PDA

Դիտել ողջ տարբերակը : Չփիլիսոփայություն



Jarre
11.07.2011, 19:47
Ամեն անգամ օրագրեր բաժին մտնելուց և հատկապես հիմա՝ նոր օրագիր ստեղծելուց, հիշում եմ Երվանդի խոսքերը :D:D:D


էտ ինչի՞ց ա, որ համարյա բոլոր անձնական օրագրերի վերնագրերը տենց պաթետիկ են ու ապուշ :)), որի վերնագիրը նայում ես քեզ թվում ա տերը Տիբեթից նոր ա իջել, կամ առնվազն ռոք աստղ ա:)) .... (http://www.akumb.am/showthread.php/54543-Անկապ-օրագիր-5?p=2141936&viewfull=1#post2141936)

Ինչո՞ւ Չփիլիսոփայական։ Քանի որ փիլիսոփայությունը, որքան էլ, որ այն իմաստուն և խելացի լինի, մարդիկ հաճախ դարձնում են ոչ պրակտիկ։

Այստեղ ես կգրեմ Չփիլիսոփայական մտքեր։

ՀԳ՝ հա, մոռացա գրել։ Այստեղ կլինեն նաև մտքեր տարբեր գրքերից, ֆիլմերից և այլ աղբյուրներից, որոնք ինչ որ չափով տպավորել են ինձ։ Կարճ ասած այստեղ ներկայացված ամեն ինչի հեղինակը չէ որ ես եմ։

Jarre
11.07.2011, 19:48
Բանականությունը դա մտածող «սև արկղ է», որը թաքնված է արտաքին պատճառների և դրանց հետևանքների միջև։

Jarre
12.07.2011, 21:08
Քեզ ուրիշներից անհամեմատ բարձր զգալ.... :D

Ավելի խելոքի ներկայությունից նեղվել և ամաչել...... :oy

Վիրավորվել հակառակ կարծիք լսելիս..... :apeape

Վատ զգալ, երբ մեկը փորձում է ներկայացնել մեր տեսակետից հարյուր տոկոսով տարբերվող իր տեսակետը..... :beee

Դրա պատճառով նեղվել, վիրավորվել, թշնամանալ...... :aggressive


Հաճախ ենք խոսում օբեկտիվ և սուբեկտիվ լինելու մասին (ու չգիտես ինչու դեպքերի 99%-ում օբեկտիվը միշտ ես եմ լինում :8 )

Բայց երբևէ չե՞ս մտածել, որ անհնար է օբեկտիվ լինել։ Իրականում հենց մեր մարմինը շատ դեպքերում անհնար է դարձնում օբեկտիվ լինել։

Մի պահ մտածիր. մեր ուղեղ հասնում է ոչ թե այն, ինչ կա իրականում, այլ ինչը թույլ են տալիս զգալ մեր զգայարանները։

Օրինակ՝ տեսողությունը մեզ փոխանցում է մեզ շրջապատող աշխարհի ընդամենը մի մասը, բայց ոչ թե ամբողջությամբ մեզ շրջապատող աշխարհը։ Մեր հասկացողությունից դուրս են մնում ուլտրամանուշակագույն ճառագայթների հսկայական աշխարհներ։

Այն որ մենք ի վիճակի չենք տեսնել ուլտրաֆիոլետը դա դրված է մեր տեսողության համակարգում։ Մենք ֆիզիկապես ի վիճակի չենք դա տարբերել և ընկալել։

Ստացվում է, որ մեր զգայարանները մեր ուղեղ են փոխանցում արդեն «խեղայթուրված»՝ սուբեկտիվ տեղեկություն։

Չկա կատարյալ օբեկտիվ մարդ, ում կարծիքը կարող է լինել ամենաճիշտը։ Ոչ մի մարդ ֆիզիկապես ի վիճակի չէ իրականությունը՝ օբեկտիվ աշխարհը տեսնել և ընկալել այնպես, ինչպես այն իրականում կա :P

Հետևությունները բազմաթիվ են, իսկ ակումբային կյանքի համար ես ինքս իմ համար արել եմ հետևյալ եզրակացությունը՝ եթե անգամ քեզ կոպտում են, վիրավորում, կտրուկ պատասխանում, սխալ հանում քո կարծիքը, ապա դա հարկավոր է ընդունել, որպես ևս մեկ սուբեկտիվ կարծիք՝ զուգահեռ քո ունեցած սուբեկտիվ կարծիքի ;)

Սովորաբար յուրաքանչյուր գրառումից՝ որքան էլ, որ այն դեմ լինի քո տեսակետներին, կարելի է քաղել օգտակար դասեր և այդ հարցին նայել այն տեսանկյունից, որ մինչ այդ չէիր նայել։

Այդպիսով հարստացնում ես աշխարհի մասին ունեցած քո սուբեկտիվ պատկերացումները։

Այնպես որ միևնույն իրավիճակում կարելի է և իրար միս ուտել և իրարից սովորել։ Սա էլ ա սուբեկտիվ պատկերացում.....

Jarre
13.07.2011, 18:02
«Մարդուն պետք է դատել ըստ իր արարքների»։
«Դու այն ես, ինչ անում ես»։
«Մարդու վարքագիծը իր մտածելակերպի արտացոլանքն է՝ ինչ մտածում ես, այն էլ անում ես»։
«Արած քայլերը չեն ջնջվում՝ դրանք մեզ հետ են մնալու մինչև մեր կյանքի վերջ»։

Շատ ժամանակ այս սկզբունքները ճիշտ են, սակայն այն մարդը, որը միայն սրանցով է առաջնորդվում և դատում ինքն իրեն ու դիմացինին, պարզապես զուրկ է խորաթափանց լինելուց (առանց վիրավորվելու, սա վիրավորելու համար գրված չէ ;) )։

Քիչ չեն դեպքերը, երբ գործում է հակառակ սկզբունքը՝ մարդը իր վարքագիծը չէ։

Ի՞նչ է ՎԱՐՔԱԳԻԾը։ Վարքագիծը արտացոլում է արտաքին հանգամանքները, տվյալ պահի ինքնազգացողությունը և երևույթները ընկալելու տվյալ պահի մեր ընդունակությունը / ընկալման ձևը։ Հաճախ վարքագիծը որոշվում է պահի և հանգամանքների ազդեցության տակ։

Ժամանակ առ ժամանակ բոլոր մարդիկ իրենց պահում են տարօրինակ՝ ոչ այնպես ինչպես իրենք իրականում կան։ Օրինակ՝ դու երբևէ չե՞ս արել մի բան, ինչը չէիր ցանկանում անել և ինչը դեմ է եղել քո էությանը։ Կամ հենց հիմա դժվա՞ր կլինի հիշել մի դեպք, երբ դու ուրիշ մարդու մի արարքից իրեն պիտակավորել ես, բայց հետո հասկացել ես, որ ինքը իրականում այդպիսինը չի։

Իսկ ի՞նչ է ԷՈՒԹՅՈՒՆը։ Էությունը հազվագյուտ է փոփոխվում՝ ամեն վայրկյան չի փոխվում, ինչպես վարքագիծը։ Սա նշանակում է, որ կարող են լինել դեպքեր, երբ դու՝ էությունդ հեռվանում է վարքագծից։

Շատ կարևոր է տեսնել հստակ տարբերություն մարդու վարքի և էության միջև։

Մի բան է խոստովանել, որ ինչ որ հարցում դու մատնվեցիր անհաջողության, բայց բոլորովին այլ բան է ինքդ քեզ կնքել որպես անհաջողակ։

Սակայն սրա մյուս ծայրահեղությունն էլ կա։ Կան մարդիկ, ովքեր ինքնախաբեությամբ են զբաղվում և մատների արանքով են նայում իրենց կյանքին, արժեքներին և համոզմունքներին՝ մտածելով, թե ոչինչ ինչ կլինի թող լինի ու ոչ մի ջանք չեն թափում իրենց պահելու այնպես, ինչպես իրենք ճիշտ են գտնում։

Ես իմ համար արել եմ մի հետևություն՝ պետք չի խորանալ ուրիշների մեջ ու փորձել ապարդյուն ջանքեր թափել ռասշիֆրովկա անելու դիմացինի էությունը։ Եթե ամեն մարդ իր սեփական անձի մասին մտածի ու էն ժամանակը, որ ծախսում է ուրիշներին վերծանելու համար՝ ծախսի իր սեփական կատարելագործման ու զարգացման վրա, օգուտը հաստատ անհամեմատ մեծ կլինի ;)

Իսկ Ակումբում էլ կան մարդիկ, որոնք կարան կոպտեն, կռիսական մի բան անեն, բայց դա դեռ չի նշանակում, որ ես էությամբս այդպիսին եմ :)

Այնպես որ թեյք իթ իզի և դոնթ վորի բի հեփի :)

Jarre
14.07.2011, 19:39
Զուգարանում «գործն» ավերտելուց հետո ո՞րը պետք է լինի մարդու ամենաառաջին նպատակը և գործողությունը՝ հետույքը մաքրելը։ Բայց արի ու տես, որ այսօր մարդիկ դա թողած, էտ վիճակով փորձում են աշխարհը փոխել..... :(

Այ սա մարդկության ամենամեծ խնդիրներից է, որ մարդիկ իրենց գործերը թողած, իրենցով զբաղվելու փոխարեն ընկնում ու սկսում են լուծել համամարդկային խնդիրներ՝ չնկատելով կամ աչքաթող անելով իրենց իսկ վիճակը։

Jarre
15.07.2011, 20:36
Ո՞վ է որոշում բաժակի կեսը դատա՞րկ է, թե՞ բաժակը կիսով չափ լիքն է։

Ո՞վ է որոշում գարնանային արևային օրը վատն է, որովհետև կքրտնես, թե՞ լավն է որովհետև լույս է, արև է, տրամադրությունը բարձր է, իսկ բերքն էլ առատ կլինի

Դո՛ւ :)

Տեսնում ե՞ս, դու ես իմաստավորում կյանքդ։ Նույն իրավիճակին կարող ես տալ դրական իմաստ կամ բացասական։ Ամեն ինչ քո ձեռքերում է։ Շատ դեպքերում պրոբլեմի բարդության 80%-ը մեր ուղեղում է, ոչ թե պրոբլեմի մեջ։

Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է վթարը ապահովագրական գործակալի տեսանկյունից, ինչպիսի՞ն է նույն վթարը միջադեպի ականատեսի տեսանկյունից և ինչպիսին է պետավտոտեսուչի տեսանկյունից։ Խոսքը չի գնում խարդախ կարծիքի մասին, այլ իրական տեսակետների և պատկերացումների։ Ելնելով իրենց մասնագիտությունից և իրենց հետաքրքրող մանրամասներից նրանցից յուրաքանչյուրը նույն վթարի մասին ունի իր պատկերացումները և բացատրությունները։

Տեսնում ե՞ս, հաճախ մենք՝ օբեկտիվ մարդիկս :D իրականում ոչ թե օբեկտիվ ենք, այլ ներկայացնում ենք իրականության մեր խեղաթյուրված սուբեկտիվ պատկերացումները՝ անցկացնելով այդ իրականությունը մեր անձնական զգացմունքների, արժեհամակարգի, կյանքի փորձի, պատկերացումների...... միջով։

Այնպես որ կյանքում ամեն ինչ չէ որ էտքան միանշանակ է ու պարզ :)

Jarre
17.07.2011, 00:04
Մարդ կա որ առավոտից իրիկուն թվարկում է անհամար բաներ որոնք ինքը չէր ուզի որ եղած լինեին, չի ուզում, որ լինեն հիմա և չի ուզի, որ կատարվեն ապագայում։

Մարդ կա առավոտից իրիկուն ջանք է թափում որպեսզի փախչի անցանակլիից։

«Փախուստ Բանտից» շոույում Ալեքս Մահոունը հետքարքիր միտք է ասում. «Ես ամբողջ կյանքումս բռնել եմ հանցագործների։ Սակայն մի հասարակ ինժեներ ինձ հաղթեց։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև նա դադարեց փախչել և սկսեց ինքը հարձակվել»։

Դադարեց փախչել և սկսեց ինքը հարձակվել։ Սա շատ լավ սկզբունք է նաև կյանքում։ Կյանքում հաջողությունների կհասնենք միայն այն դեպքում, երբ իմանանք, թե ինչ ենք ուզում և ամեն ինչ անենք մեր ուզածին հասնելու համար։ Իսկ երբ միայն փախչում ենք և խուսափում անցանկալիից, մենք այլևս ժամանակ և ուժ չենք ունենում հասնելու մեր ուզածին։ Արդյունքում ստացվում է, որ մենք փախած դեմք ենք դառնում :pardon

Ավելի կարևոր է հասկանալ թե ինչ ես ուզում, ոչ թե ինչ չես ուզում։

Մենք հասնում ենք նրան, ինչի մասին շատ ենք մտածում, նույնիսկ եթե մենք մտածում ենք այն մասին, թե ինչ չենք ուզում։

Երբեմն մարդ դառնում է այն ինչից զզվում է և նույնիսկ ինչի դեմ պայքարում է, քանի որ շատ է մտածել դրանց մասին։

Երբեմն մարդ «հաջողության է» հասնում այն բանում, ինչից վախեցել և խուսափել է, քանի որ շատ է մտածել դրանց մասին։

Տրամաբանական հետևությունը պարզ է՝ 1) հստակ իմացիր, թե ինչ ես ուզում, 2) ջանք թափիր և 3) ստացիր ուզածդ ;)

Jarre
26.07.2011, 20:57
Պեսիմի՞ստ թե՞ օպտիմիստ :think

Իմ անձնական կարծիքով աշխարհի ամենահիմարագույն հարցերից մեկը։ Կյանքը սև ու սպիտակ չէ։ Ինչպես և կյանքի բոլոր հարցերում, այս հարցում ևս ամեն մարդ ընտրում է այն, ինչը իր կարծիքով իր համար լավագույնն է։

Բայց մի բան հաստատ է. քո ուղեղի պոտենցիալ ունակությունները և հնարավորությունները չպետք է ճնշվեն, հալածվեն և վերջում մեռնեն պեսիմիստական պատկերացումներիդ և դրանցից բխող անօգուտ արարքներիդ պատճառով։

Jarre
08.08.2011, 04:19
Տաղանդ է....
Բացառիկ մարդ է....
Հիացած եմ նրանով....

Բայց իրականում բոլոր մարդիկ ծնված օրերից «համալրված են» ստանդարտ «սարքավորումով»՝ ուղեղով։ Տաղանդները, բացառիկ մարդիկ և հիացմունքի արժան այլ մարդիկ պարզապես կարողացել են ինչ որ ոլորտում մյուսներից ավելի արդյունավետ գործածել իրենց ուղեղը։

Սակայն, եթե ես փայլում եմ մի կոնկրետ բնագավառում դա դեռ չի նշանակում, որ մնացած հարցերում ևս փայլում եմ։ Ընդհակառակը՝ գուցե հենց միայն այդ հարցում եմ փայլում, իսկ մյուսներում հենց քեզանից սովորելու լիքը բան ունեմ։

Յուրաքանչյուր մարդ էլ յուրաքանչյուր այլ մարդուց սովորելու բան ունի։ Նույնիսկ եթե այդ մարդը իր անտիպատիան է։ Յուրաքանչյուր մարդ էլ ինչ որ բնագավառում բացառիկ է։

Երբ Հայաստանում էի զարմանում էի իմ քննիչ ընկերուհիներից մեկի վրա, ով հաճախ էր պատմում, թե ինչ հետաքրքիր բան է սովորել ինչ որ հանցագործի գործը քննելով և նրա հետ զրուցելով։

Եթե սա կիրառենք Ակումբային կյանքում, ապա կարող ենք ասել որ եթե մի քիչ ուշադիր և ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ապա մենք սովորելու բան ունենք անգամ այն ակումբցուց ում գրառումները երեխայական են ու ծիծաղելի, կամ նրանից ում գրառումները ագրեսիվ են ու հակակրանք են առաջացնում մեզ մոտ, կամ այն ակումբցիներից որոնց հետ մեր առուները մի հունով չեն հոսում։

Ու երբեմն այս հարցի մասին մտածելը ինչ որ չափով կարգավորում և օբեկտիվ է սարքում մեր ակումբային «տեսողությունը» և օգնում է թեթև տանել ակումբային կյանքի կոլորիտային բզիկները։

Jarre
26.12.2011, 03:35
«Իրականությունը», դա աշխարհի թարգմանությունն է մեր հինգ զգայարանների միջոցով։ Իսկ թարգմանությունները միշտ իրարիրց տարբերվում են։ Ամեն մեկն ունի իր ոճը, իր թարգմանելու տեխնիկան և այլն։

Այս միտքը հասկանալը կարող է օգնել, որ շատ սուբյեկտիվ հարցեր քննարկելիս մարդ մնա մաքսիմալ օբեկտիվ։ Նաև կարող է օգնել հասկանալու դիմացինին։

Ֆորումում հաճախ եմ հանդիպում իրավիճակների, երբ յուզերները պատրաստ են վիրտուալորեն իրար կոկորդ կրծել (և կրծում են) զուտ այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը ուզում է ապացուցել, որ իր «թարգմանությունը» լավագույնն է և ճշմարտագույնը։ Դրանից այն կողմ ուրիշ «թարգմանություն» չի կարա լինի։ Եթե կա, ուրեմն պիտի թարգմանությունը ոչնչացվի, իսկ հեղինակին էլ կյանքից քընթրոլ+ալթ+դիլիթ անել։

Տենց թարգմանիչներ թե այստեղ և թե ոչ այստեղ, շատ-շատ կան։ Երևի իրանց իդալ թարգմանինչերը ու կուռքերը (որովհետև նման մարդիկ սովորաբար ունեն կուռքեր, եթե նույնիսկ իրենց մարմնի որոշ մասերը ճղելով պնդում են, որ չունեն) էսօրվա մեր քաղաքական գործիչներից ոմանք են, որոնք Հայաստանում այսօր ստեղծել են իմ գնահատմամբ հետ տալու ցանկություն առաջացնող անհանդուրժողական և ուղեղ-տրամաբանություն-բանականություն համակարգը քիմիական նյութերով լվացող ու «վնասազերծող» համակարգ, կամ էլ անցյալում ապրած Հիտլերի պես թարգմանինչերը, որոնք նույնպես շատ էին սիրում «մաքրությունը» ու բավական ակտիվ իրանց արևին մաքրում էին իմ ու քո աշխարհը։ Հա-հա, իրանք իրանց իրավունք էին վերագրել ոչ թե իրանց աշխարհը մաքրեին, այլ իմ ու քո։ Թուրքերն էլ դրա տիպի մի բան արեցին մեր հետ։ Ու նույն սկզբունքով աշխատող թարգմանինչներ այսօր էլ կան։

Ամենամեծ սարսափը էն կլինի, որ Ակումբում ու ոչ Ակումբում մնան միայն էտ տիպի թարգմանիչները :think

Որքան ավելի այլ կլիներ Ակումբի պատկերը և կյանքի մթնոլորտը, եթե «թարգմանիչները» հասկանային, որ իրանց «իրականությունը» ու «ճշմարտությունը» պարզապես թարգմանություն է ոչ ավելին։ Օրիգինալ տեքստի յոթ միլիարդ թարգմանված տարբերակներից ընդամենը մեկը։ Եթե պատրաստ լինեին պարզապես քննարկելու իրենց թարգմանությունը։ Լսելու թարգմանության դրական և բացասական կողմերը, և պատրաստ լինելու մտցնել փոփոխություններ՝ հետագա թարգմանություններն ավելի որակյալ և լավը դարձնելու համար։ Իսկ եթե պատրաստ լինեին իրարից օգնություն հարցնել, թե ինչպես է մյուսի մոտ լավ ստացվում բարդ մտքերը հասկանալի և պարզ թարգմանելը, կամ տեխնիկական լեզուն բնական թարգմանելը, վապշե ուրիշ կյանք կլիներ։

Իհարկե այդպիսի մարդիկ կան ու իրանք գնալով բարելավվում ու որակավորվում են՝ թե իրանց տեսանկյունից ու թե իմ :) Իսկ ով դրա կարիքը չի տեսնում, կարծում եմ, որ իրեն պետք էլ չի համոզել, որ ինքը դրա կարիքն ունի։

Ուրախ եմ, որ Ակումբում և Ակումբից դուրս ունեմ կոլեգաներ որոնց հետ հաճախ փոխանակվում ենք փորձով :) Շնորհակալ եմ ձեզանից։ Ափսոս ոմանք լքել են այս վիրտուալ տարածքը, ոմանք էլ երբեմնի ամենաակտիվ վիճակից անցել են բարի ու ժպտերես դիտորդի դերում, ով հեռվից դիտում է Ակումբին այնպես, ինչպես մայրն է դիտում իր մեծացած և փոխված երեխային, որն այլևս չունի ծնողական հոգատարության և խնամքի կարիքն այնպես, ինչպես դա մանկության տարիներին էր....

Կարոտել եմ իրենց։ Կարոտել եմ նաև ՁԵՐ ու մի քիչ էլ ԻՄ Ակումբին.... :oy

Jarre
15.01.2012, 20:21
ԿՅԱՆՔԻ ՏՈՌՄՈՒԶԸ

Ինչքան տարբեր կարա լինի մարդու կյանքը էս սկզբունքներից որևէ մեկով ապրելու պարագայում։

ՏԱՐԲԵՐԱԿ Ա։ «Եթե չես հասնում նպատակիդ, նույն բանն արա այնքան, կրկնիր այնքան մինչև ստացվի ու հասնես նպատակիդ»։

ՏԱՐԲԵՐԱԿ Բ։ «Եթե դու միշտ անում ես այն ինչ միշտ անում ես, ապա դու ստանում ես այն, ինչ ստանում ես միշտ։ Եթե այն ինչ որ դու անում ես չի ստացվում, չի աշխատում, ապա փորձիր այլ տարբերակներ։ Եթե այդ քայլը առաջին փորձից քեզ չօգնեց հասնել նպատակիդ, փորձիր մեկ այլ ձևով հասնել այդ նպատակիդ»։

Jarre
09.06.2013, 02:41
Աշխարհում կան ոչ միայն ՉԹՕ-ներ (չբացահայտված թռչող օբեկտներ),
այլև ՉՉԹՕ-ներ (չբացահայտված չթռչող օբեկտներ)։



«Հավատացյալի» և «Աթեիստի» աշխարհներում

Արա՛, դու վապշե ինքդ ջոգում ե՞ս, թե կյանքից ինչ ես ուզում։
Ի՞նչ ես համ մեխին խփում համ նալին։
Բայց դու ի՜նչ փոփոխական մարդ ես։

Բարև ձեզ, ինձ կարաք անվանեք Արթուր, Ժառ, բոյով, հավատացյալ, աթեիստ...։ Մի խոսքով ինչ մտքերովդ կանցնի :P

Ես ինձ շատ սիրում եմ :love Ես ինձ համարում եմ պրոգրեսիվ ու չկաղապարված մարդ։ Նաև որոշ առումներով ինձ համարում եմ արդարամիտ, քանի որ պատրաստ եմ լսել իմ կարծիքին հակառակ կարծիք։ Բայց լսելը հեչ։ Լսել կարան բոլոր թռչող, սողացող, քայլող, լողող էակները ովքեր ունեն աշխատող լսողական օրգաններ։ Ես պատրաստ եմ մտածել հակառակ կարծիքի մասին։ Ու հասկանամ, որ ինչքան ես եմ համոզված իմ կարծիքի մեջ, էտքան էլ, կամ դրանից մի հարյուր անգամ ավել համոզված ա դիմացինս։ Ու ինձ հետաքրքիր ա, իսկ խի՞ ա ինքը տենց համոզված։ Ի՞նչ հիմքեր ունի։ Ու էտ «խի»-ն էնքան բան ա բացահայտում։

Վերջերս իմ ամենասիրելի բառերից մեկը «գուցե» բառն է։ Այս բառը ես բարձրաձայն օգտագործում եմ շատ ավելի քիչ, քան մտածում եմ դրա մասին։ Մտածում եմ այդ բառի ու իրա իմաստի շուրջ։

Օրինակ տեսնում եմ օրորվող քայլող մարդու ու իրա վրա «հարբած» պիտակը կպցնելուց առաջ մտածում եմ, որ ինքը ԳՈՒՑԵ հարբած ա, ԳՈՒՑԵ դերասան ա, որ պիտի օրորվելով քայլի, ԳՈՒՑԵ կաթված ստացած մարդ ա, որ օրորվելով հազիվ քայլում ա, ԳՈՒՑԵ ֆիզիկական արատ ունեցող մարդ ա.... Իսկ եթե էտ ԳՈՒՑԵ-ն չլիներ, իմ համար էտ մարդը միանգամից կլիներ «հարբած» մարդ։ Դրա համար էլ սիրում եմ ԳՈՒՑԵ-ն։ Էտ մի բառի շնորհիվ շատ նոր բաներ եմ հասկացել։

Եթե զարմանում եք իմ ակումբային որոշ գրառումների հակասական լինելու վրա, եթե զարմանում եք, որ ժամանակին ձգտում էի պաշտպանել կրոնը, հավատքը, իսկ հիմա ձգտում եմ ցույց տալ կրոնի ու «հավատ»-ի վնասները, ապա իմացեք, որ ես ինձ համարում եմ ժամանակի ու տարածության մեջ գտնվող էակ։ Ժամանակը պրոգրեսիվ ա։ Կան հիմքեր մտածելու, որ այն միշտ առաջ ա գնում։ Ես էլ փորձել եմ գնալ առաջ։

Ես հիմա մանրից իմ մտքերս եմ գրում իմ անձնական օրագրում։ Գուցե հետո մի բան ստացվի։ Հույս ունեմ, որ կարա օգնի ոմանց, ովքեր իմ պես «փնտրել են» ես իմ ինչ ու հասկացել, որ կրոնը մեղմ ասած ավելի շփոթում ու խառնում ա։

Ուղղակի հարգելով Ակումբը ու առաջին հերթինք ձեզ՝ ակուբցիներին, որոշեցի գրել սրա մասին, որ գոնե որոշ չափով իմ վարքագիծը հասկանալի լինի։

Jarre
07.07.2013, 00:54
Գուցե ոմանց համար սա ինֆանտիլ ու նաֆթալինի հոտով սովետական գրառում համարվի, բայց մեկ ա պիտի գրեմ։

Քաղաքական գորընթացների մասին իմ գիտելիքները ես չեմ համարում բավարար ուրիշներին կարծիքս հայտնելու համար։ Գրածս ընդամենը վերաբերում է հասարակ տրամաբանությանը, որը կարծես թե պետք է հատուկ լինի «մարդ» կոչվող արարծներին։

Վերջերս հայկական մամուլում հաճախ եմ հանդիպում հոդվածներ, մեկնաբանություններ, կարծիքներ կապված Ռուսաստանի Ադրբեջանին «Սմերչ» վաճառելու հետ կապված։ Որոշ մեկնաբանություններում և հոդվածներում նշվում է «ռուսը միշտ էտ տենց ա եղել» միտքը։ Կամ՝ «ռուսներից ուրիշ բան սպասել պետք էլ չի»։

Բայց այստեղ շատ կարևոր է դնել հստակ տարբերություն ռուսամետ քաղաքականության և ռուսի միջև։ Դրանք շատ տարբեր հասկացություններ են, որոնք նման թեմաների քննարկումների ժամանակ նույնացվում են։

Երբ մարդը բոլոր ռուսներին նույնացնում ա «ռուս» հասկացության հետ, ապա ես ակնկալում եմ, որ նա առնվազն պետք է ծանոթ լինի բոլոր 170 միլիոն ռուսներին։ Ապա հետք է այդ բոլոր 170 միլիոնի մեջ բացահայտած լինի Հայաստանի վերաբերյալ նրանց նույնանման վերաբերմունքը։ Ու եթե մարդ իրա վրա համարձակություն ա վերցնում հանրությանը բոլոր ռուսների մասին նման տեսակետ արտահայտելու (բայց ուշադրություն դարձրեք, որ իրա համար դա տասեկետ չի, այլ խորը համոզմունք ա), ապա նա պետք ա ունենա բավարար ապացույցներ իր պնդումը ապացուցելու համար։

Կամ վերջերս կարդում էի մի ուրիշ հոդված, որ Ամստերդամի շենքերից մեկում գտել են վեց ամիս մահացած մարդու դիակ։ Այքդան ժամանակ ոչ բարեկամները ոչ էլ հարևանները չեն իմացել այդ մարդու մահվան մասին։ Այդ դեպքի վերաբերյալ նույնպես կարդացի մեկնաբանություններ, թե «եվրոպացիք, էտ են էլի»։ Բայց նման մեկնաբանություններ գրողները ծանո՞թ են բոլոր եվրոպացիներին։ Բոլորի մեջ նկատել են նման վերաբերմունք։ Հնարավոր է, որ նման գրառումներ անողներից շատերը անգամ չեն էլ զրուցել գոնե մեկ եվրոպացու հետ։ Բայց համոզմունք արդեն ունեն։ Ու պրի տոմ բոլոր եվրոպացիների վերաբերյալ։ Ինձ ընենց հետաքրքիր ա, սենց ապրելը ավելի հեշտ ա՞։ Նման կերպ ինքնախաբեությունը տենց կայիֆ բան ա՞, որ մարդիկ ձգտում են դրան ու իրենց ամբողջ կյանքում ապրում հենց էտպես։

Ուզում եմ մեջբերել անցած դարի գիտնական-փիլիսոփա-հոգեբան Ալբերտ Կորժիբսկիի մեկնբաբանություններից մեկը։
«Ես տեսնում եմ հստակ տարբերություն գիտական աշխատանքի և քաղաքական գործունեության արդունքների միջև։ Երբ ինժեները կառուցում է կամուրջ, սովորաբար այդ կամուրջը ծառայում է իր նպատակին և գործում է այնպես ինչպես նախատեսել էր գծագրողը։ Բայց երբ կառավարությունն է «կառուցում» իր հերթական պրոեկտը, սովորաբար արդյունքում մենք տեսնում ենք ծրագրերի ձախողում և դրանից ծնված մարդկային տառապանք»։

Կորժիբսկին պատճառը տեսնում էր լեզվամտածողության մեջ։ Գիտնականը մտածում, խոսում և գործում է գիտական սկզբունքների համաձայն։ Հավաքում է փաստեր, կատարում է հետազոտություններ, ներկայացնում է հետազոտությունների արդյունքները քննադատությանը դիմացող ապացույցներով ամրապնդված։

Իսկ ոմանք ուղղակի առավոտը աչքերը բացում են, համակարգիչը միացնում են ու մի ամբողջ ազգի, կրոնի հետևորդների, իր ապրելակերպից տարբերվող մարդկանց խմբի պիտակավորում ա որոշակի կերպով։ Իսկ երբ փորձում ես ճշտել, թե ինչի հիման վրայա նման եզրակացություն անում բոլոր ռուսների, ադրբեջանցիների, թուրքերի, եվրոպացիների, եհովայի վկաների, միասեռականների մասին, հաճախ պատասխանը լինում ա ոչինչ չպարունակող էմոցիոնալ պոռթկում։ Ու էտ ամեն ինչը «հաստատվում» ու «ամրապնդվում ա» լայքերով ու շնորհակալություններով։ Որովհետև շուրջբոլորը նման բորենիներ են։

Իսկ իմ համար նման մարդիկ հասարակ մտածելու ու տրամաբանելու ունակությունից զուրկ էակներ են։

Հետո էլ նեղանում են, որ Հիսուս անունով հրեան մարդկանց ոչխար էր անվանում։ Էտ առումով իրա հետ լիովին համաձայն եմ։ Ոմանց հետ շփվելուց շատ կարևոր ա շփվել էն կտրվածքով, որ դիմացինդ ոչխար ա։ Նման դեպքում կարելի ա գտնել ճիշտ բառեր, արտահայտություններ, որոնք հասանելի կլինեն նման տրամաբանության կրողների համար։

Որ ինչ որ բան գրում եք, գրեք, էլի որ էտ ձեր կարծիքն ա։ Որ էտ հերթական համաշխարհային ճշմարտությունը չի։ Գրեք, իմ հանդիպաց հարյուր եվրոպացուց ինսունինը երբ փողոցում ընկած մարդ ա տեսնում սկի մի հատ չի մոտենում հետաքրքրվի ինչ ա եղել։ Այ էտ ժամանակ կհասկանամ, որ դու ընդամենը հարյուրի հետ ես շփվել ու տեսել ես, որ ինսունինը տենց են։ Ես էլ կնշեմ, որ ես ընդամենը մի հիսուն հոգու հետ եմ շփվել, բայց դրանցից քառասունը շատ ուշադիր ու ուրիշներին օգնող մարդիկ են եղել։

Ես կարծում եմ որ երեխային (էլ չեմ խոսում «մեծ» կոչվող մարդկանց մասին) պետք ա փոքրուց սովորացնել, որ լուրջ հայտարարություն կամ միտք արտահայտելուց առաջ, ինքը առնվազն պիտի հավաքած լինի որոշակի տեղեկություններ, կատարած լինի որոշակի փորձեր, հետազոտություններ ու հետո նոր հայտնի տվյալ ոլորտի մասին իրա հասկացածի արդյունքը։

Jarre
27.08.2013, 05:03
Ի՞նչ է պատահել

Առաջին դիտորդը ուրախ է, որ օրենքի ներկայացուցիչ ոստիկանը կատարում է իր գործը և պատժում հանցագործին հենց հանցանքի վայրում ՝ վնասազերծելով նրան։
«Մեզ պետք են նման ճարպիկ և ակտիվ ոստիկաններ», մտածում է նա։

Երկրորդ դիտորդը ատելությամբ է նայում նույն սպիտակամորթ ռասիստ ոստիկանին, որը հարձակվել և մահակով ծեծում է սևամորթ մարդուն։
«Սրա պես ռասիտսները իրավունք չունեն գոյություն ունենալու, էլ չեմ խոսում իրավապահ մարմիններում աշխատելու մասին», մտածում է նա։

Երրորդ դիտորդը զարհուրանքով է նայում այս ամբողջ տեսարանին, քանի որ մի քանի վայրկյան առաջ ականատես եղավ, թե սևամորթը ինչպես հանեց ատրճանակը և պահեց ոստիկանի ճակատին։
«Ի՜նչ լավ է, որ ոստիկանը սրան զինաթափեց», մտածում է նա։

Չորրորդ դիտորդը, որը աղմուկը լսելով շրջվեց և փորձեց հասկանալ, թե ինչ է պատահել նույնպես վախով հետևում է իրարանցմանը և հիշում, թե ինչպես լսեց գոռացող ոստիկանի ձայնը, որը պահանջում էր, որ այդ սևամորթը աչք չգցի իր կնոջ վրա։
«Ի՜նչ նագլի մարդ է այս սևամորթը, ինչպե՞ս է հասարակական վայրում նման վուլգար պահվածք թույլ տալիս, իրեն տեղն է։ Թող մի հատ ծեծ ուտի, որ մյուս անգամ իմանա, թե ոնց իրան պետք է պահի։ Էս սևերը վապշե են նագլիացել», մտածում է նա։

Հինգերորդ դիտորդը հազիվ է կարողանում զսպել արցունքները։ Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է դրսևորել այս չափի ապերախտություն։
«Ախր էս խեղճ սևամորթը տեսնելով կնոջ ծանր բեռը ընդամենը առաջարկեց օգնել նրան։ Ինչո՞ւ ոստիկան ամուսինը այպդես կատաղեց ու կռիվ հրահրեց», մտածում է նա։

Jarre
19.11.2018, 00:23
Նկատել ե՞ք, որ հայկական նորություններում կան հոդվածներ, որոնց հիմնական նպատակը միայն մեկն է. հայտնել ընթերցողին որ ինչ որ երևույթ դժվար է հասկանալ :D
Օրինակ. «ըստ լուրերի այսինչ պատգամավորի թեկնածուի մայրը նրան հղացել է առանց տղամարդու միջամտության, հետո ութ տարեկանում նա վայր է ընկել, կործանվող ինքնաթիռից, ընկել ու ջարդ ու փշուր է եղել, բայց այդքանից հետո կենդանի է մնացել։ Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել գիշերային ստրիպտիզ ակումբում որպես մենեջեր»։ Ու վերջում ամենակարևոր եզրափակումը. «Ինչո՞ւ է նա ուզում փոխել գիշերային ակումբի մենեջերի աշխատանքը պատգամաորի աշխատանք հետ։ Դժվար է ասել»։

Ես իրանց տեղը լինեի կգրեի սենց.
«Հարգելի ընթերցողներ, ես շատ հարգում եմ ձեր ինտելեկտը և այդ պատճառով չեմ փորձի նվաստացնել ձեր բանականությունը։ Անկեղծ ասած ինձ փող են տվել, որ ես վատաբան եմ պատգամավորի թեկնածուին։ Ես չգիտեմ, ով է նա, ինչ ընտանիքից է ու ընդհանրապես ով է ինքը իր կյանքում։ Բայց ես պիտի գրեմ, որ ինքը շատ վատ մարդ է, սերված շատ վատ ընատնիքից ու ահնաջող գյադայ ա։ Խնդրում եմ լայքեք իմ հոդվածը, որ ստանամ փողերս։ Կանխավ շնորհակալ եմ, ու հայտնում եմ իմ ափսոսանքը, որ ստիպված եք կարդալ իմ նման անորակ ու ծախված մարդկան հոդվածները։ Ընտանքս պիտի՞ մի ձև պահեմ»։

Ու կա մի երևույթ, որը արդեն ավելի շատ երևում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի ԶԼՄ-ներում։ Սրա մասին մեկ ուրիշ անգամ։ Էս կապակցությամբ միայն ուզում եմ ասել, որ վերջին քսան տարում իրանք մեր կյանքը շատ են փոխել։ Նկատել ե՞ք, որ մենք արդեն ապրում ենք շատ ավելի լավ աշխարհում, քան քսան տարի առաջ։ Հիմա մեր իրականության մեջ համարյա թե չեն մնացել հաշմանդամներ, հոգեկան հիվանդներ, անկիրթ մարդիկ և լիքը այլ մտահոգող երևույթներ, որոնք երեսուն տարի առաջ մեր կյանքերի և իրականության մի մասն էին։ Այսօր հաշմանդամները վերացել են և նրանց են փոխարինել սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Տեսեք ինչ մեծ պրոբլեմ ենք լուծել։ Այլևս չկան հաշմանդամներ։ Կան սահմանափակ կարողություններով մարդիկ։ Խնդրում եմ հայտնեք այդպիսի մարդիկանց և նրանց ընտանիքներին, որ արդեն ամեն ինչ փոխվել է, և նրանք այլևս հաշմանդամ չեն, այլ ուղղակի սահմանափակ կարողություններով մարդիկ։ Շատ կուրախանան։ Հոգեկան հիվանդներին և նրանց հարազատներին հայտնեք, որ նրանք այսուհետև մտային սահմանափակումներ ունեցողներ են, բայց ոչ երբեք հոգեկան հիվանդ։ Արդյո՞ք էս բառերի փոփոխությունը փոխում է նրանց վիճակը։ :think

Jarre
19.11.2018, 23:40
Տուրիզմում աշխատելը հեշտ չէ։ Լինում են դեպքեր, երբ աշխատանքի վայրում սովորական դարձած արտահայտությունները լսում եմ լրիվ այլ կերպ՝ վուլգար աղավաղված։

Օրինակ.
По паспортам - попа спортам
Со скидкой - соски дкой
С экспедии - секс педии
С экскурсии - секс курсии

Իսկ ինստագրամի сказочноебали հեշթեգը, որը արտահայտում է Բալիյով հիացած տուրիստների արձագանքը, շատերն են այլ կերպ ընկալում .....

Jarre
23.11.2018, 22:14
Հիշելով Կարլին պապիկին....

Սիրելի Թրեվըր,

Շատ ուրախ եմ կրկին քեզ գրել։ Ես կորցրել եմ քո հասցեն և չգիտեմ ինչպես կապնվել քեզ հետ։ Եթե այդ պատճառով հանկարծ չստանաս այս նամակը, ապա կարող ես չպատասխանել։ Իսկ եթե հանկարծ ստանաս և որոշես պատասխանել, ապա անպայման գրիր հասցեդ, որ ես կարողանամ գրել այն ծրարի վրա։ Ի դեպ, այս ծրարի հետադարձ հասցեն կարող ես անգամ չկարդալ, քանի որ երկու օրից տեղափոխվելու եմ նոր տուն և դեռ չգիտեմ էնտեղի կոնկրետ հասցեն։ Հենց ստանամ քո պատասխանը քեզ կուղարկեմ իմ նոր հասցեն։

Եթե հանկարծ չկարողանաս ինձ պատասխանել, ապա մի անհանգստացիր։ Հիմա պատրաստվում եմ գնել նոր սիմ քարտ ու հենց գնեմ միանգամից կկապնվեմ քեզ հետ։ Խնդրում եմ զանգիր ինձ, որ ես ունենամ քո համարը ու կարողանամ կապնվել հետդ հեռախոսով։ Եթե չկարողանաս զանգել, ապա տեղեկացրու ինձ այդ մասին ու ես ինքս քեզ կզանգեմ։

Դե ինչ, արդեն մութն ընկնում է և ինչպես ասում են մեզ մոտ Պորտուգալիայում «հրաժեշտի ժամն է արդեն»։ Հուսով եմ, որ այս նամակը դու կստանաս ավելի շուտ, քան ես քո պատասխան նամակը։

Ջերմ ողջույններ,

ՀԳ.՝ եթե հանկարծ նամակս ճանապարհին կորի, կարող ես չպատասխանել, չեմ նեղանա։

Jarre
26.11.2018, 19:16
Ժամանակավոր պաշտոնակատարների մասին....

Քաղաքական լեզուն շատ հազվադեպ ՝ հազատ տարին մեկ է, իրականությունը բնութագրում ճիշտ ու հստակ լեզվով։

Շատ հետաքրքիր է «ժամանակավոր պաշտոնակատար» արտահայտությունը։ Շատ եմ սիրում այս ձևակերպումը, քանի որ մենք բոլորս էլ ժամանակավոր ենք մեր պաշտոններում, դիրքերում ու ընդհանրապես էս կյանքում ենք ժամանակավոր։

Կարծում եմ, որ ժամանակավոր բառը պետք է ավելի լայնորեն օգտագործել։ Պահանջում եմ, որպեսզի ցանկացած երևույթի մասին խոսելիս օգտագործենք «ժամանակավոր» բառը։ Օրինակ.

«Ես այսօր կնոջս ժամանակավոր պաշտոնակատար Աննայի հետ գնացե էլ էի օպերա։ Լսում էինք գլխավոր տենորի հաստիքը ժամանակավորապես զբաղեցող Արամայիսի կատարումը։ Սրահը լեփ լեցուն էր էս կյանքում ժամանակավոր գոյություն ունեցող էակներով։ Համերգին մեզ հրավիրել էր իմ ժամանակավոր ընկեր Գևորգը և ժամանակվոր տիկնոջ Էլինայի հետ։ Ժամանակավորապես վայելեցինք այդ հրաշք երեկոն։ Համերգից հետո հիշեցինք ժամանակին մեծն ժամանակավոր տենոր Լուչիանոյին, որը ոչ ժամանակավորապես լքեց մեզ 2007 թվականին»։

Պատկերացրեք թե ինչ թեթևություն կապրեն հիվանդները, երբ հիվանդ ստատուսից անցնեն ժամանակաովր հիվանդ ստատուսին։ Ցանկացած հանգուցալուծման դեպքում ժամանակավոր հիվանդ արտահայտությունը ճիշտ է։ Ինձ մի անգամ սխալմամբ դիագնոզել էին քաղցկեղ, ու ես շատ ուրախ էի, երբ բժիշկս կիսակատակ ասաց, որ շատ չանհանգստանամ, քանի որ դա ցանկացած դեպքում ժամանակավոր բնույթ է կրում։

Այնպես որ աշխատեք ավելի հաճախ գործածել ժամանակավոր բառը, քանի որ ամեն ինչ ժամանակավոր է։

Jarre
27.11.2018, 20:02
«Պաշտպանվել» բառը թե՛ օրենքով և թե՛ մարդկայինով շատ դրական բառ է։ Օրինակ երբ մեկին ծեծում սատկացնում ես, ու ասում ես ես ընդամենը պաշտպանվում էի, օրենքը քո կողմն է։

Համաձայնվեք, որ «ես ընդամենը պաշտպանվում էի» և «ես ընդամենը հարձակվում էի» պնդումները անկախ կատարված արարքներից ունեն լրիվ այլ ընկալում։

Եթե «ես ընդամենը հարձակվում էի» ասողը շատ ավելի քիչ վնաս տա «ես ընդամենը պաշտպանվում էի» ասողից, հարյուր տոկոսանոց սխալ դուրս է գալու «ես ընդամենը հարձակվում էի» ասողը։ Էլի եմ կրկնում ՝ հասցրած վնասի չափը չէ կարևորը, այլ պնդումը թե դու ինչ էիր անում։ Եթե պրիզնատ գաս, որ հարձակվում էիր, անկախ քո հարձակման դրսևորման դու ապրիորի սխալ ես, անգամ եթե հարձակման տակ նկատի ունեիր զոհիդ երեխային փափուկ խաղալիք նվիրելը։

Մի առաջարկ ունեմ ու վստահ եմ, որ դրա համար ինձ երևէ կտան Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Կա մի կարևոր բան, որը չի հասկանում աշխարհի և ոչ մի ղեկավար։ Աշխարհի բոլոր երկրները ունեն պաշտպանության նախարարություններ։ Իսկ ո՞ւր է հարևան երկրների հարձակման նախարարությունը։ Ո՞ր երկրի հարձակման նախարարության գործողություններից է պաշտպանում Պաշտպանության նախարարությունը։

Օրինակ Ռուսաստանը և Ուկրաինան ունեն պաշտպանության նախարարություններ։ Ու իրենցից ոչ մեկը չունի հարձակման նախարարություն։ Իրականում թե՛ Ռուսաստանը և թե՛ Ուկրաինան խաղաղություն են ուզում։ Իրենք ընդամենը պաշտպանվում են։ Ես ունեմ լուրջ կասկածներ, որ այս երկրների նախագահները կարծում են, որ մյուս երկրում կա հարձակմբան նախարարություն, որի գործողություններից հարկավոր է պաշտպանվել։

Իսկ եթե իրենք գիտակցեն, որ հակառակ կողմի քայլերը ոչ այլ ինչ են, քան ընդամենը պաշտպանություն, ապա կոնֆլիկտը կհաղթահարվի։

Հասկանում ե՞ք։ Էս կոնֆլիկտը և աշխարհի մնացած բոլոր քաղաքական, էթնիկական կոնֆլիկտները ընդամենը հասարակ թյուրամացություններ են։ Հարկավոր է բոլորին զգուշացնել, որ հարևան երկրները նույնպես «ընդամենը պաշտպանվում են»։

ԱՄՆ-ի գործողությունները ընդամենը պաշտպանություն են։ Ռուսաստանի գործողությունները պաշտպանություն են։ Եվրոպայի գործողությունները պատշպանություն են։ Չէ՞ որ նրանց զորքերը անգամ կոչվում են «խաղաղարար զորքեր»։ Այնպես որ մենք ապրում ենք պուպուշ երկրների իշխանության տակ, որոնք ընդամենը պաշտպանվում են և ձգտում են խաղաղության։

Վստահ եմ, որ սա գիտակցելուց հետո դուք այլ կերպ կնայեք այսօրվա մեր աշխարհին և վերջապես խոր շունչ քաշելով, ուրախությամբ կխոստովանեք ինքներդ ձեզ, որ մենք ապրում ենք խաղաղապաշտ աշխարհում։

Jarre
01.12.2018, 06:13
- Սկսենք քեզանիծ Սարա, քանի որ դու դեռ կենդանի ես....

Հետո անցնում ա Լիլանդին.

- Լիլանդ, դու մահացած էիր 25 տարի և ես ուզում եմ քեզ հարցնել, ո՞նց են հիմա գործերդ, ի՞նչ ես զգում, ի՞նչ հիշողություններ ունես կնոջդ ՝ Սարայի և աղջկադ ՝ Լորայի մասին։

Հատված Լինչի հարցազրույցից։

Jarre
05.12.2018, 03:06
Ստոլբի վրա գրված է. «Ես Ծուռ եմ»։ Անկեղծ խոստովանություն է։ Հետաքրքիր է, երբ Սասնա Ծուռը ծուռ է նստում դուզն է՞ խոսում։ Այսինքն ուզում եմ հասկանալ ծուռ լինելը անհրաժե՞շտ պահանջ է ճիշտ խոսելու։ Եվ ընդհանրապես, իչո՞ւ պիտի հայը դուզը խոսելու համար ծուռ նստի։ Երկու նորմալ բան հնարավոր չէ՞ էս ազգի մոտ։

Մոտս մի քանի միտք առաջացավ քաղաքական իրավիճակի մասին։ Ուզում եմ ներկայացնել կառավարությանը։

«Իմ Քայլը» շատ անտոլերանտ անուն է։ Դա անմիջականորեն ոտնահարում է մեր հաշմանդամ քույրերի և եղբայրների իրավունքները, ովքեր չեն կարող քայլ անել։ Գուցե ավելի ճիշտ կլիներ անվանվել «Իմ Շարժո՞ւմը»։ Անգամ մեծն հաշմանդամ կամ Մեծն Սահմանափակ Կարողություններ Ունեցող Հոքինգն էր ի վիճակի շարժում կատարելու։ Սա ավելի պրակտիկ և ճիշտ անվանում է իմ կարծիքով։ Եթե այս կուսակցությունը, շարժումը, դաշինքը ստեղծեր Սասնա Ծռեր ստեղծողը, ապա նա հավանաբար կօգտագործեր շարժում բառի հոմանիշներից մեկը. ժաժ բառը։ Թումանյանի մոտ ծառերն էին ժաժ գալիս։ Մենք էլ կարող ենք ժաժ գալ։ Կարելի էր անվանվել «Իմ ժաժը»։ Ու նույն լոգիկայով Հայոց Համազգային Շարժման փոխարեն ՝ Հայոց Համազգային Ժաժ։ Ու այդպես շարունակ։ Շատ ավելի պրակտիկ է։

Նաև մի միտք կա հեռուստատեսության համար։ Քանի որ եթերը ողողված է անորակ, ցածրաճաշակ ու անիմաստ սերիալներով, առաջարկում եմ ստեղծել հայակական առաջին ռեալիթի շոուն, որը կլինի ահավոր էքշն, հետաքրքիր, կապահովի լարված մթլոլորտ, դա կդիտեն ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև մինիմում առաջվա բոլոր ԽՍՀՄ երկրները ու դա կլինին առաջին մեր հեռուստատեսային արտադրանքը, որը մեզանից կընդօրինակեն մեր հարևան պետությունները։ Բացի այս ամենից այն կլինի ահավոր ուսանելի բոլորի համար, կդրդի դոտողներին ինքնաքննության, և այլն, և այլն։

Շոուի հավանական անվանումներն են «Մարդակերները քաղաքականությունում», «Բարի՛ ախորժակ», կամ սրա պես մի բան։ Ինքներդ մտածեք։ Ու կարդալուց էլ ավելի լավ կլինի պատկերացնել էս ամենը ձեր նախընտրած երաժշտությամբ ու ֆորմատով։ Խոստանում եմ հետաքրքիր կլինի։

Ուրեմն իմաստը հետևյալն է։ Գտնում ենք երկու անմարդաբնակ կղզի, որոնք գտնվում են իրար շատ մոտիկ։ Ինչպես Լոսթ սերիալում։ Մեկի վրա գցում ենք երեք հոգու ՝ Լևոնին, Ռոբերտին ու Սերժին։ Սա մեր շոուի առաջին խումբն է։ Իսկ մյուս կղզու վրա գցում ենք գեներալներ Մանվելին և Հայկազին ու մեկ էլ Ծառուկյան Գագիկին։ Սա էլ մեր երկորդ խումբն է։ Ես կասեի ամենակարևոր խումբը։

Ուրեմն երկու կղզիների վրա չպիտի լինի ուտելիք, էլեկտրականություն, հարմարություններ։ ՈՉԻՆՉ չպիտի լինի բացի վայրի բնությունից ու ըմպելի ջրից, որը խաղը կազմակերպողները պետք է թողնեն կզղիներում թաքնված վայրերում, որ գտնելը դժվար լինի, բայց ոչ անհնար։ Դե հիշում եք, մենք իննսունականներին հենց տենց էլ ապրում էինք։ Ուրեմն մոտ 7 օրից սկսվում է ամենակարևորը։ Խաղի մասնակիցները մանրից ջոկում են, որ ամեն ինչ շատ լուրջ է, ինչպես և իրենց ստեղծած Հայաստանում ու հասկանում են, որ իրանց ոչ ոք չի պատրաստվում երկնքից հաց գցի, իսկ կենդանիներ կղզում չկան։ Բնությունն էլ վայրի է ու ոչ մի ուտելու բան չկա։ Ու սրանք երկու կղզիներում որս են հայտարարում իրար վրա ու մինչև մոտավորապես 14-րդ օրը երկու կղզում կենդանի մնում են մեկական մանակից։ Բայց մինչ այդ մենք ականես ենք լինում ահավոր հետաքրքիր սյուժեի։ Մի կղզում տեսնում ենք, թե ինչպես է մեր նախկին նախագահներից մեկը սպանում ու ուտում էն երկուսին։ Իսկ մյուս կղզու վրա տեսնում ենք թե ինչպես են օլիգարխ-գներեալներից մեկը հոշուտում մյուսներին։

Եվ այսպես առաջին մասը ավարատվում է և մենք իմանում ենք ֆինալիստների անունները։ Իմ պատկերացմամբ ֆինալիստներն են Լևոնը և Մանվելը։ Թեև չեմ վիճում։ Արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։

Երկրորդ ռաունդի իմաստը այն է, որ Մանվելը խելակորուս Գագիկի և Հայկազի ոսկորներն ա քչփորում որ մի ուտելու բան գտնի ու հանկարծ նկատում ա, որ հողի տակ, որոնց վրա խորովել կերել էր էս երկուսին, ինչ որ երկաթե բան կա թաքցրած։ Արագ-արագ փորում ա ու տեսնում ա, որ դա ինչ որ մետաղյա արկղ է։ Բացում է, իսկ մեջը քարտեզ է, որը ցույց է տալիս երկրորդ կղզու կոորդինատները և նաև կատյերի բանալիներ են տուփի մեջ։ Մանվելը գտնում է նավակը և ուղեվորվում է նոր կղզի կերակուր գտնելու հույսով։ Եվ նա այս անգամ հուսախաբ չի լինում։ Ու այս երկրորդ ռաունդում մենք ականատեսը կլինենք, թե ով ում կուտի Լևոնը Մանվելին, թե՞ հակառակը։

Ու էս ամենը ճիշտ ընտրված երաժշտության և ճիշտ ու գրագետ հաղորդավարի (ես առաջարկում եմ Նիկոլին որպես հաղորդավար իր անփորինելի ներվայնացող գոռոցով ու ինտոնացիայով) մեկնաբանություննների ներքո։ Պատկերացնո՞ւմ եք թե ինչ համընդհանուր ուրախություն կտիրի Հայաստանում, թե ինչպիսի իրարանցում կտիրի Տոտոի և Վիվարոի օֆիսներում։ Ամբոխները առաջին անգամ հաճույք կստանան իրենց կատարած ստավկաներից անկախ խաղի արդյունքներից։ Այ սա կլինի իսկական համազգային զարթոնք, իսկական արդարադատություն, իսկական ճաշակով ռեալիթի շոու։ Առաջին շոուն աշխարհում, որը գոնե մի բան կսովորեցնի մարդկանց։

Իսկ ներկա իշխանությունների համար առաջարկում եմ ստեղծել Թրումանի Շոու ֆիլմի սկզբունքով խաղ։ Երբ նրանց գցում ենք մեծ հեռուստաստուդիա, որտեղ ամեն ինչ պատրաստված է այնպես ինչպես իրական կյանքում, բայց իրականում դա ռեալիթի շոու է և ամեն հնարավոր վայրում թաքնված տեսախցիկներ են։ Բացի մեծ զվարճանքից, մենք նաև վերջապես կկարողանանք հասկանալ թե արդյո՞ք ճշմարիկ միրուքապահներ են նրանք, թե՞ ամեն անգամ նայելով իրանց միրուքին իրանք իրանց քրֆում են իրանց որ ստիպված ինչ որ մեկին անիմաստ կրկնօրինակել։ Ու տենց լիքը հետաքրքիր բաներ կիմանանք իրանց մասին։ Սա արդեն ավելի շատ կլինի Дом շոուի պես մի բան։ Ոչ ավելի, ոչ պակաս։

Դրանից հետո Ակումբի քաղաքականություն բաժինը արդեն պետք կլինի տեղափոխել Հեռուստատեսություն կամ Զվարճալի բաժին։

Ու ընդհանրապես, առաջարկում եմ քաղաքականությունը վերացնել ու այնպես անենք, որ ամենակարևոր անհատը ոչ թե երկրի նախագահը լինի, այլ ԶԼՄ-ները ներկայացնող մեկ մարդ։ Ու քաղաքական բոլոր գործիչները պետք է ենթարկվել ԶԼՄ-ների ստեղծած օրենքներին։ Շատ հետաքրքիր աշխարհ կլինի։

Jarre
15.12.2018, 01:54
Ես ծնվեցի ու ինձ անվանեցին «համով ու պուպուշ երեխա»

Երբ երեք տարեկան էի ինձ անվանեցին «խուճուճ թմբլիկ»

Վեց տարեկանում անվանեցին «լացկան» ինսուն ասեղ էն անասնուն դեղի սրսկումներիցս մինչև հիմա վախենալուս պատճառով

Յոթ տարեկանում դպրոցում ինձ անվանեցին «ջայլամ»

Հետո նույն տարիքում ծնվեց զարմիկս ու ինձ անվանեցին «քեռի»

Մի շաբաթ հետո սկսեցին անվանել «ջայլամ քեռի»

Մինչև դպրոցս ավարտելը անվանեցին «տուռնիկ», «երկար», «Աշխարհապետ» + «ջայլամ» ու «ջայլամ քեռի»

Տասներեք տարեկանից անվանեցին «հավատացյալ»

Քիչ անց անվանեցին «գյոթ», «բոզի տղա» ինսունականների մեր կրիմինալ բակում իրանց հետ շփում չունենալու ու «հավատացյալ» կոչվելու պատճառով

Համալսարանում դարձա «խելացի», «սովորող» ՝ իր դրական և բացասկական իմաստներով

Համալսարանում մի շատ հետաքրքիր դեպքից հետո անվանեցին «պրոֆեսոր», «գողի հետ հաց կիսող» ու «լավ տղու լավ ախպեր»

Հետո ինձ անվանեցին «ամուսին», «սիրող ամուսին», «հոգատար ամուսին», «հավատարիմ», «իմ սիրելի»

Հետո ինձ անվանեցին «Ժառ», «նրբանկատ», «խաղաղասեր»

Հետո ինձ անվանեցին «գող»

Հետո ինձ անվանեցին «հավատուրաց», «անհաջող մարդ», «անշնորհակալ»։ Բայց միևնույն ժամանակ ինձ նաև անվանեցին «իմ սեր», «աշխարհի ամենալավ ընկեր»

Հետո ինձ անվանեցին «սփյուռքահայ դոմինիկացի»

Հետո անվանեցին «գործազուրկ»

Հետո անվանեցին «լավ գործ ունեցող հայ»

Հետո անվանեցին «գորշ կարդինալ»

Հետո անվանեցին «անվահատարիմ ամուսին», «չսիրող ամուսին», «անհուսալի մարդ», «դաժան», «տականք» ու հենց էդ ընթացքում ինձ նաև անվանում էին «հրաշք», «աշխարհի լավագույն տղամարդ»

Հետո ամեն ինչ տեղերով փոխվեց ու նա ով ինձ անվանում էր «անվահատարիմ ամուսին», «չսիրող ամուսին», «անհուսալի մարդ», «դաժան», «տականք» սկսեց ինձ կրկին անվանել «իմ միակ», իսկ էն մյուսը «անվահատարիմ», «անհուսալի մարդ», «դաժան», «տականք» ու նաև անվանեց ՝ «բոյով ՝ գիգանտ, սեքսում ՝ տուզիկ»

Հետո ինձ «Ժառ», «նրբանկատ», «խաղաղասեր» անվանողները սկսեցին անվանել «հոմոֆոբ», «նացիստ», «գռեհիկ», «մարդասպանի ադվակատ», «անսկզբունք», «անշնորհակալ», «մեծամիտ», «նարցիս», «սնոբ», «մեծամիտ», «հպարտ», «hate speech տարածող», «ֆաշիստ», «անուղեղ»

Հետո ինձ անվանեցին «մեծ երեխա»

Հետո նա ով սկզբում ինձ անվանեց «անվահատարիմ ամուսին», «չսիրող ամուսին», «անհուսալի մարդ», «դաժան», «տականք», իսկ հետո ՝ «իմ միակ», ինձ կրկին սկսեց անվանել «խփնված», «ռսի ոռի հետևից նայող», «ոչ ստաբիլ մարդ» ու գնաց

Հիմա ես «տուրիզմի Արտուրն եմ»

Իսկ լավագույնը դեռ առջևում է....

Jarre
17.12.2018, 22:38
Նոր Լուկաշենկոյի հետ սրճում էի, ասեց Բատկան պապդ ա։

Jarre
26.12.2018, 22:48
Էնքան ծիծաղելու է կարդալ կառավարություններին անմարդկային գործողությունների ու անխղճության մեջ մեղադրող մեր ՝ «մարդասեր» ու «բարի» ամբոխների գրառումները, երբ մենք հազար դոլար ծախսում ենք այֆոնի վրա, տարեկան հազարավոր դոլարներ ծախսում ենք կյանքի ավելի հարմարավետ պայմաններ ունենալու համար ու մի կոպեկ անգամ չենք տրամադրում մեր սովից մեռնող հարազատին, աղքատությունից տառապող հայրենակցին, աֆրիկայում հասարակ ջրի պակասից մեռնող երեխաներին օգնելու համար։

Jarre
16.01.2019, 21:17
Պիեռ Պաոլո Պազոլինիի ՝Salò, or the 120 Days of Sodom (https://www.imdb.com/title/tt0073650/?ref_=nv_sr_1) ֆիլմը հավանողները և դրանում խորը փիլիսոփայություն, կինեմատոգրաֆիայի յուրահատուկ նմուշ տեսողները, արդյո՞ք դաժան մարդիկ են և համաձայն են այն բոլոր ֆիզիկական, սեռական, հոգևոր դաժանությունների հետ, որոնք ցուցադրվում են ֆիլմում։

Լարս ֆոն Տրիերի The House That Jack Built (https://www.imdb.com/title/tt4003440/?ref_=nv_sr_1) ֆիլմը սիրողները և գնահատողները դաժա՞ն մարդիկ են, որոնք կողմնակից են կին մորթելուն և երեխաների սպանությանը։

Արդյո՞ք Ջորջ Կարլինի ստեղծագործությունները գնահատողները իրականում ատո՞ւմ են երեխաներին, սևամորթներին և կո՞ղմ են անարխիային։

Զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր տեսնում են այն ինչ տեսնում են, կարդում են բառեր և լսում են ձայներ ու չեն կարողանում իրենց մտքի աչքերով և ականջներով հասկանալ իմաստը ու դրանք դիտարկել արվեստի ու սիմվոլիզմի տեսանկյունից։

Jarre
18.01.2019, 05:54
Այսօր Viber-ով հաղորդագրություն ստացա հայաստանի գործընկերներից մեկից ու շատ անհարմար բան ստացվեց (( Ես միշտ աշխատում եմ կոմպով պատասխանել, անգամ երբ գրում են WhatsApp-ի կամ Viber-ի վրա։ Իսկ հեռախոսով ներվայնանում եմ տպել։ Ու նման անհարմար բան ստացվեց, որովհետև ստիպված էի հեռախոսով պատասխանել։ Մեջբերում եմ իմ պատասխանը։

- Համբալձում ջան, շատ շնորհակալ եմ հարցման համար......

Հետո հենց նկատեցի, որ սխալ եմ գրել անունը, միանգամից ներողություն խնդրեցի.

- Ներողություն եմ խնդրում տռասխալի համար

Ուժըս.....

Jarre
22.02.2019, 01:36
Ինչեր ասես որ չեն արել ու չեն անում այս ձեռքերը....
Վերջերս տանել չեմ կարողանում ձեռքով բարևելը, որովհետև երբ մտածում եմ թե էդ ձեռքերը ինչեր են անում բառացի և փոխաբերական իմաստներով, շատ վատ եմ ինձ զգում։ Կարծում եմ, որ ձեռքով պետք է բարևել միայն քո կյանքում ընտրյալ ու ամենամտերիմ մարդկանց։

Jarre
22.02.2019, 20:19
Ամենածիծաղալու երևույթներից մեկն այն է, որ արհեստական կյանքով, արհեստական արժեքներով, արհեստական կրոններով ապրող, մարդկանց հետ արհեստական հարաբերություններ ունեցող, արհեստական ուտելիք ուտող, արհեստական սիգարետ ծխող, արհեստական տներում ապրող, արհեստական տեխնիկա օգտագործող, արհեստական ուսում ստացող, արհեստական քաղաքականությամբ զբաղվով, արհեստական համակարգում ապրող արհեստական մարդիկ հորինել են «արհեստական բանականություն» տերմինը։

Էդ մեր ինչի՞ հետ համեմատած է ինչ որ բան արհեստական։ Էդ ինչի՞ց եզրակացրեցինք, որ մենք նենց բնականության արտացոլանքն ենք, որ հըլը ինչ որ բան էլ անվանում ենք արհեստական։

Երևի այդպես ենք անվանում, քանի որ այսպես կոչված «արհեստական բանականությունը» դեռևս չի գցում դրացուն, չի չարախոսում, չի ծաղրում, չի սպանում, չի գողանում, էշ էշ գլուխ չի գովում, ապուշ քաղաքականությամբ չի զբաղվում, այլ իրա համար հանգիստ նստած, քեզանից հազար անգամ արագ ու որակով հաշվարկներ ա անում, գիտությանն ա օգնում, շախմատ ա խաղում, արվեստ ա ստեղծում, տեխնիկական, գիտական ու բժշկական աճին ա նպաստում։ Իհարկե արհեստական ա։

Իմ համար արհեստական բանականությունը դա առաջին հերթին մենք ենք։ Չէ մի չէ՝ հոմո սափիենս ՝ մարդ բանական։ Ամենաշովունիստական ու միամիտ բնութագրումն է սա։

Իսկ եթե անկեղծ նայենք, թե՛ մենք արհեստական հոմո սափիսնեներս ու թե՛ արհեստական բանակբանությունը դեռևս կատարում ենք սրա նրա հրամանները, կարծելով, որ մենք աշխարհի ամենաազատ ու առաջադեմ դեմքերն ենք։

Jarre
09.04.2019, 22:02
Մի ջահել հորթյակ, մի քանի տարի առաջ դուրս եկավ աղանդի կապանքներից միամտորեն հուսալով, որ վերջապես ազատվեՑԻ նեղամիտ մարդկանցից ու ուղեղի լվացումից։ Սակայն դուրս գալուցս երեսունչորս րոպե հետո հասկացա, որ ես հայտնվել եմ ավելի մեծ աղանդ-աշխարհում....

- որտեղ մարդիկ նույնպես հարյուր տոկոսով համոզված են իրենց ճշմարտացի լինելու մեջ անպիսի հարցերում, որոնցում սկզբունքորեն անհնար է ինչ որ բանում վստահ լինել

- որտեղ մարդիկ դոգմատիկային համոզմամբ կողմ կամ դեմ են որևէ երևույթի

- որտեղ ամենայն անկեղծությամբ կթքեն էրեսիդ եթե իրենցից այլ կարծիք ունենաս

- կհամարես դավաճան, եթե փորձես կասկածի տակ առնել էն մարդկանց ում իրանք համարում են իրանց առաջնորդ

- վրեդ կկախեն հազար ու մի տեսակ պիտակներ քննադատելով ապրլեկերպդ, սովորություններդ

- որտեղ լիքը չի կարելիներ կան, այն հարցերում որոնք օրենքի խախտում չեն և թուլատրվում են սահմանադրությամբ
և այլն, և այլն, և այլն......

Ինչպես կասեր Ռոջեր պապին ՝ Welcome my son, welcome to the machine (https://www.instagram.com/p/BnF-tRmBA6R/)....

Jarre
05.11.2019, 01:59
Էս վերջերս ֆեյսբույքան մի էրկու տարվա առաջվա գրառումներիցս մեկն էի ման գալիս ու ուշադրություն դարձրեցի, որ գրառման տակ քոմենթներիցս մեկին լայք տված երեք հոգին արդեն մահացած են։

Սկզբից նենց ղզիկական հուզում-մուզում առաջացավ, բայց հետո նենց մի տեսակ թեթևություն ու բավարարվածության զգացում ապրեցի։ Սա էգոիզմի վերջին աստիճանն ա, բայց մի տեսակ ավելի ընկալելի դարձավ իմ մահը իմ համար։ Ընկալելի և ընդունելի։

Jarre
26.05.2020, 02:35
Երբեմն այնպիսի համոզվածություն եմ ունենում, որ ցանկացած լեզու դա «օտար» լեզու է ինձ համար։ Կարծես օտարածին, անբնական ինչ որ մի երևույթ. պրոտեզ կամ իմպլանտ, արհեստական մի բան, որը քո բանականություն-մարմին մեխանիզմը իր բոլոր ուժերով ցանկանում է դուրս շպրտել իրենից որքան հնարավոր է հեռու։

Համարյա միշտ երբ լուրջ թեմաների մասին զրուցում եմ ինձ մտերիմ մարդկանց հետ, հասկանում եմ, որ ուղղակի պետք է կանգ առնեմ և չշարունակեմ խոսքս, քանի որ անհնար է լեզվի և լինգվիստիկ կառուցվածքների միջոցով փոխանցել այն ինչ կա մտքում՝ այն ինչ դու պատկերացնում ես առանց բառերի, խոսքերի օգնության։ Չէ, փոխանցելը հեշտ է, բայց լրիվ ուրիշ բան է ստացվում։ Երևի ամենամոտիկ լեզուն, որով կարելի է ինչ որ բան քիչից շատից ճշգրիտ փոխանցել դա գիտական լեզուն է։ Օրինակ փորձեք պատկերացնել «գրիչ» բառը։ Ինչպե՞ս գրիչը կարելի է բացատրել մաթեմատիկայի կամ քիմիայի լեզվով։ Ինչքան շատ տվյալներ կպարունակեն այդ լեզուները։ Համարյա ամեն ինչ գրիչի մասին։ Բոլոր դետալները։ Իսկ մեր լեզվով ընդամենը «գրիչ», որը վերջնական հաշվով ոչ մի ինֆորմացիա չի տալիս։ Նույնն էլ իմ ուղեղում գտնվող միտքը, պատկերը այնքան դետալներից են բաղկացած, իսկ դու վերցնում ու ասում ես՝ գրիչ.....

Ինձ թվում է լեզուն հոգեկան հիվանդություն և շեղում է....