PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայրամուտից այն կողմ...



Անուշ...
21.08.2011, 10:46
52669

Ինչու՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցը, որ միշտ մնում է անպատասխան, ծնվում է աննկատ, առանց աղմուկի… Միախառնվելով մայրամուտի հետ` ներկում է հորիզոնը միայնության գույնով, կախվում է հոգուցդ, ինչպես անձրևն է կախվում երկնքից, և հանկարծ պատռելով այն` թափվում այնքան ուժգին, որ թվում է` շուտով կխեղդվես… Իսկ դու չես ուզում խեղվդել, ուզում ես պարել այդ անձրևի տակ, ինքնամոռաց պարել, ու ճչալ` երջանկությունից, և ոչ ցավից…Ուզում ես ներկել երկինքը այն գույնով, որ չունի անուն, որ չունի նույնիսկ գույն… Ինչու՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցի պատասխանը գուցե թաքնված էր այն գրքերում, որոնք բաց ես թողել պարտադիր գրականության ցանկից… Գուցե գրվել էր ամպերի մեջ հենց այն պահին, երբ հայացքդ իջեցրել ես մոխրագույն ասֆալտին…Գուցե հնչել էր հենց այն ժամանակ, երբ հոգնելով առօրյայի անիմաստ աղմուկից` խորասուզվել ես մտքերիդ օվկիանոսի մեջ… Ինչու ՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցը անէանում է նույնքան աննկատ, որքան ծնվում է… Անէանում է հենց այն ժամանակ, երբ հանկարծ երկինքը ներկվում է հենց այն գույնով, որ չուներ անուն, չուներ նույնիսկ գույն… Այն թափվում է երկնքից այնքան ուժգին, որ թվում է` շուտով կխեղդվես… Իսկ դու պարում ես, , ինքնամոռաց պարում ու ճչում… Ինչու՞ այսքան երկար չէիր գալիս… Եվ ինչու՞ հայոց լեզվի և ոչ մի գրքի` բայերի խոնարհման և ոչ մի բաժնում երբեք գրված չի եղել այն մասին, որ ներկայի և անցյալ կատարյալի միջև կա այդքան ահռելի անդունդ, կան սրտի անթիվ մոլեգին զարկեր, կան այդքան ցրտաշունչ անձրևներ… Հարկավոր է անպայման խմբագրել հայոց լեզվի բոլոր գրքերը… Դրանցում գրված չէ նաև, որ փոխարինելով ներկան անցյալ կատարյալով` փոխարինում ես նաև մայրամուտն արևածագով… Ինչու ՞ այսքան երկար չէիր գալիս… Այս հարցը գուցեև ունի պատասխան, բայց… Մի ՞թե այն կարևոր է հիմա…

Անուշ...
21.08.2011, 11:16
Ճչամ…

52670
Հայացքս հառեմ մաշված հատակին

Եվ ծաղրելով այս անտեր լռությունը`

Ճչամ…Անունդ չէ…Քեզ…

Ճչամ ամեն մասնիկդ, ամեն շունչդ…

Ճչամ այնքան ուժգին,

Որ շուրջս կախված հանցավոր դատարկությունը

Մի ակնթարթում լցվի…քեզանով…

Ու դառնա մոլեգին անվերջություն:

Ճչամ անձայն…

Ճչամ հոգովս, որ կորցրել եմ քո մեջ,

Ճչամ մարմնովս, որ մի պահ կծիկ կդառնա

Ու կանշարժանա քարացած:

Եվ երբ մատներս մխրճվեն մաշկիս մեջ,

Այնժամ միայն դավաճան ցավից

Կզգամ, որ դեռ կամ,

Դեռ շնչում եմ…Քեզանով…

Ճչամ… Այնքան ցածր, որ հանկարծ չլսես,

Որ զգաս ու... Նորից չգաս…