PDA

Դիտել ողջ տարբերակը : Բյուրի ճամփորդական օրագիրը



StrangeLittleGirl
23.07.2011, 01:58
Մի անգամ մեկն ինձ նկատողություն արեց, թե ինչու եմ իմ ճամփորդական նոթերը ստեղծագործողի անկյունում դնում: Դրա համար որոշեցի էստեղ մի առանձին թեմա բացել, էղած-չեղածը լցնել:

Նկատի ունեցեք, որ սա անձնական թեմատիկ օրագիր է:

StrangeLittleGirl
23.07.2011, 02:14
Բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ էին վերջին ճամփորդությանս մասին կցկտուր պատմություններից, որոշեցի ամեն դեպքում գրի առնել այն, ինչ դեռ մնացել է հիշողությանս մեջ. ինձ էլ հաստատ պետք կգա, քանի որ սա կյանքիս ամենայուրահատուկ ճամփորդությունն էր հենց թեկուզ նրանով, որ միանգամից երկու իրար հաջորդող ծրագրերի եմ մասնակցել:

Որոշում եմ ինտերնետով գրանցվել: Թիթիզություն: Հայաստանի նման երկրների համար դա ընդհանրապես իմաստ չունի, որովհետև ուղեբեռն ավտոմատ հանձնելու տեղեր չկան, հետևաբար հերթ կանգնելն անխուսափելի է: «Բա որ պատուհանի մոտի տեղերը զբաղեցվեն»,- արդարացնում եմ ինձ:

Ծրագիրն ինքն է տեղն ընտրում: Էլի թևի վրա՝ պատուհանի մոտ: Փոխե՞մ: Կանաչներն ազատ տեղերն են: Դատարկ: Տեսնես՝ ո՞վ կընտրի իմ կողքի տեղը: Ուշադիր լինեմ, որ գոնե մեկ անգամ հարևանիս հարցում բախտս բերի: Թողնում եմ այնպես, ինչպես ծրագիրն ընտրել էր:

Գլուխս հենում եմ պատուհանին, գիրքս սկսում կարդալ: Կողքիս երկու տեղերը դատարկ են: Մյուս կողմում էլ ծայրի երկու տեղերը դատարկ են, իսկ պատուհանի մոտ՝ մի տղամարդ, գլուխը հենած պատուհանին, կարդում է:
«Էս անգամ անհարևան մնացի»,- մտածում եմ: Ինքնաթիռը կիսադատարկ է: Տարվա այս հատվածում չեմ ճանփորդել, չգիտեի:

Տղամարդը ժպտում է, կանչում իր կողքը: Առաջարկում եմ, որ ինքը գա: Ու սկսվում է մոտ չորս ժամ տևած զրույցը: Հենց առաջին նախադասությունից նկատեցի. արևմտահայերեն: Ականջս շոյում է: Պիտի որ ես էլ էդ լեզվով խոսեի. գեներիս մեջ կա:

Անունը՝ Սարգիս: Գերմանիայում է ապրում, բայց իրաքահայ է: Զրույցը ծավալվում է. հայրենասիրություն, հայապահպանություն, Հայաստանի խնդիրները, քաղաքականություն, նկարչություն, տարբեր ազգեր: Ասում է, որ Գերմանիայում լավ հայ համայնք կա: Հեռախոսի համարն է թողնում, որ երբ էնտեղ լինեմ, զանգեմ: Մտածում եմ՝ Գերմանիայում համայնքի տեսքով հայեր ինձ պե՞տք են:

Հետո անցնում ենք անձնականին: «Ընկեր ունե՞ս հարցի» բացասական պատասխանի պատճառը փորձում է ինքը պարզել.
- Երևի տարված ես եղել սովորելով:
Ծիծաղում եմ:
- Չէ, ուղղակի հայ տղամարդիկ...
- Հայաստանցի,- ուղղում է:

Շուտով ինքնաթիռը վայրէջք է կատարում Ռուզինեում: Ես գնում եմ դեպի ելք, Սարգիսը՝ մյուս տերմինալ:

StrangeLittleGirl
24.07.2011, 13:39
Սկզբում գնում եմ փող փոխելու: Պրահայում Երևանի նման չէ, որ ուզածդ տեղը գնաս, ինչ-որ քանակով տարադրամ տաս ու դրան համարժեք տեղական փող ստանաս: Էստեղ խաբում են, մանր տառերով տոկոս-մոկոսներ գրում, պահումներ անում, քիչ փոխելու դեպքում՝ շատ ավելի ցածր փոխարժեքով փոխով, ու ստացվում է այնպես, որ ահագին տուժում ես: Բայց կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե չլիներ նորմալ փոխելու տարբերակ ու եթե Պրահայի բնակիչները չիմանային դրա մասին:

«Փողերդ անպայման արաբների մոտ կփոխես»,- հազար անգամ զգուշացրեց մայրս, չնայած առանց նրա ասելու էլ շատ լավ գիտեի, որ չտուժելու միակ տարբերակն է:

Տեղը հիշումեմ՝ Վացլավսկային զուգահեռ, բայց թե կոնկրետ որ հատվածում, դժվարանում եմ մտաբերել: Փոքր եմ եղել, ինձ մոտ մենակ պատկերներ են տպավորվել. պիտի տեսնեմ, որ ասեմ՝ դա է, թե ոչ:

Հասնում եմ: Ինչ-որ ուրիշ ձև էի հիշում փոխանակման էդ կետը: Վերջին անգամ ութ տարի առաջ եմ եղել: Ոնց էլ լիներ, ինչ-որ արտաքին փոփոխություններ կանեին: Ուզում եմ համոզվել:
- Արաբները դու՞ք եք:
Ծիծաղում եմ հարցիս անհեթեթությունից ու փողս փոխում:

Հաջորդ գործս հյուրանոց գնալն է, որտեղ պետք է հավաքվեինք հոգեբուժարան գնալու համար:
Քարտեզ չունեմ: Գրված է հասցեն ու այնտեղ հասնող տրամվայների համարները: Ասենք՝ իջա կանգառում, հետո՞:
Տրամվայը բաց թողեցի: Հաջորդն արդեն ուշացրեց ինձ: Իջա այն ժամանակ, երբ արդեն շարժվելու ժամն էր: Եթե նույնիսկ բաց թողնեմ նրանց, գոնե կիմանամ հյուրանոցի տեղը:

Ու քայլում եմ չգիտեմ ինչ ուղղությամբ, չգիտեմ՝ ուր եմ գնում: Ձեռքիս տակ միայն ինձ ոչինչ չասող հասցեն է, փողոցի անուն, որը ծանոթ է թվում, ինչպես Պրահայում ամեն բան, բայց չեմ կարող ասել՝ որտեղ է տեղակայված, ինչպես Պրահայում ամեն բան:
52487

Ծանոթ, սարսափելի ծանոթ թաղամաս: Հիշում եմ. Մարիան էստեղ էր ապրում: Շենքը ցույց տալ չեմ կարող, ոչ էլ փողոցը, բայց հաստատ էս մասերում էր. հիշում եմ ու վերջ:

Շան պես հոտոտելով փնտրում եմ հյուրանոցը: Եվ ահա այն՝ բացվեց իմ առաջ: Էնտեղ չեմ եղել, բայց հաստատ կողքով անցել եմ:

Հանդիպման ժամից տասնհինգ րոպե անցել է: Ոչ ոք չկա: Ուշացել եմ: Ռոումինգս չի աշխատում: Չեխական համարս դեռ չեմ վերալիցքավորել: Չեմ անհանգստանում: Քայլում եմ դեպի Վլտավա, նստում եմ ափին, նայում կարապներին: Արևն այրում է պարանոցս: Հոգնած եմ անքուն գիշերից հետո: Երջանիկ ժպտում եմ:
52485

«Կքայլեմ»,-մտածում եմ: Երկու կարևոր գործ ունեմ. չեխական համարս վերալիցքավորել և սնվել: Ուզում եմ թափառել, ստուգել, թե ինչ եմ հիշում:

Այգի, խոտեր: Ձգում է: Կփռվեի մեջը: Հոգնած եմ: Վախենում եմ՝ քնեմ ու չարթնանամ: Կթալանեն: Պայուսակիս վրա կողպեք կա: Կկոտրեն:

Շարունակում եմ: Ծուռտիկ շենքը, որի նկարն այլ հետաքրքիր շինությունների հետ եղբայրս դրել էր ինտերնետում, իսկ ես ամաչեցի, որ չէի հիշում, որ Պրահայում նման բան կա:

52486

Թափառում եմ, վայելում մանկությանս անկյունները: Նայում եմ հեռախոսիս էկրանին: Պրահայի աստրոնոմիկ ժամացույցն է, որ նկարել եմ երեք տարի առաջ: Ժպտում եմ. վերադարձել եմ:
Ռոումինգս վերջապես միանում է: Օլգայից սմս եմ ստանում. 13:30 հյուրանոցում, գնում ենք ափ:

StrangeLittleGirl
24.07.2011, 22:36
Կամաց-կամաց հավաքվում են հոգեբույժները: Առաջինը հայի նման մի աղջիկ է, որը, մտածում եմ, ադրբեջանցի է, որովհետև միակ հայը ես էի: Հետո լսում եմ մյուսների հետ ծանոթանալիս, որ հոլանդացի է: Չեմ քաշվում շփվելուց: Զրուցում ենք մի քիչ: Պարզվում է՝ պարսիկ է, բայց վերջին քսանհինգ տարին Հոլանդիայում է ապրում: Թվում է՝ քեզ ձեռ են առնում, երբ մուգ մաշկով, սև մազերով մարդիկ այն հարցին, թե որտեղից են, պատասխանում են Նորվեգիա, Հոլանդիա կամ Միացյալ Թագավորություն: Բայց մյուս կողմից, ինչքան էլ պարսիկ, հնդիկ կամ այլ ծագում ունենան, ի՞նչ պիտի ասեն նման դեպքում, երբ աշխատում են տվյալ երկրի առողջապահական համակարգում: Ո՞վ է հարցնում, թե ծագումով որտեղից են:

Տրամվայով շարժվում ենք:
- Որտե՞ղ է Հայաստանը,- հարցնում է Գերմանիան ներկայացնող Նիկոլաուսը:
- Իրանի ու Թուրքիայի մոտ,- պատասխանում եմ՝ մտածելով, որ Վրաստանի ու Ադրբեջանի մասին նույնքան անտեղյակ է, որքան Հայաստանի:
- Նաև՝ Վրաստանի, իսկ չորրորդի մասին չենք խոսում,- հայտարարում է դանիացի Ռենեն,- Երևանի՞ց ես:
- Ահագին բան գիտես,- զարմանում եմ:
- Հա, ես հայ հոգեբույժի գիտեմ՝ Մարինա Հարությունյան:
Անունը ծանոթ է, բայց չեմ հիշում:
- Մյուս տարի Եվրատեսիլին մասնակցելու՞ եք,- շարունակում է Ռենեն:
- Չգիտեմ... լավ էլ տեղեկացված ես,- ծիծաղում եմ:
- Ձեր էս տարվա երգն անկապություն էր:
- Համաձայն եմ:
- Որ ինչ-որ մեկի աղջիկը չլիներ, չէիք ուղարկի:
Այ քեզ բան:
- Բայց այ Apricot Stone-ը լավն էր,- ու երգում է.- Apricot stone hidden in my hand: Ուզում եմ մյուս տարի Հայաստան գալ, հետո Բաքու գնալ՝ Եվրատեսիլի:
- Լավ հետաքրքրված ես Եվրատեսիլով:
- Խոստովանում եմ:

Ռենեի եվրատեսիլյան գիտելիքներով դեռ հետո պիտի զարմանայինք:

Գետի ափին էրեխեքը վոլեյբոլ են խաղում: Մի մասն էլ չաչանակում է: Արևը խփում է գլխիս. մոռացել եմ գլխարկ վերցնել: Անքուն գիշերվանից հետո աչքերս փակվում են: Շուտով հրաժեշտ եմ տալիս բոլորին, գնում քնելու:

***
Ֆորումի առաջին օրն է: Գրանցվում եմ, մտնում դահլիճ: Տեղ ընտրելը դժվար չէր. Հայաստանի դրոշն է, կողքն էլ գրված է Armenia: Տեղավորվում եմ ու էդ պահին հասկանում, որ ներկայացնում եմ մի ամբողջ պետություն և, ի տարբերություն շատերի ու նույնիսկ այբուբենի բերումով կողքս հայտնված չորս ադրբեջանցիների, մենակ եմ. ես եմ ու իմ դրոշը: Ոմանք էլ սկի Հայաստանի տեղը չգիտեն: Ու պիտի ներկայացնեմ այնպես, որ խայտառակ չլինենք, բայց պիտի չստեմ: Երկո ւքարի արանքում: Կանգնում եմ ու հայտարարում, որ Հայաստանում հոգեբուժության կլինիկական օրդինատուրան շատ խնդիրներ ունի, որ մենք քիչ ենք: Դրանով սահմանափակվում եմ: Մանրամասները մյուսների հետ քննարկում եմ մասնավոր զրույցների ժամանակ: Պիտի հետո զարմանային, թե ինչպես է կլինիկական օրդինատորն ամիսը 60 եվրո թոշակով ապրում (Նորվեգիայում օրինակ տարին մոտ 80 000 եվրո են ստանում հենց կլինօրդինատորները) կամ ինչ է սովորում երկու տարի միայն մի հիվանդանոցում լինելու արդյունքում:

Բոլոր պետությունները հերթով ներկայացնում են իրենց խնդիրները: Շվեդներն ամեն ինչից գոհ են: Ֆրանսիացիները բողոքում են, թե մի տեղ շեշտը դնում են հոգեթերապիայի վրա, մի ուրիշ տեղ` դեղաբուժության: Իռլանդիայում ճգնաժամ է: Ոտքի է կանգնում մի աղջիկ, որը ներկայացնում էր Մոնտենեգրոն ու հայտնում, որ ինքը մենակ է իր երկրից: Կպավ. ընկերանալու լավ առիթ:

Ընդմիջման ժամանակ մենք իրար մոտ ենք հայտնվում:
- Ողջույն, ես Հայաստանից եմ, ես էլ եմ մենակ:
- Ուրեմն կընկերանանք... Դուք կլինիկական օրդինատորների ասոցիացիա ունե՞ք:
- Չէ...
- Ուրեմն դրանով էլ ենք նման... Ես Դրագանան եմ, բայց ինձ ասում են Գագա:
- Լեդի Գագա,- կողքից միանում է մի հույն,- ախ դու Հայաստանի՞ց ես,- դառնում է ինձ,- մենք շատ բան ունենք իրար հետ կիսելու: Պապիկս Ցեղասպանության մասին գիրք է գրել:

StrangeLittleGirl
27.07.2011, 18:45
Պետք է միասին ընթրենք: Քանի որ այդ հյուրանոցում չեմ մնում, սպասելու կարիք չեմ տեսնում: Գիտեմ, թե որ ռեստորանում է լինելու ընթրիքը: Հասցեն էլ ունեմ: Ավելին` հստակ պատկերացում ունեմ, թե քաղաքի որ հատվածում է. մի ժամանակ հենց այդ կողմերում եմ դպրոց գնացել, իսկ ավելի ուշ` ապրել:

Մի խոսքով, որոշում եմ քայլել դեպի այնտեղ: Կիսածանոթ փողոցներ են, բայց ես շատ լավ գիտեմ` ուր եմ գնում, իսկ երբ երևում են Նամեստի միրուի եկեղեցու երկու պոզերը, հասկանում եմ, որ արդեն հասնում եմ:
52496

Շուտ է: Գնում եմ մեր փողոց, փորձում գտնել այն շենքը, որում ապրել ենք: Լուսանկարում եմ:
52497

Հետո էլի շուտ է: Փռվում եմ Նամեստի միրուի` Խաղաղության հրապարակի խոտերի մեջ: Իսկ երբ եկեղեցու զանգերն ազդարարում են ժամը յոթը, ես ռեստորանի մուտքի մոտ սպասում եմ մյուսներին:

Առաջինը երկու նորվեգացիներն են գալիս` տաքսիով:
- Ես այստեղ ինձ այնքան հարուստ եմ զգում, որ կարող եմ տաքսիով շրջել,- խոստովանում է Աննը:
Ընթրիքը ներսում է լինելու, իսկ մենք` Աննը և իր գործընկերը, բելգիացի Ֆրանսուան և արդեն ձեզ ծանոթ Ռենեն, որի հոլիվուդյան գեղեցկությունից, ի դեպ, հալվում էի, նստած ենք բացօթյա հատվածում և առայժմ խմում ենք:
- Ախր ո՞նց կարելի է էս եղանակին ներս գնալ,- նկատում է Աննը:
- Դե հա, դուք հյուսիսային բևեռից եք,- ծիծաղում է Ֆրանսուան, որի բերանից կատակներն անպակաս էին:
- Օսլոյում տասներկու աստիճան է, անձրև է գալիս,- ինտերնետով ստուգելուց հետո հայտարարում է մյուս նորվեգացին, որի անունը չսովորեցի:
Կիսվում ենք մեր երկրների զանազան փորձերով: Անցնում ենք ուրիշ թեմաների:
- Ձեզնից ո՞վ երեխա ունի:
- Ես նույնիսկ ամուսնացած չեմ,- ասում եմ ու ծիծաղում` հասկանալով ասածիս անհեթեթությունը: Ուղղակի երևի ֆորումի բոլոր մասնակիցներից ամենաերիտասարդը ես էի, ու ինձ համար երեխա ունենալը դեռ շատ հեռավոր բան էր թվում, մինչդեռ սեղանի մոտ հավաքվածները գոնե երեսունն անց էին:

Սեղանի մոտ շատերն են գալիս-գնում, խմելու բան պատվիրում: Վերջում գալիս է հաշիվը, ու Աննը ծիծաղում է.
- Նորվեգիայում էս գնի մեկուկես շիշ գարեջուր հազիվ խմեինք… Թողեք ես վճարեմ. ինձ դուր է գալիս հարուստ զգալ:

Ու ես այստեղ հասկանում եմ, որ Նորվեգիան մի երկիր է, որի մասին արժե երազել:

StrangeLittleGirl
27.07.2011, 23:43
Ճամփորդություն լինու՞մ է առանց առավոտյան քրուասանի: Չնայած նախաճաշելու սովորություն չունեմ, բայց անկարող եմ դիմանալ սրճարանից ինձ կանչող քրուասանի հոտին: Մինչև Կառլի համալսարան հասնելս կես ժամ ունեմ, ճանապարհը՝ ընդամենը տասը րոպե:

…Իջնում եմ Պրահայի կենտրոնական փողոցով իմ սիրելի սովորական քրուասանի հետ, որը Լոնդոնն է հիշեցնում: Կիսալուսինը: Հիշում եմ նրան ֆրանսերենի դասերից:

Փողոցը մարդաշատ է, չնայած առավոտյան այնպիսի ժամ է, երբ բոլորը պիտի որ արդեն աշխատանքի գնացած լինեին: Պայուսակս զգույշ. գրպանահատներ կան տարածքում:

Համալսարանի շենքը գտնում եմ: Կլոր դահլիճ: Ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր համալսարանի չորրորդ և հինգերորդ լսարաններն են: Ծանոթ դեմքեր: Ոչ երեկ տեսածները: Այ այն դոցենտին Զալցբուրգում եմ տեսել. Էլիզաբեթի հետ մի լավ կռիվ արեց: Եքա բոյ-բուսաթով է: Երևում է, որ կրիմինալ հոգեբուժությամբ է զբաղվում: Իսկ այս մի պրոֆեսորին Երևանում եմ տեսել: Թեմայից կռահեցի: Ստիգմայից ու դեպրեսիայից էր խոսում: Նույն թեման ներկայացրել է նաև ռեգիոնալ կոնգրեսում: Հիշում եմ՝ լավ հիացել էի կենդանի զեկույցը լսելիս, որովհետև նրանից առաջ մի ռուս պապիկ էր, որը չնայած հրաժարվեց անգլերեն ներկայացնելուց, բայց ռուսերեն տեքստն ամբողջությամբ կարդաց՝ այդպես էլ անհաղորդ մնալով լսարանին:

Աշխարհը փոքր է, նեղլիկ հատկապես մասնագիտություն ընտրելուց հետո: Էլ վախ չունես, որ նույն մարդկանց այլևս չես հանդիպի: Բայց չես էլ փնտրում նրանց: Հանդիպումներն ուղղակի ստացվում են:

Վերադարձա Պրահա՝ լսարան: Քունս տանում է: Հազիվ եմ լսում: Հոգեբուժության ապագան, հոգեթերապիայի ապագան, ֆարմակոթերապիայի ապագան… Վտանգներ: Դրանք բոլորն առանձին թեմա են: Ուղեղիս մեջ՝ Հայաստանում հոգեբուժության ապագան… Կանխատեսելի է: Դժվար ինչ-որ թռիչքներ կատարենք: Ուղղակի 10 տարի անց կլինենք այնտեղ, որտեղ Եվրոպան հիմա է: Կամ էլ դեռ չենք լինի:

Ճաշի ժամ: Ռեստորանում մեծ աղմուկ է. 100 հոգու չէին սպասում: Չեխ կազմակերպիչները խառնվել են իրար: Նախապես պատվիրել էին, բայց ռեստորանի ղեկավարությունն էշի ականջում քնած էր: Նստել եմ հենց չեխերի սեղանի մոտ:
- Ես Հայաստանում եղել եմ,- հայտարարում է Զուզանան, երբ իմանում է, որ հայ եմ:
- Իսկապե՞ս: Ծանոթնե՞ր ունես:
- Չէ, գնացինք տուրիստական գործակալություն, մեզ Հայաստան առաջարկեցին:
Զարմանում եմ:
- Ե՞վ: Դուրդ եկա՞վ:
- Հա… հատկապես ձեր մրգերը շատ համեղ էին:
- Իսկ ես Պրահայում ապրել եմ,- ժպտում եմ:

Ճաշից հետո զբոսանքն է: Դժվար է մոտ հարյուր հոգու կառավարել: Սկզբից էլ գիտենք, որ դանդաղ է լինելու:
- Արի ես քեզնից կպնեմ, պոկվենք խմբից,- ասում է Գագան: Իր հետ գալիս է նաև էստոնուհի Մարինան:
Մեկ էլ էս Գագաս մտնում է Պրահայի կենտրոնի սուվենիրների ամենաթանկաբազար խանութներից մեկն ու ժամերով գնումներ անում:
- Գագա, արի գնանք. ստեղ թանկ է:
Չի լսում: Ջղայնանում եմ. իբր խմբից առանձնացանք, որ արագ տեղաշարժվենք, իսկ հիմա ժամերով լռվում է խանութում:


Վերջապես պոկվում ենք: Կամրջով անցնում ենք Վլտավան: Կամրջի վրա քամի է: Եղանակը վատանում է: Էլ առաջին օրվա այրող շոգը չէ:
52499

Էլի սուվենիրների խանութներ են հանդիպում: Գագան.
- Վա˜յ, բայց էստեղ ավելի էժան են:
Գագաս գժվում է: Համ էդքան մեզ հավայի սպասացրեց, համ էլ տակ տվեց:

Գագան ինտերնետ ակումբ է փնտրում: Էդ ժամանակ անիծում եմ իմ բախտը, որ կոմպս հետս չվերցրի, որ հանգիստ նստեինք մի սրճարանում, ինքն էլ օգտվեր: Մտնում ենք զանազան բակեր, հետաքրքիր սրճարաններ, բայց ոչ մի տեղ ինտերնետ չկա:


Վերջապես ճարում է:
- Քսան րոպե,- ասում է Գագան ու մեզ նստացնում սուրճ խմելու:
- Երեկ էլ քսան րոպե ասաց,- դժգոհում է Մարինան,- բայց մի ամբողջ ժամ սպասել եմ:
- Էս անգամ չի կարող: Եթե ուշացնի, չենք հասցնի աշխատանքային խմբերին:
Սառած ենք: Տաք կապուչինոն մատուցում են: Շուրթերս խրում եմ փրփուրի մեջ: Էլ չեմ մրսում:
- Եվրոպան սրա համար եմ սիրում,- ասում եմ,- որ կարող եմ լավ կապուչինո խմել:
Մարինային ճանապարհը ցույց տալուց հետո ես ու Գագան շնչակտուր մտնում ենք «Սլավիա» ռեստորան, որտեղ պետք է տեղի ունենար հենց մեր աշխատանքային խմբի հանդիպումը: Նորվեգուհի Աննը, իսպանուհի Ռոսան և մեր շվեյցարացի ընկերն արդեն այնտեղ են, բայց խմբի ղեկավար Օլգան դեռ չկա:

Մի թեթև զրուցում ենք: Ռոսան ջերմ է, ինչպես ցանկացած իսպանացի: Պարզվում է՝ մենք ու նրանք բախվում ենք գրեթե նույն խնդիրներին.
- Մեր ղեկավարները մեզ չեն հետևում… Դու ազատ ես՝ ինչ ուզես, կարող ես անել, բայց երբեք չես իմանում՝ ճիշտ ես, թե ոչ… Հոգեթերապիա ընդհանրապես չկա: Ծրագրում գրված է՝ թղթի վրա, բայց եթե իսկապես ուզում ես սովորել, պիտի վճարովի դասերի գնաս:
Օլգան չկա: Անցնում ենք այլ թեմաների: IFMSA-ից ենք խոսում:
- Ես երեք անգամ մասնակցել եմ նրանց փոխանակման ծրագրերին,- ասում եմ:
- Ես էլ,- ժպտում է Ռոսան:
- Մի անգամ էլ Իսպանիայում: Դրանից հետո որոշեցի իսպաներեն սովորել: Hablo un poquito.
- Իսկ ի՞նչ տպավորություններ ունես Իսպանիայից:
Ժպտում եմ: Կարո՞ղ եմ մի քանի նախադասությամբ արտահայտել, թե ինչ հիասքանչ օրեր ապրեցի այնտեղ, թե որքան կարևոր էր այդ ճամփորդությունն ինձ համար: Իսկ ես կարճ եմ կապում.
- Դա իմ ամենալավ փոխանակումն էր:
Ռոսան էլ Հոլանդիայում էր եղել: Չենք հանդիպել. ինձնից հինգ տարի առաջ էր: Աննը ճանաչում էր Նորվեգիայի IFMSA-ից մեկին, որին Ռոսան էլ գիտեր: Աշխարհը փոքր է, շա˜տ փոքր:
Օլգան շնչակտուր ներս է մտնում. հեռախոսով բացատրելուց հետո վերջապես գտել էր «Սլավիան»: Ու մենք անցնում ենք գործի:
Խմբին շուտ եմ լքում. ժամը 19:45 մի հետաքրքիր պայմանավորվածություն ունեմ: Ուղիղ այդ ժամին Պրահայի աստրոնոմիկ ժամացույցի տակ եմ: Կուշանա՞ արդյոք Քերինը: Այստեղ նա առաջին անգամ է լինում: Կգտնի՞ արդյոք: Չէ, գերմանացին մնում է գերմանացի: Կես րոպե էլ չեմ սպասում, երբ հայտնվում է Քերինն իր երկու ընկերուհիների հետ:
- Ի˜նչ անսովոր է քեզ ուրիշ միջավայրում տեսնելը,- ասում է Քերինը:

Մեր աշխատանքային խմբի հետ չէի հասցրել ընթրել: Քերինենք էլ են սոված: Չեխական ռեստորան ենք փնտրում:
- Ես գուլաշ պիտի ուտեմ,- ասում եմ,- մինչև հիմա չեմ կերել:
Տուրիստական գրքի մեջ մի ռեստորան են ցույց տալիս Քերինի ընկերուհիները: Գտնում ենք: Ավելի ճիշտ, կարիք չկար շատ փնտրելու, որովհետև դեռ մի քանի մետր հեռավորությունից մեզ բռնեց ռեստորանի աշխատողը (սա էլ նոր մոդա է Եվրոպայում, երբ մենյուները ձեռքներին փողոցներով շրջում են), սկսեց գերմաներեն-անգլերեն խոսել, գովազդել իրենց ռեստորանը, իսկ մենք խնդրեցինք շատ չերկարացնել. միևնույն է, հենց էդ մեկն էլ փնտրում էինք:

Քերինը Հայաստանից ու մեր ընդհանուր ծանոթներից է հարցնում: Հերթով արտասանում է իր հիշած հայերեն բառերը: Վերջում էլ.
- Ծամոն կուզե՞ս:
Կարծեմ Մուշն էր սովորեցրել, երբ վրաններով Դիլիջան էինք գնացել:
- Հալալ ա մեզ, հալալ ա մեզ…- երգում է Քերինը: Դա էլ Մուշի երգն էր Արայի լեռ բարձրանալիս:

Դուրս ենք գալիս: Պիտի ցրվենք: Ես ու Քերինը նկարվում ենք միասին:
- Ֆեյսբուքում կդնես: Ոչ ոք չի հավատա, որ նորից հանդիպել ենք:

Հ.Գ. էս անգամ չկարողացա նկարները տեքստի մեջ դնել, ներող:

StrangeLittleGirl
30.07.2011, 23:24
Ինչպե՞ս հասնել հոգեբուժարան: Ֆորումի մասնակիցներն առավոտյան հավաքվելու են հյուրանոցի մուտքի մոտ, այնտեղից շարժվեն: Ես դրա կարիքը չունեմ. Պրահայում մեր առաջին տունը հենց հոգեբուժարանի մոտ է եղել՝ Բոհնիցե թաղամասում: Ասում են՝ խոնավություն եմ քաշել, դրա համար հոգեբույժ եմ դարձել: Ասում են՝ լավ է, որ գերեզմանոցի մոտ չենք ապրել:

Հիշում եմ՝ նոր էինք Պրահա տեղափոխվել, երբ հենց էդ նույն հոգեբուժարանում բաց դռների օր էր: Ընտանիքով գնացել էինք: Ամեն վայրկյան վախենում էի, որ ինչ-որ ծառի հետևից մի գիժ դուրս կգա, կհարձակվի: Բազմության մեջ փնտրում էի հոգեկան հիվանդների: Չգիտեի, որ տարիներ անց այդ նույն հիվանդների հետ փակ սենյակներում կաշխատեմ առանց մի կաթիլ անգամ վախենալու:

Մեր տուն հասնելու համար պետք էր մետրոյի կարմիր գծով մինչև վերջ գնալ, հետո ավտոբուս նստել: Համարը չէի հիշում: Հիմա արդեն Նադրաժի Հոլեշովիցեն էլ «մինչև վերջը չէր». մետրոն երկարել էր, ու Բոհնիցե գնացող ավտոբուսներն էլ ուրիշ կայարանից էին գնում, բայց դա չէր խանգարում, որ ֆորումի մասնակիցներից առաջինը ես հասնեմ հոգեբուժարան:

Սխալ չէի հիշում. իսկապես հսկայական տարածք է՝ կանաչ, անտառանման: Եվ սա նրանց հոգեբուժարանն է: Ասենք, Նորքն էլ պակաս չէ, բայց միայն բաժանմունք մտնելը հերիք է, որ միանգամից հիասթափություն ապրես: Պրահայում էդպես էլ չմտա, չիմացա ինչն ինչոց է, բայց հաստատ մեզնից լավ պիտի լիներ, իսկ, ասենք, Գերմանիայից վատ, որովհետև սլովակները գալիս են Չեխիա, չեխերը գնում են Գերմանիա, գերմանացիները՝ ԱՄՆ:

Լավ ուշացումով հավաքվեցինք հոգեբուժարանի դիվադլոյում՝ թատրոնում: Էս մի օրը հիմնականում պաստառներին էր նվիրված, թեման՝ հոգեբուժության օրդինատուրայի ապագան: Քանի որ առաջին անգամ էի մասնակցում ու քանի որ մենակ էի, ձեռնպահ մնացի պաստառ պատրաստելուց, չնայած լիքը գժոտ գաղափարներ ունեի:

Բայց մասնակիցները լավ գործ էին արել: Մի մասը լրիվ լրջին էր տվել. ծանրակշիռ հետազոտություններով, մշակված հարցաթերթիկներով, վիճակագրությունով: Մյուսներն էլ ջրիկացել էին, տխուր ապագան հումորի վերածել: Կային նաև այնպիսիք, որոնք լուրջն ու կատակը համակցել էին: Օրինակ, Հունաստանի ներկայացուցիչները չոր թվեր ներկայացնելուց հետո բացեցին ոլորած մի թուղթ, որի վրա գրված էր. «Հունաստանի հոգեբուժության ապագան», պատկերված էին նրանց երկու ներկայացուցիչները: Ռումինացիները որպես հոռետեսական ապագա որոշել էին, որ հոգեբուժությունը կբաժանվի նյարդաբանության և հոգեբանության միջև: Լատվիացի Նիկիտան էլ առաջարկել էր, որ ամեն պետության ներկայացուցիչ գրպանիկից վերցնի մարդուկ և վրան գրի իր երկրի հոգեբույժ-օրդինատորի ապագան: Հետ չմնացի: Իմ մարդուկի վրա կարելի էր գտնել հետևյալ արտահայտությունները. USMLE, Եվրոպա, Ռուսաստան, այլ մասնագիտություններ:

Վերջը Խորվաթիան հաղթեց: Բացի նրանից, որ ուժեղ հումորով էին պատրաստել, նաև դերասանական վարպետություն ցուցաբերեցին այն ներկայացնելիս: Ես ինքս նրանց օգտին եմ քվեարկել:

Նկարների համար մտեք այստեղ (http://byurie.livejournal.com/465412.html)

StrangeLittleGirl
02.08.2011, 22:47
Ընթրիքի վայրի համար թղթի վրա համառոտ բացատրություն ու պուճուր քարտեզ ունեինք: Պետք էր իջնել դեղին գծի մի կայարանում, մի պուճուր քայլել: Իսկ ես ժամանակ շատ ունեի: Դրա համար որոշեցի մի խելառ բան անել՝ ոտքով գնալ: Դատելով նրանից, որ մետրոյով հասանելի է, պետք է որ կենտրոնից շատ հեռու չլիներ, իսկ քանի որ դեղին գծի վրա էր, մոտավորապես պատկերացնում էի, թե քաղաքի որ հատվածում էր: Իսկ ձեռքիս տակի քարտեզում էդ մասը չկար:

Մարտահրավեր: Գտիր պանդոկն առանց քարտեզի, միայն հասցեն ու մետրոյի կայարանն իմանալով: Գտիր առանց որևէ մեկից տեղը հարցնելուց: Ուղղակի առաջ գնա, հոտոտիր. Պրահայում քեզ մոտ լավ է ստացվում: Ես գիտեմ՝ որտեղ է ոչինչ չասող հասցեն, ոչինչ չասող կայարանը, գիտեմ նույնիսկ, թե ինչքան պիտի քայլեմ, ինչքան իրավունք ունեմ կանգնելու, նկարելու, հանգստանալու:

Սկսում եմ կամրջով: Մեքենաները մեծ արագությամբ սլանում են կողքովս, իսկ ես կանգնած զմայլվում եմ Պրահայի կենտրոնի վրա իջնող մայրամուտով: Հետո նայում եմ ներքև՝ գնացքի գծերին: Սենց բան մի օր Հայաստանում կունենա՞նք: Գնում եմ առաջ:

Կամրջից իջնում եմ: Կլոր ՄաքԴոնալդս: Այստեղ եկել ենք համադասարանցիներով: Մեր ուսուցիչներն ասում էին, որ դա Պրահայի աշխարհագրական կենտրոնն է:

Փորփրում եմ ռադիոն, ալիքից ալիք անցնում: Ֆրանսերեն: RFI-ն է: Հասել եմ Պրահա, բայց լսում եմ նույն ռադիոկայանը, ինչ Երևանում: Առաջ եմ գնում: Ճամփին նստում, հանգստանում, շուրջս ուսումնասիրում: Անցնում եմ մի եկեղեցու մոտով, որի տարածքը շատ ծանոթ է: Մեր մտերիմներից մեկը հաստատ ժամանակին այնտեղ էր ապրում: Բայց ո՞վ: Հիշողությունս հազար կողմից փորում եմ: Մորս գործընկերուհի լիտվուհի Աուշրայից բացի ոչ ոք միտս չի գալիս: Աուշրան, որն ավելի շատ իմ ու եղբորս ընկերն էր, քան մորս: Տեսնես որտե՞ղ է հիմա: Վերջին անգամ ութ տարի առաջ եմ նրան տեսել: Հետո էլ լուր չունեի: Կարծեմ Լիտվայի ծառայությունն էին փակել, որովհետև վերջին տարիներին մայրս այլևս նրանից լուրեր չէր բերում:

Առաջ եմ գնում և ճիշտ ժամանակին հասնում եմ պայմանավորված վայր, որտեղ պիտի տեղի ունենար միջազգային երեկոն:

StrangeLittleGirl
03.08.2011, 13:07
- Դու կսկսե՞ս,- հարցնում է Ալեքսը:
Ճար չունեմ: Այբբենական կարգով առաջինը Հայաստանն է: Անփորձ եմ: Մասնակիցներն էլ բավականաչափ հարբած չեն: Պարզվում է՝ պիտի երգ-պար ներկայացնեմ: Ո՞ր օրվա երգող կամ պարողն եմ: Կոմպիցս մի կերպ մի երգ եմ փորփրում, գտնում ու միացնում: Որպես խմիչք էլ նռան գինի եմ տարել: Դուրները գալիս է:

Բելգիան ու Նիդեռլանդները միասին են ներկայանում, որովհետև երկու պետություններն էլ նույն երգն էին ընտրել: Ասում են՝ խմած ուսանողների երգ է: Խոստովանում են, որ իրականում հոլանդական է, բայց դա ոչ մի կապ չունի:

Բելառուսից Դիման կիթառով է բեմ բարձրանում: Օլգան երգում է: Սիրուն լեզու է բելառուսերենը: Երևի առաջին անգամ էի լսում:

Իսկ հետո ականատես ենք լինում պատմական մի իրադարձության. նախկին Հարավսլավիայի պետությունները միասին են ներկայանում: Պատճառն այն է, որ էսպես թե էնպես խորվաթներն ու սերբերը նույն երգն են ընտրած լինում:
- Մենք կերգենք մի երգ, որը 1987-ին Եվրատեսիլում հաղթեց:
- 1989-ին,- ուղղում է Ռենեն, որը Եվրատեսիլի մասին ամեն ինչ գիտեր:

Հաջորդը Ռենեն է Դանիայից: Մենակ է: Չեմ էլ հիշում ինչ երգեց. զբաղված էի նրա արտաքինով զմայլվելով:

Էստոնիայի երգը մեզ շատ ծանոթ «Եղնիկ, դուռը բացի» մեղեդին ուներ, ու քանի որ արդեն մի քիչ խմել էի, հայերեն ձայնակցեցի նրանց:

Ֆիններն ինչպես սառը, չնկատվող ու չհիշվող էին ֆորումի ողջ ընթացքում, նույնպես և բեմի վրա էին. հիմա սպանեք, չեմ հիշի, թե ինչ խմացրեցին կամ ինչ երգեցին:

Ֆրանսիացիները որոշեցին «փափուկ» երգ կատարել:
- Նրան Ֆրանսիայում սիրում են քաղաքական նպատակներով:
- Կաղլա Բղունի˜,- գոռում եմ:
- Գողե˜ր,- ջղայնանում է իտալացի Դոմինիկոն:

Գերմանիան ներկայացնելու համար բեմ է բարձրանում Նիկոլաուսի կինը: Ինչ-որ միջնադարյան սիրային երգ է կատարում՝ նայելով ամուսնուն: էնքա˜ն սեր կար, էնքա˜ն քնքշություն:

Դե հույներն էլ, ինչպես միշտ, պիտի բոլորիս խառնեին իրար: Սիրտակին միացրին, մինչև շունչներս կտրվելը պարացրին, քաշվեցին մի կողմ:

Իռլանդիան եկել էր իր հանրահայտ Բեյլիզով: Կատարումն էլ լիքը քֆուր-քյաֆարով ժողովրդականոտ երգ էր, որը կոչվում էր «Մանթո»:

Իտալացիներն էլ սաղին խառնեցին իրար՝ Օ սոլե միո երգացնելով և լիմոնչելա խմացնելով:

Իսրայելը նույնպես մենակ էր: Ներկայացուցիչը հիշեց, որ չեխ դայակ է ունեցել, որը մի օրորոցային էր սիրում երգել: Հենց դա էլ կատարեց ու ներողություն խնդրեց, եթե ինչ-որ բառեր ճիշտ չի արտասանում:

Նիկիտան պնդեց, որ լատիշները սիրում են տխրել:
- Մեզ հետ չհամեմատվեք,- գոռում եմ:
Ավելացնում է, որ լատվիական որևէ ուրախ երգ չհիշեց, դրա համար ռուսականը կկատարի:

Չնայած Գագան նախկին Հարավսլավիայի հետ ելույթ ունեցել էր, մի անգամ էլ կանգնեց, որ ներկայացնի իր խմիչքը և ավելացրեց, որ պար կսովորեցներ, եթե “Big Montenegran guy” լիներ: Շոտլանդիայի ներկայացուցչին առաջարկեցին որպես “Big guy,” բայց Գագան վիրավորված բացականչեց.
“Nooooo, I need a handsome guy!” Հետո ավելացրեց, որ տղան չպիտի յուբկա հագնի:

Նորվեգիայից Աննը մենակ էր մնացել: Ասում էր, որ չգիտեր, որ պիտի ինչ-որ բան ներկայացնի: Պատմեց, որ հենց իմացավ, մտավ սուպերմարկետ, նորվեգական խմիչք ճարեց, որը գաղափար չունի՝ ինչ է:

Պորտուգալացիները հայտարարեցին, որ իրենց երկիրը հայտնի է գինիով և կանանցով: Հետո մի ուրախ երգ երգեցին:

Ռումինացիներն իրենց երգի բառերն ափսեի վրա էին գրել:

Ռուսները թեթևակի երգեցին-պարեցին, շոկոլադով հյուրասիրեցին, որը տատիկիս բերած ռուսական շոկոլադի համեմատ անհամ մի բան էր:

Շոտլանդիան Միացյալ Թագավորությունից առանձին ներկայացավ: Տղաները կիլտեր էին հագել, բայց շա˜տ ափսոս շոտլանդական պարեր չպարեցինք:

Իսպանացիներն էլ բոլորին խառնեցին իրար: Նախ տեղում սանգրիա սարքեցին: Ի տարբերություն մնացած խմիչքների, որ միայն մի կում էի անում, սանգրիան մի մեծ բաժակով գլուխս քաշեցի: Հիշում էի Սևիլյայի այն շոգ հրաժեշտի երեկոն, երբ Ալեխանդրոն մի դույլի մեջ գինի էր լցնում, մյուսի մեջ՝ լիմոնադ, որ հետո խառներ:

Հետո ֆլամենկո սովորեցրին, ու պարեցինք ոտքերը գետնին հարվածելով, տղաների ծափերի տակ:

Բոյ-բուսաթով շվեդները շվեդերեն երգ երգեցին, որին միացան նաև Աննն ու Ռենեն. նրանք բավական մոտ են մշակույթներով:

Շվեյցարացիները դժգոհեցին.
- Ինչու՞ ենք մենք Շվեյցարիա կոչվում, եթե իրականում գերմանացիներ ենք:
Հետո բեմադրեցին տղայի ու խնձորի մասին լեգենդը, որի իմաստն այդպես էլ մինչև վերջ չհասկացա, բայց դեռ էլի պիտի լսեի Նիցցայում շվեյցարացի պրոֆեսորից:

Միացյալ Թագավորությունը ներկայացավ Վիլյամի ու Քեյթիի դիմակներով՝ նշելով, որ ամբողջ Բրիտանիան վերջերս գժվել էր այդ երկու մարդկանց ձեռքին: Հետո ուելսական երգ կատարեցին:

Վերջում տանտերերն էին՝ չեխերը: Կարծեմ նշեցին, որ իրենց մեջ չեխ չկա. բոլորը սլովակներ են: Դրա համար իրենց երգերից երգեցին ու ավարտեցին:

StrangeLittleGirl
10.08.2011, 19:30
Ֆորումի վերջին օրն է: Սուրճի հերթի մեջ կանգնած ենք: Ինձնից առաջ ֆրանսիացիներն են, որոնց հետ շփվելու առիթ դեռ չէի ունեցել: Նրանցից առաջ պորտուգալուհի պստիկն էր, որը ֆրանսիացիներից մեկին հարցնում էր, թե նախորդ երեկոյից հետո ինչ վիճակում է:
- J'ai survecu,- պատասխանում է աղջկա ներվերն ուտելու համար: Իսկ իմ կռիսությունը բռնում է, ու անմիջապես թարգմանում եմ.
- I have survived.
Ֆրանսիացին անակնկալի է գալիս.
- Էստեղ ֆրանսերեն իմացողներն ավելի շատ են, քան ես կարծում էի: Ինչու՞ սպասեցիր մինչև վերջին օրը, ավելի շուտ չասացիր, որ ֆրանսերեն գիտես:
- Ամաչեցի:
Նույն պահին զրույցին միացավ ֆրանսիական թիմից Օդը, որն արտաքանապես հիշեցնում էր մորս ֆրանսահայ ընկերուհուն՝ Աննա Դաստակյանին: Դրա համար Օդի նկատմամբ մի տեսակ համակրանքով էի լցված:
- Ես էլ հայերեն գիտեմ,- ասաց:
- Իսկապե՞ս:
- Չէ, չափազանցնում եմ. մի քանի բառ գիտեմ: Բարև, շնորհակալություն:
- Որտե՞ղ ես սովորել:
- Ես Հայաստանում եղել եմ: Մի հայ ընկեր ունեմ: Անէսթեզիոլոգ է: Բարեգործական այցեր էր կազմակերպել Հայաստան և Արցախ, ինձ էլ հրավիրել էր որպես հոգեբույժի:

Փորձեցի Օդի հետ մի քիչ ֆրանսերեն խոսել: Զգացի, որ լեզուս կապ է ընկնում: Անսովոր էր էդքան անգլերենից հետո ֆրանսերենի անցնելը:

***
Ճաշի ժամին այնպես ստացվեց, որ մյուս երեք (առանց Օդի) ֆրանսիացիների սեղանի մոտ հայտնվեցի:
- Ձեզ մոտ նստե՞մ, որ ֆրանսերենս մի քիչ մարզեմ:
Ի˜նչ մարզել: Իրար մեջ ֆրանսերեն էին խոսում, շուռ գալիս, ինձ անգլերեն դիմում:
- Կներես, հոգնած ենք, էլ էներգիա չունենք շփվելու,- ասում է Էլոդին:
Փորձում եմ ինքս խոսակցություն բացել:
- Չգիտեի, որ Կառլա Բրունիին սիրում եք:
- Բայց չենք սիրում: Էդ ուղղակի սարկազմ էր: Համ էլ ի՞նչ իմանայինք, որ հատուկ ծառայություններից մեզ չէին լսում: You know what I mean.

Հետո ֆրանսիացի պարոնը բացատրեց, որ սիրում է ամեն ինչից հետո ավելացնել you know what I mean:
- Ինչու՞ ես ամաչում ֆրանսերեն խոսել,- հարցրեց Էլոդին,- եթե հարցը սխալներն են, մեզ համար մեկ է՝ սխալ անում ես, թե չէ:
- Չէ, սխալները չեն: Ուղղակի դուք շատ արագ եք խոսում, ես՝ դանդաղ: Դրանից անհարմար եմ զգում:
Փաստն այն էր, որ իմ ամեն մի ֆրանսերեն պատասխանին նրանք անգլերեն էին արձագանքում:
- Բա ե՞րբ ես տուն գնալու:
- Տուն չէ, Նիցցա եմ գնում:
- EPA-ի ամառային դպրո՞ց: Կոմորբիդությու՞նը:
- Ահա:
Եվ մեր պարոն youknowwhatImean-ի ուղեղը կախեց: Անցավ ֆրանսերենի.
- Ça t'intéresse?
- Oui.
- Շագալի թանգարան անպայման կգնաս: Մեկ էլ Նիցցայում մի լավ պաղպաղականոց կա, էնտեղ: Պաղպաղակը ձեռքիդ Շագալի թանգարանի մոտ կնկարվես ու ինձ կուղարկես:
Ծիծաղ:

Սեղանի մոտից վերկացա տհաճ զգացողությամբ: Չէի ափսոսում, որ ֆրանսիացիների հետ հենց սկզբից շփում չեմ ունեցել:

StrangeLittleGirl
12.08.2011, 13:07
Ֆորումին մասնակցելիս նոր մտերմություն հաստատելու առանձնապես մեծ ցանկություն չունեի: Եթե Օլգային չհաշվենք, մոռանանք նաև պատահական ընդհանրությունները, որոնք ինձ ու Գագային մտերմացրին, մյուսներից հեռավորություն էի պահում, իսկ երեկոներից էլ շուտ էի թռնում, եթե ընդհանրապես մասնակցում էի:

Դրա համար տրամաբանական էր, որ վերջին ճաշից ամենաշուտը ես դուրս եկա: Օլգային հրաժեշտ տվեցի: Գագան արդեն մեկնել էր: Ռոսային էլ չմոռացա, որովհետև ինձ դուր էր գալիս նրա իսպանական ջերմությունը:

Չնայած դեռ երկու ժամ կար մինչև Քերինի գալը (իսկ մենք պայմանավորվել էինք հյուրանոցի մոտերքում), ես նախընտրեցի գետի ափին ժամանակ սպանել:

Հենց էդ ընթացքում էր, որ դասընկերուհիս՝ Գայանեն զանգեց: Բոլորովին պատահաբար այնպես էր ստացվել, որ նույն ժամանակահատվածում երկուսս էլ Պրահայում էինք հայտնվել: Դրա մասին իմացել էինք նախորդ օրը: Անմիջապես պայմանավորվեցինք հանդիպել:

Ընթացքում եղանակը փոխվում է: Սկսում եմ մրսել: Թեթև ժակետս մեծ օգուտ չի տալիս: Քայլում եմ ափով: Դուրս գալիս տրամվայի կանգառ: Կողքովս անցնում են ֆորումի մասնակիցները, առաջարկում միանալ: Մերժում եմ: Ինչ-որ խելառ գերմանացի ֆուտբոլիստներ կամ ֆուտբոլասերներ բարձրաձայն երգում են: Գալիս է Գայանեն: Անսովոր էր ուրիշ միջավայրում նրան տեսնելը:

Քերինենք չկան: Ախր նրանք պարտաճանաչ գերմանացիներ են: Հաստատ կորել են կամ ինչ-որ բան է պատահել: Սմս եմ գրում: Մոռացել էի, որ գերմանական համարների հետ կապված խնդիր կա: Դեռ հինգ տարի առաջ, երբ Գերմանիայում էի, հակառակ պատկերն էր. Հայաստան ուղարկածներս չէին հասնում, բայց Հայաստանից գալիս էին: Զանգեցի: Օռանժի տուֆտա ռոումինգ: Միանգամից չգիտեմ ինչքան փող կերավ, որովհետև մեջը լիքը կար, բայց երկրորդ անգամ արդեն հերիք չէր զանգելու համար: Վերջը, Քերինենք Պրաժսկի հրադից նոր էին իջնում: Չէին կողմնորոշվել, թե ինչքան ժամանակում կհասնեն պայմանավորված վայր: Նրանց պատվիրում եմ սպասել, ու ես ու Գայանեն շարժվում ենք առաջ: Ոտքով:

Ճանապարհին կիսվում ենք տպավորություններով, հասկանում, թե որքան հետ է Հայաստանն ամբողջ աշխարհից, քննարկում Չեխիան ու Պրահան: Հասնում ենք Քերինի ասած տրամվայի կանգառը: Չկան: Զանգում ենք: Քերինն ասում է՝ մենք էստեղ կանգնած ենք: Չենք տեսնում: Վերջը որոշում ենք տաճարի մոտ հանդիպել: Բարձրանում ենք: Դժվար վերելք: Էլ ցուրտ չէ: Մի քիչ սպասում ենք, ու Քերինենք հասնում են: Հազար անգամ ներողություն. Քերինը շատ լավ գիտի, որ ուշանալը լավ բան չէ, ինչքան էլ հարգելի պատճառ ունենա: Իսկ ես չեմ ջղայնանում: Ընդհանրապես:

Տաճարի ներսում նորից հանդիպում ենք ֆորումի մասնակիցներից: Ծիծաղում ենք: Տաճարի բակում նույն գերմանացի խելառները գժություններ են անում:

Եվ միասին սկսում ենք իջնել:

Միասին ոտքի տակ ենք տալիս Պրահան:

Հին քաղաքում նորից հանդիպում ենք ֆորումի նույն մասնակիցներին: Երկու բառ ենք փոխանակում: Վերջում ասում եմ՝ see you soon: Էդ պահին մտքովս չի անցնում, թե որքան ճշմարիտ են լինում այս խոսքերը:

Գնում ընթրելու: Գայանեի ասած լավ ռեստորանն էդպես էլ չի հայտնաբերվում, իսկ մենք սոված ենք: Մտնում ենք մի պատահական տեղ (թե՞ տուրիստական ուղեցույցի մեջ կար դրա մասին գրված): Որպես նախուտեստ բերում են հատուկ պատրաստված խոզի ճարպ ու սխտոր: Քերինի ընկերուհի Քերինը բացատրում է, թե ինչպես է պատրաստվում. նրա հայրը մսագործ է: Համով էր: Խոզի ճարպն ու սխտորը ռնդում ենք:


Նկարների համար՝ էստեղ (http://byurie.livejournal.com/468615.html)

StrangeLittleGirl
25.08.2011, 00:27
Մութ է, բայց պիտի որ կեսօրի մոտերը լինի: Ուժեղ անձրև: Պրահայում եղանակը փչացել է, ջերմաստիճանն էլ իջել: Ի՞նչ անեմ: Երևանից հետս բերած միակ տաք շորը մի բարակ ժակետ է, որը դեռ նախորդ երեկո չէր պաշտպանում մրսելուց: Չորս պատի մեջ մնալը բացառվում է. պիտի Աննային (http://www.akumb.am/member.php/10462-Anna.Khachatryan) տեսնեմ, ու ոչ մի դեպքում առիթը բաց չեմ թողնի՝ անկախ եղանակից: Հետո էլ Գայանեին ու Տաթևին պիտի հանդիպեմ:
Սկսում եմ ինտերնետում նվնվալով, թե՝ Պրահայում ցուրտ է: usareagan-ն իրենց տուն է հրավիրում (ո˜նց եմ սիրում հայերին): Չէ, ես պիտի Աննային տեսնեմ: Հետո էլ Գայանեին ու Տաթևին:


Հագնում եմ երկարթև սպիտակ վերնաշապիկս, որը հատուկ ֆորումի համար էի բերել, բայց շոգի պատճառով էդպես էլ չհագա: Վրայից քաշում եմ համեմաբատար տաք կարճթև հագուստս: Հետո փաթաթվում եմ բարակ ժակետիս մեջ, բացում հովանոցս, որը վերջին վայրկյանին մամաս ճամպրուկիս մեջ էր խցկել (պետք կգա. Պրագան չգիտես) ու համարձակվում դուրս գալ: Քամի: Անձրև: Ցուրտ: Մրսում եմ: Չէ, հագիս շորերն անճաշակությունից բացի նաև բավականաչափ տաք չեն: Լավ էր, չէ՞. դեռ երկու օր առաջ արևից պաշտպանվելու համար գլխարկ գնեցի, իսկ հիմա տաք հագուստի ժամանակն է: Ուղիղ կենտրոն՝ դեպի խանութները, մինչև Աննային հանդիպելու ժամը կգա:


Գտնում եմ հարմար տաք ժակետը: Հանդերձարանում վերադասավորում եմ հագիս շորերը, որ մարդավարի տեսք ունենամ (սպիտակ վերնաշապիկն ու բարակ ժակետս՝ մարշ դեպի պայուսակ): Խանութում հերթ եմ կանգնում: Վայրկենական վաճառվում են հովանոցներն ու կուրտկաները. եղանակից բեխաբար ինձ նման խելառ տուրիստներ:


Վացլավի արձանի մոտ Աննան ու պստիկ Ռուբենն արդեն ինձ սպասում են: Մոտենում եմ: Աննային առաջին անգա՞մ եմ տեսնում: Հաստա՞տ: Չէ, չեմ հավատում: Մի քանի տարի վիրտուալ շփվել ենք: Քաղաքական հողի վրա ծանոթացանք: Հետո էնքան տարբեր վիրտուալ տարածքներում հանդիպեցինք, որ մոռացանք թե որ կայքում և ինչու էինք ծանոթացել:


Գնում ենք գարեջուր խմելու: Էստեղ գնացքներն են մատուցում գավաթները: Ամեն սեղանի վրա ռելսեր կան, որոնք գնում, միանում են ընդհանուր երկաթուղուն: Մատուցողը պատվերն ընդունում է, իսկ քիչ անց սեղանի վրա հայտնվում է գնացքը, գավաթներն էլ մեջը:

Զբոսնում ենք Պրահայի փողոցներով: Անձրև չկա: Ուղղակի մի քիչ ցրտոտ է: Ռուբենն աշխույժ է: Աննան անհանգստանում է: Ասում եմ՝ սովորական հայ երեխա է:

Ուրախ եմ, որ Աննային ճանաչում եմ: Ուրախ եմ, որ նրա նման հայեր կան. Եվրոպայում մենակ չեմ զգա:

Հետո նորից նույն Վացլավի մոտ հանդիպում եմ Գայանեին ու Տաթևին: Նորից հայեր: Նորից ուրախ եմ: Տարօրինակ կերպով Եվրոպայում լինելով հանդերձ հայերից չեմ խուսափում, այլ ճիշտ հակառակը՝ ձգտում եմ դեպի նրանց: Ու երևի այսուհետ միշտ էլ այդպես կլինի:

StrangeLittleGirl
28.08.2011, 10:22
Պիտի Կամպա կղզի գնամ: Ուզում եմ Ջոն Լենոնի պատը տեսնել: Մեկուկես տարի ապրել էի Պրահայում, բայց չգիտեի, որ նման բան կա: Մամաս ասում էր, որ մենք հաստատ էնտեղ եղել ենք մեր վերջին այցելության ժամանակ: Չեմ հիշում: Լուսանկարներ չկան: Էն ժամանակ էլ հիմիկվա թվային ապարատները չէին, որ ամեն մի բլոճ կարողանայիր ֆիքսեիր. նկարելուց առաջ երկար էիր մտածում՝ էս կադրը քեզ պե՞տք ա, թե՞ չէ, նոր չխկացնում: Ու էդպես Կամպա կղզում նկարներ չունեցա: Դրա համար հիշողություններս աղոտ էին, իսկ ինչ վերաբերում է Ջոն Լենոնին, մինչև հիմա էլ համոզված եմ, որ առաջին անգամ էի գնում այն որոնելու:

Կամպա կղզին բաց թողնելու բան չէր: Ամենասիրուն, ամենատարբեր, ամենահետաքրքիր Պրահան էր: Ֆեյսբուքում ոչ մեկի չեխական ֆոտոալբոմում չես գտնի այնտեղի լուսանկարներից: Տուրիստները սովորաբար տարվում են Կառլի կամրջի արձաններից մեկի ոսկեզօծ հատվածով, որի վրա ձեռքը դնելով երազանք են պահում ու նկարվում:

Մեկ էլ աստրոնոմիական ժամացույցով, որի մոտ տնկվում են մինչև կլոր ժամ դառնալը, սպասում տասներկու առաքյալների դուրս գալուն: Ու հատկապես խելագարվում են Պրաժսկի հրադի մոտ պահակ կանգնած անշարժ զինվորների համար, որոնք ժամը մեկ փոխվում են, իսկ մինչ այդ նույնիսկ աչք չեն թարթում:

Խեղճերը ստիպված են հանդուրժել անթիվ-անհամար տուրիստներին, որոնք շարվում են կողքներն ու նկարվում: Իսկ ինձ նման խելառ մի քանիսն ապարդյուն փորձում են ստիպել, որ շարժվեն:

Կղզին գտնելը դժվար չէր: Ինձ բացատրել էին. Կառլի կամրջի կողքից իջնում ես ներքև: Էնտեղ այգի կար: Ժամանակ առ ժամանակ նստում էի, որ հոգնած ոտքերս ուշքի գան: Մեկ-մեկ էլ խոտերի մեջ էի փռվում:

Լիքը հետաքրքիր արձաններ կային, որոնց գրությունները միայն չեխերեն էին, ու չէի հասկանում՝ ինչի մասին էին: Թանգարան կար, որտեղ Կանդինսկու գործերն էին ցուցադրվում, բայց չմտա (փա՞կ էր):

Իսկ Ջոն Լենոնի պատը չէի գտնում: Քարտեզս էլ, որի վրա նշված էր պատի տեղը, պայուսակիս ինչ-որ անկյունում անհետացել էր: Մի խոսքով, էլի հույսս հոտոտելն էր:

Փոքր կամրջակներ կային, որոնք կղզու երկու հատվածները (թե՞ կղզին ու ցամաքն իրար էին միացնում): Անընդհատ դրանց վրայով անցնում էի, մեկ մի կողմ գնում, մեկ մյուս, բայց Ջոն Լենոնը չէր երևում:

Հետո գտա մի կամրջակ, որի վրայով չէի անցել ու որի վրա լիիիիքը կողպեքներ կային: Ուզեցի պայուսակիցս իմերից մեկն էլ հանել, կպցնել, էն էլ տեղ չէր մնացել:

Հաջորդ վայրկյանին կողպեքների հետևից նկատեցի անիվը, որը որպես կողմնորոշիչ պիտի ծառայեր Լենոնի պատը գտնելու համար: Մոտերքում եմ,- մտածեցի: Ու վայրկյաններ անց կանգնեցի պատի դիմաց: Ափսո˜ս մոտս հարմարանքներ չկային, որ մի բան էլ ես խզբզեի պատին: Ստիպված բավարարվեցի ֆոտոներ անելով:

Մինչև Գայանեի գալը դեռ ժամանակ ունեի: Դրա համար նախ գնացի նկարելու «կիսատ-պռատ» մարդկանց արձանները, իսկ հետո սկսեցի զբոսնել Մալա ստրանայով՝ փնտրելով նորանոր ճանապարհներ ու Պրահային վերևից նայելով:

Ներքևում արդեն Գայանեին հանդիպեցի, ու օրվա մնացած մասը միասին էինք: Գնացինք երկու օր առաջ Քերինենց հետ տեսած պատը հայտնաբերելու, պարզելու, թե այն ինչ է: Արհեստական ժայռ էր:

Բվեր տեսանք: Իսկ էդ ամեն ինչը սենատի տան տարածքում էր: Ընթացքում՝ հիշում ենք մեր ուսանողական տարիները, մի քիչ բամբասում, քննարկում տարբեր հին ու նոր երևույթներ: Վերջում՝ սուրճ տրամվայ սրճարանում, ու ավարտվում է ճամփորդությունս դեպի Պրահա: Հաջորդ օրս մնում է միայն գնումների վրա:



Նկարներով էստեղ (http://byurie.livejournal.com/472052.html)

StrangeLittleGirl
30.08.2011, 11:37
Վերջին օրս Պրահայում վազվզոցներով ու գնումներով անցավ. Նիցցայում քիչ ժամանակ էի ունենալու, չէի հասցնելու այդ հարցերով զբաղվել: Այդպիսով աննկատ անցավ իմ Շենգեն վիզայի 8-րդ օրը, իսկ 9-րդ օրը գնացի օդանավակայան ոչ թե Երևան վերադառնալու համար, ինչպես սովորաբար լինում է ճամփորդելիս, այլ շարունակելու դեպի Նիցցա՝ երիտասարդ հոգեբույժների ամառային դպրոցին մասնակցելու:

Թռիչքս Ցյուրիխով էր: Բախտս բերել էր. ընդամենը մի ժամ պիտի սպասեի: Եվրոպայի շատ օդանավակայաններում եմ եղել, բայց ոչ մեկում էդքան օտար, մեկուսացած, անծանոթ չեմ զգացել, ոնց որ Ցյուրիխում: Չնայած կարճ սպասելաժամանակին, դա մի ամբողջ հավերժություն թվաց: Երևի նաև նրա համար, որ նստելու տեղ էլ չկար: Իսկ երբ Նիցցայում դուրս եկա ինքնաթիռից, միանգամից շունչս սկսեց կտրվել. տոթ էր: Դրան դիմանալով դեռ պիտի հյուրանոց հասնեի: Սպասում եմ իրերիս: Կողքս կանգնած է բիզնես կլասով ճամփորդող նոր ռուսների ընտանիք: Մինչ ամեն մեկն իր ճամպրուկը վերցնում, գնում է, այս ընտանիքի մայրը կռիվ է անում օդանավակայանի աշխատողի հետ, թե՝ ճամպրուկս գալիս ա, ինչու՞ չես իջացնում, կարո՞ղ ա գիտես ես պիտի իջացնեմ: էդ ընթացքում նրանց երեխան հաշվում է ճամպրուկները. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը... մնաց մի հատ:

Փորձելով ֆրանսերեն խոսել՝ գնում եմ ավտոբուսի տոմսը: Հաճելի է լինել մի երկրում, որի լեզուն գիտես: Ավտոբուսում: Մարդիկ լուռ ճամփորդում են: Չաչանակում են երկու ռուս աղջիկներ, որոնցից մեկը նոր էր ժամանել Նիցցա, իսկ մյուսը դիմավորում էր: Խոսում են ռուսերեն, չգիտեն, որ հասկանում եմ: Քննարկում են ռեստորանները, խանութները, որտեղից կարելի է գնումներ անել, տղաներին:

Սատկած հասնում եմ հյուրանոց: Հազիվ հասցնում եմ ինձ կարգի բերել, իջնել դահլիճ, երբ նկատում եմ, որ «բարի գալուստը» վերջանում է: Արագ մոտենում եմ Ժաննային, որն ինձնից րոպեներ առաջ ժամանակ ուկրաինացուն ինչ-որ բան էր ռուսերեն բացատրում: Գրանցվելուց հետո դուրս եմ գալիս: Միջանցքում տեսնում եմ սերբ Սլավիցային, որի հետ Պրահայում եմ ծանոթացել: Հետո՝ Մայան, որը Պրահայի Ստարոմեստկա հրապարակում ինձ ասել էր՝ see you soon առանց իմանալու, որ մի քանի օր անց իսկապես հանդիպելու էինք: Նաև՝ լեհ Ագնյեժկան, որին նույնպես Պրահայից գիտեի: Իսկ ֆոյեում վերելակի դռները բացվում են, դուրս են գալիս Նիկիտան ու էլի մի քանիսը.
- Գնացի՞նք զբոսնելու:
Ճամփին շփվում եմ էրեխեքի հետ: Պարզվում է՝ բելառուս Նինան Օլգայի մոտիկ ընկերուհին է: Աշխարհ-աշխարհ, էս ի˜նչ փոքր ես դու: Հետո խմբով խմում ենք Նիցցայի կենտրոնում: Իտալացիներին ստիպում ենք, որ մի քիչ շատ իրար հետ իտալարեն խոսեն, որ մենք լսենք: Ու էդպես խաղաղ ավարտվում է մեր առաջին երեկոն Նիցցայում, որի ընթացքում փնտրում էի մայրամուտը: Ասել էին՝ շատ սիրուն է: Չէ, Հայաստանի մայրամուտներին չի հասնի:


Նկարներ (http://byurie.livejournal.com/472369.html)

StrangeLittleGirl
27.02.2012, 00:19
Ավտոբուսի կանգառում հսկայական հերթ էր: Հարյուրավոր հոլանդացիներ և այլազգիներ մի գծի վրա ուղիղ շարվել, համբերատար սպասում էին իրենց հերթին: Երկաթուղում ինչ-որ վերանորոգման աշխատանքներ էին տարվում, և Խրոնինգենից դեպի հարավ գնացքներ չէին մեկնում: Նման բան հազարից մեկ է պատահում, ու մենք հենց այդ օրն էինք ընտրել ճամփորդելու համար:

- Մի տեսակ չե՞ս զգում Խրոնինգենից գնալիս:
Գլխով արեցի: Եթե մի բառ ասեի, աչքերս էլ հետն էին ասելու, իսկ ես չափից դուրս հուզվող երևալու մտադրություն հեչ չունեի:

Ավտոբուսը մեզ բերեց Ասեն, այնտեղից` գնացքով դեպի Ամերսֆորտ: Գնացքն ուշացավ: Հետո Զվոլեում կանգնեց ու հրամայեց իջնել. Ամերսֆորտ չեմ գնում: Նոր գնացք դեպի Ուտրեխտ: Պոլը մեռավ սպասելով:

Ուտրեխտում հանդիպում ենք Պոլին: Գնացք դեպի Սիդարտ: Էնտեղից էլ ավտոբուսով հասնում ենք Մաստրիխտ: Վերջապես: Նորմայում չորս ժամ տևող ճամփորդությունը մեզնից վեց ժամ խլեց: Վեց ժամ էր պետք երկրի ծայր հյուսիսից ծայր հարավ հասնելու համար:

Երբ մի հայացք նետեցի Մաստրիխտի վրա, ծանոթ թվաց: Կարծես մի ամբողջ կյանք այնտեղ ապրած լինեի: Չհասկացա, թե էդ դեժա վյուն որտեղից էր: Սակայն կամրջի վրայով ճամպրուկները գլգլացնելիս պարզ դարձավ, որ Մաստրիխտը Պրահան է հիշեցնում, Մասը` Վլտավան:

Մաստրիխտի հոսթելում հարմարվում ենք: Ավելի մաքուր է, քան մեր ուսանողական տները: Երանելիություն:
- Ուզում եմ ուղղակի բազմոցին փռվել, ոտքերս տնկել ու կարդալ:

Քայլում ենք քաղաքով: Պոլը, կարոտած հայացքով գնահատելով իր ծննդավայրի փոփոխությունները, պատմում է դրա մասին.
- Մաստրիխտը Նիդեռլանդների ամենահին բնակավայրն է: Քաղաքը չեմ ասում, Ամստերդամն ավելի շուտ է պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստացել: Էստեղ 2000 տարի առաջվանից մարդիկ են ապրում: Մաստրիխտ նշանակում է անցնել Մաս գետը... Քաղաքը պարիսպով է շրջապատված եղել: Հիմա մնացորդները կան: Տեսեք, հետևում տներ են կառուցել: Քանի որ մշակութային հուշարձանի մաս են կազմում, դրանք քանդել չի կարելի: Ներկել` հա, բայց կառուցվածքը փոխել` երբեք... Այս եկեղեցին տասներկու դարի պատմություն ունի: Պատկերացնու՞մ եք` մինչև հիմա կանգուն է... տասներկու դար:
- Իսկ ինչու՞ է ներսում մութ,- հարցնում է մահմեդական Սանան:
- Որովհետև եկեղեցի է:
- Բայց ինչու՞ է մութ... մզկիթները երբեք մութ չեն լինում:

Անցյալ շաբաթ էստեղ կառնավալ է եղել: Բրազիլականի նման: Հետքերը դեռ մնացել են դրոշների ու գետնին թափված գունավոր թղթերի տեսքով:
- Ինչու՞:
- Որովհետև էնքան շատ է, որ բոլորը մաքրել հնարավոր չէ:
Պոլը վերջին անգամ Մաստրիխտում ութ տարի առաջ է եղել:
- Էս կամուրջն էն ժամանակ չկար, նոր է:

Մաստրիխտը խաղաղ է: Փողոցներում մարդիկ շատ են, բայց աղմուկ չկա: Հանդարտությունը քեզ էլ փոխանցվում:
- Մի հազար Էրասմուսի ուսանող ուղարկեք էստեղ, տեսեք` խաղաղությունից բան կմնա՞:
Խրոնինգենն էլ մեծ քաղաք չէ, բայց էնտեղ շաբաթ երեկոներին նման լռություն երբեք չես տեսնի:

Մտնում ենք այգի: Ձնծաղիկները: Ո՞նց: Հա էլի, արդեն գարուն է: Կյանքիս մեջ առաջին անգամ հողի մեջ աճող ձնծաղիկներ եմ տեսնում:


Գետի խշշոց, էստեղ-էնտեղ վազվզող բադեր, եղնիկներ, սիրամարգ: Ուղղակի ուզում ես նայել, լսել նրանց բադերի կչկչոցը, նստել արևի վերջին ճառագայթների տակ: Ու էդ ամենը հերիք է:
- Էսքան ամիս վազվզելուց հետո հազիվ հանգստանում ենք:


Ճամփին մի տեղ էլ դ'Արտանյանին տեսանք: Արևմտյան մշակույթից գրեթե անտեղյակ Սանան հարցնում է` ով է նա: Իսկ ես վազում եմ հետը նկարվելու:

Մաստրիխտը տափակ չէ: Էստեղ բլուրներ կան, վերև-ներքև կա:


- Էստեղից սկսվում են վերև-ներքևները: Բելգիայում ավելի բարձր է, իսկ Ֆրանսիայում արդեն լեռներ են դառնում... Մաստրիխտում ստրոուպվաֆելներ չկան,- շարունակում է Պոլը,- էստեղ կարկանդակներն ավելի մոդա են:
- Հըմ, Բելգիա:
- Հա, Նիդեռլանդների էս պոչը ժամանակին Բելգիայի մի մաս է եղել:
- Կամաց-կամաց ենք Բելգիա գնում:

Մաստրիխտում հանգիստ եմ. Նիդեռլանդներում ոնց որ տանը լինեմ:

StrangeLittleGirl
28.02.2012, 03:00
Այնտեղ գնալու մտադրություն բնավ չունեի: Բայց ինտերնետում շրջող այն լուսանկարը տեսել եք, չէ՞: Մի սրճարան է, որը գտնվում է Նիդեռլանդների ու Բելգիայի սահմանին: Պարզել էի, թե որտեղ էր, մտածում էի` Մաստրիխտի ճամփորդության հետ համատեղել, էնտեղ էլ գնալ: Հետո մտածեցի` շատ կերկարի: Ու լավ էր, որ հրաժարվեցի էդ մտքից, որովհետև երեկվա գնացքային պայմաններում մենք ընդհանրապես Մաստրիխտ չէինք հասնի:


Իսկ Սանան կպել էր, թե ուզում է սահմանին լինել: Ու քանի որ Մաստրիխտն ինքը Բելգիայից հեռու չէ, մտածեցի` էդ կողմերում սահմանային որևէ հետաքրքիր բան գտնեմ: Սկսեցի Գուգլով քարտեզները փորփրել: Մաստրիխտի վերջանալուց հետո դատարկ տարածություն էր, հետո նոր Բելգիան, այսինքն` որևէ բնակավայր չկար, որ կարողանայինք գնալ: Բայց մի րոպե... փորփրելիս հանկարծ մի շատ հետաքրքիր բան տեսա. Նիդեռլանդների, Բելգիայի ու Գերմանիայի սահմանները միանում են իրար մի կետում: Չէ, սա հաստատ սովորական բան չէ: Մեծացնում եմ ու պարզում, որ գոյություն ունի Drielandenpunt կոչվածը (Երեք երկրների հանդիպման կետ): Մաստրիխտից էլ ընդամենը մի ժամվա հեռավորության վրա: Այ էնտեղ հաստատ պիտի գնանք:

Առավոտյան նստում ենք ավտոբուս, գնում Վալս կոչվող գյուղը, որտեղից մեկ այլ ավտոբուս պիտի մեզ տաներ երեք երկրների սահմանի մոտ: Դես եմ նայում, դեն եմ նայում, մեկ էլ տեսնում եմ կանառում մի երթուղային է կանգնած, վրան հասարակ թղթի վրա տպած "Lijn 149" (ասել կուզի` գիծ 149): Հենց էդ «ավտոբուսն» էլ մեզ պետք էր: Նստում ենք: Ներսում ռադիո է միացված: Նիդեռլանդներում ո՞վ է տեսել, որ հասարակական տրանսպորտում որևէ բան հնչի: Շարժվում ենք: Պարզվում է` ոլոր-մոլոր սար ենք բարձրանում: Լիքը անտառներ կան: Հայաստանն է հիշեցնում... չէ, մի րոպե, մեր սարերին անտառներ թողե՞լ ենք:

Հասանք: Շուրջն անտառներ են: Մի քիչ առաջ ենք գնում, ու նախ Նիդեռլանդների ամենաբարձր կետն է: 300 մետրանոց սարի գագաթին ենք, պատկերացնու՞մ եք: Իսկ մի քանի մետր հեռավորության վրա սկսվում է Բելգիան: Ձախի վրա էլ Գերմանիան է: Մեջտեղում մի քար է դրած: Եթե ամառ լիներ, երեք երկրների դրոշներն էլ կլինեին:

Հեռախոսս իրեն կորցրել է: Ռոումինգը մեկ միանում է, մեկ` անջատվում, մեկ ասում է` բարի գալուստ Գերմանիա, մեկ էլ Բելգիա:

Գերմանական մասն անտառներ են: Բելգիականում աշտարակ կա, որը բարձրանալով կարող ես երեք երկրների տարբեր քաղաքներ տեսնես: Էս էն Էյֆելյան աշտարակը չէ, որի հեռադիտակով փող աշխատելու համար անգամ Հայաստանի դրոշն են կպցրել: Էստեղ հարյուրավորների փոխարեն ընդամենը երեք դրոշ է, երեքն էլ իրական, երեքն էլ տեսանելի: Կարիք չկա հեռադիտակին վճարելու երեք երկրները տեսնելու համար:

Բելգիական մասում նաև սրճարաններ կան, որոնց մենյուները եռալեզու են: Հոլանդիան տարբերվում է

Ու նկարվում եմ` մի ոտքս Գերմանիայում, մյուսը` Բելգիայում, մարմինս` Նիդեռլանդներում: Էդ պահից հասկանում եմ, որ դա իմ ողջ հետագա կյանքն է, անընդհատ այդ երեք երկրներում, մեկից դեպի մյուսը, ըստ քմահաճույքի ու պարտավորությունների: Գիտեմ նաև, որ այդ երեք երկրների լեզուներով մի օր վարժ խոսելու եմ, որովհետև դրանք անընդհատ բախվում են ինձ, կանչում դեպի իրենց:

Գնալուց առաջ ուզեցի հետ դառնալ, երեք պետությունների սահմանին եռագույն գլխարկս դնել: Չստացվեց. մարդաշատ էր:

Իսկ հետո սկսեվ ճանապարհը դեպի Բելգիա: Նստել ենք մի հին գնացք: Կոնդուկտորը հատուկ համազգեստով է, որ մենակ ֆիլմերում եմ տեսել: Թվում է` 20-ական թվականներում ենք: Ամեն ինչ սև ու սպիտակ է դառնում: Շուրջս ֆրանսերեն են խոսում:

Լիեժում գնացքը փոխում ենք: Արդեն զգում ենք, որ Նիդեռլանդներում չենք. սևամորթները շատ են, գնացք նստելիս իրար հերթ չեն տալիս, գնացքն ուշանում է:

Անցնում ենք Բելգիայի ֆրանսիական ու ֆլամանդական մասերով: Հայտարարությունները մերթ ֆրանսերեն են, մերթ` հոլանդերեն: Անգամ ուղևորների լեզուն է անցում կատարում:

Եվ վերջապես ամբողջ մարմնով ու հոգով Բելգիայում եմ: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է առավոտը բացվելու, որ Բրյուգեն տեսնեմ: