PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօրը պատմության քառուղիներում…



My World My Space
15.03.2011, 23:54
Թեմայում առաջարկում եմ գրանցել մեր ազգի, պետականության համար հիշարժան իրադարձություններ, որոնք նաև օգտակար կլիներ մեզ բոլորիս համար տեղեկացվածության առումով....

միայն ըստ օրերի խնդրում եմ, այսինքն` ամեն օր տվյալ օրվա մասին....


Ուրեմն սկսեցինք


1921 թվականի այսօրը`մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար (1913-1918թթ.-ին), Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթին, և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։

Rammstein
16.03.2011, 01:16
Մոդերատորական. Թեման «Ժամանց» բաժնից տեղափոխվում է «Դեսից - Դենից» բաժին:

Նաիրուհի
16.03.2011, 22:19
1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում առանց Խորհրդային Հայաստանի պատվիրակության մասնակցության տեղի ունեցան ռուս-թուրքական բանակցություններ։ Մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիային էին տրվում Կարսի, Արդահանի, Սուրմալուի և Արդվինի շրջանները։ Հայաստանին էին վերադարձվում Ալեքսանդրապոլն ու շրջակա գյուղերը, Նախիջևանն ստանում էր ինքնավար տարածքի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո։

Նույնիսկ այս պայմանագրի կնքումից հետո թուրքական զորքերը չէին շտապում հեռանալ Շիրակի գավառից։ Խորհրդային Ռուսաստանն ակնարկեց, որ Խորհրդային Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու դեպքում այն կդիտարկվի որպես Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմ, և 1921 թ. ապրիլի կեսերին թուրքական զորքերը դուրս եկան Շիրակից՝ ավերելով շրջանն ու կազմակերպելով հայերի կոտորածներ։

1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և Անդրկովկասի երեք Խորհրդային հանրապետությունների միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները՝ հայությանը պարտադրելով հաշտվել ազգային տարածքների օտարման հետ։

My World My Space
17.03.2011, 00:50
1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում առանց Խորհրդային Հայաստանի պատվիրակության մասնակցության տեղի ունեցան ռուս-թուրքական բանակցություններ։ Մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիային էին տրվում Կարսի, Արդահանի, Սուրմալուի և Արդվինի շրջանները։ Հայաստանին էին վերադարձվում Ալեքսանդրապոլն ու շրջակա գյուղերը, Նախիջևանն ստանում էր ինքնավար տարածքի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո։

Նույնիսկ այս պայմանագրի կնքումից հետո թուրքական զորքերը չէին շտապում հեռանալ Շիրակի գավառից։ Խորհրդային Ռուսաստանն ակնարկեց, որ Խորհրդային Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու դեպքում այն կդիտարկվի որպես Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմ, և 1921 թ. ապրիլի կեսերին թուրքական զորքերը դուրս եկան Շիրակից՝ ավերելով շրջանն ու կազմակերպելով հայերի կոտորածներ։

1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և Անդրկովկասի երեք Խորհրդային հանրապետությունների միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները՝ հայությանը պարտադրելով հաշտվել ազգային տարածքների օտարման հետ։

Ի դեպ իրականում պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին` հետին թվով.... ;)

Նաիրուհի
02.04.2011, 20:16
http://i.imgur.com/LYxHOs.jpg

1896 թ. ապրիլի 2-ին Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում ծնվել է Սողոմոն Թեհլերյանը։ Սովորել է հայրենի գյուղում, Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվել է Սերբիա, ապա անցել Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվել է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
1921թ. Թեհլերյանը մասնակցել է Հ. Յ. Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը։
Վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը: 1921թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին (տե´ս թեմայի առաջին գրառումը):
1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը (նախագահ՝ դոկտոր Լեմբերգ), անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Բելգրադում: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:

Նաիրուհի
03.04.2011, 11:22
Այսօր Քարվաճառի ազատագրման օրն է

1993 թ. ապրիլի 3-ին Քարվաճառի թուրքերը, տեսնելով Նորաբակի լեռնանցքից իջած և քաղաքի վերահեռարձակիչ հեռուստաաշտարակի բարձունքում դիրքավորված հայ զորաջոկատի հայտնվելը, ձայնասփյուռային կապով դիմել են մերոնց և խնդրել շնորհել նրանց մի քանի ժամ բնակչությամբ հանդերձ քաղաքը դատարկելու և հեռանալու համար: Կեսօրին` ժամը 14.00-ի սահմաններում, Քարվաճառի վրա ծածանվել է հայոց եռագույնը:

Ambrosine
03.04.2011, 22:50
Ես էլ մտածում էի` չեն հիշի այս օրը: Ապրես, Նաիրուհի ջան ;)

Շնորհավո՜ր, ժողովուրդ`


http://www.youtube.com/watch?v=9OqBe3MNpXg

Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես...

Ու թե պետք լինի, կզոհվենք այսպես
Հայ ազգի համար ախպերս ու ես...

Tig
04.04.2011, 09:57
http://i.imgur.com/LYxHOs.jpg

1896 թ. ապրիլի 2-ին Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում ծնվել է Սողոմոն Թեհլերյանը։ Սովորել է հայրենի գյուղում, Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվել է Սերբիա, ապա անցել Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվել է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
1921թ. Թեհլերյանը մասնակցել է Հ. Յ. Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը։
Վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը: 1921թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին (տե´ս թեմայի առաջին գրառումը):
1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը (նախագահ՝ դոկտոր Լեմբերգ), անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Բելգրադում: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:

Ի դեպ, ամսի 2-ին կամերային երաժշտության տանը այս առիթով միջոցառում կար: Ճիշտն ասած մենք էլ չգիտեինք թե ուր ենք գնում, մեզ մեր պարի դասատուն՝ Աննան, ասեց, որ միջոցառում կա՝ պարապմունքից հետո գնացինք: Շատ լավ էր, խոսվեց մեր հերոսների մասին, Նեմեսիսի մասին, մեր ներկայիս պատմության դասագրքերում դրանց ներկայացվաց լինելու՝ ավելի ճիշտ չլինելու մասին, այդ հերոսների պետական մակարդակով չգնահատված լինելու մասին և այլն և այլն...
Վերջում երգեցինք... /Գինի լիցը.../, պարեցինք՝ Կարինի հետ, կարգին մեծ շրջան էր ստացվել:love

հ.գ. ամենավատը էն էր, որ նման միջոցառումները ՀԿ-ներն են կազմակերպում, ոչ մի պետական աջակցություն: Հետաքրքիրա մեր պետությունը ինչի՞ համարա... :(

Նաիրուհի
11.04.2011, 18:29
Երեկ լրիվ մոռացել էի... :fool

Ապրիլի 10-ը Մարաղայի ցեղասպանության օրն է։ (http://maragha.org/)


Դա նման էր Գողգոթային... շատ տարիներ անց:

1992թ. ապրիլի 10-ի վաղ առավոտից ադրբեջանցիները սկսել են ռմբակոծել Մարաղան՝ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ գյուղերից մեկը։ Ժամը 14.00-ի սահմաններում օմոնականները ներխուժել են գյուղ։
Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին, մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս:

Մարաղան այժմ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

Նաիրուհի
21.04.2011, 01:54
http://upload.wikimedia.org/wikipedia/hy/f/f4/TATUL.jpg

1965 թ. ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում ծնվել է Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս, ՀՅԴ անդամ, 1990թ. սեպտեմբերից մինչեւ 1991թ. ապրիլի 30-ը Խանլարի շրջանի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանում հայկական զորամիավորման հրամանատար Թաթուլ Կրպեյանը։

Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1987թ.): Համալսարանի առաջին կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր (1987թ.):
1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնել է Արցախ: Իր իսկ կազմավորած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչեւ 1991թ. ապրիլի 30-ը իրականացրել է Գետաշենի շրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի եւ ոստիկանական խմբավորումների: Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ:
1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն` ազգային հերոսի կոչման:
Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց` Արեգ գյուղում, փողոց՝ Թալինում, լսարան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

Թաթուլին նվիրված երկու երգերը՝
աշուղ Գևորգ-«Մայրամուտ իջավ» («Թաթուլ Կրպեյանի հիշատակին») (Կատարում են Մխիթար Քեթցյանն ու աշուղ Գևորգը)

http://www.youtube.com/watch?v=71lTp5WrGU0

Ներսիկ Իսպիրյան-«Լեռան լանջին»(Կատարում են Թովմաս Պողոսյանն ու «Սայաթ-Նովա» համույթը)

http://www.youtube.com/watch?v=hRya7xCbI0o

Նաիրուհի
30.04.2011, 20:26
Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մահվան 20-րդ տարելիցն է։

1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը: 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին: Օղակ գործողությունը (Операция Кольцо) Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում գտնվող մի շարք հայաբնակ գյուղերի բռնի հայաթափումն էր սովետական բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից` էթնիկական զտման նպատակով։

1991թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան` տանկերի, հրետանու եւ ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետեւում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) եւ ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ադրբեջանցիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա` Հայաստան։ Ինքնապաշտպանության ղեկավարներ Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ) զոհվում են անհավասար կռվում: Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնայակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմօնականները գերի են քշում Կիրովաբադ։ Ականատեսների վկայությամբ, օպերացիայի արդեն իսկ առաջին օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն եւ սկսում թալանել հայերի ունեցվածքը։

Ambrosine
09.05.2011, 20:09
Այսօրը Շուշիի ազատագրման և հաղթանակի օրն է:

Որ շատ երկար-բարակ չգրեմ, մի դրվագ պատմեմ:
Վերջերս գերմանացի ուսանողների տարանք ԼՂՀ: Բնականաբար, պետք է Շուշի էլ տանեինք: Երբ արդեն Շուշիից դուրս էինք եկել, տղաներից մեկը մեզ հարցրեց, թե` ներքևում Ստեփանակե՞րտն է: Մեր դրական պատասխանը ստանալուց հետո ասաց` ահա թե ինչու էր կարևոր Շուշին, որովհետև Ստեփանակերտը անընդհատ ռմբակոծվելու ռեալ սպառնալիքի տակ էր: Ընկերուհիս ոչ պակաս ոգևորված ասաց` բայց ախր ո՜նց են կարողացել Շուշին վերցնել, ինչպե՜ս, միայն զարմանալ կարելի է: Գերմանացի տղան կարծես մեզ սկսեց բացատրել, թե ինչն է մղել հայերին` ազատագրելու մեր քաղաքը :ՃՃ: Նա ասաց` հայերը մտածել են, որ եթե չվերցնենք, իրենք մեզ կհաղթեն. այսինքն` կամ պետք է ամեն գնով քաղաքը վերցնենք, կամ պետք է դատապարտվենք մահվան, իսկ ադրբեջանցիները մտածել են` մեր ինչի՞ն է պետք Շուշին, մենք Բաքու ունենք, կգնանք Բաքու...
Ընկերուհիս հիացական հայացքով ինձ նայեց ու հայերենով ասեց` Աստղ, ինչ հաճելի է, չէ՞, որ մարդիկ արդեն մեր փոխարեն վերլուծում ու պատասխանում են :): Իրոք, տպավորիչ էր:


Իսկ փաստական ու պատմական դրվագները կարող եք կարդալ ու տեսնել`

Շուշիի ազատագրումը. հոդված (http://www.shushi.org/liberation.php)


http://www.youtube.com/watch?v=d9fvaUXO3xY&feature=related


http://www.youtube.com/watch?v=Eg-CYPtOZm4&feature=related


http://www.youtube.com/watch?v=tFnNajSrlAQ&feature=related

Նաիրուհի
18.05.2011, 01:39
Մայիսյան հերթական հաղթական գրառումը...

Մայիսի 18-ը Բերձորի ազատագրման օրն է

1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը (այժմ՝ Քաշաթաղի շրջան և Բերձոր): Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին «Կյանքի ճանապարհ»:

(Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Արցախը տնտեսական շրջափակման մեջ էր: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը Արցախ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով)։

Ambrosine
29.05.2011, 19:58
Մի օր ուշացումով...

Մայիսի 28

1918թ. այս օրը` ժ. 12:00-ին, ընդունվեց այս պատմական հայտարարությունը, որի խմբագրությունը հանձնվել էր Ավ. Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Քաջազնունուն և Ալ. Խատիսյանին`
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտ օրերում կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»:

Իսկ 1919թ. այս օրը ընդունվեց Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրը :love`
«Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովոելու համար` Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են` իբրև անկախ պետական միություն:
Ուղիղ մեկ տարի առաջ Ռուսահայերի համագումարից ընտրված Ազգային խորհուրդը հայտարարեց իրեն անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն: Ազգային խորհրդի կազմած կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես պետությունների ներկայացուցիչներին հայտնելուց հետո այս մի տարվա մեջ, փաստորեն, հաստատել է իր իշխանությունը Անդրկովկասի հայկական գավառներում:
1919թ. փետրվար ամսին Երևան քաղաքում կայացած Արևմտահայ երկրորդ համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը միացյալ և անկախ է ճանաչում:
Այժմ Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկրների միացման և անկախության այս ակտը կատարելով` Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միացյալ Հայաստանի պետական ձևն է Ռամկավար Հանրապետությունը և որ ինքը հանդիսանում է Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը և Հայաստանի պառլամենտն ու կառավարությունը հանդիսանում են Միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը:
Հայաստանի կառավարությունը սույն ակտը հրատարակում է 1919թ. ապրիլի 27-ի պառլամենտի որոշմամբ կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրա»:

Հռչակագիրը կարդաց զինվորական նախարարի հետ Խորհրդարանի պատշգամբ դուրս եկած Ալ. Խատիսյանը, որից հետո զորքը ողջույնի կանգնեց, զինվորական նվագախումբը նվագեց «Մեր հայրենիք»-ը, և ամեն կողմից լսվեցին «Կեցցե՛ Միացյալ և Անկախ Հայաստան» բուռն բացականչությունները:

Խատիսյանը ապա գրում է, որ 1919թ. մայիսի 28-ի ակտը բնական զարգացումն էր նախորդ տարվա մայիսի 28-ի ակտի, որով հիմք էր դրվում հայկական անկախությանը: Հայ ազգային գիտակցությունն էր, որ, արյան ու արցունքի գետեր անցնելով, գալիս էր` այդ ակտերով դարբնելու հայ ժողովրդի ազատության, անկախության և միության կռվանները:


Շնորհավո՜ր... http://forum.hayastan.com/style_emoticons/default/flag.gif

Նաիրուհի
22.07.2011, 00:26
1922 թ. հուլիսի 21-ին (ըստ որոշ աղբյուրների՝ 25-ին) իրագործվում է 1919 թ. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում հաստատված «Նեմեսիս» պատժիչ գործողության մաս կազմող ահաբեկումներից մեկը։ Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը Թիֆլիսում՝ Չեկայի շենքի դիմաց, սպանում են իր դաժանության համար «մսագործ» մականունն ստացած Ահմեդ Ջեմալ փաշային՝ Օսմանյան Կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարարին։ Ըստ մի վկայության՝ այդ սպանությանն ականատես Չեկայի այդ օրվա պետը կողքիններին վստահ ասում է, որ դա դաշնակցական տեռոր է։

Ի տարբերություն «Նեմեսիսի» մյուս սպանությունների, որոնք կատարվել էին տարբեր եվրոպական քաղաքներում, այս ահաբեկումն իրականացվում է բոլշևիկյան հեղկոմի մոլեգին տիրապետության օրերին՝ նոր խորհրդայնացած Վրաստանում, ուր այդ ժամանակ ընդհատակում դեռևս գործում էր ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական Կոմիտեն։

Ջեմալի ահաբեկման մասին վկայություն է թողել Ս. Վրացյանն իր «Մրրկածին Դրօն» գրքում. «Հ.Յ. Դաշնակցութեան Վրաստանի Կենտր. Կոմիտէի նախաձեռնութեամբ, 1922 թ. Յուլիս 21ին, Թիֆլիսում, օրը ցերեկով, ահաբեկուեց Իթթիհատական եռապետութեան վերջին ողջ մնացած անդամ, բոլշեւիկների բարեկամ ու գործակից Ջէմալ փաշան։ Չեկան անհաշիւ բանտարկութիւններ առաւ, բայց չէր համարձակւում սուր միջոցների դիմել՝ վախենալով փոխադարձութիւնից։ Դրօն իրաւունք ստացաւ Մոսկուայից (ուր կ՛ապրէր աքսորեալի կարգավիճակով) եւ շտապով մեկնեց Թիֆլիս, ուր բոլոր յայտնի դաշնակցականները ձերբակալուած էին։ Դրոյի հեղինակութիւնը թէ՛ դաշնակցական ընկերների եւ թէ բոլշեւիկների աչքին այնքան բարձր էր, որ նրան յաջողուեց երկու կողմի համար ընդունելի պայմաններով բանտից ազատ արձակել Կենտր. Կոմիտէի անդամներին եւ ձերբակալուածների մեծ մասին։ Այդ առթիւ Վրաստանի Կենտր. Կոմիտէի անդամները եւ Դրօն հրապարակեցին մի «դեկլարացիա», որով ճանաչում էին սովետական իշխանութիւնը եւ կոչ էին անում բոլոր դաշնակցականներին հետեւելու իրենց օրինակին։

«Արտասահմանում մեզ, որ անհաշտ պայքարի մէջ էինք սովետական բռնատիրութեան դէմ, որոշ էին այդ «դեկլարացիա»յի դրդապատճառները եւ իմաստը, բայց եւ այնպէս անթոյլատրելի էինք համարում Դրոյի եւ ընկերների ընթացքը։ Ես նոյնիսկ ստիպուած եղայ հրապարակով, մամուլի միջոցւվ, դատապարտել «դեկլարացիա»ն եւ զգուշացնել ընկերներին, որ չընկնեն բոլշեւիկեան ծուղակը։ Հետագային մենք իմացանք, որ «դեկլարացիա»ն մնացել է սոսկ թուղթի վրայ եւ ոչ մի հետեւանք չէր ունեցել, բացի այն, որ Չեկան փաստ էր ձեռք բերել արդարացնելու համար իր մեղմ վարմունքը դաշնակցականների նկատմամբ»...

http://i.imgur.com/9bb3zl.jpg
Ջեմալ փաշան շանսատակ

***
...Հա, մեկ էլ 1905 թ. կատարվում է հերթական անհաջող մահափորձը Աբդուլ Համիդի դեմ։ Այն պատմության մեջ հայտնի է որպես Ելտըզի մահափորձ, քանի որ ծրագրված էի իրականացնել Ստամբուլի Ելտըզի մզկիթի հարևանությամբ։

Սուլթանին սպանելու որոշումը կայացվել էր 1904 թ. ամռանը Աթենքում։ Գործողությունը պիտի ղեկավարեր անձամբ Քրիստափոր Միքայելյանը։
Մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո որոշվում է, որ սպանությունը կատարելու ամենահարմար առիթն ընձեռվում է ուրբաթ օրերին, երն Համիդը, մզկիթից դուրս գալով, ուղղվում է դեպի իր կառքը։ Այդ պահին հրապարակի հյուրանոցի պատշգամբից Քրիստափորը, Վռամը, Սաֆոն ու մեկ-երկու ուրիշներ փոքր ձեռնառումբեր պիտի նետեին սուլթանի վրա, իսկ իբրև հավելյալ միջոց տարածքում գտնվող մի կառքի մեջ պիտի դրված լիներ պայթուցիկ սարք։
Սակայն պատահականությունն այլ կերպ է դասավորում իրերի ընթացքը։ Նախ 1905-ի մարտին՝ այդ օրվա համար նախատեսված ձեռնառումբերի վերջին փորձարկման ժամանակ զոհվում են Քրիստափոր Միքայելյանն ու Վռամ Քենտիրյանը։ Գործի ղեկավարությւոնն ստանձնում է Սաֆոն։ Վերջինս հրաժարվում է պատշգամբի ծրագրից և որոշում բավականանալ կառքի պայթեցումով։ Հաղորդիչները միացնելուց և վայրկյանաչափերը գործի դնելուց հետո կզմակերպիչները հեռանում են կառքից։ Այն պայթում է ճիշտ սահմանված պահին՝ 108 վայրկյան անց, սակայն այդ օրը սուլթանն ուշանում է, քանի որ ոտքի վրա խոսքի էր բռնվել շեյխի հհետ... :(

Նաիրուհի
28.07.2011, 01:14
http://i.imgur.com/03A5y.jpg

1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը։ Այնուհետև հաղորդագրություն է տարածվում Հայ Հեղափոխական Բանակի անունից. «Մենք որոշել ենք պայթեցնել այս շէնքը և մնալ նրա փլատակների տակ։ Սա ո՛չ ինքնասպանություն է, ոչ էլ խելագարության դրրսևորում, այլ ընդհակառակն՝ մեր զոհաբերումն է ազատության բագինին»։

1983-ի հուլիսի 27-ի գործողությունները քայլ առ քայլ

10:30-Հինգհոգանոց խումբը մտնում է դեսպանատան շրջափակը:
10:45-Դեսպանատան պահակների հետ բախում ունենալուց հետո դռան շեմքին ընկնում է նրանցից մեկը:
11:00-Զորավոր պայթյուն ու հրաձգության ձայներ են լսվում գրավված շենքից:
11:35-Խումբը հեռաձայնով հայտարարում է, որ ոստիկանության միջամտության դեպքում շենքը կպայթեցվի:
12:00-Շենքի վերին հարկում սկսվում է հրդեհ:
12:15-Ոստիկանությունը, շրջապատելով թաղը, իր մասնավոր ուժերով փակում է դեսպանատան երթևեկելի ուղիները: Կցորդի վիրավոր կինը և զավակը դուրս են գալիս շենքից:
12:30-Փարիզի և Լիսաբոնի մի քանի օրաթերթեր ստանում են գործողության ստանձման նամակ «Հայ Յեղափոխական Բանակի» կողմից, որում հայտարարում էր.«Որոշել ենք պայթեցնելով դեսպանատան շենքը` զոհել մեզ փլատակների տակ»:
13:00-Շենքի վերին հարկը բոցերի մեջ է գտնվում:
13:45-Ոստիկանությունը հարձակվում է շենքի վրա: Մի քանի րոպե հրաձգությունից հետո լսվում են ուժեղ պայթյուններ:
14:00-Ոստիկանությունը, շենք մտնելով, փլատակների տակ գտնում է 5 ածխացած դիակներ:
14:45-Պետական աղբյուրները պաշտոնապես արձանագրում են գործողության ավարտը՝ հայտարարելով. «Խմբի անդամները ռումբի պայթյունով ինքնասպան եղան»:
19 սեպտեմբեր 1983- Հինգ հերոսների մարմինները հասնում են Լիբանան:
20 սեպտեմբեր 1983- Հազարավոր հայերի ներկայությամբ Բեյրութի եկեղեցում կատարվում է հինգ հեղափոխականների հուղարկավորությունը:

http://i.imgur.com/QQDhLl.jpg

Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ ամեն ինչի կը նմանի: Կապրինք ուրիշի տիրապետութեան տակ, ուրիշի խամաճիկներն ենք:
ՍԻՄՈՆ ԵԱՀԻՆԵԱՆ

Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք եւ մեր իրաւունքն է ուրիշ ազգերու պէս ապրիլ մեր հողերուն վրայ: Մենք ալ կուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր Հայրենիքին մեջ եւ մտահոգ իր Հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով:
ՎԱՉԷ ԴԱՂԼԵԱՆ

Ինչպես որ կըսե երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո, մենք խենթերն ենք, բայց չակերտեալ խենթեր: Եկեք, միացեք մեզի: Կը հավատամ, որ կը տիրանանք մեր հայրենիքին:
ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Կուզիմ, որ իմ ընկերներս, որոնք ինձի հետ մեծցած են, նոյն միջավայրին մեջ մեծցած են, նոյն տեղերը յաճախած ենք, նոյն գործերը ըրած ենք, համոզուին այս մէկ կէտին եւ չըսեն՝ ընտանիքը, կեանքը, ապագան: Առանց մեր հողերուն ոչ ապագայ կայ, ոչ կեանք, ոչ ընտանիք կըլայ:
ԱՐԱ ՔԵՐՃԸԼԵԱՆ

Մենք շատ համբերեցինք եւ դեռ կը համբերենք: Համբերելը նոր բան մը չէ մեզի համար: Ես Թուրքիոյ ուղղակիօրէն կ’ըսեմ, եթէ իր շունչը երկար է, դեռ թող պայքարի մեզի դէմ: Մենք դեռ կը համբերենք:
Ես կուզիմ երիտասարդութեան ըսել, թե երբէք թող չխրտնին, ինչքան ալ թուրքը զօրավոր ըլլայ մեզմէ աւելի նոր զէնքերով կամ նոր դիւանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կը քալենք: Մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն:
ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄԵԱՆ

ԱՐԱՅԻ ՄԱՅՐԸ

«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցավիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած` ուրիշ զինւորներ ալ տրամադրելու ազգիս»:

ՎԱՉԵԻ ՀԱՅՐԸ

«Վաչեն և իր ընկերները օրինակ պետք է լինեն մեր նոր սերնդին: Այս անձնազոհ տղաների նկարները ամեն հայի սրտի մեջ պետք է փորագրվեն և նրանց ճամփան շարունակվի առանց հուսահատության»:

Այս գործողությունը հայ ռազմաքաղաքական խմբավորումների իրականացրածներից առաջինն էր, որը կատարվեց մահապարտների միջոցով։

Տղե´րք, խոնարհվում եմ ձեր պայծառ անունների առջև։ Թող Աստված օգնական լինի մեզ, որ անավարտ չթողնենք գործը, որի համար դուք զոհեցիք ձեր կյանքը։ Որ վերևից չասեք. «Մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք»...

Լիզբոն Հինգի Հիշատակին

Ահա այսպես արշավեցիք,
Լիզբոն զոհված լավ ընկերներ
Որ ակտովը ձեր կը կոչվիք,
Դրոյի ժառանգ վեհ խենթեր։

Դեմքերը ձեր կազնվանան,
Կը տանջեն սրտեր անպայման...
...Կերդվենք անբիծ պատվովը ձեր
Ընդարձակել պայքարը մեր։


http://www.youtube.com/watch?v=qmZsoP25ZpE

Tig
28.07.2011, 08:50
1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը։ Այնուհետև հաղորդագրություն է տարածվում Հայ Հեղափոխական Բանակի անունից. «Մենք որոշել ենք պայթեցնել այս շէնքը և մնալ նրա փլատակների տակ։ Սա ո՛չ ինքնասպանություն է, ոչ էլ խելագարության դրրսևորում, այլ ընդհակառակն՝ մեր զոհաբերումն է ազատության բագինին»։

..............


Ցավալի է... :(
Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով անիմաստ զոհաբերություն էր... Չեմ ուզում ամպագորգոռ հնչի, բայց այլ կերպ չի ստացվում՝ մեռնելով չեն պայքարում, այլ ապրելով...

Նաիրուհի
28.07.2011, 10:37
Ցավալի է... :(
Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով անիմաստ զոհաբերություն էր... Չեմ ուզում ամպագորգոռ հնչի, բայց այլ կերպ չի ստացվում՝ մեռնելով չեն պայքարում, այլ ապրելով...

Տիգ ջան, գուցե այդպես է, բայց երբ մտածում եմ, թե ինչ կամքի ուժ ու հավատ է պետք գնալու համար մի գործողության, որը կյանքդ պիտի արժենա, չեմ կարողանում չհարգել էս տղաներին ու նրանց որոշումը:

Tig
28.07.2011, 11:15
Տիգ ջան, գուցե այդպես է, բայց երբ մտածում եմ, թե ինչ կամքի ուժ ու հավատ է պետք գնալու համար մի գործողության, որը կյանքդ պիտի արժենա, չեմ կարողանում չհարգել էս տղաներին ու նրանց որոշումը:

Ես էլ եմ հարգում:
Բայց մեկ է դա ֆանատիկություն եմ համարում ու որևէ լուրջ ազդեցություն չունեցող զոհողություն:

Tig
13.10.2011, 11:41
http://www.youtube.com/watch?v=zEsdfddLrRo&feature=feedu

Smokie
09.11.2011, 21:10
Այսօր նշվում է հայ ազգի մե՜ծ բարեկամ, մե՜ծ հոգու տեր մարդու՝ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը:)
http://www.panorama.am/g_image.php?id=168875&t=b


Ֆրիտյոֆ Նանսեն-150. «Հայրս մահացավ «հայ» բառը շուրթերին»

Անվանի բևեռախույզ, գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կողմից կազմվել և հաստատվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, պետպատվերով թողարկվել է «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր` Էդ. Տեր-Սահակյան, DVD տարբերակով, 1000 օրինակ), հրատարակվել է Ֆելիքս Բախչինյանի «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» ուսումնասիրությունը: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Նա զբաղվել է Հայոց ցեղասպանության խնդիրներով ու որպես մեծ հումանիմզ իր ձայնն է բարձրացրել` ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հանդեպ: Դժվար է հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին նրա կատարած աշխատանքը գնահատել: Նրա գործունեության արդյունքում 320 հազար հայ է փրկվել: Նրան կարելի է համարել աշխարհի մեծագույն հումանիստ: Աղջիկն ասել է, որ «հայրս մահացավ «հայ» բառը շուրթերին»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ասաց, որ մարդ, որը բավականին զբաղված էր Ազգերի լիգայի փախստականների հարցերով, երբ հայ գաղթականները դիմել են նրան, համաձայնվել է աջակցել: «Նրա 320 հազար անձնագրերը թույլ տվեցին հազարավոր հայերի հաստատվել աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքացիություն ստանալ: Նա փող է մուրացել, որպեսզի կարողանա առաջին 7000 հայ գաղթականներին Հունաստանից տեղափոխի Հայաստան»,- ասաց նա:

Ֆ. Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերի 9-ին. ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Նանսենին նվիրված նամականիշի մարում, Աբովյան-Մոսկովյան փողոցների հատման մասում կտեղադրվի մեծ հումանիստի հուշարձանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կբացվի Ֆ. Նանսենի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարների ու գրքերի ցուցահանդես, ինչպես նաև հոբելյանական երեկո, որի ընթացքում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբի հետ հանդես կգան նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը, մենակատար Թորմոդ Ասգարդը (շեփորահար): Նշենք, որ այս համերգն իրականացվում է նորվեգիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ` նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Սթորի Հայաստան այցի շրջանակներում:

Հոբելյանական երեկոն կազմակերպվել է «Կադանս» կենտրոնի ջանքերով: Կենտրոնի տնօրեն Արմեն Բաբախանյանն ասաց. «Որոշեցինք կազմակերպել այնպիսի համերգ, որտեղ բավականին հակիրճ ու բովանդակալից համատված լինեն այն ստեղծագործությունները, որոնք միանշանակ խոսում են Նանսենի կատարած գործունեության մասին»: Նրա խոսքով, համերգային ծրագրում հնչելու է հայ, նորվեգացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի դեպ, նորվեգացիները կատարելու են հայ, հայերը` նորվեգացի կոմպոզիտորներ ստեղծագործություններ:

«Ինձ համար մեծ հայտնություն է, որ իմ երկրացուն Հայաստանում այդպես հարգում ու պատվում են: Ինձ համար շատ հաճելի էր, երբ ես հասկացա, թե ինչու է այդպես»,- ասաց նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը, ով առաջին անգամ է Հայաստանում: Նա նշեց, որ լավ հնարավորություն է ստեղծվել` հայկական երաժշտաարվեստի հետ ծանոթանալու համար:


Աղբյուրը (http://www.panorama.am/am/society/2011/11/07/nansen/)