PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Քիրվան...

My World My Space
15.05.2011, 13:16
Քիրվան...

Խաչիպապն էրզրումցի էր:
Գաղթի ժամանակ իր գերդաստանը հավաքած եկավ, գյուղի սուրբ Հովհաննեսը նմանեցրեց իրենց ժամին ու գլխարկը հանեց... Տան հիմքը էնպես գցեց, որ դուռն Էրզրումին նայի: Հիշողությամբ կրկնեց տան ամեն մի քարի նախշը: Ամեն առավոտ ելավ, նստեց դռան քարին, չիբուխը լցրեց ու էրգրին բարև արավ: Թուրք սահմանապահը չկարողացավ երբեք տեսնել սամանախախտ զգացմունքները:

Խաչիպաը չսիրեց նոր գյուղի՝ քարերի մեջ կորած գերեզմանոցը:
- Լաո, օր մեռա ինձի էդ անիծված քարերու մեջ չթաղեք, դուրա՜ն, հողո՛տ տեղ կթաղեք... Հայացքս դեպի Էրգիր....սողալով Էրգիր պիտի էրթամ...
Հինգ տղին նշանեց ու պատվեր տվավ.
- Ամեն մեկեդ յոթը լաճ տղա կուզիմ՝ Էրգրիս զինվորներ:
Տարիներ անց թոռներին գիրկը նստացրած պատմեց Էրգրի մասին, թաքցրած ոսկեղենի տեղը պատմեց, ու երդում կորզեց, որ փոխարենը պապերի գերեզմանին խունկ պիտի ծխեն...
- Սուրբ Հովհան ձըզի պահապան ի՛մ բալեք,- ասում էր պապը ու հայացքը դարձնում դեպի եկեղեցի: Ապա հիշում էր Տեր Մաղաքին, իր խոսքերով ասած՝ ղառղառին, ու դեմքը կնճռոտում:

Նոր էին գաղթել Խաչիպապենք, երբ իրենց հյուր եկավ Ղազախի թուրքերից իր ընկերը՝ մոլլա Մահմուդը: Եկավ փաթաթվեց Խաչիպապին ու իրար հետ լաց եղան: Խոսեցին երկար, ու Մահմուդը Խաչիպապից իմանալով, որ Սուրբ Հովհաննեսը իրենց Էրզրումի իրենց ժամին նմանեցնելու համար է էստեղ մնացել, ուզեց տեսնել այն: Գնացին իրար հետ: Իրար հետ ներս մտան եկեղեցի, ծունկի եկան ու ամեն մեկն աղթեց իր աստծուն:
Տեր Մաղաքն էդ պահին մտավ եկեղեցի, քարացավ մի պահ, ապա բացականչեց.
- Նզովյա՜լ, դուրս կորի աստծո տաճարից...
Խաչիպապը սպառնալից մոտեցավ նրան.
- Նզովյալը դու՛ն ես, մարդն աղոթք կենե, ի՞նչ կուզես...,- ու կանգնեց դիմացը այնքան, մինչև Մահմուդն իր աղթոքը վերջացրեց, ապա մոտեցավ նրանց:
- Բարի օր քեշիշ բաբա, մի նեղսրտի ու մի անիծիր աստծո մարդուն, դու էլ ես աստծո մարդ: Աստվածն էլ մեկն է, կուզե Ալլահ լինի անունը, կուզե Քրիստոս: Ես ձեր ազգի բարեկամն եմ, եկել եմ իմ քիրվայի տուն:
- Աստծո անունը չտա՜ս, անհավա՛տ,-բացականչեց Տեր Մաղաքը,- դու՛րս ժամեն...
- Քեշի՛շ բաբա, իմ քիրվայի հետ բարեկամությունն ինձ ավելի թանկ է, քան կրոնը: Ես ի՛նքս եմ ցանկացել աղոթել Քրիստոսին՝ քիրվայիս ընտանիքի փրկության համար: Ներող եղիր....Աստված քեզ հետ...,- ասաց Մահմուդն ու դուրս եկավ
Խաչիպապը դաժան մի հայացքով նայեց տեր Մաղաքի զայրույթից վառվող աչքերին ու նետեց.
- Ղառղառի կնմանիս, Տե՛ր Մաղաք...

Տարին երկու անգամ բեռով-բարձով գալիս էր Մահմուդն իր քիրվայի «ոտքը», մնում էր նրանց տանը մի քանի օր, ու աղոթում էր սուրբ Հովհաննեսի պատի տակ. էլ ժամ չեր մտնում, որ Տեր Մաղաքի հետ չվիճաբանի:
Գյուղի բարեկամն էր դարձել Մահմուդը, ու ամեն գալուց գյուղովի հավաքվում էին նրա հետ զրուցելու: Միայն Տեր Մաղաքն էր թշնամությունը պահում:

Ու երբ հարյուր գարունը բոլորած Խաչիպապն իր հոգին ավանդեց, թաղմանը եկավ նաև Մահմուդը: Եկավ, լացեց, ու Խաչիպապի գերեզմանի կողքին խնդրեց Տեր Մաղաքին.
- Քեշի՛շ Մաղաք, քիրվայիս հոգին թող աստծո խաղաղություն վայելե, կխնդրեմ քեզի, թե Աստված կսիրես, ե՛կ հաշտվինք, թող քիրվաս հանգիստ գնա....
Տեր Մաղաքը լռեց մի պահ, ապա գրկեց Մահմուդին, ու Խաչիպապի գերեզմանին ժողովրդի զարմացած աչքի առաջ լսվեց նրանց երկձայն Տերողորմեան: Ժողովուրդն ուրիշ ե՞րբ էր տեսել մոլլային Տերողորմեա կարդալիս...

Հեռանալուց առաջ Մահմուդը մատով խաչ նկարեց Խաչիպապի գերեզմանին ու ասաց.
- Հավատիդ մեծության չափով ջեննեթի բարիքները վայելես, մե՛ծ մարդ...

Տասն օր անց լուր եկավ, որ Մահմուդին քարկոծելով սպանել են Ալլահին ու իր մարգարեին անարգելու համար....

E-la Via
15.05.2011, 13:31
Հովո ջան, լրիվ դու էիր ու ինչպես միշտ շատ սիրուն կարողացար գրել, պատմել :):

Բայց հետաքրքիր է՝ իրական հիմքեր ունի պատմությունդ???

Mark Pauler
15.05.2011, 13:31
Հով, միշտ զարմացել եմ, թե ոնց ես կարողանում փոքր ծավալում, էսքան մեծ միտք դնել: Էտ քո չափածո ստեղծագործություններին էլ ա վերաբերվում:

My World My Space
15.05.2011, 13:33
Հովո ջան, լրիվ դու էիր ու ինչպես միշտ շատ սիրուն կարողացար գրել, պատմել :):

Բայց հետաքրքիր է՝ իրական դեպքերի վրա է հիմնված պատմությունդ???

99 %-ով Way ջան :)

Claudia Mori
15.05.2011, 14:59
Շատ լավն էր, այն դեպքը երբ կարող ես ապացուցել, որ մարդկայինն ու հայրենասիրականը կարելի է համատեղել:) Հով ջան, իսկ քեզ հետ անմիջական կապ ու՞նի այս պատմությունը:)

Ariadna
15.05.2011, 15:30
Շատ լավն էր, Հով, էլի ապրես :)

My World My Space
15.05.2011, 16:15
Հով ջան, իսկ քեզ հետ անմիջական կապ ու՞նի այս պատմությունը:)

Նախնիներիս հետ...

Claudia Mori
15.05.2011, 19:56
Նախնիներիս հետ...

Այդ դեպքում կրկնակի ապրես;)

Moonwalker
15.05.2011, 20:51
Մի քանի բան էլ ես ասեմ:
Դե էն, որ Աստծուց տաղանդավոր ես չեմ ուզում կրկնել: Կոլորիտը անշուշն ստացվել էր, սյուժեն էլ քաշով մեկ ոսկի էր (էական չէ իրական ա, թե հորինել ես. էական ա, որ ճշմարտացի ա): Բայց, ԻՀԿ, կարայիր շաա՜տ ավելի հաջող ու ավելի արժեքավոր բան ստանայիր (զուտ մշակման առումով): Կարելի էր ընթացքի մեջ մանրանալու միջոցով ֆոնը ավելի հարստացնել ու ....եսիմ ես ավելի խորը տեսակը ավելի հավեսով կկարդայի: Հետո էլ բացթողումները շտկել (Տեր Ողորմեան «ե»-ով կամ Ալլահը մեծատառով ևն): Իկարկե սրանք չորրորդական են, բայց կարդալուց խանգարում են:
Այնուամենայիվ, գորՁ ա: Ու մի գուցե հետո էլի անդրադառնաս:;)

My World My Space
15.05.2011, 21:02

ԱԲրես աբեր, մի օր հաստատ կանդրադառնամ: բայց ես մինիմալ բառերով նկարագրելու կողմնակից եմ, էդպես ավելի հարուստ ա, երբ մարդուն թողնում ես ավելի շատ մտածելու, ամեն ինչ չես ծամում-դնում բերանը.... ;)

Moonwalker
15.05.2011, 21:11
ԱԲրես աբեր, մի օր հաստատ կանդրադառնամ: բայց ես մինիմալ բառերով նկարագրելու կողմնակից եմ, էդպես ավելի հարուստ ա, երբ մարդուն թողնում ես ավելի շատ մտածելու, ամեն ինչ չես ծամում-դնում բերանը.... ;)

Քո մինիմալիստական ոճին ծանոթ եմ, գոնե կարդացածներիս մակարդակով: Բայց էս մեկը ծարավը չի բավարարում, զգացվում ա, որ կախման կետերը շուտ են հայտնվում:
Ինչ որա էր, Գյոթեի (կարծեմ) ասած, «եթե ես վերլուծելու նոր միտք չունեմ, ուրեմն ես հաստատ հիվանդ եմ»: Շնորհակալ եմ, որ հոգում ես իմ (մեր) առողջության մասին::))

My World My Space
15.05.2011, 21:22
Քո մինիմալիստական ոճին ծանոթ եմ, գոնե կարդացածներիս մակարդակով: Բայց էս մեկը ծարավը չի բավարարում, զգացվում ա, որ կախման կետերը շուտ են հայտնվում:

Միգուցե երկար չգրելով հե՞տ եմ վարժվել.... եսի՞մ... որ արդար լինենք, ինձ էլ առանձնապես համոզիչ չի թվացել, մի օր հաստատ պետք ա վերանայվի.... :)
Ապրես, որ նկատում ես.... :)

Արէա
16.05.2011, 10:22
Չէ, լավն ա շատ: Մոլլայի եկեղեցում աղոթելը :love Ի՞նչ կրոն, ի՞նչ բան, մարդիկ ցավ ունեին, չգիտեին որտեղ դատարկեին էդ ցավը: Եթե դու ես հորինել էդ պահը, շնորհակալ եմ: Եթե իրական դեպք ա, էլի եմ շնորհակալ, որ կարողացել ես տենց հստակ նկարագրես էն ինչ կատարվում էր էդ մարդկանց հոգում:

My World My Space
16.05.2011, 13:27
Չէ, լավն ա շատ: Մոլլայի եկեղեցում աղոթելը :love Ի՞նչ կրոն, ի՞նչ բան, մարդիկ ցավ ունեին, չգիտեին որտեղ դատարկեին էդ ցավը: Եթե դու ես հորինել էդ պահը, շնորհակալ եմ: Եթե իրական դեպք ա, էլի եմ շնորհակալ, որ կարողացել ես տենց հստակ նկարագրես էն ինչ կատարվում էր էդ մարդկանց հոգում:

համարյա բան չեմ հորինել Մելակուս ջան....
Թշնամությունը հասարակ մարդկանց պարտադրվեց....