PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ-պարթևական հարաբերությունները մ.թ.ա. III-I դարերում



Lion
17.02.2011, 12:34
Մ.թ.ա. 140 - Ուրմիա լճի ճ-մ: Պարթևական թագավորության բանակը (մոտ 90.000) հաղթեց Մեծ Հայքի թագավորության բանակին (մոտ 80.000): Հայերը կորցրին մոտ 15.000, թշնամին` մոտ 5.000 զինվոր: Կնքվեց հաշտություն, ի կատարումն որի պայմանների էլ Տիրան արքաեղբոր նորածին որդի Տիգրանը պատանդ տրվեց Պարթև Արշակունիներին...


Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 6"-ից

Հետաքրքիր է տարածաշրջանային քաղաքականության և հայ-պարթևական հարաբերությունների վրա ազդած ու նախորդ ուսումնասիրողների կողմից չքննարկված այն հարցը, թե ինչը հանգեցրեց նախորդ հարյուրամյակում այդքան սերտ համագործակցության մեջ գտնվող և տոհմակից արքայատոհմերի կողմից կառավարվող երկու թագավորությունների հարաբերությունների ոչ միայն վատթարացմանը, այլև նրանց բախմանը: Սույն թեմայում առաջարկում եմ խոսել այդ մասին...

Lion
17.02.2011, 12:39
Այս իրադարձության մասին հակիրճորեն հաղորդում է Հուստինոսը, ըստ որի. “Միհրդատը (Միհրդատ I (մ.թ.ա. 171-138) – Մ.Հ.)… վերջը կռվեց արմենների թագավոր Արտավազդի (Արտավազդ II (մ.թ.ա. 160-115) – Մ.Հ.) հետ”: Ընդհանուր պատկերը լրացնում է Ստրաբոնը, ըստ որի. “Պարթևները տիրեցին մեդեացիների և բաբելոնացիների երկրներին, բայց ոչ Արմենիային”: Առայժմ բավականին վիճելի է ճակատամարտի թվականը, քանի որ վերջնական կարծիք չկա, թե Պարթևական թագավորության որ թագավորն է նկատի ունեցվում` Միհրդատ I-ը (մ.թ.ա. 171-138), թե Միհրդատ II Մեծը (մ.թ.ա. 123-87): Ես հետևել եմ Ժ. Գ. Էլչիբեկյանի հիմնավորված կարծիքին (տես` Ժ. Գ. Էլչիբեկյան “Հայաստանը և Սելևկյանները”, Երևան 1979):

Այստեղ հետաքրքիր է տարածաշրջանային քաղաքականության և հայ-պարթևական հարաբերությունների վրա ազդած ու նախորդ ուսումնասիրողների կողմից չքննարկված այն հարցը, թե ինչը հանգեցրեց նախորդ հարյուրամյակում այդքան սերտ համագործակցության մեջ գտնվող և տոհմակից արքայատոհմերի կողմից կառավարվող երկու թագավորությունների հարաբերությունների ոչ միայն վատթարացմանը, այլև նրանց բախմանը:

Հայ և Պարթև Արշակունիների հարաբերությունները առաջին հարվածը ստացան դեռ այն փաստով, որ Արտաշես I-ը, արքայական գահին հասնելով Պարթևական թագավորության աջակցությամբ, այնուհանդերձ, թեկուզ և վերջինիս լուռ համաձայնությամբ, իր իշխանության առաջին 11 տարիներին ընդունեց Սելևկյանների թագավորության գերիշխանությունը: Իր դերն ունեցավ նաև այն, որ, դառնալով այնպիսի լայնարձակ և հզոր թագավորության արքա, ինչպիսին Մեծ Հայքն է ու իր ազդեցության տակ ունենալով ողջ Հայաստանը, Հայ Արշակունիները, ինչքան էլ մեծ տեղ տային ազգակցական կապերին, այնուհանդերձ որևէ հիմք չպիտի տեսնեին ընդունելու Պարթևական թագավորության առաջնայնությունը: Նրանք պետք է ձգտեին ոչ միայն պահպանել իրենց պետության ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը, այլ նաև նրա շահերը, որոնք հաճախ կարող էին և չհամընկնել Պարթևական թագավորության շահերի հետ: Իր հերթին մ.թ.ա. II դարի երկրորդ կեսում, Սելևկյանների թագավորության ավելի ու ավելի թուլացման պայմաններում, Մեծ Հայքի թագավորությունը սկսել էր աստիճանաբար դառնալ Պարթևական թագավորության մրցակիցը Մերձավոր և Միջին Արևելքում:

Այս ամենին գումարվեց նաև մեկ այլ հանգամանք: Բանն այն է, որ Արշակ I Քաջից (մ.թ.ա. 248-247) հետո գահը անցավ ոչ թե վերջինիս սերունդներին, այլ նրա եղբայր Տրդատ I-ին (մ.թ.ա. 247-211) ու նրա սերունդներին, որին ի պատասխան Արշակ I Քաջի սերունդը սկսեց ոչ բացահայտ, սակայն անզիջում կերպով պայքար մղել իր գահակալական իրավունքների վերականգնման համար, մի պայքար, որն իր գագաթնակետին հասավ հենց մ.թ.ա. II դարի երկրորդ կեսում:
Հենց սրանով է բացատրվում Հայ և Պարթև Արշակունիների հարաբերությունների ավելի վատթարացումը, քանի որ եթե Վաղարշակ I-ը (մ.թ.ա. 247-225), հետևաբար նաև նրա սերունդները բարոյապես, իսկ հետագայում որոշ չափով նաև քաղաքականապես ընդունում էին եղբայրների մեջ ավագը ու առաջնորդը համարվող Արշակ I Քաջի առաջնայնությունը, ապա այժմ արդեն ոչ մի հիմք չկար ընդունելու Տրդատ I-ի սերունդների առաջնայնությունը, քանի որ Տրդատ I-ը երբեք առաջնայնություն չէր ունեցել Վաղարշակ I-ի նկատմամբ:

Կարելի է ենթադրել, որ հարաբերությունների արդեն իսկ խիստ վատթարացման այս ֆոնի վրա բանը հասել է բացահայտ բախման այն բանից հետո, երբ Հայ Արշակունիները որևէ կերպ օժանդակել են գահի համար պայքար մղող Արշակ I Քաջի հետնորդներից որևէ մեկին:

Malxas
18.02.2011, 10:18
Լիոն ջան, չնեղանաս, բայց չեմ կիսում այն կարծիքը, որ Արտաշեսյանները Արշակունի են եղել :)

Lion
18.02.2011, 11:37
Չեմ նեղանում, եղբայր, երբ ես նոր էի ուսումնասիրում այս թեման, ինքս էլ էի մտածում այնպես, ինչպես դու:)

Lion
18.02.2011, 15:37
Մ.թ.ա. 212 – Պարսկահայքը, Փայտակարանը, Վասպուրականի արևելքը և Տրպատունիքը Արտավազդ I-ի գլխավորած Ատրպատականի թագավորության բանակը (մոտ 60.000) գրավեց Մեծ Հայքի թագավորության բանակից (մոտ 10.000): Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամին՝ մոտ 7.000 զինվոր


Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5"-ից

Այս իրադարձությունների մասին հայտնում է Պոլիբիոսը (գիրք 8): Հետաքրքիր է, որ այս հաղորդումը արտացոլում է այդ ժամանակ տարածաշրջանում զարգացող ուշագրավ քաղաքական ինտրիգներից մեկը:

Բանն այն է, որ Ատրպատականի թագավորությունը, որը իր ստեղծման իսկ պահից` մ.թ.ա. 246 թ-ից, ենթարկված էր ուժեղ պարթևական ազդեցությանը, մ.թ.ա. 220 թ-ին արդեն լիովին ընկել էր Պարթևական թագավորության գերիշխանության տակ և հանդիսանում էր վերջինիս շահերի պաշտպանը տարածաշրջանում: Կոնկրետ այս դեպքում, երբ Երվանդ III-ի (մ.թ.ա. 212-201) գահակալմամբ կոպտորեն ոտնահարվել էին պարթևական շահերը Մեծ Հայքում, հետևաբար նաև ողջ Հայաստանում, Ատրպատականի թագավորությունը անմիջապես մարտական գործողություններ սկսեց գահը բռնատիրած Երվանդ III-ի դեմ և բռնազավթեց Հայաստանի արևելյան լայնարձակ շրջանները: Իր հերթին դա ստիպեց ակտիվանալ Սելևկյանների թագավորությանը, որը անմիջապես խոշոր ուժերով ներխուժեց Ատրպատականի թագավորության տարածք: Արդյունքում Ատրպատականի թագավորությունը ձևականորեն ընդունեց Սելևկյանների թագավորության գերիշխանությունը և այդ գնով շարունակեց տիրել մինչ այդ զավթված Հայաստանի արևելյան տարածքներին, սակայն իրականում շարունակեց պահպանել պարթևական կողմնորոշումը:

Փաստորեն Սելևկյանների և Պարթևական թագավորությունները ակտիվ արտաքին քաղաքական միջոցառումներով ձգտում էին իրենց կողմակիցներին ունենալ Մեծ Հայքի գահի վրա` դրանով իսկ ուժեղացնելով իրենց դիրքերը ողջ Հայաստանում: Եվ եթե Արշակ I-ի (մ.թ.ա. 225-212) սպանությունից ու Երվանդ III-ի գահ բարձրանալուց հետո ուժեղացել էին Սելևկյանների թագավորության դիրքերը, ապա Արտաշեսի իշխանության գալով կրկին ուժեղացավ Պարթևական թագավորության ազդեցությունը:

Հետաքրքիր է, որ Անտիոք III Մեծի (մ.թ.ա. 223-187) օրոք կրկին վերելքի ուղին բռնած Սելևկյանների թագավորության հետ, թեև և Պարթևական թագավորության աջակցությամբ գահ բարձրացած Արտաշես I-ը միանգամից չի սրում հարաբերությունները, այլ դրա փոխարեն ճանաչում է վերջինիս գերիշխանությունը: Իր հերթին Պարթևական թագավորությունը, բավականին թուլացած լինելով Անտիոք III Մեծի մ.թ.ա. 211-209 թվականների Արևելյան մեծ արշավանքից հետո, թեկուզ և այդ գնով համաձայնեց տեղի ունեցածի հետ, քանի որ ամեն դեպքում Մեծ Հայքում, հետևաբար նաև ողջ Հայաստանում, իշխանության էին հասել պրոպարթևական ուժեր, որոնք վաղ թե ուշ կվարեին հակասելևկյան քաղաքականություն:

Ինչպես ցույց տվեց մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ի Մագնեսիայի ճակատամարտից հետո զարգացած իրադարձությունների ընթացքը, այս հաշվարկները ճիշտ դուրս եկան...