PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձուկը

Արևածագ
20.02.2011, 18:51
Արևի տաքուկ շողերը բաց օդանցքից, առանց հրավերի սպասելու, ինքնագլուխ հորդել էին սենյակ ու փառավորապես տեղավորվել սեղանին ու հատակի մի անկյունում: Առաստաղի տակ մի մոռացկոտ ճանճ էր պտտվում՝ օդանցքի տեղը կորցրած տագնապահար բզզոցով: Քնատ աչուկները տրորելով՝ աղջիկը հենց այն պահին մտավ խոհանոց, երբ ցանցկեն տոպրակից եղբայրը ձկները գցեց հատակին: Երկու հատ էին, միջին չափի, կապտա-արծաթավուն թեփուկներով ու դուրս պրծած աչքերով:
Մանկան զնգուն ուրախությամբ լցվեց սենյակը.
-Վա՜յ, սրանք որտեղի՞ց:
-Մաման է բերել,- պատասխանեց տղան ու գետնից բարձրացնելով ձկներից մեկն ավելացրեց.
-Տե'ս, սա բերանը բացուխուբ է անում: Շու'տ, շու'տ արա, տաշտը բե'ր, գցենք մեջը:

Աղջնակը սրունքները փայլեցնելով վազեց լոգարան՝ տաշտի հետևից: Ձուկն անսպասելի թպրտաց, թափահարեց իրեն, ձեռքերի օղակի միջից պլստաց, նորից ընկավ գետնին: Տղան նորից վերցրեց ձուկն, ուզեց հասկանալ, թե ի՞նչ է ասում շրթունքների անձայն շարժումով: Ծպտուն չէր լսվում, բայց ինքը գիտեր, որ ձկներն առանձ ջրի չեն կարող ապրել: Ձուկն էլ երևի նույնն էր ասում, բայց ձկնային լեզվով:

Աղջիկը բերեց իրենից մեծ տաշտն ու դրեց հատակին:
-Տու'ր ես էլ բռնեմ,- խնդրեց եղբորը:
-Վերցրու, ես ջուրը լցնեմ:
Լվացարանի տակից վերցրեց էմալապատ դույլն ու թափով շուռ տվեց թասի մեջ: Մայրն առավոտներն աշխատանքի գնալուց առաջ միշտ երկու դույլ խմելու ջուր էր լցնում, դնում լվացարանի կողքին, որովհետև ցերեկները հաճախ էր լինում, որ ջրերը կտրում էին:
-Տու'ր,- քրոջ ձեռքից առավ ձկանն ու գցեց տաշտը:
Մի երկու ակնթարթ ձուկն անշարժ էր, կարծես չհավատաց նրան, թե հայտնվել է իր կենսատու տարերքի մեջ, բայց հետո ուշքի գալով, թափահարեց պոչն ու առաջ լողաց: Մռութը դեմ առավ տաշտի այլումինե պատին:
Տղան ձգուշությամբ թեքեց ձկան գլուխը, ուզեց ցույց տալ, թե ու՞ր պիտի լողա: Աղջիկն անթաքույց հրճվանքով փափլիկ թաթիկները կոխեց տաշտն ու սկսեց ջուր ցանել ձկան գլխին: Ձուկը կամաց-կամաց ուշքի էր գալիս:

-Ապե'ր, ուզում եմ, որ իմ հանդեսի շորն էլ ձուկի կճեպի նման պսպղուն լինի...
-Սա կճեպ չի, սրանց անունը թեփուկ է,- բանիմաց տոնով սովորեցրեց եղբայրը, - շատ հին ժամանակներում այնպիսի մարդիկ են եղել՝ ասպետները, որ թեփուկավոր շոր են հագել:
-Իսկ դու տեսե՞լ ես իրենց:
-Ե՞ս..., չէ', մայրիկն ու հայրիկն էլ չեն տեսել: Նույնիսկ պապիկն էլ իրենց չի հանդիպել: Դա շա՜տ վաղուց է եղել:
-Իսկ ասպետները ջրի մե՞ջ էին ապրում...
-Չէ', ի՞նչ ես խոսում, մարդը ջրի տակ չի կարող շնչել, խեղդվում է... Ինչպես որ ձուկն է ջրից դուրս խեղդվում:
-Բա թեփուկներն ասպետների ինչի՞ն էին պետք,- շարունակում էր տարակուսել փոքրիկը:
- Դրանք կռիվների ժամանակ պաշտպանում էին թշնամիների սրերից,- լրջությամբ պատասխանեց տղան: Հինգ տարով մեծ էր քրոջից:
-Հա՜,- եզրակացրեց աղջնակը,- երևի մայրիկն էլ սրա թեփուկները կհանի, որ չիմանա պաշտպանվել: Ու կտապակի:
Փոքրիկը տխրեց իր ասածից:

Տղան ոչինչ չպատասխանեց: Վերցրեց գետնից երկրորդ ձուկն ու սկսեց շուռումուռ տալ: Այդ մեկն արդեն չէր շնչում:
Աղջիկը խաղում էր ձկան հետ: Դարձավ եղբորը.
-Իսկ ձկներին ո՞նց են բռնում, որ իրենց թեփուկները հանեն...
-Կառթով, ուռկանով... Սրան երևի ուռկանով են բռնել:

Տղան մտախոհ էր: Գիտեր՝ ընդմիջմանը մայրը գործի տեղից շտապ-շտապ կգա, որ ձկան թեփուկները հանի: Նայեց ժամացույցին՝ դեռ մի ժամ կար:
-Գիտես ի՞նչ, ձուկն այս տաշտի մեջ վերջիվերջո կսատկի, իրեն լողալու համար մեծ ու խորը տեղեր են պետք:
-Չէ', չեմ ուզում , որ սատկի,- լացակումած վրա տվեց քույրը:
-Ես էլ չեմ ուզում,- կամացուկ արձագանքեց տղան: Մեկ էլ հայացքը միանգամից պայծառացավ, վազ տվեց պատշգամբ ու բռնակով կաթնամանը ձեռքին հետ եկավ: Դրեց տաշտի կողքին, բռնեց ձկանն ու զգուշությամբ տեղավորեց մեջը, տաշտի ջրից էլ լցրեց վրան:
-Ի՞նչ ես անում, դրա մեջ իսկի շարժվելու տեղ չկա,- վառվող աչուկները եղբորը հառեց աղջիկը:
-Ինքը լողալու տեղ կունենա',- վճռական պատասխանեց տղան, վերցրեց կաթնամանն ու դուրս եկավ տնից:

. . .

Քիչ էր մնում վազեր, որովհետև վախենում էր, թե հանկարծ կուշանա: Բարձահարկների արանքով, մայթերով անցնելիս կողքերը չէր նայում: Նույնիսկ կրպակավաճառին չբարևեց, որից գրեթե ամեն օր թերթ էր գնում հոր համար: Չէր ուզում, որ ընկեր- տղերքից հանկարծ մեկը տեսնի իրեն՝ կաթնամանը ձեռքին: Լավ գիտեր, իրենց աներեսությամբ պիտի ստիպեին կափարիչը բացել, ծիծաղեին վրան: Այդ պատճառով էլ եթե կաթնամանից ջուրը թափելու վտանգը չլիներ, հաստատ պիտի վազեր: Մայիսյան արևը հաճելիորեն շոյում էր գլուխն ու կարծես ասելիս լիներ. «Գնա'-գնա', ճիշտ ես որոշել...» :

Քայլեց այնքան, մինչև բարձրահարկներին սկսեցին փոխարինել սեփական տների թաղամասերը, հետո դրանք էլ մնացին հետևում ու ծայր առավ քարքարոտ, զառիվեր ճամփան: Տղայի տրամադրությունը րոպե առ րոպե բարձրանում էր, սկսեց սուլել: Սիրտն ուռչում էր մտքից, որ հեքիաթի մեջ ձկնորսը ոսկի ձուկ էր բռնել , իսկ ինքը արծաթե թեփուկներով ձկանը բաց պիտի թողնի: Ճիշտ է, մի քիչ նեղսրտում էր մտքից, թե մայրը հաստատ բարկանալու է արածի համար, բայց այն բանի գիտակցումը, որ ձուկը նորից ազատության մեջ պիտի լողա ու ով գիտե, գուցե մի օր նաև Սևան հասնի, ուրախացնում ու թև էր տալիս: Ճամփեզրի անցյալ տարվա չորացած ցողուններն ու փշերը երբեմն մտնում էին սանդալների արանքից, ծակում ոտքերը, բայց դրանց ուշադրություն դարձնող չկար: Մի երկու անգամ կանգնեց, վերցրեց կաթնամանի կափարիչն ու հանեց ձկանը, նայեց աչքերին, բերանի անձայն բացուխուբին՝ կենդանի է... Նորից զգուշությամբ դրեց կաթնամանն ու շարունակեց ճամփան:

Գետը... Ամառներն ընկերներով ամեն օր լողանալու են գալիս ու այնքան են մտնում- ելնում, մինչև արևմուտ, որ սկսում են սրթսրթալ: Բայց ձկներին ի՞նչ, իրենց սրթսրթալ չկա:
Մայիսի սկիզբն է, ջուրը սառն է ու որևէ մեկի մտքովը չի անցնի հիմա լողանալու գնալ: Տղան էլ կարոտով հիշեց ամռան շոգն ու կարծես իրեն սաստելու համար կամացուկ ասաց.

-Ջուրը սառն է, հունիսին կգանք...

Մոտեցավ գետափի դարիվեր պռնկին, ոտքը սահեց մանր քարերի միջով, հազիվ ինքն իրեն պահեց, որ չշրմփա ջուրը:
Գետը ցեխակապտագույն վիշապի նման սահում էր առաջ և ուշադրություն չդարձրեց տղային: Պպզեց, կաթնամանից հանեց ձուկը, մի անգամ էլ նայեց չռված աչքերին ու դրեց ջրի մեջ: Մի ակնթարթ ձկան մեջքը հայելանման փայլով շողաց ջրի տակից ու անհետացավ: Մի ակնթարթ միայն... Տղան ուրախությունից սկսեց քթի տակ երգել:

. . .

-Դու հասկանու՞մ ես, որ ես դրան փող էի տվել, առել էի, որ ընթրիք սարքեմ: Ո՞վ էր քեզ թույլ տվել, որ խանութից առած ձուկը տանես, գետը գցես:
Դու երեխա չե'ս, աստծո պատիժն ես:
Տղանը ոչինչ չէր պատասխանում, միայն նայում էր, թե ոնց էին մոր աչքերից զայրույթի կայծեր թափվում:
-Շը'րխկ...,- ապտակը շամփրեց տղայի այտն ու կայծերից մի քանիսն սկսեցին պտտվել հայացքի առաջ:
Քույրը գլխիկոր կանգնել էր խոհանոցի դռան հետևում ու վախվխիլով մերթ մորն էր նայում, մերթ՝ եղբորը:
Տղան փախավ խոհանոցից, թաքնվեց մահճակալի տակ ու լաց եղավ: Դեմքն արցունքներից տաքացավ, կոպերը ծանրացան ու աչքերի առաջ պտտվող կայծերը կամաց- կամաց մարեցին: Հոգնել էր երկար ճամփից, մի անուշ թմբիր իջավ վրան: Երազի մեջ ոսկե թեփուկներով զրահազգեստ էր հագել, ոնց որ գրքի միջի քաջ ասպետները, թուր ու վահանը կապել, կռիվ պիտի գնար: Բայց ձի չուներ: Ձիու փոխարեն այսօրվա ձուկն էր խելոք աչքերով նայում վրան ու մարդկային լեզվով խոսում.
-Նստի'ր մեջքիս ու ամուր բռնվիր: Հանկարծ չվախենա'ս, դու դեռ չգիտես, թե ինչքա՜ն արագ կարող եմ սլանալ... Ամենասրնթաց ձիուց էլ արագ...

Moonwalker
20.02.2011, 19:02
Արևածա՛գ, մանկական հեքիաթներիս ոգով էր, դեմքիս անթաքույց ժպիտ իջավ: Հավեսն էր: Շնորհակալություն: ;)

Թամարա
20.02.2011, 20:05
էս ի՜նչ լավն էր:flower:flower:flower հատկապես սկզբի հատվածի պատկերավոր նկարագրությունը շատ դուրս եկավ

Դեկադա
20.02.2011, 20:17
Արևածագ ջան մեկ ասի չգրեմ, բայց հետո որոշեցի ասեմ… Որպես հեքիաթ վատը չի: Բայց կներես էտքան էլ դուրս չեկավ: Ես մի տեսակ սովորել եմ քեզնից ավելին տեսնելու, ու դա մինչև հիմա ստացվել ա: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն ա, կարաս և հաշվի չառնես: Պարզապես քո շունչը չկար մեջը::)

Արևածագ
20.02.2011, 20:44

Լավ ես արել, որ գրել ես: :ok Սա մանկական պատմվածք է, ու կարծում եմ հարկ չկար այն խորիմաստ եզրահանգումներով ծանրաբեռնելու: Երևի շատերի մտքով էլ անցած կլինի ձկանը փրկել: Այս պատմվածքի հերոսն այդ ցանկությունն իրագործել է: Եթե ընթերցողի հոգում գոնե մի կաթիլ լույս է վառվում պատմվածքը կարդալուց հետո, նշանակում է հասել եմ նպատակիս: :)

Դեկադա
20.02.2011, 20:50

Համաձայն եմ: Ես եմ երևի պահանջկոտ: Ավելի հաճախ գրիր մանկական պատմվածքներ: Թե չէ ես սովորել եմ կարդալ միշտ խորիմաստ ու տարատեսակ հանգույցալուծումներով գործերդ ու հիմա չկարեցա մարսեմ::)

Chuk
20.02.2011, 21:03
Լավ ես արել, որ գրել ես: :ok Սա մանկական պատմվածք է, ու կարծում եմ հարկ չկար այն խորիմաստ եզրահանգումներով ծանրաբեռնելու: Երևի շատերի մտքով էլ անցած կլինի ձկանը փրկել: Այս պատմվածքի հերոսն այդ ցանկությունն իրագործել է: Եթե ընթերցողի հոգում գոնե մի կաթիլ լույս է վառվում պատմվածքը կարդալուց հետո, նշանակում է հասել եմ նպատակիս: :)

Արևածագ ջան, լավն ա, համա եթե ուսոցողական ա, ապա զուտ բուսակերական իմաստով :))
Ուզում եմ ասել, որ պատմվածքում մոր զայրույթի պատճառը չի հասկացվում... ստացվում ա, որ երեխեն շատ լավ բան էր արել, կյանք էր փրկել, իսկ որպես փոխհատուցում դաժան մոր կողմից ծեծ կերել:

Արևածագ
20.02.2011, 21:20

Չուկ ջան, բայց մայրն ասում է չէ՞.

Դու հասկանու՞մ ես, որ ես դրան փող էի տվել, առել էի, որ ընթրիք սարքեմ: Ո՞վ էր քեզ թույլ տվել, որ խանութից առած ձուկը տանես, գետը գցես:
Եթե սկսենք «քրքրել» պատմվածքը, կեցության և գիտակցության հասկացությունների բախում կա մոր ու տղայի հարաբերություններում՝ ձկան հետ կապված: Մայրը հոգու խորքում հաստատ համոզված է,որ կյանք փրկելը լավ բան է: Բայց ընթրիքին ընտանիքը քաղցած թողնելը արդյոք լա՞վ է: Մանավանդ, որ այդ ձկան համար նաև փող էր վճարվել:
Չգիտեմ, մոր արարքը ես դաժան չէի անվանի: Ընդհամենը սովորական ու կանխատեսելի: :)

Եթե նաև ուսուցողականը փնտրենք, կարելի է այսպես ձևակերպել.
Միշտ կարող ես մի լավ բան անել, չնայած նրան, որ արածիդ համար ստիպված ես լինելու նաև պատասխան տալ:

Chuk
20.02.2011, 21:47

Ինձ սխալ հասկացար, Արևածագ ջան, ես էդ ամեն ինչը հասկանում եմ, բայց եթե սա մանկական պատմվածք է, այսինքն մանուկների համար, ապա ինձ թվում է, որ էդ ամեն ինչը այնքան էլ ընկալելի չի երեխեքի համար: Գուցե և սխալվում եմ, բայց իմ կարծիքով «Դու հասկանու՞մ ես, որ ես դրան փող էի տվել, առել էի, որ ընթրիք սարքեմ: Ո՞վ էր քեզ թույլ տվել, որ խանութից առած ձուկը տանես, գետը գցես»-ը քիչ էր:

Արևածագ
21.02.2011, 00:43

Չուկ ջան, թող սա էլ պատմվածք լինի՝ առանց ուսուցողական բեռի : Մեկ էլ նշեմ, որ այն իրապատում է: :)

Chuk
21.02.2011, 00:44
Չուկ ջան, թող սա էլ պատմվածք լինի՝ առանց ուսուցողական բեռի : Մեկ էլ նշեմ, որ այն իրապատում է: :)

Թող լինի :)
Ասեմ, որ հավանել եմ: Ուղղակի չեմ կարծում, որ մանկական է, բայց դե էդ սուբյեկտիվ դիտարկում է :)

Dayana
21.02.2011, 01:08
Այ մարդ ի՞նչ եք կպել մեծական, մանկական, ուսուցողական, ես շատ գիտեմ ինչ:
Շատ լավն էր, Արևածագ ջան, ու եթե կուզես իմանալ, քո գարծների մեջ իմ կարդացածներից ամենալավն էր: Նկարագրությունները ֆիլմի պես աչքիս առաջ էին` տղայի դեմքը, քրոջ անուշ թաթիկները, մոր լրիվ բնական զայրույթը, առավոտյան վերցրած դույլով ջուրը, մինչև գետ տանող ճամփին ամեն ինչ շատ պատկերավոր էր: Էս քննադատ Ակումբցոց մի լսի:
Էդ երեխան էլ որ կարդա, թող մի քիչ ֆայմի գործակիցն աշխատացնի, որ հասկանա, թե ինչի համար են «ասպետ որդուն» ապտակում: :tomato

Հայկօ
21.02.2011, 10:44
Լավիկն էր: Բացարձակապես մանկական կամ հեքիաթ չէր, ամեն դեպքում:

Իմ համեստ կարծիքով՝ ավելի լավ կլիներ (ես ավելի հաճույքով կկարդայի), եթե երազը փոքրիկ աղջիկը տեսներ՝ իր եղբոր մասին: Իրականում քույրը գուցե ուղղակի վախեցած նայում էր դռան հետևից, սակայն ամբողջ ժամանակ նա եղբոր կողքին էր: Մայրը որդուն ապտակում է, որդին փախնում է սենյակ... Ու էլ չի պատմվում՝ ինչ եղավ նրա հետ: Ուղղակի կարիք չկա: Իսկ գիշերը փոքրիկ, լուռ քույրիկը՝ վախեցած, խղճի խայթից տանջվելով, իր եղբոր մասին երազ է տեսնում, որտեղ արդարացնում է եղբոր արարքը՝ անկախ ամեն ինչից: Անկախ այն բանից, որ եղբայրն այդ մասին գուցե երբեք էլ չի իմանա: Իսկ ընթերցողը իմանում է...

Ի դեպ՝ մոր նախաձեռնած «փրկությունը» նույնպես happy end չի դառնում.

http://www.youtube.com/watch?v=lGzgHX1g1xE

Հ.Գ. Արևածագ ջան, շեշտերի փոխարեն ապաթարցներ մի դիր, էլի:

Արևածագ
21.02.2011, 11:41

Սիրելի Հայկօ, առաջարկածդ տարբերակն էլ շա՜տ հետաքրքիր է, հենց նոր պատկերցրի՝ ի՜նչ գունագեղ կտոր կարելի էր «սարքել» աղջկա երազի պատմությունը նկարագրելով: Խելքիս չի հասե... :))

happy end ի մասին խոսք լինել չի կարող, գուցե այն միայն տղայի երազում է, բայց այն պարագայում, երբ մայրը չի գտնում իր առած ձուկը, արդարացիորեն զայրանում է այդ պատճառով, ի՞նչ happy end:

Անցյալ շաբաթ ձուկ էինք գնել՝ երեք հատ ծածան: Երեքն էլ կենդանի էին: Հույս ունեի, որ մեկ-երկու ժամում կսատկեն, կմաքրեմ: Ամուսինս եկավ, վերցրեց գցեց լոգարանի մեջ: Ձայն չհանեցի: Մի հինգ ժամ էդպես ջրում լողս էին տալիս: Իրիկուն է, պիտի ընթրիք սարքեմ, բայց ձկների վեջն էլ չի, որ սատկեն: Կանչեցի ամուսնուս ու արդեն առանց այլևայլությունների, ասացի, որ ինքն է իր գթառատ սրտով ձկները մաքրելու: Շա՜տ դժգոհ էր, բայց համաձայնեց: Ճար չուներ:
Եթե մի քիչ պատմվածքիս տրամաբանությանը հետևեինք, ուրեմն պիտի տանեինք, Վոլգայի սառույցը ջարդեինք, ձկները գցեինք գետը: Մնացածները սառույցը ծակում, ձուկ են բռնում, մենք՝ ծակեինք, ձուկ բաց թողնեինք: :pardon
Չմոռանանք , որ դրանք գնել էինք, հետն էլ՝ ծածանը համեղ ձուկ է: Քրիստոնեությունն էլ չի արգելում ձուկ ուտելը:
Չկա բացարձակ բարի ու բացարձակ չար, տարբեր տեսանկյուններից նայելիս դրանց սահմանները հաճախ խառնված են ու տարանջատել չի լինում: Չեմ ուզում փիլիսոփայել:

Ապաթարցի մասին.
Ուզում էի հակաճառել, թե իմ ստեղնաշարին շեշտ չկա, էն էլ գտա՝ հրե՛ս... Ո՞նց չէի նկատել...:oy

Հայկօ
21.02.2011, 12:29
Դե, ես չէի էլ պնդում, որ happy end կար :):

ars83
21.02.2011, 14:01
Այս պատմությունն իմ մասին էր, հա: :)) Միայն մի տարբերությամբ, որ ես ձկանը չէի դիպչի՝ զզվում եմ:

Փոքր ժամանակ (երևի, 3-4 տարեկան) ծնողներիս հետ գնացել էինք Այղրլիճ: Այնտեղ մեծերը (հորս ընկերներից) փոքր ձկներ էին բռնում, մտցնում մածնի կամ ջերմուկի ապակյա շշերի մեջ ու բաժանում երեխաներին: Մեր ակվարիումներն էին: Ինձ էլ մի հատ բաժին հասավ: Ձուկը նվեր ստանալու նույն գիշերը ես գոռգոռացս դրել եմ, թե՝ տանենք, ձուկը գցենք լիճը, շշի մեջ օդը քիչ է, կխեղդվի: :D Ինչքան համոզել են, որ ամեն ինչ նորմալ է, իր համար լող է տալիս, կապրի, ես իմն եմ պնդել: Այնքան, մինչև խեղճ մայրս վեր է կացել, հագնվել է, միասին գնացել ենք լճի մոտ, ձկանը բաց ենք թողել: Ապերախտը, գոնե մի հատ հարցներ՝ ցանկություն-բան չունե՞նք կատարելու: