ եմ թեմայի համար, շատ բանաստեղծություններ դիր :aha

Մաեստրո
17.11.2011, 23:59
ՊԶՏԻԿ ՍԻՐՏԸ

Ես մերթ կխորհիմ,թե աստղերն ինչ են,
Սիրող աչերու պես քաղցր ու ջինջ են.
Ու ամպերն ինչ են, ու Աստված ով է...
Նախանյութն առջին մարմին է, հով է...

Ու չէ կարելի մեծ տիեզերքին
Մըտովի հասնիլ օր մը եզերքին.
Ու Անհունությունն իրավ անհուն է,
Ու Անմահությունը լոկ անուն է...

Հիմար եմ, որ այսպես խոր կը խորհիմ,
Ես, որ չգիտցա դեռ, պաշտելիդ իմ,
Ինչու օր մը զիս սիրով սիրեցիր,
Թե կը սիրեիր` ինչու լըքեցիր...

Չկրցա ճանչնալ պզտըլիկ սիրտըդ,
Իմ մեկ ափիս մեջ փշրելիք սիրտըդ,
Բայց դեռ կը խորհիմ` երազիս մեջեն`
Թե աստղերն ինչ են...Սիրո պես ջինջ են..

Մաեստրո
18.11.2011, 00:03
ԳԻՆՈՎ ՍԵՐ

Դուն Հրաշքն ես, դուն Երազն ես, դուն Սե'րն ես.
Տարաշխարհի չքնաղ ծաղիկն ես աղվոր.
Միսթիքական խնկումներով թունավոր`
… Դուն մըսեղեն խենթեցընող տաճարն ես.
Դուն Հրաշքն ես, դուն Երազն ես, դուն Սե'րն ես:

Սև մազերովդ սիրե' զիս, գըգվե' զիս,
Անոնց խորհուրդը պատմե ինձ առանձին,
Որովհետև անոնք հոգիս կապեցին,
Իրենց ցանցին մեջ կապտեցին իմ հոգիս.
Սև մազերովդ սիրե զիս, գըգվե զիս:

Մաեստրո
18.11.2011, 00:12
Թափառումը

Ու ահա ամբողջ գիշեր կ'շրջիմ,
Հիմա՜ր, խեղճ հիմա՜ր։
Խելքս առիր շատո՜նց, կյանքս առ, Փրկիչ իմ,
Աստվա՜ծ, մեր հիմա՜ր։

Ի՞նչ կնայիք ինձ, հոգեվարք աչեր,
Հիմա՜ր եմ, հիմա՜ր։
Երնե՜կ, կ'մեռնիք. մինչ ես կ'ապրիմ դեռ
Այս կյանքը հիմա՜ր։

Կռվի դաշտերով տարի առանձին
Ստվերս հիմա՜ր,
Շնորհ չրին գնդակ մ'ալ ինձ, գոռացին
«Հիմա՜րն է, հիմա՜ր»։

Դե՜հ, մտիկ ըրեք, դուք որ կ'խորդաք
Այս մահով հիմար,
Արյունով շաղված պատմություն մը տաք,
Հիմա՜ր, ա՜հ, հիմա՜ր։

Մաեստրո
18.11.2011, 00:47
Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ'է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․

Նաիրուհի
18.11.2011, 02:00
Իմ պաշտելի բանաստեղծներից մեկը... :love
Ինձ համար բավական ուշ բացվեց Սևակը, բայց դրա փոխարեն բացվեց շատ մեծ խորքով։ Երևի ես էլ ավելի հասուն եմ դարձել...
Իմ ամենասիրելի բանաստեղծությունը, որ օրագրումս էլ եմ դրել


Սիրոյ ու մահուան երգը

Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ,
Եղերական ու միամիտ, սե´ւ ողբերգ,
Իմ սիրտըս թող անհունին մէջ վէ´րք մ´ըլլայ,
Հըսկայական ու ու տխրօրէն քաղցըր վէ՜րք,
Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ...

Ես կը սիրեմ իմ տխրութիւնըս դիւթական,
Իմ տըրտմութիւնըս Աստուածներո՜ւ ցաւին պէս,
Քո՜յր, սըրտիս մէջ ի՜նչ խաւարներ, վիհեր կան,
Զոր նայուածքովդ կ´ոսկեզօծես ու կ´օրհնես,
Ես կը սիրեմ իմ տրտմութիւնըս դիւթական...

Եկո՜ւր ինծի, լուսնակին պէս գեղեցիկ.
Եկո՜ւր ինծի, լո՜յս ու ցընծում հեւալով,
Քու արծաթի շողերուդ մէջ սըլացիկ
Լուսաւորէ' աւերակներս լալով.
Ես Մահն եմ. ե'կ ինձ Կեանքին պէս գեղեցիկ...

Իմ կեանքս թող առուին երգին պէս ըլլայ.
Ու երգս անուանդ կըրկնումն ըլլայ թող յաւե՜րժ,
Իմ կեանքս թող մութ ջըրվէժին պէս ըլլայ,
Ու դէպի քեզ անկում մ´ըլլայ գահավ՜ժ.
Իմ կեանքս թող առուի երգին պէս ըլլայ...

Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս,
Ուր խաւարներ կը փոթորկին մոլեգի՜ն,
Երկու աչերդ՝ Աստուածներու սկիհի´ն պէս,
Տո՜ւր ինձ անոնց մէջ սըրբացնել իմ հոգին.
Ես կւ սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս...

Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր.
Եկո´ւր, ես մո՜ւթ բաներ պիտի քեզ ըսեմ,
Սիրոյ պէս քաղցր ու Մահուան պէս հըզօր.
Գերեզմանիս լացող սիւքին պէս նըսեմ
Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր....

Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ,
Շունչդ ուռեցնէ ծեր առագաստը անա՜հ.
Մի´, մի´ լսեր յոգնած հոգիս որ կուլայ,
Տա´ր զիս Սիրոյ կղզիներէն դէպի Մա՜հ,
Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ...

Nadine
18.11.2011, 02:31
Ես էլ եմ շատ սիրում Սևակին. Նաև շատ ուրախացա, երբ իմացա, որ #151 միջնակարգ դպրոցը, որտեղ ես սովորել եմ և որը ժամանակին կրում էր Ալյոշա Ջափարիդձեյի անունը, վերանվանվել է Ռուբեն Սևակի անունով

MaryMay
18.11.2011, 08:32
Իմիջիայլոց, Ռուբեն Սեւակի մասին մի հրաշալի վեպ է գրվել գյումրեցի գրող Հայկազ Հակոբջանյանի կողմից՝ "՚Սպիտակ Էդելվեյսներ"՚ վերնագրով: Խորհուրդ կտամ կարդալ: Անպայման կհավանեք: