PDA

Դիտել ողջ տարբերակը : Քայլող հիշողություն



Մինա
16.06.2011, 11:01
Վերջին զանգը


Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար մազերիս ճրմակ ժապավենով վերջին զանգին էի պատրաստվում.....
....Հա,ինչ էի ասում,մտքերս հեռու,շատ հեռու գնացին:Երբեք չկարողացա սանձել,ինձանով անել էս ՍԱՆՁԱՐՁԱԿ մտքերս:Միշտ կավատ ,բամբասողի լպիրշ հետաքրքրությամբ մտնում ու խառնշտորում են հոգուս թավուտները...Հա հիշեցի.ուրեմն վերջին զանգից հետո Գոգոյիս հետ գնացինք իրենց տուն,վերջին զանգը նշելու:Դե էդ տարիքում առանձնապես լուրջ առիթներ չէինք էլ փնտրում "նշելու" համար:Գոգոս անցած դարի վերնախավից էր,մենակ սև ձկնկիթ չդրեց սեղանին,դե շամպայնի ու շոկոլատի մասին էլ չասեմ:Խմիչքին անսովոր դեղնակտուցներ էինք,մի երկու բաժակից արդեն...գոլ էինք եղել,տրամադրություններս հազար,գնացինք մեր ամենասիրած անկյունը`Մանկական երկաթուղի:Ինչքա~ն ծիծաղեցին ,կարծես սիրտներս վկայում էր,որ մեզ մնացած ամբողջ կյանքի համար ենք ծիծաղում(ծիծաղներս էլ անհոգ,թեթև,առանց պատճառի,պարզապես ջահել էինք,միասին էինք ու միշտ էլ միասին էինք լինելու,մինչև...:ՈՒրեմն մենք ծիծաղից գալարվում ենք,դիմացից ջահել մի ոստիկան է գալիս(մերոնք էլ են ոստիկան դարձել?),ես ու Գոգոս ուշքից գնալով ,էս ջահելի կողքից անgնելով երգում ենք,-
_Միլիցա պեպելնիցաա~ա,ատամներդ քարիցաա~ա,-ու ծիծաղից ուշաթափվում ենք:Ի զարմանս մեզ երիտասարդը պարզապես լայն ժպտաց ու անցավ...
Հիմա մեր մեծերի պես պիտի ասեմ ,դե ուրիշ էր մեր ժամանակվա ծիրանը,հավի միսն էլ համ ու հոտ ուներ,բա միլիցիոները....Բայց չեմ ասի,որովհետև ուրիշը մենք էինք,պարզ ու անարատ էինք,մի քիչ կանաչ,բայց դե լավն էինք,հարազատ էինք...
Չեմ սիրում էլի օրագիր գրելը,չեմ սիրում,հո զոռով չի.....

Մինա
16.06.2011, 11:03
Առավոտ-գիշերով դուրս եկանք տանից:Ամբողջ գիշեր աչք չփակեցի:Մղձավանջի պես ինչ-որ պատկերներ էի տեսնում աչքերս բաց:Երազ էր ,թե հաջորդ օրվա տագնապը,խտացված թարթիչներիս տակ?:Փետրվար ամիսն էր:Երևանի ցուրտը հավաքած վերարկուիս տակ դեպի մեքենան էի շարժվում,ենթագիտակցաբար աշխատելով երկարացնել ինձ մեքենայից բաժանող ճանապարհը:Ինչպես հասանք օդանավակայան ինքս էլ չհասկացա:Ոչինչ չեմ հիշում,մորս եմ հիշում ,թաց ժպիտի տակից հեկեկոցն էր կուլ տալիս,մեկ-մեկ էլ գլխաշորի ծայրով թաքուն արցունքներն էր սրբում արագ-արագ,որ չնկատեմ,չմտահոգվեմ:Մայրս փոքրիկ,մայր խեղճ...Մորս էլ չտեսա,վերջին հիշողությանս մեջ էդ թաց ժպիտն է մնացել,որ հակադրվում,հոխորտում էր, լուռ բղավելով.
_Մի գնա...
Հասանք Հունաստան:Լեգենդներ,առասպելներ էին պատմում հույների մասին,իբր ամեն զատիկի ու ծննդյան տոներին փողոց են հանում հին կահույքը,նորը գնելով:Մեզ իհարկե նման նվերներ ճակատագիրը չէր նախատեսում:Քրոջս տված դոշակին էինք քնում:Օտարության մեջ չգիտեինք մնալու ենք,թե ՀԱՅՐԵՆԻՔԻ կանչով հետ ենք գնալու:Ոչ հունարեն գիտեինք,ոչ էլ մեր տունն էինք հեշտությամբ գտնում:Օտարների մեջ օտար ,ավելի շուտ անտեսանելի,անգո,անբովանդակ էինք զգում մեզ:
Մի օր էլ Երևանի կարոտից մաշված,տրորված,հոգեբանորեն ընկճված տուն ենք վերադառնում:Մթնշաղ է ,գարնանային մի պարզ երեկո:Տուն հասնելու համար ներքևից վերև ենք բարձրանում դիքով, մեր դատարկված մարմինը զոռով քարշ տալով,մեկ էլ...Այ քեզ հաջողություն:Փողոցի անկյունում մի նոր,խելքը գլխին,կուկլա բազմոց են գցել:Ես նայում եմ ամուսնուս,ամուսինս`ինձ:Առանց երկար-բարակ մտածելու վերցնում ենք էս բազմոցն ու թև առած տուն ենք հասնում:Հաջորդ օրը արավոտյան անցնում ենք քրոջս հետ նույն փողոցով ու ուրախ-ուրախ ցույց եմ տալիս "էն"տեղը...Քույրս ծիծաղը ատամների տակ բացատրում է,որ կահույքի վերանորոման արհեստանոց է կողքինը:Աչքիս արաջ է գալիս"Մենք ենք,մեր սարերը"ֆիլմում Սոս Սարգսյանը,ձերքերը բերանին հավաքած.
_Գողությու~ն ենք արել,գողությու~ն....


Առավոտ-գիշերով դուրս եկանք տանից:Ամբողջ գիշեր աչք չփակեցի:Մղձավանջի պես ինչ-որ պատկերներ էի տեսնում աչքերս բաց:Երազ էր ,թե հաջորդ օրվա տագնապը,խտացված թարթիչներիս տակ?:Փետրվար ամիսն էր:Երևանի ցուրտը հավաքած վերարկուիս տակ դեպի մեքենան էի շարժվում,ենթագիտակցաբար աշխատելով երկարացնել ինձ մեքենայից բաժանող ճանապարհը:Ինչպես հասանք օդանավակայան ինքս էլ չհասկացա:Ոչինչ չեմ հիշում,մորս եմ հիշում ,թաց ժպիտի տակից հեկեկոցն էր կուլ տալիս,մեկ-մեկ էլ գլխաշորի ծայրով թաքուն արցունքներն էր սրբում արագ-արագ,որ չնկատեմ,չմտահոգվեմ:Մայրս փոքրիկ,մայր խեղճ...Մորս էլ չտեսա,վերջին հիշողությանս մեջ էդ թաց ժպիտն է մնացել,որ հակադրվում,հոխորտում էր, լուռ բղավելով.
_Մի գնա...
Հասանք Հունաստան:Լեգենդներ,առասպելներ էին պատմում հույների մասին,իբր ամեն զատիկի ու ծննդյան տոներին փողոց են հանում հին կահույքը,նորը գնելով:Մեզ իհարկե նման նվերներ ճակատագիրը չէր նախատեսում:Քրոջս տված դոշակին էինք քնում:Օտարության մեջ չգիտեինք մնալու ենք,թե ՀԱՅՐԵՆԻՔԻ կանչով հետ ենք գնալու:Ոչ հունարեն գիտեինք,ոչ էլ մեր տունն էինք հեշտությամբ գտնում:Օտարների մեջ օտար ,ավելի շուտ անտեսանելի,անգո,անբովանդակ էինք զգում մեզ:
Մի օր էլ Երևանի կարոտից մաշված,տրորված,հոգեբանորեն ընկճված տուն ենք վերադառնում:Մթնշաղ է ,գարնանային մի պարզ երեկո:Տուն հասնելու համար ներքևից վերև ենք բարձրանում դիքով, մեր դատարկված մարմինը զոռով քարշ տալով,մեկ էլ...Այ քեզ հաջողություն:Փողոցի անկյունում մի նոր,խելքը գլխին,կուկլա բազմոց են գցել:Ես նայում եմ ամուսնուս,ամուսինս`ինձ:Առանց երկար-բարակ մտածելու վերցնում ենք էս բազմոցն ու թև առած տուն ենք հասնում:Հաջորդ օրը արավոտյան անցնում ենք քրոջս հետ նույն փողոցով ու ուրախ-ուրախ ցույց եմ տալիս "էն"տեղը...Քույրս ծիծաղը ատամների տակ բացատրում է,որ կահույքի վերանորոման արհեստանոց է կողքինը:Աչքիս արաջ է գալիս"Մենք ենք,մեր սարերը"ֆիլմում Սոս Սարգսյանը,ձերքերը բերանին հավաքած.
_Գողությու~ն ենք արել,գողությու~ն....

Մինա
16.06.2011, 11:08
Ձմեռ էր,ցուրտ,սառը քամուց մարդու շունչ էր կտրվում:90-ականներին Երևանում ավելի՞ ցուրտ էր,թե հիշողություներս են չափազանց մրսած:Մթերայինները չգիտեմ ինչ էին վաճառում,բայց վաճառածները հաստատ մթերք չէր:Ամբողջ գիշեր էդ ցրտին փողոցում հերթ էինք կանգնում,որ կաթ ու մածուն առենք:Ինձանից առաջ սպասողը միջին տարիքի կին էր.անխնամ մազերով,անփութորեն տանը եղած տաք շորերը վրան հավաքած,հաստ գուլպաների վրայից հողաթափեր հագած:Դե դուք էլ տեսած կլինեք,էն կանացից,որ ինչքան վատ,անմխիթար տեսք են ունենում,այնքան հպարտորեն գիտակցում են,որ ամբողջովին նվիրված են ընտանիքին:Ամբողջ գիշեր սա աստծո ճշմարտութունն էր քարոզում,ներվայնացնող,ճղճղան ձայնով.
_Խնդրիր աստծուց,խնդրիր ու ամենակարողը կտա,մեռնեմ աստծո զորությանը:
Մի խոսքով դժվար գիշեր անցկացրինք:
Զոռով-շառով ,չուզենալով,երևի նույնիսկ հակադրվելով,լայսը բացվեց:Ինչքան գիշերն ուշ անցավ,էնքան արագ խարնաշփոթը վերջացավ:Մեր (իմ ու էս կնոջ)քթի տակ մեկը առանց հերթի վերջին կաթն ու մածունը առավ ու թռավ:Հիմա սա, մոռացած գիշերվա ասածները ,անեծքների դարակը բացել ու անիծում է էս "ճարպիկ"երիտասարդին,ես էլ չգիտեմ ինչու թեթևություն ու բավականություն եմ ստանում էս ամբողջ քաշքշոցից:
_Դու աստծուց խնդրիր կաթն ու մածունդ,աստված քեզ կտա_,հեգնում եմ ես,_էդ երիտասարդը ոչ մեկին չուներ,որ խնդրեր,դրա համար էլ առանց հերթի առավ ու թռավ:
Ասում ու մի անբացատրելի հաճույք եմ ստանում,մոռացած գիշերվա մղձավանջն ու փորուփոշման տուն գնալու դառնությունս:Մածուն առնող բախտավորներից մեկը ծիծաղելով ,առած մածուններից մեկը ինձ է տալիս ասելով.
_ինչպես երևում է քեզ էլ մածուն տվող չի լինի,վերցրու:
Էս մի շիշ մածունը երկու օր է սառնարանում ( լույս չկար,պահարանի տեղ էինք օգտագործում սառնարանը) ոչ մեկս չենք համարձակվում խմել:Ես մտածում եմ ,թող մայրս խմի,մայրս թողնում է ամուսնուս,դե մի խոսքով, ափսոսում ենք բացել:Հաջորդ օրը որոշում կայացրած բացում եմ սառնարանը:Մածունը չկա:Ոչ ես ու ամուսինս ենք տեղյակ,ոչ `մայրս:
_Էս մածուն ու՞ր է_,հարցնում եմ հորս զարմացած,նա էլ թե.
_Երկու օր է սառնարանում,ուտող չկար:Մի մուրացկան երեխայի հետ դուռը թակեց,ի՞նչ անեի:

Մինա
17.06.2011, 09:20
Երջանիկ ապուշ է,ժպտում է





Ծանր,անախորժ,դժվար օր էր երեկ(վերնախավիս հետ էի վիճել,ի՞նչ վիճել,հազիվ դիմացա ծաղկամանը շեֆիս գլխին ջարդելու անդիմադրելի գայթակղությանը):Ոտքերս ասես կպել,միաձուլվել էին հալվող ասֆալտին:Հայացքս էլ այնքան էր ծանրացել,որ հենց հարմար ակընթարթ էր գտնում,միանգամից փլվում էր պատահած ճյուղին,մայթեզրին ու պատուհանի գոգին:Տուն գնալու,առավելևս տնեցիներին իմ պրոբլեմներով մտահոգելու ոչ մի ցանկություն չունեի:ՈՒղեղս այնքան էր շիկացել զայրույթից,որ դիմացից եկողներն էլ էին կարծես շտապում հայացքները փախցնել ինձանից:Ինքս ինձ մխիթարելով,ինձ թևանցուք,քայլերս ուղղեցի դեպի ծովափ:Ծովն առաջին անգամ մեծ տարիքում եմ տեսել,բայց հենց առաջին հայացքից վաղեմի հարազատի պես է ինձ ընդունել,առանց ավելորդ ձևականությունների:Քայլում ու լսում եմ նրա հորդորները.
_Թքի'ր ամեն ինչի վրա,ի՞նչ ես ամեն մի ստահակի պատճառով քեզ այս օրին հասցնում:Նրանք արժանի չեն քո ...:
Ինչքան շատ եմ լսում,այնքան համոզվում եմ ,որ չարժեր այդքան կատաղել:Չէ հաջորդ անգամ ես իմ ասելիքը կասեմ,թող իրենք կատաղեն ինչքան ուզում են:Վերջ:Հիմա էլ կանջատեմ զայրույթս ու կվայելեմ ծովի երկնագույնն ու արևի ոսկին:
Այսպես ,արդեն հանգստացած ,քայլում եմ ծովափին ,մեկ էլ լսեմ հայերեն խոսակցություն:Հայաստանից եկած խումբ էր,մի երկու մեծահասակի հետ` դեռահասներ:Հիմա էս խումբը ուր գնում է,որոշ հեռավորության վրա ես ել հետևներից եմ գնում:Երևի գյումրեցի են:Լսելով նրանց հատուկ հումորով խոսակցությունը,ակամա ժպտում եմ:
_ Դու ընդհանրապես մի խոսա,-լսում եմ,- դու թուղթ չունես:
_Էյ~ ով կա,եկեք սրան բռնեք,- մեջս քրքջող հռհռոցս հազիվ լայն ժպիտի եմ վերածում:
_Արա էս կարողա հայերեն հասկանումա,-տղաներից մեկը կասկածանքով իմ կողմն է նայում,ոտքից-գլուխ չափելով:
_Տո չէ հա:
_ Բա խի՞ա սենց ժպտում:
_Երջանիկ ապուշա,ժպտումա,քեզ ինչ:
Քրքիջս արդեն չկարողանալով զսպել,պարզապես փոխում եմ ճանապարհս:Էլ ի՞նչ գող փիսո,ի՞նչ քաչալ շուն:Այսքան լավ տրամադրություն,ե՞րբ եմ ունեցել, որ...

Մինա
22.06.2011, 11:03
Աննպատակ զբոսանք դեպի մանկություն

Սիրում եմ Սալոնիկին:Քաղաքում աննպատակ քայլելուն ժամանակս երբեք չի հերիքում(չնայած ժամերով կարող եմ կառչել ու մնալ համացանցում):Բանկերի հետ կապված խնդիրներ ունեի,առավոտ զովին դուրս եկա տանից,թե չե կեսօրին ոչ քրտինքախառը ավտոբուսներից է օգտվել լինում,ոչ էլ տրամադրություն է մնում տանից դուրս գալու(դե համացանցն էլ մյուս կողմից):Գործերս հապշտապ վերջացրեցի բանկում ու քայլերս ուղղեցի դեպի կենտրոն:Հենց այս ամիսներին եմ ավելի շատ սիրում քաղաքը,երբ բոլորը արձակուրդ են գնում ու դատարկում են պողոցները,թողնելով ինձ լիիրավ տերն ու տիրակալը ,փողոցների թագուհին(կսկծու,փառք աստծո):Այգու կենտրոնում անսովոր աշխուժություն էր տիրում:Մի աղջնակ էր բոլորին հավաքել իր առանցքի շուրջ:Պարում էր,երգում,արտասանում :Անցորդներն էլ մագնիսի նման կպնում ու շատանում էին:
Մանկությունս ետ բերեք:Ինձ հիշեցի այդ տարիքում:Սպանդարյան հրապարակում,շատրվանների մոտ մի բարձր տեղ էին գտնում,ինձ բարձրացնում էին վերև ու սպասում ելույթիս:Ես էլ մարդկանց ուշադրությունից շոյված ինձ կոտորում էի.պարում էի,երգում,արտասանում...
Հա էդ տարիքում էի:Կիրակի օրով պատշգամբում էինք հավաքվել(էլի ամառվա կես էր,Երևանի շոգը չնկարագրեմ էլ):Հայրս էր,մայրս,տասը տարի մեծ քույրս ու ես:Քույրս էլ չգիտեմ ինչ հովերով տարված ,սկսեց կատակել,թե ես վերցնովի երեխա եմ:Իրար աչք-ունք արեցին,հայրս էլ մյուս կողմից,թե.
_Հա,հերդ լավ մարդ էր,օղորմի իրան,Հունաստանում մեռավ:
Մորս ինչպե՞ս էին համոզել(իմ հանդեպ թուլություն ուներ),բոլորի նման մայրս էլ հաստատեց ,որ վերցնովի եմ:Շատ էի բորբոքվել,ամառվա տժժժոցին վերարկուս հագա,մի հատ էլ վարդագույն մորթուց գլխարկ ունեի,վերցրի ու դուրս եկա տանից:Տնեցիները լավ վրես ուրախանալուց հետո,երևի արդեն մոռացել ,իրենց գործերով էին գնացել,երբ թաքուն մտնելով տուն, սողոսկեցի ննջարան:Դե հիմա կտեսնեք,դառնորեն մտածում ու չէի հանգստանում,որ սկսեք ամբողջ գիշեր ինձ փնտրել,նոր կհասկանաք ինչքան հարազատ եմ....
_Էս մութ անտառու՞մ ինչպես հայտնվեցի,_մտածում եմ ու հեռվից-հեռու արձագանքի պես լսում եմ.
_Հասմի~կ,Հասմի~կ...
Պահարանից դուրս եմ գալիս տեսնեմ,գիշերվա կեսին մերոնք փողոցներով ինձ են ման գալիս...

Մինա
27.06.2011, 23:50
Միակ իրականությունը ներկան է:Այն ինչ ապրում եմ հենց այս պահին,հիմա:
Ապագայում միայն չիրագործված,անկատար,անշոշափելի երազներս են:
Անցյա՞լս...Անցյալս էլ արդեն իրականություն չէ:Չեմ վիճում,իհարկե,անցյալիս շնորհիվ եմ այն ինչ հիմա եմ ,բայց միայն այսքանը:
Գրում եմ,կարդում եմ,համտեսում եմ,զգում եմ,տխրում եմ,սիրում եմ,ապրում եմ...
Ապրում եմ ակընթարթի գեղեցկությունը...


http://www.youtube.com/watch?v=65oby_nanL4&feature=related

Մինա
01.07.2011, 22:35
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում....



Բարձահասակ չէր:Թուխ,համարյա մանկական դեմքին խոշոր,մուգ ծերացած աչքերը տարօրինակ տպավորություն էին թողնում:Սեղմած շուրթերի արանքում թաքնված ատելությու՞ն էր,թե՞ բացահայտ արհամարանք շրջապատին ուղղված:Ավտոբուսի ամեն ցնցումից քամուց քշված աշնան տերևի պես թեքվում,ճկվում էր,դիտմամբ ընկնելով ուղևորների վրա ու տված անախորժությունից թաքուն հրճվելով , հետն էլ բարձրաձայն ,հայերենով հայհոյում էր.
_Ես ձեր մերը...
Ակընհայտ զզվանքով ու ատելությամբ կողքինները այս ու այն կողմ էին ցրվում,քթի տակ դժգոհ փնթփնթալով:
_Մեր թափթփուկները մեզ քիչ էին,սրանք էլ լրացնելու եկան,-համբերությունը կորցրած ճաղատ,բազուկի պես կարմրած հաստլիկը թաշկինակով արագ-արագ սրբում է քրտնած ճակատը:
_Ես քո քաչալ...,-նորից է հայհոյում արդեն չգիտեմ ինչու ինձ համակրելի դարձած անծանոթը:
_Ես քո քաչալ...
_Լսիր,-մոտենում եմ,_ինչու՞ քեզ արժանավայել չես պահում:
Զարմացած նայում է երեսիս, զզվանքի կամ ատելության նշաններ ապարդյուն փնտրելով:
_Հա՞յ ես,-արտասանում է ի վերջո,փլվելով կողքիս ազատ նստատեղին:
Ինձ ճանաչող ուղևորներից մեկը քմծիծաղով իմ կողմն է նայում,կողքինին ինչ-որ բան շշնջալով.
_Ես էդպես էլ գիտեի,որ դու մի բարի պտուղ չես,-գոռում է նրա հայացքը իրավացի լինելու հաստատ հպարտությամբ:
_Հա,հայ եմ:Ինչու՞քեզ չես պահում այնպես ,որ կողքիններդ չամաչեն հայ լինելու համար,_շարունակում եմ:
Բնազդաբար զգալով համակրանքս,ձեռքը դնում է ծնկիս:Դուրս չի գալիս:Տեսնելով դեմքիս դժգոհ արտահայտությունը,լուռ գլխիկոր հեռացնում է ձեռքը,խոնարհած հայացքի տակից հարցնելով.
_Անունդ ի՞նչ է:
_Աննա,_ստում եմ առանց մտածելու,_ծխու՞մ ես:
_Կասյա՞կ,_աչքերիս մեջ պատասխանը փնտրելով ,փորձում է հերքել անհաջող:
Շաղված հայացքի մեջ,համարյա մանկական դեմքին տարակուսանք կա:
_Փող ունե՞ս,_հարցնում է ի վերջո:
_Չունեմ,_կտրուկ պատասխանում եմ,-սովա՞ծ ես:ՈՒտելու բան կտամ,բայց փող չունեմ,_նրան եմ մեկնում խմորեղենի տուփը:
_Աննա ինչ լավն ես,_ծերացած աչքերի մեջ խլրտոց եմ նկատում:
_Ես իջնում եմ ստեղ ,արի միասին իջնենք,_փորձում է բռնել ձեռքս,_Աննա ես սիրում եմ քեզ:
Ինձ ճանաչող ուղևորը հաստատ արհամարանքով անհույս ճիգեր է գործադրում ,փորձելով քաղաքակիրթ անտարբերի կեցվածք ընդունել,բայց բամբասանքի գայթակղությունից ականջի է վերածվում:
_Քեզ հանգիստ պահիր,_անհարմարությունից քրտնում եմ,_լսու՞մ ես:
Նարեկիս տարիքին հազիվ լինի:
Համարյա մանկական դեմքին ծերացած հայածքը ավտոբուսից դուրս է մնում:
_Աննա,_հևալով վազում է ավտոբուսի հետևից,խփելով պատուհանի ապակուն,_Աննաև,ես սիրում եմ քեզ ....

Մինա
28.01.2012, 23:50
Էմուլիկը ընկերուհիս չէր,բայց շատ հաճախ էինք նույն շրջապատում հանդիպում:Բարձրահասակ,երկար մազերով ,հրաշագեղ էակ էր կանաչամոխրագույն վամպիրային հայացքով:Մաշկը շիկնած մարմարի ճերմակությունն ուներ ու նոր հասած ծիրանի թարմությունը:Մի խոսքով չուտեիր ,չխմեիր ,բերանդ բացած երեսին նայեիր մինչև էմուլիկի բերանը բացվելը:Ներվերս իրար էր տալիս էս աղջիկը բերանը բացելուց:Կամ տուրիստի տներից,ապրանքներից* էր խոսում,կամ էլ իր տղամարդկանց մոտ ունեցած հաջողություններից:Հա ,հարցը ասելու ձևն էր երևի,ոչ թե բովանդակությունը:
_Տրոլիկով գնում էի,հիշեցի ծելիկը միացրած եմ թողել,տրամս նենց ընգավ...,-էս ոճով կճռճռար ժամերով:Ինչքան էլ համոզում էի ինքս ինձ ,որ իրավացի չեմ,միևնույն է նյարդերս ծփքեր էին դառնում որոշ ժամանակից:Մի օր էլ հերթական ճռճռալուց(երեխեք նենց մի հատ Մերսիիիկ եմ կպցրել...Մերսիկ`Մերսեդեսով ինչ որ մեկը)չդիմացա:
_Ինչ ես է ջարդ ու կտոր լինում,-ասում եմ,-գրազով դուրս գանք փողոց ,տեսնենք քեզ են նայելու,թե ինձ?,-Գրազն էլ տարվողը բոլորի փոխարեն վճարում է սրճարանում,ինչ էլ որ պատվիրեն:
Ձեռնոցն արդեն նետել էի,ինչքան էլ հետաքրքիր արտաքին ունենայի,ես ուր,Էմուլիկն ուր:Ոնց որ Մերսեդեսը Ժիգուլու հետ համեմատես կամ ազնվացեղ ձին`պոնիի:Սպառազինված մեր արտաքինով դուրս ենք եկել հիմիկվա Մաշտոցի պողոտա`մենք առաջից,մյուսները ետևից,որ տեսնեն դիմացից եկողների հայացքը:Հիմա չգիտեմ,բայց էն թվերին տղամարդու աչքերի մեջ նայելն արդեն չլսված հանդգնություն էր,իսկ աչք-ունք շարժելը արդեն սենսացիա:Քայլում ենք,Էմուլիկը դիմացիններին է նայում ու չի տեսնում,որ ես քայլում ու դեմքով էլ ծամածռություններ եմ անում:Դիմացից եկողները համ դիմացից են ինձ նայում,համ էլ թափով շուռ են գալիս,ետևից են նայում:Երևի հարկ չկա նկարագրելու ,թե Էմուլի քիթը պարտությունից ինչպես էր գետնին հասել:
Մի լավ տժժժժժացինք էդ օը:Էդպես մեկ էլ մի անգամ էինք ի սրտե ուրախացել,երբ ...:Դե դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է...


Տուրիստի տներից,ապրանքներից*-մեր ժամանակ խանութներում կարգին ապրանք չէինք ճարում,մենակ ձեռքի վրա կամ լավագույն դեպքում տակից էինք մի բան գտնում:

Մինա
19.02.2012, 21:07
Վերջերս նոր զբաղմունք եմ գտել:Ընտրում եմ իմ ուշադրությունը գրավված,իմ կողմից սիրված կամ ինձ զարմացնող Ակումբի անդամին ու փորփրում եմ գրառումները:Տարօրինակ հարազատության զգացում է մնում վերջում,մի տեսակ թեթևացած,լիցքաթափված եմ զգում ինձ ,չգիտեմ ինչպես բացատրել:Կարծես ինձ են հասկանում,ոչ թե ես` իրենց:ՈՒ հիմա հերթական անգամ ապրելով տպավորություններս ,մտածում եմ .իմ օրագիրը կարդացողը արդյո՞ք կունենա ինձ ճանաչելու տպավորությունը:Չեմ կարծում:
Ե՞րբ այսքան ինքնամփոփ դարձա:

Մինա
16.05.2013, 11:10
Չգիտեմ դատարկվա՞ծ եմ ինձ զգում,թե՞ լիարժեք,ինքս իմ եսերի հետ ընդհանուր հայտարարի եկած,ներքին ներդաշնակության հասած,որ կիսվել,գրելու ցանկություն չունեմ:Երևի ,այնուամենայնիվ,ինքս ինձանից հագեցածի բավարարվածություն կկոչեի ներկա վիճակս:Անհամեստ է թվում առաջին հայացքից,եթե հետադարձ հայացք չձգեմ անցյալիս,երբ սխալներս չէիՆ ներվում ու խոշորացույցի առաջ բծախնդրորեն զննվում ,տնտղվում ու արածս ամեն սայթակման համար քննության էին ենթարկվում աշխարհի ամենապահանջկոտ ու անսիրտ ատյանի`եսիս առաջ:Սկսել եմ սիրել ինձ`միակիս,մինուճարիս:

Մինա
23.05.2013, 07:32
Ախ էս լակոտս,իր արարքներով մորս հանդեպ իմ արածներն է հիշեցնել տալիս:Ցավում եմ :
Ցավում եմ արդեն արածիս գիտակցությունից ու որևէ բան փոխելու անզորությունից:
Մամ ջան,ցավդ տանեմ,կներես:

Մինա
24.05.2013, 08:38
Հա,ուրեմն էն տարվա մայիս ամսին իրոք ձյուն եկավ,ու հիշողություներս չեն,որ դավաճանում են ինձ:
21 տարեկան էի,էդ ո՞ր թիվն էր,դե Նարեկիս ծնվելուն դեռ երկու տարի կար,ուրեմն 91:Արել էի արդեն ինձ հասանելիք հեղափոխությունը,թքել հասարակության կարծիքի վրա ու հեռացել էի տանից`ընդմիշտ:ՈՒղիղ երկու ցուրտ,սոված ,վտանգավոր ու զրկանքներով լի տարի ձգվեց ընդմիշտս:Արդեն հասցրել էի էդ ընթացքում ամուսնանալ`առանց ծնողներիս օրհնության իհարկե, և ուր որ է Նարեկիս էի ունենալու,ուրեմն փարիսեցիների շրջանից ներս ոտքս դնելու անցաթուղթն արդեն ձեռք էի բերել:Բայց այսօր շրջանին չեմ անդրադառնա:
Ապարանին մոտ ,դպրոցի ուսուցիչներին հատկացված տուն էր հասցրել ինձ նախախնամություն կոչվածը:Հիմա չգիտեմ,բայց վարձով տուն էն թվերին աղջիկների՞ն ...Ի՞նչ ես խոսում:Ո՞ր նորմալ,տան աղջիկը առանձին ապրելու ու տուն վարձելու իրավունք ունի:Մի խոսքով ,Ապարանին մոտ գյուղում եմ, մայիս ամսին,բացի հագիս շորից ուրիշ ոչինչ չունեմ հետս,մրսել, հիվանդացել եմ ու ձյուն է գալիս:Տաքության մեջ տժժում եմ,դասարանցիներս են եկել`Գոհարիկս,Կարենս,Արմենը,դե եկել են էլի լրիվ շրջապատովս:Եկել լցվել են սենյակով մեկ,իրար հետ կայֆեր,կատակներ են անում,իմ ներկայությանն էլ` լրիվ անտարբեր:Ծարավ սատկում եմ,-Ջու՜ր,-նվաղած ձայն եմ տալիս,սրանք էլի իրանց հիմար կատակներն են անում,հա հա հա,հի հի հի,ինձ էլ բանի տեղ դնող չկա:-Մի քիչ ջուր տուր,այ կավե գլուխ.-Կարենին եմ դիմում գոռալով արդեն ու ձայնիցս սթափվում եմ:Սենյակում մենակ եմ,վառարանի ծխնելույզն էլ ուժեղ քամուց կոտրվել ու ամբողջ ծուխը լցվել է սենյակ:
Պիտի նշած լինեի էդ օրը,որ երկրորդ անգամ ծնվեցի,բայց не до этого было:Միայն հիշում եմ,որ մայիս ամիսն էր ու ձյուն էր գալիս:

Մինա
01.06.2013, 12:01
Մի բան հաստատ ուզում եմ:Չգիտեմ ինչ,բայց տեղս չեմ գտնում էսօր:Տագնապախառը զգացում ա մոտս:Վատ կանխազգացում ասե՞մ,թե ինչ որ անբավարարվածություն:Այ հենց էդ անբավարարվածությունն էլ կոկորդիս դեմ ա առել ու չի թողնում նորմալ շնչեմ:

Մինա
08.06.2013, 05:42
Քեզ կորցնելու վախից է, հավատա, անտարբերություն չի լռությունս:Բա ի՞նչ, մենք էլ մեր վնուշկեքն ունենք, հետո՞ ինչ, որ շատ համարձակի ու ինքնավստահի կեցվածք ենք ուզում ընդունել:Դա էլ երևի ինքնապաշտպանության մի տեսակ է:Հա, հենց քո ծակոտ քնքշությունից եմ գուցեև պաշտպանում զիս, չի կարո՞ղ պատահել:

Մինա
27.06.2013, 11:07
https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/1003425_459804144109814_1773827394_n.jpg

Վերջերս հետս ընկերություն չեմ անում, ավելին`ամենքս մի անկյուն ենք քաշվում, անհոգ անտարբերությամբ աշխատելով չնկատել մեկս մյուսի գոյությունը:Ճիշտ է, պահեր են լինում, երբ բռնացնում եմ թաքուն ծիկրակող հայացքս իմ կողմն ուղղված, բայց նորից քաղաքակիրթ անտարբերությամբ ձևացնում եմ, որ պատահական, թափառող հայացք էր եղած-չեղածն ընդամենը ու կրկին ներփակվում ենք յուրաքանչյուրս իր տարածության մեջ`մեզ համար անախորժ ու ատելի:

Մինա
30.06.2013, 10:17
ՈՒրիշի տեղում, ուրիշի կյանքն եմ ապրում:Հա, հաստատ:Տունս, քաղաքը` որտեղ ապրում եմ, ընտանիքս ամեն ինչ ճիշտ տեղում է, ավելին չեմ էլ երազում, բայց գրողի տարած աշխատանքս`ես չեմ էլի, հո զոռով չի:Ժամանակին գոնե լավ վճարում էին, շատ լավ, հիմա`գրողը տանի, զզվել եմ արդեն:Զոհի հոգեբանություն է, քեզ տանջում են, իսկ դու նորից ու նորից, դարձյալ ու կրկին գնում ես տանջվելու,երևի մի հետին հույսով, որ էսպես հո չի մնա, մի բան կփոխվի, կգնահատեն, կկասկանան:Գնահատելը գնահատում են, հասկանալն էլ են հասկանում`իմ նման մասնագետի կարիքը շատ ունեն, ավելին`առանց ինձ չեն կարող, հույսեր չեմ տածում, հաստատ եմ ասում, բայց այ վճարելուց...յախկ, զզվել եմ:
Շատ անգամ եմ ինքս ինձ հարցրել`իրոք ինչո՞վ կուզենայի զբաղվել :Վերջերս եմ գլխի ընկել, ես երևի ի ծնե մուլտիպլիկատոր եմ եղել(мультипликатор):Նկարողներից չէ, էն սենյակի, դասարանի, տիկնիկներին ստեղծող, հագուստ կարողներից:Մի բան եմ հասկացել կյանքիս արդեն 43 տարին ապրելուց հետո, այն աշխատանքը,`ցածր վճարվող, տանից հեռու, լիքը դժվարություններով, որ պատրաստ ես կատարել հաճույքով, մեծ ուրախությամբ, առանց նկատելու եղած դժվարություններն ու ստացածդ չնչին աշխատավարձը, այ հենց դա է քո կոչումը:Մի մեծ մուլտիպլիկատոր է ունեցած տաղանդը վատնում չարժեցող, գծուծ, մանրահոգի գործատիրոջ գրպանները լցնելու վրա:Սենց տխուր բաներ, հարգելի ռադիոլսողներ:Եթերում էր ուրիշի կյանքն ուրիշի տեղում ապրող չկայացած մուլտիպլիկատորը:

Հ.գ. Չնայած ո՞վ իմանա, ասում են Christian Dior-ը 40-ից հետո մասնագիտությունը կտրուկ փոխելու շնորհիվ է դարձել Dior:

Մինա
14.02.2014, 19:57
Տարիներն անցան ու, մնաց միայն սիրտս գրասեղանիդ դարակում մոռացված:Չէ, էլ չեմ ցավում, ոչ էլ ներկայությունս եմ ուզում հիշացնել:Վաղուց արդեն հաշտվել ու համակերպվել եմ ինքս էլ հաստատ չգիտեմ ինչին:Պարզապես թող քո ասածով լինի: Սերը դժոխային մեղեդի է, և նրա հնչյունների տակ պար գալ են ուզում նույնիսկ ծեր սրտերը:Քո՞նը, չհասկացա այդպես էլ, թե ինչ էր սրտիդ ուզածը, բայց թող քո ուզածով լինի: