PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռազմիկ Դավոյան



GinAni
04.08.2011, 14:39
Ռազմիկ Նիկողոսի Դավոյան
Ծնվել է 1940թ. հուլիսի երեքին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է նույն տեղում, իսկ 1949-ին ընտանիքով տեղափոխվել են Գյումրի /Լենինական/, ուր նա ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը, ձեռք բերելով բուժակի մասնագիտություն: Մեկ տարի Լենինականում աշխատելուց հետո, մեկնում է Երևան, ուր նա 1959-ին ընդունվում և 1964-ին ավարտում է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, զուգահեռ` նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: 1975 թվականից մինչև 1990թ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:

Միաժամանակ` 1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի Աղետի Գոտու Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ, 1991-ից Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահ, 1994-1996թթ. Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ: 1999-2003 թթ/ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական:

Առաջին բանաստեղծությունը 1957թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն` 1963-ին:

GinAni
04.08.2011, 14:41
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:

Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ու՞ր են տանում,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:

Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

GinAni
04.08.2011, 14:42
Երկինքը սփրթնել է:
Ու հողը ճաքել է ցրտից:
Այս աշունը աշուն է եւ հին է բյուրապատիկ,
Այս աշունը աշուն է իր նոր օրորներով:
Ես քայլում եմ հանդարտ, հատիկ-հատիկ՝
Սեւ մայթերի դեղին ժպիտը տրորելով:

GinAni
04.08.2011, 14:43
Քամիները բոլոր, քամիները բոլոր,
Ինձ թվում է թաքուն
Ամեն տարի մի օր,
Սուր-սուրալով, կամ թե
Փափուկ թավալգլոր,
Հավաքվում են մի տեղ
Քամիները բոլոր:
Եվ աշխարհի վրա, եւ աշխարհի վրա
Քարանում է հանկարծ
Հողը հազարամյա,
Ու քարերը քարե
Շնիկներ են դառնում,
Տիեզերքում մի մեծ
Լռություն է հառնում,
Ասես հողը մեկից
Երկինք է համբառնում:
Ուռուցիկ են դառնում
Եվ ծովերը բոլոր,
Օվկիանոսներն ամեն,
Որ խորքերից իրենց անհուն տագնապների
Մի ձայն, մի շշնջյուն,
Մի հառաչանք քամեն:
Եվ ուռուցիկ, կապույտ ջրերն իրենց վրա
Բարձրացնում են ճերմակ
Առագաստներ անթիվ,
Որոնք քամով լցված,
Ուռչում են անընդհատ
Ու լուռ քարանում են
Չսուրալու խանդից:
Եվ ուռուցիկ, թավշե շրթունքների վրա
Բառն ուռչում է՝ որպես
Բողբոջն ամենամեծ,
Եվ չի հիշում ոչ ոք,
Ոչ մեկը չի հիշում,
Թե ո՞վ իրենց այդպես
Համրությանը գամեց:

Եվ լարումի ցավից
Կտրատվելով անլուր,
Հանկարծ տիեզերքում Բանաստեղծն է ճչում,
Եվ սուրում են ծովում
Առագաստներ անթիվ,
Եվ պոկվում են շուրթից
Հնչյունները կպչուն,
Եվ լսվում է ՝ ինչպես
Հողի ամեն հյուլե
Արձագանք է հնչուն:

Նա ճչում է այդպես
Եվ ինքն արդեն չկա,
Նա ցրվում է կյանքի
Աչքերի մեջ ագահ,
Եվ նա չի էլ լինի,
Չի հայտնվի, մինչեւ
Այդ մեծ, սարսափելի
Լռությունը չգա:

GinAni
04.08.2011, 14:43
Սուտ էր տառապանքն իմ համր ու թաքուն,
Սուտ էին բոլոր երազներս խեղճ,
Սուտ էին բոլոր գիշերներս անքուն՝
Սև-սև նիզակներ՝
Մխրճված իմ մեծ երջանկության մեջ:

Սուտ էր հայացքիդ տրտմությունն անքող,
Եվ կարոտներիս տագնապն անանուն,
Ճերմակ ձեռքերիդ սրսփումը խուլ,
Եվ շրթունքներիդ մրմունջներն անհուն:

Սուտ էին: Չկար: Ու չէին եղել,
Ախ, մի՞թե սուտ էր ամեն ինչ, սե՛ր իմ,
Մի՞թե հավիտյան տանջանքը բյուրոց
Դամբան է դառնում նրանց հույսերին:

Աշխարհում միլիոն ստեր կան, որոնց
Հարկավոր են ճիշտ բույն ու օրորոց:

Ցավը խնդության դռներն է բախում
Եվ բույն է դնում երջանկության մեջ,
Նրա սաղմերը աշխարհ են փոխում,
Ապականելով մեր բախտը անվերջ:

Աշխարհում միլիոն սուտ ցավեր, որոնց
Հարկավոր են ճիշտ բույն ու օրորոց:

Սուտն ամեն վայրկյան հետևում է, որ
Ճշմարտությունը իրեն օրորի.-
Ճշմարտությունը՝ մի վայրկյան, մի օր,
Հավերժ ու ճիշտ է սուտը բոլորի:

Եվ համատարած այդ ստի տակից
Ճշմարտությունն է ցավի պես ծաղկում.-
Սուտ էին բոլոր տագնապներս անքեն,
Սուտ էին բոլոր գիշերներս անքուն:

GinAni
04.08.2011, 14:44
Դու կաս, հիմա դու կաս,
Ես ճանաչում եմ քեզ,
Եվ թողնում եմ, որ իմ
Աչքերի մեջ երգես,
Եվ թողնում եմ, որ իմ
Շրթունքներով ճչաս,
Եվ թողնում եմ, որ ինձ
Ճանաչես ու խղճաս:
Եվ թողնում եմ, որ ինձ
Դու վերստին երկնես,
Եվ թողնում եմ, որ ինձ
Բառերի փունջ մեկնես:

Քեզ ամեն ինչ այդպես
Թույլ եմ տալիս, սե՛ր իմ,
Քեզնով ես ինքս ինձ
Բույր եմ տալիս, սե՛ր իմ:

Բույր եմ տալիս ես ինձ,
Քեզնով գույն եմ տալիս,
Իմ մեջ աշխարհն ամբողջ
Շուռումուռ եմ տալիս:
Եվ քո հուշի դիմաց
Ես պեծկլտում եմ դեռ,
Ինչպես թաց մթի մեջ
Հանգչող լապտեր:

GinAni
04.08.2011, 14:45
Արեւամուտը...
Ինքը՝ արեւն է, արդեն քրքրված:

Ես խոնարհվել եմ ստվերիս վրա:
Այս իմ ստվերը
Ասես ածխացած իմ «եսը» լինի՝
Իմ առջեւ դրված:

GinAni
04.08.2011, 14:45
Ձեզ
Դուք,
Որ բանաստեղծ եք
Եվ հավատքի քրմեր,
Որ ամենից շատ հավատում եք
Ձեր երգի ամենազոր ուժին,
Ապա եղեք հզոր,
Ապա եղեք վսեմ,
Ապա թույլ մի տվեք,
Որ օտար մակույկները նավերի հավակնությամբ
Նավեն ձեր հավատքի վրա:
Դուք,
Որ բանաստեղծ եք,
Ձեր հավատքը,
Որ կարող է ուռչել
Լայնամռունչ հուզվող կրծքի նման.-
Դուք թողնում եք,
Որ նա-
Ձեր հավատքը
Այդպես մնա ուռած
Եվ – չպայթի:

GinAni
04.08.2011, 14:46
Ճերմակ բարձերի խլության մեջ
Խուլ տկտկում է սիրտս վախից.-
-Քեզ ո՞վ է տվել այդքան տագնապ,
Քեզ ո՞վ է տվել այդքան թախիծ:

Քեզ ո՞վ անիծեց՝ անհունի մեջ
Ցավի ձեռքերը գուրգուրելու,
Եվ նրա առջեւ ծունկի եկած
Հառաչելու եւ աղոթելու:

Քեզ ո՞վ օրհնեց, որ ցավը հավետ
Քո լույս ձեռքերը արյունոտի,
Որ դու չթողնես նրան հանկարծ,
Որ զորանալով, մեծանալով
Նա քո մարմինն էլ պատառոտի:

Ի՞նչ ես թողել դու, ի՞նչ երազներ,
Ի՞նչ կարոտների, ցավերի բերդ,-
Ո՞վ է կանչում քեզ, ով է կանչում,
Որ տարրալուծի անհունի հետ:

Նա՞, որ արցունքիդ քողը հագավ
Ու քո աչքերի մշուշը հեզ,
Եվ հեռացավ ու.. եւ հեռացավ
Ճիշտ երազի եւ սուտ աստղի պես:

GinAni
04.08.2011, 14:47
Լռում եմ.
Ձայնս երկինքն եմ տանում
Սիրո թափանցիկ, տխուր ձեռքերով,
Սեւ գիշերն իմ մեջ զնգզնգում է խոր
Անապատների կարմիր զանգերով:

Կարմիր զանգերի լեզվակները շեկ
Շեկ ավազների ձայնով ահարկու
Պատմում եմ իմ այս լռությունը մերկ:

Սիրած տեսիլքի շուրթերով կարմիր
Իմ արյան ձայնն է ականջիս հասնում.-
Ընկնող աստղերին ասում եմ ՝ աստղեր
Եվ ուրիշներին անհասկանալի
Երգերին դարձյալ երգեր եմ ասում:

Կորած ծովերիս ասում եմ ՝ ծովեր,
Իմ կորած ծովեր ՝ ասում եմ կրկին,
Իմ ուլ ցավերին ասում եմ ՝ ցավեր,
Երկիր եմ ասում իմ կորած երկրին:

Կորած օրերիս ասում եմ ՝ օրեր,
Որբեր, ասում եմ, ձեր ցավն ինձ կերավ,
Ախր, ի՞նչ անեմ ես ձեզ հետ, որբեր,
Անիրավ սիրո որբեր անիրավ:

Եվ համր ասսպես, ու խուլ, ու կորած,
Կորած հույսերիս ասում եմ ՝ հույսեր,
Անհունության մեջ կաված ձեռքի մեջ
Կծկվում է սիրտս,
Եվ կորած սիրուն ասում եմ ՝ Իմ Սեր:

GinAni
04.08.2011, 14:47
Նախապես դուք իմ աչքերը չէիք,
Ուրիշինն էիք,
Դուք աչքեր չէիք,
Դուք նման էիք դեմքը զարդարող
Երկու մեծ խալի:
Դուք իմ աչքերը դառնալու համար
Տառապել եք շատ,
Եվ իմ աչքերը մնալու համար
Տառապեք էլի:

GinAni
04.08.2011, 14:48
Մաղվում է ցած
Անձրեւը մե՜ղմ, մեղմ ու դանդաղ՝
Իմ հուշերի հովիտներում,
Իմ զոհերի վրա անթաղ:

Իմ հուշերի հովիտներում
Նրանք մեկ-մեկ սյուներ ծխի,
Ոլորվում են անձրեւի մեջ
Ու հեկեկում են դառնաղի:

Անձրեւի հետ լռում են լուռ,
Ինչ-որ վերջին աղոթք անում,
Ոսկեթիկնոց ու ոսկեխույր
Աշնան հեռուն են սլանում:

Ուր որ փոքրիկ մի գյուղից դուրս
Առնում է խոր նինջն իր անփույթ
Հառաչների, արցունքների
Ու ցավերի մի հողակույտ:

Հավաքվում են նրանք այնտեղ,
Գալարվում լուռ հառաչանքով.-
Ոչ ոք նրանց չի կանչում տուն,
Նրանք ինձ են կանչում հերթով:

Այդ ձայները լսում եմ ես
Հավերժության խուլ խորքերից,
Նրանք սուզվում են հողի մեջ
Եվ հողից դուրս թողնում են ինձ:

Մաղվում է ցած
Անձրեւը մեղմ, մեղմ ու դանդաղ
Մեն-միայնակ
Մի մեռածի վրա անթաղ:

Milli
27.09.2011, 17:28
ԿԵՂԵՎԴ ԲԱՑ ԱՐԱ...

Բա'ց քո կեղևը, ծա'ռ,
Ա'ռ ինձ կեղևիդ մեջ...

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և' սեր,
Ե'վ տառապանք, և' սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նող,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բաց կեղևդ, ծառ,
Ա'ռ ինձ կեղևիդ մեջ:

Ա'ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ`
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողմերը թե գան`
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծա'ռ իմ,
Կորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կկրկնեմ.

Կելնենք թաքուն-թաքու~ն,
Կերթանք կամաց-կամա~ց,
Ու քնի մեջ նրան
Կդարձնենք անքուն:

Նրա երզի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհու~ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց
Ցավով մեր շողշողուն
Որպես կորած տեսիլք,
Մենք կթաղվենք հողում:

Milli
27.09.2011, 17:44
***
Գիշերը խորանում է:
Տերևների վրա ծանրանում են ցողի կաթիլները
Եվ աչքերիցս գլորվում են ցած:





***
Արցունքս ընկավ, փշրվեց մայթին,

Որպես շափյուղա,

Մի տերևի ստվեր գրկել է վախով
Փշրանքներն հոգուս
Ու լուռ դողում է:

Արէա
27.09.2011, 17:48
ԿԵՂԵՎԴ ԲԱՑ ԱՐԱ...

Բա'ց քո կեղևը, ծա'ռ,
Ա'ռ ինձ կեղևիդ մեջ...



Հրաշք բանաստեղծություն, ի դեպ Ռուբեն Հախվերդյանը երգ ունի այս բանաստեղծության հիման վրա գրված, որը իմ կարծիքով, ոչ պակաս հրաշք է.


http://www.youtube.com/watch?v=yZXJ3XjgZRQ


http://www.youtube.com/watch?NR=1&v=jLvepZC-BlA

Lusinamara
06.06.2012, 00:03
***

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն,
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր տառապում եմ, սե՜ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:

Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցաւից, անմարդկային լափից:

Անբնական մի վերջ, սե՜ր իմ, անբնական, -
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական, -
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն ու մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն - ե՛ւ լուռ, ե՛ւ անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:

Մի՛ տագնապիր, մի՛ լար և մի՛ասա, թե դու
Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս՝ ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը արդեն կորուստ տված մարդու:

Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եւ դա չի լինելու խռովածի տագնապ
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:

Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփո՜ւյթ,
Սակայն, ավաղ, ուրի՜շ,
Ուրի՛շ ճանապարհով:

Stranger_Friend
18.02.2013, 01:25
Ոչ ոք
Ոչ մի տեղ
Ու ոչ մի վայրկյան
Էլ չի պարտվելու:
Ապրենք հաղթությամբ
և երազներից
սև փղոսկրե դագաղներ ձուլենք
լույսերի համար:

... Էլ ի՞նչ պարտություն,
էլ ի՞նչ հաղթանակ՝
երբ դու հենց ինքդ պարտված ես արդեն,
Դու՝ քո հաղթության դրոշների տակ: