PDA

Դիտել ողջ տարբերակը : Լակոնիկ...



Claudia Mori
09.03.2011, 22:22
Հոգնեց գրիչը արձանագրել միայն սպասելին, ցանկալին, պատվիրվողն ու վճարվողը ու հոգոց հանեց ՝ հասկանալով, որ վաղուց չէր զգացել իր հոգին… ու երբ փորձեց արձանագրել այն, ինչ զգացել էր, դեռ մանկուց, պարզ դարձավ, որ թանաքն ավարտվել է, իսկ հոգոցի արդյունքում առաջացած հետքերն այսքանն էին միայն…

Claudia Mori
09.03.2011, 23:19
Մարմնիդ ամեն մի բջիջը ու սրտիդ ամեն մի կտորն իր մեջ պարունակող պարտված իրականությունը ասում են ճղիր ու դեն նետիր կյանքիդ գրքից, բայց երբ հայտնվում են գրադարանում գիրք ընտրելու ընտրության առջեւ, իհարկե ընտրում են այն գրքերը, ում տերերը չեն համաձայնվել նրանց հորդորներին թերթահան անել իրենց կյանքը…ու եթե անգամ այդ գիրքն անհետաքրքիր է լինում, վերջում ասում են՝ գիտե՞ս ինչ հաստափոր, պլպլան կազմով գիրք եմ կարդացել, դու էլ անպայման կարդա…

Claudia Mori
10.03.2011, 18:38
Մանր ու հավերժ ասեղնագործվող թափանցիկությունը աչքերը փակեց ու հայտնվեց Գառնո սարերում` գարնանը ջրի փոքրիկ կտորի վրա հավերժացող կապույտ, մեկ-մեկ ճերմակ, փոքրիկ թիթեռների կողքին, հետո մի պահ սրտանց ուզեց գրկել հովիկին ու թռավ Գառնու լեռների մի ծաղկից մյուսին, այնքան ընդարձակվեց, որ ձորերում սինֆոնիա լսի, հանգիստ ու ինքնավստահ գամփռի կողքին նստեց մի պահ, որ շունչ քաշի և եկեղեցու զանգի ձայները լսելուն պես երգի`
http://www.youtube.com/watch?v=rmafu7FBicQ&tracker=False

Claudia Mori
11.03.2011, 18:35
Խավարի ձգտող լույսը ծալեց իր վերջին շողերը ու, հասնելով իր նպատակին, ուրախացավ, բայց մութը ընդամենը մի պահ տևեց, քանի որ ուրախությունը ազատ արձակեց բոլոր կալանավորված շողերը եւ արևը երևաց...

Claudia Mori
11.03.2011, 23:58
Այս անգամ էլ ստեղծեց նոր աչքեր, քիթ, բերան եւ ունքեր ու մարդկանց մեջ արտացոլվելով ինքնահաստատվեց…այս անգամ էլ վարվեց նապաստակի պես, որը գայլից մի կերպ պոկվելով մի ծառի հետեւում նստած շնչակտուր է լինում…այս անգամ էլ բարձրացավ ճահճե պատվանդանին եւ «միռաժներից» կազմված առաջին նշանը կրող մեդալով պարգեւատրվեց եւ հաջորդ օրը նախորդ օրվա պես ապրեց…

Claudia Mori
12.03.2011, 23:48
Ծայրահեղությունից ծայրահեղություն, ինչպես ծովից ծով Հայաստան ապրում են այդ տխուր աչուկներով քարերը, բայց, երբ լսում են զուռնայի ու դհոլի ձայնը, մեծ ու փոքր քարերը Մշուխըռ են բռնում երկրագնդի զարկերակին համապատասխան՝ մեկ-երկու, մեկ-երկու, մեկ, մեկ-երկու-երեք, մեկ-երկու, մեկ-երկու, մեկ, մեկ-երկու-երեք...

Claudia Mori
14.03.2011, 11:45
Գարնանային արևը արդեն հոգնեց հասկացնելուց, որ ձմեռն ավարտվել է, ու երևի թե զայրույթից է երբեմն գիժ մարտ անվան տակ սառույցի վերածում այտերս... Պարտվել չսիրելով հանդերձ, այսօր ուզում եմ բարձրաձայն բղավել դրա մասին ու ասել՝ ի՜նչ լավ է որ գարուն է եկել՝ բարի գալու՛ստ...

Claudia Mori
15.03.2011, 16:59
Առավոտյան արևի ջերմությունից ձնծաղիկի վրա առաջացած ջրի կաթիլը երազում էր մի փոքրիկ ջրափոս դառնալ, որի հետ կխաղային փոքրիկ երեխաները, թռչունները կհագեցնեին իրենց ծարավը... ու դարձավ, հետո սկսեց երազել առվակ դառնալու մասին, որն ամեն օր կբարեևեր փոքրիկ ու մեծ քարի կտորներին, ծաղիկներին, թիթեռներին...ու դարձավ, հաջորդ երազանքը գետ դառնալն էր ու հանգիստ, երբեմն զայրացած աղմուկով առաջ գնալը... ու դարձավ...հետո լիճ, հետո ծով, հետո օվկիանոս... բայց հենց հասավ ամենաերազանքին՝օվկիանոսին, աչքին չէին երևում ո՛չ ծովային բազմազան բուսականությունը,ո՛չ կենդանական աշխարհը, ո՛չ... ու նա հասկացավ, որ սարսափելի կարոտել է իր ձնծաղիկին...

Claudia Mori
16.03.2011, 20:40
Թվում էր, թե ճանճերի երամի մոտ երբեք չի սպառվի կարծիք արտահայտելու իրավունքից օգտվելու ցանկությունը, ու միալար բզզոցից արդեն չղջիկ էր դարձել...միակ փրկությունը պարզապես քնելն էր, ինչքան հնարավոր է երկար...բայց ճանճերն այս անգամ երազի մեջ որոշեցին ներխուժել՝ ստիպելով ուղղակի ականջները փակել ու վազել դեպի անձեռոցիկից պատրաստած առագաստաներով նավը...ու այդտեղ սկսեց վնգստալ 6 ամսեկան Շոկոն՝ Շռեկի կատվի պես նայելով տիրոջ «մռութին», եւ բոլոր ձայները հանկարծ սկսեցին իրար հետեւից լսվել՝ խլացնելով զզվելի բզզոցը «չկայացած թռչունների»...

Claudia Mori
18.03.2011, 12:00
25000-30000 մարդ, հուսահատ ու հոգնած տատիկներ ու պապիկներ, 10 ծնող և 10 նկար, Մեսրոպ Մաշտոց, Կորյուն...,ծայրահեղ ուրախ, կամ ծայրահեղ զայրացած երիտասարդություն, ոստիկաններ շենքերի բակերում ու պետական կառույցների մոտ, հրեական անեկդոտ, անակընկալ, ձեռքեր, Արա Գևորգյան, հսկայական հայկական դրոշ, մարդկանց մեջ կանգնած երեք պոզասայլակ, ազգագրական երգեր փոխված բառերով, հայրիկի ուսերին նստած երեխա, ով կյանքում այդքան մարդ երևի չէր տեսել, շտատիվ, կամերա, վազող լրագրողներ, ոստիկաններով շրջապատված իմ օպերայի շենքը, Վարդան Օսկանյանը բարձրահարկի կտուրին կանգնած, բանակցություններ ոստիկանների հետ, ծիծաղ, հանգստություն, անհանգստություն, հաղթանակ բղավող մարդիկ, Ռաֆի Հովհաննիսյանի աչքերը...

Claudia Mori
22.03.2011, 14:02
Նվիրում եմ քեզ այն կարկանդակները, որոնք դու ուզեցիր, ես էլ խոստացա պատրաստել իմ հրեշտակ պապիկ, նվիրում եմ քեզ այսուհետ կյանքում ձեռքբերած ամեն մի հաջողությունը, իմ հասցեին հնչած ծափերը գովասանքի խոսքերը իմ հայրիկ պապիկ, նվիրում եմ այս եւ մյուս գարունների բոլոր պայծառ շողերը իմ արեւ պապիկ, նվիրում եմ քո սիրելի շուկայի, ձկնորսական սարքերի, ընկերներիդ, սիրելի բարեկամներիդ, քո պաշտելի նարդիի ու խաշի նկարներով մի մեծ կտավ, որ փակցնես քո երկնային պատին, նվիրում եմ իմ բոլոր հուշերը, որոնք կպատմվեն քո այդպես էլ չտեսած ծոռներիդ շուրթերով, նվիում եմ բոլոր այն ազգագրական երգերն ու պարերը, որոնք դեռ կսովորեմ ու խոստանում եմ, որ կժպտամ արեւի պես ու կտխրեմ միայն անձրեւի տեսքով...

Claudia Mori
24.03.2011, 20:29
Այսօր շնչում էի թթվածնի ամեն մի հատիկը օդում ու մի տեսակ հանգստություն էի վայելում կանացի նուրբ մեր հայրենիքի ներքո, ձեռքերս նորից կրկնում էին արդեն անգիր արած շարժումներ՝ խոշոր պլան, աչքեր, գործընթաց, պանորամա...բայց մի տեսակ խաղաղություն կար նախկին նկարահանումների համեմատ, երեւի նրանից էր, որ ում ես սիրում եմ ու մի քիչ հավատում նկարահանման վայրում էին...

Claudia Mori
28.03.2011, 10:12
Երաժշտությունն այնքան բարձր էր, որ երթուղայինի ժողովուրդը ատելով նայում էր ու մտքում ինչ ասես ասում դասական հագուստով ռոք լսողիս...10–ից ավելի երազ տեսնելուց հետո էլ ոչ մի բան չէր ազդում, միայն դրսից ներթափանցող արևն էի զգում ու երաժշտության համապատասխան մարդկանց շարժումներն էի դիտարկում երթուղայինից ներս ու դուրս...ի՜նչ համահունչ էր Ռոբի Վիլիամսի երաժշտության ներքո շարժում իր ավելը հավաքարարը...վհուկային ինչ որ բաներ կա երևի մեջս, միշտ սիրել եմ այդ ավելը, ուզել եմ նստել ու թռչել...չեմ փորձել երբեք, բայց այդ պահին, երբ պարացնում էի իմ երաժշտության ներքո այդ տատիկին, երևի նույնչափ երջանիկ էի, որքան և կլինեի ավելով թռչելիս...խենթ օր է սկսել...

Claudia Mori
29.03.2011, 16:38
http://www.youtube.com/watch?v=lEi6mDCZnVs

Claudia Mori
30.03.2011, 13:31
Հոգնեց ճանաչել շրջապատի եսերին ու մի պահ կենտրոնացավ սեփական եսի վրա՝ չհասկանալով, թե մարդիկ ինչպես են իրեն բնորոշում որպես ամենաեսակենտրոն մարդկանցից մեկը, երբ ինքը նույնիսկ չի կարողանում պատասխանել ո՞վ եմ ես հարցին... սարսափելի գլխացավ սկսեց, ինչպես միշտ...բայց այս անգամ հաստատ որորշեց փնտրել պատասխաններ, անգամ եթե վայրէջք կատարեր իր բարձր պատվանդանից, ու հնչեց առաջին պատասխանը՝ ես ես եմ...

Claudia Mori
01.04.2011, 21:27
Լաբիրինթոսի փլատակների մեջ արդեն կորում է կորելու գաղափարը, բայց սովորական դարձած մտածելակերպով նորից փնտրում ես խուճուճ ուղին...պարզ, կարճ ու հանգիստ ճանապարհով քայլելուն այնքան ես ձգտել, որ հիմա սկուտեղով այն մատուցում են քեզ, ասում ես չէ՛, ես լաբիրինթոս եմ ուզում...երազանքդ վաղուց մոլորվել է այդ լաբիրինթոսում, երբեք էլ չլինելով այն, ինչին դու վերջիվերջո հասար...

Claudia Mori
04.04.2011, 10:36
Ընտրությունը կատարված է, կարելի է հանգիստ շունչ քաշել մեկ շաբաթ ծանրացած գլխով բարձրակրունկների վրա քայլելուց... ևս մեկ աստիճանից չգլորվեցի, պահպանեցի հավասարակշռությունս ու ոնց որ թե նոր աստիճան եմ բարձրանում...ժամանակն է մի լավ տրվել սիրելի երաժշտությանը...

Claudia Mori
07.04.2011, 10:01
Այսօրս սկսեց ծաղկած եղևնիով...:love

51759

Claudia Mori
08.04.2011, 23:02
Քնել եմ ուզում՝ երկար...

51799

Claudia Mori
11.04.2011, 09:46
Չէի հասկանում, թե ինչու են մեր ազգագրական երգերի ու պարերի շարժումներն անընդհատ կրկնվում, ու բալետի, լատինական...ու շատ այլ պարատեսակների պես չունեն բարդություն ու շարժումների մի հսկայական բառարան...կենցաղը միշտ ատել եմ, բայց չեմ մտածել, որ կենցաղի լավն էլ կա, երբ ամեն ինչ հանգիստ ու գրեթե կրկնվող ձևով հոսում է գետի պես, բայց գարնանը վարարում է ժայռերը գլորելու աստիճան, կայուն է սարերի պես, բայց եթե լավան որոշեց դուրս գալ... խորն է ծիրանենու արմատների պես, որը միշտ անուշ պտուղ է տալիս, եթե այն ճիշտ ես խնամում, համով է սարերում քարերի ճեղքերի մեջ հավաքված ջրի պես...ու այստեղ էլ մի պարզ իրականություն ապացուցեց իմ անուշադրության առկայությունը, տեսնես ինչու եմ ենթագիտակցորեն իմպրովիզներ անում այդ պարզ, կրկնվող շարժումների մեջ...գարուն է եկել...

Claudia Mori
13.04.2011, 09:57
Գարունս ձմռան հետ նորից կռիվ է անում...կտուրահան փոթորկից ու ոչ պակաս փոթորկալից օրից հետո, առավոտյան էլ ձյուն է նստել պատուհանագոգիս...բայց արևը ձեռքով անընդհատ մի կողմ է տանում ամպերը ու ծիկրակում...Արևս, ես հավատում եմ քո գարնանային հաղթանակին...

Claudia Mori
16.04.2011, 10:46
Պատահական ու չգիտես ինչու հայտնվեցի դպրոցիս կողքը...շաբաթօրյակ էր, ամեն ինչ նույնն էր, միայն երեխաներն էին տարբեր...աչքս ընկավ առաջին հարկի պատուհանին, որտեղից որպես կանոն փախչում էինք հիմնականում քիմիայի դասերից...սկսեցի փնտրել ընկեր Նիկոլյանի զայրացած դեմքը ու լսել ճղճղան ձայնը, որին երբեք չէի մտածում, որ կկարոտեմ... հետո չգիտեմ ինչու մտածեցի տեսնես ոնց կլիներ, եթե ես ներկայիս տեսքով դպրոց գնայի...միանգամից զգացի թե ոտքերս ոնց կզնգային, եթե երկնաքերներովս պատուհանից թռնեի այնպես, ինչպես միշտ եմ թռել...բարձր չծիծաղեցի, երթուղայինում էի, ամոթ էր, գլուխս կախեցի ու միայն ժպտացի...երբ աչքերս բարձրացրի, դպրոցս արդեն չկար...

Claudia Mori
17.04.2011, 16:47
Շնորհավոր Ծաղկազարդ...

51872

հեղ՝ Տիգրան Վարդիկյան

Claudia Mori
17.04.2011, 18:28
. . .

Claudia Mori
20.04.2011, 14:55
Էկվեն ցու յօր վիր էլի,
Մայս հավերուն կուդ կուդա,
Աս դարի բարաբ օնցավ,
Կալիկին ումուդ կուդա...

:)

Claudia Mori
21.04.2011, 11:42
Այս անգամ զայրույթիդ չեմ պատասխանի զայրույթով...այս անգամ կաղոթեմ քեզ համար, որ լինես առողջ, շատ առողջ...որ վերգտնես հոգիդ ու կարողանաս այն առաջին անգամ պատկերել պայծառ արձանիկի տեսքով, իսկ ես կհպարտանամ քո արվեստի գործով, անգամ եթե դա միայն կավի անճոռնի գունդ լինի...այս անգամ քո արտաբերած ամեն մի բարձր ու չմտածված հնչյունը կվերածեմ նուրբ դասական երգի, դու կդառնաս իմ Շոպենը, ու ես կպատկերացնեմ, թե ինչպես եմ կլասիկա անում, ու այդպես էլ իրականություն չդարձած երազանքիս կարոտից կարտասվեմ, բայց նաև կժպտամ...դու էլի կզայրանաս իմ ժպիտից, բայց ես մի պահ կխոժոռվեմ՝ ուղղակի, ձևական, ու հետո մեջքից քեզ կժպտամ, իսկ արևս ինձ աչքով կանի, ու մենք երկուսով կժպտանք...այս անգամ էլ, ինչպես միշտ ու հավերժ սիրում եմ քեզ...

Claudia Mori
25.04.2011, 19:54
Առյուծանման գամփռս...նորից քեզ հիշեցի...

51941

51942

Claudia Mori
27.04.2011, 10:47
Այս անգամ մի քիչ լակոնիկից դուրս...մի քիչ երկար...մի քիչ ուրիշ...

Թեև արթուն էի արդեն առավոտյան ժամը 7-ից, բայց միայն 4 ժամ քնելու արդյունքում արթնացա 10:00-ին, երբ երթուղայինի միջից տեսա մի շան քոթոթի աչքեր՝մոլորված քայլում էր, սիրտս ճմրթվեց, բայց զգացի, որ պայքարողներից է ու կապրի...

Հաջորդը անձրևի ներքո կանգնած կարճաթև հագուստով և ամառային կոշիկներով աղջնակն էր ...նայեցի տատիկիս գործած տաք ֆրենչին, հիշեցի, որ մի քանի օր առաջ ջերմություն ունեի ու ժպտացի...ինքն էլ ժպտաց...

Միակ մարդը չէր, որ այսօր ժպտաց...մի քանի րոպեից հայտնվեց մի փոքրիկ բեռնատար, որի բաց հատվածում կանգնած էին անճաշակ, բայց գունավոր շորերով, երկու մարդ...ազնիվ պապիներ էին երևում՝ ծառ էին տանում իրենց հողամասում տնկելու համար... իրենք էլ էին ժպտում ու նայում շուրջբոլորը այնպես, ինչպես ամեն օր հաց բաժանողը կարող է նայել...հիշեցի ընկերուհուս ռեժիսոր հայրիկին, որ մի օր հերթական զրույցի ժամանակ նստեց ու ասաց` «հիմա մտածում եմ, ե՞ս եմ այս աշխարհին պիտանի ու ե՞ս եմ երջանիկ, թե այն մարդը, ով ամեն օր պարզապես հաց է ապահովում մարդկանց համար»...Մեկ էլ Վիլիամ Սարոյանս հայտնվեց իր Մարդկային կատակերգությունով...

Հաջորդը դերասան Կարեն Ջանիբեկյանն էր ու իր երիտասարդ սիրելին...շանը կորցրեց, բայց :)...ի՜նչ սիրուն էին...ի՜նչ երջանիկ էին...հիշեցի Ջանիբեկյանի խորհուրդները ու գնահատականները ինձ մի քանի տարի առաջ...ես այն ժամանակ թերահավատորեն ժպտացի, բայց ի՜նչ ճիշտ էր ինքը...

Հաջորդը սեփական տան բաց պատշգամբին կանգնած կինն էր, ով խաչակնքել էր ձեռքերը ու երկնքին նայելով ինչ որ բան էր շշնջում...երևի աղոթում էր...

Այս անգամ խցանումը չզգացի, մտքերով արդեն օրագիրս էի գրում...

Claudia Mori
30.04.2011, 16:30
51965

Հ.Գ. Դե երևի հասկացաք ինչ է և ինչի համար եմ օգտագործել, ինչպես ասվում է սովետական մուլտիկներից մեկում՝ ես այն շատ ապահով տեղում եմ պահել :)

Claudia Mori
06.05.2011, 22:51
Վայ, վերջապես...երեկվանից երազում էի, թե երբ է այս օրը ավարտվելու... այնպիսի տպավորություն էր, թե նույն տեղից դուրս ես գալիս ու 15 րոպեն մեկ վերադառնում ես այդ նույն տեղը, նման զգացում պետական քննության պարապելու ավարտական օրն էի ունեցել, մեկ էլ առաջին լուրջ հոդվածը գրելուց հետո...բայց ամենահավես պահը գալիս է այն ժամանակ, երբ դու այդ օրը սիրուն պատմություն ես սարքում, քանի որ հաջողված էր, արդյունավետ էր ու միեւնույն է լավն էր, այնպես որ գիրքս չեմ պատռի, միայն այստեղ մի քիչ կբողոքեմ;)

Claudia Mori
09.05.2011, 22:05
4 ամիս եւ 10 օր... օրերն ու ժամերը երբեք չեմ հաշվել անգամ դասարանում կամ լսարանում, երբ բոլորը հոգնեցնող դասի ժամանակ անընդհատ հարցնում էին ժամ ունեցողին, թե դասի ավարտին որքան մնաց, ականջներս փակում էի, առանց ժամն իմանալու ավելի արագ էր ժամանակը թռնում...4 ամիս 10 օր, հաշվում եմ ու չգիտեմ, թե էլ որքան կհաշվեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ էլ չեմ ուզում հաշվել...հումանիտար կրթությունս էլ չի փրկում, դպրոցում ամեն դեպքում մաթեմատիկա վատ չեմ սովորել ու ամեն թիվ ու կանոն մոռանալ էլ չի լինի... 4 ամիս 10 օր...Չէ՛... ԱՌԱՋԻՆ օր

Claudia Mori
10.05.2011, 13:44
:D Վերջը գտա, գնեցի ու խաղացի ու դեռ խաղում եմ :D

http://i.imgur.com/laIsEl.jpg

Claudia Mori
12.05.2011, 10:46
Ուրեմն այսպես, որոշել ես ամիսը մեկ, կամ շաբաթը մեկ անհանգստացնելու փոխարեն արդեն ամեն օր հիշեցնել քո գոյության մասին, խնդիր չկա, բայց պատրաստ եղիր, որ ամեն օր պարտության ես մատնվելու…

Այսօր՝

Վատ իրադարձություններ՝

1 Վատ երազ
2 Կոկորդս ցավում է
3 Փողոցով անցնելիս մի տատիկ այնպես պայուսակով խփեց, որ քիչ էր մնում ավտոմեքենայի տակ ընկնեի
4 Մոնտաժային ծրագիրս դանդաղեցնում է գործս

Լավ իրադարձություններ՝

1 Աշխատանքի վայրում ինձ սպասում էր թխվածք, բանան ու տաք անուշ թեյ
2 Մինչև հիմա ծիծաղս գալիս է այդ տատիկի պայուսակով խփելու վրա ու հատկապես այն փաստի, որ դա պատահական չէր, լավ է գլխիս չխփեց, չնայած չէր կարող հասնել իմ հասակին :))
3 Հարսի շոր եմ հագնելու:roll հետաքրքիր է, թե դա ինչ է...
4 Գրվելիք հոդվածներս սրտովս են
5 Եղանակը սրտովս է
6 Վերջապես ընկերուհուս բալիկին եմ տեսնելու
7 Բժիշկների տված ժամանակը ավարտվեց, այնպես, որ կարող եմ շարունակել գնալ ավելի բարդ պարերի

Ստացվեց` 7-ով 4, նույնիսկ 7-ով 3.5, ուղարկածդ տատիկից ավելի շատ ուրախացել եմ :))

Այնպես, որ եթե պարտվելու սիրահար ես, շարունակիր նույն ոգով :P

Claudia Mori
14.05.2011, 12:34
Հա...ռոմանտիկ եմ, խենթ եմ ու անկանխատեսելի, որովհետեւ քո ռեալ կյանքից արդեն մի 20 անգամ երեւի ապրել եմ ու չեմ ուզում ապրել անընդհատ կրկնելով նույնը...հա, ռոմանտիկ եմ, խենթ եմ ու անկանխատեսելի, որովհետեւ, երբ անհրաժեշտ է, միանգամից իջնում եմ երկնքից գետնին, բայց երբեք թեւերս չեմ կորցնում, ոչ էլ գրավ եմ դնում մի կաթիլ ռեալ կյանք ստանալու համար...հա...ռոմանտիկ եմ, խենթ եմ ու անկանխատեսելի, որովհետեւ չեմ սիրում հոգնել ինքս ինձնից, դրանից վատ բան չկա...հա...ռոմանտիկ եմ, խենթ եմ ու անկանխատեսելի, ու անգիր գիտեմ քո բոլոր կանոններն ու արժեքներն առանց արմատների...Հա, ռոմանտիկ եմ, խենթ եմ ու անկանխատեսելի, ու չփորձես գնահատել այս երեք արժեքները քո ռեալ մեկնաբանություններով այ կեղծ ռոմատիկ, կեղծ խենթ, առավել եւս կեղծ անկանխատեսելի...

Claudia Mori
14.05.2011, 17:38
Հետո ինչ որ տաքություն ունեմ:)

1.http://i.imgur.com/sgOZ7l.jpg
2.http://i.imgur.com/UYmaZl.jpg
3.http://i.imgur.com/TahL4l.jpg
4.http://i.imgur.com/7gzGal.jpg
5.http://i.imgur.com/hZbkwl.jpg
6.http://i.imgur.com/4Zo6Cl.jpg
7.http://i.imgur.com/nOhm9l.jpg

Հ.Գ.:oy

Claudia Mori
18.05.2011, 12:15
Էլի լակոնիկից դուրս, ով հավես ունի թող կարդա:)

Դե սիրում եմ էլի, որ լույսերն են տանում

Երեկ քույրիկիս ճուտոն` Արամիկը, հերթական անգամ իր սիրելի բանն արեց` սկսեց հոսանքը միացնել ու անջատել, մեկ էլ կրակ դուրս եկավ մեր ջահից, ու հոսանքը գնաց: Մինչև կսարքեին, բոլորս հավաքվեցինք սենյակում, ու տատին սկսեց նորից հիշել բոլոր երեխեքի, թոռների սխրագործությունները, մենք էլ նորից ծիծաղեցինք, ոնց որ առաջին անգամ էինք լսում:

Մորքուր` Տաթևի մամա- փոքր ժամանակ տատին տանում է հաղթանակի զբոսայգի, մորքուրս ամբողջ ճանապարհին Մայր Հայաստանի արձանը տեսնելով սկսում է ասել` դյադյա, դյադյա: Տատիս ասում է` սպասի հլը ձայն չհանեմ, տեսնեմ ինչ է անելու: Հասնում են տեղ մորքուրս բարձրացնում է գլուխը, նայում արձանին ու ասում` վա՞յ, դու տյոտյա՞ ես: :))

Տաթեւ`2-րդ թոռ` Արամիկի մամա- Մի անգամ էս Տաթոս կորում է, հետո մի մարդ բարեբախտաբար գտնում է բերում է տուն, ասում են` այ Տաթո բա չէիր վախենում անծանոթ մարդու ձեռքը բռնեցիր եկար: Տաթոս ասում է` չէ´, ինքը իր ձեռքում մածունի շշեր էր բռնել, հաստատ բարի էր, համ էլ ո՞վ է ասել, որ ես կորել եմ, ես երբ ինձ նայում էի տեսնում էի: :))

Ես`դե ես էլի- Մութ ու ցուրտ տարիներն են, ամեն օր տրոլեյբուսով տատիս տանում էր իր հետ գործի ու որպես կանոն, երբ լավ ձյուն էր գալիս, տրոլեյբուսը չէր աշխատում ասում էին` տղամարդիկ դուրս եկեք բրդելու: Մի քանի տղամարդ դուրս չեն գալիս, ես շրջվում եմ ու ասում` է ինչու՞ դուրս չեք գալիս, ասացին տղամարդիկ դուրս եկեք, դուք տղամարդ չէ՞ք:D Ես այս դեպքը չեմ հիշում, բայց որ պատկերացնում եմ այդ տղամարդկանց դեմքերը:D

Արամիկի երջանկությանը չափ ու սահման չկար` սիրում է, երբ մարդիկ ծիծաղում են, համ էլ երևի զգաց, որ մի քանի տարի հետո էլ ինքն է մեզ նման ծիծաղելու, երբ տատին պատմի թե ոնց միանգամից թռավ մամայի գիրկը վախեցած ու կրակից զարմացած ձեռքերը պարզեց և ասեց` վաո~ :love

Claudia Mori
23.05.2011, 22:34
Այս անգամ ականջակալներս մի քիչ ուշ դրեցի, ուզում էի քամու ձայնը լսել, բայց այլ բան լսեցի, էլ ի՜նչ քամի…

-Դու հասկանու՞մ ես, որ ինձ օրը երեք անգամ ծեծում ես…

Գլխիցս դուրս չեն գալիս այդ երեխայի արտաբերած խոսքերը, որ լսեցի պատահաբար կանգառում…ուզում էի անընդհատ որսալ մոր աչքերը, որ հասկանամ, թե ով է այն մարդը, որ երեխային այդ օրին է հասցնում…

Շարքային աչքեր էին, ամեն դեպքում երեխայի մեծական աչքերին չէին հասնի…որ դրսում չլինեին այդ պահին, երեւի ծեծի թիվը կհասներ չորսի, իսկ իմ ձեռքերն արդեն անզորությունից քոր էին գալիս…

Հ.Գ. Մի քանի օր առաջ, երբ էլի ականջակալներս կրկին դեռ չէի միացրել,նույն կանգառում մի փոքրիկ տղա իր քույրիկին ասում էր՝ այ մարդ, դու հումորի զգացում հեչ չունես, իսկ քույրը ժպտում էր…

Claudia Mori
24.05.2011, 12:19
Դու սիրում ես քեզ... դե հասկացա էլի ու արդեն հոգնեցի, որ դու դա անընդհատ կրկնում ես...Խոստովանում եմ, ամենաճիշտ բանն է սեփական անձը սիրելը այս կյանքում, բայց ինչու՞ ես անընդհատ դա կրկնում՝ չե՞ս հավատում, որ սիրում ես քեզ, թե՞ եթե դա չես ասում, չես սիրում քեզ, թե՞ քեզ հեչ էլ պետք չէ, որ դու քեզ սիրես, այլ որ շրջապատը քեզ սիրի...

Դե կողմնորոշվի էլի վերջապես ու սիրիր ինքդ քեզ...

Claudia Mori
03.06.2011, 15:20
:)) Էլի՞ դու :)) լա՞վ ես...կներես, որ խնդում եմ, բայց դե հակառակն անել չեմ կարող, համ էլ չեմ ուզում;)

Բայց օրագիրս մտա ոչ սա գրելու համար:) այսօրս միևնույն ժամանակ և´ ուրախ էր, և´ տխուր, ու սա այն դեպքը չէր, որ ամեն ինչ քո ձեռքում է… համ էլ այսպես ավելի լավ է` բնական է, կյանքի հոտ է գալիս...

Տեսե՞լ ես երբևէ, թե ոնց է մարդը գազանանոցում փակված կենդանու պես աչքերը պլշած միայն աջ ու ձախ քայլում, գազանանոցում որպես կանոն փոքրերը ուրախանում են, թվում է, թե կենդանին իրենց ուշադրություն է դարձնում, մեծերն էլ ինչպես միշտ հասկանում են ու լռում... չէ, երեխայիս հաստատ գազանանոց չեմ տանի, կտանեմ անտառ կենդանուն ցույց կտամ ծառերի վրա, բնության մեջ, կամ էլ ուղղակի կմիացնեմ կենդանական աշխարհ հաղորդումը...չեմ սիրում, երբ առյուծին ճնշում են լիքը բորենիներով ու դեռ մի հատ էլ հպարտանում են դրա համար...

Մարդկանց գազանանոց, «էկզոտիկ» հաճույք է, բոլորին չի թույլատրվում վայելել դա, բայց վայելելու դեպքում բացում եմ օրագիրս ու վայրկյանական արագությամբ գրում, բայց հիմնական ասելիքս իհարկե մնում է լակոնիկից դուրս…այս ամենը մարսելու ժամանակ է պետք…այս անգամ գրիչս վայր եմ դնում ու չգիտեմ որքան ժամանակով…

Claudia Mori
08.06.2011, 22:45
...Ի՜նչ խենթ կարկուտ էր այսօր...Չնայած, որ բառիս բուն իմաստով ոչնչացրեց աշխատավայրիս գիլասներն ու ծիրանը, որոնց ամեն առավոտ նայում էի ու գույնից ենթադրում, թե երբ կհասնեն, բայց ի՜նչ սիրուն էր այդ սրիկա կարկուտը...չնայած դրա պատճառով չէի կարողանում տուն գնալ, հետո էլ ոչ մի տաքսի չէր աշխատում, ու ես կյանքիս մեջ երբեք այդքան տուն գնալ չէի տենչացել, բայց ի՜նչ տեղին էր այդ կարկուտը...կանաչ վոլգա տաքսի գտա, որի վարորդը, հիմա բռնվե՛ք, Johnny Winter էր լսում...այ հիմա հասկացա, թե ինչի համար էր կարկուտը:)

Claudia Mori
13.06.2011, 22:22
Այս փոքրիկ քարի կտորները, եթե տարիներ առաջ վայելեի, հաստատ ոտիկներիս չափերի հետ կհամեմատեի ու հատիկ-հատիկ կհիշեի նրանք, որոնք մեծ են ու մեծանալուս զուգահեռ նրանց թիվը կկրճատվեր: Հետո հոգսերս կշատանային՝ դպրոց, դասեր, քննություններ, սեր… ու ժամանակավորապես կդավաճանեի իմ քարի կտորներին ու մի պահ, երբ այդ ամենից հոգնած կլինեի, նորից կհիշեի այն օրերը, երբ ոտիկներս փոքրիկ էին ու կսկսեի փնտրել ոտքերիս հարմար քարեր…

Claudia Mori
14.06.2011, 18:48
Ա դե ճիշտ են ասում էլի, որ գյումրեցիների հումորի նման հումոր չկա:D

Ինչ եկել եմ բոլորին ասում եմ գրական հետս չխոսան, միայն Անաիդա հորքուրին համոզելու կարիք չկա, ես ասեմ չասեմ, ինքը բարբառով է հումորում, թողնում:B

Հումոր համար 1, որը երեւի կդառնա անեկդոտ լեննագանցիների համար:oy

Անաիդա հորքուրը նայում է notebook-իս ու հարցնում՝

- Ըդիգ քանի՞ կիլո է:

Ես լուրջ-լուրջ ասում եմ.

-Դե երեւի 3 կիլո:

Բոլորը խնդում են… փաստորեն համակարգչի գինն էր հարցնում:}

Հումոր համար 2

-Կարինե դու կարտ-մարտ խաղալ գիտե՞ս:

-Սովորական խաղեր գիտեմ, բայց բլոտ չգիտեմ:

-Ի՞նչ բլոտ, ըդիգ ի՞նչ է, մենք ըդպես խուժան խաղեր չենք խաղա::D

Հումոր համար 3

-Ուր կերթա՞ս: Քաղաքում ի՞նչ պըտի նգարես:

-Տարբեր հին տներ, հին Գյումրին ներկայացնող վայրեր…

-Գնա Ղուկասյանի տունը նկարե, հետո օր հարցնեն, կըսես չգիտեմ ինչ տուն կնկարեմ: :}

Հումոր համար 4

Տեսնելով, որ գրառումներ եմ անում, սեղանի շուրջ նստած մարդկանց ասում է.

-Բան չխոսաք, գրե գը::)

Հումոր համար 5

Ուտելիք է պատրաստել, որի աղը մի քիչ շատ է ստացվել՝ ասում է.

-Դե գիշերը կտեսնիք, թե ում պտի առնիք, չնայած Սուպեր Սաքոյի օրն անցել է:D

Տեսնելով, որ էլի գրառումներ եմ անում` ասում է հո խայտառակ չեմ, ես էլ ասում եմ, որ այդպես են գրվել գյումրեցիների հումորներին վերաբերվող գրքերը, ասում է.

-Քա վա՜յ, ես հլը չեմ մեռել:lol

Claudia Mori
20.06.2011, 14:26
Մի ապուշ երգ կա, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում անընդհատ լսել եմ տաքսիի մեջ, շուկայական վայրերում անգամ Գյումրիի քննչականի մոտ... ինչ որ ուզբեկ է երգում նանընեյնա–նանընեյնա բառերով ու պատկերացրեք, թե որքան էր մեծ զարմանքս, ու հետո նաև ուրախությունս, երբ Ավանի հանրակացարանների մոտ տեսա, թե ինչպես են երկու երիտասարդ տաքսիի մեջ բարձր միացրել Արթուր Մեսչյանի «Օրերը»...

Claudia Mori
27.06.2011, 23:28
Այ մարդ ո՞նց է լինում, որ հրաշալի տրամադրություն ես ունենում, մեկ էլ մի ապուշ, ախր շատ ապուշ պատճառով... որ չեն նստում ու քեզ համոզում, որ կովերը կաթ են խմում ու խոտ տալիս, որ Լուսինը Արեւից մեծ է, որ կենգուրուն ձի է...

Claudia Mori
30.06.2011, 17:53
Տեսնես ինչպե՞ս է զգում իրեն համակարգիչը ֆորմատ անելուց հետո, երբ ջնջում ես ամեն ինչ ու ասում ես` ահա քեզ նոր կյանք, դե ապրի,,,երևի թե մենակ ես չեմ, որ հաճախ նախանձում եմ համակարգիչներին դրա համար, բայց, եթե մեկը փորձի ինձ էլ համակարգչի տեղ դնել, հաստատ լավ բան չի ստացվի արդյունքում,,, որքան որ ատում եմ, նույնքան էլ սիրում եմ այդ ատելին, ու որքան որ լիքն եմ, այդքան էլ չեմ ուզում դատարկվել ու վերածվել բմբուլի...Դեռ ոչ մի քամի վստահելի չէ այնքան, որ ուզես ճախրել, չնայած երբ ասում են մի ցատկի, ես էլ Մեսչյանի պես ցատկում եմ... մի խոսքով նոր թևերս չեմ ուզում փոշիացնել պահարանում ու ցատկում եմ... դե քամի ջան, բռնվի´ր...:)

Claudia Mori
06.07.2011, 11:37
Անակընկալդ ստացվեց, ինչպես միշտ հաշիվը քո օգտին է այն խաղում, որտեղ մրցում ես, բայց այս անգամ արդեն հաստատ հակառակորդ չունես...կարող ես կատարել երազանքդ ու մոլորվել ամենանտաղանդ գրողի ծոցում ու կրկնել, որ պաշտում ես խոզի կարգավիճակը և ցեխը...ես քեզ ու ինձ թողնում եմ միայն բառերի կույտի կարգավիճակը իմ գրքի էջերում ու ցավակցում եմ քեզ, որ այդպես էլ գիրք գրել ու կարդալ չսովորեցիր, եւ այս անգամ արդեն վերջնականապես ասում հաջողություն :bye

Claudia Mori
11.07.2011, 14:04
Հավես է...ինձ թվում էր ամռան կեսին սպառվելու եմ, բայց երկրորդ շնչառություն է սկսվել մոտս, ձեռքերս քոր են գալիս, լիքը էներգիա է կուտակվել...մի քանի նոր գաղափարներ կան, որոնք վաղուց տեսանելի ձևով իրենց տեղն էին զբաղեցրել ու զարմացած նայում էին ինձ, թե ինչու ուշադրություն չեմ դարձնում իրենց վրա... Այ էս մի Կարինեին շատ եմ սիրում ու միշտ եմ վերադառնում դեպի իրան...

Claudia Mori
20.07.2011, 23:23
Խառը...

Մի քանի մարդ կա այս աշխարհում, ում խոսքերը չեմ ասի կույրի պես կատարում եմ, բայց հիմնականում համաձայն եմ լինում, ու եթե կատարում եմ, ուրեմն առաջին հերթին իմ կամքն եմ կատարում...այսօր մտածում էի, թե ոնց է լինում, որ մարդիկ այդ տեղը զբաղեցնում են իմ կյանքում, որովհետեւ եթե չեմ ընդունում մարդուն, հաստատ պատ եմ շարում՝ չեմ վնասում, բայց եւ ինքը ինձ չի կարողանում ճանաչել, թեեւ մեծ ջանքեր է թափում հաճախ...

Ընդունում եմ, որովհետեւ իրանք իմ միջի եսը չեն ջարդում իրենց եսի հաշվին, որովհետեւ իրենց եսից սովորելու լիքը բան եմ քաղում կամովին, որովհետեւ չեն նախանձում ու չեն փորձում իրենց կյանքից բացի իմ կյանքն էլ ապրել, որովհետեւ հաճախ լռում են դատարկաբանելու փոխարեն, որովհետեւ խոսում են, երբ ես ներքին ցավից չեմ կարողանում բառեր արտաբերել՝ խոսում են իմ պես, իմ սրտից...որովհետեւ ենթատեքստ չեն փնտրում իմ մեջ, առավել եւս՝ իրենց...

Այսօր, ինչպես ամեն օր ապրում եմ հանուն իրական դեմքերի ու դիմախաղի...

Claudia Mori
10.08.2011, 15:24
Ընկերներիս հարսանիքները սիրում եմ, քանի որ իրենց տարոսիկները որպես կանոն ընկերներով ենք պատրաստում...Երեկ հերթական տարոսիկն էինք պատրաստում կավե սրտիկի ամանի մեջ մեկ նուռ, 2 ցորենի հասկ, 2 կոնֆետ եւ աղանձ...խենթանալու բան ստացվեց...հետաքրքիր է, այդ ցորենները մյուս ցորեններից կտարբերվեն նրանով, որ սկիզբ կդնեն նոր ընտանիքների, որոնց սերունդը կսնվի արդեն մյուս ցորեններից թխած հացով...

Claudia Mori
17.08.2011, 11:24
Մոլախոտը, երբ նոր է ծլում, անմեղ է ու չքնաղ ինչպես ցանկացած նորածին…

Հողամասում, երբ մշակման շրջանն էր գալիս, տատիս ասում էր, որ ուշադիր լինեմ, հենց մոլախոտ տեսնեմ, ասեմ, գա ու արմատախիլ անի, քանի որ դրանից կարող ենք բերքի մի մասը կորցնել, բացի այդ դա անպետք խոտ է ու արժանի չէ գոյության: Ես էլ խելոք խաղում էի, հենց խոտ էի տեսնում, տատի էի բղավում: Մի տեսակ երանություն էի զգում մոլախոտը քաղելիս. ինձ թվում էր փրկված բույսը այդ պահին շնորհակալություն է հայտնում ինձ ու երբեք չէի մտածում, թե մոլախոտը ինչ է մտածում. ո՞վ էր իրեն խնդրել աճել ու ապրել ուրիշ բույսի հաշվին: Նույնիսկ ոչ մեր հողամասում, ուղղակի սարերի մեջ, երբ տեսնում էի գայլուկը խեղդում է մի բույսի, ես էլ իրան էի խեղդում...

Հիմա էլ կյանքի բոստանում են մոլախոտեր հայտնվել, բայց այս դեպքում, չգիտեմ ինչու, մտածում եմ այդ մոլախոտերի մասին…

Claudia Mori
02.09.2011, 21:07
Ուրախացի՛ր, որովհետեւ վերջին անգամ է, որ դիմակ ես կրելու խելագարված ու ոչ խենթացած ամբոխի առջեւ,
Ուրախացի՛ր, որովհետեւ դու շատ անգամներ ես այդ դիմակին խաբել ու քեզ հավատացել են,
Ուրախացի՛ր, որովհետեւ երակներիդ միջով հոսող ցավից հետո, քեզ այլ բան է սպասվում, ինչպես միշտ է եղել, այնպես, որ դու բողոքելու տեղ չունես,
Ուրախացի՛ր, որ երջանիկ ապուշի դիմակը երբեք չես կրել, քանի որ այն միշտ զոհվել է քո խորության մեջ,
Ուրախացիր, որ «այն» մտքերը միայն կողքովդ են անցնում, կամ վատագույն դեպքում գիրք են դառնում, պար, երգ...
Միայն մեկ բան եմ քեզ թույլ տալիս՝ գնա ու գոռա մինչեւ ձայնդ խռպոտի, իսկ հետո թեյ խմիր՝ գիտես որ թեյը...

Claudia Mori
12.09.2011, 22:32
Ստեփանի թոռնիկը մանկապարտեզում իր ընկերներին միշտ ասում է, որ մեծանա իր պապիկի պես հողը դեպի վերեւ փորող է դառնալու...

Ստեփան որդը, ինչ հիշում էր, չափահաս դառնալուց հետո աշխատում էր որպես հողը ներքեւ փորող...Այս որդերի Որդաստանում մոնոպոլիա էր տիրում աշխատանքի ոլորտում, ու բոլոր այն որդերին ովքեր ուզում էին նոր գործ դնեին, որ հողը դեպի վերեւ փորեն, միշտ խանգարում էին, բայց Ստեփանը եւ իր կինը կարողացել էին խաբել բոլորին: Ստեփանն առավոտյան գնում էր գործի, երեկոյան վերադառնում էր ու սնվելուց հետո կնոջ հետ հողը սկսում էին փորել դեպի վերեւ...Ու այդպես երկար տարիներ, մինչեւ մի օր ալեհեր մազերով Ստեփանն ու կինը հասան երկրի մակերես, տեսան երկար ժամանակ բաղձալի լույսը ու մահացան ժպիտները ու կատարված երազանքը դեմքերին...

Claudia Mori
26.09.2011, 17:46
...

Claudia Mori
03.10.2011, 12:05
Մեր հարեւանի դդումի մի հատվածը մտել էր մեր այգի ու կախվել էր գիլասի ծառից։ Մի օր տեսա դդումը առանց հասնելու քաղել են. մտածել են, եթե չքաղեն, երեւի մենք մեզնով կանենք։ Ճիշտ էլ մտածել են, բայց ,ա՛յ մարդ, թողնեիք թող հասներ... մարդկանց համար միեւնույն է դիմացի երեւույթը, միրգը, բանջարեղենը կամ մարդը հասած է, պատրաստ է, թե՞ չէ...իրանք ուզում են, կարող են հանգիստ քաղել, կտրելուց հետո տեսնեն, որ պիտանի չի օգտագործելու համար ու նետեն աղբարկղը՝ ցինիկի նման ու անգամ զայրացած ասելով՝ բարի փտում...

Claudia Mori
12.10.2011, 23:12
Մեկ-մեկ հիշում եմ էն դժվար ուսանող տարիները, երբ քեզ խոխայի տեղ էին դնում ու ասում էին, որ փորձ չունես ու դրա համար հնարավորություն էլ չէին տալիս...

Զարմանալին այն է, որ այն մարդիկ, ովքեր իրոք արժեք ունեն, միշտ պատրաստ են տեսնել քո զարգացումը, չնայած դժվար է նման մարդկանց պեղել...

Հետո տարիները անցնում են, դու մոռանում ես, որ քեզ խոխայի տեղ են դրել ու պարբերաբար առիթ ես ունենում թերթել ինքնակենսագրականդ...

Մտածում ես, թե այս կյանքում բան էլ չես անում, բայց ինքնակենսագրականդ կարդալով, տեսնում ես՝ ա՛յ մարդ, բայց փաստորեն լիքը բան եմ արել, բայց, որ հարցնում ես ինքդ քեզ, թե ի՞նչ ես ուզում անել այժմ, հայտնվում են տասնյակ էջերով ապագա ինքնակենսագրականներ ու ունեցածիդ մասին էլ չես էլ հասցնում մտածել...

Ու հասկանում ես, որ դու դեռ խոխա ես քեզ համար՝ հավես զգացում է:)

Claudia Mori
18.10.2011, 15:00
Այդ մարդուն տեսնում եմ բոլոր փառատոններին ու մշակութային բոլոր կարեւոր իրադարձություններին՝ Ոսկե Ծիրան, Հայ ֆեստ, Իան Գիլան, Արթուր Մեսչյան, Արեւորդի, Հզոր զգացմունքեր…մենակ է հաստատ ապրում ու հայեցի աչքերի միջից եւ հեռվից երեւացող փոքրացած մարմնի քայլվածքից միանգամից եմ ճանաչում...մի անգամ եմ զրուցել ու զգացել եմ, որ ինքը նեղացած է հպարտ նեղացությամբ. կողքից քայլողները երեւի չեն էլ նկատում, թե ներսում ինչ փոթորիկներ է ղեկավարում այդ պապիկը՝ լրիվ էն մուլտիկի միջի պապիկն է, որ երազ է փնտրում, բայց ինքը այդ մուլտիկը նայել է, ինքը ամեն ինչ գիտի ու համոզված է, որ երազն էլ ոչինչ չի փրկում...այնպես կուզեի, որ ինքը չիմանար, թե քնելը ինչ է ու փնտրեր դա միշտ եւ գտներ...

Claudia Mori
08.11.2011, 22:42
Վաղուց չեմ գրել այստեղ ու այնպիսի տպավորություն է, թե լակոնիկ մտքերս սպառվել են, ու ինչ որ երկարաշունչ մտքերի են վերածվել, որոնք ոչ մի կերպ չեմ կարողանում մի քանի տողի մեջ տեղավորել... Օրերը լույս պահում սրտում, մնացածը տալիս քամուն եւ հեռանում՝ բարո՜վ մնաք... Արթուր Մեսչյան, շնորհակալ եմ քեզ քո գոյության ու քո երգերի համար, իմ հայրի՛կ...


http://www.youtube.com/watch?v=_35lt9R4UCE

Claudia Mori
18.11.2011, 21:05
Սարսափելի է...ինձ ամենաշատը ասում են, որ ճանաչում են այն մարդիկ, ում նկատմամբ ես իրոք կեղծավոր եմ եղել, ովքեր մի կաթիլ անգամ չեն տանջել իրենց, որ ինձ ճանաչեն, իսկ ես ավելի եմ հավեսի ընկել՝ մտածելով տեսնեմ, թե մինչեւ ուր կարող են հասնել... հումորներս լուրջ են ընկալել, լուրջ ասածներս ծաղրել են...չեն ուզել շփվել հետս, բայց շփման եզրեր են փնտրել, չեն եղել իմ կյանքում, բայց հետեւել են ու խոցել են՝ մեջքից...

Claudia Mori
19.11.2011, 11:45
http://www.youtube.com/watch?v=KWmETxWM0h0

"Winter"

Snow can wait
I forgot my mittens
Wipe my nose
Get my new boots on
I get a little warm in my heart
When I think of winter
I put my hand in my father's glove
I run off
Where the drifts get deeper
Sleeping beauty trips me with a frown
I hear a voice
"Your must learn to stand up for yourself
Cause I can't always be around"
He says
When you gonna make up your mind
When you gonna love you as much as I do
When you gonna make up your mind
Cause things are gonna change so fast
All the white horses are still in bed
I tell you that I'll always want you near
You say that things change my dear

Boys get discovered as winter melts
Flowers competing for the sun
Years go by and I'm here still waiting Withering where some snowman was
Mirror mirror where's the crystal palace
But I only can see myself
Skating around the truth who I am
But I know dad the ice is getting thin

When you gonna make up your mind
When you gonna love you as much as I do
When you gonna make up your mind
Cause things are gonna change so fast
All the white horses are still in bed
I tell you that I'll always want you near
You say that things change my dear

Hair is grey
And the fires are burning
So many dreams
On the shelf
You say I wanted you to be proud of me
I always wanted that myself

He says
When you gonna make up your mind
When you gonna love you as much as I do
When you gonna make up your mind
Cause things are gonna change so fast
All the white horses have gone ahead
I tell you that I'll always want you near
You say that things change
My dear

Claudia Mori
30.11.2011, 21:00
Մուսայականչ

Իմ մուսաներ ջան, գիտեմ, որ դուք պատվերով չեք ու շատ եք զայրանում, երբ ձեզ ասում են, թե ինչ անեք, բայց կներեք, այսօր ընտրություն չունեմ, դուք ինձ պետք եք ու հրաժարվեք էլ, միեւնույն է, բերման կենթարկեմ լրագրողական ձեւերով:

Չեմ սպառնում. ուղղակի ուզում եմ մի քիչ էլ դուք ձեզ մարդ զգաք, ձեզ իմ տեղը դնեք՝ խոստանալով որ անպատասխան չեք մնա…

Այսօր եկեք ինձ օգնեք, վաղվանից ինչ կինո, երգ, պար ու նման կարգի զբաղմունքներ, որոնք գիտեմ հաստատ սիրում եք, կապահովեմ ձեզ համար…մնաց 3 օր, դիմացեք եւ աշխարհի մուսաների մեջ հպարտանալու լիքը պոտենցիալ առիթներ կստանաք;)

Claudia Mori
06.12.2011, 22:52
Կան բաներ այս կյանքում, որոնցից պետք է հրաժարվես, քանի որ դրանք երբեք էլ քեզ չեն պատկանել ու չեն պատկանի...խոսքը ճակատագրի գրիչով գրվածի կամ հիասթափության մասին չէ...ռեալիզմ՝ այս բառից ինչքան փախչում ես, այն անընդհատ հիշեցնում է իր գոյության մասին...իսկ եթե դասեր չես քաղում, հաջորդ անգամ կրկնակի ուժգնությամբ է հարվածում...

Ռեալիզմին պիտի հակադրվես նույն ռեալիզմով, ռեակիզմի հետ պետք է համագործակցես նույն ռեալիզմով ու սա չի նշանակում, որ դու ռոբոտ ես, կամ նման մի բան, որովհետեւ ռեալիզմ նշանակում է նաեւ ռեալ սեր ու քեզ համար ռեալ է դառնում ամեն ինչ, երբ դու սիրում ես ...

Claudia Mori
26.12.2011, 12:51
Քարկապ եմ քանդում:D

Աչքերս բացում եմ, ու հասկանում եմ, որ չեմ բացել, հոգնածությունը կաթում է ուղեղիս ծալքերի միջով երազների, ֆիլմերի, անգլերեն տեքստերի ու բլինչիկի ձեւով, բայց միեւնույն ժամանակ արթնացնում է հոսող գետակի պես, ու աչքերս բացում եմ, ժպտում, դրսում ձյուն է գալիս, հզոր փաթիլներով ձյուն...

... ու ես շատ ուրախ եմ, քանի որ թեյիս գոլոշու միջից եմ հիանում այդ պատկերով ու սիրելի գործով, պայծառ ու իրական մտքերով եմ կերտում այսօրս, որովհետեւ իմ կոլեգան քառակուսի չէ ու դնում է իմ սիրելի երաժշտությունը, որովհետեւ մեր տնօրենները նստում են ուրիշ սենյակում, ու ես հավեսով պարում եմ մեր սենյակում կարծես թե հատուկ ինձ համար դրված մեեեեեեծ հայելիներով պահարանի առջեւ, ու եթե անգամ ինձ բռնացնում են չաշխատելիս, ժպտում են ու սիրում են ինձ իմ տեսակի մեջ:)

...ու հիմա ինձ համար լրիվ միեւնույն են իրենց թերությունները, քանի որ այս ձյունը որ գալիս է, նշանակում է երեկոյան մի քիչ տաք է լինելու առավոտվա համեմատ, որովհետեւ հիմա ներսս նոր զգացմունքներ են ծիկրակում, որովհետեւ գիտեմ, որ արդեն խճճվեցիք իմ գրածներից, բայց թեթեւ տարեք, ես էլ եմ քարկապներ քանդում ;)

Claudia Mori
03.01.2012, 21:45
Տարին սկսվեց հանգիստ ու սպասված...

Նման տարի դեռ չէր եղել, որովհետեւ այն ուրիշ էր ամեն առումով...Ամեն տարի միշտ խառն էի լինում, մեկ «սապոգներս» էի մոռանում հագնել վերջին պահին, մեկ մտածում եմ, թե երբ այս ամենը կավարտվի, ես գնամ քնեմ, մեկ քնից արթնանում էի ու արագ տարի դիմավորում, տարիներ էլ են եղել, երբ կեղծ ուրախություն եմ խաղացել...իսկ այս տարի ամեն ինչ այնքան հանգիստ էր՝ անկապ չէր, ուղղակի երանելի հանգիստ, մի տեսակ հստակ սպասելիքներով...

...Տարին գիտի ես ինչ եմ ուզում իրենից, ես էլ գիտեմ, թե ինչ է պետք իրեն...Այս տարի ճակատագրի հետ համագործակցելու տարի է լինելու:)

Claudia Mori
16.01.2012, 11:49
Լինու՞մ է չէ, որ այն ինչ քննադատում ես, դառնում է քո կյանքի անբաժանելի մասը ու մեկ էլ մի օր մտքերիդ հետ մենակ մնալով հասկանում ես, որ քննադատվածդ դարձել է քո սեփականությունը... Կյանքում շատ մարդկանց եմ հանդիպել, որ այդպես էլ չեն ընդունել, որ իրենց մոտ էլ է այդպես եղել ու հաճախ եմ գլխացավ ունեցել իրենց պատճառաբանություններից,իսկ ամենաուժեղ գլխացավը ունենում ես, երբ պատճառաբանությունները դու ես ասում ինքդ քեզ... բայց ասելուց հետո է միայն, որ գլխացավդ անցնում է, երբ կանգնում ես ճշմարտության առջեւ ու ասում՝ ես ընդունում եմ քեզ...

Claudia Mori
27.01.2012, 12:38
Երբ մարդը քեզ հարազատ է ու երեսով է տալիս քո արարքները, միգուցե շատ ավելի թեթեւ ես տանում, քանի որ գիտես, որ դիմացինդ քո լավն է ուզում ու միգուցե դու սխալվել ես ինչ-որ տեղ, ուղղում ես ինքդ քեզ, վերանայում եք ձեր հարաբերությունները, սկսում եք իրար ավելի լավ հասկանալ լինի դա ընկեր, բարեկամ, հարազատ, սիրելի...

Բայց երբ դիմացինդ քեզ համար ոչինչ է, ու դու ուղղակի ստիպված ես իր հետ գործ ունենալ, պետք է ամեն դեպքում խուսափես նրան որեւէ առիթ տալուց, թե չէ հետագայում ինչքան էլ տեղը հանես, միեւնույն է չգնահատված ես մնալու...

Առաջ մտածում էի մոլախոտերի մասին, հիմա արդեն պոկելու եմ, հերիք է, բոլ է...

Claudia Mori
30.01.2012, 17:36
Նորածին սարդը խճճվեց սեփական սարդոստայնում ու թեեւ մի քանի գործողությունից հետո կարող էր հանգիստ ազատվել սեփական զնդանից, ոչնիչ չարեց, միայն կծկվեց սեփական գաղութում ու սկսեց ամբողջ սրտով լաց լինել, թեւ սիրտ չուներ ... Սա այն սարդն է, որը այդպես էլ ոչ մի զոհ չունեցավ իր կյանքում, չնայած ենթագիտակցորեն շատ էր ուզում վնասել...Այդպես կուչ եկավ ու անէացավ հոգու եւ տեսակի ներդանակությունը կորցրածի պես...

Claudia Mori
03.02.2012, 16:35
Ինքը տեսանելի չէ, ինքը խորն է, ինքը կոպիտ է , ինքը մարդկային է, ինքը սկզբունքային է, ինքը զարգացող է, ինքը էգոիստ է, ինքը կրեատիվ է, ինքը զգացմունքային է, ինքը անհավասարակշիռ է, ինքը հավասարակշռված է...Ինքը մահացել ու ծնվել է արդեն 1000 անգամ...

Claudia Mori
26.02.2012, 18:36
Դրսում տաք է՝ մատներս սկսում են էլի արեւ գորվերգել... թեեւ բոլորի, անգամ ամենաճանաչված գրողների արեւային բառերը կարդալով՝ ինչ-որ բան մութ է մնում ինձ համար, ու միշտ ինչ-որ բան կեղծ է հնչում, գիտեմ, որ իրանց արեւն էլ չի բացառվում, որ ծնվում է խորքից ու տասնյակ մտքեր է արտահայտում ենթատեքստով...նույն տրամաբանությունից ելնելով՝ գիտեմ, որ իմ ստեղծագործությունների արեւը կարող է հերթական շարադրության, կամ սենտիմենտալ ստեղծագործության անուն հանել, բայց ինքը ինձ համար ամենաիրականն է այսօրվա դրությամբ, դրա համար այս տարվա արեւը ուրիշ է... Ինքը էլի հաղթող է, բայց այս անգամ կրկնակի եմ հավատում իր հաղթանակին, քանի որ նախորդ տարի ինքը ապացուցեց իր ուժեղ լինելը..

Claudia Mori
12.03.2012, 00:16
ՈՒզում եմ աշխատանքի գնալ, բայց գրել ու նկարել միայն այն ինչը միայն իմ կարծիքով է կարեւոր ու հետաքրքիր, ուզում եմ լիքը գիրք կարդալու ժամանակ ունենալ, ֆիլմեր նայել՝ օրը ամենաքիչը երկու անգամ, ուզում եմ գրել, երբ մուսաներս խեղդում են ինձ, ուզում եմ շրջագայել աշխարհով, ուզում եմ բալետն այնքան կատարելագործել, որ պուանտներ հագնեմ, ուզում եմ գնալ երգի մասնագիտացված դասերի, ու որ էս անտեր ֆարինգիտը ինձ չխանգարի, ուզում եմ սարեր բարձրանալ, հեծանիվ ունենալ ու քշել, յոգայով զբաղվել, կիթառ նվագել սովորել, ուզում եմ հարազատ մարդիկ միշտ կողքիս լինեն, ուզում եմ շատ չէ, բայց մի քիչ ավելի գումար վաստակել, ուզում եմ շուն, ուզում եմ մեծ այգի իմ տան կտուրի վրա մշակել, ուզում եմ հրաշալի անգլերեն իմանալ, հետո իսպաներեն ու մի քիչ էլ ֆրանսերեն, ուզում եմ Քունֆու սովորել, ուզում եմ Ջոնիիս տեսնել, ուզում եմ միշտ առողջ լինել ու պաղպաղակ ուտել, ուզում եմ գոնե մեկ անգամ Ակումբի մրցույթին մասնակցելու ժամանակ ունենալ...շատ բան եմ ուզում, չէ՞ :}

Claudia Mori
03.04.2012, 10:06
Երբեք չեմ մտածել, որ մի օր կուրախանամ` 8:30 աշխատանքի գալով:)) Էլ ճար չունեմ, սրանից հետո պետք է շուտ գամ, որ կրկնապատկված գործերս հասցնեմ, մի քիչ երգ լսեմ, մեկ-մեկ էլ Ակումբումնս գրառում կարողանամ անել:)) Բայց չասեցի՝ ինչու եմ ուրախացել, ուրեմն մոտս մի տեսակ դպրոցական ու ուսանողական անուշ նոստալգիա եկավ՝ շուտ արթնանալ, լիքը մարդկանցով կանգառ տեսել, թարմ ու մաքուր օդ շնչել, ծիտիկների ծլվլոցը լսել: Ուղեղս էլ նենց մի տեսակ թարմ է, արդեն 3 լուր եմ գրել այս ընթացքում:)

Claudia Mori
24.04.2012, 16:22
Ամսվա կտրվածքով 100-ից ավելի լուրեր, մոտ 25 լուրջ հետաքննական ու վերլուծական հոդվածներ, 15 միջին բարդության լուրեր, 5 վիդեո գումարած դասախոսություններ... Հետո էլ ասում եմ՝ ինչու է գլուխս ցավում...

Claudia Mori
05.05.2012, 20:55
Չեմ ուզում էլ լրագրությամբ զբաղվել՝ հոգնել եմ, ուրիշ աշխարհ եմ ուզում, ուրիշ հետաքրքրություններ ու ինչքան հնարավոր է Հայաստանից հեռու...

Claudia Mori
11.05.2012, 09:36
- Դուք գիտեք, ինքը խուժանի մեկն է, ինքը ծիծիկներ է սարքում:))

Արդեն սպառվել էին ծիծաղելու բոլոր ուժերը, երբ հնչեց այս արտահայտությունը ու բոլորս գրեթե հայտնվեցինք գետնին աղջիկներով:D Վաղուց չէինք հանդիպել խելագար ընկերներով, առավել եւս չգիտեինք, որ եւս երեք խելառի հետ կծանոթանանք: Վերջին հույսերից մեկն է, երբ քեզ թվում է, թե շրջապատումդ գրեթե բոլորը նույն կնիքով են կնքված, մեկ էլ հոպ հայտնվում է մարդ, ով օրինակ ծիծիկ է սարքում Հայաստանում:))

http://3.bp.blogspot.com/_Mdtg29M3qXs/SwP9BqwrJDI/AAAAAAAABcQ/ptKnu1ENPLw/s1600/scarf.jpg

Էս ծիծաղն էլ, որ չլինի, լրիվ կխելագարվենք...

Claudia Mori
21.05.2012, 19:39
Մի ընկեր ունեի, ով ասում էր, որ երբ իրար հասակի թփերի մեջ մի սլացիկ ծառ է հայտնվում, մարդիկ այն միանգամից կտրում են, որ իբր թե ընդհանուր պատկերը սիրուն լինի... Ես այդ սլացիկ ծառերից մեկն եմ, դե եկեք ու փորձվեք հատել ինձ՝ գուցե տապալվեմ Ձեր անարդար ու հակասահմանադրական պայքարում, բայց կսլանամ դեպ վեր մինչեւ վերջ ու Ձեր նման թուփ երբեք չեմ լինի:pardon

Claudia Mori
03.06.2012, 17:30
Լռություն...

Լռությունն այսօր ուզում է, որ իրեն լսեն,ու նրա աղաղակն այնքան անտանելի է, որ ասում ես լսեմ, միայն թե չճչա...Լռությունն այսօր արտասվում է: Ասում ես լավ, թող արտասվի, որ չխեղդվես նրա աչքերի օվկիանոսում... քմծիծաղում է...Լռությունն այսօր հաշվեհարդար է տեսնում լռելու համար..


http://www.youtube.com/watch?v=03nK2B0nnMo&feature=related

Claudia Mori
10.06.2012, 11:43
5 տարի է, ինչ հետեւիցս ջուր չէին լցրել...երեկ տատիս թարմացրեց բոլոր հիշողություններս՝ ճանապարհ դնելով քննության...երեկ մի կերպ քնեցի... այսօր ուզում եմ լինի մի բան, որը բացառված է ու հավես է, որը լինելու համար ոչ մի նախադրյալ չի երեւում, բացի ներքին հավատը, ուզում եմ այսօր ձեռքերս ազատվեն պատճառահետեւանքային «թելերից», որ վաղը նորից կարողանամ հանդուրժել դրանց գոյությունը, ես այսօր երջանկություն եմ ուզում...

Claudia Mori
18.06.2012, 23:00
Ապտակը տեղին էր ու ժամանակին...

Մարդն իրավունք չունի քայլել ամպերով, երբ չի զգացել հողն իր ամբողջ ծանրությամբ ու իմաստությամբ սեփական ոտքերի տակ...մարդը միշտ պետք է հիշի, որ հեշտությամբ չի ծնվել, ոչ էլ վայրկյանական արագությամբ, ոչ էլ 7 ամսականում... այն ինչ ներկա է, դեռեւս անցյալը չի բացառում, այն ինչ ներկա է նաեւ ապագա է... մարդը պետք է միշտ զգոն լինի ու ներկան կարեւորի... այտս այրվում է այլեւս չայրվելու ցանկությամբ...ներկա...

Claudia Mori
08.08.2012, 21:51
Կարոտել եմ քեզ ու այդ մասին գիտեմ ու կիմանամ միայն ես: Միգուցե, եթե պատահաբար հայտնվես այստեղ, տողերը կարդաս ու մտածես, թե քեզ են ուղղված, բայց, միեւնույն է, 100 տոկոսով երբեք վստահ չես լինի դրանում ու պահի տակ շատ կուզես, որ դա այդպես լինի: Դու չես իմանա ոչինչ, որովհետեւ ես չեմ նշի ոչ սեռ, ոչ տարիք, ոչ մասնագիտություն, ոչ ուրիշ բան...

Գիտեմ, կարոտել ես, ես էլ 100 տոկոսով համոզված չեմ դրանում, բայց քեզնից տարբերվում եմ մեկ բանով, ես երբեք չեմ երազում, որ ինձ կարոտես: Կարոտել եմ...

Claudia Mori
11.08.2012, 22:35
Թո՛ղ լինի այն, ինչին արժանի եմ, թո՛ղ լինի այն ժամանակ, երբ ժամանակն է, թո՛ղ լինի այնքան, որքան անհրաժեշտ է, թող լինի այնպես, որպես որ պետք է լինի, թող լինի համբերություն, աշխատասիրություն, հույս, հավատ ու սեր:)

Claudia Mori
15.10.2012, 11:02
Կանաչ անողնաշարավորը

Անողնաշար ոհմակի մեջ էի ընկել: Այդ երկար տեւած սարսափ երազում անողնաշար ոհմակը գլուխ ուներ, բայց ուղեղի ծալքերի փոխարեն այն որդերն էին, որոնք ապրում են գյուղական զուգարաններում: Դեմք ուներ, բայց չկային դիմագծեր, սիրտ ուներ, բայց պատված էր ճարպով, քայլելիս նստած էր քայլում, իսկ ստամոքսը անընդհատ մեծանում էր՝ մարսելու ունակությունների բացակայության պատճառով:

Սկզբում այդ ամենը փակված էր փողի կույտի մեջ, բայց տեսանելի էր: Երբ այդ կույտից մի քիչ դատարկեցի գրպաններիս մեջ, ոհմակի միջից մի խորամանկ գայլ որոշեց ինձ կծել՝ նախապես զգուշացնելով, որ իմ ողնաշարն է ուզում: Ինքնապաշտպանվեցի, գայլը շնչակտուր նստեց տեղում ու, տեսնելով, որ ոչինչ չի կարող անել, կանչեց իր նմաններին: Կանգնեցի անշարժ, անցան իմ միջով ուժգին փոթորկի նման. ինձ թվաց, որ բոլոր բջիջներս ճզմվեցին՝ հատիկ-հատիկ: Աչքերս բացեցի, զգացի ողնաշարս իր բոլոր ոսկորներով, իսկ առջեւումս ճերմակ թուղթ էր ու լիքը գունավոր գրիչներ:

Claudia Mori
26.10.2012, 00:02
Ոտնահետքեր սրտի վրա

Միանգամից ասեմ, որ հակառակ էակին սիրելու, կամ սիրված չլինելու մասին չէ այս վերնագիրը, քանի որ նման դեպքերում ներսումդ երկրաշարժ է լինում ու սիրտը ուղղակի փշրվում է իր բոլոր ոտնահետքերով, կամ վերածվում է անհատակ անդունդի, գրիչդ դառնում է անթանաք, լեզուդ էլ պապանձվում է:

Սիրտը ոչ միայն սիրելի տղամարդուն կամ կնոջն է պատկանում: Այն նման է բարձրահարկ մի շինության, որի հիմքը հենց սերն է կազմում, իսկ մնացած հարկերում ապրում են մյուս մանր-մունր սերերը (ամեն մեկի հարկերը սրտի լայնության չափով), որտեղ որոշ սենյակներ միշտ բնակիչներ ունեն, իսկ մի քանիսը պարբերաբար դատարկվում են՝ կամ լքում են տունը, կամ վտարվում են այնտեղից, կամ էլ մնում են այդ տանը ու սկսում են ջուր լցնել հարեւանների գլխին, աղմկել տանը ու խանգարել ամեն կերպ:

Մի օր զայրանում ես ու վտարում ես անբարեխիղճ տնվորներիդ, բայց գնալուց հետո նրանք սրտիդ պատերի վրա թողնում են ոտնահետք: Ժամանակի ընթացքում այդ ոտնահետքը լցվում է նոր շաղախով, եթե լավ շինարար ես լինում, կամ սրտիդ մյուս բնակիչներն են օգնում այդ գործում: Ու հաջողվում է վերացնել ոտնահետքերը, քանի որ հիմքերդ ամուր են լինում:

Claudia Mori
05.11.2012, 23:43
Քո ուրվականը հաճախ եմ տեսնում...շատ ուրվականներ եմ ճանապարհ դրել ու էլ հետ չեն եկել, բայց դու մնացել ես ու աներեսի նման ինձ անընդհատ հետեւում ես: Չգիտեմ՝ թե ինչ ես ուզում, բայց մի բան հաստատ ուզում ես, չնայած ստացել ես քո նախընտրածը, նույնիսկ ավելին:

... մարդ եղիր... գնա էլի...

Claudia Mori
29.11.2012, 00:36
Օրագիրս արդեն հայհոյում է ինձ, որ ներսիս փոթորիկների ու արեւների մասին էլ չի իմանում, որ իրադարձությունների առատության պատճառով էլ լակոնիկ մտքեր չի վայելում: Օրագիրս փոխվել է, քանի որ ես եմ փոխել. լակոնիկ էի, ավելի եմ լակոնիկացել...

Claudia Mori
07.12.2012, 17:08
Ձմեռ պապիկ ջան ես մի ցանկություն ունեմ, որը առաջանում է միշտ ամեն տարվա ավարտին. ամեն տարվա ավարտը մահանալու նման մի բան է դառնում ինձ համար: Ես արդեն մահացել եմ 25 անգամ ու այս տարի կլինի 26: Արի թող միշտ Նոր տարի լինի էլի, թող ոչինչ չավարտվի էլի, վախում եմ այս մի մահը վերջինը լինի...

Claudia Mori
22.12.2012, 00:38
Կա'նգ առ երկրագունդ... ես ուզում եմ իջնել...

Claudia Mori
03.03.2013, 03:06
Թո՛ղ լինի այն, ինչին արժանի եմ, թո՛ղ լինի այն ժամանակ, երբ ժամանակն է, թո՛ղ լինի այնքան, որքան անհրաժեշտ է, թող լինի այնպես, որպես որ պետք է լինի, թող լինի համբերություն, աշխատասիրություն, հույս, հավատ ու սեր:)

Եկել է ժամանակը այս խոսքերը նորից կրկնելու...

Claudia Mori
13.03.2013, 01:55
Մեկ մեկ այս մութ թունելն այնքան երկար է թվում, օդն էլ սկսում է պակասել, բայց հեռվից նշմարվող լույսն ասում է, որ իրավունք չունեմ հանձնվել, ու հավաքում եմ կամքիս վերջին փշուրները` միգուցե վաղը թունելում գոնե մի փոքր թթվածին ավելանա...

Claudia Mori
17.03.2013, 23:08
Հավես է, երբ գործածում ես շնորհակալ եմ բառը ու հասկանում ես, որ հասցեատերը վաստակել է այդ բառի ամեն մի տառը, հասկանում ես, թե որքան բախտավոր ես դու, որ ունես գոնե մեկին, իմ դեպքում մեկից ավելիներին, ում կարող ես շնորհակալ լինել :)

Claudia Mori
28.03.2013, 13:43
Դիմակավոր մարդկանց մեջ մեկ-մեկ թվում է, թե գտար անդիմակավորների, մեծարեցիր նրանց քո մեջ, դարձրեցիր ավելի լավը դիմակավորների համեմատ, բայց մեկ էլ տեսար, որ անդիմակավորները ամենադիմակավորն են... Զգույշ է պետք լինել հատկապես անդիմակ ուռոդներից

Claudia Mori
02.04.2013, 23:31
Անծանոթ էր ու վիրավորում էր այնպես, ասես դիմացինը գործել էր աշխարհի բոլոր մեղքերը, որոնց մեջ հաճախ էր մեղադրել ծնողներին, իբր թե ընկերներին, շրջապատի տարբեր մարդկանց... Վիրավորեց, առանց հասկանալու, թե ինչ արեց, լավ էր դիմացինը արդեն իմունիտետ ուներ իր նման աննորմալների նկատմամբ...մի քիչ տխրեց, հետո հիշեց, որ դիմացինից շատ կա շրջապատում...

Claudia Mori
05.04.2013, 00:02
Մի ֆիլմ կար, անունը չեմ հիշում, միայն հիշում եմ այն, որ հերոսը անընդհատ փոքրանում էր տարիքով, մեծանալու տեղը: Այնպիսի տպավորություն է, որ ես էլ եմ հայտնվել նույն կարգավիճակում՝ գնալով ավելի փոքրի տարիք են տալիս, շուրջս տարիքով փոքրերն են հայտնվում ամեն առումով: Հա մեկ էլ հիշում եմ, որ ես այդ ֆիլմը շատ էի հավանել, չլինի թե դրանից հետո սկսեցի փոքրանալ :think :)

Claudia Mori
15.04.2013, 23:30
Վաղը վախենալու է ու անկանխատեսելի, մի տեսակ վախկոտ ես դարձել փաստորեն Կարինե Իոնեսյան... Աստված իմ օգնիր վաղը ունենա լավ ավարտով սցենարական պլան. այս ֆիլմը, որ սկսել եմ նկարել իմ սրտով է, ուղղակի անփորձ եմ ու անսամթ, դրա համար էլ այսօր սայթակեցի... Ամեն ինչ լավ է լինելու... ամեն ինչ կարգավորվելու է...

Claudia Mori
21.04.2013, 00:47
Մի օր դադարում ես աշխատել ինքդ քեզ վրա, սատանան է սկսում աշխատել քեզ վրա: Աստված առաջ...

Claudia Mori
27.04.2013, 15:11
Առաջին անգամ ժամանակին գուշակեցի մաֆիայի տրամաբանությամբ սեւ խաղացողի իմ կյանքում: Նոր աշխատավայրն ու նոր պաշտոնը շատ կարճ ժամանակում խելք են սովորեցնում :)

Claudia Mori
27.04.2013, 23:27
14.07.2011


http://www.youtube.com/watch?v=T-vuL3Pf0YM&feature=youtu.be

Claudia Mori
10.05.2013, 02:12
Ցանկալի իդեալական իրականության ցանկությանը գումարում եմ հույս, հավատ եւ սեր, հանում եմ հոռետեսությունը եւ բացասական մտքերը եւ բազմապատկում եմ իմ ունեցած հաջողություններով ու գնում եմ քնելու :)

Claudia Mori
31.05.2013, 01:32
Ուտելիքը ուտում են արագ, նորմալ արագությամբ, կամ էլ էնքան են խաղում գդալով, որ դիմացինի նյարդերը չեն դիմանում: Գդալախաղ պատվիրողը դա էլ կստանա, հատկապես երբ կուշտ ես, հո չես խաղում, հո չես խաղում:D

Claudia Mori
11.06.2013, 14:58
Անակընկալ... առավոտ շուտ...կայֆ :love

Claudia Mori
13.06.2013, 11:19
Ասում եմ ինչ հավես է, որ գալիս է մի պահ, որ օրագրիդ նախկին գրառումները կարդում ես ու հասկանում ես, որ դու դրանց հետ այլեւս բացարձակ կապ չունես, ու որ ամեն մի նոր գրառումով ծնվում ես նորից :) Այ հիմա հասկանում եմ, թե Հախվերդյանը ինչու է ասում՝ այ ժողովուրդ ես ախր էդ հին երգերիս հետ էլ կապ չունեմ... Կայֆ :love

Claudia Mori
19.07.2013, 17:15
Ասում են ինչից փախնում ես, գալիս քեզ է կպնում, բայց չեն ասում, թե ինչ կայֆ է, երբ ստանում ես այն ինչից փախնում էիր, մի ուրիշ հաճույք է :))

Claudia Mori
11.08.2013, 13:52
Ես փաստորեն վախկոտ էլ եմ լինում :roll

Claudia Mori
21.08.2013, 00:13
Տանգոն ու ջազը բրդում են ռոք երաժշտությունը ու իրենց փափուկ տեղն են զբաղեցնում սրտիս մեջ: Ինձ թվում էր, թե նրանք վաղուց են դարձել իմ սրտի բնակիչները, բայց հիմա զգում եմ, որ բոլորովին նոր ձեւով եմ սկսել ընկալել երաժշտական այդ երկու դրսեւորումները: Մի տեսակ հավեսով եմ հաջողություն մաղթում ռոքին՝ շնորհակալ լինելով, որ այն եղել է իմ կյանքում ու գրկաբաց, յուրաքանչյուր բջիջով ընդունում եմ տանգոն, ջազը:love

Claudia Mori
20.09.2013, 15:46
Կյանքում գալիս է մի պահ, երբ հասկանում ես բոլորին, քանի որ հայտնվում ես այն մարդկանց կարգավիճակում, որոնց ժամանակին քննադատել ես: Սատանան ոսկե սկուտեղով մատուցում է այն ամենը ինչ ցանկացել ես ժամանակին, մի վայրկյանից է կախված լինում ամեն ինչ: Կանգնում ես ընտրության առաջ՝ դառնալ նրանց պես, որոնցից դու միշտ զզվել ես կամ կանգնել մի վայրկյան ու գնահատել քո ամբողջ ունեցածը: Այս անգամ էլ սատանան սկուտեղը գլխին խփելով գնաց, գիտեմ էլի է գալու, հեչելիս գաս :P

Claudia Mori
29.01.2014, 08:29
Փոշի է նստել օրագրիս վրա՝ դարձնելով այն առավել լակոնիկ, քան նախկինում էր: Լռությունը շատ բան կարող է ասել, միունույն ժամանակ բուժիչ է: Երբ գրում ես շատ, ներսդ դադարում է աղմկել, բայց որ չես էլ գրում, էլի է դադարում աղմկել: Մեջս մի քարի կտոր կա, ուզում եմ շպրտել դուրս, բայց մի՛ վախեցեք, այն չի վնասի Ձեզ, կարող եք այն դարձնել պարզապես ամուր քար Ձեր կյանքի շենքի պատի մեջ, քանի որ քարերը միայն դրա համար են պետք: Իմ կյանքի շենքը կառուցվել է այ այդպիսի քարերից, ու դա է երեւի պատճառը, որ ինչքան փորձում են ջարդել այն, չի ստացվում...ներսումս արդեն այնքան են կոփվել, որ դիմադրողականության աստիճանն անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Հիմա հերթական քարն եմ շպրտում, ճանկրտելով ներսս: Դրանից հետո կգա դատարկություն, հետո ֆանտոմային ցավեր, իսկ հետո կերեւան արեւի ճառագայթները, ինչպես միշտ :)

Claudia Mori
21.07.2014, 07:54
Մարդ ամեն դեպքում ամենաշատը սիրում է լինել ինքն իր հետ, իր ներսում, իսկ արտաքին աշխարհն օգտագործում է նրա համար, որ կամ քննադատի ինքն իրեն, կամ սիրի ինքն իրեն: Չգիտեմ Աստված ինչու է մեզ այսպես էգոիստ ստեղծել, բայց երեւի այլկերպ չէր էլ լինի: Կան մարդիկ, ովքեր օգտագործում են այս առավելության միայն մեկ կողմը: Ինձ մոտ մեկից հենց հոգնում եմ, անցնում եմ մյուսին, բայց էն ինձ սիրելու պահը միշտ ավելի գերակշռող է լինում, քանի որ հակառակի դեպքում կործանումն անխուսափելի է: Չգիտեմ, երեւի էս ամենը չէր լինի, եթե մարդիկ միմյանց ուղղակի հանգիստ թողնեին ու վերջ, բայց էդ անտեր սիրտը ոչ մեկիս հանգիստ չի թողնում, ու երբեմն գետի ընթացքին հակառակ հոսող իմ նման գետերը մեկ-մեկ որոշում են ուղղակի հոսել գետի ընթացքով, բայց դե գետ էլ կա, որ մյուս գետերի համեմատ հակառակ է հոսում: Հիմա էդ պառադոքսի մեջ եմ ընկել ու փիլիսոփայում եմ: Թեթեւ տարեք մարդիկ :))