PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ստվարաթղթե տունը



Hab
11.05.2011, 23:13
Փոքր ժամանակվա վատ թե լավ, ուրախ, թե տխուր դեպքերն ու օրերը մեծանալու ընթացքում տաք ու մնայուն հուշեր են դառնում, որոնց այսօր փնտրում, փնտրում ես ու չես գտնում...

Ես ու եղբայրս փոքր տարիքից սկսած շատ հոգատար էինք իրար հանդեպ, ու նույնիսկ խաղեր ընտրելիս համաձայնեցնում էինք իրար հետ, որ մեկս մյուսիցս չնեղանա: Այդպիսի բաները հատկապես ամռանն էին պատահում,որովհետև երեք ամիս շարունակ, ամառային արձակուրդներին, հանգստանում էինք Դիլիջանում` տատիկ-պապիկի տանը:
Լավ օր էր այդ օրը, եզակի դեպքերից, որ Դիլիջանում արևը ոչ թե երեկոյան յոթին էր զարթնել քնից, այլ հենց առավոտ կանուխ: Ինչ անել? Մտածեցինք ու գործի անցանք: Տատս խանութ ունի, և ոչ պետքական արկղերը դասավորում է տան առաջին հարկում, որը պահեստի է վերածվել: Մտքում նախագծեր գծելուց և քննարկելուց հետո, եղբայրս մեծավարի /թեև մեկ տարով ու մի քանի ամսով փոքր է ինձնից/, վերցրեց արկղերը, բացեց դրանք, կառուցեց իր երևակայության տունը, ապա կանչեց. <Սաթու'լ, արի, մենք հիմա տուն ունենք: Հյուրասենյակը մեծ, խոհանոցը հատուկ քեզ համար այստեղ է գտնվում >: Հատուկ ինձ համար խոհանոցը հայտնվել էր այն հողակտորի վրա, որտեղ իր ճյուղերն էր բարձր պահում հյուրասեր խնձորենին` իր կանաչ պստլիկ խնձորիկներով, ընդ որում, այսպես կոչված " խոհանոցի" կենտրոնում էր գտնվում ծառը: Պարզվեց` յոթ տարեկան ճարտարապետը չէր մոռացել նաև լոգարանի մասին:
- Քու'ր ջան, տես, սա էլ մեր լոգարանը, սա էլ ծորակը:
Պոլիեթիլենի շիշը դեպի բացիչը ներքև էր կախել, մեջը ջուր լցրել, ձեռքով հպվելուց ջուրը պարպվում էր` ուրախացնելով երկուսիս էլ:
Հյուրեր էին գալիս մեր տուն: Մեր ամենասիրելի հյուրը տատս էր, որը երբեք չէր բարկանում մեր խենթությունների վրա, ու մեզ հետ միասին արդեն իսկ իրական դարձած խաղի մեջ ինքն էլ էր ներգրավվում: Ամեն անգամ համեղ շոկոլադե սալիկը ձեռքին ներս էր մտնում, ավելի ճիշտ, զգուշորեն ոտքն այնպես դնելով առաջ էր գալիս, որ հանկարծ գետնին չհավասարեցնի եղբորս` հորիզոնական դիրքով տեղադրած ստվարաթղթե լաբիրինթոսը...Շատ ժամանակ հյուրասիրում էի մեր "խոհանոցի" բերքատու ծառի կանաչ թթու խնձորները, կամ եղբորս ձեռքով պատրաստած, ավելի ճիշտ ճզմած բալի հյութը, ինչը մենք բալի գինի էինք անվանում և մեծ հպարտությամբ հյուրասիրում այն միմիայն մեզ համար շատ սիրելի ու պատվավոր հյուրերին:
Մեր մեկ սենյականոց տանը օրերը շատ ուրախ էին անցնում, նույնիսկ այն ժամանակ, երբ անձրևը առանց զգուշացնելու գալիս, մեր տուն էր լցվում: Կտուր չկար գլխներիս, բայց երեխայական մի մեծ, ազնիվ զգացողություններ կային կտուրի փոխարեն, որոնք նույնիսկ դիլիջանյան հորդառատ անձրևների ժամանակ մեզ չէին կարող հանել մեր սեփական տնից:
Բայց ինչպես ասում են, ամեն ինչ սկսվում է, որ մի օր ավարտվի: Օգոստոսի կեսին, երբ Երևանում մարդիկ շնչահեղձ են լինում օդի պակասից, Դիլիջանում այն այնքան պաղ է, ջինջ ու սառը, որ դժվար չէ հարբուխով հիվանդանալը: Մենք տաք հագնվել ու զրույցի էինք բռնվել մեր երազանքների լաբիրինթոսում:
Շուտով կապույտ երկինքը ծածկվեց մոխրագույն ամպերի վարագույրով: Սկսվեց որոտի, կայծակի, շանթի ու անձրևի ռոք-համերգը` ուղեկցվող քամու ուժգին սուլոցով: Մտածեցինք, որ շուտով ամեն ինչ հունի մեջ կընկնի: Հունը արդեն վաղուց էր փոխվել. փողոցին նայելիս թվում էր` անձրևի հոսքը իր հետ ոչ միայն քշել-տանելու է ծառի երկար ու երբեմնի ամուր ճյուղերը, այլև մարդկանց ու խանութները, տներն ու կենդանիներին:
Այլևս սպասելն անիմաստ էր: Մեկ րոպեն չանցած արդեն տանն էինք: Մի քիչ վախեցած, մի քիչ տխուր: Փոքրիկ դավաճաններ, որ նույնիսկ չկարողացան դժվար պահին մնալ իրենց ստվարաթղթե տան մեջ` ապահովելով նրա անառիկությունը...
Գիշերն արագ գլորվեց, եկավ առավոտ: Ես ու եղբայրս արագ հագնվեցինք ու արդեն իջնում էինք երկար աստիճաններով, երբ տեսանք ու վերհիշեցինք երեկվա սարսափելի եղանակի արտացոլումը պապիս դեմքին: Բացի դրանից, նա այնպես էր շանթահարում իր ջղային հայացքով և որոտալից խոսքեր շռայլում, որ մենք տեղում քարացանք: Պապիս որոշումը վերջնական էր և անդառնալի: Դա մոտավորապես այսպես էր հնչում. "Բոլ ա, բավական ա, ա լակոտնի, էս կարդոնները կհավաքեք ու կդարսեք իրար վրա: Էլ չտենամ սհե բան": Չորս տխուր աչք նայում էին դեպի ստվարաթղթե կիսաթաց ու դեֆորմացված կույտը:
Սա մեր երբեմնի լոգարանն էր, հիշում ես, սա էլ խոհանոցս, իսկ հյուրասենյակում անվերջ խոսում էինք ու արբում բալի ճզմած հյութից:
"Կուլակաթափ" եղած կանգնել էինք մի քանի րոպե ու ամեն մեկս մտովի հաջողություն էր ասում արդեն ոչինչ չասող տարածքին...