PDA

Դիտել ողջ տարբերակը : Գեա



Գեա
13.06.2011, 13:21
Հազար,չէ',միլիոն հազար ես ասել,
Որ սիրում ես ինձ,
Բայց ոչ մի անգամ հոգիդ չի սիրել:
Հազար,չէ',միլիոն հազար եմ լսել
Այդ սիրո մասին...
Հավատացել եմ միայն մի անգամ,
Ու այդ անգամվա խենթ մտքի համար,
Խաչս ուսերիս բարձրանում եմ ես
Իմ Գողգոթայով,
Ու ճանապարհս ձգվում է երկար:
Կուզեի պարզել,խաչվելն է դժվար,թե՞ խաչի ճամփան:



Մեր Երկար ու ձիգ պայքարից հոգնած`
Ես խոնարհվում եմ պարտության առաջ,
Ու ընդունելով հաղթանակդ գաղջ`
Զենքերս բոլոր դնում եմ ես ցած:
Ու իբրև դափնի, կամ գուցե ավար,
Ինձ քեզ եմ հանձնում, ես անվերադարձ,
Ու խոնարհվում եմ պարոնիս առաջ:
Ի՜մ Մենակություն
Տե՛ս, էլ չեմ կռվում , էլ չեմ վախենում ,
Որ հաղթանակի լպիրշ ժպիտով
ինձ կպարուրես սառը գանձերով:
Ու գլխիս կարգած քո զինակիրը,
Որն անհասկանալի արտաքին ունի,
(Կի՞ն է նա արդյոք,
Թե՞ ամորձատված կեղտոտ ներքինի,
Դատարկությունն է շատերին հայտնի):
Շրջում է անքուն,
Քո ապարանքի իմ խեղճ անկյունում,
Արցունքներս է իսկույն հավաքում,
Որ դրանք հանկարծ աղավնի դարձած`
Ինձ լուր չբերեն,
Թե ջրհեղեղիդ չար ծովից փրկված
Երազանքների ավետյաց երկիր ունեմ ազատված,
Որ Հույսը հանկարծ ոչինչ չիմանա,
Թող նա չիմանա:
Ես չեմ դիմանա,
Էլ չեմ դիմանա...




_Ների՜ր,ների՜ր,ների՜ր,ների՜ր...
Ինչ որ մեկի հառաչանքը քամին պոկեց
Ու պտտեց,
Երբ խտացրեց, լուռ համտեսեց ...
Համից տնքաց,ու փոթորիկ դարձած ոռնաց,
Ինչու՞վերցրեց,այս ի՜նչ արեց,
Ամպին տվեց:
Ամպը մթնեց,աչքը ուռեց, արցունք լցվեց.
Ու երկուսով ամպ ու քամի
Իրար գրկած լաց են լինում ցավն ուրիշի...
Լուսամուտիս կտկտում է հառաչանքը ինչ որ մեկի`
_Ների՜ր,ների՜ր, ների՜ր, ների՜ր...

Գեա
14.06.2011, 22:58
Դռան խուլ թակոց...
-Բարև , այդ ես եմ , ինձ ներս չե՞ս թողնի:
Շեմիս կանգնած է մի խեղճ ծերունի.
Դեմքին հուսահատ փայլող մեծ աչքեր,
Նրանցում վառվող խելագար լույսեր,
Կուչ եկած ուսեր, դողացող ձեռքեր,
Հագին կարկատած, հնամաշ շորեր:
Ծերուկը կանգնած, մոլորված տեսքով`
Հայացքն ուղղել է դեմքիս աղերսով:
Ու հանկարծ կարծես սրտիս խորքերից
Բանտված հուշեր են նոր գույներ տալիս:
Թե ինչպես մի օր, մի խավար գիշեր,
Երբ երազներս խոր քուն էին մտել,
Անձայն, անշշուկ,վախից հևալով
Ես նրանց հերթով սրտից հանելով`
Պարկը լցրեցի , ամուր կապեցի,
Հույսիս շալակը ուժով դրեցի
Ու պահանջեցի`
_Գնա՛ ,-ասացի,_
Ու մինչև իսպառ դրանց չջնջես,
Մտքովդ չանցնի նույնիսկ հետ նայես:
Հիմա պառաված նա հետ է եկել,
Դեմքից տեսնում եմ շա՜տ է տառապել.
_Հը, ի՞նչ կա ասա’, բոլո՞րն են մեռել:
Հոգնածությունից հույսս տապալվեց,
Ու այսպես խոսեց`
_Քո հրամանը ես չեմ կատարել,
Ծաղկեփունջ կապած նվեր եմ տվել:
Մի փոքրիկ աղջիկ խոստում է տվել,
Երազանքներդ բոլոր կատարել...

Գեա
29.06.2011, 12:43
Դու գողացար իմ ապագան,
ՈՒ ինձ մնաց դատարկ ներկան:
Իսկ անցյալը...իսկ անցյա՜լը...
Ես կոտրեցի իմ անցյալը,
Ու անցյալիս փշուրները թևեր առած,
Երամ կապած հեռանւմ են, հեռանու՜մ են...
Ինձ թողնելով դատարկ ներկան ...

Գեա
30.06.2011, 10:55
Այս էլ ո՜ր անգամ,
Բռնի քարշ տալով` հուշերս բերել
Հոգուս այն միակ փակ դռան առաջ
Ինձ դեմ են արել,
Որի ետևում` լույսի պակասից
Փոթորիկ դարձած `հույսս եմ բանտել,
Այս էլ ո՜ր անգամ...
Նրանք հիշում են , դեռ չեն մոռացել,
Դռան ետևում տարիներ առաջ Գարունն է շիկնել,
Արևից թափվող ոսկի անձրևներ...
Շողածամ Լույսի փայլից խենթացած,
Այնտեղ գիժ Հույսս պարտիզպան դարձած,
Վարդեր էր տնկել,
Որ օրից հոգնած հենց Լույսը քնի,
Գաղտնի, անշշուկ նրա մոտ մտի,
Ու սիրելիի մազերը ոսկի
Վարդի թերթերով թաքուն զարդարի:
Օրերից մի օր, չգիտեմ ինչու՞,
Հույսի գորովից կամակոր Լույսը հանկարծ նեղացավ,
Ու մի առավոտ, երբ խեղճը հոգնած
հենց նոր էր ննջել, թողեց հեռացավ:
Լույսի կարոտից հուսահատ Հույսը դանդաղ ցնորվեց:
Դե ես էլ մի կերպ խենթ սիրահարին
Հոգուցս քշել,մի մութ անկյունում վանդակն եմ գցել,
Ու փշեր դարձած վարդի թփերն էլ պահակ եմ կարգել:
Միայն երբեմն արևածագին, լույսի վարսերից թերթեր են պոկվում,
Ու հուշեր դարձած` հոգուս անկյունում լուռ լաց են լինում…

Գեա
13.07.2011, 22:20
Իմ մոլորակի երկնակամարից,
Դեպի հավերժը տանող կածանով,
Մի աստղ սահեց,
Ու վերջին ճիգով բոցավառվելով`
Լուռ ափսոսանքի հառաչը սրտում,
Դանդաղ նվաղեց:
Պահապան աստղի լույսի պակասից
Տիեզերքն իմ հոգու մի բուռ դարձել,
Որբի վախեր են այնտեղ ծվարել...

Գեա
21.07.2011, 22:41
Ինձնից կյանք առած իմ երազանքը
Թափառաշրջիկ գնչուի նման
իմ ճակատագրի տափաստաներն է
Անվերջ չափչփում:
ՈՒ այդ թակարդից լուռ ելք է փնտրում:
Իմ երազանքը շրջմոլիկ դարձած`
Երբեմն հույսի կայծից բռնկված,
Բոցավառվում է կրքով հավատի,
Ու երազում է , ա՜խ երազում է ,
Որ դուրս կպրծնի վանդակից բախտի,
Ու արև դարձած`իր լույսի ուժով
Հրավառության շողեր կվառի
Մութ անկյուններում լաբիրինթոսի:
Սակայն, երբեմն, անվերջ թվացող
Դեգերումների ճանապարհները,
Խորամանկորեն ոլորան դառնում,
Ու մի հերթական փակուղու առաջ,
Լուռ վերջ են գրում:Ու այդ ժամանակ
Խեղճ երազանքս ծնկում է հանկարծ
Ու արտասվում է հույսը կորցրած:
Այդ արցունքները տատասկներ դառել
Ու կասկածանքի մեծ անապատ են հոգուս մեջ ծնել:
Այս անապատից պետք է ազատվել:
Ես որոշել եմ վախի , անհույսի մոլախոտերից
Սիրտս քաղհանել, մի տեղ կույտ անել,
Հույսի կայծքարով մեծ խարույկ վառել:
Ես որոշել եմ երազս փրկել...

Գեա
24.07.2011, 13:24
Մթից հալածված թիթեռի նման,
Արևածագի տեսիլքով վառված,
Իմ ցնորքներում քեզ արև տեսա,
Դու`գիշերային հերթական խաբկանք,
Մի կիսաավեր, մոռացված լամպիկ,
Լույսի տեսիլքով հրապուրելով`
Ինձ քեզ մոտ բերիր,ու դահիճ դարձած`
Երազանքներս բոլոր այրեցիր...

Գեա
02.09.2011, 11:01
Սիրտդ այնքան լայն էր, որ այնտեղ ընկնելով մոլորվել եմ , ու հիմա ելք եմ փնտրում այդ անդունդից դուրս պրծնելու համար:

Գեա
23.09.2011, 20:42
-Իմ սե՜ր իմ երա՜զ, սիրու՜մ եմ ...
-Այո՞ ..., սերս ես տենչու ՞մ.
-Ու այն էլ ինչպե՜ս ...
-Ինչի ՞ ես պատրաստ հանուն երազի:
-Կտամ ամեն ինչ...
-եթե իմանաս որ սատանայի ծառան եմ դարձե ՞լ,
-Հոգիս կծախեմ ես այդ վիժվածքին, միայն քեզ փրկեմ,
-Եթե գրկիդ մեջ սիրե ՞մ ուրիշին...
-Եթե ի՜մ գրկում ...ես կույր կլինեմ,
-Թե իմ աչքերում ուրիշի վառած հուրը նկատե ՞ս,
-Իմ ներսում վառվող խանդը կմարեմ, աչքդ կպաչեմ,
Եթե իմ գրկու՜մ ...հավետ կլռեմ:
-Հավետ կլռե ՞ս, թե սերդ դարձնեմ ես շատ թունդ գինի
Ու վհուկների մեծ խրախճանքի սեղանի հոգի,
Եթե հասկանաս, որ անփութորեն նրա տարերքը
Դարձրի մատչելի, բոլորին հայտնի,ու ծիծաղելի,
-Կտանեմ և դա...
Սերս ես տենչու ՞մ , այն չե՛ս ստանա:
-Ինչու ՞,ա՜խ ինչու ՞...
-Իմ սերը, նայի՛ր, ըմբոստ հոգու պես ճախրում է վերում,
Աստղերն է խառնում անհուն տիեզերքում,
Քոնը`թևատված երազի նման սողում է վարում ու սեր է մուրում,
Իմ սերը, գուցե, իր նմանակին այնտեղ չգտնի
Ու... դանդաղ մարի:
Բայց ստրուկը նրան երբե՛ք չի տիրի...

Գեա
10.11.2011, 12:31
Փախստական ենք:
Մենք երկուսս էլ ուզում ենք կորել
Դատարկությունից:
Դու դիսոցվել ես երգ ու պարերի
Ժխոր աղմուկին:
Ես հեռացել եմ,
Սուզվելով իմ մեջ`
Տարալուծվել եմ տիեզերքի ձայնին:
Բայց ուր էլ փախչենք,
Հայտնաբերվել ենք
Ու դատապարտվել...
Դու` դատարկության հոլանի գրկում
Արգենտինական տանգո պարելուն,
Իսկ ես` անտաղանդ լռության գրած
“Մենություն” երգը
Լուսնի երեսին լուռ կաղկանձելուն...


http://www.youtube.com/watch?v=i5tc57Gmfjw

Գեա
12.11.2011, 12:26
Կանգնի ՛ր ժամանակ,
Մի փոքր հևա:
Այդքա ՛ն անտարբեր,
Այդպե՜ս ճշգրիտ,
Հենց ականջիս տակ
Ծղրիդաերգդ էլ մի ճռճռա:
Կանգնի ՛ր ու հևա...

Ես շա՜տ գործ ունեմ:
Օգնիր, հասցնեմ:
Դեռ պետք է այրված կամուրջների տեղ,
Անցած ու գալիք օրերիս միջև նորերը գցեմ:
Դեռ պետք է ջարդված թևերս բուժեմ,
Որ կրկի՜ն ճախրեմ:

Օգնի՜ր, հասցնեմ չարած գործերս,
Ապրեմ հույզերս, գտնեմ հույսերս,
Անէությունից փրկեմ գեներս:
Օգնիր, հասցնե՜մ...

Դե՛հ, մի պահ կանգնիր,
Գոնե դանդաղիր,
Գուցե՞ հասցնեմ
Ցավս քեզ պատմել,
Ու քեզ բացատրել,
Անգոյությունից`
Ավերջ, անդադրու՜մ,
Չծնված ձագիս մայունն եմ լսում,
Անցած, թե ՞գալիք խաչուղիներում
Նա ինձ է սպասում:
Կանգնի ՛ր, որ գտնեմ,
Օգնի ՛ր, որ փրկե՜մ,
Խնդրում եմ, հևա՛,
Հևա՜, որ...փրկվեմ:


http://www.youtube.com/watch?v=LFBijDU8PpE

Գեա
27.01.2012, 20:40
Այսօրն էլ ծնվեց, ապրեց իր դարը,
Ու հիմա դանդաղ, անձայն մարում է :
Չգիտեմ ինչո՞ւ ...
Ինձ չի թակարդում քո առավոտը:
Տե՛ս... աստղ ծաղկեց...
Ա՜խ, ես պաշտում եմ քո հոգևարքը:

Գեա
12.02.2012, 01:03
Հիմա մտքերով քո հետ եմ: Ի՞նչ ես անում, կա՞ս ,չկա՜ս: ապրու՞մ ես , թե՞ մարեցիր` այդպես էլ չհասցնելով ոչինչ տալ աշխարհին:
Երազ տեսա, մաշված ու կեղտոտ շորերով էիր,անսափրվել,կարմարած աչքերով:Էլի սիրտս ծակեց, էլի ոտքերս դողացին, ուրեմն այդպես հա՞, ուրեմն նույնիսկ բաժանումը ոչինչ չտվեց ... Վեր թռա ... Քնած էի ...Աստված տա սուտ երազ լինի, Աստված տա...Մտքերով քեզ հետ եմ,զգում եմ քեզ, չգիտեմ մարել ես, թե դեռ շնչում ես, բայց հաստատ գիտեմ հենց հիմա զգում ես, որ մոտդ եմ ու լուռ արտասվում եմ մեր...է՜հ :
Տեսնու՞մ ես, հեռանում-հեռանում, բայց այդպես էլ մնում եմ: Մնում եմ, իմ մի կաթիլ արցունքով ու անսահման աղոթք-խնդրանքով.
Սուրբ Աստվածածինը քեզ օգնական ու հենարան լինի: Ներիր, սպառվելուս համար...
Իսկ մենք դեռ հաստատ կհանդիպենք...այն կյանքում:
ՀԳ Իմ քաղաքում անձրևները չեն դադարում...

Գեա
24.02.2012, 00:09
Մայրամուտ է...
Ու արեգակը անհույս է այնքան,
Որքան այս պահին իմ մեռնող սերը,
Որի չորս կողմում
Վհուկներ դառած զառանցանքերս`
Արևամուտի ցավով բռնկված,
Մերկ գալարվում են ցնդած շուրջպարում:
Վհուկներ դառած գիժ երազանքներ...
Օդս լցրել եք անհույս ցնորքով...
Ու ես փաթաթված հոգևարքի մեջ ցնցվող միակիս`
Անհայտությանը աղոթք եմ լացում...
“...Թե կարողանաս արև նվիրել,
Նրա շողերից հյուսված կամրջով
Կարոտից հիվանդ սիրտս` հևիհև
Կհալվի քո մեջ...”

Գեա
31.03.2013, 13:43
Հիշո՞ւմ ես այգու ծերուկ բալենուն,
Կանգնած էր հեռվում,
Ամեն գարնան հետ սպիտակ էր հագնում:
Ու բուրում էր, ա՜խ, այնպես էր բուրում:
Քանի՜անգամ ենք թաքուն համբուրվել նրա ստվերում:
Գիտե՞ս, էլ չկա, նրան կտրեցին դեռ անցած աշուն:
Երեկ, երազիս, ինձ հյուր էր եկել ընկերը մեր հին:
Չգիտեմ ինչո՞ւ, նա քեզ էր փնտրում:
Հետո հասկացա, թե ինչ էր խնդրում:
Արի՛ հանդիպենք…
Գոնե երազում թող ծաղկի կրկին ծերուկ բալենին:

Գեա
30.06.2023, 16:06
Արի խոստանանք,
Որ հաջորդ կյանքի
Ամռան մի տաք օր,
Արևամուտից հինգ րոպե առաջ,
Շատ պատահական
Իրար կգտնենք
Մալեկոնի տաք ավազների մոտ։

Արի խոստանանք,
Որ այդ երեկո
Հազար մարդու մեջ
Դու կճանաչես իմ տաք ժպիտը,
(Այն քո համար էի այս կյանքում պահել)։
Ես՝ քո աչքերը,
(Այս կյանքում դրանք իմ կողքով անցան)։

Արի՜ ես ու դու
Պայմանավորվենք,
Որ հաջորդ կյանքում
Հենց որ հանդիպենք
Մալեկոնի տաք ավազների մեջ,
Քեզ կկախարդի իմ կարմիր շորը․․․
(Այդ շորը այստեղ անհագնել մնաց)։
Ինձ քո՝ արևից խանձված ուսերը․․․
(Ոչ ոք ինձնից տաք դրանք չի գրկի)։

Արի խոստանանք,
Որ հաջորդ կյանքում,
Ինչ-որ մի տարվա
Հուլիսի հինգի արևամուտին
Հենց որ հանդիպենք
Մորրո ամրոցի աշտարակի մոտ,
Վելասկեսի տաք հնչյունների տակ
Ձեռք ձեռքի կտանք
Ու կմիանանք ննջող արևին։
Դու՝ լայն ժպիտով,
Ես՝ թաց աչքերով․․․

Արի հենց հիմա իրար խոստանանք ,
Որ հաջորդ կյանքում
Ես չեմ խճճվի, դու չես մոլորվի,
Որ չենք ուշանա․․․