PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ես հավատում եմ...



tvsevak
04.11.2011, 17:16
Սպասումներով հղի ու սիրով լցված օրերի վերջը կգա շուտով ու ֆիզիկական կերպար կստանան մեր երազների երազանքներն ու արթմնի ասած ամեն բառերը...

Այնպես նուրբ ու զգույշ, ինչպես ծովն է շոյում հիմա ոտքերը քո, երբ կարոտի գիրկն ընկած ոտաբոբիկ քայլում ես ափով, այդպես մեղմ ու խաղաղ դու հանգրվանդ կգտնես իմ գրկում և անցած բոլոր բոլոր սխալ ու զուսպ օրերի փոխարեն մենք կընկղմվենք հրաշքներում սիրո... Քո խելահեղ կյանքի անկանգ ռիթմերում չես նկատել երևի այն քամուն, որ մազերիդ միջով անցնում ու մատներիս նման թեթև գլխիդ մաշկն է շոյում... Քամին քո հոտն է բերում հազարավոր կիլոմետրերի միջով, բերում ու հասցնում է ինձ այնքան անվնաս, ասես, հիմա ուր որ է դուրս կգաս հարևան սենյակից և քո տաք աչքերով ժպտալով սեղանիս կդնես գիշերվա թարմության բույրով սուրճը...

Անվերջ ու անջատ գիշերների այս բաժանող ցավը շուտով կանէանա իրականությունից ու կդառնա անցած կյանքի պատմության մի հուշ, որի մասին մենք մեր բալիկներին կպատմենք մի աշնանային խոնավ ու թաց օր: Ես հավաքում եմ հիմա կարոտիս ամեն մի մասնիկ ու ոչ մի կաթիլ չեմ թողնում կորչի, որ երբ դու լինես արդեն իմ կողքին այնքան իրական, ինչքան կարոտս է հիմա ինձ խեղդող, ես բաց անեմ այդ պահեստը սիրո և ինչ որ ունեմ փռեմ քո առաջ...

Երբ փակում եմ աչքերս... Քո մեջքի հպարտ ուրվագիծն եմ տեսնում քթիս առաջ և քեզանից եկող խոնավ մարգագետնի հոտը ստիպում է ամուր գրկել լույսի օղակի պես գալարվող մեջքդ, իսկ ձեռքերս շարունակում են նկարել քեզ` քո մարմնի վրա, և հպման հետքերն են աղոտ դրոշմում սարսուռից դեղձի նմանվող մաշկիդ ամեն հարթության ու ամեն ծալքի ստվերագծում:

Մենք միասին ունենք այն, ինչ ոչ մեկ չի հասկանա երբեք, մենք մեր կրքոտ կերպարների ազատությունն ենք անվերջ երազել, որ դուրս հորդեն դրանք ու խառնվեն իրար, այնպես, ինչպես կրակի բոցերն են իրենց լեզվակներով կլանում ահեղ անտառները հավերժական:

Այնպես, ինչպես առատ տեղումներից հետո չդիմանալով մեծ ճնշմանը, ջրամբարների ամբարտակներն են պայթում ու խելագար ազատություն ստացած տարիներով ու դարերով հավաքված ջրերը հոսում են սրբելով ու տանելով իրենց հետ ճանապարհին եղած ամեն մի անհարթություն, այդպես շուտով մեր սերն է դուրս ժայթքելու թաքստոցից իր ու սրբելու է ամեն մի վատ հուշ, ամեն չուզող ժպիտ ու թարս նայող աչքեր...

Ես հավատում եմ քեզ, քո սիրուն և սպասում եմ անհամբեր, թե երբ կգաս որ փաթաթվենք վերարկուիս մեջ ու հորդառատ անձրևի տակ համբուրվենք անվերջ, անվերջ, անսպառ, որ կարոտած ու չեղած այս օրերի վրեժը լուծենք բաժանող այս կյանքի հանելուկներից:

Sambitbaba
04.11.2011, 17:33
Սպասումներով հղի…
Շատ գեղեցիկ են, թե սա, թե՝ "Ընկերը": Շնորհակալություն:

Meme
04.11.2011, 20:33
Ամեն տողը հրաշալի էր, դրա համար էլ բոլորը չնդգծեցի, ու չնշեցի....Ամեն տողում կարոտ, սեր ու նրբություն կար՝ դեպի սիրած էակը.:love..
Հաճելի էր կարդալը....
Գեղեցիկ ու հրաշալի նկարագրություն ու խելագար գեղեցկություն, որ ոչ մի տեղ չեմ տեսել...
Ինչքա՜ն կարդաս, նորից ու նորից ցանկություն է առաջանում վերընթերցելու, իսկ էդ կարևոր է շատ, կարծում եմ;)..
Իրոք հրաշալի էր, շնորհակալ եմ:).

E-la Via
04.11.2011, 20:59
Ողջույն, Սևակ…

Նախ ասեմ, որ քչից-շատից ծանոթ եմ ստեղծագործություններիդ, երբեմն-երբեմն այցելում եմ քո կայք:
Գեղեցիկ ես գրում, ունես ճոխ լեզու, նկարագրությունները, համեմատությունները մոտդ շատ լավ են ստացվում: Բայց պետք է մի բան ասեմ: Այստեղ տեղադրած աշխատանքներդ, մասնավորապես վերջին երկուսը, ավելի շատ ուղերձ, բաց նամակներ են հիշեցնում: Կարծում եմ սրանք գեղեցիկ գրված բլոգային գրառումներ են, որոնք այստեղ կարող ես մի թեմայի շրջանակում հավաքել: Սրանք , իհարկե հաճելի է կարդալ, բայց ես դրանք որպես պատմվածք չեմ ընկալում:

Լրիվ այլ պատմություն են "Մալուխն" ու "Արևածաղիկը": Լավ ստացված պատմվածքներ են, որոնցում կա ոճ: Ես շատ կցանկանայի, որ դու քո կարողությունները օգտագործելով՝ ամբողջական միտք արտահայտող պատմվածքներ գրեիր:

Քեզ ստեղծագործական հաջողություններ:

Գեա
04.11.2011, 21:33
Սևակ ջան նախ ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ քեզ ակումբում կրկին տեսնելու համար, ուրախ եմ որ գրում ես,ափսոս կլիներ եթե չանեիր այն, ինչ մոտդ լավ է ստացվում:
Վերջին գրածներիդ հետ կապված ասեմ, որ համակարծիք եմ Վեյ հետ, իսկապես կարդում էի ու մտածում , որ ավելի շատ օրագրային գրառումներ են , մի տեսակ սկիզբ ու վերջ չունեցող, բայց լրիվ քո ոճի մեջ ... տխրություն էր կաթում...դե իսկ ես սիրում եմ տխուր բաներ կարդալ:

tvsevak
05.11.2011, 01:08
:) Ահավոր ուժեղ սիրահարված եմ... Անվերջ ու անսպառ սիրում եմ... Իմ հոգեվիճակներն են... Սեր, որը ստիպված զսպում ես...

Շնորհակալ եմ բոլորիցդ ...