PDA

Դիտել ողջ տարբերակը : Ապրիլ 2011. կինոնորույթներ



Հայկօ
14.04.2011, 21:23
Աղմուկի հնչյունները / Sound of Noise



http://i.imgur.com/9VZct.jpg



Շատ օրիգինալ կինո է լինելու, կարելի է ասել՝ գրեթե արտ-հաուզ: Ֆիլմը քաղաքային «աղմուկ-երաժիշտների» մասին է, ովքեր զանազան խենթուխելառ, հակահասարակական ու արգելված բաներ են անում հանուն բարձր արվեստի: Օրինակ՝ բանկ են «թալանում», ու ընթացքում շատ ռիթմիկ կերպով փողերի տրցակները մտցնում են թուղթ ոչնչացնող սարքի մեջ՝ զուգահեռ «նվագակցելով» տասնյակ ուրիշ ձայներով՝ ստեղնաշարի չխկոցներ, շտամպերի շրխկոցներ... Կամ, ասենք, հիվանդանոցի սաբոտաժով են զբաղվում, որը վերաճում է հերթական «աղմուկային» համերգի, ընդ որում՝ առաջին ջութակը վիրահատական սեղանին պառկած անգիտակից հիվանդն է: «Աղմուկիստները» խոստացել են, որ շուտով քաղաքի մաստաշով են համերգ տալու, ու որ դա կլինի իրենց լավագույն ստեղծագործությունը: Իսկ գլխավոր հերոսը՝ ոստիկանության քննիչ Ամադեուս Ուորնբրինգը, ով սրտանց ատում է երաժշտության հետ կապ ունեցող ցանկացած բան, պիտի ամեն գնով խանգարի նրանց:



http://i.imgur.com/yjhpf.jpg



Այս կինոն արժանացել է քննադատների միաձայն գովեստներին, շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսների կողմից ու առաջադրվել է որպես մի քանի հեղինակավոր կինոմրցանակների թեկնածու: Կարևորը այստեղ ֆիլմի հետաքրքիր կոնցեպցիան է (հիմքում ռեժիսորական զույգի այս կարճամետրաժն է): Ըստ հանդիսատեսի կարծիքների՝ «Աղմուկի ձայները» շատ թեթև, դինամիկ ու պայծառ ֆիլմ է: Եվ, բնականաբար, շատ երաժշտական. վերնագիրը հստակ ակնարկ է «Երաժշտության ձայները» դասական մյուզիքլի մասին: Ֆիլմի հեղինակները, կարծես թե, հումորի զգացումից էլ զուրկ չեն. գլխավոր հերոսի անունը մենակ ամեն ինչ արժի: Ֆիլմը, թերևս, կարելի է շատ յուրահատուկ կոմեդիա համարել:




http://www.youtube.com/watch?v=9cqFhfWPSCg

Հայկօ
14.04.2011, 21:28
Ճիչ 4



http://i.imgur.com/3GpdU.jpg



Առաջին երեք «Ճիչերի» ռեժիսորի նկարած չորրորդ «Ճիչը». այսքանը լրիվ բավական է, որ ամեն ինչ պարզ լինի: «Ճիչը» մի ֆիլմ էր, որը հետո պաճենվեց ու ծաղրվեց բազմաթիվ անգամներ, ու ընդհանրապես՝ ստեղծեց երիտասարդական սարսափների մի ողջ ժանր:



http://i.imgur.com/nQUiQ.jpg



«Այն, ինչը մի սերնդի համար ողբերգություն է, մյուս սերնդի համար կատակ է», ասում են ֆիլմի ստեղծողները: Կարծում ենք՝ այս արտահայտությունը այնքան էլ հեռու չէ իրականությունից: Ֆիլմը ինչքան սարսափ է, ուղիղ այդքան էլ (եթե ոչ ավել) կոմեդիա:




http://www.youtube.com/watch?v=UlaZfOiGaCU

Հայկօ
14.04.2011, 21:34
Դեպի ձախ / Hall Pass



http://i.imgur.com/aNvKQ.jpg



Ամսվա երևի միակ զտարյուն կոմեդիան է: Երկու «ընտանեկան» տղամարդիկ իրենց կանանցից թույլատրություն են ստանում մեկ շաբաթ անելու այն ամենը, ինչ սրտները ուզի. ոչ մի սահմանափակում: Ինչը, բնականաբար, նշանակում է հարբեցողություն, գիշերային զանազան արկածներ և իհարկե՝ ուրիշ կանայք: Ազատությունից շշմած տղամարդիկ գլխովին խրվում են հաճույքների մեջ... բայց պարզվում է, որ չամուսնացածների աշխարհում նրանց ջահելությունից հետո ահագին բաներ են փոխվել: Կանայք նույնպես որոշում են հետ չմնալ...



http://i.imgur.com/hzAb2.jpg



Ֆիլմի ռեժիսորները Ֆարելլի եղբայրներն են, ինչը, իր հերթին, նշանակում է, որ «գոտկատեղից ներքև» կատակների ու տեսարանների պակաս ֆիլմում հաստատ չի լինի: Տրեյլերը հաստատում է այս կասկածը:




http://www.youtube.com/watch?v=tvqbOPX3wBs

Հայկօ
14.04.2011, 21:42
Արագ և կատաղի 5 / Fast and Furious 5



http://i.imgur.com/n4eIN.jpg



Փողոցային մրցավազքերի ու հանցագործ կյանքի մասին քառերգության շարունակությունը: Որոշ շրջանակներում այս ֆիլմերը պաշտամունքային բնույթ ունեն, ուրիշների համար գուցե հետաքրիքր կլինի դիտել արագ ավտոմեքենաների ու կիսամերկ աղջիկների այս հերթական դոզան:



http://i.imgur.com/akk1G.jpg



Գլխավոր դերերում կրկին անգամ մի քիչ արդեն պառաված, բայց դեռ հզոր ու խարիզմատիկ Վին Դիզելն է և նախորդ ֆիլմերում նրա գործընկեր Պոլ Ուոկերը: Նրանք որոշում են թալանել ոստիկանության գանձարկղը՝ գողանալով 100 միլիոն դոլար: Ֆիլմում նրանց հակառակորդը և գլխավոր ոստիկանը Դուեյն «Ռոք» Ջոնսոնն է, ով հավակնում է այսօրվա Հոլիվուդի ամենաուժեղ ու մարզված դերասանը լինել: Այնպես որ՝ եթե մանկուց երազել եք պարզել, թե ո՞վ է ավելի ուժեղ՝ Վին Դիզե՞լը, թե՞ Դուեյն Ջոնսոնը, ապա այս ֆիլմը ձեզ համար է. «Արագ և կատաղի 5»-ում կռվի տեսարաններն անպակաս են:




http://www.youtube.com/watch?v=S8oF3j2u84U

Հայկօ
14.04.2011, 21:47
Լինկոլնով փաստաբանը / The Lincoln Lawyer



http://i.imgur.com/D7voT.jpg



Ֆիլմի գլխավոր հերոսը անչափ կապված է իր սիրելի մեքենայի հետ: Այն դարձել է նրա «օֆիսը՝ անիվների վրա». նա իր մեքենայի մեջ ընդունում է իր հաճախորդներին, աշխատում է, իրավաբանական խորհրդատվություններ է կազմակերպում... Օրերից մի օր այս փաստաբանի խելքին փչում է զբաղվել ինչ-որ հարուստ երիտասարդի գործով. Վերջինիս մեղադրում են սպանության համար: Սկսելով հետաքննությունը՝ շատ շուտով «անվավոր» փաստաբանը հասկանում է, որ խրվել է վտանգավոր ու ոչ այնքան ազնիվ պատմության մեջ, և որ իր կյանքին լուրջ վտանգ է սպառնում...



http://i.imgur.com/DmUMN.jpg



Սա ապրիլի միակ զտարյուն հոլիվուդյան տրիլլերն է: Բավականին հայտնի դերասան, մեծ բյուջե, հետաքրքիր սցենար (հիմքը Մայքլ Կոննելիի գիրքն է). կինոն կարծես թե ամեն ինչ ունի՝ հաջողության հասնելու համար: Հանդիսատեսների արձագանքները նույնպես դրական են:




http://www.youtube.com/watch?v=L-2bFlDkAiM

Հայկօ
14.04.2011, 21:57
Տոր / Thor



http://i.imgur.com/OZm0b.jpg



Կոմիքսների էկրանավորումները շարունակվում են: Չնայած՝ «Տոր» ֆիլմը կարելի է նաև «Տիտանների ճակատամարտի» գաղափարական հետնորդը համարել, որովհետև սա նույնպես «նորաձև» առասպելաբանություն է՝ թանկ հատուկ էֆեկտներով, հայտնի դերասաններով, թիթիզ զրահներով... Այս անգամ հերթը հասել է սկանդինավյան առասպելներին ու դիցաբանությանը («Բեովուլֆ», բարև): Գլխավոր հերոսը Տորն է՝ որոտի հզոր ու մռայլ աստվածը, Օդինի ու Յորթի (Երկրի) զավակը: Սցենարիստների շնորհիվ Տորը իր հարազատ Ասգարդից աքսորվում է ժամանակակից Երկիր մոլորակ: Բնականաբար՝ զուգահեռ կերպով ինչ-որ մութ ուժեր ցանկանում են գրավել Երկիրը: Մեր բազմաչարչար մոլորակը կրկին դառնում է բարձրագույն ուժերի մարտի դաշտը, իսկ Տորը՝ մարդկության փրկության միակ հույսը:



http://i.imgur.com/lPWFW.jpg



Գլխավոր դերում ոչ այնքան հայտնի Կրիս Հեմսուորթն է («Աստղային ուղի», «Իդեալական փախուստ»), բայց նրա գործընկերներն արդեն ճանաչված դեքեր են. Սըր Էնտոնի Հոպկինս, Նատալի Պորտման, Ռընե Ռուսո (և այլք): Իսկ այ ռեժիսորի ընտրությունը բավականին տարօրինակ է. Քեննեթ Բրեննան հայտնի է հիմնականում պատմական ֆիլմերի շնորհիվ. «Հենրիխ V», «Մեծ աղմուկ ոչնչից», «Համլետ»: Մեծ բյուջեով բլոկբաստերների ոլորտում նրա լավագույն նվաճումը կարելի է համարել, թերևս, 1994 թվի «Ֆրանկեյնշտեյնը» (45 միլիոն բյուջե): Մի խոսքով՝ տեսնենք, թե ռեժիսորը ոնց է գլուխ հանել այս մեծ նախագծից. 150 միլիոն դոլար բյուջեով կարելի է շատ դիտարժան ֆիլմ նկարել: Ամեն դեպքում՝ ապրիլի մեջ «Տորը» մրցակից-ֆիլմեր գործնականում չունի:




http://www.youtube.com/watch?v=JOddp-nlNvQ

Հայկօ
14.04.2011, 22:13
Վրեժ / In a Better World



http://i.imgur.com/MuvXA.jpg



Քառասունամյա Անտոնը երկար տարիներ աֆրիկյան փախստականների ճամբարում աշխատելուց հետո վերադառնում է հարազատ Դանիա: Ուրիշների ցավն ու տառապանքները տեսնելուց հետո նա սովորել է համբերել, համակերպվել ու ներել: Եվ նույնիսկ երբ մի ավտոմեխանիկ առանց որևէ լուրջ պատճառի դաժան ծեծի է ենթարկում նրան, Անտոնը զսպում է բարկությունն ու փորձում է մոռանալ այդ մասին: Սակայն երբ արդեն թվում էր, թե ամեն ինչ անցել-գնացել է, նրա որդին որոշում է լուծել հոր վրեժը...



http://i.imgur.com/lEgI8.jpg



Այս ֆիլմը շրջանցելը ճիշտ չէր լինի: Դանիացի ռեժիսոր Սյուզան Բիերի «Վրեժ» կինոնկարը այս տարի արժանացավ Օսկարի՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում: Ընդ որում՝ բոլորը միաբերան պնդում են, որ ֆիլմը իրոք արժանի էր այդ մրցանակին: «Վրեժը» բավականին փիլիսոփայական ֆիլմ է. դինամիկ տեսարանների սիրահարները կարող են հանգիստ մոռանալ այն դիտելու մասին, իսկ այ հրաշալի դերասանական խաղի, հուզիչ սյուժեի ու բարդ հոգեբանական երկընտրանքների սիրահարների համար այս ֆիլմը must see կատեգորիայից է:




http://www.youtube.com/watch?v=ava0Rn8nrVs

Հայկօ
14.04.2011, 22:16
Մյուս ամսվա թեման կփորձեմ մի քիչ ավելի շուտ բացել:

Հ.Գ. Բնականաբար՝ բնավ դեմ չեմ լինի, եթե ինչ-որ մեկը իր վրա վերցնի այդ ծանր պարտականությունը :)):

Ապե Ջան
14.04.2011, 23:06
Արագ և կատաղի 5 / Fast and Furious 5

Ե՞րբ կարող ենք բեռնել: :think

Արամ
21.05.2011, 13:32
Ե՞րբ կարող ենք բեռնել: :think

Արդեն կա, ես օ-լայն նայել եմ, vkontakte-ում փնտրիր: