PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Անրի Բարբյուս, «Քնքշանք»



CactuSoul
01.07.2011, 18:16
Չգիտեմ՝ ինչու խելքիս փչեց ռուսերենից թարգմանել այս ստեղծագործությունը: Ու առավել ևս չեմ հասկանում, թե ինչու իրականացրի:
Համենայն դեպս, գործն արդեն արված է, ներկայացնում եմ ձեր դատին: Հուսով եմ որևէ մեկին որևէ օգուտ կկարողանա տալ:
Մասնագիտությունս լեզուներից ու թարգմանչությունից շատ հեռու է, այնպես որ ներողամիտ եղեք, եթե ինչ-որ բան այնպես չի:
Մի խնդրանք. ստեղծագործությունը տեղադրելու եմ 5 գրառմամբ, ամեն գրառման մեջ մի նամակ: Խնդրում եմ գրառում չկատարել, մինչև տեղադրեմ-վերջացնեմ ամբողջը:
:oy

CactuSoul
01.07.2011, 18:19
Անրի Բարբյուս

Քնքշանք

CactuSoul
01.07.2011, 18:20
Իմ թանկագի՛ն, փոքրի՜կ իմ Լուի:

Եվ այսպես, ամեն ինչ վերջացած է: Մենք այլևս երբեք իրար չենք տեսնի: Հիշի՛ր սա այնպես հստակ, ինչպես ես: Դու բաժանում չէիր ուզում, դու ամեն բանի կհամաձայնեիր, միայն թե միասին լինեինք: Բայց մենք պիտի բաժանվենք, որպեսզի դու կարողանաս նոր կյանք սկսել: Հեշտ չէր հակառակվել թե՛ քեզ, թե՛ ինքս ինձ, թե՛ մեզ երկուսին միասին… Բայց չեմ զղջում, որ արել եմ դա, թեպետ դու այնպե՜ս էիր լալիս՝ մեր անկողնու բարձերի մեջ խրված: Երկու անգամ բարձրացրիր գլուխդ, նայեցիր ինձ խղճալի, աղերսող հայացքով… Ինչպիսի՜ այրվող ու դժբախտ դեմք ունեիր: Երեկոյան, մթության մեջ, երբ արդեն չէի կարող տեսնել արցունքներդ, ես զգում էի դրանք. դրանք այրում էին ձեռքերս:

Հիմա երկուսս էլ շատ ենք տառապում: Ինձ այս ամենը թվում է մի ծանր երազ: Առաջին օրերին պարզապես հնարավոր չի լինի հավատալ, ու դեռ մի քանի ամիս շարունակ ցավոտ կլինի, իսկ հետո կգա ապաքինումը:

Եվ միայն այն ժամանակ ես կրկին կգրեմ քեզ, չէ՞ որ մենք որոշել ենք, որ ես քեզ գրելու եմ ժամանակ առ ժամանակ: Բայց մենք նաև հստակ որոշել ենք, որ իմ հասցեն դու երբեք չես իմանա, ու իմ նամակները կլինեն միակ կապող թելը, սակայն դա թույլ չի տա մեր բաժանմանը դառնալ վերջնական հեռացում:

Համբուրում եմ քեզ վերջին անգամ, համբուրում եմ քնքո՜ւշ-քնքուշ, բոլորովին անմեղ, լուռ համբույրով. չէ՞ որ մեզ այնքա՜ն մեծ տարածություն է բաժանում…

CactuSoul
01.07.2011, 18:20
Իմ թանկագի՛ն, փոքրի՜կ իմ Լուի:

Ես կրկին խոսում եմ քեզ հետ, ինչպես և խոստացել էի: Ահա արդեն մի տարի է, ինչ մենք բաժանվել ենք: Գիտեմ, չես մոռացել ինձ, մենք դեռ կապված ենք միմյանց, ու ամեն անգամ, երբ մտածում եմ քո մասին, չեմ կարող չզգալ քո ցավը:

Բայց և այնպես, անցած տասներկու ամիսներն արեցին իրենց գործը. անցյալի վրա սգո մշուշ ձգեցին: Ահա, արդեն մշուշ էլ հայտնվեց: Որոշ մանրուքներ ետին պլան են մղվել, որոշներն ընդհանրապես անհետացել են: Ճիշտ է, դրանք երբեմն ելնում ու լողում են հիշողության մեջ, եթե ինչ-որ բան հանկարծ դրանց մասին հիշեցնի:

Մի անգամ փորձեցի ու չկարողարողացա հիշել քո դեմքի արտահայտությունը, երբ առաջին անգամ քեզ տեսա:

Դու էլ փորձիր հիշել իմ հայացքը, երբ ինձ առաջին անգամ տեսար, ու կհասկանաս, որ աշխարհում ամեն ինչ ջնջվում է:

Վերջերս ես ժպտացի: Ո՞ւմ… Ինչի՞ն… Ոչ ոքի ու ոչնչին: Ծառուղում արևի շողն ուրախ խաղաց, ու ակամա ժպտացի:

Առաջ էլ էի փորձում ժպտալ: Սկզբում ինձ անհնար էր թվում կրկին դա սովորելը: Եվ այնուամենայնիվ, ես քեզ ասում եմ, մի անգամ ես կամքիս հակառակ ժպտացի: Ես ուզում եմ, որ դու ևս ավելի ու ավելի հաճախ ժպտաս, հենց այնպես, ուրախանալով լավ եղանակի համար կամ այն գիտակցության, որ առջևումդ որևէ ապագա կա: Այո, այո, բարձրացրու գլուխդ ու ժպտա:

CactuSoul
01.07.2011, 18:21
Եվ ահա ես կրկին քեզ հետ եմ, իմ թանկագի՜ն Լուի:

Ես կարծես երազ լինեմ, չէ՞: Հայտնվում եմ՝ երբ խելքիս փչի, բայց միշտ պետք եղած պահին, երբ շուրջը դատարկ է ու մութ: Ես գալիս եմ ու գնում, ես չափազանց մոտ եմ, բայց ինձ հնարավոր չի դիպչել:

Ինձ դժբախտ չեմ զգում: Աշխուժությունս վերադարձել է, քանի որ ամեն օր առավոտ է գալիս, ու, ինչպես միշտ, փոխվում են տարվա եղանակները: Արևն այնքա՜ն քնքուշ է փայլում, ուզում ես վստահել նրան, ու նույնիսկ սովորական ցերեկվա լույսն է բարեհաճությամբ լցված:

Պատկերացրու՝ վերջերս պարել եմ: Հաճախ եմ ծիծաղում: Սկզբում նկատում էի, որ՝ տես, ծիծաղս եկավ, իսկ հիմա հաշվել էլ չի լինի, թե քանի անգամ եմ ծիծաղել:

Երեկ զբոսանքի էի: Մայրամուտին ամենուր գեղեցիկ հագուստներով մարդկանց հոծ խմբեր էին: Երփներանգ, սիրուն, կարծես ծաղկանոց լիներ: Ու այդքան մեծ քանակությամբ գոհ մարդկանց մեջ ես երջանիկ զգացի:

Գրում եմ քեզ, որպեսզի պատմեմ այս ամենի մասին, ու նաև այն մասին, որ այսուհետ ես փոխում եմ կրոնս. ես դավանում եմ անձնազոհ սերը քո հանդեպ: Հիշում եմ՝ մի անգամ մենք դատողություններ էինք անում սիրո մեջ անձնազոհության մասին՝ այնքան էլ լավ չհասկանալով դա… Ուրեմն միասին աղոթենք նրա համար, որ ամբողջ սրտով հավատանք դրան:

CactuSoul
01.07.2011, 18:22
Տարիներն անցնում են: Տասնմեկ տարի… Ես մեկնել էի հեռու, վերադարձել եմ և կրկին պատրաստվում եմ մեկնել:

Դու, իհարկե, քո տունն ունես, իմ թանկագին Լուի, չէ՞ որ դու հիմա բոլորովին մեծ ես ու, իհարկե, ընտանիք ես կազմել, որի համար այնքա՜ն մեծ նշանակություն ունես:

Իսկ դու ինքդ, ինչպիսի՞ն ես դարձել: Պատկերացնում եմ, որ դեմքդ լցվել է, թիկունքդ՝ լայնացել, իսկ սպիտակ մազերը, պիտի որ, դեռ շատ քիչ լինեն, և, հավանաբար, ինչպես առաջ, դեմքդ ամբողջովին լուսավորվում է, երբ ժպիտը հիմա-հիմա կհպվի շուրթերիդ:

Իսկ ե՞ս: Չեմ նկարագրի քեզ, թե ինչպես եմ փոխվել՝ դառնալով ծեր կին: Ծե՜ր: Կանայք տղամարդկանցից շուտ են ծերանում, և, եթե ես լինեի քո կողքին, կդիտվեի իբրև քո մայր. թե՛ արտաքնապես և թե՛ աչքերի այն արտահայտությամբ, որով կնայեի քեզ:

Տեսնո՞ւմ ես՝ ինչքան ճիշտ էինք մենք՝ ժամանակին բաժանվելով: Հիմա տառապել-պրծել ենք, հանգստացել, ու հիմա իմ նամակը, որը դու, իհարկե, ճանաչեցիր ծրարի վրայի ձեռագրից, քեզ համար գրեթե զվարճանք հանդիսացավ:

CactuSoul
01.07.2011, 18:29
Իմ թանկագի՜ն Լուի:

Ահա արդեն քսան տարի է, ինչ մենք բաժանվել ենք…

Ու ահա արդեն քսան տարի է, ինչ ես կենդանի չեմ, թանկագինս: Եթե դու կենդանի ես ու կարդաս այս նամակը, որ քեզ կուղարկեն հավատարիմ ու հարգալից ձեռքերը (նրանք, որ շատ տարիների ընթացքում ուղարկում էին քեզ իմ նախորդ նամակները), դու կներես, որ ես ինքնասպան եղա մեր բաժանման հենց հաջորդ օրը: Ես չէի կարող, ես չգիտեի առանց քեզ ապրել:

Մենք երեկ բաժանվեցինք: Լավ նայիր ամսաթվին, նամակի սկզբում: Դու, իհարկե, դրան ուշադրություն չէիր դարձրել: Ախր այդ երեկ էր, երբ մենք վերջին անգամ մեր սենյակում էինք, ու դու, գլխով բարձերի մեջ թաղված, հեկեկում էիր երեխայի պես, քո սարսափելի վշտի առաջ անօգնական: Այդ երեկ էր, երբ կիսաբաց պատուհանից ծիկրակեց գիշերը, արցունքներդ, որ ես արդեն չէի կարող տեսնել, հոսում էին իմ ձեռքերի վրայով: Այդ երեկ էր, որ դու գոռում էիր ցավից ու բողոքում, իսկ ես, հավաքելով բոլոր ուժերս, ամրացել ու լռում էի:

Իսկ այսօր, նստած մեր սեղանի առաջ, շրջապատված մեր իրերով, մեր հրաշալի անկյունում, ես գրում եմ այն չորս նամակները, որ դու պիտի ստանաս մեծ ընդմիջումներով: Ավարտում եմ վերջին նամակը, իսկ հետո կգա վերջը:

Այսօր երեկոյան ես շատ հստակ հրահանգներ կտամ, որպեսզի իմ նամակները քեզ հասցնեն այն ամսաթվերին, որ նշված են դրանց վրա, նաև միջոցներ կձեռնարկեմ, որ ինձ չկարողանան գտնել:

Հետո ես կյանքից կհեռանամ: Կարիք չկա պատմելու, թե ինչպես. այդ զզվելի գործողության բոլոր մանրամասներն անտեղի են: Դրանք կարող էին քեզ ցավ պատճառել, նույնիսկ այսքան տարի անց:

Կարևորն այն է, որ ինձ հաջողվեց կտրել քեզ ինձնից ու դա անել զգուշորեն ու նուրբ, քեզ ցավ չպատճառելով: Ես ուզում եմ հետագայում էլ հոգ տանել քո մասին, իսկ դրա համար ես պիտի ապրեմ նաև մահվանիցս հետո: Անջատում չի լինի, դու, երևի, չէիր էլ դիմանա, չէ՞ որ քեզ բոլոր տրտմություններն են այդպիսի սուր ցավ պատճառում: Ես կվերադառնամ քեզ մոտ. ոչ շատ հաճախ, որպեսզի կամաց-կամաց իմ կերպարը ջնջվի հիշողությունիցդ, ու ոչ էլ շատ հազվադեպ, որպեսզի քեզ ազատեմ ավելորդ տանջանքներից: Իսկ երբ դու հենց ինձնից կիմանաս ամբողջ ճշմարտությունը, կանցնի այնքան տարի (չէ՞ որ ժամանակն օգնում է ինձ), որ դու արդեն գրեթե չես կարողանա հասկանալ, թե իմ մահն ինչ կնշանակեր քեզ համար:

Լուի՛, հարազա՜տս, այսօրվա մեր վերջին խոսակցությունն ինձ մի չարագուշակ հրաշք է թվում:

Այսօր մենք խոսում ենք շատ ցածր, գրեթե անլսելի. շա՜տ ենք մենք հեռու իրարից, չէ՞ որ ես միայն քո մեջ գոյություն ունեմ, իսկ դու արդեն մոռացել ես ինձ: Այսօր «հիմա» բառի նշանակությունը նրա համար, ով գրում է այն ու շշնջում, բոլորովին ուրիշ է, քան նրա համար, ով կարդալու է ու ցածրաձայն արտաբերի. «Հիմա»:

Հիմա, հաղթահարելով այս վիթխարի տարածությունը ժամանակի մեջ, հաղթահարելով հավերժությունը (թեկուզ դա անհեթեթ թվա), հիմա ես համբուրում եմ քեզ այնպես, ինչպես առաջ: Ահա և վերջ… Ուրիշ ոչինչ չեմ ավելացնի, քանի որ վախենում եմ տխուր դառնալ, հետևաբար՝ չար ու քանի որ չեմ համարձակվում խոստովանել քեզ այն խելահեղ երազանքները, որ անխուսափելի են, երբ սիրում ես, և երբ սերը հսկայական է, իսկ քնքշանքն՝ անսահման:

impression
01.07.2011, 18:37
ահավոր, ահավոր սիրուն գործ ա, իմ ամենասիրածներից մեկը
ապրես, Անի ջան, հրաշալի բան ես արել, որ թարգմանել ես :)

Գեա
01.07.2011, 19:34
Ապրես , որ ժամանակ ես գտել ու թարգմանել , գուցե գտնվեն մարդիկ ,որ կարողանում են կարդալ միայն հայերեն , ու սա նրանց համար մեծ նվեր կլինի, որովհետև ես իրոք չգիտեմ,Անրի Բարբյուսը հայերեն ընդհանրապես թարգմանվել է , թե՞ չէ:ԻՄ կարծիքով այս փոքրիկ պատմվածքում աշխարհի նման հին ու տիեզերքի չափ մեծ մի բանի մասին է , որին բոլորս ՍԵՐ ենք ասում…Առաջին անգամ , որ կարդացի այս պատմվածքը մտքովս անցավ , որ հեղինակը այն պետք է անվաներ ՍԵՐ, որովհետև պատմվածքի հիմքում սիրո բանաձևն է՝ հյուսված անմնացորդ նվիրումից, ինքնազոհումից, քնքշանքից ու սիրած մարդու ներկայի ու ապագայի հանդեպ ունեցած անսահման պատասխանատվության զգացումից:

Lem
01.07.2011, 20:08
Սիրուն գործ է իսկապես: Չեմ հիշում, թե ում հայերեն թարգմանությունն եմ կարդացել, բայց հիշում եմ, որ կարդալուց հետո ի խորոց քթի ֆսֆստացնում էի էնքան ժամանակ, մինչեւ հայտնվեց Նունե Եսայանը եւ սերիալների թագավորի հետ վերջ տվեց գեղեցիկին:

http://www.youtube.com/watch?v=GX-JhXU69IQ

E-la Via
16.09.2011, 18:45
CactuSoul, շնորհակալ եմ գեղեցիկ թարգմանության համար… Ես ծանոթ չէի այս գործին, շնորհակալություն նաև ծանոթացնելու համար:

... Մի բան եմ ուզում ասել:
Գեան ասաց, որ այս պատմվածքը իր մեջ սիրո բանաձևն է ամփոփում՝ անմնացորդ նվիրում, ինքնազոհողություն, քնքշանք, սիրելիի ներկայի ու ապագայի հանդեպ ունեցած անսահմանա պատասխանատվության զգացում: Համաձայն եմ Գեային հետ, բայց մի բան կա, որի հետ ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել: Բավականա երկար ժամանակ է, որ այդ մասին եմ մտածում ու ամեն անգամ ներքուստ ըմբոստանում եմ:
Զոհի դերում լինելը, այդ դերն ընտրելը, դրանով ապրելը ու դրա սրբությանը հավատալը ինձ համար անընդհունելի են: Իհարկե, այնպիսի իրավիճակում, ինչպիսին է անմիջապես հարազատիդ, սիրելիիդ, ընտանիքիդ անդամների կյանքի սպառնալիքը, կընտրես ինքնազոհողությունը, հոժարակամ, առանց մի վայկյան իսկ կասկածելու կյանքդ կտաս նրանց համար, բայց դրա բացակայության դեպքում սիրելիի կողքին լինելու, նրա հետ նշանակություն չունի մի,թե քսան տարի սիրով ապրելու, կյանքը կիսելու փոխարեն, մտածել ինչ-որ հեռավոր ապագային մասին, որը չգիտես էլ, թե ձեզանից յուրաքանչյուրի համար առանձին-առանձին ինչպիսին կլիներ, այդ անորոշությանը կյանքը զոհել՝ չեմ կարողանում հասկանալ ու ընդունել:
Վերջապես ամենամեծ պարգևը հենց սերն է, իսկ մենք սիրուն դավանելու փոխարեն, զոհին ենք դավանում: Ստացե՞լ ես սեր, սե՞ր ես ապրում՝ ուրեմն այնքան ուժ գտիր մեջդ, որ կարողանաս այն պահպանել, պատրաստ եղիր ինքնազոհողության, բայց այնքան իմաստություն ունեցիր, որ կարողանաս հասկանալ թե քո, թե դիմացինդ համար էդ զգացմունքը ամենից կարևորն է կյանքում, որ հասկանաս էդ կարևորի պահպանումն է ամենից առաջնայինը և եթե պատասխանատու ես դիմացինիդ համար՝ ուրեմն էդ պատասխանատվությունը թող արտահայտվի այն ամենօրյա քնքշանքով, որով կարող ես լցնել նրա կյանքը, հենց քո ներկայությունից առաջացած նրա դեմքի ժպիտով:

Սիրում ենք էլի դրամաներ, հո զոռով չի… Ասա այ տիկին ջան, այդքան սիրում էիր Լուիիդ, այդքան մտածում էիր նրա մասին, ուրեմն համարձակություն ունենայիր ու լինեիր նրա կողքին՝ չվախենալով, որ մի օր փողոցով քայլելիս՝ նրա ծանոթները կարող էին քեզ նրա մոր տեղը դնել, կամ որ մի օր Լուին կցանկանար լքել քեզ՝ ավելի երիտասարդի մոտ գնալու համար:
Չգիտեմ՝ որքանով եմ ճիշտ, որքանով սխալ, բայց էսպես եմ մտածում: