PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Թե ինչպես ես ստացա իմ պետական քննությունները :)



Վարպետ
28.03.2011, 13:14
Երբ երկրորդ անգամ դիմեցի համալսարան ընդունվելու համար (առաջին տարին չէի ընդունվել ծուլությանս ու անփութությանս պատճառով), արդեն կրկին խառը ժամանակներ էին: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հեռուստատեսությամբ ընթերցել էր իր հայտնի ելույթը Դաշնակցության վերաբերյալ, Դրոյի ու 31-ի գործերով մի քանի տասնյակ մարդիկ գտնվում էին ճաղերի ետեւում, մի տարուց ընտրություններ էին, ու շատ թունդ աժիոտաժ էր տիրում էդ կապակցությամբ: Ես ինքս դեռ լիարժեք քաղաքականացված չէի, բայց ամեն ինչ տանում էր դրան, քանի որ ՀՄԸՄ-ական էի, պատկառելի ընկերվարական ու պատմաքաղաքական դաստիարակություն էի ստացել ու մի կես տարուց հաստատակամորեն պատրաստվում էի ձեռքս դնել զենքին ու ՀՅԴ կանոնագրին: 1995 թվականն էր:

Մանրամասն չեմ անդրադառնալու այդ օրերից մինչեւ բանակից վերադառնալս ընկած ժամանակահատվածին. Էս նախաբանը նրա համար էր, ուղղակի, որ փորձեմ ինչ-որ կերպ արդարացնել բավարարի հազիվ ձգտող առաջադիմությունս ու վերջին կուրսի քննամարտերը տանուլ տալու արդյունքում համալսարանից դուրս մնալս: Ռոմանտիկա, կրքեր, ուսանողական շարժումներ, քաղաքական ցույցեր, կռիվներ, հացադուլներ, սիրային պատմություններ, կիթառ, հեղափոխության փորձեր, երգեր, բանավեճեր, ճամփորդություններ, ինտրիգներ… Մի խոսքով լիարժեք ուսանողական կյանք` բայց առանց համալսարանի: Երանելի ու անփույթ ժամանակներ էին:

98-ին ամեն ինչ փոխվեց, հայրս հեռացավ կյանքից, իսկ ես, հավերժ բողոքավորի հաստ կողս դեմ տված` Դաշնակցությունից: Ու առաջնեկս ծնվեց: Նիկոլն իր մոտ էր կանչել (ականջդ կանչի, ախպեր ջան), «Օրագիրն» էր բացում, որը ներկայիս նախագահի թեթեւ ձեռամբ մի կես տարվա կյանք պիտի ունենար ու վերակազմավորվեր «Հայկական ժամանակի»: Աշխատել էր պետք, զուգահեռ` ազատվել կազմաքանդող մտածմունքներից, ուսմանը ժամանակ տրամադրելն արդեն ժամանակ վատնելու պես մի բան էր դառնում, ու համալսարանն ավարտելու հեռանկարը կամաց-կամաց սկսեց ծորալ մատներիս արանքով:

Վերջին ավազահատիկը վայր ընկավ 99-ի գարնանը, ու ես ավարտական սեմեստրը չավարտած` գնացի բանակ: Երբ հետ եկա` 2001-ին, հստակ էր, որ մյուս տարի հաստատ պետք է վերականգնվեմ ու ավարտեմ ուսում կոչեցյալս: Էլի ամեն ինչ փոխվել էր, էլի ադապտացիա, աշխատանք, էլի օրաթերթի ռեժիմ, ներընտանեկան փոթորկահույզ դրամաներ, հավեսի լիակատար բացակայություն, բայց դե հորաքույրս վճարել էր վերջին սեմեստրի համար, ուրեմն պետք էր հորով-մորով անել: 2002-ի սկզբին վերականգնվեցի համալսարանում, բայց թե ոնց պիտի անեի, որ համ գայլերը կուշտ լինեին, համ ոչխարները ողջ` պատկերացում չունեի:

Համալսարանում էլ էր ամեն ինչ փոխվել, բոլոր ընկերներս, նույնիսկ ինձնից ցածր կուրսերից, վաղուց ավարտել էին, ոչ ինձ էին էստեղ հիշում, ոչ էլ ես իրենց: Չնայած` բացի դեկանատի Ջուլիկ տոտայից (տեսնես կա, չկա…): Ֆակուլտետիս` բանասիրականի դեկանն էլ էր փոխվել` վարուժանագետ դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանին փոխարինել էր զարյանագետ դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: Ես վերականգնվել էի էն աղոտ հույսով, որ գուցե հնարավորություն լինի դասերից ծլկելու հաշվին աշխատել, իսկ քնելու հաշվին` պատրաստվել քննությունների: Բայց էդ հույսերն ի դերեւ ելան իմ նոր դեկանի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ: Պարզվեց, որ առաջին հայացքից շատ բարի ու հավասարակշիռ Արծրուն Ավագյանը իրականում կարող է լինել ոչ շատ բարի, ոչ էլ հավասարակշիռ, եթե դրա համար համապատասխան հիմք չես ստեղծում ու տպավորություն չես գործում:

Իրավիճակին ավելի ինտեգրվելու համար պատկերացրեք դեկանիս դրությունը. ոմն մեկը, որն իբր 4 տարի սովորել է համալսարանում, բայց որի դեմքն իսկի ծանոթ էլ չէ, որի ստուգման գրքույկում բացի երկրորդական առարկաներից ստացված մի երկու հատ հինգից ու մի երեք հատ չորսից` համատարած բավարարներ են, որը դուրս է մնացել համալսարանից «անբավարար առաջադիմության» համար, փորձում է համոզել իրեն, որ թույլ տան դասերի չգալ, որ աշխատի: Կարճ ասած, որ քաղաքավարությունը ներեր, կասեր` հո դու դեբիլ չես, արա:

Առաջին հարցը, որ ծագում է` քեզ ո՞վ էր ստիպում վերականգնվել, մնայիր աշխատեիր. եւ առաջին պատասխանը, որ հետեւում է ըստ տրամաբանության` կտրուկ ոչ, ոչ մի բացակայություն: Ես էսպես թե էնպես բացակայելու էի, ուրիշ ճար չկար, բայց ողնաշարս ոռնում էր, որ Ավագյանը տարվա վերջում դա քթիցս է բերելու: Ու ես ոչ մի շանս չունեմ նրան ապացուցելու, որ ես լավն եմ, պուպուշ եմ, կարդացած եմ քչից-շատից, դե ուղղակի էդպես է ստացվել: Միով բանիվ`ձեւ էր պետք գտնել էդ ամեն ինչը իմ դեկան դոկտոր պրոֆեսոր Արծրուն Ավագյանին գեղեցիկ ձեւավորմամբ մատուցելու համար: Իսկ ձեւն ինքն ինձ գտավ:

Էն ժամանակ կար կամընտրական դասընթաց հասկացություն (հիմա չգիտեմ` էս նոր բուլոնյանով կա-չկա…), դու ընտրում էիր առաջարկված մի քանի թեմաներով զբաղվող խմբերից մեկը ու փոքրաթիվ կազմով, որեւէ դասախոսի ղեկավարությամբ, լծվում նեղ մասնագիտական կոնկրետ ուսումնասիրության: Ցուցակը կարդալիս ի ուրախություն ինձ պարզեցի, որ խմբերից մեկի ղեկավարը Արծրուն Ավագյանն է, ու ինձ անմիջապես խցկեցի էդ խմբի կազմում: Դասընթացի թեման, հասկանում եք, առանձնապես կարեւոր էլ չէր արդեն:

Պատկերացրեք դեկանիս զարմանքը, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի նրա աշխատասենյակ` իր կամընտրական դասընթացին մասնակցելու: Էս ոմն մեկը, որը պետք է ամեն ջանք գործադրեր իր աչքին չերեւալու համար, ընտրել է իր դասընթացը, որից բացակայելու հնար ընդհա՜նրապես չունի: Բայց զարմանքին անմիջապես փոխարինելու եկած ժպիտը` սկզբում փոքր-ինչ քամահրական, հետո` ավելի ներողամիտ, ինձ հուշում էր, որ ընտրածս մարտավարությունն իմ առջեւ լայն հորիզոններ է բացում:

Տեղավորվեցինք, Ավագյանը սկսեց բացատրել մեր անելիքը: Մի երկու խոսքով ներկայացնեմ էն տպավորությունը, որ ստացել եմ նրանից` կարճատեւ շփման ընթացքում: Զուսպ, կոմպրոմիսի չգնացող, ինտելիգենտի բացառիկ դիմագծերով ու հատկանիշներով օժտված անձնավորություն, որի հետ «Դուք»-ով խոսում ես ոչ թե քաղաքավարությունից ելնելով, այլ ակամայից: Կամընտրական դասընթացի շրջանակներում մենք նրան պետք է ներկայացնեինք ռեֆերատ: Դա պիտի լիներ իրենց գործերում ժանրային ընդհանրություններ ունեցող, բայց տարբեր պատմական ժամանակահատվածներում ապրած երկու գրողների ստեղծագործությունների համեմատական բնութագիր:

Ընտրածս մարտավարության երկրորդ խորամանկությունը հենց այդ գրողների ընտրությունը պետք է լիներ, որոնք իմ ռեֆերատի միջոցով դեկանիս երկու իմպուլս պետք է հաղորդեին` հոգերահազատության (իմ հանդեպ դրական էմոցիոնալ ֆոն ստեղծելու համար) եւ թարմության (իմ հնարավորություններն ի ցույց դնելու համար): Հիմա երբ հետադարձ հայացք եմ գցում` հարցի նկատմամբ էս ճղճիմ վերաբերմունքս խղճի խայթ ու մի փոքր էլ ամոթի զգացում է առաջացնում, բայց էն ժամանակ դա պետք էր, պետք էր օդ ու ջրի պես: Բացի այդ էլ` միեւնույն է, անկախ հեղինակների ընտրությունից, ռեֆերատի վրա հո աշխատելու էի:

Ընդհանուր թեմա ընտրեցի գյուղագրությունը: Հոգեհարազատության իմպուլսը հաղորդելու եկավ Հակոբ Մնձուրին` գիտեի, որ դեկանիս թեկնածուական թեզը վերաբերվել է էդ շրջանի պոլսահայ գրական կյանքին, ու պետք է որ սիրեր թեման: Ավելի դժվար էր թարմության իմպուլսի հաղորդիչի ընտրությունը. պետք էր ընտրել մի գրողի, որը ճանաչված լինի, բայց ուսումնասիրված չլինի, կամ գոնե` թեթեւակի: Ու քանի որ դրսում 2002-ն էր, ու հավերժ բողոքավորի կողս էլի հաստացել էր…

- Կարելի է՞ երկրորդ գրող վերցնեմ Վանո Սիրադեղյանին, պարոն Ավագյան…
Դեկանիս զուսպ, խորը հայացքի մեջ հետաքրքրության նշաններ նկատեցի:
- Ինչու ոչ, փորձիր, եթե կարող ես, Վահագն:

Ինձ առաջին անգամ Վահագնով էդ ժամանակ դիմեց, որքան հիշում եմ, մինչեւ այդ` տղա ջան, լավագույն դեպքում` Թեւոսյան: Փաստորեն իմ մարտավարությունը լավ էլ հյութալի պտուղներ էր տալիս: Անհրաժեշտ է՞ հիշատակել, որ բացի Արծրուն Ավագյանի կամընտրական դասընթացից ուրիշ ոչ մի դասի չէի հաճախում: Ու նաեւ էդ էր ինձ խթանում ավելի շատ ու հետեւողական աշխատել էդ 10-15 էջերի վրա, քանի որ հասկանում էի` եթե պարտվեցի ճակատամարտը, տանուլ եմ տալու պատերազմը եւս:

Մի խոսքով, էդպես մի քսան օր Մնձուրու ու Սիրադեղյանի ամբողջ գյուղագրությունը հերկեցի մատղաշ եզան պես ու անցա գարնանացանին: Արդեն չեմ հիշում` ինչ էի բստրել, ափսոս չի էլ պահպանվել, բայց էն ժամանակ իմ արածն ինձ մի անուրանալի սխրագործություն էր թվում: Ռեֆերատս տարա դասընթացին, ընթերցեցի ու ստացա իմ կյանքի, թերեւս, ամենակարեւոր ստուգարքը:

Հիմա կհարցնեք` բա ի՞նչ կապ ուներ վերնագիրդ (Թե ինչպես ես ստացա իմ պետական քննությունները) էս ամբողջ պատմության հետ: Պարզապես էս ամենից հետո, համենայն դեպս ինձ էդպես թվաց, Արծրուն Ավագյանն ինձ սիրեց, ու երկու պետական քննություններս «ստացավ» իմ փոխարեն: Մտավ քննասենյակ ու հանձնաժողովի անդամներին հորդորեց` տղան նոր է եկել բանակից, հոգնած է, աշխատում է, ընտանիք է պահում, շատ մի տանջեք: Հիշում եմ, պարոն Ավագյան, հիշում եմ, գնահատում եմ ու շնորհակալ եմ :)

Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացա, որ Ջուլիկ տոտան չկա այլեւս… Հոգին լուսավորվի: