PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Վերջին ձմեռը...



tvsevak
30.05.2011, 21:28
Վերջին ձմեռը...
(պատմվածք)

Եվ այն սիրով, որ անծանոթ այս մանչուկն էր ինձ փարվել, ես միշտ ուզել եմ քեզ ամուր գրկել... Այն, ինչ արեցիր դու ինձ համար իմ մանկության տասն և ավելի տարիների ընթացքում, անհատուցելի է... Ես միշտ ուզել եմ մի լավ բան անել քեզ համար, միշտ ուզել եմ ասել, որ անկախ ամեն ինչից, ես քեզ ընդունում ու սիրում եմ... Այս ամանորին էլ մեր տանը չես լինի... Դա էլ եմ հասկանում... Քո օրինական ընտանիքը, քո օրինական աղջիկը, ամանորը... Իսկ ե՞ս... Մի ժամանակ ես ատում էի քեզ, անկեղծ, ուզում էի, որ մեռնեիր, նույնիսկ մտածել եմ քեզ թույնել... Չգիտեմ, մի տարիք էր դա... Քո մասին ինձ միշտ էին հարցնում ու բոլորը... Դա էր ինձ ճնշում, չէ, ճնշելը թույլ բառ է, դա էր ինձ սատկացնում... Ընկերներիս ասում էի, որ մեր բարեկամն ես, հետո դարձար քեռիս, հետո... Հետո արդեն մեծ էի ու էլ չէին հարցնում... Բայց դա ինձ չէր փրկում, արդեն ամեն ինչ լուռ էր ու ավելի ատելի... Անընդհատ ուզում էի արդարանալ, քո մասին մեծամտորեն էի խոսում, որ չմտածեն, թե քեզ հարգում կամ սիրում եմ... Բայց հիմա... Այս ամենն ինչ ունեմ, այս լավ, ազնիվ ընկերները, այս հրաշք աղջիկները, որոնք ընկերոջ նման են, որոնք քույր էլ չեն, այս խոսելաձևը, քայլվածքն անգամ ու մտածելակերպը քո շնորհիվ է... Այդ բոլորը քոնն է... Այն բազմաթիվ պատմությունները քո կյանքից, պատմությունները կյանքի մասին, որոնք, կարծում էի, թե մորս մոտ հպարտանալու համար ես պատմում, ինձ տվել են ավելին, քան հինգ տարի իմ ինստիտուտը... Մայրս երբեք ծաղիկ չէր ստացել, ու ես հիմա հիշում եմ քո անընդհատ ծաղիկները, թեկուզ ոչ տոներին... Ախր հիմա էլ ես եմ դարձել քեզ պես... Դա էլ եմ սովորել... Մենք միասին գնում էինք ու երշիկներ էինք ցրում խանութներին, ես ձմեռային կոշիկներիս մեջ տոպրակներ էի հագնում, որ չմրսեի, քո առած տաք վերարկուի վրայից շարֆ էի կապում ու տաք գլխարկ դնում, բայց էլի մրսում էի ու մտքումս հայհոյում քեզ... Հիմա եմ հիշում քո հագի միակ ու մշտական բարակ աշնանային բաճկոնակն ու կոշիկները... Այժմ ես կարող եմ հարյուր հազարավոր ցուրտ ձմեռների ու հարյուր մետրանոց ձյուների միջով ոտաբոբիկ վազել... Հիմա ես չեմ կարող ամեն օր չսափրվել ու կեղտոտ կոշիկներով փողոց դուրս գալ... Հիմա ես գիտեմ, թե ինչու տղամարդը միշը պետք է գոտի կապի ու ամեն առավոտ սառը ջրով լվացվի... Քո պատճառով ես տնից փախա մի օր... Մայրս եկավ հետևիցս, լացեց, ես վերադարձա... Դրանից հետո երկար ժամանակ դու չեկար... Փոխարենը մայրս էր ամեն օր գալիս, որ փող տայիր... Որ լույսի վարձը մուծեինք, դպրոց «ֆոնդի փող» տանեի, երթուղայինի փող ունենայի... Գիտես, միշտ բոլորը հավանել են իմ արած խորովածը... Գիտե՞ս ինչու, որովհետև միշտ քո պես եմ արել... Հիշու՞մ ես, մի օր պարտադրեցիր խորովածը ես անեմ, իսկ ես կյանքումս չէի էլ տեսել, թե ինչպես են անում ու կրակի վրա դրեցի հազիվ շշերի վրա մնացող մսերն ու ողջը վառեցի, սևացրի, տո ես շա՞տ եմ իմանում, թե ինչ արեցի... Դրանից հետո կանգնեցրիր կողքիդ ու սկսեցիր սովորեցնել, նախ, թե ինչպես են միսը կտրտում, ինչպես են ճիշտ «բաստուրմա» դնում, ինչպես են շարում, որ հավաք լինի, չկախվի, ոնց են փայտերը շարում ու երբ են դնում միսը կրակին... Ես զզվում էի ամառվա շոգին կրակի կողքը կանգնելուց ու անընդհատ հայհոյում էի քեզ, ուզում էի, որ էլ երբեք գործերդ լավ չլինեն, որ խորոված չանենք... Առաջին շիշը քաշում էինք միասին, օղի էիր լցնում, հետո, երբ նստում էինք սեղան, տալիս էիր խորովածի տակի լավաշը, իսկ ես զզվում էի թաց լավաշից... Ընկերներիս էիր կանչում տուն, իսկ ես ավելի էի նեղվում... Հետո, երբ «բինգոները» նոր էին բացվել և ընկերս մի օր քո մոտ բողոքեց, թե մեզ չեն թողնում ներս, դու եկար մեզ հետ, ու թեև մինչև 18 տարեկաններին մուտքն արգելված էր, դրանից հետո մեզ ամեն անգամ թողնում էին ու այլ 14-16 տարեկանների նախանձալի հայացքների ներքո մենք գնում ու խաղում էինք: Ու բոլորն ինձ սիրում էին, բոլորի համար ես հեղինակություն էի, ես միշտ փող ունեի կոմպյուտերանոց գնալու համար, ի տարբերություն մյուսների, ես կարող էի առանց հարցնելու գնալ քաղաք և ընդհանրապես, անել ամեն ինչ, ինչ ուզում էի... Քեզանից սովորեցի շվեյցարների ու բուժքույրերի գրպանը փող դնելը, մատուցողներին թեյավճար թողնելն ու «աղջիկ խոսացնելը», թե ինչպես պարուհուն կանչել ստրիպտիզ ակումբում ու ինչպես փող դնել: Սովորեցի, թե ինչպես են էլեկտրական հաշվիչը «կանգնացնում», ինչպես են կարտերով ֆոկուսներ անում ու քո ուզած ձևով բաժանում, ինչպես են շուկայում «գին գցում», թե որն է լավ կանաչին, լավ միրգը... Հենց դու ինձ մարդ դարձրիր... Բայց ես միայն հիմա եմ հասկանում, թե դու ով էիր ինձ համար, այս ամանորին, երբ էլի չկաս ու երբ արդեն վաղուց չես գալիս... Հիմա «շաքար» ունես, ոտքերդ էլ աղակալել են, էլ չես կարողանում քայլել, ու ես հիմա, միայն հիմա եմ գնահատում ու ամեն անգամ աղոթում ու եկեղեցում մոմ վառում, որ Աստված քեզ առողջացնի ու երկար կյանք տա... Ես այդպես էլ չասացի քեզ այն, ինչ կար իմ մեջ, դու միշտ մտածելու ես, որ ես ատում եմ քեզ ու այն գիշերվա նման գոռում. «մեռիիի~ր»...

einnA
30.05.2011, 21:53
էս մի տեսակ պոռթկու՞մ էր, մի տեսակ խառը մտքերի շարան, բայց մեջը լիքը ազնվություն կար:

Claudia Mori
30.05.2011, 22:02
Ապրես...

My World My Space
30.05.2011, 22:06
Սևակ ջան մենակ մի բան կասեմ, չեմ կարում կարդամ.... :( մի քիչ enter-ներ արա արանքը, սենց հեչ չի տրամադրում... ;)

Mark Pauler
30.05.2011, 22:14
Հզոր ա...
Դուրս գալիս ա գրելաոճդ...
Հոգեկան ներաշխարհը նկարագրելու յուրահատուկ ոճ ունես:
Հաճույքով կարդացի...
Դեռ ժամանակ չեմ գտնում բլոգդ մի լավ քչփորեմ - բայց հաստատ անելու եմ :)

tvsevak
30.05.2011, 22:16
ԼԱՎ, անպայման: Ես սկսնակ եմ, նոր-նոր եմ յուրացնում ֆորումի կանոններն ու պահանջները, այնպես որ, ներողություն եմ խնդրում թերացումների համար և հայտնում շնորհակալությունս` ուղղումների և նկատողությունների համար :oy

tvsevak
30.05.2011, 22:17
Mark Pauler ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Գեա
30.05.2011, 23:01
գրվածքդ նման էր աղոթքի ,որը համոզված եմ մեզ համար անշոշափելի ու անտեսանելի, բայց իրական ու առկա տիեզերական փոստով կհասնի նրան ում ուղղված էր ու կօգնի ունենալ այն հաստատ համոզմունքը ,որ այս կյանքում իզուր չի ապրել…