PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի ներքին քաղաքականություն` իրատես հայացք:



7or.am
22.09.2011, 14:00
Իշխանական խոհանոցն ու բանակում տիրող վիճակը


Սերժ Սարգսյանը ներիշխանական այնպիսի հարաբերություններ է ձևավորել, որ, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչում։

Պետական կառավարման համակարգում առկա անորոշությունն ու իշխանական ուղղահայացի անհստակությունը նախևառաջ իր ազդեցությունն է թողնում ուժային կառույցների՝ մասնավորապես բանակի վրա։ Պատահական չեն մեր զինված ուժերում արձանագրվող սպանությունները, ինքնասպանությունները, «ինքնասպանությունները» և այլ արատավոր երևույթները։

Երբ նախագահի պաշտոնում հայտնվեց Ս. Սարգսյանը՝ իշխանական խոհանոցը կառավարելու ֆունկցիան դրվեց Բաղրամյան 26–ում գործող ու նրանց կցված երիտասարդների վրա։ Երիտասարդներ, որոնց ընդունված է «ժելեոտած մազերովներ» անվանել։ Եվ ահա այդ «ժելեոտածները», որոնց մեծ մասը, որպես կանոն, բանակում չի ծառայել ու բավական աղոտ պատկերացումներ ունի զինված ուժերի մասին, սկսեցին իրենց սիրած տեխնոլոգիաներով և ինտրիգների օգնությամբ կուռացիա անել ոչ միայն քաղաքացիական նշանակության կառույցները, այլ նաև բանակը։ Արդյունքում՝ ՀՀ պաշտպանական ուժերի վերնախավում բավական լարված հարաբերություններ ստեղծվեցին, ինչի հետևանքով էլ խաթարվեց «հրաման–կատարում» մեխանիզմը և վերջնականապես շարքից դուրս եկավ բանակային կարգապահությունը։ Դրա հետևանքով էլ սպա–զինվոր հարաբերությունները հիմա, առավել քան երբևէ, կարգավորվում են ոչ թե ինչպես հարկն է, այլ գրեթե գողական մեթոդներով։ Ու քանի որ պատից կախված հրացան կա՝ այդ հրացանը պարբերաբար կրակում է, և խլում մեր ծառայողների կյանքն ու խեղում նրանց հոգեվիճակը։ Այլ կերպ ասած՝ իշխանական վերնախավի սարքած «բարդակը» բանակում դրսևորվում է ոչ կանոնակարգային հարաբարերությունների սրմամբ և բերում անդառնալի հետևանքների։

Բանակային վերնախավը, «ժելեոտածների» ներդրած խաղի կանոնների պատճառով, հիմա ավելի շատ զբաղված է ներքին «մուտիլովկաներով», բանսարկությամբ, միմյանց տակ փորելով, քան երկրի պաշտպանունակության խնդիրներով ու ներքին կարգապահության բարձրացմամբ։ Եվ դա, թող զարմանալի չթվա, օրինաչափ է. եթե վերին, միջին ու ստորին սպայական կազմը միասնական օրգանիզմ չէ, ապա սպանություններ էլ կլինեն, ծեծ ու ջարդն էլ կշատանա։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը չի կարողանում դեմ դուրս գալ «ժելեոտածների» ներդրած խաղի կանոններին։ Միգուցե դրա պատճառն այն է, որ երիտասարդները մի բա՞ն գիտեն Օհանյանի պատերազմական տարիների գործունեության ու հետպատերազմյան շրջանի վարքագծի մասին։ Ինչևէ։

Նախագահական նստավայրից կառավարվող «ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցներում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի լուրերի, որտեղ խոսվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև կոնֆլիկտի մասին։ Անկախ այն հանգամանքից, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, նկատենք, որ տեղեկատվական նմանատիպ հոսքերն ազդում են բանակի բոլոր ստորաբաժանումների վրա և այդ համակարգի մարդիկ ավելի շատ սկսում են հետևել «ներբանակային գլադիատորական մարտերին», քան իրենց բուն գործին։ Ասել է թե՝ բանակում տիրող այսօրվա վիճակի հիմնական պատասխանատուները Սերժ Սարգսյանն ու իր «ժելեոտածներն» են, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական, այլ ոչ թե պետական շահերով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, «ժելեոտածների» մոտ ցինիզմը հասել է այնտեղ, որ իրենց վերահսկողության տակ եղած մամուլով տարածում են պետական իշխանության ճյուղերում ներգրավված այն մարդկանց անունները, ովքեր բանակում չեն ծառայել։ Եվ դա այն դեպքում, երբ նախագահականի երիտթևի ճնշող մեծամասնությունը չի ծառայել բանակում և մասնավոր զրույցներում դա ներկայացնում է որպես սեփական «շուստրիության» ապացույց։ Ցինիզմն, իրոք, սահմաններ չի ճանաչում։


Այս թեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այլ նյութերին www.7or.am կայքում:

7or.am
22.09.2011, 14:05
Հերթական թամաշան չստացվեց

Նախագահ դառնալուց ի վեր Սերժ Սարգսյանի հանրային կառավարման և սեփական քաղաքական դիմագծի կերտման կարևորագույն գործիքը դարձավ թամաշաների կազմակերպումը, կամ այլ կերպ ասած՝ «նախաձեռնողականությունը», որն ընդամենը կարճաժամկետ արդյունք տվեց՝ ի վերջո վերածվելով տարատեսակ անեկդոտների թեմայի։

«Եթե հաց չենք կարողանում ապահովել, ապա գոնե խրախճանքներով կերակրենք ժողովրդին»,– ամենայն հավանականությամբ մտածում է Սարգսյանն ու անցնում գործի՝ չկարողանալով որակ ապահովել անգամ այդ հարցում։

Դատելով ամենից՝ կեվորկովյան կուսպրոպագանդայի դպրոցն անցած Սարգսյանը կարևորում է միայն քաղաքական գործընթացների արտաքին փայլը և ընդունվող որոշումների խորաթափանցության իմիտացիան։ Այսինքն՝ ցանկացած երևույթի կամ քաղաքական քայլի ձևը նրա մոտ ավելի կարևոր տեղ ունի, քան բովանդակությունը, իսկ շատ հաճախ ձևն ընդհանրապես բովանդակազուրկ է։ Որպես հետևանք՝ Սարգսյանը պարբերաբար տապալվում է, բայց քանի որ ունի սովետական նախկին ցածրակարգ չինովնիկներին բնորոշ հնամաշ պատկերացումներ և կարծրացած մտածողություն, ուստի՝ «նախաձեռնողականությունը» շարունակական բնույթ է կրում։

Սարգսյանին դուր է գալիս նաև «աննախադեպության» էֆեկտի ապահովումը, մանավանդ եթե ինքն է դառնում նախաձեռնած թամաշայի «աննախադեպ» հերոսը։ Պատահական չէ, որ ՀՀԿ «ճկուն» նախագահի այս կամ այն քայլը ներկայացնելիս՝ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների մատուցած տեղեկատվական արտադրանքում հաճախ ենք հանդիպում «առաջին անգամ», «աննախադեպ» և այլ նմանատիպ բնորոշումների։

«Նախաձեռնողական» թամաշայի առաջին սերիան հայ–թուրքական «ֆուտբոլն» էր։ Այն իրոք աննախադեպ էր իր հակապետական բնույթով ու դիլետանտատիզմի վառ դրսևորմամբ։ Բայց դա հարցի երկրորդական կամ նույնիսկ երրորդական կողմն էր իշխանական թիմի համար, քանզի նրանք կարևում էին այն, որ Սարգսյանը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախագահականի սազանդարներն այդ օրերին խոսում էին Հայաստանի «նյուզմեյքեր» դառնալու մասին ու, բնականաբար, նրանցից որևէ մեկին չէր հետաքրքրում գործընթացի բովանդակային կողմը. գլխավոր խնդիրը Սարգսյանի աթոռը պահելն էր ու «աննախադեպության» ապահովումը։

Սերժսարգսյանական թամաշաների շարքին կարելի է դասել նաև Մարզահամերգային համալիրում կազմակերպվող նախագահի հանդիպումները Հայաստանում գրանցված մի քանի տասնյակ հայտնի և անհայտ կուսակցությունների հայտնի ու անհայտ ղեկավարների հետ։ Համալիրում 5-6 ժամ ձգվող դատարկախոսությանը հաջորդեց Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում մեկնարկած, իսկ հետագայում արդեն Կառավարության ընդունելությունների տանը շարունակված գյալաջին՝ իշխանություն–ՀԱԿ «երկխոսության» տեսքով։

«Երկխոսությունն» այդ, ինչպես հայտնի է, չդիմանալով առանց դնչկալի ման եկող շան փորձությանը, առկախված է և Սարգսյանին մի նոր՝ աննախադեպ բան էր պետք եկել, և օրերս նա հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր–Պետրոսյանին՝ մասնակցելու ՀՀ անկախության 20–ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, բայց վերջիններս ուղղակի կամ անուղղակի ձևով չընդունեցին այդ հրավերքը և չցանկացան դառնալ Սարգսյանի «նախաձեռնողականության» մասնակիցները։ Ասել է թե՝ Բաղրամյան 26–ի պատերի ներսում պլանավորված քարոզչական հերթական պղպջակը պայթեց, ու տակը մնաց միայն աննախադեպ հրավերքը։


Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Մի փոքր զարմանալի էր, որ ՀԱԿ առաջնորդը չընդունեց Սերժ Սարգսյանի հրավերքը և որպես Գերագույն խորհրդի նախկին նախագահ չի մասնակցելու Հովիկ Աբրահամյանի կազմակերպած միջոցառմանը։ Չէ՞ որ Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական հիմնական նպատակը «Եղիազար Այնթապցու» հլու–հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալն է, և շանսը ձեռքից բաց թողնելն անհեռատես քայլ էր։

Կարծում եմ, որ ձևականություններն ավելորդ են, և երկխոսամոլ Տեր–Պետրոսյանն առանց չեմուչում անելու պետք է գնար ԱԺ, համ էլ՝ ձեռքի հետ տեղում կծանոթանար այն տարածքին ու մի պահ կհայտնվեր պետական իշխանության այն ճյուղում, որտեղ ինքը, 2012–ին սպասվող խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցելով, միգուցե կարողանա 5-6 հոգանոց խմբակցություն ունենալ։

Այս թեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այլ նյութերին www.7or.am կայքում:

7or.am
22.09.2011, 14:07
Հաղթանակների և պարտությունների 20–ամյակ

Հայաստանի Հանրապետությունը դարձավ 20 տարեկան։ Գույքագրման ենթարկելով անցած երկու տասնամյակների ընթացքում արձանագրված արդյունքները՝ կարող ենք ասել, որ եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ։

Ձեռքբերումներ

Ա. Ամենահիմնական նվաճումն, անշո՛ւշտ, հենց անկախությունն է ինքնին։ Անկախություն, որը բացարձակ արժեք է և որի շնորհիվ հնարավոր դարձավ Արցախյան պատերազմում հաղթական արդյունք գրանցելը։

Բ. Անկախ Հայաստանն իր հավատարմությունը հայտնեց համամարդկային արժեքներին՝ կողմ արտահայտվելով խոսքի, մամուլի, խղճի ազատությանը։

Գ. Անկախության հռչակագրի մակարդակով ամրագրվեց, որ մեր պետությունը սատար է կանգնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործին։

Դ. Ընդունվեց մասնավոր սեփականության ինստիտուտի գոյության իրավունքը և ֆորմալ առումով որդեգրվեց պլանայինից շուկայական տնտեսությանն անցնելու կուրսը։

Ե. Միակուսակցական համակարգ նախատեսող սովետական իրավաքաղաքական հարաբերություններն օրենսդրորեն փոխարինվեցին ժողովրդավարական երկրներին հատուկ բազմակուսակցականով։

Զ. Գիտությունը, կրթությունը, արվեստը, սպորտը և այլ բնագավառները ներկայացնող մեր հայրենակիցների ունեցած միջազգային մակարդակի բոլոր հաղթանակներն ու նվաճումները նույնպես կարելի է գրանցել անկախ ՀՀ–ի ակտիվում։

Կորուստներ

Ա. Ամենահիմնական մինուսը, որը մենք արձանագրեցինք այս տարիների ընթացքում՝ արտագաղթողների թվաքանակն է և հանրային կյանքում արդարության դեֆիցիտը։

Բ. Սոցիալ–տնտեսական խնդիրների տակ կքած և ամեն քայլափոխի անարդարությունների հետ բախվելու արդյունքում մեր քաղաքացիների մի ստվար հատվածի համար արժեզրկվեց անկախ պետության գաղափարը (մեր ժողովրդի մի մասի մոտ սովետական կարգերի հանդեպ կարոտախտի դրսևորումներն ասվածի ապացույցներից են)։

Գ. Ղարաբաղյան շարժման ալիքի վրա և «Միացում» կարգախոսով իշխանության եկածները և՛ պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո անկախ Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտ համարեցին Ղարաբաղի հարցի գոյությունը և հակամարտության կարգավորումը տեսան մեր միակողմանի փուլային զիջումների տարբերակով, այսինքն՝ առաջնորդվեցին «Անջատում» կարգախոսով։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում գերիշխող դարձավ «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքի կիրառումը, որն էլ իր հերթին դեգրադացրեց հասարակական հարաբերությունները։

Դ. Չնայած այն բանին, որ անկախության առաջին իսկ շրջանից հայտարարվեց շուկայական տնտեսություն և ժողովրդավարական արժեհամակարգով պետություն ստեղծելու պատրաստակամության մասին՝ մեզանում, վաղամեռիկ Է. Եգորյանի դիպուկ բնորոշմամբ, նախորդ դարի 90–ականների կեսերից դրվեցին նոմենկլատուրային կապիտալիզմի հիմքերը։ Արատավոր այդ տնտեսաքաղաքական համակարգը, որն իր բնույթով կլանաօլիգարխիկ է, գործում է մինչև օրս և հիմնականում սպասարկում իշխանական վերնախավի տնտեսական շահերը. պլանային տնտեսությունը փաստացի փոխակերպվեց իշխանական տնտեսության։

Ե. 1995–ի հուլիսի 5–ին «ընդունված» երկրի նախագահի համար շեյխական լիազորություններ ապահովող սահմանադրության օգնությամբ ստեղծվեց փակ, գիլդային համակարգ։ Սահմանադրությունը, ըստ էության, բացառում էր լեգիտիմ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ստեղծում «մեկ մարդու»՝ նախագահի քաղաքական դաշտ, ոչնչացնում տեղական ինքնակառավարման համակարգը, դատական իշխանությունը դարձնում գործադիր իշխանության կամակատար, իսկ խորհրդարանն էլ վերածում «մեկ մարդու» հենարանը հանդիսացող կառույցի։ Բնական է, որ այդ պայմաններում պետք է արմատավորվեր ընտրակեղծիքների ավանդույթը, իսկ իշխանափոխության միակ հնարավորությունը դառնար պալատական հեղաշրջումը։

1995–ի սահմանադրությունը բացառեց մրցակցային քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ապահովումը, իշխանության մեջ հայտնվելու մուտքը դարձրեց ներսի կողմից և պատճառ դարձավ այնպիսի ողբերգությունների, ինչպիսիք են՝

– 1996–ի հետընտրական գործընթացներն ու այդ օրերին տեղի ունեցած մարդկային զոհերը,

-1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը,

–2008–ի մարտի 1–ի դեպքերը և այլն։

Անկախ Հայաստանում այնպիսի խաղի կանոններ են սահմանված, որ քաղաքական գործունեությունը իշխանական համակարգից դուրս մարգինալ կամ հեղափոխական է դարձնում ընդդիմադիր տրամադարված ուժին կամ անհատին, իսկ հակառակ պարագայում՝ այդ ուժը կամ անհատը պետք է գնան «հաճախորդացման» ճանապարհով։

Հիմա ճակատագրի հեգնանքով ՀՀ առաջին նախագահն ընկել է իր իսկ փորած փոսն ու հրաժարվելով հեղափոխությունից՝ ձգտում է «մեկ մարդու» ենթակայության տակ գործող «էջմիածնական միաբան» դառնալ, որպեսզի վերջնականապես չմարգինալանա. նոմենկլատուրային կապիտալիզմի հիմնադիրը լավ գիտի իր իսկ ստեղծած սահմանադրության ու համակարգի ներքին էությունը։ Ճիշտ է, 2005–ի նոյեմբերի 27–ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները քայլ առաջ էին, բայց ընդհանուր առմամբ կառավարման փիլիսոփայությունը մնաց նույնը։

Մեր անելիքը

Ակնհայտ է, որ Ղարաբաղյան շարժման ալիքի բերած առաջին սերնդի իշխանությունը չկարողացավ ու, թերևս, նաև չուզեց արդիական պետություն ունենալու նախադրյալներ ստեղծել։ Ճիշտ հակառակը՝ նրանք պետական կառավարման ու հասարակական հարաբերությունների ձևավորման առումով այնպիսի խայտառակ արդյունքներ գրանցեցին, որ ամբողջությամբ արժեզրկեցին և՛ անկախության, և՛ ժողովրդավարության, և՛ ազատականության, և՛ ազգային գաղափարները։

Այժմ կլանաօլիգարխիկ համակարգը գրեթե ամբողջությամբ սպառել է իրեն, իսկ այն գլխավորող Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, որ հետսովետական շրջանի անկախ Հայաստանում իշխանության ղեկին հայտնված նեոբոլշևիկյան մտածողության վերջին մոհիկաններից է։ Ինչ որ առումով նա Բրեժնևին է հիշեցնում, ինչ որ առումով՝ Չեռնենկոյին, իսկ ինչ որ առումով էլ՝ Գորբաչովին։

Ի դեմս Սարգսյանի՝ մենք գործ ունենք սովետական անցյալի մասին հիշեցնող ուրվականի հետ, ով փորձում է իր քաղաքական գոյությունը երկարաձգել հայկական նեոբոլշևիզմի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսելով»։ Նրանց մերձեցումն, ի դեպ, շատ բնական պետք է համարել, քանի որ երկուսն էլ պարտված «ֆուտբոլային» գաղափարախոսության կրողներ են ու մտածողությամբ՝ հակաանկախականներ։ Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանն ու Լ. Տեր–Պետրոսյանը քաղաքական անախրոնիզմ են և իրենց այսօրվա դիրքերը պահպանում են զուտ իներցիայի շնորհիվ։ Իներցիա, որն իր ներքին էներգիան կսպառի համապետական ընտրությունների նախաշեմին։

Ինչ վերաբերում է անկախ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներիս անելիքներին, ապա հաջորդ տասնամյակի ավարտին այսօրվա խնդիրներն ամբողջությամբ լուծված տեսնելու և զարգացման նոր ուղու վրա դուրս գալու նպատակով մենք պետք է բեկում ապահովենք։

Հարկավոր է ապամոնտաժել այս կլանաօլիգարխիկ համակարգը՝ կասեցնելով «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու գործընթացը, ինչպես նաև ընդունել նոր՝ խորհրդարանական պետական կառավարման համակարգ նախատեսող Սահմանադրություն, կառուցել մրցունակ տնտեսություն և տեր կանգնել մեր ազգային–պետական շահերին։ Այլ խոսքերով՝ մեզ անհրաժեշտ են ազգային–դեմոկրատական փոփոխություններ։

Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների և որակապես նոր պետության ստեղծման լոկոմոտիվը, ինչպես աշխարհի բոլոր զարգացած պետությունների դեպքում, պետք է դառնան Հայաստանի փոքր, միջին ու խոշոր բիզնեսի շերտերը ներկայացնող սուբյեկտները։

Ազգային բուրժուազիայի և այդ բուրժուազիայի քաղաքական վերնաշենքի կոնսոլիդացիան հանրության լայն շերտերի, սերժալևոնական «երկխոսական» տիրույթից դուրս գտնվող քաղաքական ուժերի առողջ հատվածի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լայն շրջանակների հետ հնարավորություն կտա մեր քաղաքացիներին հետագայում գլուխները բարձր ու հպարտությամբ լցված տոնել անկախության վերանվաճման օրը։ Այնպես որ Հայաստանի անկախացման գործընթացը դեռ չի ավարտվել։ Հիմա ավելի պատասխանատու փուլ է՝ հակաանկախական ռեակցիոն ուժերից քաղաքական դաշտը մաքրելու և նորմալ պետություն կառուցելու փուլ։ Իսկ դա նշանակում է, որ սպասվում է լուրջ պայքար։ Այդ պայքարի գագաթնակետը կլինի ԱԺ նոր կազմի ընտրությունը, որի արդյունքներն էլ կկանխորոշեն Հայաստանի ապագայի գույները։


Անդրանիկ Թևանյան


Այս թեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այլ նյութերին www.7or.am կայքում:

7or.am
22.09.2011, 19:25
Վարչապետի ոսկեբեր գետակը

Այնպես է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանը և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները զուգահեռվում են Հայաստանի անկախության պատմության հետ։ Գործարանի հետ կապված խնդիրները մեր երկրի ընդհանուր խնդիրների պես են լուծվում, այսինքն՝ չեն լուծվում։

1988–ի շարժումը, որը սկզբում բնապահպանական բնույթի էր, հրապարակային քննարկման առարկա դարձրեց մի շարք հարցեր, այդ թվում՝ «Նաիրիտի» հարցը։ Սկզբում ասում էին. «Նաիրիտը փակենք, որպեսզի լավ ապրենք և էկոլոգիապես մաքուր օդ շնչենք»։ Դա ոչ անհայտ Խաչիկ Ստամբուլցյանի սիրած կարգախոսն էր։

Շարժման տղաները «Նաիրիտը» փակեցին, բայց հասարակության կյանքը դրանից չլավացավ։ Հետո ասացին՝ ժամանակին սխալվել ենք, ու որպեսզի լավ ապրենք, պետք է անել ճիշտ հակառակը, այն է՝ բացել «Նաիրիտը»։ Սակայն պարզվեց, որ դա էլ երջանկություն ու բարեկեցություն չի բերում բազմաչարչար հայ ժողովրդին։ Այդպիսով «Նաիրիտը» դարձավ ՀՀ բոլոր կառավարությունների ղեկավարների գլխացավանքը կամ էլ՝ բարեկեցության աղբյուրը. նայած, թե ով էր զբաղվում խնդրով ու ինչ մեթոդներով։

Նկատենք, որ ամեն կառավարություն յուրօվի է փորձել լուծում գտնել, բայց, մեծ հաշվով, արդյունքը գոհացուցիչ չի եղել։

Ներկայիս վարչապետն էլ է լծվել «Նաիրիտի» հարցը լուծելուն, բայց ոչ թե իր նախորդների պես, այլ, դատելով ամենից, որոշակի անձնական շահագրգռվածությամբ։

Բանն այն է, որ, ինչպես բազմիցս գրվել է մամուլում, «Նաիրիտը» փաստացի պատկանում է Տիգրան Սարգսյանի եղբորը։ Հայտնի է նաև, որ վարչապետի մյուս եղբայրը Չինաստանում ՀՀ դեսպանն է և դրսում զբաղված է ընտանեկան բիզնեսի շահերի սպասարկմամբ (մարդիկ «Հայկական աշխարհ» են կառուցում ու նպաստում Չինաստանում աշխատատեղերի ստեղծմանը)։

«Փրկե՛նք Նաիրիտը» դեմագոգիկ կարգախոսի ներքո Տ. Սարգսյանը, երբեմն օգտվելով նախագահական ինքնաթիռից, իսկ երբեմն էլ՝ չարտերային թանկարժեք թռիչքներից, վերջին շրջանում վարկը վարկի հետևից է բերում «Նաիրիտի» համար, որոնք կարելի է ասել, որ փոշիանում են և այդ «փոշուց» առաջացած կեղտը հետագայում, թերևս, հնարավոր չի լինի մաքրել անգամ այդ գործարանի արտադրած ժավելով։

Ստացվում է, որ ֆինանսների սղության ու տնտեսական ճգնաժամի պայմաններում դրսից փողեր են բերվում ու կասկածելի մեխանիզմներով վատնվում։ Այս առումով զարմացած են անգամ միջազգային դոնոր կազմակերպությունները, որոնք չեն հասկանում, թե ինչո՞ւ է այդքանից հետո «Նաիրիտն» այս վիճակում։

Միջազգային կազմակերպությունները հավանաբար չեն իմանում, որ Տիգրան Սարգսյանի համար կարևորը «Հայկական աշխարհի» կառուցումն է, այլ ոչ թե որոշակի արդյունքների ապահովումը Հայաստանի Հանրապետության ներսում։ Բացի այդ, «Նաիրիտն» այն «սև խոռոչն» է, որի միջոցով կարելի է կյանքի կոչել մարքսիստական «փող–ապրանք–փող’» բանաձևը, որը քողածածկելու համար ընդամենն անհրաժեշտ են տերտերական առոգանություն և եղբայրական նվիրվածություն։


Կարեն Հակոբջանյան



Այս թեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այլ նյութերին www.7or.am կայքում:

7or.am
24.09.2011, 11:05
Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա իր ասուլիսում բավական լուրջ մեղադրանքներ է ներկայացրել Լևոն Տեր–Պետրոսյանին՝ հայտարարելով, թե 90–ականներին առաջին նախագահն ու իր ոհմակը զբաղվել են զենքի առևտրով։ Հայրապետյանը նշել է նաև, թե Տեր–Պետրոսյանի իշխանության օրոք Հայաստանը դարձել էր թմրանյութերի տարանցիկ գոտի, որի մասին, ըստ բանախոսի, զեկուցագրեր են պատրաստել նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

ՀՀԿ–ական պատգամավորը, ով Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից է համարվում, ավելացրել է, որ ինքը կարող է ապացուցել իր ասածները. «Թող դատի տան։ Դատարանում ես կապացուցեմ նաև այն սպանությունները, որոնց համար իրենց ժամանակվա ՆԳՆ–ի նախարարը հետախուզության մեջ է։ Թող դատի տան, կտեսնենք՝ կապացուցե՞մ, թե՞ ոչ»։

Թե ինչպիսի զարգացումներ են սպասվում ՀՖՖ նախագահի հայտարարությունների հետ կապված և արդյոք ՀԱԿ առաջնորդն ու իր շրջապատը կփորձե՞ն պատասխանել հնչեցված մեղադրանքներին՝ պարզ կդառնա առաջիկայում։ Այս պահին, սակայն, կարևորը դա չէ։ Ի վերջո, բոլորիս է հայտնի, որ լևոնական կառավարման շրջանում բազմաթիվ հանցագործություններ են եղել ու Հայրապետյանն այդ առումով նորություն չի ասել։

Հաշվի առնելով ներքաղաքական գործընթացները՝ կարևորն ու ուշագրավն այստեղ այն է, որ Ս. Սարգսյանի մտերիմ համարվող մարդն անուղղակիորեն մեղադրում է ՀՀԿ «ճկուն» ղեկավարին, ով, երկխոսական գործընթաց է նախաձեռնել, ՀՖՖ նախագահի բնորոշմամբ, նարկոթրաֆիկով զբաղված ու բազում հանցագործություններ գործած Տեր–Պետրոսյանի հետ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ իշխող կոալիցիայի հիմնական ուժը ներկայացնող մեկ այլ գործիչ, ով համատեղությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, ուղղակի ձևով հայտարարեց, թե զզվում է ՀԱԿ–ի հետ կազմակերպվող երկխոսությունից ու նողկանք է ապրում այդ փաստի կապակցությամբ, ապա դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանի սիրավեպը Տեր–Պետրոսյանի հետ չի ողջունվում իր իսկ կուսակիցների ու մտերիմների կողմից։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ձգտելով պահել աթոռը, քաղաքական դաշտում հայտնվել է անվճռական մենակի դերում կամ, ավելի ճիշտ, մնացել է Լ. Տեր–Պետրոսյանի հույսին։ Բայց խնդիրն այն է, որ Տեր–Պետրոսյանն էլ իր հերթին է մնացել Սերժի հույսին, քանզի առանց վերջինիս քարոզչական ու այլ բնույթի աջակցության՝ ՀԱԿ–ը վերջնականապես կվերածվեր քաղաքական դիակի։ Այսինքն՝ երկու անհույս գործիչ մնացել են միմյանց հույսին։

Թե ինչ դուրս կգա սերժալևոնական այս համագործակցությունից ու «հույսդնոցիից», կարելի է կռահել Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի անցած ուղին ուսումնասիրելով։


Կարեն Հակոբջանյան


Այս թեմայի շուրջ քննարկումները նաև blog.7or.am կայքում:

www.7or.am

7or.am
26.09.2011, 11:48
Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին ինքնաառաջադրվեց որպես գործիք

ՀԱԿ վերջին հանրահավաքում ելույթ ունենալիս՝ Լևոն Տեր–Պետրոսյանը բաց տեքստով պատրաստակամություն հայտնեց դառնալ ԱՄՆ–ի (ենթատեքստում նաև շահագրգիռ այլ երկրների ու կառույցների, օրինակ՝ ԵՄ, Թուրքիա, Ադրբեջան և այլն) գործիքը՝ հայ–թուրքական հարաբերությունները շուտափույթ կարգավորելու, և հետևաբար նաև Ղարաբաղի հարցում բեկում արձանագրելու հարցում (գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախագահն այդ ամենը պատկերացնում է Հայոց ցեղասպանության մոռացության ու Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ներառելու տարբերակով, այդ իսկ պատճառով էլ կարելի է միանշանակ պնդել, որ սույն հարցում նրան պոտենցիալ օգտագործողների թվում կարող են լինել մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկու հարևան պետությունները)։

Ներկայացնեմ մի ընդարձակ մեջբերում Տեր–Պետրոսյանի խոսքից, որն ամբողջովին կբացահայտի այս գործչի բարոյական նկարագիրն ու քաղաքական հավատամքը։

«Ամերիկան Հայաստանում որեւէ այլ ռազմավարական հետաքրքրություն չունի, բացի, թերեւս, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, որը, սակայն, նույնպես նրա կողմից հիմնականում արժեւորվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դիտանկյունից։ Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը եւ ընդհանրապես Արեւմուտքը Հայաստանին վերաբերող որեւէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չեն ներդրել, որքան հայ–թուրքական հաշտեցման գործընթացում։ Նշելով այս ամենը, ես չեմ կասկածում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եւրոմիության առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնվությանը եւ, ի տարբերություն շատերի, ամենեւին հակված չեմ դրա ետեւում դավադիր մտադրություններ, էգոիստական շահագրգռություններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու։ Որովհետեւ լիովին համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլեւ, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում առանձնապես Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Թեեւ ակնհայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգավորմամբ Արեւմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաեւ որոշ այլ հարցեր, ինչպես, օրինակ, Այսրկովկասում ռուսական եւ իրանական ազդեցության թուլացումը, Միջին Ասիայից դեպի Եւրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թեկուզ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սփյուռքի ճնշման չեզոքացումը, սակայն միեւնույն է, այդ նկատառումները որեւէ չափով չեն կարող նսեմացնել հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը,– գործիք դառնալու իր նպատակի ազնվության ալիբին է փորձում ապահովել Լ. Տեր–Պետրոսյանը և ապա անցնում բուն թեմային, – Հայաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եւրոմիության երկրների վարած քաղաքականության սխալը, հետեւաբար, ոչ թե նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մեջ է։ Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրույք են կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացված եւ հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա, հաշվի չառնելով հասարակական կարծիքի կարեւորությունը եւ այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բավարար աջակցության անհրաժեշտությունը»։

Կարճ ասած՝ դրսի ուժերին հղած Տեր–Պետրոսյանի մեսիջը կամ նրանց առաջարկվող գործարքի էությունը հետևյալն է՝ «Հարգելիներս, եթե ուզում եք Հայաստանից զիջումներ կորզել, ապա դա արեք ի՛մ միջոցով, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի, քանի որ նրա հետևում ժողովրդի բավարար աջակցություն չկա։ Ինձ բերեք իշխանության և ես պատրաստ եմ ծառայել ձեր շահերին»։

Ինչ վերաբերում է հանրահավաքի եկածներին ուղղված մեսիջին, ապա այն հետևյալն էր. «Դուք պետք է գլխաքանակ ապահովեք, որպեսզի Արևմուտքը խաղադրույքն իմ վրա կատարի և ես կարողանամ իշխանության գալ, այլապես պարտությունը երաշխավորված է, քանզի առանց դրսի աջակցության հնարավոր չէ Սերժին փոխել ու մեզ կմնա միայն «Եղիազարի» հլու–հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալը»։ Մառազմն այն էր, որ այս մտքին կոնգրեսական շարքերից արձագանքեցին «Այո՜» վանկարկումով։ Ասել է թե՝ հանրահավաքի մասնակիցներն իրենց հերթին պատրաստ են դառնալ գործիքի գործիքը. կողմերը միմյանց արժանի են։ Ինչևէ։

Ի դեպ, «հիմնադիրն» իր «գործիքավորվելու» նպատակին հասնելու հարցում այնքան հեռու գնաց, որ նախապես պատրաստած հանրահավաքային ելույթի տեքստից շեղվելով դիմեց Արևմուտքին՝ պահանջելով չուշացնել և Հայաստանի հետ հենց հիմա վարվել այնպես, ինչպես, օրինակ, Լիբիայի։

Այսպիսով ևս մեկ անգամ հաստատվեց, որ ի դեմս ՀԱԿ–ի մենք գործ ունենք թուրք–ադրբեջանական շահերին համահունչ մոտեցումներ ունեցող և Հայաստանի անվտանգությանը սպառնացող կառույցի հետ։ Իսկ դա այլ կերպ, քան 5-րդ շարասյան ֆունկցիա չես որակի։

Ուշագրավ է, որ «ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերություններն այս անգամ ևս լայնորեն լուսաբանեցին 5–րդ շարասյան հանրահավաքը՝ մանրամասն ներկայացնելով Տեր–Պետրոսյանի խոսքը, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի նեղ թիմն ամեն ինչ անելու է, որպեսզի կոնգրեսականները պահպանեն իրենց դիրքերն ու հանրության մեջ ընկալվեն որպես տիտղոսային ընդդիմություն, քանի որ նման «ընդդիմության» ֆոնին «ֆուտբոլասերները» պետականակենտրոնության մարմնավորումների են վերածվում։ Բացի այդ՝ տերպետրոսյանական բնույթի «միաբանական» ուժը մշտապես կարող է ծառայեցվել «կայունության երաշխիքի» դերում, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել։ Հետևաբար՝ ներքաղաքական այս «ստատուս քվոն» փոխելու և դաշտը սերժալևոնական մարգինալ ուժերից մաքրելու համար հանրային լայն կոնսոլիդացիա է պետք։ Հակառակ պարագայում՝ Ազատության հրապարակը կդառնա Հայաստանի անվտանգության հարցերը դրսի ուժերին աճուրդով վաճառքի հանելու առևտրային կենտրոն։


Անդրանիկ Թևանյան


www.7or.am

Moonwalker
26.09.2011, 12:06
Մոդերատորական. զարգացման հեռանկար չունեցող, բացառապես այլ կայքի մեջբերումներից բաղկացած, տվյալ կայքի գովազդին ծառայող թեման փակվում է:
Բաժնի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող (բայց ամենևին ոչ ինքնանպատակ տեղադրվող) նորությունները կարող են տեղադրվել ու քննարկվել «Քաղաքականություն» բաժնի համապատասխան թեմաներում: