Ապրիլի 9-ին Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի կունենա Արցախյան ազատամարտի Հերոս Լեոնիդ Ազգալդյանի անմար հիշատակին նվիրված միջոցառում: Մուտքն ազատ է: Սկիզբը. 15:00 Հասցե. ք. Երևան, Վարդանանց 16/1
Միջոցառման հյուրերն են`
Արցախի Հերոս, Շուշիի ազատագրման “Հարսանիքը լեռներում” օպերացիայի նախագծող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը:
Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր Նորայր Գալստյանը:
“Կարին” ազգային երգի և պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Շնորհավոր Հերոս. Սա Հայաստան է և վերջ (Տեսանյութ) (http://weekly.am/?p=557)
Ժամանակ առ ժամանակ, պատմության վճռորոշ պահերին, նվիրյալներ են ծնվում: Ծնվում են ոգեղեն ուժից, ծնվում են, որ իրենց փայլուն հաղթանակներով զարդարեն հայ ժողովրդի նորագույն պատմությունը, որ դառնան այդ պատմության կերտողները և թողնեն սերունդներին իրենց կարճ, վճռական պատգամը. <<Սա Հայաստան է և վերջ>>:
Լեոնիդը մեկնեց Արցախ ` հասկանալով, որ հողի համար պայքարել պետք է մարտի դաշտում, այլ ոչ թե հրապարակներում: Ազգալդյանը համոզված էր, որ միայն պայքարով էր կերտվելու ժողովրդի հաղթական ապագան: Պետք էր ապավինել սեփական ուժերին:
<<ՍԵփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները դատապարտված են մահվան>>,- ասում էր Նժդեհը, և Ազգալդյանը լիովին ընդունում էր այդ ճշմարտությունը:
Առաջին ինքնաշեն, ինքնաստեղծ զենքերը ստեղծեցին Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի, Կարեն Գրիգորյանի և շատ ուրիշ մտավորականների ջանքերով: Ստեղծեց 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում:
27 հաղթանակ և ոչ մի պարտություն, այսինքն ` Ազատագրական բանակի ունեցած երկար փայլուն ճանապարհը, որը ձգվում էր Վարդենիսի սահմանապահ գյուղերից մինչև Նոյեմբերյան, Երասխ և այնտեղից Կորնիձոր, Շահումյան, Մարտակերտ: Արցախի տարածքի մեկ երրորդը պահում էր այդ անհաշտ բանակը:
Այդ հաղթանակներն Ազգալդյանի համար այն մեծ ու լուսավոր ուղին էին, որով հնարավոր կլիներ գնալ դեպի մեր երազանքների միացյալ Հայաստանը:
Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ռ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ռ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=WIZ4NYxthzU
Աղբյուր՝ weekly.am
«Անկախության Բանակ» և «Ազատագրական Բանակ» ռազմական զույգ կառույցների գլխավոր հրամանատար՝ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին նվիրված նորաստեղծ վեբկայքէջի (www.leonid.am - www.azgaldyan.am) շնորհանդեսը տեղի է ունենալու երկուշաբթի, 02.հուլիս.2012 թ. ժամը՝ 19.00-ին Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում:
Հասցե՝ Աբովյան փողոց, 2
Մուտքն ազատ է:
«Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հոբելյանական միջոցառումների նախաձեռնող խումբ»