PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. էն օրը...



My World My Space
20.10.2011, 21:25
էն օրը...

Կեսօրը նոր էր բոլորել:
Աշխենը հաց էր տանում հնձվոր ամուսնուն, ու ճանապարհին բարձրաձայն մտածում էր.
- Էրեխի օրոցքը թոնրատանը պիտի դրվի, դիմացը ձմեռ է... Գրիգորին ասեմ, թող պատերը ծեփի, - ու կարմրեց, հիշելով, որ դեռ ամուսնուն չէր ասել, որ հղի է: Ամեն օր էսօր-էգուց էր անում ու մի պատրվակով հետաձգում,- Գրիգորն ամեն օր հարցական հայացքով ինձ է նայում, ասես զգում է մի բան... Չէ՛, էսօր ասելու եմ...

Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին:
Հասավ սարավանդին, արագ-արագ բարձրացավ համարյա կեսը, նստեց հանդիպած քարին ու ներքև նայեց՝ չէ շուտ է հոգնում, հաստատ հղի է:

Գլխավերևով երամ անցավ աղմուկով, ու Աշխենը մտածեց. «Մեր ծիծեռնակներն էլ մի ամսից կչվեն, հետ կգան ու կտեսնեն իրենց նոր ընկերոջը՝ Աղասիմին... հա՛, անունը Աղասիմ պիտի դնենք...»,- հաստատ որոշեց Աշխենը ու այդ մտքից մի տեսակ տաքություն զգաց: Ձեռքերը դրեց այտերին՝ վառվում էին: Ժպտաց, երբ պատկերացրեց թե կեսրարը ոնց կուրախանա...

Հանգստացավ ու շարունակեց ճամփան:
Տեղ հասավ ու տեսավ, որ ամուսինն ու սկեսրարը համաչափ աշխատում են: Մեկը խոտի կիտուկները սայլին է բարձում, մյուսը դասավորում սայլի վրա: Աչքն ընկավ սայլերի կողքերին թափրտված խոտի ծեղերին ու մտածեց. «Երրորդ ձեռի պակաս կա»: Հետո պատկերացրեց թե փոքրիկ Աղասիմը ոնց է վազվզելով խոտերը հավաքում ու կարմրեց: Կարմրեց ու երեսը շուռ տվեց:
- Հարսե՛, քեզ ի՞նչ էղավ,- սայլի վրայից ձայն տվեց կեսրարը:
- Աչքս բան ընկավ, հարի՛կ,- պատասխանեց Աշխենն ու ավելի կարմրեց իր ստի համար: Հետո աննկատ սկսեց գետնից հավաքել ու դեզի արանքները խցկել քամու շաղ տված խոտը:
Զգաց որ շուտ է հոգնում ու դիմեց ամուսնուն:
- Գրիգոր ջան ես գնամ, դուք էլ հաց կերեք, մի քիչ դինջացեք, օրը տարի է դեռ, կհասցնեք,- ապա նայեց սկեսրարի կողմը, գլխի ամոթխած շարժումով հրաժեշտ տվեց, ու լաչակն ուղղելով մանրիկ քայլերով բռնեց տունդարձի ճամփան:

Հեր ու տղա հայացքներով ուղեկցեցին հարսին մինչև մոտակա ոլորանը, ու երբ Աշխենը կորավ տեսադաշտից, Աղասիմ ամին բեղի տակից ժպտալով տղային ասաց.
- Վայթե հարսը հղի է, դժավարությամբ էր կռանում վեր կենում...
Գրիգորն ամոթից հայացքը փախցրեց ու քթի տակ ասաց.
- Որ բան լիներ, կասե էլի, ա՛յ հեր...
Ու էլի լուռ շարունակեցին աշխատել:

Գիշերը քնելուց Աշխենը սիրտ արեց, մթության մեջ ամուսնու ձեռքը բռնեց, դրեց իր որովայնին ու կամաց ականջին շշնջաց.
- Գրիգո՛ր, սրտիս տակ խլրտում է արդեն...
Գրիգորը բան չասեց, երկար պահեց ձեռքը կնոջ որովայնին, ասես խլրտոցը զգալու հույսով, ու երբ կինը քնեց շուռ եկավ կողքի վրա: Ողջ գիշեր չքնեց, ուրախությունից սիրտը կոկորդն էր թռչում:

Առավոտյան հանդ գնալիս, Աղասիմ ամին նկատեց տղայի աչքերի փայլը, ձեռքով թեթև տվեց վզակոթին ու ժպտալով ասաց.
- Բա որ ասում էի, ա՛յ շան լակոտ, քթիդ տակ խոսում էիր....,- ապա մտավ թոնրատուն, ցերեկվա համար հաց կապեց:
Դուրս գալուց մոտեցավ Աշխենին.
- Հարսե՛, էլ հանդ չգաս, ես հաց եմ վերցրել, քեզ լավ նայի, ներսուդուրս շատ չանես:


Ճանապարհին հարևան Մամբրեն նայեց Գրիգորի ուսի խուրջինին ու հարցրեց.
- Աղասիմ ամի, էս հացն ընչի՞ եք հետներդ տանում:
- Հարսս պատճառավոր ա, Մամբրե ջան:
- Քո տունը շե՛ն, մեր հարսներին ի՞նչ է էղել, ասենք՝ բերեն,- ու դեպի իրենց բաղը դառնալով որոտաց,- Մանու՜շ, ա՛յ Մանու՜շ... հարսներիցդ մեկին կղրկես Աղասիմ ամիենց հանդը հաց տանե՜ն... լսեցի՞՜ր... Աշխենը պատճառավոր է, չի կարո՜ղ....
- Լսեցի՜,- եղավ պատասխանը,- Աղասիմ ամուն աչքալուս ասա՜.....
- Շնորհակալ եմ Մամբրե ջան, հարկավոր չի,- փորձեց հրաժարվել Աղասիմ ամին,- հազար ու մի գործ կունենան....
- Վաաաա՜, էս ի՞նչ տեսակ մարդ ես, ա՛յ Աղասիմ ամի,- ապա դարձավ Գրիգորին, -էդ խուրջինդ հլա դեսը տուր, - ու նորից որոտաց դեպի բաղը,- Էրեխեքից մեկին ղրկի, լսըմ ե՜ս, թող էս խուրջինը տանեն Աղասիմ ամիենց տուն... ճամփին ա, լսեցի՞՜ր....
- Հա՜, հա՜....
- Ապրես դու, Մամբրե ջան,- ասաց Աղասիմ ամին,- ամա նեղություն ենք տալիս...
- Քելե՛, օրը ճաշ դառավ,- նրա խոսքը կտրեց Մամբրեն:




(Շարունակելի)

Էլիզե
20.10.2011, 21:54
Վայ, Հով, էս մեր գեղը պատկերացրի... ապրես դու...

Ջուզեպե Բալզամո
23.10.2011, 09:12
Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին:

Լա՜վն ա…

My World My Space
24.10.2011, 19:25
Մի քանի շաբաթ անց արդեն Աշխենի հղիությունը ակնհայտ դարձավ:

Գրիգորն ու Աղասիմ ամին խոտը բարով խերով ամբարեցին ու սկսեցին սպասել առաջին ձյանը: Աշխենն էլ կիսախոնավ չրեղենը բերեց լցրեց թոնրի շրթին, որ չմգլի:
- Անու՛շ,- Հարևանի հարսին դիմեց Աշխենը,- ուզում եմ էսօր գիշեր հաց թխեմ, կգա՞ս մոտս, մարդ ես հանկարծ բան չպատահի:
- Աղջի հալովդ մնա,- ծիծաղեց Անուշը,- էսօր-էգուց ես արդեն, հաց թխելու մասին ես մտածո՞ւմ:
- Չէ, Անուշ ջան հաց չկա, էսօր էգուց էրեխեն որ ծնվեց ես էլ հաց թխողը չեմ…
- 3 օր առաջ ենք թխել կիսուրիս հետ, կտանք, չվախես…
- Չէ, շնորհակալ եմ, Անուշ ջան, բայց չեմ կարող, ձեր օջախը մեծ է , հազիվ հերիքի:
- Լավ, դարդ մի արա, կգամ…
- Դե ես գնամ խմորը բռնեմ,- ու երկուսն էլ ցանկապատից հեռացան՝ Անուշը թեթև-թեթև, Աշխենը մեջքը բռնած ու կողքից կողք ընկնելով:

Մութը նոր էր վրա տվել, երբ Անուշը եկավ՝ մի հին մինդար ձեռքին բռնած: Լուռ բարևեց Գրիգորին ու Աղասիմ ամուն, ու Աշխենի հետ անցավ թոնրատուն: Նստեցին, խմորը գնդեցին ու Անուշն ասաց.
- Աշխեն ջան քեզ նեղություն կլնի, արի դու գնդերը բաց, ես թոնրին նայեմ:
Աշխենը լուռ անցավ գործի: Փոքրիկ գնդեր էր անում, գրտնակում ու մատուցում Անուշին: Անուշը լոշը ձեռռքերով քաշում-մեծացնում, փռում էր բաթաթի վրա ու շրխկացնում թոնրի պատին: Երկուսն էլ լուռ էին:
Հանկարծ թոնրատանը չոքած ծխի մեջ, լամպի ու թոնրի լույսի տակ Անուշին թվաց, թե Աշխենը գույնը գցել է.
- Աշխե՞ն… ա՛յ Աշխեն, սկսվե՞ց…
- Հա…
- Աշխեն ջան չվախես, ես էստեղ եմ,- ասաց Անուշն ու ոտքի ելավ: Պատի տակից քաշեց խսիրներն ու Աշխենին պառկացրեց վրան,- Աշխեն ջան խորը, հանգիստ շնչի, չվախես…

Գրիգորն անուշ քնի մեջ էր, երբ հանկարծ վեր թռավ: Թվաց, թե երեխայի ձեն առավ ականջին:
Ոտաբոբիկ ու գիշերաշապիկով ներս խուժեց թոնրատուն ու շանթվածի պես կանգ առավ. Անկյունում ծխի մեջ նշմարեց Աշխենին՝ երեխան գրկին: Թմբիրից հանեց Անուշի ձայնը.
- Աչքդ լույս լինի Գրիգոր եղբայր, աղջիկ ունեցար…
- Աչքալուսով լինես, Անուշ ջան…
Երջանկությունը երեխայի ձայնի պոչից բռնած կախվեց թոնրատան էրդիկից, ու թվաց, թե էդպես է լինելու միշտ: Բայց ժամեր անց Աշխենը մահացավ:

Տարիներ անցան: Փոքրիկ Զարուհին քանի գնաց նմանվեց մորը, ու քանի գնաց խոժոռվեց Գրիգորի դեմքը: Ամեն անգամ երեխային նայելուց Աշխենին էր հիշում, ամեն բջիջով ուզում էր զգալ նրա ներկայությունը: Զարուհու խաժ աչքերը տեսնելիս շանթվում էր ամեն անգամ ու քթի տակ մրմնջում.
- Անիծվեր էն օրը…,- ու չէր շարունակում…


(Շարունակելի)

Դեկադա
25.10.2011, 07:38
Սկիզբը կարդալուց մտքովս անցավ «հանկարծ մեկն ու մեկը վերջում չմահանա-ն»: Փաստորեն առանց դրա հնարավոր չէր: Լավ, սպասենք շարունակությանը:


... ես ասե՞լ եմ որ դու լավ ես գրում:)

Արևածագ
25.10.2011, 14:16
Հով ջան, կոլորիտային , հյութեղ ձեռագիր ունես, սրանում արդեն բոլորս էլ համոզվել ենք: Մի փոքր նկատառում.

Երջանկությունը երեխայի ձայնի պոչից բռնած կախվեց թոնրատան էրդիկից, ու թվաց, թե էդպես է լինելու միշտ: Բայց ժամեր անց Աշխենը մահացավ:

Տարիներ անցան: Փոքրիկ Զարուհին քանի գնաց նմանվեց մորը, ու քանի գնաց խոժոռվեց Գրիգորի դեմքը: Այս հատվածում անցումը շատ կտրուկ է: Կարծես մանրաքանդակ խաչքարը միանգամից փոխվում է մոնումենտալ քանդակի, իմ կարծիքով մի քիչ շտապել ես, արանքում թերասածություն կա: Առանց նեղանալու:

My World My Space
25.10.2011, 15:03
Հով ջան, կոլորիտային , հյութեղ ձեռագիր ունես, սրանում արդեն բոլորս էլ համոզվել ենք: Մի փոքր նկատառում.
Այս հատվածում անցումը շատ կտրուկ է: Կարծես մանրաքանդակ խաչքարը միանգամից փոխվում է մոնումենտալ քանդակի, իմ կարծիքով մի քիչ շտապել ես, արանքում թերասածություն կա: Առանց նեղանալու:

Ռուզաննա ջան, ճիշտ ես նկատել, անցումն ինչ խոսք շատ կտրուկ է, բայց իմ ուզածը չծանրացնելն էր, որովհետև հիմնական ասելիքը դա չէ....