PDA

Դիտել ողջ տարբերակը : Լակոնիկից դուրս... մի քիչ երկար... մի քիչ ուրիշ...



Claudia Mori
27.07.2011, 20:17
Երազանքիս հետեւից…

Քարերի միջից հայտնվեց Ժայռ տատի գլուխն ու սկսեց կանչել.

-Բալա ջան հլը արի այստեղ:

Բարդ էր, բայց քարից քար մագլցելով, մտա ժայռի միջի հերթական անցքի մեջ ու ասեցի:

-Ոտքս ձեր տուն խերով լինի:

- Սիրուն ջան ինչ ես անում էստեղ:

-Ոտքերս իրենք իրենց եկան տատ ջան. փոքրուց քարերի նկատմամբ անտարբեր չեմ, մեկ-մեկ թվում է, թե հետս խոսում են, էս անգամ էլ, ոնց որ ասեին, որ քայլեմ այս ճանապարհով:

- Հա, ինձ հետ էլ են խոսում թվում է, թե փոքր ժամանակ քար եմ ծնվել, հետո այնքան եմ խոսել մարդկանց հետ ու ընկերություն արել, որ աստված ինձ որոշել է մարդ դարձնել ու ինձ այդպես էլ Ժայռ անունով են կնքել:

- Բա ընտանիք, թոռներ…

-Է բալամ ջամ, իրանք քարեր չէին սիրում, կամաց կամաց թողեցին գնացին այստեղից ու չնայած հիմա ապրում են նույն քարից պատրաստված տներում, բայց քարերի լեզուն վաղուց մոռացել են, իսկ քաղաքի քարերն էլ չեն խոսում, տխուր սպասում են, թե ով իրենց հետ կխոսի, բայց միայն երբեմն հոգոց կլսես, երբ հանկարծակի նկատում են իրենց վրա արված նախշերը:

-Հա, այդ հոգոցն էլ եմ լսել…

- Բայց այսպես մի քանի տեղ էլ կա՝ Զորաց քարեր, Նորադուսի խաչքարերը, Արագած բարձրանալու ճանապարհի քարերն ու ժայռերը…շատ կան…

-Բա դու այսպես մի ժայռի մեջ նստած ո՞նց ես իմանում այդ բոլոր տեղերի մասին Ժայռ տատ:

-Քամին, արեւի ժառագայթները, հողը եւ մեր լեռների ջրի զուլալ աղբյուրներն են պատմում: էն օրը կեսիդ էին տեսել. քարերին լսելով ման էր գալիս:

Ժպտացի: Պոպոքի ծառից երեք պոպոք ընկավ ու արթնացա գլխիս առաջացած ուռուցքի ցավից: Աչքիս առաջ Խնձորեսկի տները գնում գալիս էին. ծիծաղում էին:)

http://i.imgur.com/9E72Sh.jpg

http://i.imgur.com/sxqush.jpg

http://i.imgur.com/rhurlh.jpg

Claudia Mori
10.08.2011, 15:19
Իմ լվացքը քո լվացքից երկար է…

- Բա իմացար երեկ ի՞նչ եղավ

- Ի՞նչ:

- Ասում են էն Սուսանի մարդը եկել է տուն, բռնացրել է դրան էն Անուշի մարդու հետ՝ էն սիրուն տղու ու Սուսանին դանակահարել է:

- Յա…տո լավ էլ արել է, ո՞վ է լսել, առավոտ շուտ…

- Հա էլի, բայց լսի ինչ էլ սուսուփուսիկ էր չէ՞:

- Հա էլի, սիուն հագնվում էր, միշտ լավ խնամված էր ու հրեշտակի պես էլ նայում էր, բայց ասում են հանդարտ գետից հեռու մնացեք:

- Խեղճ մարդ, հիմա 7 տարի կնստի դրա պատճառով:

- Հա էլի, բա էրեխեքը, առանց ծնողների խուժան կդառնան:

- Էն սիրուն տղու պատիվն էլ գցեց, կնիկը թողել գնացել է:

- Հա՞…

- Մարդուցդ խաբա՞ր կա:

- Դե Ռուսաստանում էլի իր գործին է, բա քո մարդուց ի՞նչ կա:

- Դե էդ կորելն էր, որ կորեց: Լավ էս մի նասկին էլ փռեմ գնամ սերիալս սկսեց, տեսնեմ էն Կոնսուելան ոնց է Դիեգոյի տունը քանդելու:

«Էս անգամ լվացքս քո լվացքից երկար է, դե գնա այ Աիդա աղջիկ»,- մտածեց Նանուշը ու ժպիտը դեմքին սկսեց կախել լվացքի վերջին կտորները՝ փոռիկավոր ներքնաշորերը եւ աչքը գցել Անուշի մարդու պատուհանին:

Claudia Mori
25.08.2011, 15:25
Բա ես էլ ու՞մ եմ տալու իմ բուլկին ու կոնֆետը…

Նարեկն այդ օրը տրամադրություն չուներ: Արդեն 2 շաբաթ էր ինչ չէր տեսել սիրելի աղջկան, ով 10 տարով իրենից մեծ էր, բայց Նարեկի համար տարիքային տարբերությունը ոչ մի նշանակություն չուներ:

Ամեն օր կանգնում էր փողոցին նայող շենքի բակում ու սպասում, թե երբ Նարեն կգա նկարչականից, հետո կգնա ընկերուհու տուն, եթե բախտը բերում էր այդ օրը Նարեն մի քանի անգամ էլ խանութ էր գնում, ու Նարեկի երջանկությանը չափ ու սահման չէր լինում:

Նարեին էին պատկանում խանութում ամեն օր իրեն տրվող բուլկին եւ մեկ կոնֆետը: 2 շաբաթ է վայելում էր իր սիրելի ուտելիքը, բայց ամեն անգամ մտածում էր.« երանի թե Նարեն գար, իրեն տայի»:

Նարեն ,կարելի է ասել, Նարեկի միակ ընկերն է Սիսիանում: Մնացած մարդիկ սիրում են Նարեկին ծաղրել կակազելու համար ու բնականաբար ստանում են հայհոյախառը պատասխաններ Նարեկի կողմից: Նարեն միակն է այդ բնակավայրի երեխաներից, ում Նարեկը չի հայհոյել իր ամբողջ կյանքում:

- Այ աղջիկ, հիվանդ երեխա է, ի՞նչ ես հետը խոսում,- ասում են Նարեի բարեկամները:

- Ախր դուք չեք հասկանում է, սովորական մարդ է, ուղղակի բոլորին նման չէ, ոնց որ Կուստուրիացայի կինոյից եկած լինի:

- Խփնվածի մեկն է, գնում է գերեզմաններ, չգիտես ինչեր է անում:

- Խփնված չի, ինքը ,իր կարծիքով, վատ մարդկանց գերեզմաններից ծաղիկները հավաքում է ու դնում լավ մարդկանց գերեզմաններին, կամ այն մարդկանց քարերին, ում հարազատները անգամ չեն հիշում:

- Որ ասում ենք խփնված է:

- Խփնված չի, իմ ընկերն է,- ասում է Նարեն:

Քննադատում էին, բայց ամեն անգամ ժպիտով էին դիմավորում Նարեկին, ով մեկ էլ հայտնվում էր սարերից հավաքած ծաղիկներով ու ասում, որ Նարեին փոխանցեն:

Մի օր Նարեկը սովորականի նման նստած էր բակում, մեկ էլ հեռվում նշմարեց իր գեղեցկուհուն:

-Էս ու՞ր էիր է կորել,- նեղացած դեմքող ասաց փոքրիկը:

-Նարեկ ջան, քաղաքում գործեր ունեի, Իտալիա եմ պատրաստվում գնալ՝ երկու տարով՝ սովորելու:

- Բա ես էլ ու՞մ եմ տալու իմ բուլկին ու կոնֆետը…

Claudia Mori
27.08.2011, 11:24
4 օրից նորից գործի...

Լրագրությունը ստեղծագործելու կարողություն է, հոգեբանություն, սոցիլական ինտեգրման ունակություն, բազմակողմանի զարգացվածություն, օպերատիվ մտածողություն, «շուստրիություն», «քթի ծակ» ունենալ, խիղճ, մարդ լինելու կարողություն… ու դեռ շատ բառեր կավելացնեն լրագրության մասին գրքերն ու տարիների մասնագետները…

Ինձ համար այդ բոլորն ամբողջանում է մեկ բառի մեջ՝ «ռենտգեն» անելու կարողություն: Այսօր չեմ գրի այն մասին, թե ով է լրագրող ու ինչու, ասելիքս շատ ավելի կարեւոր է, խորն է, անձնական է ու լրագրության հետ առնչվում է միայն իմ սուբյեկտիվ տեսանկյունից:

Մինչեւ այս մասնագիտությամբ զբաղվելը մարդկանց չեմ ճանաչել, ուղղակի չեմ կարողացել: Ինձ թվում էր բոլորը եկել են հեքիաթներից ու կյանքում չար հերոսներ չկան, եթե կան էլ ազնիվ են, միանգամից զգուշացնում են իրենց չարության մասին, որ դու նիզակով հարվածես նրան: Ինչպես «Կտակ» երգում է ասվում չարն ինձ համար «անկեղծ» էր:

Երեւի մարմնիս վրա նիզակ խփելու էլ տեղ չէր մնացել, երբ սկսեցի զբաղվել լրագրությամբ ու հատիկ-հատիկ ազատել մարմինս նիզակներից մինչեւ այսօր: Ասա թե ինչու՞ էիր այդքան նիզակ հավաքել, որ հետո ամբողջ կյանքդ դրանցից ազատվելու մասին մտածես:

Հիմա էլ աջ ու ձախ ռենտգեն անելով ման եմ գալիս. շնչելու նման բան է դարձել: Միայն ջրի մեջ լողալիս է, որ մոռանում եմ ամեն ինչի մասին, հավանաբար շունչ եմ պահում, դրանից է, բայց դե ամբողջ կյանքում հո շունչ չեմ պահելու:

Մեկ-մեկ, շատ հազվադեպ, բայց գոնե ռենտգենիս արդյունքերը սխալ են լինում ու սկսում եմ խորանալ այդ մարդու հոգու մեջ ու այդպես խրվում, մնում եմ շրջապատիս անկապ, անիմաստ, զզվելի չափանիշներին չհամապատասխանողներիս մեջ:

Claudia Mori
28.08.2011, 23:14
Օձեր ու թխվածքներ

Նունեն մի անգամ տիկնիկային ներկայացում էի նայում՝ «Շինելը», որից ամենաշատը տպավորվել էր անդեմ ամբոխը ներկայացնող խաղալիքներից՝ առանց դիմագծերի, առանց բնավորության, առանց ասելիքի, առանց խորության… Այդ օրը նորից նույն ներկայացումն էր նայում, բայց այս անգամ դիմացը խաղալիքներ չէին. անդեմ մարդիկ էին:

Այս ներկայացումը, ի տարբերություն «Շինելի», ամեն օր է նայում, ու ոնց որ գիշերային սարսափ երազ ես տեսնում պարբերաբար ու վեր ես թռնում քրտնած ու ծանր շնչառությամբ, մեկ-մեկ էլ նույն բանը կյանքում է լինում, բայց երազ չէ, որ ինչ ուզես, անես:

Նունեն կյանքում այդ սարսափի վերջը չի տեսել երբեք ու մի տեսակ պարտվող է զգացել իրեն, քանի որ միշտ թվացել է, թե իր մեջը ընդարձակվում է, ինչպես ջուրը շշի մեջ սառում է ու դեֆորմացնում այն: Բայց այսօր կյանքում երազ խաղաց:

Հաճախ է երազներ տեսնում, թե ինչպես է վազում, ու ոտքերի տակ լիքը օձեր են ու հատուկենտ ազատ տեղեր, որոնց մեջ քայլել կարող ես միայն շատ ուշադիր լինելու դեպքում: Երազում ինքը միշտ այդ տեղերով քայլում է:

Կամ լինում է, որ առեղծվածային վայրերում է հայտնվում, որտեղ պարտադիր եկեղեցի կա, ու նույն օձերը հարձակվում են արդեն օդից. որպես կանոն նրանց հախից էլ է գալիս տարբեր ֆիլմային ձեւերով: Մեկ էլ շատ է լինում, որ ռմբակոծում են իրենց շենքը գիշերով, ու ինքն այդ ժամանակ միշտ թռչուն է դառնում, միշտ:

Այդ օրը անդեմ մարդկանց առջեւ նա առաջին կյանքում անգամ թռչուն դարձավ , իսկ հաջորդ օրը երազում առաջին անգամ տեսավ լիքը գունավոր ու համեղ թխվածքներ ու հատուկենտ տեղեր, որտեղ միայն շատ ուշադիր լինելու դեպքում կարող ես ոտքդ դնել, որ թխվածքի մեջ չընկնես...

Claudia Mori
23.10.2011, 19:11
Գնացի փարթի, ունեցա որդի…

-Պա՛պ, գիտե՞ս ես դպրոցում սովորել եմ տառեր գրել…

-Լավ ես արել, գնա մամային պատմի հա՞:

Մի քանի շաբաթ հետո՝

-Պա՛պ, ա՛յ պապ, արդեն նախադասություններ եմ կազմում, դասատուն ասում է մոտս լավ էլ ստացվում է…

-Հա բալես, գնա մամային պատմի հա՞:

Մի քանի ամիս անց՝

-Պապ մենք արդեն թելադրություն ենք գրում, էն օրը ոչ մի սխալ չեմ արել, դասարանում միայն ես էի 5 ստացել:

-Ապրես, գնա մամային պատմի հա՞:

Ամեն անգամ որդուն չլսելուց հետո այս երիտասարդը իր նման հարցերին չպատասխանող մեկ այլ երիտասարդի հետ գնում է փարթի ու զվարճանում Հայաստան եկած արտասահմանցի կամավորների եւ այլ ժամանցի սիրահար աղջիկների հետ:

Նույն փարթիի ժամանակ մեկ այլ երիտասարդ, ով պարում է իր ընկերուհու հետ, նայում է նրանց «երջանիկ» դեմքերին ու ասում`

-Գնացի փարթի, ունեցա որդի…

-Մա՛մ, մա՛մ այսօր տառերն եմ սովորել:

-Հա՞, ո՞ր տառերն ես սովորել, հլը բեր տետրդ տեսնեմ ինչպես է գրում իմ բալեն:Կուզե՞ս մի քանի տառ էլ ես սովորեցնեմ:

-Ու՜խ…

Էսպես էլ ապրում են…

Claudia Mori
04.12.2011, 12:29
Մարդ դարձավ...

Մի մարդ կար, ում բոլորը անխտիր սիրում էին, բոլորը…որովհետեւ ինքը ամեն ինչ անում էր, որ իրան սիրեին…մարդիկ իրականում նրա մեջ սիրում էին ոչ թե իր կերպարը, այլ այն ինչ ուզում էին այդ մարդը աներ…իսկ ինքը իրոք ջանք չէր խնայում այնքան ժամանակ, մինչեւ խելքի եկավ…

Չի լինում այդպես, որ բոլորը քեզնից գոհ լինեն…Իսկ եթե այդպես է, ուրեմն սա հաստատ այն դեպքն է, որ պետք է տխրես, քանի որ դա նշանակում է, որ քեզ չեն ճանաչում ու ավելի վատ՝ չեն էլ ուզում ճանաչել…

Նույն այդ մարդը, երբ փորձեց վերադառնալ իր եսին, շատերը թեքվեցին, չթշնամացան՝ շոկի մեջ էին, բայց հեռացան ամեն մեկն իր չափով, քանի որ էլ պետք չէր նրանց այն ծաղրածուն, ով բազում անգամներ էր օգտակար եղել…

Բայց ավարտը ուրախ էր. ծաղրածուն մարդ դարձավ՝ սովորական մարդ, ու նրա կողքին մնացին միայն նրանք, ովքեր երբեք չդարձան ծաղրածուի խաղի առարկան…

Claudia Mori
08.02.2012, 12:23
«Ես չեմ կարող քեզ ատել, կամ հրաժարվել քեզնից, որովհետեւ ինձ համար կվերանա այն միակ մարդը, ում ես սիրում եմ... »

Որպես կանոն ամեն մի ֆիլմից ու գրքից մի տող ամենաուժեղն է տպավորվում ու մեկ էլ բռնացնում ես քեզ այն մտքի վրա, որ ֆիլմի եւ գրքի սյուժեն գնաց, իսկ դու դեռ նախորդ միտքը չես մարսել...

Հետո կարող է անգամ մոռանաս բառացի այդ միտքը, բայց այն արդեն ներծծվել է ենթագիտակցությանդ մեջ ու կյանքում համանման իրավիճակներում մեկ էլ զգում ես, որ սիրտդ ափիդ մեջ հաճախակի ճմռթվող թղթի տեսք է ստանում, կամ էլ տարածվում է ամբողջ մարմնովդ գարնան առաջին շողերի պես...

Բաժակը դատարկվել է, բայց չի կոտրվել, այն նորից լցվում է հազարարմատ հեղուկով, ու երբ հետ ես նայում եւ ամբողջ մարմնով շունչ ես քաշում, զգում ես, որ ճիշտ ես արել չոչընչացնելով եւ ոչ մի արմատը քո անտառի...

Claudia Mori
07.07.2012, 17:34
Կներես...

Նրան մեկ-մեկ թվում է, որ մարմնի բջիջների մի մասը չկան՝ մահացել են: Ու իրանք մահանում են միայն մեկ բանից՝ թանկ մարդու կորստից ու պարտադիր չէ՝ այդ մարդը մահանա, որ դա կորուստ անվանվի. գոյություն ունեցող մահացածներն ավելի ահավոր են: Իրանք գիտակցաբար են լքում, կամ էլ այնպես են անում, որ դու իրանց լքես ու երկու դեպքում էլ մահանում են՝ նույնքան մահացնելով նաեւ քեզ:

Առաջին անգամ մահացավ 4 տարեկան հասակում՝ կորցնելով երկու թանկագին մարդկանց: Հետո՝ 12 տարեկանում, երբ գիտակցեց, որ 4 տարեկանում իրեն ամենաշատն են մեղադրել, քան իր ամբողջ կյանքում:

Բայց ամենասարսափելին դրանից հետո եկավ, երբ պարզվեց, որ մենակ է ամբողջ աշխարհում: Ու այդ ճշմարտությունը ուսին նստած սատանայի նման անընդհատ հիշեցնում է իր գոյության մասին: Մենակությունը դառնում է սովորական գրառում, պար, երգ, աշխատանք, աշխարհայացք, փիլիսոփայություն ու փող: Զզվում եմ էդ փողից…

Հետո մահացած բջիջների հասցեատերերին քիչ է հիշում, քանի որ նույն բջիջներին փորձեց սպանել երկրորդ անգամ՝ ուղղակի ջնջելով ամեն ինչ: Թվում էր, թե իրանց սպանելով կենդանություն կտա նրանց, բայց այլ բջիջների սպանեց՝ չհասկանալով որ իրանք մեղավոր չեն: Այդ օրը իմացավ խղճի մասին...

Բարդ է… կյանքի մեծ մասը հիմա գնում է սեփական բջիջների կյանքը խնայելու վրա, որ չարժանանան նախորդների ճակատագրին: Ու բնականաբար, դա ոչ միշտ է ստացվում ու այսօր այդ չստացված օրերից մեկն է: Նրա շուրթերը միայն մի բան են ասում՝ կներես …

Claudia Mori
14.07.2012, 18:00
Ճուտիկ ջան խաղ արա...

Դասական առաջին հնչյունների հետ մոր աչքերը անհանգստություն սկսեցին արտահայտել:

«Տեսնես ինչու՞ չի խաղում, առավոտյան մի անգամ թեթև խաղաց ու վերջ, այսքան երկար դժվար թե քներ, ճուտիկ ջան ի՞նչ է եղել, դե մի բան արա, հանգստանամ ջանա»,- մտածում էր ու փորձում ընկղմվել դասական երաժշտության մեջ:

Երբեմն մոռանում էր իրեն հուզող թեմայի մասին ու թավջութակի ամեն մի ձայնից հիշում էր իր սիրելի գործիքը: Մտովի նվագում էր նույն երաժշտությունը ու խոսում ինքն իր հետ, որ երաժշտության մի հավտածը հեշտ է, մյուսը՝ բարդ, ու ինքը չէր կարող այդ հատվածը հաստատ կատարել, կամ էլ հակառակը:

Թմբուկային և փողային գործիքների ուժգնանալու ժամանակ անէանում էր երաժշտությունից ու ներքև նայում, ձեռքերով շոշափում էր փորիկը ու հոգոց հանում:

Երեխան խաղաց համերգի ամենախախաղ հատվածում՝ նույնքան խաղաղություն բերելով մոր աչքերին: Ժպտաց ու հանգիստ հոգով մաղթեց իր փոքրիկին բարի ունկընդրում ու մոռացավ, որ երկու տարի առաջ բժիշկների չբացատրելու պատճառով չէր հասկացել, որ եթե երեխան երկար ժամանակ չի խաղում, ուրեմն պետք է գնալ բժշկի, ուրեմն մի բան այն չէ:

Ճուտիկ ջան լիացրու մայրիկիդ օրը խաղերով. ինքը քո կարիքը շատ ունի: Քեզ դեռ շատ խաղեր են սպասվում:

Claudia Mori
24.09.2012, 00:32
ՈՒղեղս պայքարում է...

Մեկ-մեկ ինձ թվում է, որ աչքերս փակեմ ու արթնանամ ուղեղիս մեջ ամեն ինչ կլինի նույնը: Ուղեղս կլինի մի քաղաք՝ ծալքերը կլինեն փողոցներն ու շենքերը: Դա կլինի այն քաղաքը, որտեղ իրադարձությունները առաջ ու հետ կտամ, կամ կկանգնեցնեմ, կամ ընդհանրապես կվերացնեմ: Կլինեն շենքներ, որոնք կկառուցեմ, կքանդեմ եւ որտեղ կապրեմ: Կլինեն մարդիկ, ում կընտրեմ եւ ում կաքսորեմ: Կլինի մի իրավիճակ ու իրականություն, որը էս աշխարհի հետ բացարձակ կապ չունի, ինչպես եւ հիմա է:

Այս երեւույթի անունը երեւի էգոիզմ են դնում՝ տալով դրան բացասական երանգներ, բայց դե ոչ մեկին չի հետաքրքրում, թե իրականում ինչքան բարդ է աշխարհում ապրել սեփական ուղեղի մեջ: Չճանապարհորդել երկրագնդով մեկ, այլ` ուղեղից ուղեղ, սրտից սիրտ, հոգու անդունդից անդունդ, հոգու երկնքից երկինք, տիեզերքից տիեզերք: Մի խոսքով ամենուր, որտեղ չկա երկիր մոլորակ, չկա շոշափելին, տարածվածը, ծեծվածը, կանխատեսելին:

Ու այնպես չէ, որ սա է ճիշտը ու անկրկնելին: Ու այնպես չէ, որ սա է երջանկությունը, ու այնպես չէ, որ պապիկը, գտնելով իր քունը եւ գիշերը, ապահովագրվեց վատ երազներից: Ուղեղս տրոփում է…ինձ թվում է հեսա Հյուսիսային պողոտայի նման մի սարսափ կհայտնվի այնտեղ…ուղեղս պայքարում է…

Claudia Mori
29.11.2012, 00:53
Աստիճանաբար աչքերիդ մեջ հայտնվում է այն սատանան, ով քեզ ներսից ուտում է արդեն տարիներ շարունակ: Երբ մենք հանդիպեցինք, այդ սատանան նոր էր մուտք գործել քո մեջ, ես էլ առաջին զոհը դարձա էշ-էշ: Այն ժամանակ աչքերդ փայլում էիր երջանկությունից, թերթիր անցյալդ ու դու էլ դրանում կհամոզվես: Բայց դու դա չես անի, քանի որ անցյալդ ջնջել ես, հիմա էլ ներկադ էս ջնջում:

Հազար կողմից խոցվելուց հետո էլ չհավատացի, որ դու այդքան վատն ես: Ինձ թվում էր, որ դու ինձնից հետո կանգ կառնես, կամ, որ ես էի մեղավոր, որ չկարողացա ճզմել քո միջի սատանային: Հետո հասկացա, որ ամեն մեկն ինքը պետք է պայքարի իր ներսի սատանայի դեմ, քանի որ սատանան առաջին անգամ մուտք գործեց նաեւ իմ մեջ՝ քո շնորհիվ: Ոնց մուտք գործեց, այդպես էլ սիրուն հեռացավ:

Հիմա նայում եմ, թե ինչպես է քո միջինը արդեն տոնում իր երեք տարեկանը, իսկ դու էլի թելերով շարժվող խաղալիքի պես շարունակում ես քո անդեմ ու անողնաշար խաղը: Հուսով եմ մի՝ օր քո աչքերում կգտնես քեզ...կարոտել եմ...

Claudia Mori
15.01.2013, 21:06
Լուսաֆորը

Տաքսու վարորդը հերթական խցանման մեջ ընկնելուց հետո սկսեց հայհոյել լուսաֆորները եւ դրանք պատրաստողներին: Ուղեւորը մի երիտասարդ աղջիկ էր, ով այդ պահին ոչինչ չէր լսում: Լուսաֆորի փչանալուց ուրախացել էր մի տեսակ` ինքը միշտ է ուրախանում, երբ լուսաֆոր է տեսնում, հատկապես, երբ այն չի աշխատում, կամ երբ փողոցն անցնելուց առաջ ստիպված է լինում սպասել, կամ երբ ավտոմեքենայի մեջ է լինում ու անհրաժեշտ է նորից սպասել: Այդ ժամանակ է մի պահ կանգ առնում ու սկսում մտածել լուրջ թեմաների շուրջ, այդ ժամանակ է պատասխան գտնում շատ հարցերի, այդ ժամանակ է գրկախառնվում եւ համբուրվում սիրելիի հետ ու այդ համբույրը ամենաքաղցրն ու ամենասպասվածն է լինում ամեն անգամ:

Վարորդն արդեն հիշել էր լուսաֆորը պատրաստողների բոլոր բարեկամներին, երբ նկատեց, որ աղջիկը ժպտում է.

-Ինչի վրա ես ուրախանում,- զայրացած դիմեց ուղեւորին:

- Հիմա կտխրեմ, լուսաֆորն արդեն աշխատում է, Ձեր ժպտալու հերթն է:

Վարորդը թափ տվեց ուսերը, միացրեց մեքենայի շարժիչն ու այն փչացավ:

Լուսաֆորն աչքով էր տալիս աղջնակին: