PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի համար»



Firegirl777
09.11.2011, 11:15
Այսօր համացանցում տեսա այս հոդվածը, կարծում եմ կարող ենք օգնել այս ընտանիքին, ավելի մանրամասն տվյելները կգրեմ.

«Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ինչ ասես՝ կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն»,- աղերսում է չորս ամսական երեխայի մայրը
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Նոյեմբեր 8, 2011


Չորս ամսական փոքրիկ Վաչագանը կոպերը ճպճպացնելով ննջում է մի սենյակում, որտեղ նույնիսկ իր մայրն ու տատիկն են ցրտից սփրթնել: Քիչ անց շրթունքները ծռմռելով` սովածության նշաններ է ցույց տալիս: Հասկանալով, որ արձագանքող չկա իր քաղցին` մանկական ձայնը տարածվում է շենքով մեկ: Մայրն ու տատիկը խառնվում են իրար: Սեղանին դրված մանկական կերը վերջանում է: Երեխան նյարդային լացից սկսում է կապտել: Ամեն անգամ փոքրիկը քաղցից լաց լինելով` կապտում է, ու մարմինը ձգվում, քարանում է: Տատիկը` Հասմիկն, ասում է, որ հարեւան խանութից այնքան են պարտքով կեր վերցրել, որ աշխատակիցն այլեւս հրաժարվում է «նիսյայով» կեր տալ: Չորս ամսական Վաչագանը վերջին մեկ ամսվա ընթացքում դաժան խոսակցություններ է լսում: Տատիկն ու մայրն ուզում են նրա համար լավ ապագա ստեղծել, բայց այդ ապագայի փնտրտուքը մշտապես ավարտվում է վիճաբանություններով: Հիմա նա ապրում ու քնում է մի մանկասայլակի մեջ, որը տիկին Հասմիկը գտել է Նար-Դոս փողոցի աղբանոցից: Վաչագանն այս վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր ստիպված է լինում լսել իրեն մանկատուն հանձնել-չհանձնելու խոսակցությունները: Տատիկը` տիկին Հասմիկը, դժվար կյանք ապրած կին է ու հասկանում է, որ երեխային պետությունն ավելի լավ ապագա կտա, քան իրենք` մայր ու աղջիկ երկուսով: Աղջիկը` Արմինեն վիրավորված ըմբոստանում է։ «Չեմ տա, մամա, մի՛ ասա, գոնե իրա մոտ ինձ մի ստորացրու: Չեմ տա երեխուս, սպանես էլ` չեմ տա»,- լացակումած ասում է Արմինեն` երեխային մոր ձեռքից կտրուկ խլելով: Մայր ու աղջկա խոսակցությունն այնպես է սրվում, որ Վաչագանը նրանց ձայներից` էլ ավելի բարձր է ճչում: Հասմիկը փորձում է բացատրել իր դաժան մտադրության շարժառիթները. «Ախր հասկանո՞ւմ ես, ես խղճով մարդ եմ: Թոռնիկիս համար կյանքս կտամ, բայց տեսնում ես, չէ՞, երեխեն ինչ պայմաններում ա մեծանում: Ես չեմ, դու ես` ասա` ո՞րն ա ճիշտ: Երեխան պետությանը պետք ա, պետությունը կպահի, որովհետեւ հետո բանակ ա ուղարկելու: Հասկանո՞ւմ ես, մենք տանջում ենք, մենք անգամ մանկական կերը չենք կարողանում ապահովել, որ կշտանա: Էս երեխեն չի կշտանում, ամեն անգամ էնքան ա լացում, որ կապտում ա: Վախենում եմ, հավատա... Ես իրան էլ եմ հասկանում, մայր ա, բայց ինքն ա սխալ թույլ տվել, ու երեխեն մեղավոր չի: Հավատա, որ ուզում եմ երեխայի համար լավ լինի, վախենում եմ...»: Տիկին Հասմիկը պինդ գրկում է թոռնիկին ու սեղմում կրծքին: Արմինեն հասկանում է, որ մայրն անելանելի վիճակից է նման բաներ ասում, բայց ամեն անգամ «մանկատուն» բառը լսելիս` շանթահարվում, վիրավորվում է: Արմինեն 17 տարեկան է` մանկական հայացքով, կյանքից ոչինչ չհասկացող մարդու պես: «Մամաս ա մեղավոր, ինձ չէր թողնում որեւէ մեկի հետ շփվեի: Մարդկանց չէի ճանաչում: Ամբողջ օրը` դպրոց, դպրոցից` տուն: Նույնիսկ չէր թողնում, որ բակ գնայի»,- պատմում է Արմինեն: Հետագայում ծանոթանալով նախկին ամուսնու հետ` Արմինեն սիրահարվում է: Ասում է` սկզբում շատ լավ մարդու տպավորություն է թողել։ «Ժամանակի ընթացքում սկսեցի էնպես սիրել, որ նրա ամեն խոսքին հավատում էի: Ինձ թվում էր` չի կարող մարդը նայել աչքերիդ մեջ ու սուտ ասել: Ես իսկապես սիրել եմ իրան»,- ասում է Արմինեն, ով թեեւ վստահեցնում է, որ հիասթափված է, ու սերը վերածվել է ատելության, այդուհանդերձ, աչքերն այլ բան են ասում: Տիկին Հասմիկը զայրույթից պայթում է` «Հա, ես մեղավոր եմ, ես արգելել եմ, որ մարդկանց հետ շփվի, բայց ես փորձել եմ իրեն պաշտպանել: Հասկանո՞ւմ ես, ես իրան մենակ եմ պահել, ես շատ դժբախտ եմ եղել ու ամեն ինչ արել եմ, որ իմ բախտին չարժանանա: Արի ու տես, որ նորից սխալվել եմ, նորից կրկնել եմ էն սխալը, ինչից ես տառապել եմ: Պիտի թողնեի, որ ճանաչեր մարդկանց ու զգույշ լիներ: Ախր գիտե՞ս ինչ դաժան ա իմ հետ վարվել: Քույրս մահացավ: Քրոջս թաղման ժամանակ դրա հետ փախավ: Ես սգի մեջ, քրոջս հողի տակ էի դնում, իսկ սա էդ, էդ... դրա հետ փախավ»: Մայրն ի սկզբանե դեմ է եղել աղջկա ամուսնությանը եւ մշտապես արգելել է հանդիպել իրենից 19 տարով մեծ այդ տղամարդու հետ: Մորաքրոջ թաղման արարողության օրն Արմինեն սիրած տղամարդու հետ փախել է` հասկանալով, որ այլեւս հարմար ժամանակ չի լինելու մոր հսկողությունից դուրս գալու համար: Քանի որ ամուսինը բնակարան չի ունեցել, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ մի տուն են վարձել եւ ապրել: Ամիսներ անց սկսվել են այն տհաճ պատմությունները, որոնք տիկին Հասմիկը կանխատեսել էր ի սկզբանե։ «Չէր աշխատում, ոչինչ չունեինք: Ապրում էինք ահավոր ձեւով: Հղի էի արդեն... սարսափելի իրավիճակ, անգամ, երբ հիշում եմ, չեմ պատկերացնում` ո՞նց էի դիմանում: Ընկերները կանչում էին, գնում` հարբած գալիս էր: Ասում էի` պիտի աշխատես, էսպես չենք կարա ապրենք: Սկսեց արդեն ծեծել: Մի օր էնպես խփեց գլխիս, որ լսողությունս կորավ: Գնացի բժշկի, ասեցին` հարվածից ա, հետո էլ բորբոքում ա եղել»,- պատմում է Արմինեն, ում տիկին Հասմիկն այդ վիճակում տեսնելով` սարսափել է: Ասում է` աղջկան հայտնաբերել է կապտուկներով, աչքերի տակ սեւացած: Արմինեն, սակայն, շարունակել է հավատալ ամուսնական նորմալ կյանք ունենալու երազանքին: Ամեն անգամ ներել է ամուսնուն ու ամեն անգամ ներելուց հետո ավելի դաժանաբար է ծեծվել: Հարբեցողությունը տեւական բնույթ է կրել: Վարձած բնակարանի մի քանի ամիսների վարձավճարը չմուծելու համար տանտերը սպառնացել է վռնդել նրանց:

Ծննդաբերությունից հետո տիկին Հասմիկն այնպիսի վիճակում է հայտնաբերել աղջկան ու թոռանը, որ այլեւս մտածելու ժամանակ չի ունեցել. «Պատահական գնացի իրենց տուն: Ես զուգագուլպաներ էի վաճառում, որ մի երկու կոպեկ ավելցուկն իրենց տայի: Գնամ` ի՞նչ տեսնեմ... Արմինեին էնպիսի մի ծեծ ա տվել, որ նորածին երեխան գրկից թռել, ընկել ա գետնին: Երեխուս դեմքը կապտած, Վաչիկս գետնին ղժում ա... Մի սոսկալի տեսարան: Ընկերն էլ` տանը: Ընկերն ուզում է երեխուն գետնից վերցնի, բայց չի թողնում: Մի սարսափելի, տանջող իրավիճակ էր: Թոռնիկիս որ չտեսա` գետնին ընկած... Երկուսին վերցրեցի ու բերեցի ինձ մոտ»։ Վերհիշելով կատարվածը` տիկին Հասմիկը լաց է լինում ու փոքրիկ Վաչագանին սեղմում կրծքին: Հիմա Արմինեն ու փոքրիկը ապրում են տիկին Հասմիկի Վարդաշենում գտնվող հանրակացարանի սենյակում: Իսկ սենյակում պարզապես սառնամանիք է: Ամուսնու անմարդկային ծեծից հետո Արմինեն այլեւս չի կարողանում մայրական կաթով կերակրել երեխային` «Կաթը հետ քաշվեց»: 49-ամյա տիկին Հասմիկը դիաբետով հիվանդ է: Աչքերը կուրանում են, մեկ տարվա մեջ մի աչքի տեսողությունից ընդհանրապես զրկվել է: Երբ շաքարը բարձրանում է` դառնում է անկառավարելի: Վերջին անգամ հետազոտվելուց հետո բժիշկը հորդորել է ակնոց կրել. «20.000 դրամ աղքատության նպաստով ենք ապրում: Եթե ես 10.000 դրամ տամ ակնոց առնեմ, էս խեղճ երեխեն ի՞նչ ուտի... Եղունգներս լրիվ փտել, վերքեր են դարձել, կապել եմ, որ հանկարծ ինֆեկցիա չանցնի: Վախենում եմ երեխու համար, հասկանո՞ւմ ես: Եթե ես առողջ լինեի` կյանքի գնով կպահեի: Արմինեին ես միայնակ եմ պահել, բայց ծնողներս ինձ շատ են օգնել: Եթե ես չլինեմ, եթե վաղը մյուս-օրը ես էլ դառնամ անկողնային հիվանդ` ի՞նչ ա լինելու: Խնդրում եմ, գոնե դու ասա, որ ճիշտ ա երեխուն մանկատուն հանձնելը: Հասկանո՞ւմ ես` էս պայմաններում երեխա պահելը մեղք գործելու նման ա: Գոնե վառարան ունենային, փայտով կտաքացնեինք տունը»: Մանկատան անունը հնչեցնելիս` տիկին Հասմիկը կծկվում, ճմրթվում ու փոքրանում է: Արմինեն չարացած աչքերով նայում է մորը: Տիկին Հասմիկը վստահեցնում է, որ արդեն շատ բան չի տեսնում ու վախենում է, որ երեխայի խնամքի հարցում կթերանա: Չի կարողանում հաղթահարել պատասխանատվության այն բաժինը, որը պարտադրված ստանձնել է: Արմինեն խեղճացած ասում է` «Խնդրում եմ` օգնի ինձ, մի թույլ տուր, որ մամաս էդ բառերն ասի: Ես սխալ եմ գործել, ես զղջում եմ, բայց ո՞վ սխալ քայլ չի անում: Մամա՛, ես խոստանում եմ, միշտ քեզ կլսեմ, մամա՛ ջան, միշտ քո ասածով կանեմ, ոնց որ առաջ, մամա ջան, ինչ ասես` կանեմ, ոնց ասես` կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն: Մամա ջան, ախր իմ երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ախր դու էլ ես, չէ՞, սխալվել, բայց ես քեզ չեմ հալածել, ես քեզ չեմ մեղադրել, չէ՞, մամա ջան: Մտածել եմ, որ դու քեզ էնքան ես մեղադրում, որ էլ իմ ասելու կարիքը չկա: Ախր, մամա, ես էլ եմ քո պես, մի տանջի ինձ»: Արմինեն այլեւս չի խոսում, Հասմիկը` նույնպես: Վաչագանն ուտել է ուզում... Այնպես է ճչում, որ նյարդային լացից կրկին սկսում է կապտել: Երեխայի վերջույթներն ահավոր սառել են: Արմինեն, հուզված, երեխային տեղավորում է աղբանոցից գտած մանկասայլակի մեջ: Փոքրիկը չի հանգստանում, ձայնը տարածվել է ամբողջ շենքով մեկ: Հասմիկն ու Արմինեն լռում են, բայց երկուսի մեջ էլ գնում է երեխային մանկատուն հանձնել-չհանձնելու մտքի պայքարը: Արմինեն չի ներում մորը: Հասմիկը չի ներում աղջկան: Վաչագանը երկուսին էլ ներել է: Ուտել է ուզում...

Սա ել հղումը http://168.am/am/articles/29894

h_jak
09.11.2011, 11:36
Բա ինչով օգնենք? Կորդինատները կարաս իմանաս, գրես?

Firegirl777
09.11.2011, 11:39
Վաղը մի խումբ գնալու է իրենց մոտ ու իրենց հետ օգնություն է տանելու, կիմանամ իրենց կորդինատները ու կգրեմ այստեղ

h_jak
09.11.2011, 11:53
Վաղը մի խումբ գնալու է իրենց մոտ ու իրենց հետ օգնություն է տանելու, կիմանամ իրենց կորդինատները ու կգրեմ այստեղ

Ինչ խումբա գնալու? Ես էլ եմ ուզում օգնեմ, բայց գալիք շաբաթվա մեջ (աշխատավարձ պիտի ստանամ ). Տղաներիս փոքր ժամանակվա շորերից կան, էլի բաներ կարան երխաի հետ կապված որ իրենց պետք կգա.

Firegirl777
09.11.2011, 11:54
Հենց կոնտակտները իմացա միանգամից կգրեմ, սպասում եմ նամակի պատասխանի ;)

h_jak
09.11.2011, 12:01
Հենց կոնտակտները իմացա միանգամից կգրեմ, սպասում եմ նամակի պատասխանի ;)


Ես էլ քո պոստին եմ սպասում :)

Firegirl777
09.11.2011, 12:11
077000891 կոնտակտային անձ Գայանե, ասեց, որ պետք է լրագրողի հետ ժամի մասին պայմանավորվի, կարծում եմ լրագրողի համարն էլ կունենա, ուղիղ կապ հաստատելու համար

h_jak
09.11.2011, 12:15
077000891 կոնտակտային անձ Գայանե, ասեց, որ պետք է լրագրողի հետ ժամի մասին պայմանավորվի, կարծում եմ լրագրողի համարն էլ կունենա, ուղիղ կապ հաստատելու համար

Գայանեն ովա? առանց միջնորդի չենք կարա կապնվենք?

Firegirl777
09.11.2011, 12:22
Հասմիկի համարն ել իմացա, այսինքն փոքրիկի տատիկի՝ 094347212

h_jak
09.11.2011, 12:25
Հասմիկի համարն ել իմացա, այսինքն փոքրիկի տատիկի՝ 094347212

Այ սա ուրիշ բան, շնորհակալություն

Մանուլ
09.11.2011, 22:56
Շաբաթ օրը՝ ժամը 14:00-17:00-ին, Կասկադում դրամահավաք է անցկացվելու, ֆեսյբուքում իրադարձություն (http://www.facebook.com/event.php?eid=317154364967677) կա:

h_jak
09.11.2011, 23:54
Հասմիկի համարն ել իմացա, այսինքն փոքրիկի տատիկի՝ 094347212

Իսկ կարող ես հասցեն ասել, կնոջս հետ ուզում ենք այցելել. Գիտեմ որ Վարդաշենում են ապրում, բայց ավելի կոնկերետ կուզենայի իմանալ, չնայած վերջին տարբերակով կարանք զանգենք հարցնենք.

ivy
10.11.2011, 00:22
Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ նրանց օգնելու համար, կարող եք միանալ.
http://www.facebook.com/event.php?eid=317154364967677