PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկնագույն շան աչքերը (Մարկես)



tvsevak
29.05.2011, 10:48
Երկնագույն շան աչքերը
(Գաբրիել Գարսիա Մարկես)

Նա շարունակում էր անթարթ ու ուշադիր ինձ նայել, իսկ ես այդպես էլ չէի կարողանում մտաբերել, թե որտեղ եմ առաջներում տեսել նրան։ Երբ նավթի լամպի թրթռացող լույսի տակ մի պահ շողաց նրա վախվորած ու թաց հայացքը, հանկարծ հիշեցի, որ ամեն գիշեր իմ երազում ես այստեղ, այս սենյակում, այս նույն լամպի լույսի տակ հանդիպում եմ վախվորած աչքերով այս նույն աղջկան։ Դե իհարկե, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, երբ գիշերում անցնում եմ երազների և իրականության, գուցե գոյություն չունեցող, անհաստատ այդ սահմանը։ Շոշափելով հանեցի ծխախոտս, վառեցի, ու ողջ ծանրությամբ ընկնելով աթոռի հենակին, սկսեցի ճոճել այն հետևի ոտքերի վրա։ Դառն ու տտիպ ծուխն օղակներ կազմելով քարացավ օդում։ Ես լուռ շարունակում էի ճոճվել աթոռի վրա, իսկ նա հայացքը կախած, նուրբ, ճերմակ մատներն էր տաքացնում լամպի ապակին գրկած։ Թրթռացող ստվերներն ընկնում ու կարծես դողդողում էին նրա կոպերին։ Ինձ թվաց, թե պարտավոր եմ մի բան ասել անվերջ լռությունը ցրելու համար և մտքիս եկած առաջին իսկ արտահայտությունն անկախ ինձնից թևածեց խավարում.
-Երկնագույն շան աչքերը։ Իսկ նա, կարծես հենց դրան էր սպասում և միանգամից արձագանքեց տխուր.
-Ըհը, այժմ մենք երբեք դա չենք մոռանա։ Հետ նստեց, որպեսզի լամպի լույսն այլևս չլուսավորի իրեն և կրկնեց.
-Երկնագույն շան աչքերը։ Ես դա ամեն տեղ գրել եմ արդեն։ Հետո շրջվեց ու մոտեցավ զարդասեղանին։ Հայելու լուսնանման կլորում հայտնվեց նրա դեմքը, նրա դեմքի օպտիկական ու աղոտ երկվորյակը, պատրաստ ամեն վայրկյան ձուլվելու լամպի անհաստատ լույսին։ Մոխրացած ածխի գույն ունեցող աչքերով թախծոտ նայեց ինձ, ապա հայացքն իջեցնելով բացեց սադափե դիմափոշու տուփն ու փոքրիկ բարձիկով անփույթ թմթմփացրեց քթի ծայրին ու ճակատին։
-Ես այնպես եմ վախենում, որ այս սենյակն էլի ինչ-որ մեկը կտեսնի իր երազում ու ամեն ինչ այստեղ տակնուվրա կանի։ Նա աղմուկով փակեց դիմափոշու տուփն ու վերադարձավ իր տեղը։
-Դու երբեք չե՞ս մրսում,-հարցրեց ինձ։
-Երբեմն…,-պատասխանեցի ես։ Նա սառած ձեռքերը պահեց լամպի վրա և դրանց ստվերներն էլի սկսեցին թրթռալ դեմքին։
-Ես երևի կհիվանդանամ,-դժգոհեց ինքնիրեն,- դու սառցե քաղաքում ես ապրում։ Նավթի թույլ բոցից նրա ճերմակ մաշկը փայլում էր ու դարձել էր կարմրապղնձագույն։
-Դու բրոնզագույն ես,-ասացի նրան,- երբեմն ինձ թվում է, որ իրական կյանքում դու բրոնզե արձանիկ ես թանգարաններից ինչ-որ մեկում։
-Չէ,-պատասխանեց նա,- չնայած, երբեմն ինձ էլ է թվում, որ ես մետաղից եմ, երբ պառկում եմ ձախ կողքի վրա և լսում եմ, թե ինչպես է դղրդում սիրտս։
-Ես միշտ ուզել եմ լսել, թե ինչպես է խփում սիրտդ։
-Եթե իրականում մենք հանդիպենք, դու կարող ես ականջդ դնել կրծքիս ու լսել… Կլսես…Եթե հանդիպենք…։ Նա ձեռքի ափերով գրկեց լամպի ապակին և շշնջաց. «Երկնագույն շան աչքերը։ Ես ամենուր կրկնում եմ այս բառերը»։
Երկնագույն շան աչքերը… Այս խոսքերի օգնությամբ նա փնտրում էր ինձ իրական կյանքում, դրանք յուրօրինակ գաղտնաբառեր էին, որով պետք է ճանաչեինք իրար հազարների միջից։ Նա քայլում էր փողոցներով ու ամենուր, իմիջիայլոց կարծես, կրկնում էր. «Երկնագույն շան աչքերը»։ Ռեստորաններում նույնիսկ, մենյուն ուզելուց առաջ, միշտ շշնջում էր մատուցողներին. «Երկնագույն շան աչքերը»։ Բոլոր քրտնած ապակիներին մատով նա գրում էր նույնը. «Երկնագույն շան աչքերը»։ Ու մարդիկ միայն տարակուսանքով թոթվում էին ուսերը, մատուցողները ժպտում էին բարեհամբույր անտարբերությամբ իրենց։ Մի անգամ դեղատանը, նա երազներից ծանոթ մի բույր էր զգացել և հարցրել էր երիտասարդ վաճառողին. «Մի տղա կա, ում միշտ ես երազում եմ տեսնում և ամեն անգամ նա կրկնում է. «Երկնագույն շան աչքերը»։ Դուք ճանաչու՞մ եք նրան»։ Վաճառողն ի պատասխան ցինիկ հռհռացել էր և անցել վաճառասեղանի մյուս ծայրը։ Իսկ նա անթարթ նայել էր դեղատան նոր, սալիկապատ հատակին և ծանոթ հոտն անընդհատ տանջում ու խուտուտ էր տալիս քիթը։ Չդիմանալով, հանել էր շրթներկն ու սպիտակ հատակին մեծ տառերով գրել. «Երկնագույն շան աչքերը»։ Վաճառողը գազազած հարձակվել էր նրա վրա. «Օրիորդ, դուք փչացրեցիք ամբողջ հատակը, հենց հիմա վերցրեք այս փալասն ու մաքրեք անմիջապես»։ Եվ ամբողջ երեկո, նա ծնկաչոք մաքրում էր հատակն ու արցունքների միջից կրկնում. «Երկնագույն շան աչքերը, երկնագույն շան աչքերը»։ Իսկ դռների մոտ հռհռում էր ամբոխը, որ հավաքվել էր տեսնելու այդ խփնվածին։
Նա լուռ էր, իսկ ես շարունակում էի ճոճվել աթոռին։
-Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել այն արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ։ Երազում թվում է, թե անգիր եմ արել, բայց երբ արթնանում եմ ոչ մի բառ հիշել չեմ կարողանում։
-Բայց դու ինքդ ես չէ՞ հորինել դա։
-Հա, դրանք ծնվեցին քո մոխրագույն աչքերի պատճառով… Բայց ցերեկը, ես չեմ կարողանում անգամ դեմքդ հիշել։
Նա մի տեսակ հիասթափված սկսեց ճկել մատները.
-Եթե միայն, մենք իմանայինք գոնե իմ քաղաքի անունը…։ Դառը ժպիտ գծագրվեց բերանի անկյուններում։
-Թույլ տուր դիպչել քեզ,-ասացի նրան։ Նա հանկարծ հայացքը կտրուկ բարձրացրեց ու սևեռուն սկսեց նայել ինձ.
-Առաջ, դու ինձ երբեք այդպիսի բան չէիր ասում։
-Հիմա ասում եմ։
Նա կրկին կախեց հայացքն ու սիգարետ խնդրեց։
-Ինչու՞ ես երբեք չեմ կարողանում հիշել, թե որ քաղաքից եմ…
-Իսկ ես երբեք` մեր նվիրական բառերը։
Նա տխուր ժպտաց.
-Այս սենյակն իմ երազում էլ է այնպես, ինչպես որ քոնում։
Ես վեր կացա, քայլեցի դեպի լամպը, իսկ նա անհանգիստ հետ քաշվեց, վախենալով, որ կարող է անցնեմ այն անտեսանելի սահմանը, որը մեզ բաժանում էր իրարից։ Ես սիգարետ մեկնեցի։ Նա վերցրեց, կռացավ լամպի բոցի վրա, վառեց, իսկ ես շարունակեցի.
-Չէ՞ որ աշխարհում մի քաղաք կա, որի բոլոր պատերին խզբզած է. «Երկնագույն շան աչքերը» ու եթե ես հիշեմ դրանք, ապա առավոտյան կսկսեմ փնտրել քեզ ամբողջ աշխարհում։
Նա խորը քաշեց ծուխն ու դեմքը մի պահ կարմրեց սիգարետի կրակից, և գլանակը մատների մեջ խաղացնելով, ասաց.
-Հազիվ… Կարծես թե սկսում եմ տաքանալ,- ապա կարծես ինքն իր համար կրկնեց,-կարծես թե… սկսում եմ…,- ու սկսեց մատներով խաղալ լամպի ապակու վրա,- տաքանալ…։
- Դա լավ է,-ասացի նրան,- ես միշտ վախենում եմ, երբ դու մրսում ես։

***

Ահա այսպես արդեն քանի տարի է, մենք հանդիպում ենք ամեն անգամ։ Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։ Քիչ-քիչ համապերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը։
Նա կանգնած է լամպի ետևում ու նայում է ինձ։ Նայում է այնպես, ինչպես առաջին անգամ, երբ երազում հայտնվեցի լամպի լույսով լուսավորված այս անծանոթ սենյակում, ուր միայն մի զարդասեղան կա իր հայելիով և տեսա նրա մոխրագույն աչքերը։
-Ո՞վ ես դու,- այն ժամանակ հարցրեցի նրան։
-Չեմ հիշում…
-Բայց մենք, կարծես թե հանդիպել ենք էլի…
-Երևի։ Դու կարող էիր երազում հանդիպել ինձ ու հենց այս սենյակում…
-Ճիշտ ես,-զարմացա ես,- ես քեզ երազում եմ տեսել։
-Զվարճալի է,- ժպտաց նա,- փաստորեն, մենք երազներու՞մ ենք հանդիպում։
Նա կրկին խորը քաշեց ծուխը, ուշադիր նայելով սիգարետի կարմիր կրակին։ Եվ կրկին ինձ թվաց, թե նա պղնձից է, բայց ոչ սառն ու կոպիտ, այլ տաք ու ճկուն։
-Ես ուզում եմ շոյել քեզ,-կրկնեցի ես։
-Դու ամեն ինչ կավիրես,- վախեցավ նա,- քո հպումը կարթնացնի մեզ և մենք այլևս չենք հանդիպի։
-Դժվար թե,-նեղվեցի մի տեսակ,-հարկավոր է միայն գլուխը բարձին դնել և մենք կրկին կտեսնվենք։ Ես պարզեցի ձեռքս դեպի նա, բայց նա չշարժվեց, միայն շշնջաց.
-Դու ամեն ինչ կավիրես։ Եթե անցնես սահմանն ու գաս լամպի այս կողմը, մենք կարթնանանք աշխարհի տարբեր ծայրերում և կկորենք։
-Միևնույնն է,- համառեցի ես։
-Այս հանդիպումները մեր վերջին շանսն են, չէ՞ որ առավոտյան, մեկ է, դու ոչինչ չես հիշելու…
Ու ես նահանջեցի։ Իսկ նա ձեռքերն էլի լամպի ապակուն դնելով, սրտնեղեց.
-Երբեք չեմ կարողանում մեր հանդիպումներից հետո նորից քնել։ Արթնանում եմ գիշերվա կեսին ու աչքերս այլևս չեն փակվում։ Բարձը կարծես այրում է դեմքս ու անընդհատ խավարում կրկնում եմ «երկնագույն շան աչքերը, երկնագույն շան աչքերը»։
-Շուտով լուսաբաց է,-նկատեցի ես,-վերջին անգամ ես արթնացա ժամը երկուսին և դրանից հետո բավականին ժամանակ է անցել։
Վեր կացա, մոտեցա դռանն ու ձեռքս դրեցի բռնակին։
-Զգույշ,-ասաց նա,- այդ դռան ետևում վատ երազներ են։ Վերջերս ես դուրս եկա այդպես ու դժվարությամբ կարողացա վերադառնալ, իսկ երբ արթնացա, տեսա, որ սրտիս վրա եմ պառկած։
Ես չլսեցի նրան ու բացեցի դուռը։ Փականը հեշտ բացվեց ու մեղմ քամին միանգամից քթիս խփեց վարած հողի անուշ բույրը։ Ես թեքեցի գլուխս դեպի նա ու ասացի.
-Այստեղ միջանցք չկա, ես զգում եմ դաշտի անուշ հոտը։
-Հա, դռան ետևում մի կին է քնած, ով միշտ երազում դաշտեր է տեսնում։ Նա փոքրուց երազել է գյուղում ապրելու մասին, բայց այդպես էլ չի հաջողվել դուրս պրծնել քաղաքի ճիրաններից։
Դռան ետևում երկինքը լուսանում էր և մարդիկ սկսել էին զարթնել։
-Երևի ինձ արդեն սպասում են նախաճաշի սեղանի մոտ, -շշնջացի ես։
Դաշտերից եկող քամին քիչ-քիչ հանդարտվեց, ապա վերջացավ։ Փոխարենը լսվեց քնածի հանդարտ շնչառությունը, ով հենց նոր շրջվել էր մյուս կողմի վրա։ Քամին լռեց, նրա հետ մեռան բոլոր տեսակի բույրերը։
-Վաղն անպայման մենք կճանաչենք իրար,-ասացի ես,- Հիմա փնտրելու եմ այն աղջկան, ով միշտ ամենուր գրում է. «երկնագույն շան աչքերը»։
Նա տխուր ժպտաց, ձեռքերը դրեց լամպի արդեն սառող ապակուն.
-Դու ոչինչ չես հիշի։
Նրա թախծոտ ուրվագիծը սկսեց հալվել առավոտի լույսում։
-Զարմանալի մարդ ես,-ասաց նա,- քեզ տրված չէ հիշել քո երազները…

թարգմ.` Սևակ Գևորգյանի www.sevak.comlu.com

Հայկօ
29.05.2011, 15:38
Շնորհակալություն թարգմանության համար :): Հետաքրքիր կլինի Բ. Պողոսյանի (Rhayader) թարգմանության (http://www.akumb.am/showthread.php/49020-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%A1%D6%80%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD-%D4%B5%D6%80%D5%AF%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%87%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%A8) հետ համեմատելը: Ո՞ր լեզվից ես թարգմանել:

tvsevak
30.05.2011, 00:27
Շնորհակալ եմ: Թարգմանել եմ անգլերենից....... :oy

Հայուհի
30.05.2011, 00:49
Գուցե կողմնապահություն եմ անում, բայց ինձ Բայանի թարգմանությունը ավելի է դուր գալիս :oy

tvsevak
30.05.2011, 01:53
Չէ, գուցե ես էլ հիմա արդարանում եմ, բայց սա իմ կյանքի առաջին թարգմանությունն է և մի փոքր էլ անփույթ եմ գտնվել, կարծում եմ... :oy Եվ հետո, Մարկես թարգմանել ամեն մարդու չի կարելի... Մանավանդ այսքան անփորձ.. Բայց դե, ինչպես ասում են` հրապուրանքն ավելի ուժեղ գտնվեց....

Հայուհի
30.05.2011, 23:32
Չէ, գուցե ես էլ հիմա արդարանում եմ, բայց սա իմ կյանքի առաջին թարգմանությունն է և մի փոքր էլ անփույթ եմ գտնվել, կարծում եմ... :oy Եվ հետո, Մարկես թարգմանել ամեն մարդու չի կարելի... Մանավանդ այսքան անփորձ.. Բայց դե, ինչպես ասում են` հրապուրանքն ավելի ուժեղ գտնվեց....

Դե եթե առաջինն է, շնորհավորում եմ;)

Շինարար
31.05.2011, 00:48
Չէ, գուցե ես էլ հիմա արդարանում եմ, բայց սա իմ կյանքի առաջին թարգմանությունն է և մի փոքր էլ անփույթ եմ գտնվել, կարծում եմ... :oy Եվ հետո, Մարկես թարգմանել ամեն մարդու չի կարելի... Մանավանդ այսքան անփորձ.. Բայց դե, ինչպես ասում են` հրապուրանքն ավելի ուժեղ գտնվեց....

Ինձ շատ դուր եկավ քո գրելը, շատ գրագետ է ու հայերեն, «Ամանորյա հեքիաթն» էլ եմ կարդացել շուտ հայերենով՝ ինչ-որ մանկական ժողովածուում, գուցե հենց քո թարգմանությունն է էլի եղել, մի խոսքով, բնագրերին ծանոթ չեմ, բայց հայերեն այլ տարբերակներին ծանոթ լինելս չխանգարեց քոնոնք կարդալուն: Ես չէի ասի, թե Ռայադերի թարգմանությանը զիջում է քո արածը, բայց ինչու՞ չես էնպիսի գործեր ընտրում, որոնք երբևէ հայերեն չեն թարգմանվել:

tvsevak
31.05.2011, 00:57
Շնորհակալ եմ բոլորիցդ: Եթե անկեղծ, Մարկեսի այս պատմվածքի հայերենը կարդալուց հետո որոշեցի այն նորից թարգմանել: Հզոր գործ ա, կարծում էի կկարողանամ ավելի ճիշտ փոխանցել, բայց եթե անկեղծ, ինքս էլ մի տեսակ գոհ չեմ... Հիմա Բյոլի վրա եմ աշխատում: Ահավոր դժվար է, ահավոր բարդ.. Մանավանդ, եթե հաշվենք, որ գերմաներենն ինքնին բարդ լեզու է, իսկ Բյոլը` անբացատրելի ու ահավոր հզոր... Մանավանդ շունչը... Մի տեսակ չեմ կարողանում, խեղդվում եմ... Ու ես սա չեմ կարող համարել թարգմանություն... Սա ուղղակի հայերեն վերծանում ա .. կամ նման մի բան... Կներեք, ուղղակի վարժություններ են :oy

AniwaR
31.05.2011, 09:44
Չնայած Բայանդուրն իմ մոտ ընկերն է ու քո թարգմանությունը լրիվ չեմ կարդացել, միայն առաջին մի քանի պարբերությունը՝ համեմատելով, ազնվության համար պետք է խոստովանեմ, որ քո թարգմանության մեջ հայերեն լեզվամտածողությունը միանգամից զգացվում է, ինչը շատ լավ է: Այսինքն՝ որևէ տեսարանի նկարագրություն կարդալուց, օրինակ, շատ ավելի արագ է մտքիդ գալիս պատկերը: :)

Ավելի կոնկրետ՝ ես ինքս երբեք չէի ասի «լամպի գլխարկ», քեզ մոտ էդ հատվածն ավելի հաջող էր, կամ հայելու մեջ նայելու հատվածը: :)
Փոխարենը Բայանդուրի մոտ ավելի հաջող է ստացվել օրիգինալի շունչը հաղորդել, իմ կարծիքով, նման բաները լավ է զգում: