Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Չկաս…



Անուշ...
21.08.2011, 16:38
Աչքերս ցավում են, կարծես հոգնել են սպասելուց,

Դանդաղ սառում են` վախենալով թարթելուց,

Գուցե հենց այդ ակնթարթում հանկարծ անցնես գնաս,

Գուցե… Իսկ հիմա` չկաս…

Ու վայրկյանները հաշվելուց ես կգժվեմ շուտով.

Երկու միլիարդ քսանյոթ. Չկաս…

Երկու միլիարդ քսանութ. Որտե ՞ղ ես…

Երկու միլիարդ քսանինը. Ատում եմ թվերը,

Ու ամենից շատ մեկն եմ ատում`

Այդ դավաճան մեկը:

Հոգնել եմ ինքս ինձ` մեկիս, անդադար

Կյանքումս հաշվելուց,

Հոգնել եմ այրածս սրտերը հաշվելուց,

Դրանց անհանգիստ զարկերը լսելուց:

Քո՛ սրտի զարկերն եմ միայն ուզում լսել,

Քո՛ սրտի զարկերն եմ ուզում անվերջ հաշվել…

Եվ ինչու ՞ վայրկյանների մեկն արդեն միլիարդ է գոռում,

Իսկ այս մեկը… Այս մեկին գեթ երկուս եմ ուզում դարձնել,

Բայց թվում է թե զրո կդառնա մի օր, սակայն ոչ երկուս:

Երանի հաշվել չիմանայի,

Չէի իմանա նաև այն վայրկյանների քանակը,

Որ հեգնում են չլինելդ

Եվ այն անիծյալ մեկը, որ քմծիծաղում է լինելս…առանց քեզ…

Գոռում եմ, և օդը փշրվում է հազար մասի,

Երանի ես էլ այդպես փշրվեի,

Գուցե փշրանքս քամու հետ մի օր դիպչեր շուրթերիդ,

Գոնե փշրանքս մի պահ երկուս դառնար…Քեզ հետ…

Չկաս…Որտե ՞ղ ես…

Ես դեռ սպասում եմ, դեռ հաշվում եմ,

Եվ գուցե երբ հասնեմ հինգ միլիարդին հանկարծ կգաս,

Կգաս ու մեկս երկու կդարձնես:

Սակայն, սիրելիս, խնդրում եմ`

Եթե մեկս մի օր հանկարծ զրո դառնա,

Այնժամ…

Հանկարծ չգաս…Էլ չգաս:

Mark Pauler
21.08.2011, 21:56
Չգիտեմ, թե ինչքանով ես կարողացել փոխանցես թղթին իրական զգացողություններդ, բայց դա էլ բավական էր, որ ստեղծագործությունը զգացմունքային լինի ու չնայած մտերդ դառն են, բայց սիրուն են :

Անուշ...
22.08.2011, 00:35
Անչափ շնորհակալ եմ կարծիքի համար

Անուշ...
11.09.2011, 10:41
Ճչամ…

Հայացքս հառեմ մաշված հատակին

Եվ ծաղրելով այս անտեր լռությունը`

Ճչամ…Անունդ չէ…Քեզ…

Ճչամ ամեն մասնիկդ, ամեն շունչդ…

Ճչամ այնքան ուժգին,

Որ շուրջս կախված հանցավոր դատարկությունը

Մի ակնթարթում լցվի…քեզանով…

Ու դառնա մոլեգին անվերջություն:

Ճչամ անձայն…

Ճչամ հոգովս, որ կորցրել եմ քո մեջ,

Ճչամ մարմնովս, որ մի պահ կծիկ կդառնա

Ու կանշարժանա քարացած:

Եվ երբ մատներս մխրճվեն մաշկիս մեջ,

Այնժամ միայն դավաճան ցավից

Կզգամ, որ դեռ կամ,

Դեռ շնչում եմ…Քեզանով…

Ճչամ… Այնքան ցածր, որ հանկարծ չլսես,

Որ զգաս... Ու նորից չգաս…

Անուշ...
11.09.2011, 11:35
Քո աշխարհում հիմա գուցե

Պայծառ գիշեր է արևոտ,

Ձմռան այրվող մի երեկո

Կամ ցուրտ աշնան անձրի մի տաք...



Քո շուրթերին հիմա գուցե

Չքնաղ ժպիտ է մի թախծոտ,

Կամ քաղցր արցունքներն են քո`

Սառույց դարձած արևի տակ...



Քո աչքերում այսօր կրկին

Ես կտեսնեմ մի մայրամուտ,

Բայց շատ վաղուց վառվել է այն,

Դարձել մոխիր, մոխիր միայն...



Անձայն զարկող քո լուռ սրտին

Գուցե պատմի երկինքը լուրթ,

Որ ծաղիկները մեր գարնան

Վաղուց թոշնել են, էլ չկան...

Անուշ...
17.09.2011, 10:49
Զգուշացե՛ք, մարդիկ...

Աղմկոտ փողոց...

Մոլորված մարդիկ,

Որոնք իրենց տեղն են փնտրում այս կյանքում,

Կամ կարծում են, թե գտել են արդեն,

Իսկ միգուցե չեն էլ վատնում իրենց թանկագին ժամանակն

Այդ ուղղությամբ մտածելու վրա:

Տեսնես` ինչու՞ չեն ժպտում...

Ոմանք մտահոգ են,

Իսկ մյուսնե՞րը...

Գուցե ամաչում են,

Գուցե վախենում են.

Վախենում են սխալ հասկացվելուց

Կամ տարօրինակ թվալուց:

Բայց տարօրինակը, կարծեմ, յուրօրինակին է համարժեք,

Իսկ յուրօրինակ լինելը մի՞ թե հրաշալի չէ:

Երևի թե ժամանակ չունեն յուրօրինակ լինելու համար,

Կամ, գուցե, կարծում են`

Յուրօրինակ լինելը վնասակար է առողջությանը:

Շփոթվեցի...

Շատ մտածելն էլ է խանգարում,

Բայց չմտածելն էլ այնքան ձանձրալի է:

Իսկ երկինքն այնքան կապույտ է ու անսահման...

Ասում են` ժպիտը վարակիչ է,

Եվ ես ժպտում եմ անցորդներին

Կենսուրախ ու պայծառ ժպիտով:

Զգուշացե՛ք, մարդիկ,

Քաղաքում նոր վիրուս է տարածվել...