PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար



Malxas
14.02.2011, 20:22
Երևի ավելի տպավորիչ կլիներ գրել - բազմաթիվ ընթերցողների խնդրանքով... :))Սակայն ճշմարտությունն այն է, որ ակումբում վերը նշված վեպն ինձ խնդրել է մաս մաս տեղադրել մեր սիրելի և հանրաճանաչ Լիոնը: Չնայած եթե մեկ այլ կողմից նայենք, Լիոնը մեն մենակ մի քանի հազար ընթերցող արժի : :))
Սա վեպի երկրորդ խմբագրությունն է, որն առաջինից զգալիորեն տարբերվում է: Առայժմ խմբագրված չէ պրոֆեսիոնալ խմբագրի կողմից, որի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը:

Malxas
14.02.2011, 20:27
1.Կրասոսը, Փառնակը և մյուսները

Թե երբ Մարկոս Լիցինիոս Կրասոսը (Ք.Ա. 115-53: Հռոմեացի քաղաքական գործիչ և զորավար), որոշեց կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը, դժվար է ասել: Գուցե դրա մասին երազել էր երիտասարդ տարիներին, երբ որպես Սուլլայի կողմնակից կռվում էր արյունարբու Մարիուսի դեմ, իսկ գուցե հասուն տարիքում էր նման եզրահանգման եկել, երբ վճռական ճակատամարտում հաղթանակ էր տարել Սպարտակի դեմ և փրկել Հռոմն այդ զարհուրելի վտանգից: Ինչևիցե, այսօր Մարկոս Կրասոսը, վաթսուներկուամյա թիկնեղ, բայց վաղուց արդեն ճերմակած և նույնիսկ իր հասուն տարիքից էլ ավելի զառամյալ տեսք ունեցող հռոմեացին, որպես Սիրիա նահանգի կուսակալ Անտիոք էր ժամանել և պատրաստվում էր մոտակա ամիսներին խորտակիչ հարված հասցնել պարթևական պետությանը: Դա աշխարհի նվաճման առաջին փուլը պետք է լիներ: Եթե ասած լինենք ամբողջ ճշմարտությունը, ապա Կրասոսն այստեղ էր ժամանել դեռևս անցյալ աշուն, գրավել փյունիկյան և հրեական մի քանի քաղաքներ, մանր ճակատամարտեր շահել պարթևների հետ սկսած պատերազմում և աշխույժ գործունեություն սկսել տեղական վաճառականների հետ: Վրա հասած ցրտերը ստիպեցին քաշվելու Անտիոք ձմեռելու: Որոշելով իզուր չկորցնել ժամանակը Կրասոսն ամբողջապես նվիրվեց առևտրին: Թալանված ոսկյա զարդերը վաճառվում էին, նորից գնվում ավելի էժան գնով ու հետո կրկին վաճառվում: Դրանից հետո Կրասոսը նոր տեսակի գործառություն սկսեց: Զորքն ուժեղացնելու պատճառաբանությամբ նա համընդհանուր զորահավաք հայտարարեց, իսկ երբ հազարավոր միջագետքցիներ ստիպողաբար հռոմեական ճամբար բերվեցին, բոլորին թույլատրվեց փրկագնվել և տուն վերադառնալ: Այն անսպառ եռանդը, որը Կրասոսը դրսևորեց իբրև վաճառական, ինչպես նաև առևտրական գործարքների այն հսկա ծավալը, որը կլանել էր շրջակայքի բոլոր վաճառականների ուժերը, շատերի մոտ կասկած առաջացրեց, թե նա մոռացել է ինչի համար է այստեղ եկել: Սակայն գարնանային մի գեղեցիկ օր նա մի փոքր հագեցավ առևտրական գործունեությունից իր մոտ հրավիրեց բոլոր դաշնակիցներին: Փառավոր խնջույք կազմակերպեց, որն իր ճոխությամբ ավելի շատ Լուկուլլոսին կվայելեր, քան կծծի Կրասոսին: Գինին հոսում էր ինչպես Եփրատն իր վարարման ամիսներին, իսկ խորտիկների բազմազանությունը կարող էր զարմացնել ամենացուցամոլ արևելցուն անգամ: Նույնիսկ կուսակալի ամենաոխերիմ թշնամիները ստիպված եղան մի քանի օր լուռ մնալ և այդ ընթացքում ոչ մի անգամ չհիշատակել, որ իր անհաշիվ հարստություններին զուգահեռ, Կրասոսն աշխարհի ամենաագահ և ամենաժլատ մարդն է: Ամեն դեպքում մի քանի չար լեզուներ գտան այդ չլսված վատնողականության պատճառը: Դաշնակից թագավորներից զատ հրավիրված էին արևելքի ամենահարուստ և ամենաճանաչված մարդիկ, իսկ նրանք ըստ իրենց երկրների սովորության ճոխ նվերներ կբերեին: Եթե նույնիսկ դա իրոք այդպես էր, ապա ի նպաստ Կրասոսի կարող ենք ասել, որ նրա պալատում հանգրվանած հյուրերը որպես անշահախնդիր բարեկամներ չէին այստեղ եկել և նույնպես իրենց ակնկալիքներն ունեին: Խնջույքի ժամանակ բազմաթիվ հարցեր պատասխան էին ստանալու: Որոշ թագավորություններ ընդլայնելու էին իրենց տարածքները, մյուսները կորուստներ էին ունենալու: Մի քանի փառասեր իշխաններ հույս էին տածում իրենց համեստ իշխանական թագերն արքայականի վերածելու, իսկ արդեն թագավորական մեծություն ունեցողները փորձելու էին ամրապնդել այն, անակնկալ հարվածով տեղը դնելով ամբարտավան նորելուկներին:

Դաշնակից պետությունների թագավորներին Կրասոսն առանձին սեղանի շուրջ էր տեղավորել և, ընկերակցելով Ամֆիտրիտե անունով մի տասնութամյա գեղեցկուհու, ինքն էլ նրանց միացել: Կրասոսից աջ նստած էր Կոմմագենայի թագավոր Անտիոքոսը, ուղիղ երկար դիմագծերով բացառիկ մի անձնավորություն, որը Նեմրութ լեռան վրա աստվածների հանրահայտ սրբավայր էր ստեղծել և իրեն էլ, նրանց հավասար, աստված հայտարարել: Այնուհետև գալիս էր Կապադովկիայի արքա Արիոբարզանը, իր երկրում երրորդ միապետն այդ անվամբ: Արիոբարզանը մի քանի ամիս առաջ էր թագադրվել, թավամորուս էր և մսոտ ու արևահարված դեմք ուներ: Կոմմագենայի արքան իր կնոջ, Տիգրանուհու հետ էր ժամանել, իսկ Կապադովկիայի թագավորը բացի կնոջից բերել էր նաև դեռատի դստերը: Սրանք հաջորդաբար Ալեքսանդրա և Սելենե անուններն էին կրում:

Կրասոսից ձախ տեղ էր գտել Օսրոենայի երիտասարդ տիրակալ Աբգարը, դեռևս Պոմպեոսի ժամանակներից Հռոմի հավատարիմ դաշնակիցը, որն այժմ էլ, չնայած սեղանի շուրջ նստած էր Կրասոսից ձախ, սակայն իրականում նրա աջ ձեռքն էր հանդիսանում: Աբգարը համակրելի տղամարդ էր, բարձրահասակ էր և ամրակազմ, արտաքինից հավասարակշռված էր երևում, բայց իրականում տաքարյուն էր և կռվարար: Թագավորների ցանկը եզրափակում էր Փառնակը, Պոնտոսի, Բոսպորի և Փոքր Հայքի տիրակալը, Միհրդատ Եվպատորի` Հռոմի երդվյալ թշնամու որդին, որը, սակայն, այժմ հավերժական քաղաքի դաշնակիցներից մեկն էր: Փառնակը հիսունն անց էր, գունատ դեմք ուներ, հաշվենկատ և նենգ հայացք, միջահասակ էր և պնդակազմ: Սեղանի վերջին մասնակիցը հրեա վաճառական Սաուլն էր, վաթսունհինգ տարեկան ճարպակալած մի մարդ, որի մազերը ճակատի կողմից նոսրացել ու ետ էին քաշվել, իսկ արծվային կեռ քիթը և լիքը շրթունքները վստահ տեսք էին տալիս նրա կեցվածքին ու որոշակիորեն բացատրում, թե ինչպես է այդ շատ հարուստ մարդը հաջողացրել դաշնակից թագավորների շարքերը խցկվել:

Կրասոսը բարեհամբույր էր բոլորի նկատմամբ և ուշադիր: Սիրիայի կուսակալը չէր մոռանում հաճոյախոսություններ շռայլել կանանց, իսկ տղամարդկանց երախտագիտություն էր հայտնում` հիշելով մատուցված բազմաթիվ ծառայությունները թե° Հռոմեական կայսրությանը, և թե° անձամբ իրեն: Հյուրերը փոխադարձաբար պատասխանում էին: Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Կրասոսը արքայական թագ չէր կրում, բայց ավելի մեծ իշխանություն ուներ, քան սեղանի շուրջ նստած բոլոր թագավորները միասին վերցրած: Վերջապես, ինչի համար են հավաքվել այստեղ: Մի±թե Կրասոսը չէր այն մարդը, որը ողորմածաբար պատիվներ էր շռայլելու, կամ դժգոհ լինելով շնորհազրկելու էր: Սակայն, արտաքնապես անհավասարության որևէ նշույլ չկար: Կրասոսը հյուրերին վերաբերվում էր որպես հին բարեկամների, իսկ հյուրերը նույնպես ձևացնում էին, որ դա, իրոք, այդպես է: Համենայն դեպս, երբ Արիոբարզան Երրորդը կենաց ասելու նպատակով բաժակ բարձրացրեց, նա հատկապես հավատարիմ դաշնակցի և տարիներով փորձված ընկերոջ տեսք ուներ: Արիոբարզանը իր ժողովրդի անունից խորը երախտագիություն հայտնեց Կրասոսին, զուտ արևելյան ճոխությամբ նկարագրեց Հռոմի նախկին կոնսուլի (Հին Հռոմում բարձրագույն քաղաքացիական պաշտոն) մի քանի եղած և էլ ավելի շատ հնարած արժանիքները, իսկ վերջում բաժակաճառը հնարամտորեն երդման վերածեց, որով իր կամքին հլու Կապադովկիան Հռոմի հնազանդ նեցուկը հայտարարեց: Այսքանն ասելուց հետո պատկառելի կապադովկիացին գավաթը դատարկեցէ°լ ավելի հանդիսավորությամբ, քան ճառն ինքն էր: Նորին աստվածություն Անտիոքոսի խոսքն ասես իր նախորդի շարունակությունը լիներ: Պարզվեց Կոմմագենան էլ ավելի հավատարիմ պետություն է և բացի այդ միակն է բոլորի մեջ ընդունակ ինչպես հարկն է գնահատել Կրասոսի ներխուժումն արևելք: Բացահայտվեցին հռոմեացու ևս մի քանի կարևոր արժանիքներ: Դրանց գոյության մասին Կրասոսը, մինչ այդ երեկո, չէր էլ կասկածել: Կապադովկիայի օրինակով Կոմմագենան նույնպես իր բանակն ու գանձարանը հանձնում էր ի տնօրինություն Հռոմի: Բաժակաճառի ավարտին գինին խմվեց ասես ոչ թե կենացի բնական ավարտ, այլ ի ցույց բոլորի: Ահա այսպես են խմում բարեկամի կենացը: Պոնտոսի, Բոսպորի և Փոքր Հայքի տիրակալ Փառնակը փորձեց տարբերվել իրենից առաջ խոսք վերցրածներից, սակայն, ըստ էության, ոչ վարժ կերպով կրկնեց այն ամենը, ինչ ասել էին նախորդ երկու արքաները: Մինչ այս, ամեն ինչ բնականոն էր: Կրասոսը գիտեր. երբ արևելյան արքայիկը սեղանի շուրջ խոստանում է տալ իր կյանքը հանուն մեծահզոր տիրակալի, դա ընդամենը նշանակում է, ՙես չեմ հարվածի թիկունքիդ, եթե քո բանակը պարթևների երկիր մտնի և պահպանի իր ռազմական հզորությունը՚: Իսկական պայմանավորվածություն ձեռք կբերվեր ավելի ուշ, միմիայն այն բանից հետո, երբ ամեն մի պետություն հստակ կսակարկեր իր հասանելիքը: Ինչևէ, Փառնակից հետո խոսք վերցրեց Աբգարը, որը երևի միակ անկեղծ մարդն էր սեղանի շուրջը: Չփայլեց երեսուներեքամյա տիրակալը որպես բաժակաճառ ասող: Իսկ պատճառը սաստիկ հուզմունքն էր, որ պատել էր նրան այն պահից սկսած, երբ առաջին անգամ տեսավ Կապադովկիայի արքայադստերը: Աբգարը խոսեց մի մարդու պես, որը չի էլ մտածում թե ինչ է խոսում, իսկ խոսքը եզրափակեց ափսոսանք հայտնելով Արտավազդի, Հայաստանի թագավորի բացակայության վերաբերյալ, որի ներկայությունը, եթե նույնիսկ ցանկալի էր, ոչ մի կերպ չէր կապվում ասվածի հետ: Կրասոսը բնավ չվիրավորվեց նրանից: Լինելով իր ժամանակի լավագույն հռետորներից մեկը, նա ներողամտաբար էր վերաբերվում այդպիսի տաղանդից զուրկ մարդկանց: Բացի այդ Աբգարը նրա ամենամերձավոր բարեկամն էր և բաժակաճառի տեսքով չէ, որ պետք է օգնության գար նրան: Չնայած դրան, խոսակցությունը կտրուկ փոխեց իր տեսքը, և դա կատարվեց այնքան արագ, որ նույնիսկ չթույլատրեց Կրասոսին պատասխան շնորհակալություն հայտնել:

Փառնակը, որը բաժակաճառի ժամանակ չէր կարողացել արտահայտել մտքերն այնպես, ինչպես ինքը կուզենար, մի տեսակ անբավարարվածություն էր զգում: Տեսնելով, թե ինչպես հայտնվեց մեկը, որն իրենից ետ մնաց, Պոնտոսի թագավորը չվարանեց կծու մի խոսքով էլ ավելի շփոթեցնել երիտասարդին և ուրիշին սևացնելու գնով վերացնել այն թյուր կարծիքը, որն իր գնահատմամբ մինչ այդ ստեղծվել էր:
- Արտավազդն իր մայրաքաղաքում նստած ողբերգություններ է գրում, սիրելի° Աբգար, և այսօրվա հանդիսության հետ ոչ մի առնչություն չունի,- ասաց նա: (Մեծ Հայքի թագավոր Արտավազդ Երկրորդը (Ք.Ա.55-30) ողբերգություններ է գրել և եղել է իր ժամանակի ամենաուսյալ մարդկանցից մեկը)
Մինչ Օսրոենայի արքան կհավաքեր մտքերը, որպեսզի իր նման քաջին վայել պատասխան տա, Փառնակը հարված ստացավ բոլորովին այլ կողմից: Կոմմագենայի թագուհի Տիգրանուհին` Արտավազդի հարազատ քույրը և, հետևաբար, Տիգրան Երկրորդի աղջիկը և Փառնակի քրոջ դուստրը, Աբգարին հասցված հարվածից բացի, որը նենգ պոնտացին քողարկել էր շինծու բարեհոգության տակ, տեսավ մի այլ վիրավորանք` հասցված իր եղբորը:
- Արտավազդ արքան, իրոք, ողբերգություն է գրում, սիրելի° մորեղբայր,- պատասխանեց նա,- կարող եմ նույնիսկ ասել, թե ինչի մասին է:

Փառնակը շուռ եկավ: Իր կյանքի չորրորդ տասնամյակը մտած թագուհուն դեռևս կարելի էր գեղեցկուհի համարել: Բազմաթիվ ծննդաբերություններն ամենևին չէին փչացրել Տիգրանուհու գեղանի իրանը, որը տարիքի հետ լցվելով մի նոր հմայք էր ստացել: Դրան կարելի էր ավելացնել նրա ձյունաճերմակ մաշկը, ձյութի նման սև մազերը, մանկամարդ դեմքը, փոքր-ինչ կամարաձև հոնքերը և նրանց տակից բարձր արժանապատվությամբ փայլող վառվռուն աչքերը: Այս ամենը Փառնակին ներկայացան մի ակնթարթում, որը բարեհոգությամբ ժպտացող կնոջ հայացքի տակ լրջորեն նետված մարտահրավեր տեսավ: Տիգրանուհու արտահայտիչ աչքերը (հիմա նոր նկատեց Փառնակը), աննկարագրելիորեն նման էին նրա հոր` Տիգրանի սարսափազդու աչքերին, որին Պոնտոսի այն ժամանակվա արքայազնը տեսել էր պալատական ընդունելություններից մեկի ժամանակ և որից այդքան ազդվել էր: Ինչքա¯ն էր հետո հայելու առաջ փորձել այդպիսի հայացքով նայել սովորել: Չէ°, Տիգրանի աղջկանից, ինչպես որ մի ժամանակ Տիգրանից, չի կարելի լավ բան սպասել:

- Մեծ Հայքի արքա Արտավազդը մեր ժամանակի լավագույն ողբերգակն է, սիրելի Տիգրանուհի,- փորձելով շահել անսպասելի հայտնված հակառակորդի համակրանքն ասաց Փառնակը,- սակայն, ստիպված եմ խնդրելու քեզ մեկ ուրիշ անգամվա հետաձգել այդ:
- Չմոռանանք նաև, որ այսօր այստեղ ենք հավաքվել…, - այն է ուզում էր սկսել նորին աստվածություն Անտիոքոս արքան, որն այնքան լավ էր ճանաչում սեփական կնոջը:
- Իսկ ես, այնուամենայնիվ, կասեմ,- կոպտորեն ամուսնուն ընդհատեց Տիգրանուհին և ուղիղ նայելով Փառնակի աչքերի մեջ շարունակեց:- Դա, իրոք, ողբերգություն է, սիրելի մորեղբայր: Գործողությունները ծավալվում են Մեծ Հայքից հյուսիս կամ հյուսիս- արևելք գտնվող թագավորություններից մեկում: Տեղի արքան, տաղանդավոր մի տիրակալ, բուռն իրադարձություններով հարուստ կյանք է ապրում: Ճաշակում է թե° հաջողությունների բերկրանքը, և թե° դժբախտությունների դառնությունը: Իր կյանքի վերջում թշնամիների կողմից հալածված արքան ապաստան է խնդրում որդուց, իսկ վերջինս դավաճանաբար դաշինք է կնքում իր հոր թշնամիների հետ և ստիպում ինքնասպան լինել, որպեսզի տիրանա նրա թագավորությանը:

Malxas
14.02.2011, 20:29
Բոլորը հասկացան այն, ինչ ավելին էր քան ակնարկը: Անտիոքոսը լարեց ուշադրությունը, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանի իր ահեղ և սիրելի կնոջը, Արիոբարզանը դեմքն վեր հառեց և սկսեց ուսումնասիրել առաստաղի զարդանախշերը, Կրասոսն անսպասելիորեն ինչ որ բան հիշեց և շուռ եկավ ստրուկներին հրաման տալու, վաճառական Սաուլը սկսեց ուղղել գոտկատեղից ամրացված դրամապանակը, իսկ գեղեցկուհի Ամֆիտրիտեն համեստորեն խոնարհեց գլուխը: Միակ անտեղյակն արքայադուստր Սելենեն էր: Նրան էլ մայրը բացատրեց` արագ-արագ ականջին փսփսալով: ՙՓառնակը սրանից մոտ տաս տարի առաջ ստիպել է ինքնասպանություն գործել իր հայր Միհրդատին և ապա թագադրվել որպես Բոսպորի, Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր՚:

Փառնակն անսպասելիությունից սպիտակեց, ապա զայրույթից կաս-կարմիր կտրեց: Պարզվում է` մարդկանց հիշողությունն անսահմանափակ երկար է: Սակայն, նրանք բնավ նեղություն չեն տա իրենց հիշելու, թե ինչպիսի պայմաններում դա կատարվեց: Եթե լսես իրեն կորցրած այս լկտի կնոջը, որը ոչինչ չի գիտակցում բացի իր Տիգրան Մեծի աղջիկը լինելուց և, պարզվում է, այլ բանի մասին չի էլ մտածում բացի իր եղբոր փառասիրությունը պաշտպանելուց, ապա կարելի է ենթադրել, որ իր հայր Միհրդատը մի անկեղծ և զավակների հանդեպ հայրական սիրով տոգորված մարդ էր, իսկ ինքը` երախտամոռ հայրասպան: Փառնակը մտաբերեց իր ընտանիքի պատմությունը: Միհրդատի մայրը սպանել է իր ամուսնուն` Միհրդատի հորը և տիրացել Պոնտոսի գահին: Հետո փորձել է այն աշխարհ ուղարկել Միհրդատին: Միհրդատը խույս է տվել փախչելով, ապա վերադառնալով վրեժ է լուծել` սպանելով իր մորը: Հետո Միհրդատը սպանել է իր կնոջը, որը նաև իր քույրն էր: Ավելի ուշ նա թունավորել է իր որդի Արիարաթին` Փառնակի հարազատ եղբորը: Իսկ ո±ւմ էր պատկանում Բոսպորի թագավորությունը, մինչ Միհրդատ արքան իր թագավորությունը կորցնելուց հետո տիրացավ նրան: Որտե±ղ էր այդ տաղանդավոր միապետը, երբ եղբայրներով իրար էին կոտորում նույն այդ Բոսպորի համար: Գուցե զբաղված էր ուրիշ պետություններում բանսարկություններ կատարելո±վ: Ինչ կա ուրեմն զարմանալու, երբ ինքն այդպիսի ճակատագրի արժանացավ:

Փառնակը հանկարծ գիտակցեց, որ Տիգրանուհին շատ լավ գիտի այս ամենի մասին: Սա թերևս կարելի է որպես Հայաստանի պատասխան որակավորել: Չի կարելի նրա տիրակալի մասին խոսել իբրև սովորական ողբերգակի, քանի հարյուր անգամ չես նշել նրա ՙարքայից արքա՚ լինելը: Ինչ արած: Սխալն իրենն էր: Հարկավոր էր ուղղել այն: Փառնակն ուժերի գերագույն լարումով տիրապետեց իրեն և կրկին դեմքին նույն սիրալիր արտահայտությունը տվեց:
- Սիրելի° զարմուհի, Իմ քույր Կլեոպատրան (Միհրդատ Վեցերորդ Եվպատորի աղջիկը և Տիգրան Երկրորդի կինը) քո և Արտավազդի մայրն է և մենք փաստորեն ամենամոտիկ մարդիկ ենք այս սեղանի շուրջ: Այն, ինչ ասացի Հայաստանի թագավորի մասին, փաստորեն ճիշտ չհասկացվեց քո կողմից, ես հո նրա թշնամին չե±մ: Կարծում էի ազգականներ լինելու հանգամանքը թույլ է տալիս ինձ մի փոքր ազատ արտահայտվել, սակայն տեսնում եմ, որ սխալվել եմ: Եվ իրոք, արքայական մեծությունն ավելի առաջնային է ազգակցականից: Սրանով չեմ վերջացնում: Կոնսուլի պատասխանից հետո ես դեռևս կասեմ իմ խոսքը ՙարքայից արքա՚ Արտավազդի մասին:

Մինչ Տիգրանուհին մտածում էր, թե յուրաքանչյուր օտար ավելի լավ է Փառնակի նման ազգականից, վերջինս հարգալից ետ քաշվեց: Վերջապես խոսելու հերթը հասավ Կրասոսին: Սիրիայի կուսակալը ոտքի կանգնեց և շնորհակալական խոսք ասելով ցուցադրեց իր ողջ հռետորական տաղանդը:
Մոտ մեկ ժամ հյուրերը կերան և խմեցին: Կրասոսը կարողանում էր լավ տանտեր լինել, երբ ուզում էր: Հունաստանից հրավիրված երաժիշտներն ու պարուհիները նվագեցին ու պարեցին, իսկ դերասանները հատվածներ արտասանեցին Եվրիպիդեսի (Ք.Ա.580-406: Հույն մեծագույն ողբերգակ) ՙԲաքոսուհիներ՚ և Արտավազդի ՙԱնահիտ աստվածուհի՚ ստեղծագործություններից: Երեկույթի ձևական մասը մոտենում էր ավարտին: Գալիս էր այն պահը, ինչի համար, ըստ էության, հավաքվել էին: Մաքուր օդ շնչելու պատրվակով հյուրերը դուրս եկան: Կրասոսը մտավ իր առանձնասենյակը: Մերթ ընդ մերթ նրա մոտ էր մտնում այս կամ այն հյուրը: Հյուրերն իրար մեջ նույնպես խոսակցություն էին ունենում: Կանանց եռյակը զբաղված էր բամբասանքների քննարկմամբ, Կապադովկիայի և Կոմմագենայի արքաները վիճում էին սահմանամերձ մի խնդրի շուրջ, Փառնակը Սաուլի հետ Կրասոսի առանձնասենյակ էր մտել, իսկ Աբգարը վերջապես հաջողացրել էր առանձնանալ Սելենեի հետ:

Lion
14.02.2011, 22:13
Երևի ավելի տպավորիչ կլիներ գրել - բազմաթիվ ընթերցողների խնդրանքով... :))Սակայն ճշմարտությունն այն է, որ ակումբում վերը նշված վեպն ինձ խնդրել է մաս մաս տեղադրել մեր սիրելի և հանրաճանաչ Լիոնը: Չնայած եթե մեկ այլ կողմից նայենք, Լիոնը մեն մենակ մի քանի հազար ընթերցող արժի : :))
Սա վեպի երկրորդ խմբագրությունն է, որն առաջինից զգալիորեն տարբերվում է: Առայժմ խմբագրված չէ պրոֆեսիոնալ խմբագրի կողմից, որի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը:

Եղելա տենց բան, Արմեն ջան, եղելա :) Ու շատ հաճելի է, որ դու հարգեցիր իմ ու նաև մեր խնդրանքը: Գիտեք ինչ, ժողովուրդ, ես կարծում եմ, որ մենք պետք է արժանին մատուցենք մեր մեջ ապրող մարդկանց, որոնք երբեմն իրոք մեծ են, բայց... որ իրենք մեզ մոտիկ են, մենք իրենց մեծությունը չենք տեսնում: Ու պետք չի վախենալ ասել այդ մասին այն դեպքում, երբ հանկարծ կասկածում ես, որ կարդում ես մեծ գրողի գործ: Հիմի մեր Արմեն Մալխասյանը. համեստիս կարծիքով, որը պատմավեպերի մեծ սիրահար է, բայց պակաս սիրահար չէ հենց լավ պատմավեպերի, (http://www.akumb.am/showthread.php/32337-Ժամանակակից-հայ-պատմավեպը) Արմենի մոտ լավ է ստացվում - ոճը` ուրախ, թեթև խորիմաստ, բայց հումորային, բարդը պարզ ձևով ասելը, նկարագրությունները, կերպարները...

Անձամբ ես ամեն պատմավեպ չէ, որ հավանում եմ, սա անկեղծ: Բոլորին թվում է, որ պատմավեպ գրելը հեշտից էլ հեշտ մի բան է` դիր ու շարադրիր: Բայց չէ, ամեն ինչ այդքան պարզ չէ - պետք է վեր հանել այն ժամանակի ոգին, այդ ժամանակի շահերն ու հետաքրքրությունները, տեսնել հաճախ աննկատ զսպանակները, որ շարժում են իրադարձությունները - կարծում եմ, որ ներկայիս, համենայն դեպս ինձ հայտնի պատմավեպ գրողներերի մեջ Արմենի մոտ ամենալավերից մեկն է ստացվում: Չեմ վախենում այս մասին բարձրաձայնել - հայտնի գրողին գովելը հեշտ է ու ապահով, բայց դեռևս ոչ այնքան անհայտ գրողի մասին սա ասելը պատասխանատու գործ է և այնուհանդերձ...

Ապրես, Արմեն ջան, ես հավատում եմ, որ ի դեմս քեզ մենք ապրում ենք մեծ մի պատմավիպագրի կողքին: Լավ մտածիր ու շարունակիր գործդ ու նաև... մի քանի խորհուրդներ, եթե կընդունես, իհարկե.

1. Պատմավեպը սկսելու առաջ մանրակրկտորեն ուսումնասիրիր դարաշրջանը, որն նկարագրում ես, վեր հան բոլոր հնարավոր ու անհնար աղբյուրները, մտիր "դարաշրջանի կաշվի մեջ", ապրիր դրանով, խոսիր հերոսներիդ հետ, փորձիր հասկանալ ու տեսնել նրանց,
2. ուշադիր եղիր մանրուքներին, անուններին, տեղանուններին, ժամանակագրությանը,
3. ուշադիր եղիր ռազմական մանրամասներին, աշխատիր այնպես նկարագրել ճակատամարտերդ, որ այն ֆանտաստիկ չլինի,
4. խուսափիր ավելորդ իդեալիզմից - նույնիսկ ամենապաշտելի հերոսներն էլ ընդամենը մարդիկ են եղել, իրենց թերություններով, սխալներով, վախերով և այլն: Մի խուսափիր նման հերոսներից, ճիշտ է, սրանք կորցնում են հերոսականության մեջ, բայց դրա փոխարեն ավելի մարդկային են ու հասկանալի...

Առայժմ այսքանը, իսկ հիմա - ես սկսում եմ ըմբոշխնել քո նոր վեպը` մեկնաբանությունները հաջորդիվ :)

Malxas
14.02.2011, 22:28
Լիոնին

Անկեղծ կարծիքի համար շատ շնորհակալ եմ, խորհուրդների համար նույնպես: :)
Պետք է ասեմ, որ զգալի չափով ուսումնասիրել եմ պատմական աղբյուրները, բայց դե քեզ երբեք չեմ հասնի :)
20.000 տաղանդ Ծոփքի համար և Տիգրան Մեծ վեպերի մեջ կան ճակատամարտերի նկարագրություններ: Պարզապես ժամանակ է պետք, որ հասնենք: :)

Lion
15.02.2011, 08:29
Օսրոենայի երիտասարդ տիրակալ Աբգարը

Խոսքը վերաբերվում է Աբգար II Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53):


Իմ քույր Կլեոպատրան (Միհրդատ Վեցերորդ Եվպատորի աղջիկը և Տիգրան Երկրորդի կինը) քո և Արտավազդի մայրն է և մենք փաստորեն ամենամոտիկ մարդիկ ենք այս սեղանի շուրջ:

Այս մասին կարծես թե արդեն խոսվել է...

Malxas
15.02.2011, 11:41
Խոսքը վերաբերվում է Աբգար II Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53):



Այս մասին կարծես թե արդեն խոսվել է...

Օսրոենայի թագավորների հայ կամ հայ չլինելու մասին ինֆորմացիան հաճախ իրարամերժ է: Եկել եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ այս մեկն արաբ է, ինչին սակայն 100 տոկոսով վստահ չեմ:

Malxas
15.02.2011, 11:51
2.Նորամուծություն թագավորական կյանքում

Տարաշխարհիկ, վառվռուն և շքեղ փռված էր Անտիոք քաղաքը Օրոնտես գետի հովտում և իր բարձր ու անծայրածիր պարիսպներով, բազմաթիվ և բազմաբնույթ տաճարներով, հանրահայտ արձաններով ու հասարակական կառույցներով, փայլում էր ինչպես եզակի մարգարիտ սիրիական արևի տակ: Մտնելով քաղաքի պարիսպներից ներս, որտեղ հունականից բացի սովորական էին նաև պարսկերեն, արամեերեն, հայերեն և եբրայերեն լեզուներով խոսակցությունները, կարելի էր ներկա գտնվել քաղաքաբնակների ամենօրյա աշխույժ և աղմկոտ եռուզեռին և անձամբ համոզվել` արդյո±ք անտիոքցիներն այդքան անզուսպ և զվարճասեր են, ինչպես միաբերան պնդում էին բոլորը:

Անտիոքը շրջակա բոլոր ազգերի կուլտուրաների միաձուլման յուրօրինակ կենտրոն էր, շատ հայտնի իր հսկա թատրոնով, որտեղ ամենահայտնի դերասաններ էին խաղում, էլ ավելի հսկա մարզադաշտով, որտեղ Օլիմպիոսից ոչ պակաս հանդիսավորությամբ Օլիմպիական խաղեր էին անցկացվում, և հանրահայտ սյունաշարով, որը կտուրապատ էր, անցնում էր գլխավոր պողոտայի ամբողջ երկայնքով և պատսպարում իրենց առօրյա հոգսերով զբաղված անտիոքցիներին: Գլխավոր պողոտան երկու կողմից կառուցապատված էր մինչև հինգ հարկանի տներով, իսկ կենտրոնում կամարապատ գեղեցիկ խաչմերուկ ուներ, որտեղից էլ հենց սկիզբ էին առնում Անտիոքի բոլոր գլխավոր փողոցները: Անտիոքը նաև խիտ բնակեցված և միևնույն ժամանակ ընդարձակ քաղաք էր, իր հզորությամբ զիջում էր Հռոմին, Ալեքսանդրիային և Սելևկիային միայն: Ունենալով չորս հարյուր հազար բնակչություն այն կազմված էր չորս խոշոր թաղամասերից, որոնցից Դափնեն, քիչ հարավ էր ընկած, և ոչ միայն Անտիոքի, այլ ամբողջ միջին արևելքի շքեղագույն արվարձանն էր հանդիսանում: Ամբողջովին թաղված դափնիների և կիպարիսի ծառերի մեջ Դափնեն հեռվից կանաչ դրախտի էր նմանվում, սակայն դա միայն արտաքնապես էր այդպես: Դափնեի դրախտային մասը, թերևս, Ապոլլոնի, Զևսի, Իսիդայի շքեղ տաճարները կարելի էր համարել: Մնացյալում այն ավելի շատ հաճույքների և զվարճությունների կենտրոն էր: Հենց Դափնեում կատարվող աղմկոտ խնջույքներն էին, որ անտիոքցիներին զվարճասեր և սանձարձակ մարդկանց համբավ էին բերել:

Դափնե արվարձանում էին գտնվում ամենագեղեցիկ կանանց առանձնատները, զվարճանքի ամենահայտնի կենտրոնները, ամենաշքեղ դղյակները, հյուրանոցներն ու բաղնինքերը: Այստեղ էր և գտնվում Սելևկոս Առաջին Նիկատորի, Անտիոք քաղաքի հիմնադրի պալատը, որտեղ հետագա հարյուրամյակներում իշխում և ժողովուրդների ճակատագրերն էին տնօրինում Սելևկյան հզոր կայսրերը, ավելի ուշ ՙարքայից արքա՚ Տիգրան Մեծը, իսկ այնուհետև, երբ Սիրիան բռնակցվեց Հռոմին և սովորական նահանգի վերածվեց, նաև վերջինիս կուսակալները: Արքայական պալատն ընդարձակ ծաղկազարդ բակ ուներ, շրջապատված էր գեղեցիկ, երկար ծառուղիներով, որտեղ հատուկ սյուների վրա ջահեր էին տեղադրել և այդպիսով գիշերվա ժամերին լուսավոր դարձրել:

Պալատում խնջույք էր, ճոխ և մարդաշատ խնջույք, սակայն ոչ մեկն այն հանրահայտ անտիոքյան սանձարձակություններից, քանզի տրվում էր մի մարդու կողմից, որն ավանդական ընտանեկան դաստիարակություն էր ստացել իր հայրենի Հռոմում: Ինչպես հավանաբար արդեն գլխի ընկաք խոսքը Մարկոս Լիցինիոս Կրասոսի մասին է:

Չանդրադառնանք այլևս խնջույքի մանրամասներին, դրան մենք բավականաչափ խոսեցինք նախորդ գլխում, այլ դուրս գանք պատշգամբ, որտեղ կանգնած է դեռատի և գեղեցիկ մի անձնավորություն և երազկոտ հայացքն ուղղել անորոշ կետի: Դա Կապադովկիայի արքայադուստր Սելենեն է, Կապադովկիայի թագավորի միակ դուստրը: Ավելի ճիշտ դա Ալեքսանդրայի աղջիկն էր առաջին ամուսնությունից, երբ նա Ծոփքի թագուհին էր: Ամուսնու մահվանից հետո Ալեքսանդրային ամուսնացրին Կապադովկիայի թագավորի հետ, իսկ վերջինս որդեգրեց նրան և այնքան կապվեց հետը, որ սիրում էր իր մանկահասակ երկու որդիներից ավելի շատ: Արիոբարզանը փոքրուց Սելենեին դաստիարակել էր իբրև իսկական թագուհու, դեռ վաղ տարիքից նրան ներշնչել իր գալիք դերի մասին: Արքայադուստրը պետք է ամուսնանա հարևան երկրի թագավորներից կամ արքայազներից մեկի հետ և քաղաքական դաշինք ապահովի իր պետության համար` սա պետք է լիներ նրա կենսական գերակայությունը: Ցանկալի էր Հայաստանի թագաժառանգ Արտաշեսի հետ, դրանով Արիոբարզանը կամրապնդեր իր ամենաթույլ մասը, արևելքը, բայց քանի դեռ Ծոփքը գտնվում էր Կապադովկիայի տիրապետության տակ, այդ մասին խոսք չէր կարող լինել: Արտավազդը որպես օժիտ կպահանջեր այդ հարուստ թագավորությունը, որն իրավամբ իրենն էր համարում: Բաժանվել այդպիսի հարուստ երկրամասից Արիոբարզանը չէր ցանկանում, ասենք չէր էլ կարող: Հռոմն էր նվիրել այն իրեն, Հռոմն էլ կարող էր տնօրինել նրա ճակատագիրը: Իսկ տալ Ծոփքը Հայաստանին և այդպիսով է°լ ավելի հզորացնել իր արժանապատիվ և վտանգավոր դաշնակցին յոթ բլուրների քաղաքը չէր ցանկանում: Այս ամենն աղջիկը գիտեր շնորհիվ հոր պարզաբանումների:

Սելենեն հաճախ էր մտածում այն մասին, թե իրեն վերջապես ում հետ կամուսնացնեն, տասնյոթ տարին հասուն տարիք էր աղջկա համար, բայց այսօր նոր մարդիկ էր տեսել և այդ պատճառով առանձնահատուկ հուզմունքով տրվեց երազանքներին: Երանելի հայացքն ուղղելով դեպի հեռուն արքայադուստրը սկսեց պատկերացնել իր հավանական փեսացուներին, որոնք մեկը մյուսի ետևից արագորեն հառնում էին նրա զգայուն երևակայության մեջ ու չքանում նույնքան արագ, որքան հայտնվել էին: Արևմուտքում Գալաթիայի արքայազնն էր, արժանավոր մի երիտասարդ, բայց Գալաթիան նույն կարգավիճակում էր ինչ որ Կապադովկիան, այսինքն Հռոմի վասալն էր, հետևաբար ոչ մի քաղաքական հենարան այդ միությունը չուներ: Հյուսիսում Պոնտոսն էր իր Փառնակ արքայով… Սելենեն միանգամից զզվանքով ետ վանեց իրենից այդ միտքը: Անշուշտ իրեն չեն տա այդ ստոր հայրասպանին: Մնում էին Կոմմագենան և Օսրոենան: Առաջինը բացառվում էր, քանի որ համապատասխան թեկնածու չուներ, իսկ ահա Օսրոենան… Սելենեն հաճույքից շիկնեց, գեղեցիկ մի ժպիտ առաջացավ նրա չքնաղ դեմքին: Աբգարը թագավորում էր դրախտային մի երկրում, և ամենակարևորը` ինչպիսի հայացքներ էր գցում իր վրա, երբ նստած էին սեղանի շուրջ: Մինչ այդ օրը Սելենեն սոսկ հպատակներ ու ծառաներ էր տեսել և բնավ դժվար չէր այս փաստից եզրակացնել, որ Աբգարի շանթարձակ հայացքներն արդեն ունեցել էին իրենց ազդեցությունը: Սիրտը թրթռացնող զգացմունքը դեռևս անծանոթ էր աղջկան, նույնիսկ չէր հասցրել խոստովանել իրեն, բայց արդեն մի փոքր սիրում էր Աբգարին:

- Օսրոենայի արքա Աբգարը ողջունում է քեզ, ո¯վ արևելքի մարգարիտ:

Սելենեն հանցանքի վայրում բռնված գողի նման հանկարծակիի եկավ, քանզի այս խոսքերն ասվել էին այն մարդու կողմից, որի մասին այդ պահին մտածում էր: Աղջիկն ամոթից կարմրեց և այնքան շփոթվեց, որ նույնիսկ չպատասխանեց երիտասարդի ողջույնին:

- Մի±թե քեզ վախեցրի, իմ աչքերի լույս:

Երիտասարդի առանց նախաբանի սիրաբանությունը վերջնականապես ջլատեց աղջկա ուժերը: Մի±թե այդպես են աղջկան հայտնում սերը: Դեռևս կարգին չեն էլ ծանոթացել, իսկ նա իրեն պահում էր այնպես, ասես հարսանիքը շուտվանից որոշված մի բան էր: Աբգարը զգաց այդ և փորձեց շտկել դրությունը:

- Ամեն մի հասարակ մարդ,- սկսեց նա բոլորովին ուրիշ տոնով,- երազում է թագավոր դառնալ, սակայն, նա մի առավելություն ունի թագակիր անձի նկատմամբ և բոլորովին չի գիտակցում այդ:

- Ի±նչ առավելություն կարող է ունենալ հասարակ մարդը թագավորի նկատմամբ,- որոշ դադարից հետո, որն անհրաժեշտ էր ուշքի գալու համար, հարցրեց Սելենեն:

- Յուրաքանչյուր հողագործ, արհեստավոր կամ զինվոր կարող է անձամբ տնօրինել իր ճակատագիրը:
Աղջիկը գլխի ընկավ, թե որ կողմ է տանում Աբգարը և շիկնեց:

- Հասարակ մարդը կարող է ապրել իր հաճույքի համար, ուշադիր շուրջը նայել և սեփական հայեցողությամբ կին ընտրել, մինչդեռ արքան ծնված օրվանից ստրուկ է իր թագին և ամեն քայլը պարտավոր է համաձայնեցնել իր երկրի շահերին: Չկշռված խոսքը, անտեղի ժպիտը կամ չափազանց զայրույթը թանկ կարժենան նրան, բազում հոգսեր ու տհաճություններ կպատճառեն… և նույնիսկ կին նա պարտավոր է ընտրել ըստ պետական շահերի, այլ ոչ սրտի հրամանի:

- Թագակիր անձը ծնված է կատարելու իր պարտքը աստվածների և հպատակների առաջ և իրավուք չունի տնօրինելու անձնական կյանքը,- պատասխանեց արքայադուստրը:

Ինչքան էլ որ Աբգարը հուզված էր, այնուամենայնիվ, հասկացավ` աղջիկը կրկնում է հորից լսած պատրաստի խոսքերը:

- Ես այսօր խախտում եմ այդ օրենքը, Սելե°նե,- շանթարձակ նայելով աղջկա աչքերի մեջ ասաց Աբգարը,- Ես սիրում եմ քեզ և ցանկանում, որ իմը լինես: Կգա±ս ինձ հետ Եդեսիա: Անսպասելիորեն ասված խոսքերը նախկինից էլ ավելի շփոթության մեջ գցեցին աղջկան:

- Մի±թե այդ ամենը հնարավոր է…

- Ես ասացի, որ այսօր խախտում եմ բոլոր օրենքները: Միմիայն այդ է պատճառը, որ փոխանակ դիվանագիտորեն դրան հասնելու, առաջինը որոշել եմ քո համաձայնությունը ստանալ: Կգա±ս ինձ հետ Եդեսիա:

- Ես չգիտեմ, թե ինչ կասի հայրս…

- Ներիր ինձ շիտակության համար, Սելենե: Ես բոլորովին չեմ ուզում հենց առաջին հանդիպմանը չափից ավելին պահանջել: Կցանկանայի պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ, բազում թագավորություններ կործանել, անթիվ քաջագործություններ կատարել և նոր արժանանալ քո սիրուն, սակայն պատասխանիր, այնուամենայնիվ, կգա±ս ինձ հետ Եդեսիա:

- Ես համաձայն եմ,- կմկմաց Սելենեն,- խնդրում եմ միայն սկզբում հորս համաձայնությունը ստանաս:

- Քո ցանկություններն իմ ցանկություններ են, Սելե°նե, - խանդավառված բացականչեց Աբգարը,- ես իմ կյանքն այսուհետև կնվիրաբերեմ քեզ ծառայելուն: Ասա մի խոսք միայն, և ես շուռ կտամ ամբողջ աշխարհը, պատերազմ կհայտարարեմ Հռոմին և Պարթիաին, առանձին-առանձին և միասին վերցրած, կհրկիզեմ Պոնտոսի և Բոսպորի թագավորությունները, ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ:

- Ինչի±ս է պետք հրկիզված թագավորությունը,- մեղմ հարցրեց Սելենեն:

Աբգարը սիրահարվածին հատուկ խանդավառությամբ ծիծաղեց և խոստացավ ոչ մի թագավորություն չհրկիզել: Այնուամենայնիվ Սելենեն զգացված էր ու երջանիկ այն մտքից, որ իր ներշնչած զգացմունքը կարող է ոչ քիչ թվով թագավորությունների կործանման պատճառ դառնալ:

Lion
15.02.2011, 12:06
Օսրոենայի թագավորների հայ կամ հայ չլինելու մասին ինֆորմացիան հաճախ իրարամերժ է: Եկել եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ այս մեկն արաբ է, ինչին սակայն 100 տոկոսով վստահ չեմ:

Ես միշտ մի բանի վրա եմ զարմանում - այդքան թալանել են մեր պատմությունը, բայց այն դեռևս այնքան հարուստ է, որ շարունակում է լինել հետաքրքիր: Հերթական գողունը (http://www.akumb.am/showthread.php/59238-Հայոց-Միջագետքի-թագավորություն-Եդեսիայի-մոռացված-տիրակալը...?p=2176075#post2176075)` Հայաստանի տարածքում գտնված ու հիմնական հայ հպատակեր ունեցող թագավորությունը համարվել է... ոչ հայկական??!!


- Քո ցանկություններն իմ ցանկություններ են, Սելե°նե, - խանդավառված բացականչեց Աբգարը,- ես իմ կյանքն այսուհետև կնվիրաբերեմ քեզ ծառայելուն: Ասա մի խոսք միայն, և ես շուռ կտամ ամբողջ աշխարհը, պատերազմ կհայտարարեմ Հռոմին և Պարթիաին, առանձին-առանձին և միասին վերցրած, կհրկիզեմ Պոնտոսի և Բոսպորի թագավորությունները, ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ:

Սիրահարին... բայց ոչ քաղաքական գործչին հարիր խոսքեր :) Ի դեպ, այդ ժամանակներում Ծոփքը հաստատ Կապադովկիանին չէր` նրա հիմնական մասը Մեծ Հայքի թագավորության կազմում էր, իսկ փոքրիկ մասը` Կոմագենե և Գավրենե գավառները, պատկանում էին Կոմագենեի թագավորությանը...

Malxas
15.02.2011, 12:23
Ես միշտ մի բանի վրա եմ զարմանում - այդքան թալանել են մեր պատմությունը, բայց այն դեռևս այնքան հարուստ է, որ շարունակում է լինել հետաքրքիր: Հերթական գողունը (http://www.akumb.am/showthread.php/59238-Հայոց-Միջագետքի-թագավորություն-Եդեսիայի-մոռացված-տիրակալը...?p=2176075#post2176075)` Հայաստանի տարածքում գտնված ու հիմնական հայ հպատակեր ունեցող թագավորությունը համարվել է... ոչ հայկական??!!



Սիրահարին... բայց ոչ քաղաքական գործչին հարիր խոսքեր :) Ի դեպ, այդ ժամանակներում Ծոփքը հաստատ Կապադովկիանին չէր` նրա հիմնական մասը Մեծ Հայքի թագավորության կազմում էր, իսկ փոքրիկ մասը` Կոմագենե և Գավրենե գավառները, պատկանում էին Կոմագենեի թագավորությանը...

Վեպում Աբգարն ավելի շատ սիրահար է, քան պետական գործիչ :)
Ծոփքի թագավորության պատկանելիության մասով այնքան էլ համամիտ չեմ քեզ հետ: Այն Մեծ Հայքի թագավորությանը վերադարձրել է ավելի ուշ, Արտավազդ Երկրորդը:

Lion
15.02.2011, 12:38
Չէի ուզենա այս թեմայում պատմական վեճ սկսել` ուղղակի այդ պահով վերջին մի դիտարկում առ այն, որ նահանգը կցված էր Մեծ Հայքի թագավորությանը...

Malxas
16.02.2011, 15:30
Նորություն 20.000 տաղանդ Ծոփքի համար պատմավեպի ընթերցողներին: Արդեն գա վեպի 1-6 գլուխների խմբագրված տարբերակը: Չնայած 1 -ին և 2 -րդ գլուխներն արդեն կան թեմայում, սրանք ևս տեղադրում եմ խմբագրված տեսքով: Կարող եք տեսնել, թե ինչքան օգտակար գործ է կատարում խմբագիրը: :)

Malxas
16.02.2011, 15:34
1.Կրասոսը, Փառնակը և մյուսները

Թե երբ Մարկոս Լիցինիոս Կրասոսը որոշեց կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը, դժվար է ասել: Գուցե դրա մասին երազել էր երիտասարդ տարիներին, երբ Սուլլայի հետ կռվում էր արյունարբու Մարիուսի դեմ, իսկ գուցե հասուն տարիքում էր նման եզրահանգման եկել, երբ վճռական ճակատամարտում հաղթանակ էր տարել Սպարտակի դեմ և փրկել Հռոմն այդ զարհուրելի վտանգից: Ինչևիցե, այսօր Մարկոս Կրասոսը, վաթսուներկուամյա թիկնեղ, բայց վաղուց ճերմակած և նույնիսկ իր տարիքից ծեր երևացող հռոմեացին, որպես Սիրիա նահանգի կուսակալ Անտիոք էր ժամանել և պատրաստվում էր մոտակա ամիսներին խորտակիչ հարված հասցնել պարթևական պետությանը: Դա աշխարհի նվաճման առաջին փուլն էր լինելու: Եթե ասելու լինենք ամբողջ ճշմարտությունը, ապա Կրասոսը ժամանել էր դեռևս անցյալ աշուն, գրավել փյունիկյան և հրեական մի քանի քաղաքներ, մանր ճակատամարտեր շահել պարթևների հետ սկսած պատերազմում և աշխույժ գործունեություն սկսել տեղական վաճառականների հետ: Վրա հասած ցրտերը ստիպեցին քաշվել Անտիոք` ձմեռելու:

Որոշելով իզուր չկորցնել ժամանակը Կրասոսն ամբողջապես նվիրվեց առևտրին: Թալանված ոսկյա զարդերը վաճառվում էին, նորից գնվում ավելի էժան գնով ու կրկին վաճառվում: Դրանից հետո Կրասոսը մի նոր գործառություն սկսեց: Զորքն ուժեղացնելու պատճառաբանությամբ համընդհանուր զորահավաք հայտարարեց, իսկ երբ հազարավոր միջագետքցիներ ստիպողաբար հռոմեական ճամբար բերվեցին, բոլորին թույլատրվեց փրկագնվել և տուն վերադառնալ: Այն անսպառ եռանդը, որը Կրասոսը դրսևորեց իբրև վաճառական, ինչպես և առևտրական գործարքների հսկա ծավալը, որ կլանել էր շրջակայքի բոլոր վաճառականների ուժերը, շատերի մոտ կասկած առաջացրեց, թե նա մոռացել է ինչի համար է եկել: Սակայն գարնանային մի գեղեցիկ օր նա փոքր-ինչ հագեցավ առևտրական գործունեությունից և հրավիրեց բոլոր դաշնակիցներին: Փառավոր խմջույք կազմակերպեց, որն իր ճոխությամբ ավելի շատ Լուկուլլոսին կվայելեր, քան կծծի Կրասոսին: Գինին հոսում էր ինչպես Եփրատը վարարման ամիսներին, իսկ խորտիկների բազմազանությունը կարող էր զարմացնել ամենացուցամոլ արևելցուն անգամ: Նույնիսկ կուսակալի ամենաոխերիմ թշնամիները ստիպված եղան մի քանի օր լուռ մնալ և այդ ընթացքում ոչ մի անգամ չհիշատակել, թե անհաշիվ հարստություններին ունեցող Կրասոսն աշխարհի ամենաագահ և ամենաժլատ մարդն է:

Ամեն դեպքում, մի քանի չար լեզուներ գտան այդ չլսված վատնողության պատճառը: Դաշնակից թագավորներից զատ հրավիրված էին արևելքի ամենահարուստ և ամենաճանաչված մարդիկ, իսկ նրանք, ըստ իրենց երկրների սովորության, ճոխ նվերներ կբերեին: Եթե նույնիսկ դա իրոք այդպես էր, ապա ի նպաստ Կրասոսի կարող ենք ասել, որ նրա պալատում հանգրվանած հյուրերը որպես անշահախնդիր բարեկամներ չէին եկել և նույնպես իրենց ակնկալիքներն ունեին: Խնջույքի ժամանակ բազմաթիվ հարցեր պատասխան էին ստանալու: Որոշ թագավորություններ ընդլայնելու էին իրենց տարածքները, մյուսները կորուստներ էին ունենալու: Մի քանի փառասեր իշխաններ իրենց համեստ իշխանական թագերն արքայականի վերածելու հույս էին տածում, իսկ արդեն թագավորական մեծություն ունեցողները փորձելու էին ամրապնդել այն` անակնկալ հարվածով տեղը դնելով ամբարտավան նորելուկներին:

Դաշնակից պետությունների թագավորներին Կրասոսն առանձին սեղանի շուրջ էր տեղավորել և, ընկերակցելով Ամֆիտրիտե անունով մի տասնութամյա գեղեցկուհու` միացել նրանց: Կրասոսից աջ նստած էր Կոմմագենի թագավոր Անտիոքոսը, ուղիղ ու երկարուկ դիմագծերով բացառիկ մի անձնավորություն, որը Նեմրութ լեռան վրա աստվածների հանրահայտ սրբավայրն էր ստեղծել և իրեն էլ, նրանց հավասար, աստված հայտարարել: Հետո Կապադովկիայի արքա Արիոբարզանն էր, իր երկրում երրորդ միապետն այդ անվամբ: Արիոբարզանը մի քանի ամիս առաջ էր թագադրվել, թավամորուս էր և մսոտ ու արևահարված դեմք ուներ: Կոմմագենի արքան իր կնոջ` Տիգրանուհու հետ էր ժամանել, իսկ Կապադովկիայի թագավորը բացի կնոջից բերել էր նաև դեռատի դստերը: Սրանք հաջորդաբար Ալեքսանդրա և Սելենե անուններն էին կրում:

Կրասոսից ձախ տեղ էր գտել Օսրոենի երիտասարդ տիրակալ Աբգարը, դեռևս Պոմպեոսի ժամանակներից Հռոմի հավատարիմ դաշնակիցը, որն այժմ էլ, չնայած սեղանի շուրջ նստած էր Կրասոսից ձախ, իրականում նրա աջ ձեռքն էր: Աբգարը համակրելի տղամարդ էր, բարձրահասակ և ամրակազմ, արտաքինից հավասարակշռված էր երևում, բայց իրականում տաքարյուն էր և կռվարար: Թագավորների ցանկը եզրափակում էր Փառնակը` Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի տիրակալը, Միհրդատ Եվպատորի` Հռոմի երդվյալ թշնամու որդին, որը, սակայն, այժմ հավերժական քաղաքի դաշնակիցներից մեկն էր: Փառնակը հիսունն անց էր, գունատ դեմք ուներ, հաշվենկատ և նենգ հայացք, միջահասակ էր ու պնդակազմ: Վերջին սեղանակիցը հրեա վաճառական Սաուլն էր` վաթսունհինգ տարեկան ճարպակալած մի մարդ, ում մազերը ճակատից նոսրացել ու նահանջել էին, իսկ արծվենի քիթն ու լիքը շրթունքները վստահ տեսք էին տալիս նրա կեցվածքին ու որոշակիորեն պարզում, թե ինչպես է այդ չափազանց հարուստ մարդը հաջողացրել խցկվել դաշնակից թագավորների շարքը:

Կրասոսը բարեհամբույր և ուշադիր էր բոլորի նկատմամբ: Սիրիայի կուսակալը չէր մոռանում հաճոյախոսություններ շռայլել կանանց, իսկ տղամարդկանց երախտագիտություն էր հայտնում` հիշելով մատուցված բազմաթիվ ծառայությունները թե° Հռոմեական կայսրությանը, և թե° անձամբ իրեն: Հյուրերը փոխադարձությամբ էին պատասխանում: Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Կրասոսը արքայական թագ չէր կրում, բայց ավելի մեծ իշխանություն ուներ, քան սեղանի շուրջ նստած բոլոր թագավորները միասին: Վերջապես, ինչի± համար են հավաքվել այստեղ: Մի±թե Կրասոսը չէր այն մարդը, որը ողորմածաբար պատիվներ էր շռայլելու, կամ դժգոհ լինելով շնորհազրկելու էր:

Սակայն, արտաքուստ անհավասարության որևէ նշույլ չկար: Կրասոսը հյուրերին վերաբերվում էր որպես հին բարեկամների, իսկ հյուրերը ձևացնում էին, որ դա, իրոք, այդպես է: Համենայն դեպս, երբ Արիոբարզան Երրորդը կենաց բաժակ բարձրացրեց, հատկապես հավատարիմ դաշնակցի և տարիներով փորձված ընկերոջ տեսք ուներ: Արիոբարզանը իր ժողովրդի անունից խորին երախտագիություն հայտնեց Կրասոսին, զուտ արևելյան ճոխությամբ նկարագրեց Հռոմի նախկին կոնսուլի մի քանի եղած և էլ ավելի շատ հնարած արժանիքները, իսկ վերջում բաժակաճառը հնարամտորեն երդման վերածեց` իր կամքին հլու Կապադովկիան Հռոմի հնազանդ նեցուկ հայտարարելով: Այսքանից հետո պատկառելի կապադովկացին գավաթը դատարկեց է°լ ավելի հանդիսավորությամբ, քան ճառն ինքն էր: Նորին աստվածություն Անտիոքոսի խոսքն ասես իր նախորդի շարունակությունը լիներ: Պարզվեց Կոմմագենն ավելի հավատարիմ պետություն է և, բացի այդ, միակն է բոլորի մեջ, որ ընդունակ է ըստ հարկի գնահատել Կրասոսի ներխուժումն արևելք: Բացահայտվեցին հռոմեացու ևս մի քանի կարևոր արժանիքներ: Դրանց գոյության մասին Կրասոսը, մինչ այդ երեկո, չէր էլ կասկածել: Կապադովկիայի օրինակով Կոմմագենը նույնպես իր բանակն ու գանձարանը հանձնում էր ի տնօրինություն Հռոմի: Բաժակաճառի ավարտին գինին խմվեց ասես ոչ որպես կենացի բնական ավարտ, այլ` ի ցույց բոլորի: Ահա այսպես են խմում բարեկամի կենացը:

Malxas
16.02.2011, 15:35
Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի տիրակալ Փառնակը փորձեց տարբերվել իրենից առաջ խոսք վերցրածներից, սակայն, ըստ էության, անվարժ կրկնեց այն ամենը, ինչ ասել էին նախորդ երկու արքաները: Մինչ այս ամեն ինչ սովորական էր: Կրասոսը գիտեր. երբ արևելյան արքայիկը սեղանի շուրջ խոստանում է տալ իր կյանքը հանուն մեծահզոր տիրակալի, դա ընդամենը նշանակում է` ՙԵս չեմ հարվածի թիկունքիդ, եթե քո բանակը պարթևների երկիր մտնի և պահպանի իր ռազմական հզորությունը՚: Իսկական պայմանավորվածություն ձեռք կբերվեր ավելի ուշ, միմիայն այն բանից հետո, երբ ամեն պետություն հստակ կսակարկեր իր հասանելիքը: Ինչևէ, Փառնակից հետո խոսք վերցրեց Աբգարը, որը երևի միակ անկեղծ մարդն էր սեղանի շուրջը: Չփայլեց երեսուներեքամյա տիրակալն իր բաժակաճառով: Իսկ պատճառը սաստիկ հուզմունքն էր, որ պատել էր նրան այն պահից, երբ առաջին անգամ տեսավ Կապադովկիայի արքայադստերը: Աբգարը խոսեց մի մարդու պես, որը չի էլ մտածում թե ինչ է խոսում, իսկ խոսքը եզրափակեց` ափսոսանք հայտնելով Արտավազդի` Հայաստանի թագավորի բացակայության առթիվ, ում ներկայությունը, եթե նույնիսկ ցանկալի էր, ոչ մի կերպ չէր կապվում ասվածի հետ: Կրասոսը բնավ չվիրավորվեց նրանից: Լինելով իր ժամանակի լավագույն հռետորներից մեկը` ներողամիտ էր վերաբերվում այդպիսի տաղանդազուրկ մարդկանց: Բացի այդ, Աբգարը նրա ամենամերձավոր բարեկամն էր և բաժակաճառի տեսքով չէ, որ պետք է օգնության գար իրեն: Չնայած դրան, խոսակցությունը կտրուկ փոխեց իր կերպը, և դա կատարվեց այնքան արագ, որ նույնիսկ Կրասոսին թույլ չտվեց պատասխան շնորհակալություն հայտնել:

Փառնակը, որը բաժակաճառի ժամանակ չէր կարողացել արտահայտել մտքերն այնպես, ինչպես ինքը կուզենար, մի տեսակ անբավարարվածություն էր զգում: Տեսնելով, թե ինչպես հայտնվեց մեկը, որն իրենից հետ մնաց, Պոնտոսի թագավորը չվարանեց կծու մի խոսքով էլ ավելի շփոթեցնել երիտասարդին և ուրիշին սևացնելու գնով ի չիք դարձնել այն թյուր կարծիքը, որն, իր գնահատմամբ, մինչ այդ ստեղծվել էր:

- Արտավազդն իր մայրաքաղաքում նստած` ողբերգություններ է գրում, սիրելի° Աբգար, և այսօրվա հանդիսության հետ ոչ մի առնչություն չունի,- ասաց նա:
Մինչ Օսրոենի արքան կհավաքեր մտքերը, որպեսզի իր նման քաջին վայել պատասխան տա, Փառնակը հարված ստացավ բոլորովին այլ կողմից: Կոմմագենի թագուհի Տիգրանուհին` Արտավազդի հարազատ քույրը, հետևաբար` Տիգրան Երկրորդի աղջիկը և Փառնակի քրոջ դուստրը, Աբգարին հասցված հարվածից բացի, որը նենգ պոնտացին քողարկել էր շինծու բարեհոգությամբ, տեսավ մի այլ վիրավորանք` հասցված իր եղբորը:

- Արտավազդ արքան, իրոք, ողբերգություն է գրում, սիրելի° մորեղբայր,- պատասխանեց նա,- կարող եմ նույնիսկ ասել, թե ինչի մասին:
Փառնակը շրջվեց: Իր կյանքի չորրորդ տասնամյակը մտած թագուհուն դեռ կարելի էր գեղեցկուհի համարել: Բազմաթիվ ծննդաբերություններն ամենևին չէին փչացրել Տիգրանուհու գեղանի իրանը, որը տարիքի հետ լցվելով` մի նոր հմայք էր ստացել: Դրան կարելի էր ավելացնել ձյունաճերմակ մաշկը, ձյութի նման սև մազերը, մանկամարդ դեմքը, փոքր-ինչ կամարաձև հոնքերը և նրանց տակից բարձր արժանապատվությամբ փայլող աշխույժ աչքերը: Այս ամենը Փառնակին ներկայացան մի ակնթարթում, և նա բարեհոգի ժպտացող կնոջ հայացքի տակ լրջորեն նետված մարտահրավեր տեսավ: Տիգրանուհու արտահայտիչ աչքերը (Փառնակը նոր նկատեց), աննկարագրելի նման էին նրա հոր` Տիգրանի սարսափազդու աչքերին, որ Պոնտոսի այն ժամանակվա արքայազնը տեսել էր պալատական ընդունելություններից մեկի ժամանակ և շատ էր ազդվել էր: Ինչքա¯ն էր հետո հայելու առաջ փորձել այդպիսի հայացքով նայել ու չէր սովորել: Չէ°, Տիգրանի աղջկանից, ինչպես մի ժամանակ Տիգրանից, չի կարելի լավ բան սպասել:

- Մեծ Հայքի արքա Արտավազդը մեր ժամանակի լավագույն ողբերգակն է, սիրելի Տիգրանուհի,- փորձելով շահել անսպասելի հայտնված հակառակորդի համակրանքն` ասաց Փառնակը,- սակայն ստիպված եմ խնդրել, որ այլ անգամվա հետաձգես պատմությունդ:

- Չմոռանանք նաև, որ այսօր հավաքվել ենք…, - այն է, ուզում էր սկսել նորին աստվածություն Անտիոքոս արքան, որն այնքան լավ էր ճանաչում սեփական կնոջը:

- Իսկ ես, այնուամենայնիվ, կասեմ,- ամուսնուն կոպիտ ընդհատեց Տիգրանուհին և ուղիղ նայելով Փառնակի աչքերի մեջ` շարունակեց:- Դա, իրոք, ողբերգություն է, սիրելի մորեղբա°յր: Գործողությունները ծավալվում են Մեծ Հայքից հյուսիս կամ հյուսիս-արևելք գտնվող թագավորություններից մեկում: Տեղի արքան` տաղանդավոր մի տիրակալ, բուռն իրադարձություններով հարուստ կյանք է ապրում: Ճաշակում է թե° հաջողությունների բերկրանքը, թե° դժբախտությունների դառնությունը: Իր կյանքի վերջում թշնամիների կողմից հալածված արքան ապաստան է խնդրում որդուց, իսկ նա դավաճանաբար դաշինք է կնքում հոր թշնամիների հետ և ստիպում ինքնասպան լինել, որպեսզի տիրանա նրա թագավորությանը:

Բոլորը հասկացան այն, ինչ ավելին էր, քան ակնարկը: Անտիոքոսը լարեց ուշադրությունը, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանի իր ահեղ ու սիրելի կնոջը, Արիոբարզանը հայացքը վեր հառեց և սկսեց ուսումնասիրել առաստաղի զարդանախշերը, Կրասոսն անսպասելիորեն ինչ-որ բան հիշեց և շրջվեց ստրուկներին հրաման տալու, վաճառական Սաուլը սկսեց շտկել գոտկատեղին ամրացված դրամապանակը, իսկ գեղեցկուհի Ամֆիտրիտեն համեստորեն խոնարհեց գլուխը: Միակ անտեղյակն արքայադուստր Սելենեն էր: Նրան էլ մայրը բացատրեց` արագ-արագ ականջին փսփսալով. ՙՓառնակը սրանից մոտ տասև տարի առաջ իր հայր Միհրդատին ստիպել է ինքնասպանություն գործել, ապա թագադրվել է որպես Բոսփորի, Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր՚:

Փառնակն անսպասելիությունից ճերմակեց, ապա զայրույթից կաս-կարմիր կտրեց: Պարզվում է` մարդկանց հիշողությունն անսահման երկար է: Սակայն նրանք բնավ նեղություն չեն տա իրենց հիշելու, թե ինչպիսի պայմաններում դա կատարվեց: Եթե լսես իրեն կորցրած այս լկտի կնոջը, որը ոչինչ չի գիտակցում, բացի իր` Տիգրան Մեծի դուստրը լինելուց, և, պարզվում է, այլ բանի մասին չի էլ մտածում, բացի իր եղբոր փառասիրությունը պաշտպանելուց, ապա կարելի է ենթադրել, որ իր հայր Միհրդատը մի անկեղծ և զավակների հանդեպ հայրական սիրով տոգորված մարդ էր, իսկ ինքը` երախտամոռ հայրասպան: Փառնակը մտաբերեց իր ընտանիքի պատմությունը: Միհրդատի մայրը սպանել է ամուսնուն` Միհրդատի հորը և տիրացել Պոնտոսի գահին: Հետո փորձել է այն աշխարհ ուղարկել Միհրդատին: Միհրդատը խույս է տվել փախչելով, ապա վերադառնալով` վրեժ էր լուծել` սպանելով իր մորը: Հետո Միհրդատը սպանել է իր կնոջը, որը նաև իր քույրն էր: Ավելի ուշ թունավորել է իր որդի Արիարաթին` Փառնակի հարազատ եղբորը: Իսկ ո±ւմ էր պատկանում Բոսպորի թագավորությունը, մինչ Միհրդատ արքան իր թագավորությունը կորցնելուց հետո տիրացավ նրան: Որտե±ղ էր այդ տաղանդավոր միապետը, երբ եղբայրներով իրար էին կոտորում նույն այդ Բոսփորի համար: Գուցե ուրիշ պետություններում զբաղված էր բանսարկություններո±վ: Ինչ կա, ուրեմն, զարմանալու, որ այդպիսի ճակատագրի արժանացավ: Փառնակը հանկարծ գիտակցեց, որ Տիգրանուհին շատ լավ գիտի այս ամենի մասին: Սա, թերևս, կարելի է որպես Հայաստանի պատասխան որակավորել, որի տիրակալի մասին չի կարելի խոսել իբրև սովորական ողբերգակի, քանի հարյուր անգամ չես նշել նրա ՙարքայից արքա՚ լինելը: Ինչ արած: Սխալն իրենն էր: Հարկավոր էր ուղղել: Փառնակն ուժերի գերագույն լարումով տիրապետեց իրեն և կրկին դեմքին նույն սիրալիր արտահայտությունը տվեց:

- Սիրելի° զարմուհի, իմ քույր Կլեոպատրան քո և Արտավազդի մայրն է, ու մենք փաստորեն ամենահարազատ մարդիկ ենք այս սեղանի շուրջ: Այն, ինչ ասացի Հայաստանի թագավորի մասին, փաստորեն ճիշտ չհասկացվեց քո կողմից. ես հո նրա թշնամին չե±մ: Կարծում էի` ազգական լինելու հանգամանքը թույլ է տալիս ինձ մի փոքր ազատ արտահայտվել, սակայն տեսնում եմ, որ սխալվել եմ: Եվ իրոք, արքայական մեծությունն ավելի առաջնային է ազգակցականից: Սրանով չեմ ավարտում: Կոնսուլի պատասխանից հետո դեռ կասեմ իմ խոսքը ՙարքայից արքա՚ Արտավազդի մասին:

Մինչ Տիգրանուհին մտածում էր, թե ցանկացած օտար ավելի լավ է Փառնակի նման ազգականից, նա հարգալից հետ քաշվեց: Վերջապես խոսելու հերթը հասավ Կրասոսին: Սիրիայի կուսակալը ոտքի կանգնեց և շնորհակալական խոսք ասելով` ցուցադրեց իր ողջ հռետորական տաղանդը:

Մոտ մեկ ժամ հյուրերը կերան ու խմեցին: Կրասոսը կարողանում էր լավ տանտեր լինել, երբ ուզում էր: Հունաստանից հրավիրված երաժիշտներն ու պարուհիները նվագեցին ու պարեցին, իսկ դերասանները հատվածներ արտասանեցին Եվրիպիդե ՙԲաքոսուհիներ՚ և Արտավազդի ՙԱնահիտ աստվածուհի՚ ստեղծագործություններից: Երեկույթի պաշտոնական մասը մոտենում էր ավարտին: Գալիս էր այն պահը, որի համար, ըստ էության, հավաքվել էին: Մաքուր օդ շնչելու պատրվակով հյուրերը դուրս եկան: Կրասոսը մտավ իր առանձնասենյակը: Մերթընդմերթ նրա մոտ էր մտնում այս կամ այն հյուրը: Հյուրերն իրար մեջ էլ խոսում էին: Կանանց եռյակը զբաղված էր բամբասանքների քննարկմամբ, Կապադովկիայի և Կոմմագենայի արքաները վիճում էին սահմանամերձ մի խնդրի շուրջ, Փառնակը Սաուլի հետ Կրասոսի առանձնասենյակ էր մտել, իսկ Աբգարը վերջապես հաջողացրել էր առանձնանալ Սելենեի հետ:

Malxas
16.02.2011, 15:43
2. Նորամուծություն թագավորական կյանքում

Տարաշխարհիկ, վառվռուն ու շքեղ փռված էր Անտիոք քաղաքը Օրոնտես գետի հովտում և իր բարձր ու անծայրածիր պարիսպներով, բազմաթիվ ու բազմաբնույթ տաճարներով, հանրահայտ արձաններով ու հասարակական կառույցներով շողում էր ինչպես եզակի մարգարիտ սիրիական արևի տակ: Մտնելով քաղաքի պարիսպներից ներս, որտեղ հունարենից բացի սովորական էր նաև պարսկերեն, արամեերեն, հայերեն և եբրայերեն խոսքը, կարելի էր ներկա գտնվել քաղաքաբնակների ամենօրյա աշխույժ և աղմկոտ եռուզեռին և անձամբ համոզվել` արդյո±ք անտիոքցիներն այդքան անզուսպ և զվարճասեր են, ինչպես միաբերան պնդում էին բոլորը:

Անտիոքը շրջակա բոլոր ազգերի մշակույթների միաձուլման յուրօրինակ կենտրոն էր, հանրահայտ` իր հսկա թատրոնով, որտեղ ամենահայտնի դերասաններ էին խաղում, էլ ավելի հսկա մարզադաշտով, որտեղ Օլիմպիոսից ոչ պակաս հանդիսավորությամբ Օլիմպիական խաղեր էին անցկացվում, և հանրահայտ սյունաշարով, որը կտուրապատ էր, անցնում էր գլխավոր պողոտայի ամբողջ երկայնքով և պատսպարում իրենց առօրյա հոգսերով զբաղված անտիոքցիներին: Գլխավոր պողոտան երկու կողմից կառուցապատված էր մինչև հինգ հարկանի տներով, իսկ կենտրոնում կամարապատ գեղեցիկ խաչմերուկ ուներ, որտեղից էլ հենց սկիզբ էին առնում Անտիոքի բոլոր գլխավոր փողոցները: Անտիոքը նաև խիտ բնակեցված և միևնույն ժամանակ ընդարձակ քաղաք էր, իր հզորությամբ զիջում էր Հռոմին, Ալեքսանդրիային և Սելևկիային միայն: Ունենալով չորս հարյուր հազար բնակչություն` կազմված էր չորս խոշոր թաղամասերից, որոնցից Դափնեն քիչ հարավ էր ընկած, և ոչ միայն Անտիոքի, այլ ամբողջ միջին արևելքի շքեղագույն արվարձանն էր: Ամբողջովին թաղված դափնիների և կիպարիսի ծառերի մեջ` Դափնեն հեռվից կանաչ դրախտի էր նման, բայց` միայն արտաքուստ: Դափնեի դրախտային մասը, թերևս, Ապոլլոնի, Զևսի, Իսիդայի շքեղ տաճարները կարելի էր համարել:

Մնացյալում այն ավելի շատ հաճույքների և զվարճությունների կենտրոն էր: Հենց Դափնեի աղմկոտ խնջույքներն էին անտիոքցիներին զվարճասեր և սանձարձակ մարդկանց համբավ բերել: Դափնե արվարձանում էին ամենագեղեցիկ կանանց առանձնատները, զվարճանքի ամենահայտնի կենտրոնները, ամենաշքեղ դղյակները, հյուրանոցներն ու բաղնիքերը: Այստեղ էր նաև Սելևկոս Առաջին Նիկատորի, Անտիոք քաղաքի հիմնադրի պալատը, որտեղ հետագա հարյուրամյակներում իշխում և ժողովուրդների ճակատագրերն էին տնօրինում Սելևկյան հզոր կայսրերը, ավելի ուշ` ՙարքայից արքա՚ Տիգրան Մեծը, իսկ հետո, երբ Սիրիան բռնակցվեց Հռոմին և սովորական նահանգի վերածվեց, նաև վերջինիս կուսակալները: Արքայական պալատն ընդարձակ ծաղկազարդ բակ ուներ, շրջապատված էր գեղեցիկ, երկար ծառուղիներով, որտեղ գիշերային ժամերն էլ լուսավոր էին հատուկ սյուների վրա տեղադրված ջահերի շնորհիվ:

Պալատում խնջույք էր, ճոխ ու մարդաշատ խնջույք, սակայն ոչ հանրահայտ անտիոքյան սանձարձակություններից, քանզի տրվում էր մի մարդու կողմից, որն ավանդական ընտանեկան դաստիարակություն էր ստացել հայրենի Հռոմում: Հավանաբար արդեն գլխի ընկաք, որ խոսքը Մարկոս Լիցինիոս Կրասոսի մասին է:

Չանդրադառնանք այլևս խնջույքի մանրամասներին, դրամասին բավականաչափ խոսեցինք նախորդ գլխում, այլ դուրս գանք պատշգամբ, որտեղ կանգնած է դեռատի և գեղեցիկ մի անձնավորություն` երազկոտ հայացքն ուղղած անորոշ մի կետի: Կապադովկիայի արքայադուստր Սելենեն էր, Կապադովկիայի թագավորի միակ դուստրը: Ավելի ճիշտ, Ալեքսանդրայի աղջիկն էր առաջին ամուսնությունից, երբ նա Ծոփքի թագուհին էր: Ամուսնու մահվանից հետո Ալեքսանդրային ամուսնացրին Կապադովկիայի թագավորի հետ, իսկ սա որդեգրեց նրան և այնքան կապվեց հետը, որ սիրում էր իր մանկահասակ երկու որդիներից ավելի: Արիոբարզանը մանկուց Սելենեին դաստիարակել էր իբրև իսկական թագուհու, դեռ վաղ տարիքից նրան ներշնչել իր գալիք դերը: Արքայադուստրը պետք է ամուսնանա հարևան երկրի թագավորներից կամ արքայազններից մեկի հետ և քաղաքական դաշինք ապահովի իր պետության համար. սա պետք է լիներ նրա կենսական գերակայությունը: Ցանկալի էր` Հայաստանի թագաժառանգ Արտաշեսի հետ, դրանով Արիոբարզանը կամրապնդեր իր ամենաթույլ կողմը` արևելքը, բայց քանի դեռ Ծոփքը Կապադովկիայի տիրապետության տակ էր, այդ մասին խոսք լինել չէր կարող: Արտավազդը որպես օժիտ կպահանջեր այդ հարուստ թագավորությունը, որն իրավամբ իրենն էր համարում: Բաժանվել այդպիսի հարուստ երկրամասից Արիոբարզանը չէր ցանկանում, ասենք` չէր էլ կարող: Հռոմն էր նվիրել այն իրեն, Հռոմն էլ կարող էր տնօրինել նրա ճակատագիրը: Իսկ տալ Ծոփքը Հայաստանին և այդպիսով է°լ ավելի հզորացնել իր արժանապատիվ և վտանգավոր դաշնակցին` յոթ բլուրների քաղաքը չէր ցանկանում: Այս ամենն աղջիկը գիտեր շնորհիվ հոր բացատրությունների:

Սելենեն հաճախ էր մտածում այն մասին, թե իրեն վերջապես ում հետ կամուսնացնեն, տասնյոթ տարին հասուն տարիք էր աղջկա համար, բայց այսօր նոր մարդիկ էր տեսել և այդ պատճառով առանձնահատուկ հուզմունքով տրվեց երազանքներին: Երանությամբ լի հայացքն ուղղելով հեռուն` արքայադուստրը սկսեց պատկերացնել իր հավանական փեսացուներին, որոնք մեկը մյուսի ետևից հառնում էին նրա զգայուն երևակայության մեջ ու չքանում նույնքան արագ, որքան հայտնվել էին: Արևմուտքում Գալաթիայի արքայազնն էր, արժանավոր մի երիտասարդ, բայց Գալաթիան նույն կարգավիճակում էր, ինչ Կապադովկիան, այսինքն Հռոմի վասալն էր, հետևաբար ոչ մի քաղաքական հենարան այդ միությունը չուներ: Հյուսիսում Պոնտոսն էր` Փառնակ արքայով… Սելենեն միանգամից զզվանքով վանեց այդ միտքը: Անշուշտ իրեն չեն տա այդ ստոր հայրասպանին: Մնում էին Կոմմագենն ու Օսրոենը: Առաջինը բացառվում էր, քանի որ համապատասխան թեկնածու չուներ, իսկ ահա Օսրոենը… Սելենեն հաճույքից շիկնեց, գեղեցիկ մի ժպիտ ծաղկեց չքնաղ դեմքին: Աբգարը թագավորում էր դրախտային մի երկրում, և ամենակարևորը` ի¯նչ հայացքներ էր գցում իր վրա, երբ նստած էին սեղանի շուրջ: Մինչ այդ օրը Սելենեն սոսկ հպատակներ ու ծառաներ էր տեսել և բնավ դժվար չէր եզրակացնել, որ Աբգարի շանթարձակ հայացքներն արդեն ունեցել էին իրենց ազդեցությունը: Սիրտը թրթռացնող զգացմունքը դեռ անծանոթ էր աղջկան, նույնիսկ չէր հասցրել խոստովանել իրեն, բայց արդեն մի փոքր սիրում էր Աբգարին:

- Օսրոենի արքա Աբգարը ողջունում է քեզ, ո¯վ արևելքի մարգարիտ:

Սելենեն հանցանքի վայրում բռնվածի նման հանկարծակիի եկավ, քանզի այդ խոսքերն ասել էր այն մարդը, ում մասին այդ պահին մտածում էր: Աղջիկն ամոթից կարմրեց և այնպես շփոթվեց, որ նույնիսկ չպատասխանեց երիտասարդի ողջույնին:

- Մի±թե քեզ վախեցրի, իմ աչքերի լույս:

Երիտասարդի առանց նախաբանի սիրաբանությունը վերջնականապես ջլատեց աղջկան: Մի±թե այդպես են հայտնում սերը: Դեռ կարգին չեն էլ ծանոթացել, իսկ նա իրեն պահում էր այնպես, ասես հարսանիքը վաղուց որոշված մի բան էր: Աբգարը զգաց դա ու փորձեց շտկել դրությունը:

- Ամեն մի հասարակ մարդ,- սկսեց նա միանգամայն այլ տոնով,- երազում է թագավոր դառնալ, բայց նա մի առավելություն ունի թագակիր անձի նկատմամբ և դա բոլորովին չի գիտակցում:

- Ի±նչ առավելություն կարող է ունենալ հասարակ մարդը թագավորի հանդեպ,- որոշ դադարից հետո, որն անհրաժեշտ էր ուշքի գալու համար, հարցրեց Սելենեն:

- Ամեն մի հողագործ, արհեստավոր կամ զինվոր կարող է անձամբ տնօրինել իր ճակատագիրը:

Աղջիկը գլխի ընկավ, թե ուր է տանում Աբգարը, և շիկնեց:

- Հասարակ մարդը կարող է ապրել իր հաճույքի համար, ուշադիր շուրջը նայել և սեփական հայեցողությամբ կին ընտրել, մինչդեռ արքան ծնված օրվանից ստրուկն է իր թագի և ամեն քայլը պարտավոր է համաձայնեցնել իր երկրի շահերին: Չկշռված խոսքը, անտեղի ժպիտը կամ չափազանց զայրույթը թանկ կարժենան նրան, բազում հոգսեր ու տհաճություններ կպատճառեն… և նույնիսկ կին պարտավոր է ընտրել ըստ պետական շահերի, այլ ոչ սրտի հրամանով:

- Թագակիր անձը ծնված է կատարելու իր պարտքը աստվածների և հպատակների առաջ և իրավուք չունի տնօրինելու անձնական կյանքը,- պատասխանեց արքայադուստրը:

Որքան էլ Աբգարը հուզված էր, այնուամենայնիվ, հասկացավ` աղջիկը կրկնում է հորից լսած պատրաստի խոսքերը:

- Ես այսօր խախտում եմ այդ օրենքը, Սելե°նե,- շանթարձակ նայելով աղջկա աչքերի մեջ` ասաց Աբգարը,- Ես սիրում եմ քեզ և ցանկանում, որ իմը լինես: Կգա±ս ինձ հետ Եդեսիա:

Անսպասելի խոսքերը նախկինից ավելի շփոթության մեջ գցեցին աղջկան:
- Մի±թե դա հնարավոր է…

- Ես ասացի, որ այսօր խախտում եմ բոլոր օրենքները: Միմիայն այդ է պատճառը, որ փոխանակ դիվանագիտորեն դրան հասնելու, առաջինը որոշել եմ քո համաձայնությունը ստանալ: Կգա±ս ինձ հետ Եդեսիա:

- Ես չգիտեմ, թե ինչ կասի հայրս…

- Ներիր ինձ շիտակության համար, Սելե°նե: Բնավ չեմ ուզում հենց առաջին հանդիպմանը չափից ավելին պահանջել: Կցանկանայի պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ, բազում թագավորություններ կործանել, անթիվ քաջագործություններ կատարել և նոր արժանանալ քո սիրուն, սակայն պատասխանիր, այնուամենայնիվ, կգա±ս ինձ հետ Եդեսիա:

- Ես համաձայն եմ,- կմկմաց Սելենեն,- խնդրում եմ միայն նախ հորս համաձայնությունը ստանաս:

- Քո ցանկություններն իմ ցանկություններ են, Սելե°նե, - խանդավառ բացականչեց Աբգարը,- ես իմ կյանքն այսուհետև կնվիրաբերեմ քեզ ծառայելուն: Ասա մի խոսք միայն, և ես շուռ կտամ ամբողջ աշխարհը, պատերազմ կհայտարարեմ Հռոմին և Պարթիաին, առանձին-առանձին և միասին, կհրկիզեմ Պոնտոսի և Բոսպորի թագավորությունները, ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ:

- Ինչի±ս է պետք հրկիզված թագավորությունը,- մեղմ հարցրեց Սելենեն:
Աբգարը սիրահարվածին հատուկ խանդավառությամբ ծիծաղեց և խոստացավ ոչ մի թագավորություն չհրկիզել: Այնուամենայնիվ, Սելենեն զգացված էր ու երջանիկ այն մտքից, որ իր ներշնչած զգացմունքը կարող է թագավորությունների կործանման պատճառ դառնալ:

Malxas
16.02.2011, 15:56
3.Գործարար մարդիկ

Կրասոսի առանձնասենյակում: Կրասոս և Փառնակ:
- Այն բանից հետո, երբ Պոնտոսը Հռոմի դաշնակիցը դարձավ, մեր հարաբերությունները սերտացել են, իսկ հանդիպումները դարձել մի հաճելի իրադարձություն: Սակայն, իմանալով, որ ցանկացել ես տեսնել ինձ, խիստ զարմացա: Ի±նչն է քեզ ստիպել, Փառնա°կ, հսկա տարածություն կտրել և հասնել աշխարհի ծայրը:

Ահա այսպես դիմեց Կրասոսը Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի թագավորին, երբ նա վաճառական Սաուլի հետ ներս մտավ և տեղավորվեց կոնսուլի դիմաց` հարմարավետ բազմոցի վրա: Փառնակը չէր շտապում պատասխանել: Խորամանկ պոնտացին, նենգ ժպիտ խաղացնելով դեմքին` ուշադիր զննում էր թանկարժեք մատանիներով զարդարված աջ ձեռքի մատները` ձևացնելով, թե ամբողջովին կլանված է դրանով:

- Պարթևների հետ պատերազմը չէ, որ բերել է ինձ այստեղ,- վերջապես պատասխանեց Փառնակը, ապա բազմանշանակ լռեց ու շարունակեց,- աշխարհին է հայտնի` Կրասոսը ոչ միայն քաջ զորավար է, այլև շնորհալի գործարար մարդ: Չէ± որ քո այդ տաղանդին ես պարտական հարստությունը, որին տիրում ես: Ասում են` Հռոմում քեզնից հարուստ մարդ չկա:
Կրասոսն, իրոք, տաղանդավոր գործարար էր, բայց իր հարստության մեծ մասը դիզել էր նենգությամբ ու ստորությամբ, դիկտատոր Սուլլայի կառավարման սկզբում, երբ հարուստ մարդկանց և անձնական հակառակորդներին հատուկ ցուցակների մեջ էին մտցնում և պետության թշնամիների անվան տակ մահապատժի ենթարկում, իսկ զոհերի ունեցվածքն անցնում էր իրենց դահիճներին: Ասում էին` Կրասոսն այդ ժամանակ այնքան էր չափն անցել, որ հարուցել էր նույնիսկ գթություն չիմացող Սուլլայի վրդովմունքը:

- Հույժ կարևոր մի գործ է ինձ բերել այստեղ,- շարունակեց Փառնակը,- մի գործ, որով, կարծում եմ, հետաքրքրված կլինես նույնքան, որքան ես:

Կրասոսի դեմքին, իրոք, հետաքրքրության նշույլ երևաց: Փառնակի խոսակցությունից փողի հոտ էր գալիս, իսկ դա միակ բանն էր, որի կողքով Կրասոսն անընդունակ էր անտարբեր անցնել:

- Ավելի պարզ արտահայտվի°ր, Փառնա°կ:

- Կա մի փոքրիկ թագավորություն, վիճելի մի տարածք: Մերթ մի պետության մասն է կազմում, մերթ` մյուսի, երբեմն էլ նույնիսկ անկախություն է ստանում: Տուր ինձ այդ թագավորությունը, ոսկով կհատուցեմ…

- Ի±նչ թագավորության մասին է խոսքը,- անհամբեր կտրեց Կրասոսը, որը չէր սիրում անտեղի ժամանակ վատնել:

Փառնակը նորից նենգ ժպտաց ու նայեց Սաուլին, որն ակնթարթորեն կրկնօրինակեց Պոնտոսի թագավորի հայացքը:

- Գուցե դո±ւ ասես, Սաո°ւլ: Չէ որ հենց քոնն է այդ հանճարեղ միտքը:
Սաուլը համեստորեն խոնարհեց գլուխը և պատասխանեց արագ` առանց չարաշահելու խիստ ու գործնական հռոմեացու համբերությունը:

- Խոսքը Ծոփքի թագավորության մասին է,- ասաց նա:

Կրասոսը դիվանագիտորեն ծիծաղեց:

- Ծոփքը Կապադովկիային է պատկանում, ինչպես կարող եմ առանց սենատի թույլտվության վերցնել ու քեզ տալ:

- Այս պահին դա ամենևին էլ անհնար չէ, նույնիսկ շատ դյուրին է,- առանց դեմքի որևէ մկան շարժելու ասաց Փառնակը:

- Բարի եղիր բացատրել, թե ինչպես:

- Նախ քեզ կպատմեմ, թե ինչպես է Ծոփքը բաժին ընկել Կապադովկիային:

- Ես իսկապես հետաքրքրությամբ կլսեմ,- պատրաստակամորեն ասաց Կրասոսը,- միայն խնդրում եմ հնարավորինս հակիրճ` առանց արևելյան հանրահայտ դարձվածքների ու ճչացող համեմատությունների:
Փառնակն այնպես լիաթոք ծիծաղեց, ասես իսկապես ընդունակ էր այդպես անկեղծորեն ուրախանալ:

- Հռո¯մ, Հռո¯մ,- ծոր տվեց նա,- ինչ խելահեղ արագությամբ է հոսում կյանքն այստեղ:

Պոնտացին փոքր դադար տվեց, ապա դիմախաղով իմաստավորեց հայացքն ու փիլիսոփայական շեշտադրումով շարունակեց.
- Ճոխ դարձվածքները խոսքի համն ու հոտն են, Կրասո°ս, իսկ գեղեցիկ համեմատությունները` պատմության հետաքրքրությունը: Հրաժարվել սրանցից` կնշանակի հրաժարվել կյանքից, իսկ խելահեղ սլանալը կնշանակի գահավիժման վտանգի ենթարկվել:

Կրասոսին այլ բան չմնաց, քան ուրախ ծիծաղել ու հրաժարվել իր խիստ գործնական կեցվածքից:

- Դե լավ, Փառնա°կ, պատմիր ինչպես կուզես,- ասաց նա:
Փառնակն անշտապ վերցրեց գինու գավաթը, մի կում աստվածային խմիչք վայելեց և կկոցելով նենգ աչքերը` սկսեց պատմել:

- Սրանից մոտ տասը տարի առաջ,- ասաց նա,- Ծոփքը Հայաստանին էր պատկանում:

Նորից լռություն տիրեց, բայց` ոչ տևական: Փառնակը լրջացել էր և ցանկանում էր հնարավորինս արագ Կրասոսին շարադրել իր ծրագիրը:

- Ծերունի Տիգրանը Ծոփքն իր որդի Տիգրան Կրտսերին էր հանձնել,- շարունակեց նա,- բայցն այն մարդկանցից չէր Տիգրան Կրտսերը, որոնք ընդունակ են այդպիսի փոքրիկ թագավորությամբ գայթակղվել, երբ հորիզոնում շողշողում էր Մեծ Հայքի գահը: Ցանկանալով շրջանցել հորը և ՙարքայից արքա՚ հորջորջվել` Տիգրան Կրտսերն ապստամբություն բարձրացրեց: Ծերունի Տիգրանը սեղմված էր Պարթիայի ու Հռոմի միջև և անելանելի դրության մեջ ընկավ: Թվում էր` եկել է նրա վերջը, բայց գործերն անսպասելի ընթացք ստացան: Թե ինչպես հաջողացրեց բարեկամանալ Պոմպեոսի հետ և հաշտության պայմանագիր կնքել` մինչ օրս առեղծված է մնում: Այն ժամանակ հայերը տարածքային կորուստ չունեցան և պահպանեցին բուն հայկական հողերը: Տիգրանը նույնիսկ ռազմատուգանք չվճարեց, եթե նկատենք, որ Պոմպեոսի պահանջած վեց հազար տաղանդ ոսկին վճարվեց այլևս Հայաստանին չպատկանող Ծոփքից: Դրանից հետո պարթևները զգուշորեն պոչերն իրենց քաշեցին, իսկ Տիգրան Կրտսերը հորը նորից տեսնելով Հայաստանի գահին` այնպես կատաղեց, որ հիմարություն ունեցավ Պոմպեոսի երեսին ասել այն ամենը, ինչ մտածում էր նրա մասին, իսկ սա ստիպված եղավ կալանել կռվազան տղային ու հետը Հռոմ տանել: Տիգրան Կրտսերը Հռոմում կարճ, բայց բուռն ժամանակ անցկացրեց…

- Գիտե¯մ, գիտե¯մ,- անսպասելիորեն գոչեց Կրասոսը,- կանանց կուռքն էր ու տղամարդկանց սարսափը: Առանձնապես Կլոդիոսի հետ էր մտերմացել, իսկ դա մի մարդ էր, որի ահից Ցիցերոնը սարսափում էր քիթը հանել Պալատինի իր տնից: Ինչքա¯ն աղմուկ հանեցին այդ երկուսը: Հենց Կլոդիոսն էր, որ կազմակերպեց Տիգրան Կրտսերի փախուստը, բայց դավադիրներն անհաջողություն կրեցին: Կլոդիոսը ստիպված էր որոշ ժամանակ թաքնվել, իսկ Տիգրան Կրտսերը բռնվեց ու մահապատժի ենթարկվեց:

Փառնակը հիացած ժպտաց:

- Այսպիսով, Ծոփքի գահը մնաց թափուր,- շարունակեց նա:- Իրավամբ այն Հայաստանին էր պատկանում, բայց Հռոմը վտանգավոր համարեց կրկին Տիգրանին տալ: Հայաստանի հզորացումը կարող էր նոր գլխացավանքներ բերել. ո±վ չգիտեր Տիգրանի մեծ ծրագրերի մասին: Ծոփքն ուղղակի նվիրեցին Կապադովկիային:

- Իսկ ինչո±վ պատասխանեց ծերունի Տիգրանը:

Փառնակը տհաճությամբ տարուբերեց գլուխը:

- Այն ժամանակ Հայաստանի տեղը նեղ էր, կարելի էր ավելի ծանր պայմաններ պարտադրել: Բայց այդ անիծյալ ծերունին բանակցությունների մեջ մտավ Պոմպեոսի հետ և` այնքան վարպետորեն ու ինքնավստահ, որ նույնիսկ այն ժամանակ օգուտ քաղեց, երբ միայն վնասներ պետք է կրեր: Համբերատար լսելով Հայաստանի թագավորին, Պոմպեոսը մի պայմանագիր ստորագրեց, որով Ծոփքը Կապադովկիային տվեց ոչ թե հավերժ, այլ` տասը տարի ժամկետով: Ի լրումն` Տիգրանը մի յուղալի պատառ էլ Փոքր Հայքից պոկեց: Ամբողջ հինգ հազար քառակուսի կիլոմետր` ոսկու և արծաթի հանքերով հարուստ մի երկրամաս, որը մի քանի տարի անց, հորս մահից հետո ինձ էր պատկանելու:

- Դու ուզում ես նաև այդ հանքե±րը հետ ստանալ,- հարցրեց Կրասոսը:

Փառնակը չնկատելու տվեց Կրասոսի ծաղրը:

- Մի քանի ամիս անց լրանում է Ծոփքը Կապադովկիային հանձնելու պայմանագրի ժամկետը,- ասաց նա ու բազմանշանակ լռեց:

Կրասոսը վեր կացավ և հետուառաջ անելով` ասաց:

- Հետաքրքրաշարժ պատմություն արեցիր Ծոփքի թագավորության մասին, բայց այդպես էլ չասացիր` ի±նչ պատրվակով կարող եմ այն միացնել Պոնտոսին: Քո ասածից բխում է, որ ավելի արդարացի կլիներ Ծոփքը Հայաստանին միացնել: Լինել հարուստ և Սիրիայի պրոկոնսուլի թիկնոց կրել` ամենևին չի նշանակում լինել ամենակարող: Սենատում ի±նչ պատասխան կարող եմ տալ:
- Պատասխան տալ ընդհանրապես պետք չէ,- ավելի խորացնելով Կրասոսի զարմանքը` գոչեց Փառնակը,- ես բոլորովին չեմ կատակում, իմ սիրելի բարակամ: Եթե Ծոփքը Հայաստանից վերցվել է նրան թուլացնելու նպատակով, ինչ տարբերություն, ուրեմն, Կապադովկիայի±ն է միացվել, թե± Պոնտոսին:

- Ենթադրենք ես համաձայն եմ գործարքի մեջ մտնել քեզ հետ, բայց հո չե±մ կարող հենց այնպես վերցնել ու քեզ տալ Ծոփքը: Հռոմն օգտվում է Ծոփքի եկամուտներից. սենատը չի վավերացնի իմ որոշումը:
- Այժմ ես և դու պետք է օգտվենք Ծոփքի եկամուտներից, իսկ որոշման վավերացում ինձ բոլորովին պետք չէ: Ամեն դեպքում, առանց պատճառի չենք վերցնի Ծոփքը: Ես ամեն բան կհոգամ: Արիոբարզանին էլ մի բան կտանք: Բոլորն էլ գոհ կլինեն:

- Չգիտեմ գոհ կլինի± Արիոբարզանը, թե` ոչ, բայց դա ամենակարևորը չէ: Ի±նչ կասի Մեծ Հայքի թագավոր Արտավազդը:
- Ահա թե ինչու գոհ կլինի Կապադովկիայի թագավորը: Ծոփքի պատճառով նա կրում է Հայաստանի վտանգավոր թշնամությունը, մինչդեռ եկամուտները հիմնականում Հռոմն է տանում:

- Դու չափազանցնում ես, Փառնա°կ: Կապադովկիան Հռոմի դաշնակիցն է և վախենալու բան չունի:

Պոնտոսի թագավորն ի սրտե ծիծաղեց:

- Հավատացնում եմ, Կրասո°ս, Արիոբարզանը շատ է վախենում է հայերից: Ոչ վաղ անցյալում Տիգրանը երեք անգամ վերից վար ավերել է Կապադովկիան, գերեվարել նրա բնակչության մի ստվար մասը, և այդ ամենն Արիոբարզանը տեսել է իր աչքերով: Եթե Ծոփքի փոխարեն նրան դրամ առաջարկենք, ուրախությամբ կհամաձայնի: Ինչ վերաբերում է Արտավազդին,- Փառնակը վախվխելով շուրջ նայեց` հո մոտակայքում չի± երևում Տիգրանուհին,- ապա նրա մասին մեծ կարծիք չունեմ, իսկ նրան ճանաչում եմ մանկուց: Պատահական թագավոր է և ոչինչ չի արել իր կյանքում, բացի ճառեր ասելուց և ողբերգություններ գրելուց: Նրա ավագ եղբայրներից գեթ մեկը կենդանի մնար, Արտավազդն իր ականջները կտեսներ, Հայաստանի թագը չէր տեսնի: Բացի այդ, մեր հռչակավոր ողբերգակը նոր է թագադրվել և, լինելով զգույշ մարդ, չի հանդգնի իր տիրակալությունը սկսել` պայքարի մեջ մտնելով այդպիսի լուրջ բանի համար:

- Դու թերագնահատում ես Արտավազդին: Եթե նա կարող է խլել Ծոփքը Կապադովկիայից, կարող է խլել նաև Պոնտոսից:

- Դա արդեն իմ հոգսն է, Կրա°սոս: Ես հարկ եղած միջոցները կձեռնարկեմ նրա դեմ, և Ծոփքը կմնա ինձ, ինչպես տարիներ շարունակ մնում է Փոքր Հայքը:

- Իսկ ի±նչ...

- Ինչքան եմ պատրաստվում վճարե±լ, - Փառնակը խորամանկ ժպտաց,- հսկայական մի գումար, հինգ հազար տաղանդ ոսկով:

- Դու երևի ուզում էիր ասել հիսուն հազար, Փառնա°կ, միայն Արշամաշատի համար կարելի է տասը հազար տալ...

Սկսվեց մի ստոր առևտուր: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին սակարկում այդ երկու ագահները ոսկու ամեն մի պտղունցի և հողի ամեն թզաչափի համար: Մեկ ժամ շարունակված բանակցությունների արդյունքում կողմերը կանգ առան քսան հազարի վրա: Հանդիպումը մոտեցավ ավարտին: Կրասոսն ու Փառնակը հրաժեշտ տվին իրար: Պոնտոսի թագավորն արդեն դռան մոտ էր, երբ կրկին լսվեց կուսակալի ձայնը.

- Չմոռանաս պատշաճ պատրվակ մտածել, այլապես գործարքը չի կայանա:

- Անհոգ եղի°ր, Կրասո°ս,- պատասխանեց Փառնակը,- ծրագիրը վաղուց պատրաստ է: Հաջորդ հանդիպմանը կիմանաս այդ մասին:

Malxas
18.02.2011, 10:11
4.Հայր և որդի

- Դո±ւ ես, Աբգա°ր,- Կրասոսը ջերմորեն գրկեց Օսրոենի թագավորին,- ճիշտն ասած, քեզ սպասում էի Կապադովկիայի և Կոմմագենի թագավորների հետ:

- Նրանց խնդրել եմ մի փոքր սպասել: Անձնական գործ ունեմ քեզ հետ և ցանկանում եմ լուծել հենց այս պահին, այլապես չեմ մասնակցի պատերազմին, ավելին` պարթևների կողմը կանցնեմ:

Կրասոսն անչափ սիրում էր Աբգարին: Նրա խոսքերը նախկին կոնսուլին ստիպեցին երկար ու սրտաբուխ ծիծաղել:

- Դե ասա° շուտ, ի±նչն է այդպես այլայլել քո հոգին, որ որոշել ես պարթևների կողմն անցնել,- շարունակելով ծիծաղել` հարցրեց Կրասոսը: - Նախապես խոստանում եմ կատարել բոլոր ցանկություններդ, թե չէ ինչպես կարող եմ առանց իմ որդի Աբգարի:

- Եթե ինձ մերժեիր, ոչ միայն քո` ամբողջ աշխարհի դեմ կգնայի:

- Աչքերիցդ տեսնում եմ, Աբգա°ր: Ոչինչ չի կարող սասանել քաջարի զինվորի հոգին, ոչինչ, բացի կնոջից:

- Դու իմաստուն ես ու նրբազգաց, Կրասո°ս: Դրա համար է, որ սիրում եմ քեզ, ինչպես հարազատ հորս: Ես, իրոք, սիրահարվել եմ մի աղջկա և որոշել ամուսնանալ նրա հետ:

- Դե, ասա աղջկա անունը, մի° չարաշահիր իմ համբերությունը:

- Այսօր դու նրան տեսար, երբ սեղանի շուրջը նստած էինք:

- Չլինի± Տիգրանուհուն ես սիրահարվել, ուզում ես բաժանեմ ամուսնուց և քե±զ տամ: Ինչի±դ է պետք այդ լիրբը: Կփետի մազերդ, հատ-հատ, տեսա±ր Փառնակին ինչ օրը գցեց:

- Խոսքը Կապադովկիայի արքայադուստր Սելենեի մասին է:

Կրասոսը միանգամից լրջացավ: Ինչ-որ շատ են վերջերս պտտվում Կապադովկիայի շուրջը:

- Ինչո±ւ այդպես մտահոգվեցիր, հա°յր իմ:

- Գիտե±ս, Աբգա°ր, ահա թե ինչն է ինձ անհանգստացնում: Արիոբարզանի գործերը վատ են: Անընդհատ դրամ է խնդրում ինձնից: Սելենեն գուցե քեզ տա իր անսահման սերը, սակայն չի կարող տալ այն, ինչ հավաքվում է աղջիկների ծննդյան օրվանից և կոչվում օժիտ:

Արիոբարզանի գործերն իսկապես վատ էին, բայց ոչ այնքան, որքան ներկայացնում էր Կրասոսը: Իրականում ցանկանում էր շոշափել Աբգարի տրամադրությունը: Հո չի± մտադրվել սիրահարված ձևանալ և ամուսնանալով` օժիտ ստանալ Ծոփքի թագավորությունը:

- Օժիտը միակ բանն է, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում: Տո°ւր ինձ այդ աղջկան, Կրասո°ս: Տո°ւր ինձ առանց որևէ կալվածքի, առանց դրամի, միմիայն նրան:

Կոնսուլը, սաստիկ ուրախացած, այնպես փարվեց Աբգարին, որ սա քիչ մնաց շնչահեղձ լիներ: Այդպիսի արձագանքից Օսրոենի թագավորը հուզվեց, չնայած դժվար էր ասել` ինչն էր Կրասոսի անսահման ուրախության պատճառը` Աբգարի անշահախնդիր մեծահոգությո±ւնը, թե± այն, որ իր ամուսնությամբ ոչ մի կերպ չէր առնչվում Ծոփքի հետ:

- Իսկ աղջկա հորն ասել ե±ս այդ մասին,- վերջապես Աբգարին գրկից բաց թողնելով` հարցրեց նախկին կոնսուլը:

- Տղամարդը սկզբում իր հորն է հարցնում, հետո` աղջկա,- պատասխանեց Աբգարը և զգաց, թե Կրասոսն ինչպես զգացվեց իր խոսքերից:

- Ես իսկապես սիրում եմ քեզ ավելի, քան իմ որդի Պուբլիոսին, Աբգա°ր: Աղջիկը քոնն է, կարող ես ամուսնանալ երբ ցանկանաս, օժիտի հարցն անձամբ կկարգավորեմ, բայց դեռ ոչինչ մի ասա Արիոբարզանին: Արի այդ մասին խոսենք պարթևական պատերազմից հետո: Երկար չի քաշի և հարսանիքն էլ չենք ուշացնի: Իսկ առայժմ` ոչ ոքի ոչ մի խոսք:

- Քո կամքն ինձ համար օրենք է, Կրասո°ս:

Lion
18.02.2011, 11:40
Զարմացած եմ այս... հայր ու որդի հարաբերությունից??!! Կրասոսն ինչ-որ չափից դուրս անկեղծ է իր համար, Աբգարն էլ` պարզ: Չհամոզեց...

Malxas
18.02.2011, 15:53
Զարմացած եմ այս... հայր ու որդի հարաբերությունից??!! Կրասոսն ինչ-որ չափից դուրս անկեղծ է իր համար, Աբգարն էլ` պարզ: Չհամոզեց...

Իր թերություներով հանդերձ Կրասոսն ունեցել է ոչ քիչ թվով արժանիքներ, որոնց մասին չեմ ուզում մանրամասնել:
Ահա թե ուր կարող է հասցնել մարդուն սերը :)

Lion
18.02.2011, 16:22
Հնարավոր է` Կրասոսին անձամբ չեմ ճանաչել: Բայց հետո ստացվելու է, որ "որդին"` Աբգարը, "հոր" կործանման գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ - անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ, թե այս պահը ոնց ես հանգուցալուծել...

Malxas
18.02.2011, 17:03
Հնարավոր է` Կրասոսին անձամբ չեմ ճանաչել: Բայց հետո ստացվելու է, որ "որդին"` Աբգարը, "հոր" կործանման գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ - անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ, թե այս պահը ոնց ես հանգուցալուծել...

Ի տարբերություն քեզ Կրասոսին ճանաչում եմ անձամբ :))
Մինչև վերջ համբերիր կտեսնես :)

Malxas
23.02.2011, 11:12
5.Պարթևական դեսպանները

Մարկոս Լիցինիոս Կրասոսը ծուլորեն շարժեց գլուխը: Նախորդ օրվա խնջույքից հետո գլուխը մի փոքր ցավում էր: Պատճառը նաև այն էր, որ շատ ուշ պառկեց քնելու: Ռազմական խորհուրդը չափից դուրս ձգձգվեց: Հիշելով այդ մասին` Կրասոսի մարմնով տհաճ դող անցավ: Սիրահարված Աբգարը նրան անտարբեր էր թվացել, իսկ Անտիոքոսն ու Արիոբարզանն անտանելի էին իրենց բծախնդրությամբ: Այս ամենը լրացրել էր անսպասելի հայտնված արաբ Ալքուադոնիոսը, որը մի քանի ժամվա ընթացքում հասցրել էր փայլել հազվագյուտ բթությամբ: Չէ°, մոտակա պատերազմում սրանց վրա հույս դնել չի լինի: Թերևս միայն Աբգարը մի բանի պետք գա: Չլիներ հեծելազորի սակավությունը, կարելի էր բոլորին գրողի ծոցն ուղարկել: Թերևս այդպես էլ կվարվի, եթե շարունակեն նույն պնդերեսությամբ դրամ շորթել իրենից: Հռոմեական լեգեոներները կարողանում են հաջողությամբ կռվել ինչպես հետևակի, այնպես էլ հեծելազորի դեմ: Իր կողքին կմնա միայն Աբգարը, որպես հավատարիմ և այդ կողմերը լավ իմացող մարդ:

Կրասոսին անհանգստացնում էր նաև Հայաստանի չարագուշակ լռությունը: Պաշտոնապես Հռոմի դաշնակիցն էր, բայց դեռ ոչ մի կերպ չէր արտահայտել իր դիրքորոշումը: Ինչևէ, պատերազմն ամեն դեպքում կլինի: Այդպես էր մտադրվել վարվել Սիրիա պրովինցիայի կուսակալը, քանի որ չէր կասկածում իր վերջնական հաղթանակին:
Կրասոսի մտորումներն ընդհատեց նրա անձնական քարտուղար Օկտավիոսը: Պարթևների կողմից դեսպաններ էին եկել: Հարկավոր էր ընդունել նրանց: Ներս մտան բարձրահասակ, մուգ դեմքով և խոժոռ աչքերով երեք մարդ: Կրասոսին զվարճացրեց պարթևների լուրջ ու խիզախությամբ փայլող դեմքերը: Յուրաքանչյուր արևելցու նա վերաբերվում էր որպես ցածրագույն էակների և չէր արժանացնում նրանց նույնիսկ իր ատելությանը:
Պարթևներն ավագը, որ Վագիզ անունն էր կրում, մի քայլ առաջ եկավ և Կրասոսին հաղորդեց պարթևական արքայի ուղերձը:
- Երկրի վրա Ահրումազդի փոխանորդ, Պարթևստանի, Մարաստանի, Պարսկաստանի, Կարմանիայի, Դրանգիանայի, Էլամի, Միջագետքի և այլ թագավորությունների տիրակալ աստվածային արքա Օրոդես Արշակունին հայտնում է, որ, եթե Միջագետք ներխուժած բանակը, որ խախտելով սահմանն` այստեղ է եկել անցյալ ամառ, ուղարկված է հռոմեական ժողովրդի և սենատի կողմից, ապա պատերազմը կլինի դաժան և անողոք: Իսկ եթե, ինչպես ասում են, Կրասո°ս, զենք ես բարձրացրել մեր դեմ և նվաճել մեր հողերը ոչ Հռոմի կամքով, այլ հանուն սեփական շահի, ապա Օրոդես արքան մեծահոգաբար ներում է քեզ և, հաշվի առնելով ավագ տարիքդ, համաձայն է խաղաղությամբ բաց թողնել բանակներդ, որոնք ավելի շուտ իրենք են հսկողության տակ, քան հսկում են ուրիշին:

Կրասոսն իր ժամանակի լավագույն հռետորներից էր, երիտասարդ տարիներին հաճախ էր դատավարությունների մասնակցել և որպես դատապաշտպան բազմաթիվ անհույս գործեր շահել, բայց պարթևական արքայի ուղերձն իր պերճախոսությամբ ապշեցրեց նրան: Չէ°, այս բարբարոսները դեռ չգիտեն ով է ինքը: Այստեղ իհարկե ոչ ոք չի լսել Սպարտակի ապստամբության մասին, որը ճնշվեց միայն և միայն այն բանից հետո, երբ հռոմեական բանակը գլխավորեց մեծագույն զորավար և դիվանագետ Մարկոս Կրասոսը: Արյունը եռաց երակներում, երիկամների ցավը կրկին իրեն զգաել տվեց: Այնպես ցանկացավ մի սրամիտ պատասխան տալ, բայց կատաղությունը մթագնել էր ուղեղը և սեղմում էր կոկորդը: Ոչ մի կերպ չէր հաջողվում հիշել, թե ինչպես էր կոչվում պարթևների արքայանիստ քաղաքը, որի անվան շուրջ Կրասոսը ցանկանում էր ձևակերպել իր պատասխանը: Եվ դա այն մարդն էր, որ մի ժամանակ գիտեր Հռոմի բոլոր քաղաքացիներին և հանդիպելիս յուրաքանչյուրին ողջունում էր` դիմելով իր անվամբ:

- Օրոդեսի պատասխանը կտամ Սելևկիայում,- այսքանը միայն կարողացավ արտաբերել Հռոմի նախկին կոնսուլը` վերջապես հիշելով պարթևների մայրաքաղաքի անունը:
Լսելով այս` Վագիզը վայրի քրքիջ արձակեց, ապա բարձրացրեց և Կրասոսին ցույց տվեց ձեռքի ափը:

- Ավելի շուտ այստեղ մազեր կբուսնեն, քան դու կտեսնես Սելևկիան:

Կրասոսը ոտքի կանգնեց: Ընդունելությունն ավարտված էր: Պարթևական դեսպանները զինվորի ուղեկցությամբ դուրս եկան: Մնալով մենակ` Կրասոսը կրկին տիրապետեց իրեն և, վերականգնելով հոգու անդորրը, ներս կանչեց անձնական քարտուղարին:

- Ասա° ինձ, Օկտա°վիոս,- հարցրեց նա,- դեռ ոչ մի նորություն չկա± Հայաստանի թագավոր Արտավազդից:

Lion
23.02.2011, 14:14
Ի տարբերություն քեզ Կրասոսին ճանաչում եմ անձամբ :))
Մինչև վերջ համբերիր կտեսնես :)

Ըհը, երևումա աղջկա մոմենտով նեղացնելույա Աբգարին;)

Malxas
23.02.2011, 14:17
Ըհը, երևումա աղջկա մոմենտով նեղացնելույա Աբգարին;)

;) ;)

Lion
23.02.2011, 14:19
Ախ էդ աղջիկները - Կրասոսի գլուխն էլ կերան: Այս պահով ոճդ նմանեցնում եմ Դյումայի ոճին, որը ինքն էլ սիրում է ամեն ինչի մեջ ինտրիգներ ու նախ և առաջ կանացի գործոնը տեսնել...

Malxas
23.02.2011, 14:24
Ախ էդ աղջիկները - Կրասոսի գլուխն էլ կերան: Այս պահով ոճդ նմանեցնում եմ Դյումայի ոճին, որը ինքն էլ սիրում է ամեն ինչի մեջ ինտրիգներ ու նախ և առաջ կանացի գործոնը տեսնել...

Դե կանանց դերը միշտ էլ մեծ է եղել, չնայած տղամարդիկ ձևացրել են թե այդ պատճառով չեն այդպես վարվում :)

Malxas
03.03.2011, 13:55
6.Պոետ թագավորը

Արտավազդ թագավորի սիրտն, անկասկած, հավերժ կապված էր Արտաշատին: Արտաշատում էր ծնվել ու մեծացել, ուսում առել ու դաստիարակություն ստացել, ստեղծագործել ու ներկայացումներ բեմադրել: Օրհասական պահին նաև անձնազոհ պաշտպանել էր իր մայրաքաղաքը թշնամի պարթևներից և մինչ Տիգրան թագավորը օգնական զորք կբերեր, համաքաղաքացիների հետ կիսել էր բոլոր դժվարություններն ու զրկանքները: Բայց երբ հայոց թագավորն Անտիոքի դարպասներից ներս մտավ, նրա սիրտը հուզմունքից թրթռաց: Արտաշատը Հայաստանի սիրտն էր, սակայն Անտիոքը նրա փառքի գագաթնակետն էր ու պանծալի օրերի լուռ վկան:

Պատանի տարիներին Արտավազդը հաճախ էր եղել Անտիոքում: Նա հաճելի հիշողություններ ուներ` կապված Սելևկյան թագավորների մայրաքաղաքի հետ և երբ այնտեղ ժամանեց իր վեց հազարանոց անձնական թիկնազորով, առաջին տպավորությունն այն էր, որ ոչին չի փոխվել տասնյոթ տարվա բացակայության ընթացքում: Նույնն էին թրծված աղյուսով շինված քաղաքային պարիսպները, հունական ու սիրիական աստվածների պատկերներով երկաթակուռ դարպասները, քաղաքի աղմկոտ ու խայտաբղետ շուկան, նույքան խայտաբղետ ու աղմկոտ բնակիչները, թատրոնն ու օլիմպիական մարզադաշտը: Նույնն էր մնացել և Դափնեի թագավորական պալատը:
Ով կարող էր ասել` ինչ զգացմունքներով համակվեց Արտավազդ թագավորը, երբ մտնելով արքայական պալատ` իր վեհապանծ հոր փոխարեն Կրասոսի հակակրելի դեմքը տեսավ: Արդյո±ք միանգամից ատեց զորեղ հռոմեացուն կամ գուցե բնակա±ն համարեց Կրասոսի ներկայությունը, ում հայրենակիցները զենքով ու դիվանագիտությամբ վաստակել էին Անտիոքը նստավայր ունենալու իրավունքը:

Հապա Կրասո±սը: Մտածե±ց արդյոք Հռոմի կուսակալը, որ իր հյուրը կարող է այնպիսի զգացում ունենալ, որպիսին ունենում է մարդ, երբ որոշակի ընդմիջումից հետո իր տուն է մտնում և ուրիշին տեսնում այնտեղ տնօրինություն անելիս: Ամեն դեպքում, և° Կրասաոսը, և° Արտավազդը արտաքուստ հանգիստ ու անմատչելի մնացին շրջապատի և մեկմեկու համար. իրենցից ու աստվածներից զատ ոչ ոք չիմացավ նրանց իսկական մտքերը: Հանդիպումը երկուսի համար էլ շատ կարևոր էր: Արտավազդի համար, որովհետև եթե սթափ ու ճկուն չլինվեր, զգալիորեն կտուժեր: Կրասոսի համար, որովհետև Հայաստանը նրա ամենագլխավոր դաշնակիցն էր և իր հզոր հեծելազորով լրացնում էր հետևակ լեգեոններ ունեցող հռոմեական զորքը: Եվ ամենագլխավորը` եթե Արտավազդը բարենպաստ առաջարկներ չստանար, կարող էր պարթևների կողմն անցնել ու նժարը նրանց կողմը թեքել:

Արտավազդին տեսնելով` Կրասոսն անչափ ուրախացավ, կամ, համենայնդեպս, այդպիսին ձևացավ: Սիրիայի կուսակալը վեր կացավ ու դեմքին շողոքորթ արտահայտություն տվեց:

- Ողջո°ւյն արքայից արքա Արտավազդին, Հայաստանի տիրակալին:

- Ողջո°ւյն իմպերատոր Կրասոսին, հաղթանակած բանակի զորավարին:

Արտավազդի հաճոյախոսությունը Կրասոսին դուր եկավ: Ինչպես արդեն ասել ենք` նա մի քանի մանր հաղթանակներ էր տարել և զբաղեցրել Ասորիքի որոշ քաղաքներ:

- Երջանիկ եմ դա լսելու մի մարդուց, որը, լինելով մեր ժամանակների մեծագույն ողբերգակը, նույնքան լավ պատկերացնում է նաև ռազմական գործը: Ի դեպ, վերջերս թատրոն եմ այցելել և զմայլանքով դիտել քո ՙԱրտաշես և Արտավազդ՚ ողբերգությանը: Պատրաստ եմ երդվել բոլոր աստվածներով, որ երբևէ ավելի տպավորիչ ներկայացում չեմ տեսել:

- Փոքր-ինչ չափազանցնում ես, իմ բարեկամ: Էսքիլոսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունների կողքին իմ գրվածքները շատ համեստ են: Ես մի սովորական արքա եմ` տարված առօրյա հոգսերով ու երբեմն միայն ձեռքս գրիչ եմ վերցնում որևէ բան գրելու համար: Տերության գործեր, դաշնակիցներ, թշնամիներ: Ահա այն ամենն, ինչ ստիպված ենք գերադասել թատրոնից:

- Իսկ ես հավատում եմ` կգա օրը, և Արտավազդ ողբերգակին կփառաբանեն Էսքիլոսից, Սոփոկլեսից և Եվրիպիդեսից ոչ պակաս: Ցավոք, երախտամոռ աշխարհն ընդունակ չէ ըստ արժանվույն գնահատելու մարդկանց նրանց կենդանության օրոք: Մի±թե բթամիտ աթենացիները չէին, որ անկրկնելի Էսքիլոսին դատարան քարշ տվին: Հապա որքա¯ն զգույշ էր Սոփոկլեսն իր ողբերգությունների համար թեմա ընտրելիս, և որքան տառապեց ու ստորացումներ կրեց Եվրիպիդեսը, մինչև ստիպեց համառ հույներին ճանաչել իր հանճարը: Էլ չեմ խոսում այս մի վիրավորաանքի մասին, երբ հարևան Սպարտայի կամ պարսիկների հետ պատերազմ էր ծագում, իսկ դա այն ժամանակներում խիստ հաճախ էր լինում, հունական պաշտոնյայի թեթև ձեռքով երեքին էլ որպես հասարակ զինվոր ուղարկում էին կռվի:

- Մարդիկ, իրոք, երբեմն բոլորովին անարդարացի են վարվել իրենց մեծերի հետ,- Արտավազդը խոսակցությունն իր անձից վանելու համար կառչեց Կրասոսի ասածին: - Ինչ կլիներ այսօրվա թատրոնի վիճակը, եթե սրից զատ ուրիշ բան չտեսած սպարտացին կամ թատրոնի մասին չնչին իսկ պատկերացում չունեցող պարսիկը վերջ դնեին Եվրիպիդեսի կամ Էսքիլոսի կյանքին: Բարեբախտաբար նրանք սրին տիրապետել են ոչ պակաս հմտությամբ, քան գրչին: Դրա մասին վկայում են բազմաթիվ հունական աղբյուրներ: Եվ, այնուամենայնիվ, սրին տիրապետելը չէր, որ Աթենքը փրկեց ոչնչացումից: Դա Եվրիպիդեսի մահից մի քանի տարի անց էր…
- Կարծես դժվարանում եմ հիշել…

- Սիրելի° Կրասոս, քեզ պետք է որ հայտնի լինի: Աթենքն ու Սպարտան անհաշտ թշնամիներ էին և անընդմեջ պատերազմներ էին վարում: Ընդ որում, եթե ցամաքում անպարտելի էին սպարտացիները, ապա ծովում գերիշխում էին աթենացիները: Եվ ահա, աթենացիներն այնքան են թուլանում, որ պարտություն են կրում նաև ծովում, ու նրանց գլխին կախվում է ոչնչացման վտանգը: Սպարտան արդեն կայացրել էր քաղաքի մահավճիռը` Աթենքը պետք է հողին հավասարեցվեր և արոտատեղ դառնար ոչխարների հոտերի համար: Բայց, վերջին պահին, չգիտես որտեղից հայտնվում է թափառական մի երգիչ և սկսում արտասանել Եվրիպիդեսի բանաստեղծությունները: Բոլորը սաստիկ հուզվում են և ամաչում իրենք իրենցից: Քաղաքը, որը Եվրիպիդես էր տվել, արժանի էր ապրելու:

ՙՔո բանաստեղծությունները չեն փրկի, եթե երբևէ որոշեմ ավերել Արտաշատը՚` մտածեց Կրասոսը և ասաց.

- Ահա, խոսում ես դու, իմ բարեկամ Արտավա°զդ, և քո ասած բառից ավելի եմ համոզվում, թե ինչքան ենք իրար նման: Ես նույնպես կգերադասեի այս ավազուտներում խեղդվելու փոխարեն շնչել Լացիումի ծովաբույր օդը և արվեստով զբաղվել, սակայն ենթարկվելով սենատի որոշումներին և պաշտպանելով պետության շահերը` հասել եմ այստեղ, աշխարհի ծայրը, որտեղ միակ մխիթարանքս այն է, որ կատարվեց վաղեմի երազանքս` տեսնել աշխարհի մեծագույն արվեստագետին և արևելքի հզորագույն արքային: Ինչքան ուզում է սենատորների ծերակույտը մռթմռթա, իմ այստեղ գալը բոլորովին էլ իզուր չէր…

ՙԱհա¯ թե ինչ, Կրասոսը բերանից թռցրեց, որ ծերակույտը դեմ է եղել նրա ռազմական ծրագրերին,- մտածեց Արտավազդը՚, իսկ բարձրաձայն ասաց.

- Սիրելի° Կրասոս, միգուցե գեղեցիկ մի օր, երբ աշխարհի տիրակալները հասկանան արվեստի գերակայությունը պատերազմի հանդեպ, կարողանանք իրագործել մեր երազանքները: Ցավոք, այսօր ստիպված ենք մի կողմ դնել թատրոնը և դիվանագիտությամբ զբաղվել:

ՙԱյդ գեղեցիկ օրը գուցե և գա, երբ ես նվաճեմ ամբողջ աշխարհը,- մտքում ասաց Կրասոսը,- իսկ այժմ, իրոք, ժամանակն է մի կողմ դնել արվեստի մասին դատարկ խոսակցությունները՚:

- Այո, սիրելի° Արտավազդ, հետաձգենք այս խոսակցությունն ավելի լավ ժամանակների և անցնենք պատերազմական հրատապ հարցերին, բայց` ավելի ուշ: Դու հոգնած ես ճանապարհից, և ժամն արդեն ուշ է, հանգստացիր, իսկ գործերի մասին կխոսենք վաղը: Ես կհրամայեմ քեզ հյուրընկալել Անտիոքի լավագույն պալատներից մեկում, զինվորներիդ նույնպես արժանավոր կերպով կտեղավորեն համապատասխան ճամբարներում:
Արտավազդը պատրաստվում էր հրաժեշտ տալ, բայց Կրասոսը մի բան մոռացած մարդու շարժումով կանգնեցրեց նրան, մոտեցավ աշխատասեղանին և գզրոցից ինչ-որ գիրք հանեց:

- Ինչպե¯ս էի մոռացել,- ասաց նա,- այս գիրքն, անշուշտ, կհետաքրքրի քեզ: Ընդունիր որպես անձնական նվեր:

Արտավազդը Կրասոսի ձեռքից վերցրեց գիրքը և կազմի վրա կարդաց. Լուկրեցիոս ՙԻրերի բնության մասին՚: Մինչ Հայաստանի թագավորը թերթում էրէջերը, Կրասոսը բացատրում էր, թե այն ինչի մասին է.

- Չափազանց հետաքրքիր անձնավորություն է և է°լ ավելի հետաքրքիր բանաստեղծ: Առաջին հայացքից, երբ բացառում է աստվածների գոյությունը, սրբապիղծ մարդու տպավորություն է թողնում, բայց իրերի ծագման մասին այնքան մանրամասն ու համոզիչ տեղեկություններ է տալիս, որ աստիճանաբար գիտնականի և փիլիսոփայի է նմանվում: Նրա հետ պատահական եմ ծանոթացել: Նոր էր վերջացրել ՙԻրերի բնության մասին՚-ը և փորձում էր միջոցներ հայթայթել դպիրների համար: Ես զրուցեցի նրա հետ ու տվեցի անհրաժեշտ գումարը: Լուկրեցիոսը որպես երախտագիտության նշան վերջին էջում նշել է իմ անունը: Անցյալ տարի լույսաշխարհ եկավ ու ցնցող տպավորություն թողեց Հռոմում:

- Հետաքրքիր գիրք է երևում,-գիրքը գոցելով` ասաց Արտավազդը,- կարծում եմ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կկիսենք տպավորությունները:

Երբ Հայաստանի արքան գնաց, Կրասոսը երկար ժամանակ մտածում էր, թե ինչ անտանելի մարդիկ են պոետները:

Lion
15.03.2011, 16:18
Վերջին նախադասությունը... լավն էր :)

Malxas
17.03.2011, 11:47
7. Սուրեն սպարապետ

Սուրեն սպարապետը հանրահայտ Սուրենյան տոհմից էր, ամենահարուստն էր պարթևական պահլավների մեջ և, անշուշտ, ամենահզորը: Որպես մենաշնորհ Սուրենյաններն ունեին պարթևական արքաներին օծելու կամ, ինչպես ասում էին, ՙթագադիր՚ լինելու իրավունքը, իսկ բոլորովին վերջերս, երբ քսանիննամյա Սուրենը նշանակվեց պարթևական ռազմական ուժերի գերագույն հրամանատար, նրանք հասան իրենց հզորության գագաթնակետին:

Զննում էր երիտասարդ սպարապետն իր հսկայական սենյակը և մտածում` այսպիսի ճոխության կարող է նախանձել նույնիսկ Օրոդես Արշակունին: Աշխարհի բոլոր երկրների մշակույթները հատվել էին այստեղ, Սելևկիա քաղաքում, որի դղյակներից մեկում հանգրվանել էր երիտասարդ սպարապետը: Անկրկնելի պարսկական գորգերը, մարմարե չնաշխարհիկ սյուները, հունական և պարթևական աստվածների արձանների հոծ բազմությունը և չինական մետաքսով պաստառված անհամար բարձերը գույների ու առարկաների մի գեղատեսիլ ամբողջականություն էին ներկայացնում: Դահլիճը լցված էր դեղձանիկների ու սոխակների դայլայլով: Բնության այս գուսանները վանդակների մեջ թռչում էին ճյուղից ճյուղ, ապա, հիշելով իրենց հայրենի վայրերը, երգում էին` ոմանք արձակելով տխուր ու սրտաճմլիկ, ոմանք է`լ երգեցիկ և սիրասուն ձայներ: Ոչ մեծ լողավազանն իր շատրվանով նույնպես մասնակցում էր թռչունների համերգին: Ջրի մեղմ ճողփյունը լրացնում էր դադարները, երբ սոխակներն ու դեղձանիկները, ասես պայմանավորվելով, մի ակնթարթ բոլորովին լռում էին: Լողավազանի կենտրոնում հունական պանթեոնի ամենահետաքրքիր աստծո` ծովերի տիրակալ Պոսեյդոնի արձանն էր: Չնայած պատկառելի տարիքին` անխոնջ ծերունին լողորդի կատարյալ մարմին ուներ: Գանգուր մազերն անփութորեն թափված էին ուսերին: Ձեռքին ուներ սարսափելի մի եռաժանի, որով ասես պատրաստվում էր կռիվ տալ գերբնական հրեշների հետ և խորտակել այն ճանապարհորդների նավերը, որոնք պատշաճ չէին կատարել ծովերի աստծո համար նախատեսված զոհաբերությունները:

Գահից աջ Ահրումազդի արձանն էր, ձախ կողմը հատկացված էր Անահիտ աստվածուհուն: Միակ արձանները չէին: Աջ պատի ամբողջ երկայնքով շարված էին հունական պանթեոնի ամենասիրված աստվածները, իսկ ձախ կողմում` ոչ պակաս սիրված պարթևական աստվածները: Արձանների և պատերի միջև տարածություն էր մնում: Անցնելով այդ միջանցքով` կարելի էր տեսնել պատերից կախված մնացյալ գորգերն ու նրանց վրա ամրացված զենքերը: Այդ պահին հենց այդ ամենն էր իր ընկեր Վագիզին ցույց տալիս սպարապետը: Սուրենի թևին թառել էր նրա խոսող ագռավ Արիոբարզանը և համարձակ կերակրվում էր նրա ափից:

- Սրանք մեծամասամբ ռազմավար են, Վագի°զ: Բազմաթիվ այս տեգերը, նիզակները, տապարները և վահանները քուշանների դեմ տասնամյա պատերազմների արդյունք են:

Վագիզին սպարապետը խիստ տարօրինակ էր թվում: Միանգամից գործնական խոսակցության անցնելու փոխարեն Սուրենն իր զենքերի հավաքածուն էր ներկայացնում և հոգատարությամբ շարունակում կերակրել Արիոբարզանին: Վագիզին ոչինչ չէր մնում, քան հնազանդ ուշադրությամբ լսել Սուրենին և դիտել այն ամենը, ինչ ցույց էին տալիս:

- Կան նաև նվերներ,- շարունակում էր Սուրենը:- Հայկական պողպատից պատրաստված ոսկեզօծ թուրը աստվածային Օրոդեսի արքայի ընծան է իմ սպարապետ նշանակվելու առթիվ, իսկ լայնալիճ այս աղեղն` իր երեսունվեց նետերով ու կապարճով, ստացել եմ Հայաստանի արքայազն Արտաշեսից` ծննդյան քսանիններորդ տարեդարձի առթիվ:

- Տեսնում եմ` Հայաստանի Հռոմին դաշնակից լինելն ամենևին չի խանգարում ձեր բարեկամությանը:

- Կորի գնա° այստեղից, լկտի°: - Վագիզն անհանգստանալու կարիք չուներ: Սուրենը թռչունի հետ էր, որը, օգտվելով տիրոջ սիրալիրությունից, որոշել էր չափն անցնել և նստել նրա գլխին: Զգալով Սուրենի ձեռքի կտրուկ շարժումը` Արիոբարզանը խուճապահար փախուստի դիմեց դեպի Պոսեյդոնի արձանը և, կանգնելով նրա եռաժանիի վրա, ճղճղաց.

- Ահրումազդը կպատժի քո նենգությունը:

Սուրենը սպառնալից բռունցք ցույց տվեց: Վագիզը չդիմանալով` քրքջաց:

- Վագի°զ,- դառնալով պալատականին` ասաց սպարապետը,- ինչպես և ես, առիթ ես ունեցել հանդիպել Արտավազդին: Ի±նչ կարծիք ունես նրա մասին:

Սպարապետը որոշել էր հեռվից սկսել: Վագիզը երկար մտածեց:

- Ոչ մի կարծիք էլ չունեմ: Որպես թագավոր ոչինչ չի հասցրել անել, իսկ այն սակավ անգամները, երբ տեսնվել եմ հետը, միայն որսորդությունից ու թատրոնից է խոսել: Այն էլ` ոչ այնքան ինքն էր խոսում, որքան աշխատում էր ինձ խոսեցնել:

- Լսի°ր, ուրեմն, Վագի°զ: Արտավազդն ամենախելացի մարդկանցից է, որոնց երբևէ հանդիպել եմ:

- Իսկ ի±նչ է ուզում իմ տերն ասել դրանով:

- Այն, որ երբ արքայազն Արտաշեսը ներկայանում է իմ ծննդյան օրվա կապակցությամբ և շքեղ զենքեր, աննման ձիեր ու թանկարժեք զարդեր նվիրում, դրանով սոսկ իր հոր` Արտավազդի կամքն է կատարում:

Վագիզը պարթևական արքունիքի ամենաքաջ և հանդուգն մարդն էր: Այդ պատճառով էին նրան Կրասոսի մոտ ուղարկել, բայց երբ բանը վերաբերվում էր դիվանագիտությանը, մի փոքր խեղճանում էր: Նկատելով իր բարեկամի տարակուսանքը` Սուրենը պարզաբանեց.

- Պաշտոնապես Հայաստանը Հռոմի դաշնակիցն է ընդդեմ մեզ: Մի պահ պատկերացրու մեր հարևանի վիճակն այն դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով (իսկ կարծրամիտ Կրասոսի պարագայում դա լիովին հնարավոր է) ստիպված լինի երես դարձնել Հռոմից: Ահա այս դեպքում Արտաշեսն ու ես այն կամուրջն ենք, որի օգնությամբ Արտավազդը կկառուցի իր պետության նոր քաղաքականությունը:

Վագիզն աչքերը չռած լսում էր:

- Դա ձեռնտու է մեզ, տե°ր իմ: Եթե Հայաստանը գոնե չեզոք մնա, մենք հռոմեացիներին կթաղենք Միջագետքի ավազուտներում:

- Եթե ձեռնտու չլիներ, Արտաշեսին սահմանից այս կողմ չէին թողնի: Ես էլ, երբ, այսպես ասած, ընկերություն եմ անում նրա հետ, առաջնորդվում եմ բացառապես պետական շահով:

- Այդ էր պակաս, որ պարթևական սպարապետն ընկերություն աներ այդ տասնութ տարեկան կաթնակերի հետ:

- Մոռանում ես, Վագի°զ, այդ կաթնակերը հաջողացրել էր այնպես տանել բանակցություններն իշխան Միհրանի հետ, որ շարունակելով մնալ Հռոմի դաշնակից, Հայաստանը հսկայական զիջումներ էր ստանալու մեզանից: Մի ուրիշ դեպքում միգուցե մենք իսկական ընկերներ լինեինք:

Վագիզը նորից տարակուսանքի մեջ էր: Իշխան Միհրանը` պարթևների լավագույն դիվանագետներից մեկը, իր բանակցությունների արդյունքը հայտարարել էր որպես բացառիկ հաջողություն: Չլիներ Սուրենի հանճարը, նրան չէին էլ մտածի փոխել:

- Արտաշեսին,- շարունակեց Սուրենը,- մենք էինք հրավիրել բանակցությունների: Իսկ սա գալիս է և հայտարարում, որ ըստ պայմանագրի Հայաստանը պարտավոր է ռազմական օգնություն ցույց տալ Հռոմին: Պարզապես ուրիշ կերպ չի կարող լինել. ինքը` Արտաշեսը, անչափ ցավում է դրա համար: Ընդ որում, չի զլանում ամբողջ մեղքը մեզ` պարթևներիս վրա գցել: Ինչո±վ էր զբաղված պարթևական պետությունը` հարցնում է նա, երբ Պոմպեոսի լեգեոնները Հայաստան խուժեցին: Պատահմա±մբ չէր ավերում իր պապ Տիգրանի պետության հարավային սահմանները: Այլ կերպ ասած, ամբողջ ուժո±վ չէր պատերազմում նրա հետ: Խելոք լինեին պարթևները, պատերազմելու փոխարեն թիկունք կկանգնեին հայերին և այսօրվա թշնամու փոխարեն հավատարիմ բարեկամ կունենային: Կարծում եք շա±տ են սիրում հայերը հռոմեացիներին: Ավելի շուտ հակառակն է, ինքներդ էլ գիտեք, բայց պարթևների և հռոմեացիների միջև ճզմվելու հեռանկարն ամենևին էլ գայթակղիչ չէ: Ավելի գերադասելի է նրանցից մեկին դաշնակից ունենալ, թեկուզ և լինի ատելի հռոմեացի, և օգնել պատերազմելու մյուսի դեմ, եթե դա նույնիսկ եղբայր պարթևներն են: Ինչևէ, ինչ արվել` արվել է: Այսօր Հայաստանը Հռոմի դաշնակիցն է և պարտավոր է օգնել նրան: Այդ օգնությունը կազմում է քսան հազար հեծելազոր և երեսուն հազար հետևակ: Այս խոսքերից Միհրանի մազերը բիզ-բիզ են կանգնում: Արքայազնն այնքան համոզիչէ անում այս ամենը, որ փորձառու դիվանագետը չի էլ մտածում այնպես տանել բանակցությունները, որ Հայաստանը հակառակորդ երկրից դաշնակցի վերածի: Դրանից հետո խոսքը միայն Հռոմին տրվելիք զորքի նվազեցման մասին է լինում: Օգտվելով Միհրանի շփոթությունից` Արտաշեսը շարունակում է բանակցել` սակարկելով ամեն մի զինվորի համար: Արդյունքը քեզ հայտնի է: Տասը հազար հեծելազոր, որպես Հռոմին օգնություն, իսկ սա այն թվաքանակն է, որից ավելի հայերը գուցե չէին էլ պատրաստվում տալ, փոխարենը` հսկայական զիջումներ մեր կողմից` ինչպես հողային, այնպես էլ դրամական տեսքով: Լավ էր` ժամանակին Միհրանին ինձնով փոխարինեցին:

Malxas
17.03.2011, 11:48
Վագիզը զգաց, որ այդպիսով Հայաստանի թեման սպառված է: Այժմ սպարապետը նրան հարցուփորձ կանի հռոմեացիների մասին: Փորձառու զինվորը չէր սխալվում:

- Հայերին մի կողմ թողնենք, -ասաց Սուրենը,- հիմա պատմիր, թե ինչ տեսար հռոմեացիների մոտ: Վագիզը վերջապես պետք է խոսեր նրա մասին, ինչի համար եկել էր: Ըստ նրա անհամբեր տեսքի, լուրը հույժ կարևոր էր:

- Մեզ խստորեն հսկում էին, տե°ր իմ, հնարավոր չէր լրտեսությամբ որևէ բան իմանալ, բայց Ահրումազդը մեր հետ էր: Պատահմամբ մի լուր առանք, որի համար թանկ կվճարեինք` արշավը մեկ ամսից շուտ չի լինի,- եզրափակեց Վագիզը:

- Ի±նչն է քեզ ստիպել այդպես մտածել, իմ բարեկա°մ: Ինձ հասած տեղեկություններով` Կրասոսի ներխուժմանը խանգարում է միայն պայմանավորվածությունը Հայաստանի հետ: Դա էլ օրերի հարց է, քանի որ Արտավազդը պետք է որ արդեն այնտեղ լինի:

- Իհարկե, այդ ամենն այդպես է, բայց այն, ինչ տեսա Կրասոսի մոտ, խորապես ցնցեց ինձ:- Վագիզը սա մի տեսակ ջղագրգիռ ասաց, ապա, կրկին խաղաղվելով` շարունակեց:- Կրասոսի միակ դաշնակիցը, որին կարող է հակադրել մեզ, Հայաստանն է, բայց արի ու տես, որ կոնսուլը դեռ ոչ մի պայմանավորվածություն չունի նրա հետ: Որևէ քայլ չի անում և սպասում է մինչ Արտավազդը կգա իր մոտ:

- Իրոք, դա լուրջ սխալ էր նրա կողմից,- համաձայնեց Սուրենը,- եթե ի սկզբանե համաձայնության գար Արտավազդի հետ և շարունակեր կապ պահպանել, մեզ դժվար թե հաջողվեր մերձենալ Հայաստանին: Բայց Արտավազդն այժմ այնտեղ է: Ուրիշ ի±նչ կարող ես ավելացնել:

- Փոխարենը գլխին է հավաքել Կապադովկիայի, Կոմմագենի և Օսրոենի թագավորներին և ավելի շատ վաշխառությամբ է զբաղված, քան պատերազմին պատրաստվելով:

- Դրանց հետ բանակցությունները երկար չեն շարունակվի: Ուրիշ ի±նչ ես տեսել, Վագի°զ:

- Իմ մարդիկ Անտիոքում տեսել են Փառնակին: Նրանից ոչ մի քայլ չի հեռանում վաճառական Սաուլը:

Սուրենի աչքերը զարմանքից չռվեցին: Վագիզի ասածը հնչեց որպես կայծակ անամպ երկնքում:

- Փառնակն Անտիոքո±ւմ է:

- Այո°: Եվ քանի որ չի պատրաստվում պատերազմել, ուրեմն ժամանել է ինչ-որ խարդավանքի համար:

- Ես նույնպես վստահ եմ դրանում, Վագի°զ: Նրա երկրի ներկայիս վիճակը թույլ չի տալիս մասնակցելու Կրասոսի արշավին: Զորքի մեծ մասը կենտրոնացած է Բոսպորի թագավորությունում և զբաղված մի քանի հյուսիսային ցեղերի ընկճմամբ:

- Փառնակի ներկայությունն անհանգստացնում է ինձ, տե°ր իմ:

- Շատ իզուր: Դա է°լ ավելի կշեղի Կրասոսի առանց այն էլ շեղված ուշադրությունը: Հիմա վստահ եմ: Իրոք, պատերազմը մոտակա օրերին չի սկսվի, և դա մեզ հնարավորություն կտա շտկել այն բացերը, որոնք ունեինք ժամանակի սղության պատճառով: Ես բուռն գործունեություն կծավալեմ Կրասոսի շուրջը, և նրա կողմնակիցները շուտով թշնամիների կվերածվեն: Փառնակն իսկական փրկություն է մեզ համար:

- Երբ իմ տերը խոսում է Կրասոսի դաշնակիցների մասին, արդյո±ք նկատի ունի Հայաստանը:

Սուրենը խորամանկ շողացրեց աչքերը:

- Հայաստանի կողմից առայժմ վախենալու բան չունենք: Ես նկատի ունեմ մյուս արևելյան երկրներին: Ըստ քեզ` ո±ւմ կարող ենք թշնամուց դաշնակցի վերածել և նրա օգնությամբ մեր կամքը թելադրել Կրասոսին:

- Այստեղ մտածելու բան չկա, տե°ր իմ: Կապադովկիայի և Կոմմագենի արքաները հեշտությամբ երես կդարձնեն Հռոմից նույն պահին, երբ մենք Կրասոսից ավելին առաջարկենք:

- Իսկ մեզնից երես չե±ն դարձնի, երբ Կրասոսը մեզնից ավելին առաջարկի:

Մի պահ Վագիզը չիմացավ ինչ պատասխանել:

- Կրասոսը, տե°ր իմ, հայտնի է իր բացառիկ ագահությամբ:

Տեսնելով Սուրենի անտարբերությունը Կապադովկիայի և Կոմմագենի հանդեպ` Վագիզն արտահայտվեց նաև մյուս դաշնակիցների մասին:

- Կան նաև արաբ Ալքաուդոնիոսը և Եդեսացի Աբգարը: Առաջինից` ոչ մի օգուտ: Ալքաուդոնիոսը ոչինչ չգիտի, բացի ձիավարելուց և թրամարտելուց: Աբգարի հետ գործ բռնելն ավելի անհույսէ: Օսրոենի արքան Հռոմի բարեկամն է դեռևս Պոմպեոսի պատերազմների ժամանակներից: Մոտ տասը տարի: Կրասոսի հետ նրա հարաբերություններն ավելի սերտ են, քան Պոմպեոսի: Աբգարը նրան հայր է անվանում, Կրասոսը չի տարբերում նրան իր որդի Պուբլիոսից: Կապադովկիան և Կոմմագենը մեր միակ տարբերակներն են: Կամ էլ ստիպված ենք գրողի ծոցն ուղարկել բոլորին և կենտրոնանալ Հայաստանի վրա:

- Եթե բանակցությունները Հայաստանի հետ արդյունք չտան, տանուլ կտանք պատերազմը: Ինձ հակակշիռ է պետք հենց Կրասոսի քթի տակ:

Սուրենը հիասթափված ոտքի կանգնեց: Չհամարձակվելով նստած մնալ` Վագիզը նույնպես վեր կացավ: Երիտասարդ սպարապետը հետուառաջ էր անում սենյակում, կշռադատում քիչ լսածը և ինքն իրեն խոսում: Հետզհետե սպարապետի դեմքը լուսավորվեց: Նա ինչ-որ բան էր մտածել:

- Նկարագրի°ր ինձ Աբգարին,- հանկարծ ասաց` դիմելով Վագիզին:

Դա մի-փոքր տարօրինակ թվաց նրան: Աբգարին բոլորն էլ գիտեին և բոլորից լավ` Սուրենը:

- Աբգարը քաջ զինվոր է, խելացի և խորամանկ: Առատաձեռն է իր հպատակների հանդեպ և անողոք` թշնամիների նկատմամբ: Բնավորությամբ բռնկվող է: Պահի ազդեցության տակ կարող է այնպիսի արարքներ թույլ տալ, որ հետո դժվար է լինում ուղղել: Կարելի է ավարտել` ասելով, որ հավատարիմ է նրան, ում ծառայում է, բայց աստվածներն ազատեն նրա վրեժից, եթե ինչ-որ մեկի խելքին փչի դավաճանել կամ խաբել նրան:

- Իսկ հիմա նկարագրի°ր Կրասոսին:

Վագիզի զարմանքն ավելի խորացավ:

- Կրասոսն ագահ է և ամբարտավան, հարստության համար կծախի նույնիսկ հարազատ հորը: Բացարձակապես անսկզբունքային է: Ընդունակ չէ լինելու ո°չ հավատարիմ բարեկամ, ո°չ էլ երդվյալ թշնամի: Դա իմ տերն ինձնից լավ գիտե:

- Իսկ հիմա իրար կողք դիր այդ երկու կերպարները: Ի±նչ նմանություն կա նրանց միջև:

- Ոչ մի նմանություն: Հակապատկերներ են:

- Իսկ քո մտքով չի± անցել երբևէ, Վագի°զ, թե ինչպես են բարեկամություն անում բացարձակ հակապատկեր այդ երկու մարդիկ:

Քանի որ պալատականը ոչինչ չպատասխանեց, Սուրենը շարունակեց:

- Կրասոսի ազդեցությունը հսկայական կլինի Աբգարի վրա, մինչ կոնսուլին կհաջողվի մեծահոգության դիմակի տակ թաքցնել իր արատները, բայց, ինչպես հայտնի է, ասեղը պարկի մեջ չես թաքցնի: Ահրումազդը վկա, նրանց բախումն անխուսափելի է: Մենք պետք է բոլոր միջոցներով նպաստենք այդ բախմանը և արագացնենք այն, Վագի°զ:

- Ես շտապ ճանապարհ կընկնեմ, տե°ր իմ:

- Իմ անունից մի նամակ կտանես ու կձևացնես, թե հաշտության բանակցություններ ես վարում: Իրականում օր ու գիշեր հետևիր Աբգարին: Երբ կհամոզվես, որ կոնսուլի ու Եդեսիայի թագավորի միջև հակասւթյուններ են ծագել, փորձիր Աբգարին մեր կողմը գրավել: Ոսկի վերցրու որքան անհրաժեշտ կհամարես:

- Ե±րբ է իմ տերը հրամայում ճանապարհ ընկնել:

- Հենց հիմա:

Վագիզը գլուխ տվեց և դուրս եկավ:

- Ահրումազդը կպատժի քո նենգությունը,- նրա ետևից ճղճղաց Արիոբարզանը:

Սուրենի տրամադրությունը բարձրացել էր: Նա կրկին իր մոտ կանչեց Արիոբարզանին և սկսեց կերակրել գրպանից հանած անուշեղենով:

- Սիրելի° բարեկամ,- դիմելով ագռավին` ասաց նա,- մենք կհաղթենք Կրասոսին և Պարթևաստանի ամենահզորը կդառնանք: Իսկ հիմա պատրաստվենք ընդունել աստվածային Օրոդես Արշակունուն, առայժմ մեր երկրի միակ տիրակալին:

Lion
17.03.2011, 12:06
Լավն էր, կարդացի մեծ հետաքրքրությամբ :)

Malxas
17.03.2011, 12:10
Լավն էր, կարդացի մեծ հետաքրքրությամբ :)

Լիոն ջան, ընթացքում խմբագրական աշխատանքներ են կատարվում այդ պատճառով եմ ուշ ուշ տեղադրում: Ինչպես արդեն ասել եմ սկզբի մասը շատ վատ էր գրված ու նույնիսկ հիմա, երկրորդ խմբագրությունից հետո, լիարժեք գոհ չեմ: Բայց արդեն 80 էջից նորմալ է մինչև վերջ, համարյա բան չեմ փոխում նախկին գրածից:

Lion
17.03.2011, 14:33
Malxas ջան, անձամբ ինձ համար խնդիր չկա, այս արագությամբ էլ հազիվ եմ ժամանակ գտնում, որ կարդամ :) Ի դեպ, ինչ-որ առանձնահատուկ խմբագրական խնդիրներ առայժմ աչքովս չեն ընկել - էդ "ագռավ"-ը... թութակ էր?

Malxas
17.03.2011, 14:38
Malxas ջան, անձամբ ինձ համար խնդիր չկա, այս արագությամբ էլ հազիվ եմ ժամանակ գտնում, որ կարդամ :) Ի դեպ, ինչ-որ առանձնահատուկ խմբագրական խնդիրներ առայժմ աչքովս չեն ընկել - էդ "ագռավ"-ը... թութակ էր?

Ագռավները նույնպես խոսելու ունակություն ունեն և թութակների բացակայության պայմաններում կատարել են նույն դերը:

Malxas
22.03.2011, 20:46
8. Օրոդես

Արքայից արքա Օրոդես Արշակունին Սելևկիա, Սուրենի մոտ էր շտապում: Պատկառելի էր նրա շքախումբը: Մի քանի տասնյակ պալատականներ խմբված էին արքայական կառքի շուրջը, իսկ հազար անձնական թիկնապահները ապահովում էին անվտանգությունը: Թափորի առջևից ու հետևից հինգհարյուրական հեծյալներ էին գնում շարքերով` ամեն շարքում` տասական զինվոր, և աշխատում էին չխախտել երթի համաչափությունը: Սարսափազդու էին: Թե° ձիերը, թե° հեծյալները ոտքից գլուխ զրահապատ էին, աջ ձեռքին ունեին երկար, մետաղյա ծայրակալով սրածայր նիզակ, մեջքին` միջին չափի պողպատյա թուր: Վահանն ու աղեղը, ինչպես և նետերի կապարճը կախված էին ձիու կողքից: Ուշադրություն էին գրավում հատկապես կապարճից դուրս ցցված նետերը: Դրանք սովորականից երկար էին և ունեին ոչ թե մեկ, այլ երկու սայր:
Կառքի վարագույրը երբեմն բացվում էր, և արժանապատիվ մի դեմք դուրս էր նայում պատուհանից: Օրոդես Արշակունին էր, որ ձանձրանալով ճանապարհի միօրինակությունից` փորձում էր բազմազանություն գտնել պատուհանից դուրս: Իզո°ւր: Տիզբոնի պարիսպները վաղուց անհետացել էին տեսադաշտից, իսկ Սելևկիայի դարպասները դեռ նոր պիտի հայտնվեին հորիզոնում: Շուրջբոլորն անծայրածիր ավազուտներ էին, որոնց տեսքից միայն մարդու սիրտը տրտմությամբ էր լցվում: Օրոդեսը ջղաձգորեն գոցում էր պատուհանը և վերադառնում ընդհատված մտքերին: Ավելի ճիշտ մեն մի միտք էր զբաղեցնում նրա թագավորական ուղեղը: Ինչքան էլ զարմանալի թվա` Կրասոսը չէր ամենաշատը անհանգստացնում նրան: Զորեղ էր թշնամին, անպարտ էին նրա լեգեոնները, ավելի չէին սպառնում Օրոդեսի գահին, քան քաջարի պահլավ Սուրենը:

Օրոդեսը կորցրել էր հոգու անդորրը: Փառասեր էին ու հզոր Սուրենյանները: Իրենք էլ էին սերում Արշակունի տոհմից և թագավորող Արշակունիներին բնավ իրենցից բարձր չէին համարում: Լինելով ՙթագադիր ասպետներ՚` նրանք բազմաթիվ անգամներ թագադրել էին Արշակունիներին և ամեն անգամ անշուշտ մտածել, որ արքայական խույրն իրենց ավելի կսազեր: Իսկ այս վերջին Սուրենյանն այնքան հզոր էր, որ կարող էր նախկինների երազն իրականություն դարձնել: Հապա ինչպե±ս վարվել Սուրենի հետ: Շնորհազրկե±լ նրան կամ վարձու մարդասպա±ն ուղարկել: Ո°չ, բոլորովին պետք չէ շտապել: Սուրենի շնորհազրկումը կամ մահը ձեռնտու չէ ներկա պահին: Ընդվզումներ կլինեն ժողովրդի մեջ: Բացի այդ, սպարապետը դեռ կարող է պետք գալ: Այն, որ ինքը հեռու է լավագույն զորավար լինելուց, Օրոդեսը բոլորից լավ գիտեր: Թագաժառանգ Բակուրը նույնպես սպարապետի հավակնորդ չէ: Լավ, բարեպաշտ որդի լինելը բավարար չէ հաջող պատերազմելու համար:

Այսպիսով. Օրոդեսը կվարվի այնպես, ինչպես վայել է արքային: Կօգտագործի Սուրենին, ապա դեն կշպրտի, երբ այլևս կարիքը չի զգա: Թող կռվի Կրասոսի հետ ինչքան սիրտը կամենա: Եթե պարտվի, համենայնդեպս կթուլացնի հռոմեացուն, իսկ եթե հաղթի, ինքը կթուլանա: Այդ ընթացքում նրան վերացնելու համար պատշաճ պատրվակ էլ կգտնվի: Հպատակները այս դեպքում շատ չեն դժգոհի: Հեռու գտնվելով գործողության վայրից` նրանք չեն կարողանա ճշգրիտ պատկերացնել կատարվածը:

Դրսում աշխուժություն նկատվեց: Օրոդեսը նորից գլուխը հանեց պատուհանից: Հեռվում արդեն նշմարվում էին Սելևկիայի պարիսպները:

Malxas
25.03.2011, 10:35
9. Կրասոսի և Արտավազդի երկրորդ հանդիպումը

Սկզբում խոսեցին Լուկրեցիոսի գրքից, ասես դրա համար էին հանդիպել: Կրասոսը գրքի սկիզբն էր սոսկ կարդացել, բայց, այնուամենայնիվ, ընդարձակ ճառ արտասանեց` ապացուցելով, որ ունենալով աննշան գիտելիքներ, կարելի է երկար ու ճոխ խոսել: Նախ դաժանորեն քննադատում էր Լուկրեցիոսին, բայց մասնիկների տարրալուծման հարցում կարծես համաձայնեց բանաստեղծի հետ: Իրոք, ասում էր նա, եթե տարրերն ամբողջովին ենթակա լինեին մահվան, ապա մարմինները կործանվելիս պետք է միանգամից չքանային: Բացի այդ, ո±ր աղբյուրից բնությունը պետք է նյութեր ձեռք բերեր նոր մարմիններ ստեղծելու համար:

Ուստի ոչինչ տիեզերքում չի ոչնչանում, այլ մի կերպարանքից ձևափոխվում է այլ կերպարանքի: Պակաս հետաքրքիր չէին կոնսուլի հայացքները կրակի, ջրի և դատարկության վերաբերյալ: Արտավազդն ուշադիր լսում էր և լրացումներ անում, որից Կրասոսը խանդավառման մեջ էր ընկնում: Եղան և տարաձայնություններ: Կրասոսն, օրինակ, պնդում էր, թե կրակը կարող է կյանքի աղբյուր լինել, մինչդեռ Արտավազդը համոզված էր. կրակը միայն կրակ կարող է լինել, և ամենաշատը, որ հնարավոր է անել` կրակի խտացումը կամ նոսրացումն են: ՙԽտացում՚ և ՙնոսրացում՚ բառերը նոր ճառի նյութ դարձան: Ինչքան մարմինը նոսր է, ասում էր կոնսուլը, այնքան նրա մեջ դատարկությունը շատ է, հետևաբար, ավելի թեթև է: Իսկ ծանր մարմինները, հակառակը, ավելի խիտ են և ավելի քիչ դատարկ մասեր ունոն:

Դատարկությունն իր հերթին մեծ փիլիսոփայություն է և առնչվում է մեզ ամենուր: Այն ստեղծվում է ամեն վայրկյան, երբ որևէ մարմին տեղափոխություն է կատարում: Ճիշտ է, նրա տեղը լցվում է շատ արագ. օդ, եթե տեղափոխությունը կատարվում է ցամաքում, կամ ջուր, եթե գործողությունը տեղի է ունենում ծովում, սակայն ժամանակի չնչին մի հատված մարմնի տեղը մնում է բացարձակ դատարկ: Ինչքան արագ է մարմինը շարժվում, այնքան քիչ է նրա տեղը դատարկ մնում: Օրինակ, արագությամբ սուրացող հայկական հեծյալի տեղն ավելի շուտ է լցվում օդով, քան հռոմեական լեգեոների տեղը` եզրափակեց Կրասոսը: Ի դեպ, հայկական հեծելազորի մասին: Ի±նչ վիճակում է փառապանծ այրուձին:

Առաջվա պես սրբո±ւմ է ամեն ինչ իր ճանապարհին, թե± պարթևներն առաջ են անցել նրանից: Պարզվեց` հայկական հեծելազորը լիովին պահպանում է մարտունակությունը և պատրաստ է ապացուցել իր համբավը առաջին իսկ առիթով: Այդպիսի պատասխան լսելով` Կրասոսն անչափ ուրախացավ: Հայաստանի թագավորը նաև պատրաստակամություն էր հայտնում մասնակցել ռազմական խորհրդի նիստերին, քանի որ, ըստ նրա հանձնարարության, հայկական զորավարները մանրամասն ծրագիր էին կազմել:

- Պատրաստ եմ քեզ հետ քննարկել ամենը, ինչ կապ ունի մոտակա պատերազմի հետ,- ոգևորված բացականչեց Կրասոսը:- Հռոմը բարձր է գնահատում իր արևելյան դաշնակցի խորհուրդները, իսկ ես լիովին բաժանում եմ այդ կարծիքը:

Հայաստանի արքան բարեհոգի քմծիծաղ տվեց:

- Հռոմը մինչ այժմ առաջնորդվել է բացառապես սեփական ծրագրերով,- ասաց նա,- Հրեաստանն ու Ասորիքը գրավվել են առանց մեր մասնակցության:

Կրասոսը հասկացավ Արտավազդի ակնարկը և ծիծաղեց: Մինչ այդ, երբ խոսքը թույլ, բայց հարուստ երկրների մասին էր, Կրասոսը չէր հիշել ինչ-որ արտավազդների: Իսկ հիմա, երբ բանը հասել էր կասկածելի վերջաբանով զուտ պարթևական արշավանքին, հանկարծ հայտնվում է և հիշեցնում վաղեմի բարեկամի` Հռոմի մասին: Արտավազդն անշուշտ ունի իրավունք հարցնելու` ո±րն է իմ պետության շահը: Կրասոսը ողջ կյանքը քաղաքականության մեջ էր անցկացրել ու սովոր էր ակնարկների:

- Մինչ այժմ Հռոմն, իրոք, բավարարվել է միայն իր ուժերով,- պատասխանեց նա,- բայց մենք երբեք չենք անտեսում բարեկամներին: Այսուհետև, սիրելի° Արտավազդ, Հռոմը հետևելու է իր արևելյան դաշնակիցների խորհուրդներին, որոնց մեջ ամենահեղինակավորն, անշուշտ, Հայաստանն է: Հռոմեական լեգեոններն ի վիճակի են խորտակելու ամեն մի թշնամական ուժ, բայց երբ խոսքն արևելքի մասին է, չէր խանգարի մի կողմ դնել անիմաստ փառասիրությունը և նախապատվությունը տալ սառը բանականությանը: Արևելքում պատերազմելը բարդ գործն է, իսկ դիվանագիտությունը` մի առանձին նուրբ արվեստ: Ամենաարժեքավոր երկիրն անկասկած Հայաստանն է, որը խորհուրդներից զատ, պատրաստ է ավելի էական օգնություն ցույց տալ և որին, որպես բարեկամական փոքրիկ նվեր, Հռոմը մտադիր է միացնել մարական Ատրպատականը:

Արտավազդը դեմին զարմանք ցուցադրեց, ասես իսկապես զարմացավ:

- Սիրելիդ իմ Կրասո°ս,- պատասխանեց նա,- մինչ այժմ Հայաստանի բոլոր թագավորները փորձել են առաջին հերթին հայկական հողերը միավորել:

- Ի±նչ ես ակնարկում, իմ լա°վ բարեկամ: Կանեմ ամենը, ինչ հնարավոր է:

Արտավազդը գործնական տեսքով տարածեց ձեռքերը:

- Մի փոքրիկ պետություն կա,- ասաց նա,- Տիգրան թագավորի օրոք մեզ էր պատկանում, բայց անարդարացիորեն ուրիշներին է հանձնվել: Խոսքը Ծոփքի մասին է: Իսկը այն Հայաստանին միացնելու ժամանակն է: Մի քանի ամսից պայմանագրի ժամկետը լրանում է, իսկ ես միակ ժառանգորդն եմ:

Կրասոսը սպասում էր այդ հարցին և պատրաստի պատասխան ուներ.

- Խոսքս թող մերժում չթվա, ի°մ Արտավազդ, բայց ավելի շուտ, քան պատերազմի ավարտը, չեմ կարող ոչինչ խոստանալ: Հարկավոր է նախ սենատի հետ համաձայնեցնել, բացի այդ, դա Պոմպեոսի կողմից ստորագրված փաստաթուղթ է, կազմված է հետագայում երկարաձգվելու հեռանկարով, և ես բոլորովին չէի ուզենա առայժմ խառնվել դրան: Պատերազմից հետո շատ բան կփոխվի, ու ես խոստանում եմ օգտագործել իմ ողջ հեղինակությունը և հարցը քո օգտին լուծել:

ՙՊարթևական պատերազմը դու սկսեցիր առանց սենատի համաձայնության,- մտածեց Արտավազդը,- այդ պատճառով քո խոսքը մերժում է որ կա՚: Իսկ բարձրաձայն ասաց.

- Շատ լավ, Կրասո°ս, Ծոփքի մասին կխոսենք պատերազմից հետո:

Թագավորն ու կոնսուլը ևս մի քանի ձևական սիրալիրություններ փոխանակեցին: Կրասոսի կանչի վրա եկած ցենտուրիոնն Արտավազդին ուղեկցեց իրեն հատկացված պալատը և պատվի առնելով` հրաժեշտ տվեց: