PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտամարմնային բեղմնավորում



Cassiopeia
21.10.2011, 10:26
Վերարտադրողական տարիքի կանանց մոտ, ցավոք, լինում են դեպքեր, երբ առանց արտաարգանդային բեղմնավորման (ЭКО) հնարավոր չէ երեխա ունենալ։ Հայաստանում արտաարգանդային բեղմնավորում կատարվում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում՝ Մարգարյան հիվանդանոցում։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում վերարտադրողականության նման ձևին վերաբերող հոդվածը՝ ակնկալելով արձագանքներ այն կանանցից, ովքեր նման կերպ հղիացել են, կամ այն անձանցից, ում ծանոթներն են հղիացել նման ճանապահով։



ԱՄԲ-ի պատմությունը Հայաստանում

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ (ներբջջապլազմային) ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում:

ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առել դեռևս XX դարի կեսերին: Անգլիայում 1978թ. ծնվեց մի աղջիկ՝ Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան փորձանոթից: Չնայած նրան, որ ԱՄԲ-ի պատմությունը կազմում է շուրջ 30 տարի, այսօր աշխարհում ապրում է 3 մլն.-ից ավելի երեխա՝ բեղմնավորված փորձանոթում:

Առաջին երեխան ԽՍՀՄ-ում ծնվել է 1986թ. Մոսկվայում՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի լաբորատորիայում, որը ղեկավարում էին Բ.Վ.Լեոնովը և Վ.Ի.Կուլակովը:

Հայաստանում ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առնում 1996թ.-ից, երբ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի բժիշկների խումբը այցելեց Հայաստան: Այցը կազմակերպել էր հայ-ֆրանսիական "Ազատագրություն" կազմակերպությունը՝Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ և ակադեմիկոս Ս.Ք.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆ. Հ.Ս.Նիկողոսյանի համագործակցությամբ: Ֆրանսիական կողմից մասնակցում էին առաջատար մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ժան-Պիեռ Ֆրանքուեբալմը և սաղմնաբաններ Ֆիլիպ Տերյուն և Ժան-Լուի Սպակը: Հայաստանից մասնակցեց բժիշկների խումբ պրոֆ. Գ.Գ.Օկոևի ղեկավարությամբ: Աշխատանքի սաղմնաբանական ասպեկտները իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Կ.Հ.Ջինանյանի կողմից:

1998-2005թթ. Հայաստանում ԱՄԲ ներդրման և զարգացման ծրագրի շրջանակներում Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ֆրանսիայի Վերարտադրողական բժշկության ինստիտուտում (ք. Մարսել) անցել են վերապատրաստում և փորձի փոխանակում:

2001-2003թթ. Երևանի ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկների հետ համատեղ ֆրանսիացի գործընկերների կողմից կազմակերպվել և անցկացվել են թրեյնինգներ (սեմինար-պարապմունքներ):

Կենտրոնի աշխատակիցները տիրապետում են վերարտադրողականության օժանդակ նոր մեթոդների և տեխնոլոգիաների իրականացման հմտությանը Մարսելի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի առաջատար մասնագետների շնորհիվ:

Այդ քրտնաջան աշխատանքը հատուցվեց հայկական բժշկության պատմության մեջ ՄՄԱՊԳՀԿ-ում կատարված արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխայի ծննդով. 2005թ. փետրվարի 5-ին կեսարյան հատման ճանապարհով ծնվեց եռվորյակ՝ աղջիկ՝ 2250գ զանգվածով, 45 սմ հասակով, տղա՝ 2550գ զանգվածով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890գ զանգվածով, 43 սմ հասակով:

Կենտրոնում ԱՄԲ-ի ներդրումն ու զարգացումը կանգ չի առել: Մասնագիտական գործունեության իրականացման այս տարիների ընթացքում ի հայտ են եկել բուժման նոր մոտեցումներ: ԱՄԲ-ի զարգացման հերթական փուլը հանդիսացավ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման ԻՔՍԻ (ICSI) մեթոդի ներդրումը:

Առաջին հղիությունը ԻՔՍՒ մեթոդով կայացել է 2006 թվականին, իսկ 2007 փոտրվարի 8-ին ծնվեց տղա՝ 3530գ զանգվածով, 54 սմ հասակով:

Զուգահեռ իրականացվում է տղամարդկային անպտղության՝ օլիգոզոոսպերմիայի, աստենոզոոսպերմիայի, ազոսպերմիայի բուժման մեթոդների կատարելագործում: Ներդրվել է սերմի ստացման նոր փորձաեղանակների՝ էպիդիդիմիսից սերմնաբջիջների միկրովիրաբուժական ասպիրացիա (արտածծում) (MESA) և ամորձու հյուսվածքից սերմնաբջիջների էքստրակցիա (արտահանում) (TESЕ): TESЕ-ի իրականացումից հետո առաջին ծնունդը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 29-ին: Ծնվեցին զույգեր՝ տղա՝ 1350 գ զանգվածով, 40 սմ հասակով և աղջիկ՝1160 գ, հասակը՝ 39 սմ:

2006 թվականից մեր կենտրոնում հիվանդայցելուներին ակտիվորեն տրամադրում ենք սաղմերի կրիոկոնսերվացիայի (սառցապահպանման) հուսալի մեթոդ: Այսպես, 2007թ. արդեն լույս աշխարհ են եկել երեխաներ՝ ծնված սառեցված սաղմերը արգանդի խոռոչ տեղափոխելուց հետո:

Համաձայն ՀՀ օրենսդրության ընդունած "Մարդու վերարտադրողական առողջությունը և վերարտադրողական իրավունքը" օրենքի, 2002թ.-ից ՄՄԱՊԳՀԿ-ում զարգացում ստացավ ԱՄԲ-ի մի նոր ուղղություն՝ "փոխնակ մայրության" ծրագիրը: Այսպես, 2006թ. կենսաբանական մոր, որի մոտ արգանդը բացակայում էր վերարտադրողական համակարգի զարգացման բնածին արատի հետևանքով (Մայեր-Կյուստներ-Ռոկիտանսկու համախտանիշ), բեղմնավորված ձվաբջիջները փոխնակ մոր արգանդ տեղափոխելու արդյունքում կայացավ հղիություն, որն ավարտվեց ժամկետային ծննդաբերությամբ զույգ պտղով՝ աղջիկներ՝3130գ ու 3380գ զանգվածով և 50 սմ հասակով՝ յուրաքանչյուրը:

Մեր կենտրոնում հաջողությամբ կիրառվում է նաև ձվաբջջի դոնացիայի մեթոդը: Այն կանանց, որոնց մոտ ինչ-ինչ պատճառով (տարիք, ձվարանների վաղաժամ հյուծում, վիրաբուժական ամլացում) չեն արտադրվում ձվաբջիջներ, տեղադրվում են սաղմեր՝ բեղմնավորված դոնորական ձվաբջիջներով և ամուսնու սերմով: Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ը հանդիսանում է Հայաստանում միակ կենտրոնը, որտեղ անպտղության բուժման առավել կատարելագործված և արդյունավետ մեթոդի՝ ԱՄԲ-ի շնորհիվ, լույս աշխար են եկել ավելի քան 300 երեխաներ:

Մեր կենտրոնում հնարավոր է դարձել անպտղության տարբեր ձևերի բուժումը: Հաջողությամբ օգտագործվում են վերարտադրողական ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Մասնագետների ամենօրյա աշխատանքի առաջին իսկ օրերից կենտրոնը հասել է զգալի արդյունքների, իսկ հղիության ԱՄԲ-ի մեթոդով կայացման արդյունավետությունը հասնում է 35-40%. Այս հաջողությունը պատահական չէ: Որպեսզի կենտրոնը դառնա այնպիսին, ինչպիսին այն այսօր ներկայանում է մեր հիվանդայցելուներին, մեր աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել տարիներ ի վեր: Կենտրոնում, որը հագեցած է վերարտադրողական նորագույն տեխնոլոգիաների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, աշխատում են անպտղության բուժման և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ: Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ստեղծվել է ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագետների մեկ միասնական թիմ, որի հիմնական նպատակը մշտապես եղել է և կլինի ԱՄԲ-ի արդյունավետության բարձրացումը, նրա մատչելիությունը, մայրության և հայրության բերկրանք պարգևելու հնարավորությունը: Բժիշկների վաստակը գնահատվել է ըստ արժանավույն. 2008թ. մայիսին բժշկագիտության ասպարեզում՝ արհեստական բեղմնավորման բնագավառում ունեցած նվաճումների համար կենտրոնի բժիշկների խումբը՝ տնօրեն, պրոֆ. Գ.Գ.Օկոևի գլխավորությամբ, պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:

Աղբյուր (http://www.armobgyn.com/am/host/eco/echohist)

murmushka
21.10.2011, 10:57
Իհարկե հիանալի է, երբ ամեն ինչ լավ է ու չկան խնդիրներ, բայց կյանքը ցավոք այդպիսին չէ, կարծում եմ յուրաքանչյուր կին, եթե ցանկանում է, պետք է ունենա հնարավորություն մայրանալու, իսկ սա մի այնպիսի հնարավորություն է, որի մասին մի քանի տարի առաջ նույնիսկ չէինք երազում

Cassiopeia
21.10.2011, 11:08
Գիտեք ցավը ո՞րն է։ Հայաստանում մարդիկ ամաչում են խոսել իրենց խնդիրներից։ Կինն ամաչում է ասել, որ ինքն ի վիճակի չէ երեխա ունենալ, որ ինքը երեխան ունեցել է այդ արտաարգանդային բեղմնավորման ճանապարհով։ Իսկ եթե մի փոքր վստահություն լիներ դիմացինի հանդեպ, ապա այդ խոստովանությունը կօգներ դիմացինին` հաղթահարելու այն հոգեբանական և նյութական բարդությունները, որոնք կարող են ի հայտ գալ այդ գործընթացի ընթացքում։ Հիմա ուղղակի ուզում եմ խնդրել մի քիչ անկեղծ գտնվել ու փորձել սեփական փորձով օգնել այն կանանց, ում դեռ սպասում է նման փորձությունը։

startelura
21.10.2011, 11:16
Բարև ձեզ
Տխուր հանգամանքների բերումով մայրանալու համար ստիպված եմ դիմել Արտամարմնային բեղմնավորման, կոնսուլտացիաների մի քանի անգամ գնացել եմ, սակայն կուզենայի զրուցել նաև կոնկրետ պացիենտների հետ և իմանալ ներքին խոհանոցը: Խնդրում եմ արձագանքեք, ինձ համար շատ կարևոր է ցանկացած ինֆորմացիա

Cassiopeia
21.10.2011, 11:19
Թեմային քիչ թե շատ վերաբերող մեկ այլ թեմա կարող եք գտնել այստեղ՝ Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է (http://www.akumb.am/showthread.php/15925-Ինչպե՞ս-կվերաբերվեիք-ձեր-կնոջը-(ամուսնուն)-եթե-պարզվեր-որ-նա-անպտուղ-է?highlight=%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%BF)

Ariadna
21.10.2011, 11:31
Հետաքրքիր ա Հայաստանում էդ բաների գները ինչ սահմաններում են։

startelura
21.10.2011, 11:32
Ինձ ասվել է մոտավորապեսի կարգով 1,5-2 միլիոն ՀՀ դրամ

ars83
21.10.2011, 17:25
Կարծում եմ՝ թեմայի վերնագրի մեջ սխալ կա. ոչ թե «արտաարգանդային» այլ «արտարգանդային»: Լեզվի մասնագետներից որևէ մեկը կարո՞ղ է հաստատել։ Շնորհակալություն։

Ուլուանա
22.10.2011, 02:56
Կարծում եմ՝ թեմայի վերնագրի մեջ սխալ կա. ոչ թե «արտաարգանդային» այլ «արտարգանդային»: Լեզվի մասնագետներից որևէ մեկը կարո՞ղ է հաստատել։ Շնորհակալություն։
Ճիշտ ես, արտարգանդային է գրվում, բայց ինձ թվում է՝ բառն ինքը ճիշտ ընտրված չէ տվյալ դեպքում. ախր արտարգանդայինը լրիվ ուրիշ երևույթի մասին խոսելիս են ասում, այսինքն՝ երբ պտուղը ձևավորվում է արգանդից դուրս՝ ֆալոպյան փողում, արգանդի վզիկում, ձվարաններում կամ որովայնում, այսինքն՝ էլի մոր օրգանիզմում, ուղղակի ոչ այնտեղ, որտեղ պիտի լիներ։ Երևի «արտամարմնային« տերմինն ավելի տեղին կլիներ էս դեպքում, չնայած չեմ կարող պնդել։ Ամեն դեպքում «արտարգանդային» բառը կոնկրետ երևույթի հետ է ասոցիացվում։

Ծայրահեղ
26.03.2017, 06:58
Թեմային քիչ թե շատ վերաբերող մեկ այլ թեմա կարող եք գտնել այստեղ՝ Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է (http://www.akumb.am/showthread.php/15925-Ինչպե՞ս-կվերաբերվեիք-ձեր-կնոջը-(ամուսնուն)-եթե-պարզվեր-որ-նա-անպտուղ-է?highlight=%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%BF)


Sent from my Redmi 3S using Tapatalk

Ծայրահեղ
26.03.2017, 07:02
փոխնակ մայր կարելի է գտնել Երևանում ՞։ Եվ մի հարց էլ, ո՞վ է ծանոթ Մոր և մանկան վերարտադրողական կենտրոնի հետ Երևանում, Արմենակյան փողոցում։

Sent from my Redmi 3S using Tapatalk