Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Նրանք խաբել են Մահին



Հայկօ
28.02.2011, 20:14
Արոն Ռալստոն

Ծանոթացեք. Արոն Ռալստոնը «Ինտել» ընկերության ինժեներներից է: Առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան գալիս է տուն, ազատ ժամանակը սիրում է անցկացնել բնության գրկում:

Այս մարդը խաբել է Մահին:



http://i.imgur.com/kl7fq.jpg



Մի օր Արոնը վեր կացավ, գնաց զբոսնելու և վերադարձավ հինգ օր անց՝ առանց աջ ձեռքի: Նա ինքն էր կտրել իր աջ ձեռքը:

Արոնը սիրում էր լեռներ մագլցել, կամ իջնել զանազան քարանձավների մեջ: Օրերից մի օր՝ հերթական միայնակ արշավի ժամանակ, երբ նա պարանով իջնում էր ինչ-որ նեղ ճեղքի մեջ, մի ահռելի քար գլորվեց ներքև ու իր տակ ճզմեց Արոնի ձեռքը: Մարդը մենակ էր, քաղաքակիրթ աշխարհից շատ հեռու և առանց որևէ կապի միջոցի: Հինգ օր շարունակ նա ապարդյուն փորձում էր տեղից շարժել ժայռի կտորը: Ապա նա հասկացավ, որ կմեռնի, եթե վճռական քայլերի չդիմի:



http://i.imgur.com/8DwIj.jpg



Հաշվի առնելով, որ սեփական վերջույթը պարզապես կտրել-պոկելու միտքը գուցե այնքան էլ չզարմացնի մեր ամենափորձառու ընթերցողներին, հարկ ենք համարում նշել, որ Արոնը նախ ստիպված էր կոտրել իր ձեռքը՝ այն խփելով հենց նույն քարին, որի տակ այն ճզմված էր: Ապա եկավ ամենադժվար գործի հերթը. կտրել սեփական կենդանի մարմինը:



http://i.imgur.com/mt7Xf.jpg



Բարեբախտաբար՝ Արոնի հետ էր իր հավատարիմ ծալովի դանակը: Դժբախտաբար՝ այդ հավատարիմ ծալովի դանակը մի շատ սովորական անորակ զիբիլ էր՝ երևի Նոր Տարվա կամ տարեդարձի էժանագին նվերներից մնացած: Գումարած սրան՝ ասել, որ մարդը բախտավոր է, երբ սեփական ձեռքը կտրելու գործիք ունի, մոտավորապես նույնն է, եթե ասես, որ դու բախտավոր ես, եթե վրադ կարագ է քսած, երբ քեզ ողջ-ողջ խորովում են վառարանի մեջ:



http://i.imgur.com/eDCq4.jpg



Ամեն դեպքում՝ Մահը չէր ուզում այդքան հեշտ հանձնվել: Իր ձեռքի միսը փոքրիկ դանակով կտրելուց հետո Արոնը ստիպված էր օգտագործել աքցանը՝ պոկելու համար սեփական ջլերը, որ բթացած դանակը արդեն չէր կտրում: Եթե ձեզ թվում է, որ մինչև հիմա ներկայացրած մանրամասնությունները դեռ այնքան էլ սարսափելի չեն, ապա առաջարկում ենք դիտել ներքևի հարցազրույցը: Այնտեղ Ռալստոնը պատմում է, թե ինչպես իր ձեռքն արդեն սկսել էր փտել, երբ ինքը վերջապես պոկվեց քարից:




http://www.youtube.com/watch?v=B2XLoQ1xYB0



Ի վերջո՝ Արոնը ազատվեց քարից, չարախնդաց Մահվան երեսին ու գնաց օգնություն գտնելու: Իսկ կորցրած ձեռքը նա փոխարինեց մագլցելու համար նախատեսված փոքրիկ քլունգով՝ այդպիսով ևս մեկ քայլ մոտեցնելով մարդկությանը մեր էվոլյուցիայի երանելի վերջին կետին:



http://i.imgur.com/IfzyP.jpg



Եվս մեկ անգամ դիտեք վերևի տեսանյութն ու մտածեք. իսկ դուք կկարողանայի՞ք:

ivy
28.02.2011, 22:36
Էս դեպքի հիման վրա ֆիլմ է նկարված՝ "127 Hours" (http://www.imdb.com/title/tt1542344/), որը ներկայացված էր էս տարվա Օսկարին:
Ես չեմ նայել, որովհետև սիրտս չի դիմանա: Նայողներն ասում են, որ ընտիր ֆիլմ է, ու նայելու ընթացքում, անցնելով հերոսի բոլոր ապրումների միջով, հասկանում ես, որ դու էլ նույնը կանեիր...

boooooooom
28.02.2011, 23:33
Բջջային հեռախոս. ինչ լավ բան էս դու: Երեվի երկար ժամանակ տենց ճզմված մնալուց ծայրի հյուսվածքները անզգայացել են: Պատկերացնելն անգամ ահավոր է:

Հայկօ
28.02.2011, 23:42
Բջջային հեռախոս. ինչ լավ բան էս դու: Երեվի երկար ժամանակ տենց ճզմված մնալուց ծայրի հյուսվածքները անզգայացել են: Պատկերացնելն անգամ ահավոր է:

Հեռախոսից օգուտ չկար, շատ հեռու է եղել: 20 մետր խորությամբ ճեղքվածքից էդ վիճակում դուրս գալուց հետո նա ավելի քան տասներեք կիլոմետր քայլել է՝ օգնություն գտնելու համար:

Անզգայանալու առումով վստահ չեմ:

Ինչուիկ
28.02.2011, 23:44
Էս դեպքի հիման վրա ֆիլմ է նկարված՝ "127 Hours" (http://www.imdb.com/title/tt1542344/), որը ներկայացված էր էս տարվա Օսկարին:
Ես չեմ նայել, որովհետև սիրտս չի դիմանա: Նայողներն ասում են, որ ընտիր ֆիլմ է, ու նայելու ընթացքում, անցնելով հերոսի բոլոր ապրումների միջով, հասկանում ես, որ դու էլ նույնը կանեիր...
Ես նայել եմ։ :} Շատ լավն է։ :aha

Լեո
01.03.2011, 00:49
Իսկ ինչպե՞ս արյունաքամ չի եղել :8

ministr
01.03.2011, 01:00
Զարկերակը կտրելուց հաշված րոպեներ հետո արդեն մարդը սկսումա հանգել... էլ ուր մնաց մաս մաս քերթի իրան:
Հետո եթե քոռ դանակով նույնիսկ ջլերը չէր կարողանում կտրել, էլ ուր մնաց ոսկորը կտրեր... Դեռ ցավի մասին էլ չեմ ասում, որ ուշագնաց կլիներ ամեն անգամ:

Ոնց որ "Պիլա" սարսափ կինոն լինի....

Լեո
01.03.2011, 01:10
Չէ, չափից դուրս ֆանտաստիկ ա իրական լինելու համար... Հավատալու բան չէ :nea

Ձայնալար
01.03.2011, 01:13
Երևի կտրվող մասից միքիչ վերև ձիգ կապել ա, որ չարյունահոսի :think Ձեռքի էդ մասն էլ հաստատ անզգայացած ա եղել, հակառակ դեպքում չեմ կարծում թե կդիմանար ցավին և ուշագնաց չէր լինի:

Gayl
01.03.2011, 01:14
...ու մտածեք. իսկ դուք կկարողանայի՞ք:


Նախ այդ մարդը 5 օր չի կարողացել քնել, շատ հոգնած և թուլացած վիճակում ա եղել և ինքը այդ վիճակում ջարդում է ձեռքը, ահավոր ցավ և ամենասարսափելին այն է, որ ձեռքը ոչ թե մեկ հարվածով է կտրում այլ մոռթելով, (ես վստահ եմ, որ եթե նա կամ մեզանից ցանկացածը դա փորձերը տանը ապա ցավից կուշաթափվեր) ուղղակի հնարավոր չէ այդքանից հետո կանգնել և 10 մետր քայլել ուր մնաց 13 կմ այն էլ երբ արյունաքամ ես լինում, բայց եթե տեսնում ես, որ մահը քեզ շաաատ մոտ է և անխուսափելի, դու անում ես ամեն անհնարինը, դու չես մտածում, որ ցավը սպանում ա, որ շատ թույլ ես զգում, մտածում ես միայն ու միայն ապրելու մասին և դա քեզ շատ մեծ ուժ է տալիս: Կարծում եմ այս քայլին շատերս կդիմենք այ թե կկարողանանք ընթացքում ցավին դիմանալ դա արդեն տվյալ դեպքում հարցի երկրորդ կողմն է, չնայած կարծում եմ, որ շատերը կդիմանան:


Այս մարդը խաբել է Մահին:
Այս մարդը ընդամենը փրկել է իր կյանքը :

Լեո
01.03.2011, 01:15
Բացի այդ էլ, մարդու դաստակի ոսկորը շատ ամուր է, և նման դիրքում հայտված մարդը չէր կարող կոտրել այն, թեկուզ նա լիներ ամենակարող Շվարցենեգրը...

Հայկօ
01.03.2011, 01:15
Իսկ ինչպե՞ս արյունաքամ չի եղել :8

Զարկերակը կտրելուց հաշված րոպեներ հետո արդեն մարդը սկսումա հանգել... էլ ուր մնաց մաս մաս քերթի իրան:
Հետո եթե քոռ դանակով նույնիսկ ջլերը չէր կարողանում կտրել, էլ ուր մնաց ոսկորը կտրեր... Դեռ ցավի մասին էլ չեմ ասում, որ ուշագնաց կլիներ ամեն անգամ:

Ոնց որ "Պիլա" սարսափ կինոն լինի....

Ոսկորը սկզբից կոտրել ա: Վիդեոն նայեք, էլի: Արնահոսության դեմ օգտագործել ա ալպինիստական պարանի կտորը՝ որպես ժգուտ: Հետո մի կերպ դուրս ա եկել ճեղքի միջից, որովհետև էդքան բանը անելուց հետո էդ ճեղքի մեջ մնալը առնվազն ծիծաղելի կլիներ, եթե ողբալի չլիներ, ու քայլել ա իր մեքենայի ուղղությամբ, որ տասը մղոնից ավելի հեռու էր կանգնացրել: Բարեբախտաբար՝ ճամփին հանդիպել ա մարդկանց, ովքեր նրան ջուր են տվել ու շտապօգնություն են կանչել, որն էլ ի վերջո ուղղաթիռով էվակուացրել ա Արոնին: Ու ընդհանրապես՝ բախտը բերել ա, եթե իհարկե էդ ամեն ինչը կարելի ա համարել «բախտը բերել»:

Բացառիկ դեպք ա:

Ժողովուրդ ջան, էդ մարդը հիմա կա, էլի ապրում ա ու էլի լեռներ ա մագլցում, ճեղքվածքն էլ կա, քարն էլ կար (յոթ հոգով հազիվ են կարողացել տեղից շարժել՝ ձեռքը տակից հանելու համար), Արոնի՝ պատին խազած գրությունն էլ կա, որտեղ գրած ա լինում իր անունը ու ծննդյան-մահվան թվականները: Կտրված ձեռքը նա այրել ա, իսկ մոխիրը շաղ ա տվել էդ նույն ճեղքվածքի մեջ՝ ասելով, որ «դրա տեղը էդ ա»:

Բոլոր զարմանքներն ու թերահավատությունները տեղին են. եթե էս ամեն ինչը սովորական բան լիներ, արձագանքների էդքան մեծ ալիք չէր բարձրացնի, ու էդքան զարմացողներ էլ չէին լինի:

Gayl
01.03.2011, 01:17
Երևի կտրվող մասից միքիչ վերև ձիգ կապել ա, որ չարյունահոսի :think Ձեռքի էդ մասն էլ հաստատ անզգայացած ա եղել, հակառակ դեպքում չեմ կարծում թե կդիմանար ցավին և ուշագնաց չէր լինի:

Շատ իրական տարբերակ ա, թե չէ մենակ ինքդ էտ տեսարանից կուշաթափվես:

Lion
01.03.2011, 08:24
Էս դեպքի հիման վրա ֆիլմ է նկարված՝ "127 Hours" (http://www.imdb.com/title/tt1542344/), որը ներկայացված էր էս տարվա Օսկարին:
Ես չեմ նայել, որովհետև սիրտս չի դիմանա: Նայողներն ասում են, որ ընտիր ֆիլմ է, ու նայելու ընթացքում, անցնելով հերոսի բոլոր ապրումների միջով, հասկանում ես, որ դու էլ նույնը կանեիր...

Ես էլ երեկվանից մտածում էի, թե սխալվում եմ, որ հիշում եմ, թե նման թեմայով ֆիլմ էլ կա: Դժվար է պատկերացնել, ամեն դեպքում... ապրելու ժիղը այս մարդու մեջ երևի շատ ուժեղ է եղել, եթե իհարկե սա հաջող փիառ քայլ չէ ֆիլմը գովազդելու համար...

Ֆրեյա
01.03.2011, 11:37
Ինչ ահավոր է.. մարմինս սարսռաց...

Սև հումոր. ակամայից հիշեցի Happy Tree Friends մուլտֆիլմի այն սերիա, երբ էն երկնագույն այծեղջյուրը գնում է անտառ ծառ կտրելու ու ծառն ընկնում է ոտիքին... Մուլտի մեջ այծեղջյուրը իր ոտքն է կտրում նույն մեթոդով, մենակ թե՝ դանակ չի ունենում.. միայն գդալ...


http://www.youtube.com/watch?v=RO7Q1tMGE7g

Փաստորեն, կյանքում ամեն ինչ հնարավոր է... :( :-o

Skeptic
01.03.2011, 12:59
Սև հումոր. ակամայից հիշեցի Happy Tree Friends մուլտֆիլմի այն սերիա, երբ էն երկնագույն այծեղջյուրը գնում է անտառ ծառ կտրելու ու ծառն ընկնում է ոտիքին... Մուլտի մեջ այծեղջյուրը իր ոտքն է կտրում նույն մեթոդով, մենակ թե՝ դանակ չի ունենում.. միայն գդալ...

Ֆրեյա ջան, կներես բոբոձյաձյայության համար, բայց այծեղջյուր չի, որմզդեղն ա, նույն ինքը` лось :sorry

Ի դեպ, վարկած կա, որի համաձայն էս մուլտը հիմնված ա հենց Ռալսթոնի հետ տեղի ունեցած իրադարձությունների վրա /աղբյուր (http://happytreefriends.wikia.com/wiki/Out_on_a_Limb#Trivia)/:

Հայկօ
02.03.2011, 00:51
Պուն Լիմ

Ծանոթացեք՝ Պուն Լիմ: Պունը Երկրորդ համաշխարհայինի տարիներին ստյուարդ (http://en.wikipedia.org/wiki/Chief_Steward) էր աշխատում բրիտանական առևտրային նավերից մեկի վրա: Ու եթե հաշվի չառնենք անգլիացիների համար նրա մի քիչ տարօրինակ անունը (Poon Lim)՝ նա մի շատ սովորական փոքր մարդ էր՝ մի շատ սովորական նավի վրա:

Այդ մարդը նույնպես խաբեց Մահին:



http://i.imgur.com/KhjTr.jpg



Մահը մոտեցավ նրան գերմանացու համազգեստը հագին. պատերազմի բովում գերմանական մի սուզանավ տորպեդահարեց Պունի նավը (http://www.uboat.net/allies/merchants/2462.html): Ու քանի որ պատերազմը կատակ բան չէ՝ գերմանացիները խորտակեցին բրիտանական նավը, երբ այն ավելի քան հազար կիլոմետր (http://maps.google.com/maps?ll=0.3,-38.45&spn=10,10&t=m&lci=org.wikipedia.en&q=0.3,-38.45) հեռու էր Ամազոնի գետաբերանից: Այդպիսի պայթյունից հետո ողջ մնալը արդեն իսկ բացառիկ երևույթ է, սակայն այդ նավաբեկությունը Պուն Լիմի ոդիսականի ընդամենը սկիզբն էր: Նա լողալով բարձրացավ ջրի երես, մի կերպ տեղավորվեց մի փոքրիկ լաստի վրա և այդ տախտակի կտորի վրա սպասեց իր փրկությանը... ուղիղ 133 օր:

Սկզբում լաստի վրա դեռ մի քիչ խմելու ջուր ու պաքսիմատներ կային: Բայց ինչքան էլ որ խնայողաբար էր դրանք օգտագործում՝ մոտ մեկ ամսից սնունդն ու ջուրը վերջացան, և Պունը մնաց բացարձակապես առանց ոչ մի բանի: Սակայն ապրելու ձգտումը նրան ստիպեց ամեն ինչ անել՝ ողջ մնալու համար: Նա իր սեփական ատամներով դուրս քաշեց լաստի մեխերից մեկը, կոշիկը մուրճի տեղ օգտագործելով ծռեց այն և ձուկ բռնելու կարթ սարքեց: Բռնած ձկները Պունը մաքրում էր պահածոյի տուփից պատրաստած իր դանակով ու չորացնում՝ կախելով լաստի վրա քաշված թելից: Նա հավաքում էր անձրևի ջուրը անջրաթափանց քաթանի մեջ ու դադաղ, օրվա մեջ մի քանի կում խմում:



http://i.imgur.com/RArSr.jpg



Երկու անգամ նրան արդեն թվում էր, թե փրկված է. առաջին անգամ՝ երբ մոտիկից մի նավ անցավ, իսկ երկրորդ անգամ՝ երբ անգլիական պարեկային ինքնաթիռը թռավ նրա վերևից: Բայց ինչքան էլ որ բարձր էր գոռում Պուն Լիմը՝ ոչ ոք նրան չլսեց: Մի ուրիշ անգամ նավաբեկյալին նկատեց գեմանական սուզանավը, բայց ոչ մոտեցավ, ոչ էլ խորտակեց նրան՝ թողնելով, որ նավաստին ինքնուրույն մեռնի: Ըստ երևույթին՝ հենց այդ պահից սկսած Պունը սկսեց կասկածել, որ նացիզմը այնքան էլ լավ բան չէ:

Պունը համարյա լողալ չգիտեր, սակայն օրվա մեջ երկու անգամ նա իրեն պարանով կապում էր լաստին ու մտնում էր ջրի մեջ՝ չհյուծվելու ու մարմինը ֆիզիկապես բավարար վիճակում պահելու համար: Նա նիհարեց, սակայն չթուլացավ: Մոտավորապես երկրորդ ամսվա վերջում փոթորիկը լաստի վրայից սրբեց նրա հավաքած բոլոր աղքատիկ պաշարները: Սակայն Պուն Լիմը հաստատ որոշել էր կուլ չգնալ Մահին: Մի քանի օր անց երկնքում նա մի ճայ նկատեց: Նավաստին լաստի տակից մի քիչ ջրիմուռներ քերեց, թռչնի բնի նման մի բան սարքեց լաստի վրա ու մեջը դրեց ձկան մսի իր վերջին պատառները: Ճայը ի վերջո իջավ լաստի վրա, և ժամեր շարունակ անշարժ պառկած Պունը ճանկեց նրան ու մի կերպ սատկացրեց: Ապա, քանի որ շատ վաղուց է, ինչ անձրև չէր եկել, Պունը խմեց թռչնի արյունը, ծամեց միսը, իսկ մնացորդները շերտ-շերտ կտրատեց ու փռեց արևի տակ չորանալու: Դրանցով նրան հետո հաջողվեց ևս մի երկու թռչուն որսալ:



http://i.imgur.com/HtKnq.jpg



Նավաբեկյալը հասկանում էր, որ շուտով սովամահ կլինի, եթե այդպես շարունակվի: Մեզ համար դա կնշանակեր, որ պետք է ավելի շատ ձուկ բռնել: Պունի համար դա նշանակում էր իսկական, գրողի տարած, մեծ շնաձուկ որսալ: Իսկ Մահի համար դա նշանակում էր, որ Պունը հեշտ չի հանձնվելու:

Երբ Պուն Լիմը տեսավ, թե ինչպես է շնաձուկը պտտվում իր լաստի շուրջը, նա չփորձեց հեռանալ: Փոխարենը նա թռչնի վերջին մնացորդները հագցրեց մեխի վրա, երկու տակ ոլորեց պարանը, ձեռքերը փաթաթեց քաթանի մեջ ու կարթը ջուրը գցեց: Շնաձուկը կուլ տվեց խայծը, և Պունը գիշատչին կարողացավ դուրս քաշեց լաստի վրա ու սատկացել՝ որպես զենք օգտագործելով կիսով չափ լիքը մետաղյա ջրամանը: Հաղթանակից հետո նա հերձեց շնաձկանն ու ներծծեց նրա լյարդի միջից ողջ արյունը՝ ծարավից չմեռնելու համար, իսկ միսը արևի տակ չորացրեց ու կերավ:



http://i.imgur.com/ChnC5.jpg

Սարսափելի մա՞հ, թե՞ նախաճաշ: Նայած թե դու ով ես:



Պունը օրերը հաշվում էր լաստի եզրին արած խազերով: 131-րդ օրը նա նկատեց, որ ջուրը ոչ թե մուգ կապույտ է, ինչպես առաջ, այլ մի քիչ կանաչավուն երանգ ունի: Վերևում թռչուններ կային, իսկ կողքով ջրիմուռներ էին լողում: Դրանք բոլորը հուսադրող նշաններ էին:

1943 թվի ապրիլի 5-ի առավոտյան՝ նավաբեկությունից 133 օր անց, նա հեռվում մի փոքրիկ առագաստ նկատեց: Պունը հանեց վերնաշապիկն ու սկսեց այն թափահարելով ցատկոտել լաստի վրա՝ հուսալով, որ իրեն կնկատեն: Քիչ անց նավը փոխեց ուղղությունն ու լողաց դեպի լաստը:

Ձկնորսները Պուն Լիմին ջուր ու ուտելիք տվեցին և ուղղություն վերցրեցին դեպի Ամազոնի գետաբերանում գտնվող Բելեմ քաղաքը: Պունը ավելի քանի հազար կիլոմետր անցել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով՝ չունենալով ապրելու համար անհրաժեշտ բացարձակապես ոչինչ, և ողջ էր մնացել: Նա դիմացել էր սովին, ծարավին, ծովային հիվանդությանը, ալիքներին, այրող արևին և չէր հուսահատվել: Ավելին՝ նա ընդամենը ինը կիլոգրամ էր նիհարել և կարողանում էր ինքնուրույն քայլել: Նավաստին չորս շաբաթ պառկեց հիվանդանոցում, ապա գնաց Նյու-Յորք:



http://i.imgur.com/zlee7.jpg



Ջորջ 6-րդ արքան անձամբ նրան պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով՝ մեծագույն պարգևով, որին երբևէ կարող է արժանանալ ոչ զինվորական բրիտանացին: Բրիտականակն նավատորմը սկսեց (և մինչև հիմա էլ շարունակում է) իր նավաստիներին սովորեցնել Պունի Լիմի ողջ մնալու հնարքները: ԱՄՆ սենատորներից մեկի անմիջական նախաձեռնությամբ Պունին մշտական կացության իրավունք տվեցին ԱՄՆ-ում՝ հնարավորություն տալով տեղափոխվելու այնտեղ ապրելու:

Այնպես որ՝ երբ հաջորդ անգամ կսկսեք բողոքել, որ ձեր տանը նեղվածք է, պարզապես պատկերացրեք, թե ինչ է նշանակում չորս ամիս շարունակ ապրել այդպիսի մի լաստի վրա:

Gayl
02.03.2011, 03:05
Այ էս մեկը շատ հզոր էր :

ars83
02.03.2011, 09:20
Պուն Լիմ

Ոնց որ Մայն Ռիդի Ocean Wafes-ը լիներ:
Օվկիանոսի ջուրը մարդ խմել չի՞ կարող: Կենդանու արյունն ավելի հագեցնո՞ղ է: :think

Հայկօ
02.03.2011, 13:40
Ոնց որ Մայն Ռիդի Ocean Wafes-ը լիներ:

Պատմությանը ծանոթանալիս ես էլ էի անընդհատ էդ հիշում :):

Kuk
02.03.2011, 13:58
Ոնց որ Մայն Ռիդի Ocean Wafes-ը լիներ:
Օվկիանոսի ջուրը մարդ խմել չի՞ կարող: Կենդանու արյունն ավելի հագեցնո՞ղ է: :think

Չէ, օվկիանոսի ջուրը ծարավից խեղդվող մարդը եթե խմի, դրանով մենակ կարագացնի մահը: Փորձի շատ ծարավ ժամանակ ընդամենը մի կում աղաջուր խմել:}

Lion
02.03.2011, 15:47
Հզոր էր, հարգեցի...

Lem
02.03.2011, 17:18
Ոնց որ Մայն Ռիդի Ocean Wafes-ը լիներ:
Ինձ էլ Ջեկ Լոնդոնի "Կյանքի սերը" հիշեցրեց: Ու թեման կարդալիս չեմ ազատվում այդ արտահայտությունից` կյանքի սեր:

Universe
10.03.2011, 01:42
Գիտե՞ք էսքանի մեջ որնա ամենաահավոր բաներից մեկը, որ այս ամենից հետո վերադառնաս էտ նույն տեղը, որտեղ որ դու ստիպված ես եղել 127 ժամ անց կացնել... Բայց դե ինձ թվումա ով էլ լիներ, կամ գոնե մեծամասնությունը վերջիվերջո կգիտակցի, որ արյան զեղումից կանզգայանա զեռքը էտ ժամանակահատվածում....

Հայկօ
12.03.2011, 00:57
Մի բավական հետաքրքիր դեպք էլ ներկայացնեմ, այս անգամ՝ մի քիչ ավելի արագ ու մի քիչ պակաս դրամատիկ կերպով ))): Չնայած որ այս պատմությունը սեփական վերջույթները ամպուտացիայի ենթարկելու կամ ատամներով շնաձուկ քրքրելու մասին չէ, և շատ ավելի քիչ արձագանքներ է ունեցել աշխարհում, այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ այն ոչ պակաս արժանի է այս թեմայում տեղ ունենալու:



Մենգ եղբայրները

Ծանոթացեք՝ Մենգ Սյանչեն և Մենգ Սյանյու, չինացի ածխափորներ: Չինական ածուխի հանքերում աշխատելը արդեն իսկ հերոսություն է, և չինացի հանքափորները պիտի որ ամեն Աստծու օր կանոնավոր կերպով խաբելիս լինեն Մահին, բայց մեր այսօրվա պատմությունն այդ մասին չէ:



http://i.imgur.com/2H1jq.jpg



Մի օր եղբայրները ջանասիրաբար (բոլոր չինացիների նման) աշխատում էին ածուխի հանքում, երբ թունելը փլվեց ու ողջ-ողջ թաղեց նրանց: Ածուխի հանքերը առհասարակ երբեք էլ անվտանգ վայրեր չեն համարվել՝ ապրելու և ստեղծագործելու համար, բայց Մենգ եղբայրները աշխատում էին ապօրինի շահագործվող հանքում: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդ հանքի անվտանգության բյուջեն, անկասկած, ծախսվել էր ոչ թե թթվածնային բալոնների ու ամուր հենարանների վրա, այլ՝ կաշառքների ու ալկոհոլի:

Թունելի փլվելուց հետո փրկարարների մի ջոկատ, ամեն դեպքում, փորձեց փորել-հանել Մենգին ու իր եղբորը, սակայն նրանք շատ շուտ հանձնվեցին, ձեռքները լվացին ու գնացին տուն: Ապա եղբայրների գործընկեր-հանքափորները որոշեցին փրկել իրենց ընկերներին և տեղնուտեղը ձերբակալվեցին Չինաստանի օրինապահ մարմինների կողմից՝ ածուխի հանքի ապօրինի շահագործման մեղադրանքով: Իշխանություններն, ըստ երևույթին, վախենում էին, որ այդ մարդիկ ածուխի ահռելի շերտի տակ թաղված մարդկային էակների հետ միասին նաև մի քիչ էլ ածուխ կհանեն լույս աշխարհ, և այդ մի քիչ ածուխը հիմնահատակ կկործանի ՉԺՀ-ի ողջ տնտեսությունը:

Այսպիսով՝ եղբայրները պինդ և անվերադարձ թաղված էին հողի տակ՝ առանց ջրի, առանց սննդի, առանց լույսի ու առանց հույսի (պատկերացրեք հայաստանյան 90-ականները, բայց ածուխով): Բոլորը, բնականաբար, հույսները կտրեցին, Մենգ եղբայրների բարեկամները նույնիսկ մի թեթև թաղում կազմակերպեցին հանքի տարածքում և... վերջ:



http://i.imgur.com/d5ilS.jpg



Բայց եղբայրները դեռ ողջ էին: Հասկանալով, որ օգություն այդպես էլ չի լինելու, նրանք սկսեցին իրենք փորել իրենց փրկության ճանապարհը: Եվ զինված լինելով ընդամենը մեկ փոքրիկ քլունգով ու իրենց մերկ ձեռքերով՝ Մենգ եղբայրները փորեցին ածուխի ու քարի քսան մետրանոց շերտն ու դուրս եկան սեփական գերեզմանից: Դա մոտավորապես հավասար է վեց հարկանի շենքի բարձրությանը, պարզապես թարս՝ դեպի ներքև:

Եղբայրները փորելու արանքներում կատակներ էին անում միմյանց կանանց մասին, խմում էին, հազար ներողություն, իրենց մեզը ու բացի դրանից՝ նաև փորձում էին կշտանալ մի քանի կտոր հում ածուխով: Ըստ բազմափորձ Մենգ եղբայրների՝ ածուխը պարզապես աստվածային համ ունի, երբ դու հողի տակ սովից մեռնում ես: Մնացած բոլոր դեպքերում ածուխից զզվելի ուտելիք չկա:



http://i.imgur.com/0HaF0.jpg



Մինչև գետնի երեսը ճանկռելով իրենց փրկության ուղին՝ Մենգ եղբայրները դուրս եկան լույս աշխարհ, երեք մատի կոմբինացիա ցույց տեցին Մահին, ինչպես նաև իրենց ծանր հայացքով բարոյապես ոչնչացրեցին փրկարարներին հետ կանչած պետական մարմիններին: Ապա նրանք գնացին հիվանդանոց, որտեղ, ինչպես հետո նշեց Մենգ Սյանչենը, ինքը մի քանի օր շարունակ զուգարանում ածուխ էր կղում:

Հայկօ
12.03.2011, 23:26
BBC News-ի հոդվածը (http://news.bbc.co.uk/2/hi/6968589.stm) վերևի դեպքի մասին: