PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Պատրանքի թևով



Նաիրուհի
20.02.2011, 18:22
Երջանիկ էին, այնքան երջանիկ, ինչքան միայն կարելի է պատկերացնել։ Խենթի պես սիրում էին իրար, երկուսով ապրում էին իրենց փոքրիկ բնակարանում ու անհամբեր սպասում իրենց մանկիկի լույս աշխարհ գալուն։

Ռիտան մենակ էր տանը։ Անակնկալ ցավը շամփրեց որովայնը, ստիպեց նրան կծկվել. ուժ չունեցավ անգամ մինչև հեռախոսը հասնելու։ Հատակին ընկած՝ կարողացավ միայն մի քանի անգամ օգնություն կանչել։

Հարևանները մի քանի անգամ թակեցին դուռը, ապա անհանգստացած ջարդեցին այն ու ցուրտ սենյակում հայտնաբերեցին ուշաթափ ընկած կնոջն ու կիսակենդան նորածնին։ Մինչև հիվանդանոց հասնելը Ռիտան մահացավ։

Ցոլակը կնոջ մահն իմացավ մի քանի ժամ անց։ Թվաց՝ կխելագարվի։ Կարծես երկինքը փլվել էր վրան. գլխում միայն մի միտք էր պտտվում. «Ռիտան չկա, չկա…»։ Մի այլ աշխարհից լսեց, թե ինչպես է բժիշկը ցավակցում իրեն, ինչպես է ներողություն խնդրում, որ չկարողացան փրկել երեխայի կյանքը, բայց կնոջ մահվան համեմատ այդ իրողությունն այնքան չնչին էր, որ կարծես չլսեց էլ…

Հայրենի գյուղ տարավ կնոջ մարմինը, հանձնեց հողին, լացեց, լացեց… Հետո երկրաշարժ եղավ, ցավը դարձավ համընդհանուր, ու կամաց-կամաց ամոքվեց վիշտը։ Մի քանի տարի անց ամուսնացավ, տեղափոխվեց Մոսկվա, առաջ գնաց, հաջողություններ ունեցավ… Կյանքը հունի մեջ էր ընկնում…

***

Ընկերն ասաց, որ միջոցառումներից մեկի ժամանակ մի երիտասարդ երգչուհու հետ է ծանոթացել։

-Պրոդյուսեր չունի,-ասաց ընկերը,-բայց շատ լավ է երգում։ Համ էլ էնքան ուրախացավ, որ իմացավ՝ հայ եմ։ Ասաց, որ ինքն էլ հայկական արմատներ ունի։ Արի հաջորդ միջոցառմանը գնանք՝ ծանոթացնեմ։ Կարող է տվյալները հավանես, ուզենաս համագործակցել…

Գնաց։ Բեմում անծանոթ աղջիկն էր, ում հետ այսօր պիտի ծանոթանար։ Չէր հասկանում՝ աղջիկն այդքան լա՞վ էր երգում, թե՞ հայ լինելը գիտեր, որ աչքերը լցվեցին; Համերգից հետո ընկերը հետը բերեց աղջկան։ Ծանոթացան։ Հրավիրեց նստել իրենց հետ, զրուցել, սկսեց հարցուփորձ անել աղջկա ընտանիքի մասին։ Աղջկա աչքերը լցվեցին։ Պատմեց, որ հայրը Գյումրիում ծառայած ռուս զինվորական է եղել։ Նա չէր հիշում Գյումրին. մի քանի ամսական էր եղել, երբ հայրը վերադարձել էր հայրենիք։ Երբ աղջիկը մեծացել էր, տեղափոխվել էին Մոսկվա, որ նա այնտեղ ուսում ստանա։ Ծանր հիվանդությունը մի քանի տարի առաջ տարել էր հորը։ Մահից առաջ հայրը պատմել էր աղջկան, որ նա հայ է, և իրենք Գյումրիում որդեգրել են նրան։ Աղջկա ծնողների մասին հայրը ոչինչ չգիտեր, միայն այն, ինչ պատմել էր նրան երեխային իրենց հանձնած բուժքույրը։

Մայրը մահացել էր նրա ծնվելու ժամանակ, վշտից գլուխը կորցրած հորն ասել էին, որ փոքրիկը մահացել է։ Ոչ ոք հիվանդանոցից չէր պահանջել երեխայի մարմինը…

Ամբողջ պատմության ընթացքում Ցոլակի սիրտն ուզում էր դուրս թռչել կոկորդից։ Դիմացը նստած աղջիկը խոսում էր, ու նրա արցունքոտ աչքերում Ցոլակն իր մորն էր տեսնում, իսկ դողացող շուրթերը կարծես Ռիտայի շուրթերը լինեին… Վախենում էր լսել շարունակությունը. չէր ուզում՝ փշրվեր սրտի խորքերում ծագած հույսը, կասկածը…

Բայց պատմությունն արդեն մոտենում էր ավարտին։ Ռուս զինվորականը աղջկա համար հայերի մոտ տարածված անուն էր ընտրել՝ Կարինե։ Խնամքով պահել էր հիշողության ծալքերում իրեն անծանոթ ծնողների անունները. միայն այդքանը կարողացավ ասել աղջկան։ Եվ ահա այս օտար, ռուսախոս աղջիկը երկյուղածությամբ արտասանում է այդ անունները, որ վերջին տարիներին ամեն օր կրկնում է մտքում, որ չմոռանա…

-Цолак и Рита…

***

…Աղջկան հետը գյուղ տարավ։ Տեսավ, թե ինչպես է նա լաց լինում մոր գերեզմանին։ Միակ զավակին կորցրած տատն ու պապն իրենց աղջկան տեսան այդ օտար թոռնուհու մեջ, ում գոյության մասին չէին էլ կասկածում։ Ամբողջ գյուղը լաց եղավ, երբ հայերեն հազիվ մեկ-երկու բառ իմացող աղջիկը մոր գերեզմանի մոտ «Պատրանքի թևով»-ը երգեց, ու երջանկացավ այդ ընտանիքի հետ…

***

Իսկ Կարինեն երգում է։ Ցոլակը համաձայնել է նրա պրոդյուսերը լինել… :)


http://www.youtube.com/watch?v=BGB1sOyPvrM

Արևածագ
20.02.2011, 18:38
Ի՜նչ սրտառուչ պատմություն է... Նաիրուհի ջան, իրակա՞ն հիմք ունի: :think

RADIOmanyachka
20.02.2011, 18:54
Լինում են դեպքեր, երբ կարդացածս այնքան է հուզում ինձ ու այնքան է դիպչում սրտիս, որ բառեր չեմ գտնում հիացմունքս ու հուզմունքս արտահայտելու: Սա այդ դեպքերից է: Ապրես Լիլ ջաաաաաաան:

Նաիրուհի
20.02.2011, 19:00
Ի՜նչ սրտառուչ պատմություն է... Նաիրուհի ջան, իրակա՞ն հիմք ունի: :think

Իրական է, Արևածագ ջան։ Գրեթե ոչինչ չեմ ավելացրել։

Mark Pauler
20.02.2011, 22:42
Շատ լավ պատմվածք է: Իսկ վերջում, երբ իմացա, որ նաև իրական է` ավելի դուրս եկավ::)

Նաիրուհի
20.02.2011, 23:51
Շատ լավ պատմվածք է: Իսկ վերջում, երբ իմացա, որ նաև իրական է` ավելի դուրս եկավ::)

Շնորհակալ եմ։ :oy
Անկեղծ ասած՝ցանկացած բան շատ դժվար եմ գրում, է´լ առավել դժվարությամբ եմ որևէ մեկին ցույց տալիս գրածս։
Պարզապես այսօր տեսա Կարինեի առաջին տեսահոլովակն ու զգացի, որ շատ եմ ուզում, որ նրա պատմությունը շատերն իմանան։ Մի շնչում եմ գրել ու առանց խմբագրելու դրել եմ էստեղ։ Դրա համար խնդրում եմ շատ խիստ չդատել ինձ... :oy