PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշուղ Ջիվանի



My World My Space
23.04.2011, 21:54
Երկար ժամանակ տատանվում էի, թե ո՞ր բաժնում բացեմ այս թեման՝ երաժշտությո՞ւն, թե՞ գրականություն: Վերջապես կանգ առա գրականության վրա, որովհետև Ջիվանու երգերը չեն սահմափակվում միայն երգ լինլով, դրանք նաև պոեզիայի հիանալի նմուշներ են, որոնցում նաև իր ժամանակների համար հիանալի քաղաքական մեկնաբանություններ կան:

Շուտով կտեղադրեմ նաև Ջիվանու ոչ այնքան հանրահայտ գործերը...

ԱՇՈԻՂԸ
Անթև թռչնակ է աշուղը -
Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր, այստեղ, վաղը՝ այլ տեղ։


Մերթ անսվաղ, ծարավ, պապակ,
Մերթ անհաջող, մերթ հաջողակ,
Թափառում է նա շարունակ,
Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ։


Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է,
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը` այլ տեղ։


Զուր հույսերով խարխափում է,
Գեղեր, քաղաքներ չափում է,
Կայծակի նմտն խփում է,
Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ։


Ջիվան, մի տեղ դադար չունի,
Մեղվի պես միշտ կթռչկոտի,
Այս ընթացքով պիտի մեռնի,
Գուցե այստեղ, գուցե՝ այլ տեղ։


ՄԱՅՐԻԿ
Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելէջ,
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։


Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել,
Մինչ մեծանալս ինչե՞ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։


Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։


Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քու հոգուդ համար միշտ աղոթում եմ.
Ներիր քու մեղավոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։

My World My Space
23.04.2011, 22:00
ՀԱՅԵՐԻՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,
Ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա.
Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,
Կորչել է հին ձևը, մեկ նշան չկա:

Պապերս մեկ բանով շատ անգին էին,
Նպատակով տաճարներ կշինեին,
Հին մնացած վանքերը չլինեին,
Օտարք հեշտ կասեին` «Հայաստան չկա»:

Մի հատ եկեղեցի ունինք` մերն է զուտ,
Պարզ է, չունի այնքան բաներ նորամուտ.
Երգերը գրավիչ, մեղմ, հոգեօգուտ,
Մեր շարականի պես շարական չկա:

Տեր, պահե Արամյան հոգևոր գահը,
Մի մարե հայերուս մի հատիկ ջահը,
Նրա հետ կապված է մեր ազգի շահը,
Բացի սուրբ աթոռը մեզ պաշտպան չկա:

Ջիվանի, մեկ-մեկու կյանք նվիրելով,
Հայ ապրինք` հայության գանձին տիրելով.
Ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով,
Դրանից մեզի լավ` ուրիշ բան չկա:

Շինարար
23.04.2011, 22:31
Խելքի աշեցեք

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի՛ աշեցեք։

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք.

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անել, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի՛ աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։

My World My Space
04.05.2011, 23:00
ԿԱՐԾԻՔ

Երեք բան կա ազգին պահող հաստատուն,
Իմ կարծիքով, կրոն, լեզու, հայրենիք.
Այդ երեքով նա կլինի մնայուն,
Թեկուզ գլխեն անցնի լեռնաչափ ալիք,


Կրոնն է, որ ազգի իսկ հոգաբարձու,
Հայրենիքն է նրա տունը ահարկու.
Երբ որ ունի իրան սեփական լեզու,
նա չի դառնար օտար ազգաց խաղալիք։


Անհայրենիք ազգն է մոլորված թռչուն,
Որսորդից հալածված ման կուգա անբուն.
Թե որ չունի անկախ կրոն, իր լեզուն,
Շուտ կկորչի օտարաց մեջ անկարծիք։


Ջիվան, այդ երեքը մեզ օգնական են,
Ազգի գոյությունը միշտ կպահպանեն,
Հայրենիքը, լեզուն երևացող բան են,
Բայց կրոնն է աստվածային մի գաղտնիք:




ՇԱՏ ՈԻՆԻՆՔ

Ձրիակեր, մարդ կողոպտող կեղծ հեղափոխական շատ ունինք,
Իզուր տեղը արյուն թափող անխիղճ մարդ-գազան շատ ունինք,
Գայլը գառան մորթի առած մտել է մարդկության մեջը,
Դիմակավոր շանտաժիստներ, ագահ խուլիգան շատ ունինք։


Դու բոլորին ուսում առած՝ խղճով, բարի մարդ մի կարծիլ,
Միամիտ գյուղացուն խաբող խարդախ փաստաբան շատ ունինք.
Կծողին բարեկամ լինենք, փայտը պահենք ձեռքներումս,
Մեր գոյության սպառնացող նախանձ հարևան շատ ունինք։


Ամեն մի գրիչ վերցնող չի կարող լինել հռետոր,
Իրան խոսքը չըճանաչող պատառած-բերան շատ ունինք.
Մինչև մարդիկ իրարու հետ եղբայրանան, շատ ջուր կանցնի,
Ջիվան, ագահներու ոհմակ, դեռ արան-տարան շատ ունինք։
1907




ՀԱՅԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻՆ

Մենք հայերս մի մեծ թշնամի ունենք,
Նա է մեզ կործանել, դեռ կկործանե,
Ե՞րբ պիտի խելքի գանք՝ պիտի պրծնենք,
Որ այդ գազանը մեզ ճամփուց չհանե։


Գաղթականությունն է մեր մեծ թշամին
Ու չենք կարող հաղթել այդ անզգամին,
Մտել է պնչերս օտարի քամին
Մեզի յուր շահերին խաղալիք կանե։


Մինչ ե՞րբ հայրենիքի հարգը չիմանանք,
Անդառնալի կորուստ գնանք ու գնանք,
Թե քաղցած էլ լինեք, մեր տեղը մնանք,
Էլի մեր երկիրը մեզ կպաշտպանե։


Աշխարհի երեսին ո՞ւր կուզես գնա,
Կտեսնես այնտեղ էլ մի քանի հայ կա,
Անհայ մնացել էր միայն Ամերիկա,
Որ նա էլ հիմա ողբալու արժան է։


Ջիվան, պատմությունը դու չես քրքրել,
Այդ մեծ ցավի վրա շատերն են գրել,
Հային նա է թշվառության հասցրել
Գաղթականությունը՝ աստված խափանե։




Ի՞ՆՉ ՕԳՈԻՏ

Կրոնդ հայի է, լեզուդ էլ հայի,
Բայց որ գործդ թշնամու է, ի՞նչ օգուտ.
Քո մանուկդ քաղցած կուգա՛, կնայի,
Կուրծքդ այլոց ստնտու է, ի՞նչ օգուտ։


Վատ եղբորից լավ է բարեկամ հյուրը,
Կեցած տանը վրա չի խոսվիլ թյուրը,
Օրինակ Կազբեկի սառն աղբյուրը,
Որ Թիֆլիսից շատ հեռու է, ի՞նչ օգուտ։


Ցանկանում է Ջիվանիիս կլանել,
Պապիս կայքը եղբոր վրա բաժանել,
Ոչ օգնել է ուզում, և ոչ պաշտպանել,
Ազնիվ քեռիս ահարկու է, ի՞նչ օգուտ:

My World My Space
04.05.2011, 23:02
ՊԵՏՔ ՉԷ

Թող ինչպես ընկել եմ, այնպես վեր կենամ,
Դիմակավոր ընկեր, խրատդ պետք չէ,
Թող իմ հորս, պապիս ճամփովը գնամ,
Հավատ ունեմ, քու նոր հավատդ պետք չէ։


Այն գույնով կմեռնիմ, ինչով որ ծնա,
Ձեռք մի տար իմ վերքիս, թող այնպես մնա,
Մի կտրատիր ծառիս ճյուղերը, գնա,
Վնասատու, կոպիտ մկրատդ պետք չէ։


Միայն Ջիվանուն դու եղբայր անվանե,
Մյուս ծրագիրդ մտքիցդ հանե,
Իմ խղճուկ տնակս ինձ բավական է,
Քեզ լինի, բարեկամ, պալատդ պետք չէ։
1899

My World My Space
04.05.2011, 23:08
«ՀՈ» ՏԱՌԸ

Երբ որ գլխատառից հասարակ դարձավ,
Գլորեցին աստիճանից «հո» տառը.
Փոքրանալով «թո»-ին հպատակ դարձավ,
Զրկվեցավ բառարանից «հո» տառը։


Մտավ ելավ հարյուր տեսակ տպարան,
Ձևը չկորցրեց, պահեց ինքն իրան.
Շատ էլ մամուլի տակ սեղմեցին նորան
Ազատ պրծավ ոլորանից «հո» տառը։


Երբ «ռա»-ն սկսեց «թո»-ի հետ մեծ դատ,
«Սե»-ն, «բեն»-ը բառագրքում տեղ գտան ազատ,
Մեծ «կեն»-ի շնորհիվ նրանց համեմատ
Դուրս գալ կուզե տանջարանից «հո» տառը։


Ջիվան, չլինելով գեղագիր, նոտար,
Կոպիտ «քեն» էլ նորան չէ թողնում դադար.
Ախն ու վախը յուր ճակատին գրված կար,
Երբ դուրս ելավ ձուլարանից «հո» տառը:

My World My Space
13.05.2011, 15:26
«Կեղծ Ընկեր»
Լայն օրերուս ուրախացող, կեղծ ընկեր,
Այժմ նեղն եմ ընկել, արի, ո՞ւրտեղ ես,
Պատառներուս կտորներու շատակեր,
Մեծը քեզ եմ տվել, արի, ո՞ւրտեղ ես։

Երբ ունեի փայլուն մետաղ բավական,
Ինձ կասեիր, «չկա մարդ քեզի նման»,
Քու ձեռքովդ կազմում էիր ճոխ սեղան․
Ո՞ր անկյունն ես մտել, արի, ո՞ւրտեղ ես։

Քանի տունս կար, չէիր պակասի,
Կուգայիր, կանչելու չէիր սպասի,
Իմ ունեցած կարողությանս մասի
Շատը դո՛ւ ես խլել, արի, ո՞ւրտեղ ես։

Ասում էիր, «մի վախենա փորձանքից,
Քեզ ավելի կսիրեմ իմ բոլոր կյանքից․․․»
Եթե հնարք ունես, փրկե վտանգից,
Վերջին օրս է հասել, ո՞ւրտեղ ես։

Ջիվանը հասկացավ քո կեցությունը,
Հետազոտեց սրտիդ ամեն անկյունը,
Շողոքորթելով ծծում ես արյունը,
Արդյոք ո՞ւմ ես գտել, արի, ո՞ւրտեղ ես։


ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:

Ես խսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից մարդ ընկեր,
Ես եզներ եմ լծում, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ:

Սրտով քեզ հարգում է, պատվում Ջիվանին,
Դու միամիտ եղիր, գնա քո բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարցր սարիդ վնաս չէ, վնաս չէ:



մեկ էլ Ջիվանուց ֆրագմենտներ, որ հիշում եմ պապիս երգերից, բայց ինտերնետում չգտա

***
Սուրբ ավետարանը ծալեցեք հայեր,
Ինքնապաշտպանության գրքեր կարդացեք
Ժամանակը փոխվեց, վե՛ր առեք զենքեր
Տկարներուն պաշտպանելու գնացեք...



***
Մարդկության մեջ նա է ուժեղը,
Որ պահում է ամուր հայրական ցեղը
Անհայրենիք, թափառական թույլ ցեղը
Երկրեերիկիր ընկնող մուրացիկ է նա:

Որ ոք հարգ ու պատիվ չի տալիս, Ջիվա՛ն,
Թե հարգել չգիտե մարդը ինքն իրան,
Ինչ ժողովուրդ երկիր չունի սեփական
Ուրիշների ձեռքին խաղալիք է նա:



***
Պատերազմ կա Հայաստանում
Հայրենքի սիրողը թող գա
Թույլը գործ չունի այս բանում
Յուր գլխից անցնո՛ղը թող գա

-----------------------------------
-----------------------------------
Անխիղճ թշնամու արյունը
Ջրի պես թափողը թող գա:

-----------------------------------
-----------------------------------
Արյան ահեղ ավազանում
Նորից մկրտվողը թող գա....

Արէա
16.05.2011, 10:37
***
Պատերազմ կա Հայաստանում
Հայրենքի սիրողը թող գա
Թույլը գործ չունի այս բանում
Յուր գլխից անցնո՛ղը թող գա

-----------------------------------
-----------------------------------
Անխիղճ թշնամու արյունը
Ջրի պես թափողը թող գա:

-----------------------------------
-----------------------------------
Արյան ահեղ ավազանում
Նորից մկրտվողը թող գա....

Համոզվա՞ծ ես, որ սա Ջիվանին է գրել, եթե չեմ սխալվում հեղինակը Աշուղ Ֆահրադն է:

My World My Space
16.05.2011, 10:56
Համոզվա՞ծ ես, որ սա Ջիվանին է գրել, եթե չեմ սխալվում հեղինակը Աշուղ Ֆահրադն է:

համոզված եմ.... :)


http://www.youtube.com/watch?v=DocmufT-gzs

դու երևի սրա հետ ես շփոթել

Արէա
16.05.2011, 11:11
համոզված եմ.... :)

դու երևի սրա հետ ես շփոթել

Երևի :)
Ինձ թվում էր պապդ, բառերը լավ չհիշելով, բավականին հաջող իմպրովիզ ա արել :)
Չգիտեմ ով ա ավելի վաղ գրել, Ջիվանին թե Ֆահրադը, բայց մյուսի ազդեցությունն ակնհայտ ա:

My World My Space
16.05.2011, 11:15
Երևի :)
Ինձ թվում էր պապդ, բառերը լավ չհիշելով, բավականին հաջող իմպրովիզ ա արել :)
Չգիտեմ ով ա ավելի վաղ գրել, Ջիվանին թե Ֆահրադը, բայց մյուսի ազդեցությունն ակնհայտ ա:

բորոր հայրենասիրական երգերն էդ տարիների իրենց մեջ կռվելու կոչ էին պարունակում.... :)

Արէա
16.05.2011, 11:37
բորոր հայրենասիրական երգերն էդ տարիների իրենց մեջ կռվելու կոչ էին պարունակում.... :)

Չէ, կոչի մասին չի խոսքը, չափն ա նույնը, հանգերն են նույնը, ամեն երկրորդ տողում կրկնվող "թող գա"-ն, մի խոսքով ձևի ու կազմվածքի առումով շատ նման են

My World My Space
16.05.2011, 12:30
Չէ, կոչի մասին չի խոսքը, չափն ա նույնը, հանգերն են նույնը, ամեն երկրորդ տողում կրկնվող "թող գա"-ն, մի խոսքով ձևի ու կազմվածքի առումով շատ նման են

էս էլ ամբողջականը

Թող գա

Պատերազմ կա Հայաստանում
Հայրենքի սիրողը թող գա
Թույլը գործ չունի այս բանում
Յուր գլխից անցնո՛ղը թող գա

Պատերազմի դաշտը սիրուն
Գնանք իբրև հարսանյաց տուն
Ողջ անձով մահվան վերարկուն
Ցնծությամբ հագնողը թող գա...

Անվախ առյուծի կորյունը
Բնավ չի քաշվիլ անկյունը,
Անխիղճ թշնամու արյունը
Ջրի պես թափողը թող գա:

Ով կտրիճ է, նա հաղթող է,
Ուժեղն է ամենակարող
Անվախ կրակի մեջ մտնող,
Քաջի պես մեռնողը թող գա...

Օ՜հ, մեր երկիրն է արյան ծով,
Պետք է մտնել հանգիստ հոգով
Թե յուր լեզվով, թե յուր գործով
Մարդկանց համոզողը թող գա...

Տեսեք դժոխք Տաճկաստանում
Դևերն ինչեր են անում,
Արյան ահեղ ավազանում
Նորից մկրտվողը թող գա....

My World My Space
16.05.2011, 12:34
ՀԻՄԱՐԻՆ ԼՌԵԼՆ է ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ԻՄԱՍՏՈՒՆԻՆ՝ ԽՈՍԵԼԸ

Մարդ կա, որ միշտ խոսում է սուտ,
Խոսելուց՝ չխոսելն է լավ.
Մարդ կա, խոսի՝ ունի օգուտ.
Չխոսելուց՝ խոսելն է լավ։


Մարդ կա, խոսելու ժամանակ
Կարծես սրտիդ խփե դանակ.
Այնպես մարդը, կուզես շիտակ
Խոսելուց՝ չխոսելն է լավ։


Մարդ կա խելոք, սրամիտ է,
Լեզվով գործով ճշմարիտ է,
Խոսքը անգին մարգարիտ է,
Չխոսելուց խոսելն է լավ։


Մարդ կա խոսում է ակամա,
Մեջը խոսելու ձիրք չկա,
Երբ որ խոսի, գանըդ կուգա,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։


Մարդ կա կրթյալ-քաղաքավար,
Շտեմարանը՝ լի գոհար,
Խոսքը՝ վսեմ, լեզուն ճարտար,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։


Մարդ կա, գաղափարը խառն է,
Բարքը կոպիտ, ինքը սառն է,
Լեզուն դիպչող, խոսքը դառն է,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։


Մարդ կա, տեղովը հոգի է.
Լավ քարոզիչ՝ քաջ րաբբի է,
Խոսքը գին ունի, հարգի է,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։


Մարդ կա, նենգ է, օձափոր է,
Սիրտը խարդախ, կպրի հոր է,
Խոսեց՝ կռիվ կըհորդորե,
Խոսելուց՝ չխոսելն է լավ:


Մարդ կա, ծագումովը բարի,
Լավանում է տարեցտարի,
Խրատող է շատ հազարի,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։


Մարդ կա, բնությունը ժանտ է,
Սիրտը խեռ, անհնազանդ է,
Ե՛րբ որ խոսի, գործ կըքանդե,
Խոսելուց չխոսելն է լավ։


Մարդ կա, բարի, երկյուղած է,
Կարծես երկնուց ընտրված է,
Խոսելիս միշտ կըմտածե,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։


Մարդ կա, կարծես խելքից թեթև
Վեր կըվարե խոսքը խև-խև,
Լավ խոսելու չի՛ գիտեր ձև,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։


Մարդ կա, որ խոսքը կրթիչ է,
Ինքը խոհեմ ուսուցիչ է,
Դեպի բարին համոզիչ է,
Չխոսելուց՝ խոսելն է լավ։


Ջիվան, խևին մի տեղիք տալ,
Նրանից քեզ օգուտ չի գալ,
Պիտի դուրս տա սուտ ու սխալ,
Խոսելուց՝ չխոսելն է լավ։

Արէա
16.05.2011, 12:53
էս էլ ամբողջականը

Թող գա

Պատերազմ կա Հայաստանում
Հայրենքի սիրողը թող գա
Թույլը գործ չունի այս բանում
Յուր գլխից անցնո՛ղը թող գա

Պատերազմի դաշտը սիրուն
Գնանք իբրև հարսանյաց տուն
Ողջ անձով մահվան վերարկուն
Ցնծությամբ հագնողը թող գա...

Անվախ առյուծի կորյունը
Բնավ չի քաշվիլ անկյունը,
Անխիղճ թշնամու արյունը
Ջրի պես թափողը թող գա:

Ով կտրիճ է, նա հաղթող է,
Ուժեղն է ամենակարող
Անվախ կրակի մեջ մտնող,
Քաջի պես մեռնողը թող գա...

Օ՜հ, մեր երկիրն է արյան ծով,
Պետք է մտնել հանգիստ հոգով
Թե յուր լեզվով, թե յուր գործով
Մարդկանց համոզողը թող գա...

Տեսեք դժոխք Տաճկաստանում
Դևերն ինչեր են անում,
Արյան ահեղ ավազանում
Նորից մկրտվողը թող գա....

Ուժեղ էր, ենթադրում եմ Ֆահրադը հենց էս ստեղծագործության ազդեցության տակ ա գրել "Աղբյուր Սերոբի երգը"

Հետաքրքիր ա, իսկ երաժշտությունը նման է՞ր "Սերոբի երգի" երաժշտությանը:

Արէա
16.05.2011, 13:43
«ՀՈ» ՏԱՌԸ

Երբ որ գլխատառից հասարակ դարձավ,
Գլորեցին աստիճանից «հո» տառը.
Փոքրանալով «թո»-ին հպատակ դարձավ,
Զրկվեցավ բառարանից «հո» տառը։


Մտավ ելավ հարյուր տեսակ տպարան,
Ձևը չկորցրեց, պահեց ինքն իրան.
Շատ էլ մամուլի տակ սեղմեցին նորան
Ազատ պրծավ ոլորանից «հո» տառը։


Երբ «ռա»-ն սկսեց «թո»-ի հետ մեծ դատ,
«Սե»-ն, «բեն»-ը բառագրքում տեղ գտան ազատ,
Մեծ «կեն»-ի շնորհիվ նրանց համեմատ
Դուրս գալ կուզե տանջարանից «հո» տառը։


Ջիվան, չլինելով գեղագիր, նոտար,
Կոպիտ «քեն» էլ նորան չէ թողնում դադար.
Ախն ու վախը յուր ճակատին գրված կար,
Երբ դուրս ելավ ձուլարանից «հո» տառը:

Էս մեկը կուզեի առանձնահատուկ քննարկենք, առաջին հայացքից ղարահեջա ա, բայց, ի տարբերություն ղարահեջայի, բառերի միայն սկզբնատառերն են, իսկ ղարահեջայում բերվում են տվյալ բառի մեջ առկա բոլոր տառերի այբբենական անվանումները, սա դժվարացնում ա ամբողջական մտքի ընկալումը: Ինչքանով ես հասկացա, խոսքը գնում է Հայաստանի մասին` "հո"-ն Հայաստանն է, "թո"-ն` Թուրքիան, "ռա"-ն` Ռուսաստանը, մնացածը ավելի դժվար է. "սե"-ն և "բեն"-ը երևի Սերբիան ու Բուլղարիան են, "կեն"-ը չեմ հասկանում, "քեն"-ը երևի քրդերի մասին ա խոսքը: Եթե ինչ-որ մեկը գիտի տվյալ ստեղծագործության իրական կմաստը, կխնդրեի մանրամասնել:

My World My Space
16.05.2011, 13:53
Էս մեկը կուզեի առանձնահատուկ քննարկենք, առաջին հայացքից ղարահեջա ա, բայց, ի տարբերություն ղարահեջայի, բառերի միայն սկզբնատառերն են, իսկ ղարահեջայում բերվում են տվյալ բառի մեջ առկա բոլոր տառերի այբբենական անվանումները, սա դժվարացնում ա ամբողջական մտքի ընկալումը: Ինչքանով ես հասկացա, խոսքը գնում է Հայաստանի մասին` "հո"-ն Հայաստանն է, "թո"-ն` Թուրքիան, "ռա"-ն` Ռուսաստանը, մնացածը ավելի դժվար է. "սե"-ն և "բեն"-ը երևի Սերբիան ու Բուլղարիան են, "կեն"-ը չեմ հասկանում, "քեն"-ը երևի քրդերի մասին ա խոսքը: Եթե ինչ-որ մեկը գիտի տվյալ ստեղծագործության իրական կմաստը, կխնդրեի մանրամասնել:


այս ծածկագիր բանաստեղծության մեջ «հո տառը» Հայաստանն է, որը թեև պետականությունից զրկված, հպատակ է դառնում «թո-ին» (Թուրքիա), բազմատեսակ հալածանքի է ենթարկվում, կոպիտ «քեն» էլ (քրդերը) խիստ անհանգստացնում են նրան, սակայն նա չի զրկվում առնականությունից, հենված Թուրքիայի հետ պատերազմի մեջ մտած ու հաղթանակած «ռա»-ի (Ռուսաստան) բարյացական վերաբերմունքի վրա, հույս ունի մեծ «Կեն»-ի շնորհիվ (Կայսրություն՝ նկատի ունի Ռուսաստանը) «Սե»-ի (Սերբիա) ու «Բեն»-ի (Բուլղարիա) նման ազատագրվել ու «բառագրքում» տեղ գտնել ազատ:

Արէա
16.05.2011, 13:57
այս ծածկագիր բանաստեղծության մեջ «հո տառը» Հայաստանն է, որը թեև պետականությունից զրկված, հպատակ է դառնում «թո-ին» (Թուրքիա), բազմատեսակ հալածանքի է ենթարկվում, կոպիտ «քեն» էլ (քրդերը) խիստ անհանգստացնում են նրան, սակայն նա չի զրկվում առնականությունից, հենված Թուրքիայի հետ պատերազմի մեջ մտած ու հաղթանակած «ռա»-ի (Ռուսաստան) բարյացական վերաբերմունքի վրա, հույս ունի մեծ «Կեն»-ի շնորհիվ (Կայսրություն՝ նկատի ունի Ռուսաստանը) «Սե»-ի (Սերբիա) ու «Բեն»-ի (Բուլղարիա) նման ազատագրվել ու «բառագրքում» տեղ գտնել ազատ:

Համարյա ճիշտ էի վերծանել :) շնորհակալ եմ

Alex-Grig
05.11.2012, 20:06
Վաղուց փնտրում եմ Ջիվանու մի բանաստեղծություն, որ երգում էր հայրս, այսպիսի տողեր կային
Սև բախտը ծռել է սյունս
Պղտորել է պարզ արյունս,
Շինծու է իմ խնդությունս
Ես կխնդամ, սիրտս կուլա...

Կարող եք օգնել

Moonwalker
05.11.2012, 20:26
Կարող եք օգնել



ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԽՆԴԱՄ

Ուզում եմ ինձ ուրախ ցույց տալ,
Ես կխնդամ, սի՛րտս կուլա,
Աշխատում եմ զվարթ ման գալ,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

Գոնե մի օր չի գալ միտս,
Չը տխրեմ, չը ծռեմ ճիտս,
Համարյա կեղծ է ժպիտս,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա:

Կուզեմ բանի տեղ չդնել,
Հին ցավերս չքննել,
Մորիցս այսպես եմ ծնվել,
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

Սև բախտս ծռել է սյունս,
Պղտորել է պարզ արյունս,
Շինծու է իմ ցնծությունս,
Ես կխնդամ՝ սիրտս կուլա։

Բերանս երգում է հրճվանք,
Հոգիս նեղություն, տառապանք,
Այնպես ժամանակի հասանք,
Ես կխնդամ՝ սիրտս կուլա։


Աղբյուր (http://armenianhouse.org/jivani/qnar/07-piti-ga.html)

Alex-Grig
06.11.2012, 16:42
Սրտանց շնորհակալ եմ, վաղուց էի փնտրում