PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Արտացոլանք



Kanamar
28.05.2011, 22:30
Սպասում

Աչքերը սառել ճամփեքին,
Այնտեղից դառնալ չեն ուզում,
Կարոտը թառել աչքերին,
Այնտեղից իջնել չի ուզում,
Թախիծը կախվել թևերից,
Նրանցից պոկվել չի ուզում,
Հավատը փակել դռները,
Թակողին բացել չի ուզում,
Ու հույսը բանտել լույսերը,
Նորից արձակել չի ուզում,
Աչքերը լցվել արցունքով,
Այնտեղից թափվել են ուզում…

Kanamar
09.06.2011, 23:51
Հնությունից կարոտս մաշվել է, բայց դեն չեմ գցի,
Լռությունից արդեն համրացել եմ, բայց դեռ չեմ լռի,
Հոգնությունից ոտքերս ծալվել են, բայց ես չեմ ծնկի,
Քեզ փնտրելուց միայն կորցրել եմ, բայց ես չեմ կանգնի:

Քո վերադարձին սպասող երգիս խոսքերը արդեն
Վաղուց հնացել, վաղուց անիմաստ ու փուչ են դարձել,
Ու այսպես անհույս քեզ սպասելու ցավ ու բերկրանքից
Սիրտս ճմլվում, բայց չի դադարում… քեզ երազելուց…

Kanamar
22.07.2011, 12:02
Երբ քայլում եմ ես,ու տերևները
Հիշեցնում են ինձ,որ ամառ է դեռ,
Որ վաղը պիտի արև բարձրանա,
Որ դեռ խաղողը պիտի քաղցրանա,
խնձորով ճյուղը պիտի ցածրանա,
Աշնան գույներից հոգիս խենթանա
Ու այգու ծառին նորից մանկանա,
Ուրախանում եմ,հրճվանքով լցվում,
Օրհնում եմ կյանքը և բնությունը:
Ու հասկանում է իմ թշվառ միտքը,
Որ ձանձրալի չէ նույնիսկ նույն երգը,
Որ լսվում է միշտ նույն սրճարանից,
Երբ դուրս եմ գալիս ծանոթ պուրակից:

Kanamar
06.08.2011, 22:59
Շարքով, շարեշար, դանդաղ, համրաքայլ,
Հանդեսի շարված շարքի պես հատ-հատ,
Իրար հիշելով, մտապահելով`
Անցան մանկության օրերը հանդարտ:

Ո'չ շարք են կանգնում,ո'չ հերթ են պահում,
Իրար հրմշտում,առաջ են անցնում
Անկարգ, խուռներամ,միմյանց մոռացած
Հասուն օրերը տարիներ դարձած…

Kanamar
29.10.2011, 12:47
Ինձ կայարան տարեք այսօր,
Որ ես նստեմ գնացքն իմ հին ,
Արդեն մաշված, պատառոտված տոմսակով իմ
Վերադառնամ, հետ դառնամ տուն:
Գուցե այսօր կարողանամ աստանդական իմ գոյության տոմսը հետ տալ,
Տարաբնակ իմ էության բույնը գտնել
Ու հայրենի եզերքի հետ կամար կապել
Ծիածանվել ու ծածանվել եռագույնով:

Մեր հայաշունչ արտերը ես նորից հերկեմ,
Հայրենական հանդերի մեջ սիրուց երգեմ,
Ու քրտնած, հոգնած պառկեմ,
Պայծառ երկնին աչքս հառեմ,
Գուցե հողը իմ հայրենի գրկի ինձ
Ու ների այսօր:
………………………………………..
Բայց …գնացքս վաղ է մեկնել,
Ուշ գիշեր է արդեն, ավա~ղ,
Չեմ հասնի ես վերջին կանգառ:

Kanamar
28.01.2012, 18:08
Պիտի քեզ տեսնեմ ու պիտի ասեմ,
Որ էլ նույնը չեմ և գիտեմ արդեն ,
Որ ձյունը նույնիսկ, որ փափուկ է շատ,
Միշտ տրորվելուց կոշտանում է խիստ
Ու չի ճռճռում էլ ոտքիդ տակ բիրտ,
Ու մի ձյունոտ օր, ձնագունդ դարձած,
Պիտի ծոծրակիդ հարվածի հանկարծ:

Kanamar
30.03.2012, 22:11
Սիրտդ երբեք ինձ չես բացել
Ու չես խոսել,
Ու դրանից լռությունը քարացել է,
Եվ ստիպված
Ես ծածկել եմ լռությունը,
Որ չերևա:

Ու լցրել ես լռությունը
Դու միավանկ
Քո բառերով, որ վիթխարի
Լռությունը
Չկծկվի ու խցկվի
Իմ ու քո մեջ:

Kanamar
22.06.2012, 00:12
Դու խազեցիր կյանքիս էջը
Ու ասում ես`նորի՛ց գրիր,
Ախր ինչպես նորից գրեմ,
Երբ էլ ուրիշ էջեր չունեմ:
………………………………..
Աստված,ինչպես էլ քեզ սիրեմ,
Երբ էլ արդեն սիրտ էլ չունեմ: