PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրքի ցուցահանդեսում՝ առանց գրքի



Արևածագ
07.05.2011, 07:54
Ներկայացնում եմ Գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներից մեկի՝ Արամ Պաչյանի նյութն այդ ցուցահանդեսի մասին:


Դժվար է լիովին վերարտադրել բոլոր զգացողություններն ու պատկերները, որ ունեցա ու տեսա ժնեւյան գրքի միջազգային փառատոնում: Առաջին անգամ հայտնվելով Եվրոպայում եւ չհասցնելով շնչել ու արտաշնչել ոչ մի բանով չտարբերվող թթվածինը, միանգամից ուղեւորվեցինք Պալեքսպոյի հսկայական սրահ, ուր գրքերը թագավորում էին մարդկանց, եւ քանի որ սրահում ամեն ոք իր տեղն ու դիրքն ուներ, մենք փորձեցինք գտնել Հայաստանը, եւ դրանում մեզ օգնեցին հայոց այբուբենի տառերը:
Պալեքսպոյի յուրաքանչյուր կետից վարդագույն ֆոնի վրա երեւում էին առաստաղից կախված հայկական գեղեցիկ տառեր, որոնք իրոք հաճելի տպավորություն էին թողնում: Հայկական մեր տաղավարի վրա արդեն խնամքով շարված էին գրքեր, ալբոմներ, օրացույցներ ու, իհարկե, հայկականություն հիշեցնող՝ անպակաս աքսեսուարներ, որոնք այնքան էլ համահունչ չէին դիմացը շարված գեղարվեստական գրականությանը:
Ինչեւէ, տաղավարը լավն էր, ափսոս՝ մի փոքր պակասում էր լուսավորությունը: Տաղավարի հենց կողքին բեմն էր, որտեղ պարբերաբար ելույթ էին ունենում հայ երաժիշտներն ու պարի խմբեր: Տաղավար հասնելուն պես մենք ագահաբար փորձեցինք մեր գրքերն ավելի տեսանելի տեղերում դնել, երեւի չստացվեց, որովհետեւ ժամը մեկ գրքերի տեղերն ու դիրքերն անընդհատ փոխվում էին, հայավարի մեկը մյուսի շալակն էին բարձրանում ու, ինչպես միշտ, իրար խանգարում:
Եվ հանկարծ մեր տաղավարն ալիքվեց, մարդիկ խառնվեցին իրար ու սկսեցին հիացմունքով հնչեցնել` «Ազնավուրը, Ազնավուրը, դեսպանը, Շառլը»: Մեծանուն երաժիշտը դանդաղ մոտեցավ հայկական տաղավարին եւ միանգամից բանտարկվեց մարդկանց արանքներում: Բոլորը ժպտում էին նրան, ինչ-որ բաներ էին ասում, միմյանց էին ներկայացնում, մենք էլ նկարում էինք նրանց ու Ազնավուրին: Հայկական տաղավարում ամենամարդաշատ ակնթարթներից մեկն էր, մաշկի տարբեր գույն ունեցող մարդիկ խմբվել էին բեմի մոտ ու լսում էին Ազնավուրի խոսքը: Հետո ամեն ինչ հանդարտվեց, բոլորն անցան բանուգործի:
Գրքի ժնեւյան միջազգային փառատոնը ֆրանկոֆոնիայի իսկական բում էր՝ ֆրանսերեն լեզվի ու հրատարակչական գործի հրավառություն: Ռուսական տաղավար չգտա, անգլիացիները մի երեք-չորս սեղան ունեին, որտեղ հիմնականում ներկայացված էին «Պինգվին» հրատարակչության գրքերը` տարբեր մատենաշարերով, իսկ ֆրանսիացիներն ու ոչ ֆրանսիացիները ներկայացնում էին գրեթե ամեն ինչ` ամենահայտնի ու անհայտ գրահրատարակչությունների կողմից հրատարակված գրքեր ու ամսագրեր: Աֆրիկացիները, որոնց նույնպես մեծ տաղավար էր հատկացված, ամենաակտիվն էին:
Գրեթե միշտ նրանց բեմում տաք քննարկումներ էին ծավալվում, չնայած այն բանին, որ ունկնդիր համարյա չունեին: Աֆրիկյան տաղավարում գեղարվեստական գրականությունն առատ էր, ինչպես նաեւ մանկականը եւ իհարկե՝ այս ամենը միայն ֆրանսերեն լեզվով: Ժնեւն ընդհանրապես ֆրանսիացի էր, եւ պարզ էր, որ ֆրանսերեն գրականությունը տրամաբանորեն պիտի որ գերակայեր ու արտացոլվեր հարազատ լեզվով: «Գալիմար» աշխարհահռչակ հրատարակչությունը տոնում էր իր ծննդյան հարյուրամյակը եւ մի սքանչելի ցուցասրահ էր պատրաստել, որտեղ լուսանկարներով եւ պաստառներով ներկայացված էր «Գալիմարի» պատմությունը. ներկայացված էին մեծանուն գրողների ձեռագրեր, «Գալիմարի» հետ նրանց համագործակցության մասին կենսագրական պատմություններ, հրատարակած առաջին վեպեր ու մատենաշարեր:
Գրքի ժնեւյան միջազգային փառատոնի զարդը մանկական գրականությունն էր. գրքեր` հրաշալի կազմերով եւ ֆանտաստիկ իլյուստրացիաներով: Այդ գրքերն այնքան լավն էին, որ դրանք թերթելիս երեխա ունենալու ցանկություն էր առաջանում: Մի խոսքով՝ ժնեւյան այս փառատոնը գրքի փառաբանման իսկական շքահանդես էր: Հիմա վերադառնանք հայկական տաղավար: Երկկողմանի անհասկանալի է՝ հայերեն լեզվով ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները տանել ու ներկայացնել հայտնի հրատարակչությունների ներկայացուցիչներին. ֆանտաստիկ ժանրի պատկանող մի սյուժե է:
Նրանք հասկանում են, որ ձեռքինդ գիրք է, նաեւ հնարավոր է հավանեն գրքի կազմը ու մի երկու գովաբանական ռեպլիկ թողնեն, բայց երբ հարցնում են՝ ի՞նչ լեզվով է, եւ լսում են պատասխանը, քաղաքավարի ժպիտներով շարժում են գլուխներն ու շրթունքները ծռմռում, այսինքն՝ քո գրքի մասնակցությունը նման փառատոնին զուտ ֆիքսացիա է, որովհետեւ հայերեն լեզվին տիրապետում են միայն հայերն ու մեկ էլ Ջորջ Բայրոնի նման դեմքերը, ովքեր երեւի աշխարհում քչացել են:
Հայերեն լեզվով, այն էլ ժամանակակից համարվող գրականությունը հետաքրքրում է փոքրաթիվ սփյուռքահայերի, եւ գուցե բախտդ ժպտա, ու մի երեք-չորս գիրք վաճառվի. Դրանով էլ ավարտվում է հայ գեղարվեստական գրքի ճամփորդությունն ու ներկայությունը մեծ փառատոններին: Հրատարակիչները պահանջում են գրքի թարգմանված տարբերակները` ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, եւ նրանց հասկանալ կարելի է: Իսկ մեզ համար թարգմանության հարցը բաց է մնում ու ցավոտ…
Միջոցառման երկրորդ օրը հայկական տաղավարի բեմում տեղի ունեցավ իմ, Կարեն Անտաշյանի, Շուշանիկ Թամրազյանի գրքերի շնորհանդեսը: Մեր պատրաստած խոսքն ընթերցեցինք անգլերեն ու ֆրանսերեն, հետո պատասխանեցինք Ալենի հարցերին ու տեսանք, որ դահլիճում լրիվ մենք-մերոնցով ենք մնացել. հաճելի դեմքեր` Վիոլետը, Աննա Բարսեղյանը, մեր «Շողակաթի» Աննան, Գուգոն, Մկրտիչ Մաթեւոսյանը, Սամվելը, մշակույթի նախարարության անդամներից մի քանիսը եւ մի երկու օտարազգի տատիկներ: Մի պահ թվաց՝ Հայաստանում ենք, ինչ-որ գրական փոքրիկ ակումբում: Հաճելի օր էր:
Եվ այսպիսով իմ եւ Կարեն Անտաշյանի համար ժնեւյան ոդիսականն ավարտված էր: Արագ հրաժեշտ տվեցինք մերոնց ու վազեցինք գնացքի կայարան` տոմսերի հետեւից: Մեր երեւակայությունն արդեն մեզնից բաժանվել էր ու հիմա ապրում էր միայն «Մեռնող քաղաքը» երազելով: Մեզ այլեւս չէր հետաքրքրում ոչ Ժնեւը, ոչ գրքի փառատոնը, ոչինչ: Ասես իր հետեւում թողնելով ամբողջ աշխարհը՝ մեր ողջ էությունը համառ նավակի պես սլանում էր դեպի երազանքը` Վենետիկ` Սուրբ Ղազար կղզի…


Բուն նյութն այստեղ. http://www.hraparak.am/2011/05/06/jnev/

Սիրելի ակումբցիներ, ինձ հետաքրքրում է ձեր կարծիքն այն մասին, արդյոք գրքի ցուցահանդես գնալուց հետը ԳԻՐՔ տանելը պարտադի՞ր է, թե՝ ոչ:
Ինքս անձամբ անցյալ տարի Սարատովի գրքի առևտրով զբաղվող բոլոր ցանցերի գրախանութներ այցելել եմ ու փորձել պարզել. հայերեն գեղարվեստական գրականությունից թարգմանական որևէ նմուշ ներկայացվա՞ծ է իրենց առաջարկների ցանկում: Արդյունքում՝ ոչ մի: Սա գրում եմ այն պատճառով, որովհետև հրեա ընկերուհի ունեմ, որն ինձ բառացիորեն հեղեղում է հրեա գրողների երկերով: Իսկ ես մի նմուշ անգամ ցույց չեմ կարողանում տալ հայ գրականությունից: Էլ չեմ ասում, որ նույնիսկ սկսել եմ ամաչել հայ բանասեր լինելուց, եթե ոչինչ չեմ կարողանում ցույց տալ այն ոլորտից, որ հինգ տարի ուսումնասիրել եմ:
Գրքի ցուցահանդեսները կազմակերպվում են, որպեսզի գիրքը ներկայացնեն աշխարհին, իսկ մերոնք արտաքին շքեղ թաղանթի տակ նորից ոչ մի բան ցույց չեն տվել:
Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը. նպատակահարմա՞ր է հարկատուների հաշվին բազմանդամ
պատվիրակություններ ճամփել Եվրոպաները «պտտիլու», եթե նրանց առաքելության արդյունքում ոչինչն է: