PDA

Դիտել ողջ տարբերակը : Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3



Մանանա
19.04.2011, 01:20
Վերջերս սկսել եմ հեքիաթներ գրել, ու ինձ լրիվ տարել ա էտ ուղղությամբ :) ձեզանից ոմանք ճանաչում են Աննետին այլ սոցիալական ցանցերից կամ իմ բլոգից: Բայց որոշեցի հատուկ ակումբցիների համար այստեղ էլ դնել: Ուրախ եմ լսել ամեն տեսակի քննադատություն :)

Մանանա
19.04.2011, 01:21
Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Աննետ Նուարի, Ժորժի ու թարս տանիքի մասին
Չգիտեմ, գիշերով տանիք բարձրացել եք երբևէ, թե ոչ: Բարձրացել եք? Ավելի լավ, ուրեմն դուք կհասկանաք այն, ինչ հիմա կպատմեմ: Գիշերը ցերեկի հակառակ կողմն է` հայտնի ճշմարտություն: Դե եթե գիշերը տանիքում եղել եք, գիտեք, որ տանիքն էլ գիշերը ներքևում է: Ինչ է, չգիտեիք? Տանիքը ներքևում է, հարկերև` վերևում, շենքը թարս է չէ? Լավ, դա հեչ: Կարևորն այն է, որ Լուսնոտների 20/3 շենքի տանիքում ապրում էր նա: Նրա անունը Աննետ էր, ազգանունն էլ Նուար` Աննետ Նուար: Աննետը մի առանձնահատկություն ուներ` նա ցերեկը քնած էր, իսկ գիշերները` արթուն: Եվ նրա մոտ, գիշերվա նման, ամեն ինչ հակառակն էր: Նա երկար մազեր ուներ, որոնք փոխանակ ներքև ձգվեին, վերև էին ձգվում, բայց ոտքերն ու ձեռքերն իրենք տեղում էին: Ընդհանրապես, նա գեղեցիկ Աննետ էր: Այդ շենքի No. 54 բնակարանում ապրում էր մի տղա` Ժորժը: Նա շատ խելոք տղա էր` ամեն օր պատրաստում էր դասերը, լվանում ատամներn ու մինչև մութն ընկնելը պառկում էր քնելու: Դրա համար էլ երբեք գիշեր չէր տեսել: Անկեղծ ասած` դա շատ էր նրան տանջում. պատկերացնում եք ինչ տխուր է` երբեք գիշեր չտեսնել: Այդպես` նա մի օր որոշեց չքնել:

Եվ ահա մութն ընկավ: Աստղ, մի հատ էլ աստղ, Լուսին, աստղ: Գրքերում տեսել էր, բայց իրականում... Մմմմ, բա տանիքից ինչ տեսարան է: Ախ, պետք է շտապ բարձրանալ տանիք:

Ճռռ... " Հիշեմ, առավոտյան յուղ բերեմ տանիքի դռան համար" ,- մտածեց Ժորժը: Ախ, Ժորժ, դու քո ճռռոցով արթնացրեցիր Աննետին: Չնայած արդեն ժամանակն է` ինչքան կարելի է քնել: Ժորժն Աննետին տեսավ ու տեղնուտեղը քարացավ। ամեն քայլափոխին չես տեսնի մազերը վեր ձգված աղջիկ: Իսկ Աննետի հեչ պետքն էլ չէր: "Քո մազերը",- ասաց Ժորժը: "Քոնն էլ",- պատասխանեց Աննետը: Ժորժը ձեռք տվեց մազերին ու զգաց, որ իրենն էլ է վեր ձգված: Ժորժի աչքերը մեծացել ու կլորացել էին` այստեղ ամեն ինչ թարս է ախր:
Աննետը շատ լուրջ դեմքով ասաց. "Ցտեսություն" ու տանիքի անցքից դուրս եկավ, երևի շտապ գործեր ուներ: "Հեյ, սպասիր, դու կընկնես, բարձր է ախր",- բղավեց Ժորժը ու վազեց նրա հետևից: "Վայ, այս ուր ենք մենք?" հարցրեց նա: "Տանիքի վրա",- պատասխանեց Աննետը: "Բայց ախր տանիքը վերևում է լինում",- զարմացավ Ժորժը: "Լսիր, դու Լուսնից ես իջել? Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի, դուրդ չի գալիս, գնա քնիր",- պատասխանեց Աննետը: Բայց Ժորժն, իհարկե, չգնաց, թե չէ Աննետը կմտածեր, թե նա վախենում է: Ու խելոք հետևեց նրան:
"Ա, դու դեռ այստեղ ես? Ուրեմն կօգնես ինձ",- ասաց Աննետը: Նա "Երկնքի մաքրության բյուրո"-ում էր աշխատում, ամեն գիշեր աստղերի փոշիներն էր հավաքում: Ու քանի որ բոլոր աստղերը չէր հասցնում մի գիշերում մաքրել, ամեն գիշեր տարբեր աստղեր էին փայլում երկնքում: Առաջինը Բևեռային աստղն էր մաքրում, դա մոտ էր իր տանիքին, դրա համար էլ այս աստղը ամենավառն է փայլում:
"Ահա քեզ սպունգ,- ասաց նա Ժորժին,- ու արի հետևիցս, որ աստղն ասեմ, կմաքրես, տես հա~, լավ կմաքրես": Ժորժն արդեն սովորել էր , որ երկինքը ներքևում է, աստղերն էլ մոտ են: Ու Ժորժն ու Աննետը սկսեցին մաքրել աստղերը` 1, 2, 3, ... 167, 168...

Ահա և վերջ: Բոլոր աստղերը մաքրված են: Նրանք հոգնած նստեցին Աննետի տանիքի վրա: "Հաց ու ջեմ կուտես?",- հարցրեց Աննետը: Ժորժը գլխով արեց. աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում: "Զգույշ բռնիր, ջեմը հացի տակից է քսած",- ասաց Աննետը: Նա հարցրեց Ժորժին` որտեղից է նա եկել: "5-րդ հարկից: Լսիր, գիշեր ինչու է ամեն ինչ թարս?",- հարցրեց Ժորժը: "Թարս? Թարս չէ: Ինձ համար ցերեկն է թարս, իսկ գիշերն ամեն ինչ օրինաչափ է",- պատասխանեց Աննետը: "Ա~, հասկացա",- ասաց Ժորժը, բայց ոչինչ էլ չհասկացավ: "Լսիր, բա մազերդ ինչու են վերև?",- նորից հարցրեց նա: "Չէ, սա անօգուտ է,- վրդովվեց Աննետը,- արդեն 5-րդ մարդն ես, որ գիշերով բարձրացել է տանիք, ու ոչ մեկդ չեք հասկանում: Է~, ես գնացի քնելու": "Ախր, նոր է լուսանում, ինչ քնել?"- բացականչեց Ժորժը: Բայց Աննետը չպատասխանեց, ուղղակի գնաց:

"Ինչ պիտի հասկանամ, տեսնես,- մտածեց Ժորժը,- լավ, է~, գնամ քնեմ, առավոտյան կմտածեմ":

Մանանա
19.04.2011, 01:24
Հասկանալու և մե~ծ ակնոցների մասին
Հաջորդ առավոտյան Ժորժը շատ դժվար արթնացավ. չէ որ գիշերը քիչ էր քնել: Այդպես քնաթաթախ էլ գնաց դպրոց: Ողջ օրը նա շատ անհանգիստ էր, նրան տանջում էր այն հարցը, թե ինչ պիտի հասկանա: Անգամ ցերեկը չճաշեց` այդքան շատ էր տանջում նրան այդ հարցը: Բայց տնայիններն արեց, դա պարտադիր էր, և տետրերի բոլոր չգրած տեղերում թարս տանիքներն ու Աննետին էր նկարել:
Կրկին գիշեր: ժամը 10 է, քնել է պետք: Ախր ինչ է պետք հասկանալ, քունն էլ տանում է, ու~ֆ: «Չէ, չեմ քնելու, ես միշտ ամեն ինչ հասկանում եմ, ու սա էլ կհասկանամ»,- մտածեց Ժորժը: Հիշում եք չէ, որ նա խելոք Ժորժ էր?
Մմմ, տանի~ք...թարս շուռ տված տանի~ք: 12-անց էր, Աննետը արդեն արթուն պետք է լինի: Ժորժը փնտրեց նրան տանիքում, սակայն նա այնտեղ չէր: «Երևի արդեն դուրս է գնացել»,- մտածեց Ժորժը և դուրս եկավ տանիքի անցքից:
-Ախ,- բացականչեց Ժորժը, քիչ էր մնում սայթաքեր ու ընկներ վերև,- Աննե~տ, Աննե~տ, որտեղ ես?
-Ա~, նորից դու,- կրկին ինչ-որ բանով զբաղված` հարցրեց Աննետը,- վերցրու սպունգն ու օգնիր ինձ մաքրել:
-Բայց ես չեմ ուզում մաքրել,- որոշեց Ժորժը:
-Ուրմեն գնա քնիր:
- Չեմ ուզում քնել:
-Ուրեմն մաքրիր:
-Չեմ ուզում մաքրել:
-Ուրեմն, է~...ինչ ես ուզում?- նյարդայնացավ Աննետը:
-Ուզում եմ հասկանալ:
-Ինչը?
-Չգիտեմ,- ասաց Ժորժը
-Ես էլ չգիտեմ, այնպես որ կամ օգնիր ինձ մաքրել, կամ էլ գնա քնիր...
-Ախր, չեմ ուզում քնել, ոչ էլ մաքրել եմ ուզում, չես հասկանում?
-Էյ, մի մոռացիր, այդ դու չես հասկանում,- ուղղեց Աննետը:
-Է~~~,- Ժորժը նեղվեց ու նստեց Աննետւ աստիճանների վրա:
-Լա~վ, լսիր, շատ մի նեղվիր, կարող ես գնալ Հասկացողների բյուրո: Կարծում եմ քեզ այնտեղ կօգնեն, ասաց Աննետը:
-Հը? Հասկացողների բյուրո? Դու այդ բյուրոից ես?,- հարցրեց Ժորժը:
-Չէ, ես Աստղերի մաքրության բյուրոից եմ: Վերցրու հասցեն և ինձ հանգիստ թող հա?
Ժորժը վերցրեց Աննետի տված թուղթը: Վայ, այս ինչերեն է, բան չի հասկանում: Ա~~, հասկացա, ախր ամեն ինչ թարս է, մմմ, հայելի է պետք...կամ էլ շենքի պատուհան:
«Հասկացողների 13/518, բն. ըստ ցանկության»
Ըստ ցանկության բնակարան? Դա որն է??? «Էլի բան չհասկացա» ,- կրկին նեղվեց Ժորժը: Բայց որոշեց գնալ, ինչ-որ բան նրան հուշում էր, որ պետք է ուղիղ գնալ: Գնաց-գնաց, ու հասավ ինչ-որ տեղ: «Մմմ, ճիշտ եմ եկել?»,- մտածեց Ժորժը: «Ճիշտ ես եկել»` գրված էր պատի վրա: Տակն էլ գրված էր «Ինչ ես զարմացած կանգնել? Ասում եմ ճիշտ ես եկել, դուռը բաց ու արի ներս» : «Ինչ գիտի այս պատը, թե ես ուր էի ուզում հասնել?»,- զարմացավ Ժորժը: Այս ինչ էլ մութ է ներսը:
-Հեյ~, էստեղ մարդ կա?
-Մարդ? Կա,- լսվեց ձայնը:
-Բա ուր է?
-Սեղանի տակ?
-Սեղանի տակ?- զարմացավ Ժորժը,- ինչ ես անում սեղանի տակ?
-Հասկանում եմ,- ասաց ձայնը:
-Ինչ ես հասկանում?
-Դե որ հասկանայի թե ինչ եմ հասկանում, չէի մտնի սեղանի տակ,- ասաց ձայնը:
-Ինչ, հիմա որ ես էլ մտնեմ սեղանի տակ, կհասկանամ?-կասկածանքով հարցրեց Ժորժը:
-Հապա փորձիր:
Ժորժը մութ սենյակում մի կերպ շոշափեց սեղանը ր մտավ դրա տակ: Ձայնը մի լուցկի վառեց, և Ժորժը տեսավ, որ դա գիտնականի սպիտակ խալաթով, մե~ծ ու քաչալ գլխով ու մե~~~~ծ ակնոցներով մարդ է:
-Բայց ես բան չեմ հասկանում,- ասաց Ժորժը:
-Իսկ ես հասկանում եմ,-ասաց ակնոցներովը:
-Ինչ եք հասկանում?
-Որ չեմ հասկանում,- ասաց ակնոցավորն ու դուրս եկավ սեղանի տակից:
-Այդ ուր?- բացականչեց Ժորժը,- չէ որ մենք փորձում էինք հասկանալ:
-Սեղանի տակ?- զարմացավ մարդը,- սեղանի տակ ուզում էիր բան հասկանալ? այդպես չես կարող, սեղանները վնասակար են հասկանալու համար:
-Է~, ես եկել եմ այստեղ, որ հասկանամ, իսկ դուք... Լսեք, ինչ մեծ ակնոցներ ունեք, դա մոտիկը տեսնելու համար է , թե հեռուն?- այդ հարցը մայրիկից էր սովորել:
-Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Սա մանրուքները հասկանալու համար է:
-Ակնոցներով եք հասկանում?- զարմացավ Ժորժը:
-Բա իհարկե, ակնոցներով եմ չէ տեսնում, իսկ եթե տեսնում եմ, ուրեմն հասկանում եմ, հասկացար???
-Հա~, հասկացա,- ասաց Ժորժը, բայց նորից բան չհասկացավ:
-Հասկացար? Այդքան շուտ? Դա լավ է, դե ուրեմն ազատ ես, կարող ես գնալ:
Ժորժն, իհարկե ամաչեց ասել, որ ոչինչ չի հասկացել և ուզում է մնալ, ու ներսից իրեն ուտելով շրջվեց, որ գնա: «Գոնե այդ ակնոցներից ունենայի, երևի կհասկանայի այդ ժամանակ» ,- մտածեց Ժորժը: Այդ ընթացքում ակնոցավորը հանել էր ակնոցները և դրել սեղանին, Ժորժը թաքուն վերցրեց դրանք սեղանի վրայից, ասաց. «ցտեսություն» ու արագ դուրս եկավ ,քանի դեռ չէին նկատել իրեն: Դուրս եկավ ու անհամբերությունից անմիջապես ակնոցները դրել: Լըըըըղղղղ.....աշխարհը կարծես լղոզվեց, գլուխն էլ սկսեց պտտվել, վաայ...Հանեց ակնոցները: «Ես սրանով բան չեմ տեսնում, ավելի լավ է, հետ տանեմ»,- նույն կերպ` թաքուն, որ մարդ չտեսնի, ակնոցները տեղը դրեց ու դուրս թռչեց սենյակից:
-Աննե~տ, Աննե~տ,- բացականչեց նա:
-Ինչ ես գոռում? Մարդիկ քնած են, ի տարբերություն քեզ,- ասաց Աննետը:
-Աննետ, լսիր, սպունգը տուր, ես էլ օգնեմ, հա?

Մանանա
19.04.2011, 01:27
հեքիարը շարունակական է, դեռ չեմ ավարտել, հերթով մասերը կտեղադրեմ, կան նաև նկարներ, բայց բլոգումս են, սա էլ հղումը :)
http://mananart.blogspot.com/search/label/%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BF%20%D5%86%D5%B8%D6%82%D5%A1%D6%80

Kita
19.04.2011, 01:47
Մաման շատ հավեսն էին: Պարզ ու լուսավոր:)
Չգիտեմ հատուկ ես անունը տենց դրել, Թե չէ, բայց դե նկարների վրա Annet Noir էր, այսինքն սև:) Էտ պահն էլ հավես էր:)
Լռիվ նկարներիտ աշխարհի մասն է:)

Ռուֆուս
19.04.2011, 09:47
Մանանա, շատ լավն էր :) Թեթև, հավես ու բարի :) Կիտայի էս ասածի հետ չեմ կարող չհամաձայնվել


Լռիվ նկարներիտ աշխարհի մասն է:)

Դավայ նկարազարդումներն էլ դիր, լա՞վ :)

Մանանա
19.04.2011, 09:56
Մաման շատ հավեսն էին: Պարզ ու լուսավոր:)
Չգիտեմ հատուկ ես անունը տենց դրել, Թե չէ, բայց դե նկարների վրա Annet Noir էր, այսինքն սև:) Էտ պահն էլ հավես էր:)
Լռիվ նկարներիտ աշխարհի մասն է:)

Մերսի,Կiտ ջան :oy Նուարը հատուկ եմ դրել, հա, բայց ֆրանսերենով դա նաև գիշեր ա նշանակում, դրա համար :)

Ռուֆուս
19.04.2011, 10:00
Ի դեպ ինչ-որ տեղ հիշեցրեց Ինչուիկը (Незнайка) հանդիպում է Երկարագուլպա Պեպպիին :)

Yellow Raven
19.04.2011, 15:12
Մանան, վերջն են:love
Նույն ոճի մեջ շարունակի, աշխատի չշեղվես թեթևությունից իմաստային կողմի համար:) Սպասում եմ մյուս մասերին:P

E-la Via
20.04.2011, 10:42
Լավն էին Մանանա ջան… Շարունակիր գրել և այստեղ տեղադրել:
Սպասում եմ :):

Freeman
20.04.2011, 11:42
Լավն էր՝հեշտ էր կարդացվում ու հետաքրքիր էր

Մանանա
11.07.2011, 00:35
Ծլը~նգ, ծլը~նգ: Զարթուցիչ, ով է քեզ հորինել?? Չէ, չեմ ուզում լսեմ, ու չեմ լսի: Այդպես Ժորժը կյանքում առաջին անգամ դասի չգնաց և ամենակարևորը բաց թողեց պատմության դասը: Մայրիկն անհանգստանում էր. Ժորժը վերջերս շատ դժվարությամբ էր արթնանում և ամբողջ օրը քնկոտ էր: Դե արի ու մայրիկին բացատրի, թե որտեղ է Ժորժը լինում գիշերները և ինչու է ամբողջ օրը քնկոտ: «Չէ, պետք է բժշկի գնալ», վճռեց մայրիկը: Դե Ժորժն, իհարկե, չհակաճառեց, բժիշկները խելացի մարդիկ են, նրանք հաստատ ելքը կգտնեն:
Էլ Ժորժի մատը ծակեցին, ինչ-որ բաներ քսեցին, մաքրեցին, փայտիկներ խցկեցին բերանը: Ու այդքան բանից հետո բոլոր բժիշկները Ժորժին կատարյալ առողջ գտան, միայն ակնաբույժն ասաց «Տարեք այս երեխային, թող մի քիչ քնի», այն բանից հետո, երբ Ժորժը աղյուսակի առաջին երկու տառից հետո սկսեց խռմփացնել:
Ցերեկային երեքժամյա քնից հետո միշտ ուզում ես գոռալով երգել: Սակայն Ժորժը չհամարձակվեց: Երբ փոքր էր, մի անգամ փորձեց երգել հյուրերի առաջ: Նրա մայրիկը մտածում էր, որ նա տաղանդավոր է, և կարող է լավ երգել: Սակայն այդ օրվանից հետո, մայրիկը որոշեց, որ ավելի լավ է Ժորժը խելացի լինի, քան տաղանդավոր: Դրա համար էլ Ժորժը այդքան խելացի է հիմա:
Բա ինչ անի? Մի բանով պետք է զբաղվել չէ? Ահա, հասկացավ, կարելի է Ռեբեկայի հետ իջնել բակ խաղալու: Ռեբեկան Ժորժի դասարանցին էր, Հարիի կողքն էր նստում, երրորդ շարքի առաջին նստարանին: Գնդակ խաղացին, վազեցին, ծառերի ճյուղերից կախվեցին: Դա էլ արեցին, բա հիմա ինչով զբաղվեն?
Կարելի է մայրամուտին նայել: Այսինքն` թե ինչպես են արևի շողերը լքում դիմացի 16-հարկանիի պատերը: Լուսնոտների փողոցում դա մայրամուտին հետևելու միակ ձևն է: Չնայած մի ձև էլ կա` բարձրանլ տանիք և հետևել մայրամուտին: Կրկին տանիք? Օ, ոչ, մտածեց Ժորժը, ես այլևս չեմ դիմանա: Սակայն Ռեբեկան շատ խնդրեց: Դե, Ժորժն էլ, բնականաբար, չմերժեց, քանի որ խելացի լինելուց բացի, նաև ջենտլմեն էր:
Երբ հասան տանիք` արևը գրեթե մայր էր մտել: Միայն վերջին շողն էր մնացել, այն էլ գիտեր, որ Ժորժն ու Ռեբեկան էին բարձրանում, դրա համար էր մնացել էր: Ու շատ շուտով արևն այլևս երկրագնդի հակառակ կողմում էր: Այդ էլ Ժորժը աշխարհագրության դասին էր սովորել: Մինչ այդ նա գիտեր, թե արևը դիմացի 10-հարկանիի հետևում է թաքնվում գիշերները, դրա համար էլ միշտ այդ շենքի տղաների հետ կռվում էր, որպեսզի վերադարձննե արևին:
Կամաց-կամաց մթնում է: Շուտով աստղերը դուրս կգան, ու Աննետն էլ կարթնանա: Պետք է իջնել տանիքից: Բայց Ռեբեկան որոշեց աստղերին նայել տաքից: Ախր ինչ աստղեր, քնել է պետք: Չէ ու չէ, Ռեբեկան ուզում է մնալ այնտեղ: Լավ, ինչ արած, Ժորժը կրկին քաղաքավարությունից չմերժեց նրան ու մնացին տանիքում: Ռեբեկան անհամաբեր նայում էր վերև, թե երբ են աստղերը դուրս գալու: Դե արի ու բացատրի, որ գիշերն ամեն ինչ թարս է, ու աստղերն է ներքևում են: Ահա և առաջին աստղը, երկրորդը:
-Ահ, դու հերիք չէիր, հիմա էլ ընկերուհուդ ես բերել,- փնթփնթաց Աննետը,- չնայած, ինչքան շատ ձեռք, այդքան շատ աստց կմաքրենք: Հապա մի տեսնեմ քանի ձեռք ունես: Ընդամնեը երկուսը: Լավ, դա էլ է հերիք:
Ռեբեկան քար էր կտրել: Բա հո ամեն օր չես տեսնի մազերը վեր ցցված աղջիկ: Ժորժը փորձեց բացատրել, թե ինչը ինչումն է: Աննետն էլ կողքից քմծիծաղով նայում էր` ինքը շատ է հասկանում, մի հատ էլ կողքինին է բացատրում: Սակայն Ռեբեկան ոչինչ չէր հասկանում, որ գիշերն ամեն ինչ թարս է, տանիքն էլ ներքևում է: Մմմմ, հայելի, միակ ճիշտ ճանապարհն է: Ժորժը Ռեբեկային տարավ մոտակա պատուհանի մոտ, որ տեսնի իր վեր ցցված մազերը:
-Ահ, իմ գեղեցիկ մազերը, իմ հրաշալի, նոր հարդարված, գեղեցիկ մազերը,- բացականչեց Ռեբեկան:
Ժորժն էլ արդեն ուզում էր ասել, որ վեր ձգված մազերը Ռեբեկային շատ են սազում, բայց դե Ռեբեկայի մեղմ ասած չհիացած հայացքը նրան ստիպեց փոշմանել ու ոչինչ էլ չասաց: Ժորժը սկսեց կամաց-կամաց բացատրել, թե ինչը ինչումն է, և ինչու է ամեն ինչ այսպես, որ Աննետը աստղերի մաքրության բյուրոից է: Մի րոպե, իսկապես? Աննետը մաքրության բյուրոից է?
-Ուրեմն ես կարող եմ հենց այնպես աստղի ձեռք տալ? –հիացած բացականչես Ռեբեկան:
-Ես կասեմ ավելին, դու կարող ես վերցնել սպունգը և մաքրել դրանք,- իրեն չկորցրեց Աննետը:
52471
Ռեբեկան նայեց Ժորժին, նա գլխով արեց: Եվ երկուսով վերցրեցին մի մի հատ սպունգ ու գնացին աստղեր մաքրելու: Բնականաբար, նրանք շատ շուտ ավարտեցին աշխատանքը, դե արդեն շատով էին աշխատում, և արագ էր ստացվում: Դե ինչ են անում բոլոր նորմալ մարդիկ աստղ մաքրելուց հետո? Իհրակե հաց ու ջեմ են ուտում: Մմմմմ, հաց ու ջեմ, դանից էլ համեղ բան: Բնականաբար, Ռեբեկան շիրայոտեց ձեռքերը, որովհետը չգիտեր, որ ջեմը տակից է քսված:
-Ռեբեկա, գնանք քնելու?- հորանջելով հարցրեց Ժորժը:
-Արդեն?- զարմացավ Աննետը,- իսկ ես ուզում էր այսօր ծանոթացնել տարօրինակների առաջին բյուրոյի նախագահ պարոն ծառաձկան հետ: Չնայած, դժվար ձեզ ծառաձկները հետաքրքրեն, այնպես որ կարող եք գնալ:
-Հը? Պարոն Ծառաձուկ?- հետաքրքրվեց Ռեբեկան:
-Խնդրում են ծառաձկների մասին վաղը,- ասաց Ժորժը,- Ռեբեկա , արի գնանք քնելու, վաղը նորից կգանք, լավ?:
Ա~հ, փափուկ բարձ ու տաք վերմակ, կարոտել էր ձեզ:

Lem
11.07.2011, 01:16
Հրաշք են, Մանանա ջան: Հնարավոր լիներ ամեն ինչ թողնել, հեռանալ ու դուրս գալ տանիք, հաց ու ջեմ ուտել...

Մանանա
12.07.2011, 00:32
Հրաշք են, Մանանա ջան: Հնարավոր լիներ ամեն ինչ թողնել, հեռանալ ու դուրս գալ տանիք, հաց ու ջեմ ուտել...

շնորհակալ եմ, ուրախ եմ, որ այդքան շատ է դուր եկել :) ի դեպ, հեռանկարում կա Աննետին դարձնել առաջին հայկական հեքիաթ-ռադիոսերիալի հերոսուհի :)

Մանանա
21.07.2011, 00:24
Տարօրինակների և ծառաձկների մասին

-Դե ասում էմ չէ, էլի,- արդեն նյարդայնանում էր Ժորժը:
-Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ,- արդեն լացակումած խնդրում էր Ռեբեկան:
-Լսիր, ինչ ես ուզում ինձնից, թող գնամ տուն, ես լիքը դաս ունեմ անելու` վաղը ստուգողական աշխատանք ունենք,- ասաց Ժորժը:
-Չես գալիս, ես մենակս կգնամ տանիք: Ինձ թվում է ես ու Աննետն ընկերացանք,- որոշեց Ռեբեկան:
-Ընկերացաք?- քմծիծաղ տվեց Ժորժը: Անկեղծ ասած, նա մի քիչ խանդեց:
-Այո, ընկերացանք... ու... ու... ու կարող ես չգալ, ես մենակս էլ կգնամ:
Այ քեզ Ռեբեկա: Կրակն ընկանք ծանոթացրեցինք Աննետի հետ: Ժորժ? Միթե դու թույլ կտաս, որ Աննետին ու գիշերը գողանան քեզանից?
Էհ, ևս մեկ անքուն գիշեր...
Ժորժը կես ժամ շուտ էր բարձրացել տանիք և նստել էր դեռևս քնած Աննետի կողքին। չէ որ նա լավ ընկեր էր: Իսկ Ռեբեկան ուշ եկավ:
-Ժորժ? Արթնացիր, եկել ես, որ քնես? Բարձրացի ձեր տանը քնիր,- ասաց Աննետը:
-Հը? Ինչ? - վեր թռավ քնից Ժորժը,- հա~, ծառաձուկը...է~, ինչ էի ասում... Ռեբեկան եկել է?
-Ինչ Ռեբեկա? Ես Ռեբեկա-մեբեկա չգիտեմ... աստղերն ինձ են սպասում,- ասաց Աննետը:
-Ժո~րժ,- սա Ռեբեկայի շնչակտուր ձայնն էր:
-Ահա և Ռեբեկան, բայց առանց Մեբեկայի: Անկեղծ ասած այդ վերջինին չեմ ճանաչում,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:
-Ա~, երեկվա երկձեռանի աղջիկն է? Ռեբեկա, գիտես ասացվածքը` "Քանի ձեռք ունես, այդքան շուտ աստղերը կմաքրես կվերջացնես": Ճիշտ է, դու միայն երկու ձեռք ունես, բայց կմիացնենք Ժորժին ու կդառնաք չորսձեռանի: Լավ, վերցրեք սպունգներրը, անցանք գործի,- Աննետը տարերքի մեջ էր:
-Իսկ դու հետո կծանոթացնես ծառաձկան հետ?-հարցրեց Ռեբեկան:
-Հը? Ծառաձուն? Դուք որտեղից գիտեք նրա մասին,- կասկածանքով հարցրեց Աննետը:Ռեբեկան ու Ժորժը հիշեցրեցին, որ նա ինքն է պատմել նրա մասին և անգամ խոսք է տվել ծանոթացնել:
-Լավ, լա~վ, կծանոթացնեմ, միայն արագ, այսօր Լուսինը շուտ է գնալու, գործեր ունի,- ասաց Աննետը:
Դե, արդեն սովորականի նման արագ-արագ մաքրեցին աստղերը:
-Հեյ, լավ մաքրիր, այդպես գործ չեն անում,- նախատեց Աննետը Ռեբեկային:
Վերջինս այնքան էր ուզում շուտ տեսնել այդ պարոն Ծառաձկանը, որ կիսատ-պռատ էր մաքրում, միայն թե արագ ավարտի:
Հաց ու ջե~մ... չէ, սա պետք է դանդազ ուտել ու որքան հնարավոր է հաճույք ստանալ դրանից: Վերջ, դե գնացինք Տարօրինակների առաջին բյուրո:
-Ինչի երկրորդն էլ կա?- հարցրեց Ռեբեկան:
-Տարօրինակների բյուրոներ շատ կան, 1000-ն անցնում են ... մմմ ... կարծես 1315 հատ: Ու բոլորը տարբեր են: Սա ձեր պատկերացրած տարօրինակները չեն:
Այսինքն... Այդքան հարց տալու փոխարեն, ավելի լավ է Աննետի բառարանի մեջ նայել: Ժորժը անմիջապես վերցրեց բառարանը և լուրջ դեմքով սկսեց փնտրել "Ս" տառը, դե "Ս"-ից հետո միշտ "Տ"-ն է գալիս: "Տարբեր", "Տարեմուտ", "Տարօրինակ", ահա."Տարօրինակ բառը կազմված է "տար"` տարբեր և "օրինակ" բառերից, այսինքն` տարբեր օրինակներ, իսկ դա նշանակում է, որ տաօրինակները տարբեր են և շատ, անցնում են անգամ 1000-ը " :
-Բայց ինչի օրինակներ են?- հարցրեց Ժորժը:
-Ժորժ, դու երբեք ոչինչ չես հասկանում: Ինչ կլինի` հերցեր մի տուր ու ուղղակի արի,- նյարդայնացավ Աննետը:
-Հա էլի,- ավելացրեց Ռեբեկան:

52482
-Պարոն Ծառաձու~կ,- շշուկով կանչեց Աննետը,- պարոն Ծառաձու~կ:
-Հը? Ով? Այստեղ չէ,- լսվեց ինչ-որ ծերունու ձայն:
-Պարոն Ծառաձուկ, այդ ես եմ` Աննետը:
-Ա~, աղջիկս, այդ դու ես? Ես էլ մտածեցի` երկրորդ բյուրոյի տեղակալն է: Ախր շատ տաօրինակն է, չեմ դիմանում: Ինչպես ես?
-Լավ եմ, պարոն Ծառաձուկ, ձեզ մոտ հյուրեր եմ բերել:
-Ինչ հյուրեր? Ովքեր եք դուք? Մարդիկ? Հա, մեր բյուրոներից մեկում էլ մարդիկ կան, բայց սևամորթ են, որ գիշերը հանկարծ չերևան: Հապա... չէ, դուք մի տեսակ սպիտակ եք:
Պարոն Ծառաձուկը մի քիչ ծեր էր և շատ դժվար էր մարդկանց գույները տարբերում, բայց այս անգամ հեշտ ստացվեց. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել:
-Իսկ դուք կենդանիների որ ցեղատեսակին եք պատկանում, պարոն Ծառաձուկ?- խելացի դեմքվ հարցրեց Ժորժը:
-Ես? Ծառաձկների: Մենք ծառերի մեջ ենք ապրում, և որպեսզի անտեսանելի լինենք մյուս տարօրինակների համար, մեր մաշկն էլ ծառի կեղևի նման է, որ չտարբերվենք ծառերից:
-Բա ոնց եք ջրից դուրս ապրում?-հարցրեց Ռեբեկան:
-Դե, դրա համար էլ Տարօրինակների առաջին բյուրոն ենք. հերիք չի միաժամանակ ծառ ենք և ձուկ, մի հատ էլ ջրից դուրս ենք ապրում:Բայց հիմա շատ քիչ ենք մնացել` 5 հոգի: Եկեք մնացածի հետ էլ ծանոթանանք:
Նրանք անցան երկար միջանցքով և կլոր դռնով դուրս եկան ծառաձկների անտառ: Իրականում դա մի փոքրիկ անտառ էր, որտեղ շա~տ հաստ բնով և սաղարթախիտ ծառեր էին աճում, և բնականաբար, երկնքից էին աճում, դե գիշերն ամեն ինչ թարս է, հիշում եք: Նրանք այդ ծառերին բաբոաբ էին ասում: Միայն երբ մեծացավ, Ժորժը նոր հասկացավ, որ դա նույն բաոբան է, երբ հետևից առաջ ես կարդում: Բաբոաբների վրա մեծ փչակներ կային, որոնց մեջ էլ ծառաձկներն էին ապրում: Անտառում 13 բաբոաբ կար, բայց ծառաձկները 5-ն էին: 2 ծառաձուկ միասին էին ապրում, իսկ մնացծ 3-ը առանձին-առանձին: "Այսինքն` ընդամենը 4 հատ ծառ է զբաղված", միանգամից մտքում հաշվեց Ժորժը:
-Պարոն Ծառաձուկ, բա մնացած 9 ծառերն ինչի համար են?- հարցրեց նա բարձրաձայն:
-Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:
-Ինչի ձեզ վնասում են?
-Ցավոք, այո: 276-րդ բյուրոյի տարօրինակները շատ չար են, և իրենց գործը կայանում է նրանում, որ վատ բաներ անեն ու վնասեն: Մենք սկզբում 20 հոգի էինք, հետո նրանց պատճառով մնացինք 5-ը,- ասաց պարոն Ծառաձուկը:
Ժորժը տխրեց: Պետք է մի բան անել, թե չէ ծառաձկները կվերանան: Ռեբեկան արդեն ծանոթացել էր մեկ այլ ծառաձկան` Նիլի հետ, և նրա հետ ինչ-որ ծառաձկային խաղեր էր խաղում: Է~, դուք էլ խաղալու ժամանակ եք գտել:
-Գիտեք ինչ? Ես կստեղծեմ "Ծառաձկների պահպանության կենտրոն" և թույլ չեմ տա, որ ձեզ վերացնեն,- որոշեց Ժորժը:
-Է~հ, որդիս, վախենամ, որ դա չօգնի:
-Կօգնի, դե կտեսնեք,-ասաց Ժորժը:
Աննետը կրկին քմծիծաղով նայում էր Ժորժին: Մի մարդ, որ բան չի հասկանում, ինչ կարող է անել?
Վա~յ, արդեն առավոտյան 5-ն է, շուտով կլուսանա, պետք է գնալ քնելու:
-Ժո~րժ, Ռեբեկա~, գնացինք, ես պետք է քնեմ, թե չէ վաղը երկնքում աստղեր չեն երևա: Արագ, արագ,- շտապացրեց Աննետը:
-Դե, պարոն Ծառաձուկ, շատ հաճելի էր, ես կզբաղվեմ կենտրոնի հարցերով,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:
Է~հ, Ժորժ, Ժարժ, դու անուղղելի ես:
-Ռեբեկա~, գնացինք:
-Լսիր, Ժորժ, կհիշացնես` վաղը հետս գնդակ վերցնեմ,- ասաց Ռեբեկան:
-Ինչի համար?
-Դե, Նիլին խոսք եմ տվել մեր խաղերից սովորեցնեմ:
-Ռեբեկա, մենք վաղը այստեղ չենք գալու, ու ոչ մի գնդակ էլ չես վերցնի,- ջղայնացավ Ժորժը:
-Լավ, ես մենակս կգամ,- հանգիստ պատասխանեց Ռեբեկան:
Ժորժը բան չասեց: Թեքվեց ու գնաց, երևի նեղացավ: Անգամ Աննետին բարի գիշեր չասեց:
Չնայած` Աննետն արդեն մուշ-մուշ քնել էր...

Միքո
23.07.2011, 09:39
Մերի այ լավ յու :))

Մանանա
10.08.2011, 00:04
օհ, տի լստիշ մնե:)

Lem
10.08.2011, 00:29
Էնպես ուզեցի Աննետին տպագրված տեսնել: Հենց էս նկարներով: Մեկ էլ կուզեի քեզ նման ընկերուհի ունենալ: :)

Մանանա
11.08.2011, 02:39
Էնպես ուզեցի Աննետին տպագրված տեսնել: Հենց էս նկարներով: Մեկ էլ կուզեի քեզ նման ընկերուհի ունենալ: :)
Lem, ես էլ կուզենայի Աննետին տպագրված տեսնել :)))) մերսի, կարծիքի համար, իսկ նոր ընկրեներ ես միշտ ուրախ եմ ձեռք բերել :)

Մանանա
11.08.2011, 02:43
Ամպամած երկնքի ու բեղատան մասին
Մաս 5
Մայրիկն այնքան էր ուրախանում. Ժորժը սկսել էր ցերեկները քնել: Ախր երեխաներին ցերեկային քունը պետք է, իսկ Ժորժը երբեք ցերեկները չէր քնում: Դե դուք գիտեք ինչից է Ժորժը սկսել ցերեկները քնել, իսկ մայրիկը չգիտեր, դրա համար էլ ուրախանում էր:
Ժորժը շատ երկար մտածեց` բարձրանալ տանիք, թե ոչ: Որ Ռեբեկան բարձրացած լինի, նա կնեղվի ու հետ կիջնի: Բա գոնե թող բարձրանալուց առաջ ասեր, որ գոնե միասին բարձրանային: Էհ այս աղջիկները, շատ խոզն են, է~~: Բայց կարող է և չի բարձրացել: Այ դրա համար էլ պետք է բարձրանալ տանիք և ստուգել... ըհը~, տանիք բարձրանալու ևս մեկ առիթ:
-Աննե~տ, Աննե~տ,- կանչեց Ժորժը:
Ձայն չկար: Արդեն դուրս է եկել Աննետը?
-Աննետ? Որտեղ ես?
-Ինչ է պատահել?- քնկոտ ձայնով արձագանքեց Աննետը:
-Աննետ, որտեղ ես, դու դեռ չես արթնացել?- հարցնում էր Ժորժը` դեռևս չտեսնելով Աննետին:
-Ա~, Ժորժ, դու ես? Այսօր աստղ չենք մաքրելու, կարող ես գնալ,- կրկին քնկոտ ձայնով ասաց Աննետը:
-Ինչու?- Ժորժը վերջապես գտավ Աննետին` մահճակալի մեջ պառկած և վրան աստղեր ասեղնագործած վերմակով տաք ծածկված:
-Աննե~տ, քեզ ինչ է պատահել? դու հիվա~նդ ես,- անհանգստացավ Ժորժը:
-Դե, այնպես չէ, որ հիվանդ եմ, բայց ինձ փոքր-ինչ լավ չեմ զգում,- ասաց Աննետը` ավելի ամուր փաթաթվելով վերմակի մեջ:
-Համ էլ գիտես, երկինքն ամպամած է, միևնույն է մաքրես-չմաքրես, նույն բանն է,- հույս տվեց նրան Ժորժը:
Աննետը ծիծաղեց.
-Ամպերը ես եմ գցում գիշերները, երբ հիվանդ եմ լինում, որ մարդիկ դրանց տակից չտեսնեն կեղտոտ աստղերը:
-Ոնց?- զարմացավ Ժորժը,- ուրեմն որ գիշերները ամպամած է լինում, դա դու ես անում?
-Հա, բայց ոչ մեկին չասես, լավ?- խնդրեց Աննետը:
-Լավ չեմ ասի, լսիր բայց դու այսպես պառկած ես մնալու? քեզ շուտ առողջանալ է պետք:
-Դե կանցնի էլի, մի քանի որ էլ թող ամպամած լինի:
-Չէ, այդպես չի կարելի: Բա ինչ անեն այն մարդիկ, ովքեր գիշերները աստղերին են նայում,- ասաց Ժորժը:
-Թող մի քանի օր էլ չնայեն: Ու ինձ հանգիստ թող հա? Չես տեսնում ինձ լավ չեմ զգում,- արդեն նյարդայնանում էր Աննետը:
-Բայց ինչ էգոիստն ես, Աննետ: Ասա, ինչ անեմ, որ շուտ առողջանաս,- ասաց Ժորժը:
-Ինձ հանգիստ թող:
-Ասա ինչ անեմ, ասա ինչ անեմ, ասա ինչ անեմ: Այնքան եմ խոսալու, մինչև չասես: Ասա ինչ անեմ, ասա...
-Լա~վ, լավ, միայն սուս մնա,- Աննետն էլ չդիմացավ,- Տարօրինակների 911-րդ բյուրոյում գտիր Բեղատունը ու բեղավորներից ամենամեծին ասա, որ Աննետը հիվանդացել է:
-Բեղատուն չէ, Աննետ, Դեղատուն, "դ"-ով,- ուղղեց նրան Ժորժը,- "դեղ" բառից:
-Էտ ձեր ցերեկային կյանքում է դեղատուն, իսկ այստեղ Բեղատուն է, որովհետև այդ տանը բեղավորերն են ապրում,- բացատրեց Աննետը,- դե գնա, ում ես սպասում?


Սպիտակ քառակուսիներով քաղաք Ժորժն առաջին անգամ էր տեսնում: Տները սպիտակ, փողոցները սպիտակ, ծառերի տեղը ջերմաչափեր էին: Դե արի ու հասկացի, թե Բեղատունը սրանցից որ մեկն է: Այ եթե դեղատուն լիներ, ավելի հեշտ կլիներ, շուրջբոլորը դեղատներ են:
Այն ինչ սև կետ է հեռվում? Հը~ն? Սև խոտի դե~զ: Մե~ծ դեզ, կողքն էլ մկրատ: Ինչի համար է այս մկրատը? "Որ բեղերը կտրես", գրված էր մկրատի վրա: "Ում բեղերը? ես դեռ բեղեր չունեմ',- մտածեց Ժորժը`շոշափելով շուրթերի վերևի մասը... մեկ էլ տեսար:
"Բայց դիմացիդ տունը ունի", գրված էր մկրատի հակառակ կողմում: "Այս դեզը բեղեր են? այ քեզ բա~ն",- մտածեց Ժորժը:
Նա վերցրեց մկրատը ու սկսեց կտրել տան բեղերը: Մի քիչ էլ, ու տակից սկսեց տան դուռը երևալ: Նա բացեց դուռը ու ներս մտավ: Ներսից սովորական տուն էր` սեղան, աթոռներ, մե~ծ հայելի (երևի բեղերը կտրելու համար) ու տենց էլի լիքը նոռմալ իրեր: Միայն մարդիկ չէին երևում:
-Հե~յ, այստեղ մարդիկ կան?- կանչեց Ժորժը:
-Հը?- ասաց ձայնը ու դռան ետևից հանեց բեղավոր գլուխը:
Եվ այսպես հերթով բեղավոր գլուխները երևացին` 5 գլուխ` ցածրահասակից մինչև ամենաբարձրահասակը: Ամենաբարձրահասակի բեղերն այնքան երկար էին, որ ծածկել էին ամենացածրահասակի գլուխը:
-Կներեք, ձեզանից ամենամեծն ով է?- հարցրեց Ժորժը:
-Ես,- ասաց ամենացածրահսակը:
-Դուք? Բայց դուք մի քիչ...մմմ...մի քիչ...- Ժորժը չգիտեր ոնց ասեր, ար նա չվիրավորվեր:
-Հա, գիտեմ, մի քիչ մեծ ականջներ ունեմ, ժառանգական է,- ասաց բեղավորը:
Անկեղծ ասած, նրա , մազերն այնքան երկար էին, որ ականջները չէին էլ երևում:
-Բայց Ձեզ շատ է սազում,- արագ ասաց Ժորժը,- հա, լուրջ եմ ասում:
-Վայ, շնորհակալություն, կարմրեցի,- ասաց բեղավորը:
Ճիշտ է` մազերի տակից կարմրությունը չերևաց, բայց դա կարևոր չէր, նա պետք է Անետին օգներ:
-Աննետ?- հարցրեց բեղավորը,- որ Աննետը? իսկական, թե արհեստական?
-Ես մի Աննետ գիտեմ, ու նա կարծես իսկական է,- ասաց Ժորժը:
-Հաստատ համոզված ես? Արհեստականների բյուրոյում ճիշտ նույն Աննետից կա, բայց արհեստական:
Ժորժը սկսեց արդեն կասկածել:
-Իմ իմացած Աննետը Աստղերի մաքրության բյուրոյից է,- ասաց նա:
-Հմմ...ուրեմն իսկականն է, բա ինչ է եղել նրան,- հարցրեց բեղավորը:
-Նա հիվանդացել է, պառկած է և քունն է տանում: Ամպեր է հանել երկինք, որ աստղերը փակեն, որովհետև չի կարող մաքրել դրանք: Ու մարդիկ մնացել են առանց աստղ, հասկանում եք? Նա ասեց, որ Դուք կօգնեք:
- Հա~, նա ալարկոտությամ է վարակվել, սարսափելի վարակ է, պառկում ես և ոչինչ անելդ չի գալիս,- բացատրեց բեղավորը:
-Հա, այդպես է որ կա, պառկած տեղից վեր չի կենում,- հաստատեց Ժորժը:
-Լավ, ես քեզ մի թուղթ կտամ, կփոխանցես նրան: Միայն դա նան կբուժի,- ասաց բեղավորը:
Նա գնաց կողքի սենյակ, որտեղ բազմաթիվ դարակներ կային: Ժորժը կարդում էր դարակների մակագրությունները` "Վախ", "Հոգնածություն", "Շատակերություն", "Քչակերություն", "Ալարկոտույթյուն"... հենց այդ վերջին դարակից էլ բեղավորը մի թուղթ հանեց, ծալեց, դրեց ծրարի մեջ և տվեց Ժորժին:
52575
-Շնորհակալություն, պարոն ամենամեծ բեղավոր:
-Խնդրեմ, արի քեզ ճանապարհեմ,- ասաց բեղավորը ր Ժորժին ճանապարհեց մինչև դուռ:
Ժորժի կտրած բեղերն արդեն աճել էին, ու բեղավորը վարագույրի նման բացեց տան բեղերը և "մնաս բարով" ասաց Ժորժին:

-Աննետ? Էլի քնեցիր? Վեր կաց, այ ալարկոտ,- արթնացրեց Ժորժն Աննետին:
Աննետը մի կերպ բացեց աչքերը.
-Ալարկոտը դու ես, ես ուղղակի վատառողջ եմ:
-Լավ, վերցրու, բեղավորը տվեց,- ասաց Ժորժը և մեկնեց ծրարը:
Աննետը վերցրեց ծրարը, հանեց մեջի թուղթը, կարդաց և ասաց.
-Հա, իրոք որ,- ու վեր կացավ տեղից, կարծես ոչինչ չի պատահել:
Ժորժը զարմացել էր: Տեսնես ինչ է գրված այդ թղթի վրա, որ Աննետին առողջացրեց?
-Ժորժ? Կօգնես ինձ արագ-արագ աստղերը մաքրենք? Ճիշտէ , բոլորն այսօր չենք հասցնի, բայց գոնե կեսը,- խնդրեց Աննետը Ժորժին:
-Հա, իհարկե,- ասաց Ժորժը:
Նա երջանիկ էր, որ Աննետն իրեն խնդրում է օգնել: Բայց աստղամքարությունից առաջ Ժորժը վերցրեց բեղատնից բերված թուղթը ու կարդաց: Իսկ այնտեղ գրված էր. "Դու էլ հո ալարկոտ չես, վեր կաց ու գործ արա":
Միայն այդքանը? Եվ սա կարդալով` Աննետն առողջացավ? Այ քեզ բա~ն...
-Ժորժ? Ուր կորար? -դրսից լսվեց Աննետի ձայնը:
-Եկա, եկա~~...

Մանանա
11.08.2011, 02:47
հեքիաթը ու նաև իմ մյուս աշխատանքները կարող եք իմ բլոգում էլ կարդալ ու նայել :)
http://mananart.blogspot.com/

Մանանա
06.09.2011, 00:35
Ռեբեկայի արձակուրդի ու Աննետի տխուր օրվա մասին


Ժորժը իրեն մի տեսակ լավ չէր զգում: Դե այնպես չէր, որ պետք է Ռեբեկային ասեր, նոր գնար տանիք, բայց այնպիսի տպավորություն է, որ նրանք նեղացած են իրարից: Բայց ախր ինչից է Ռեբեկան նեղացել. չէ որ Ժորժը նրան ոչ մի վատ բան չի արել: Հլը փոխանակ Ժորժը նեղանա, որ իր աշխարհ մտավ ու մի լավ տեղավորվեց այնտեղ: Դա հլը մի կողմ` բա ում հետ է Ժորժը երեկոները խաղալու, ում հետ մայրամուտ նայելու, հաշվելու դիմացի շենքի բաց պատուհանները, ում հետ, հըն?
Երևի հիմա Ռեբեկան տանը նեղացած նստած է ու ոչ մեկի հետ չի խոսում ու հաց էլ երևի չի ուտում, ուղղակի նստած է: Խե~ղճ Ռեբեկա: Չէ, պետք է գնալ ու խոսել նրա հետ:
Ժորժը մտավ վերելակ և սեղմեց 11-րդ կոճակը: Մինչև վերելակը կբարձրանար, դզեց մազերը, ուղղեց վերնաշապիկի օձիքը: Ահա և Ռեբեկայենց տունը: Զանգին ժորժի ձեռքը չէր հասնում, դրա համար ուղղակի թակեց դուռը:
-Ժորժ? Ողջույն, համեցիր,- Ռեբեկայի մայրն էր:
-Չէ, ես շտապում եմ: Բարև Ձեզ, Ռեբեկան տանն է?
-Ռեբեկան? Ոչ, գնացել է գյուղ` տատիկի տուն:
-Հա~,- Ժորժը համ ուրախացավ, համ էլ տխրեց, որովհետև չի խոսա Ռեբեկայի հետ,- բա երբ կգա?
-Մի ամսից:
-Լավ, շնորհակալություն,- ասաց ժորժն ու աստիճաններով վազեց ներքև:
Փաստորեն, Ռեբեկան ոչ թե նեղացել է, այլ ուղղակի արձակուրդն է վայելում գյուղում: "Չբռնեմ ու ես նեղանամ? Լավ, դեռ թող Ռեբեկան գա, նոր կվորոշենք: Իսկ հիմա քնել է պետք:"
Սակայն ինչքան փորձեց, Ժորժը չկարողացավ քնել: Ինչ-որ բան նրան տանջում էր, չէր հասկանում ինչը: Կարծես թե ամեն ինչ կարգին էր, բայց քունը չէր տանում:
Դեռ 4 ժամ կա մինչև Աննետի արթնանալը, մի բանով պետք է զբաղվել: Ռեբեկան էլ այստեղ չէ: Էհ, ինչ արած` ստիպված գիրք կկարդանք: Ախ, մայրիկը շատ էր ուրախանում` ցերեկները քնում է, գիրք է կարդում, ախր շատ է փոխվել իր Ժորժը:
Վերջապե~ս... Ժորժը վազեց տանիք:
-Աննե~տ, - բղավեց նա:
-Հը?- լսվեց Աննետի ցածր ձայնը:
Վերջինս տխուր նստել էր մահճակալի վրա և ոտքի ծայրով հատակին աստղեր էր գծում:
-Աննե~տ, դու կրկին հիվա~նդ ես,- բացականչես Ժորժը:
-Չէ, Ժորժ, այս անգամ չէ:
-Բա ինչ է պատահել, դու տխուր ես?
-Հա, այսօր իմ տխուր օրն է:
-Դու հատուկ տխուր օր ունես?- զարմացավ Ժորժը:
-Ըհը, ամեն տարի գալիս է մի օր, որբ ես տխրում եմ: Այդ օրը ես շատ աստղերի եմ հրաժեշտ տալիս,- բացատրեց Աննետը:
-Հրաժեշտ? Դու գնում ես այդ օրը?
-Էհ, ժորժ, էլի բան չես հասկանում,- նյարդայնացավ Աննետը:
-Բա որովհետև բան չես բացատրում, որ հասկանամ:
-Դա բացատրելով չի, դա ուղղակի պետք է զգալ, իսկ եթե զգում ես, ուրեմն հասկանում ես,- ասաց Աննետն ու դուրս եկավ տանիք:
Ժորժը հետևեց նրան: Աննետը կանգնել էր տանիքի ծայրին և մտախոհ աչքերով նայում էր աստղերին:
-Աննե~տ,- կարեկցանքով արտասանեց ժորժը:
-Ժորժ, հասկանում ես, աստղերն այստեղ ժամանակավոր են, ինչպես և ամեն ինչ այս կյանքում: Ու ամեն տարի ես 15 հատ ասղտի հրաժեշտ եմ տալիս, ու իրենք գնում են աստղերի պահոց,- բացատրեց Աննետը:
-Աստղերի պահո~ց,- բացականչեց ժորժը:
-Աստղերի պահոց,- հառաչեց Աննետը, վերցրեց սպունգն ու անցավ գործի:
-Աննետ, թույլ տուր օգնեմ քեզ,- ասաց Ժորժը:
-Ոչ, այսօր քեզ չի կարելի, ես անձամբ պետք է մաքրեմ աստղերը:
Աննետը իր աստիճանով հերթով մոտենում էր աստղերին: Այդ 15 աստղը նա յուրահատուկ խնամքով մաքրեց, համբուրեց ու "մնաս բարով" ասաց: Ժորժը տանիքին նստած նայում էր նրան: Երբ Աննետն ավարտեց, եկավ կանգնեց Ժորժի մոտ:
-Աննե~տ, ինչ ես կնագնել, նայի~~ր, աստղը ընկնում է: Բռնիր, ախր, ինչ ես կանգնել:
Ընկնող աստղի հետ միասին Աննետի աչքից մի արցունք ընկավ:
-Ժորժ, նրանք պետք է ընկնեն,- ասաց նա:
-Ախր ինչու?
-Որովհետև աստղաթափ է:
Արդեն 9-րդ աստղն էր ընկնում: Մնաց 6 հատ:
-Աստղաթա~փ,- բացականչեց Ժորժը:
-Ըհը,- կրկին հառաչեց Աննետը,- և այսպես ամեն տարի:
-Ու դու ոչինչ չես անում դա կանխելու համար?- զարմացավ Ժորժը:
-Չի կարելի կանխել, հասկանում ես? Դա բնական երևույթ է, դա պետք է այնդպես լինի:
Ահա և 15-րդ աստղն ընկավ:
-Բա որ նրանք ընկնում են, չեն կոտրվում ներքևում?- հարցրեց Ժորժը:
Անետը ժպտաց.
-Չէ, իհարկե չէ, ներքևում աստղ բռնողներ կան, ովքեր բռնում են բոլոր ընկնող աստղերը, հավաքում իրար գլխի ու տանում աստղերի պահոց: Նրանք այնտեղ ավելի լավ են զգում իրենց. այստեղ արդեն թույլ էին և համարյա լույս չէին տալիս,- Աննետի հայացքն ուղղված էր հեռուն,- գնանք, Ժորժ, գնանք հաց ու ջեմ ուտենք. չէ որ աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում:
Աննետը նայեց Ժորժին ու ժպտաց:
-Հա, բայց ես այսօր աստղ չեմ մաքրել, ինձ հաց ու ձեմ կարելի է?,- լուրջ անհանգստացավ ժորժը:
-Էհ, ժորժ, դու կրկին բա~ն չես հասկանում...


http://mananart.blogspot.com/2011/09/203.html