PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ էջեր



Smokie
08.02.2011, 15:36
Այս թեմայում կարող ենք դնել տարբեր գրողների տարբեր արձակ ստեղծագործություններ::)

Smokie
08.02.2011, 15:57
Ջոն Սթայնբեք


Արջ-Ջոննիի ականջները

Լոմա գյուղն ընկած է ցածր ու բոլորաձեւ բլրակի վրա: Գյուղից դեպի հյուսիս եւ արեւելք բազմաթիվ մղոններով ձգվում է սեւ տղմուտը, բայց հարավում ճահիճը չորացված է:
Գյուղից դեպի հյուսիս ընկած ճահճուտի տերերը նախանձում էին սեւահողի սեփականատերերին: Նրանք միավորվել էին եւ ստեղծել մելիորացիայի ընկերություն:Ես աշխատում էի այն ֆիրմայում, որը վարձվել էր ճահճի միջով ջրանցք փորելու համար: Շուտով ստացանք լողացող հողափոր մեքենան, հավաքեցինք ու գործի գցեցինք, եւ այն սկսեց կրծել բացել ապագա ջրանցքը:
Լոմայի բնակչությունը դժվար թե երկուհարյուր հոգուց ավելի լիներ: Բլրակի հենց գագաթին կանգնած էր մեթոդիստական եկեղեցին, որի ձողասայրը տեսանելի էր մի քանի մղոն հեռավորությունից: Այստեղ էին գտնվում նաեւ երկու նպարավաճառանոց, մի կրպակ եւ «Բուֆֆալո» բարը: Բլրակի լանջերին կծկվել էին գյուղացիների փայտե տնակները, իսկ հարավայինպտղատու հողամասերում վեր էին խոյանում կալվածատերերի տները, որոնց փոքրիկ բակերը շրջափակված էին միջօրեի սաստիկ քամիներից պաշտպանող խուզած նոճիների բարձր պարսպով:
Երեկոյով Լումայում տաղտկալի էին, եթե չհաշվենք, որ ժամանակը կարելի էր անցկացնել մայթի վրա ամպհովանի ունեցող, խարխլված դռներով փայտե հին շենքում՝ սալունում: Ո՛չ «չոր օրենքը», ո՛չ էլ այդ օրենքի վերացումը բնավ չազդեցին սալունի գործերի, նրա հաճախորդների եւ կամ վիսկիի որակի վրա: Ամբողջ երեկոյի ընթացքում Լոմայի յուրաքանչյուր տղամարդ, որն արդեն բոլորել էր իր տասնհինգ տարին, թեկուզ մեկ անգամ մտնում էր «Բուֆֆալո» բարը, մի գավաթ վիսկի էր խմում ու զրույցից հետո միայն ուղեւորվում տուն:
«Բուֆֆալո» բարի տնօրեն Չաղ Կարլը, որը միաժամանակ բուֆետապանն էր, ամեն հաճախորդի դիմավորում էր մի տարօրինակ ֆլեգմատիկ մռայլությամբ, որը համենայն դեպս հաճելի էր ու բարեկամական զգացումներ էր ծնում: Նրա դեմքի արտահայտությունը թթու էր, ձայնի երանգը՝ ակներեւ թշնամական, բայց եւ այնպես… (չեմ հասկանում, թե դա ինչպես էր ստացվում նրա մոտ): Հիշում եմ, թե ինչպիսի երախտագիտությամբ եւ խանդաղատանքով համակվեցի, երբ Չաղ Կարլը, ճանաչելով ինձ, այլանդակ մռութը շրջեց իմ կողմն ու անհամբերությամբ հարցրեց. «Հա, ի՞ն կկամենա՞ք»: Նա միշտ հարցնում էր, չնայած մատուցում էր միայն վիսկի եւ վիսկիի միայն մեկ տեսակ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես ինչ-որ պատահական հաճախորդի վիսկիով լի գավաթի մեջ կտրականապես հրաժարվեց մի քիչ կիտրոնի հյութ քամել: Կարլը նորություններ չէր սիրում: Նրա գոտկատեղը փաթաթված էր հսկա սրբիչով եւ, բարում ետ ու առաջ քայլելիս, այդ սրբիչով չորացնում թաց բաժակները:
«Բուֆֆալո» բարը ինձ նույնիսկ թվում է սարսափելի մի վայր: Բայց երբ դուք իրիկնադեմին քայլում եք փայտամած մայթերով, երբ խիտ ճահճամուժի երկար շերտերը փողփողացող կեղտոտ լաթերի պես հարվածում են ձեր դեմքին, երբ դուք, վերջապես, հրում եք Չաղ Կարլի հաստատության խախուտ դուռը եւ տեսնում խմող ու զրուցող մարդականց եւ ինքը՝ Չաղ Կարլն է շտապում ձեզ ընդառաջ, բարը դառնում է աշխարհի ամենահաճելի անկյունը: Նրանից խուսափելու ուրիշ ճար չկար:
Երկար սենյակում ֆերմաներից եւ գյուղից եկաժ մարդիկ նստում էին կոպիտ աթոռակներին կամ կանգնում՝ հենվելով հինավուրց վաճառասեղանին: Այստեղ միշտ խաղաղ էր, միշտ միապաղաղ բզզում էին մարդկանց ձայները, եւ միայն ընտրությունների ու բռնցքամարտի մրցությունների ժամանակ էր, որ հռետորները տաքացած վայնասուն էին բարձրացնում եւ կարծիքներ փոխանակում աղմուկ-աղաղակով:
Լոմա ժամանելուց քիչ հետո ես ծանոթացա Մեյ Ռոմրոյի՝ կիսամեքսիկական ծագումով անուշիկ մի աղջկա հետ: Երեկոները երբեմն զբոսանքի էինք դուրս գալիս բլրակի հարավային լանջերում, քանի դեռ տհաճ մառախուղը մեզ նորից ետ չէր քշում դեպի գյուղ: Աղջկան տուն ուղեկցելուց հետո ես գնում էի բար:
Մի օր երեկոյան, բարում նստած, զրույցի էի բռնվել ոչ այնքան մեծ ֆերմայի տիրոջ՝ Ալեքս Հարթնելլի հետ: Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես պետք է որսլ պերկեսը, երբ բարի դուռը բացվեց ու ներս մտավ ինչ-որ մեկը: Բոլորը լռեցին: Ալեքսը արմունկով հրեց ինձ ու ասաց. «Արջ-Ջոննին է»: Ես շրջվեցի մտնողի կողմը:
Մականունն այնքան դիպում էր բնութագրում նրա արտաքինը, որ ավելին պատկերացանել անհնարին էր: Նա նման էր եծ, հիմար, անընդհատ ժպտացող արջի: Գզգզված սեւ մազերով գլուխը դեպի առաջ դիրքով, որ կարծես չորեքթաթ էր ման գալիս եւ հիմա է, որ կանգնել է ետեւի թաթերին: Կարճ եւ ծուռտիկ ոտքերը գետնին էին հենվել քառակուսի տարօրինակ ներբաններով: Հագել էր մուգ-կապույտ կոպիտ գործվածքից կարված կոստյում, բայց ոտաբոբիկ էր. Նրա ոտքերը ոչ թե այլանդակված էին, այլ՝ պարզապես քառակուսի: Կանգնել էր շեմին, ձեռքերը ցնցվում էին, դեմքին ամենահիմար երջանկության մի ժպիտ էր լողում: Նա առաջ եկավ եւ, չնայած իր հսկա մսրմնին ու անշնորհք շարժուձեւին, թվում էր, թե գողունի է գալիս: Քայլում էր ոչ թե մարդու, այլ գիշերով դուրս եկած գազանի պես: Կանգնեց վաճառասեղանի առջեւ. նրա աչքերի տենդահար հայացքը աղերսանքով թափառում էր հավաքվածների վրա: Հետո նա հարցրեց. «Վիսկի՞»:
Լոմայի բնակիչները հյուրասիրության մեջ առատաձեռն չեն: Մեկը մյուսի համար մի գավաթ վիսկի կգնի միայն այն դեպքում, եթե բացարձակապես համոզված լինի, որ փոխադարձն ստանալու է անմիջապես: Ի զարմանս ինձ, լռակյաց հաճախորդներից մեկը վաճառասեղանին մի մետաղադրամ դրեց: Չաղ Կարլը լցրեց գավաթը: Իսկ հրեշն սկսեց լակել վիսկին:
-Գրողը տանի,-ասացի ես, բայց Ալեքսն արմունկով հրեց ինձ:
Հետո սկսվեց զվարճալի մի դիմախաղ: Արջ-Ջոննին գնաց դեպի դուռը եւ զգուշորեն ետ դարձավ: Պառկեց սենյակի մեջտեղում եւ փորսող տվեց: Ես լսեցի նրա ձայնը, եւ այն ինձ անչափ ծանոթ թվաց. «Բայց դուք շատ գեղեցիկ եք այսպիսի մի կեղտոտ գյուղակում ապրելու համար»:
Հետո ձայնը բարձրացավ, դարձավ կոկորդային, զգացվեց օտարերկրացու թեթեւ առոգանություն. «Միայն դուք եք այդ ինձ ասում»:
Քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս: Արյունը թմբկահարեց ականջներիս մեջ, ես շառագունեցի: Արջ-Ջոննիի կոկորդից հնչում էին իմ բառերը, իմ ձայնի երանգները: Եւ ապա Մեյ Ռոմերոյի ձայնը… ճիշտ նրա ձայնը: եթե իմ առջեւ չլիներ հատակին սողացող մարդը,թերեւս շփոթվելով, կպատասխանեի աղջկան: Երկախոսությունը շարունակվում էր: Այդպիսի բաները օտար բենաում չափազանց հիմար են հնչում: Ջոննին շարունակեց խոսել կամ, ավելի ճիշտ, շարունակեցի խոսել ես: Բարում հավաքվածները Արջ-Ջոննիից շրջվեցին դեպի ինձ. բոլորն էլ քմծիծաղում էին: Ես չէի կարող որեւէ բան անել: Գիտեի եթե փորձեմ լռեցնել նրան, ստիպված եմ լինելու գործողության մեջ դնել բռունցքներս: Տեսարանը շարունակվեց մինչեւ ավարտը: Երբ Ջոննին լռեց, ես փոքրոգույամբ ուրախացա, որ Մեյ Ռոմերոն եղբայրներ չունի: Ինչպիսի ոչ երկդիմի, անշնորհք եւ ծիծաղելի բառեր դուրս թռան Արջ-Ջոննիի կոկորդից: Վերջապես նա ոտքի ելավ ու առաջվա պես ապուշային քմծիծաղով հարցրեց. «Վիսկի՞»:
Կարծում եմ, որ բարում հավաքվածները խղճացին ինձ: Նրանք շրջվեցին եւ ընդգծված լրջությամբ սկսեցին զրուցել իրար հետ: Արջ-Ջոննին գնաց սենյակի խորքը, սողաց թղթախաղի կլոր սեղանի տակ. կծկվեց շան նման ու քնեց:



Շարունակելի

Lusina
08.02.2011, 16:06
Լավն էր:hands

Smokie
08.02.2011, 17:52
Ալեքս Հորթնելլը ցավակցաբար նայեց ինձ.
-Դուք նրան առաջին անգամ ե՞ք լսում:
-Այո՛: Բայց ի՞նչ մարդ է նա, գրողը տանի:
Ալեքսը ձեւացրեց թե չի լսել իմ հարցը:
--Դուք անհանգստանում եք Մեյ Ռոմերոյի պատվի համար: Կարիք չկա: Արջ-Ջոննին այդ աղջկան առաջ էլ է բռնացրել:
-Բայց նա ինչպե՞ս է լսել մեզ: Ոչ նկատել եմ. Ոչ էլ զգացել նրա ներկայությունը, երբ նա գործի վրա է:
-Ոչ ոք չի կարող նկատել Արջ-Ջոննիին կամ զգալ նրա ներկայությունը, երբ նա գործի վրա է: Վերջինս կարող է մոտենալ բոլորովին աննկատ: Գիտե՞ք, թե ինչ են անում երիտասարդները, երբ աղջիկների հետ դուրս են գալիս զբոսանքի: Իրենց հետ շուն են վերցնում: Շները Ջոննիից վախենում եւ հեռվից հեռու զգում են նրա ներկայությունը:
-Աստված իմ: Բայց այդ ձայները…
Ալեքսը գլխով արեց:
-Հասկանալի է: Մենք Ջոննիի մասին նամակ գրեցինք համալսարան եւ այնտեղից մի երիտասարդ ժամանեց: Նա քննեց Ջոննիին եւ մեզ պատմեց Կույր Թոմի մասին:
-Նեգր դաշնակահարի՞…
-Այո՛: Կույր Թոմը տկարամիտ էր: Խոսել գրեթե չգիտեր, բայց ընդօրինակում էր ցանկացած դաշնակահարի: Նրան ստիպում էին նվագել լավագույն երաժիշտներից անմիջապես հետո, եւ նա վերարտադրում էր ոչ միայն երաժշտությունը, այլեւ տրամադրությունը: Նրան բռնացնելու նպատակով դաշնակահարները սխալներ էին թույլ տալիս, եւ Կույր Թոմն էլ նվագում էր սխալներով: Նրանց կատարումը Կույր Թոմը լուսանկարում էր բոլոր մանրամասներով: Արջ-Ջոննին էլ նույն բանն է անում, միայն թե՝ լուսանկարելով բառերն ու ձայները:
-Բայց ինչու՞ է այդ բանն անում:
-Ոչինչ չի հասկանում նա, բայց վիսկի շատ է սիրում: Երբեմն փորձում է կրկնել կրպակում լսած խոսակցությունները, բայց դրանց համար նրան ոչ ոք վիսկի չի տալիս:
-Տարօրինակ է,-ասացի ես,- որ նրան ոչ ոք չի գնդակահարել, երբ քարշ է գալիս պատուհանների տակ:
-Շատերն են փորձել, բայց Արջ-Ջոննիին նկատել հնարավոր չէ: Նույնիսկ երբ պատուհանները փակ են, ստիպված ես լինում խոսել շշուկով: Բախտներդ բերել է, որ գիշերը շատ մութ է եղել: Եթե նա տեսած լիներ ձեզ, ապա վարպետորեն կպատկերերայն ամենը, ինչ տեղի է ունեցել: Արժե տեսնել, թե ինչպիսի ծամածռություններ է անում Արջ-Ջոննին, երբ պատկերում է աղջկան նման պահերին: Սարսափելի տեսարան է…
Նայեցի սեղանի տակ կծկված կերպարանքին: Նա մեջքով պառկել էր դեպի հաճախորդները: Լույսի շերտն ընկել էր փրչոտ գլխին: Ես տեսա, թե ինչպես մի մեծ ճանճ նստեց նրա գլխին եւ հետո, երդվում եմ, տեսա, թե ինչպես նրա գանգամաշկը ձիու կաշվի պես թրթռաց ճանճին քշելու համար: Ճանճը դարձյալ նստեց, եւ դարձյալ ցնցվեց գանգամաշկը, ճանճին քշելով: Ես նույնպես ցնցվեցի ամբողջ մարմնով:
-Ալեքսն ասաց.
-Գնանք խմելու:
Մոտեցանք վաճառասեղանին: Չաղ Կարլը երկու բաժակ դրեց մեր առջեւ:
-Ի՞նչ եք խմելու:
Չպատասխանեցինք: Կարլը դեղնավուն վիսկի լցրեց: Նա մռայլադեմ նայեց ինձ եւ ցուցադրաբար աչքով արեց, ակնախնձորի վրա իջեցնելով հաստ ու մսոտ կոպը: Չգիտեմ ինչու, բայց ես ինձ շոյված զգացի:
-Ձեզ ծախեց հա՞:
Ես նույնպես աչքով աչրեցի նրան:
-Հաջորդ անգամ հետս շուն կվերցնեմ:
Վիսկին խմելուց հետո վերադարձանք մեր սեղանի մոտ: Թիմոթի Ռացը հաջողությամբ փասիանս բացեց եւ քայլեց դեպի վաճառասեղանը:
Արջ-Ջոննին դուրս սողաց սեղանի տակից եւ սկսեց գողունի մոտենալ վաճառասեղա-նին՝ քայլելիս ժպտալով հաճախորդներին: Վաճառասեղանի մոտ դարձյալ լսվեց նրա համառ հարցը. «Վիսկի՞: Վիսկի՞»: Կարծես թռչուն էր կռնչում: Չգիտեմ, թե ինչպես է կոչվում այդ թռչունը, բայց լսել եմ երկու նոտայից բաղկացած նրա կանչը (առաջին նոտան՝ ցածր, երկրորդը՝ բարձր), որն անդադար հարցնում էր. «Վի-սկի՞: Վի-սկի՞»:
Բարում հավաքվածները լռեցին, բայց ոչ ոք տեղից չշարժվեց, որպեսզի վաճառասեղանին դրամ դնի: Ջոննին խեղճ-խեղճ ժպտում էր. «Վիսկի՞»:
Հետո փորձեց խարդախել: Նրա բերանից լսվեցին կանացի զայրացկոտ ձայնի հնչյուններ. «Ես ձեզ ասում եմ, որ դա ոչ թե միս էր, այլ միայն ոսկորներ: Ֆունտը քսան սենթով միս եէ վաճառում եւ կեսն էլ ոսկոր եք տալիս»: Հետո լսվեց տղամարդու ձայնը. «Ես ձեզ մի քիչ նրբերշիկ կտամ վնասը ծածկելու համար»:
Արջ-Ջոննին սպասողական հայացքով նայեց շուրջը: Բայց վաճառասեղանի վրա ոչ ոք դրամ չնետեց: Ջոննին մոտեցավ ու հպվեց դռանը: Ես շշնջացի. «Ի՞նչ է անում»:
-Կամաց: Պատուհանից ներս է նայում: Լսեցեք,-պատասխանեց Ալեքսը:
Լսվեց կանացի ձայն, սառը եւ ինքնավստահ մի ձայն, որը կուլ էր տալիս բառերի վերջավորությունները: «Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ: Սարսափելի է: Ես չէի հավատա. եթե աչքովս տեսած չլինեի»:
Նրան պատասխանեց թավ եւ հուզմունքից խռպոտած կանացի մեկ ուրիշ ձայն. «Գուցե հենց ես էլ մի սարսափելի հրե՞շ եմ: Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու: Չգիտեմ, թե ինչ եմ անելու»:
«Դու պետք է կարողանաս տիրապետել քեզ,-ընդհատեց սառը ձայնը:-Հակառակ դեպքում լավ է չապրես աշխարհի երեսին»:
Ես հեծկլտոց լսեցի, որը պոկվեց Արջ-Ջոննիի ժպտացող, հաստ շրթունքներից: Հուսահատության մեջ ընկած կնոջ հեծկլտոց: Նայեցի Ալեքսին: Նա նստել էր անշարժ, աչքերը լայն բացած: Ուզում էի շշուկով բան հարցնել, բայց նա ինձ լռելու նշան արեց: Նայեցի շուրջս: Բոլորը քարացած լսում էին: Հեծկլտոցն ընդհատվեց. «Մի՞թե դու այսպիսի բան երբեք չես զգացել, Իմալին»:
Այս անունը լսելով Ալեքսը շունչը պահեց: Սառը ձայնը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
«Գիշերներն է՞լ: Երբե՞ք… Ամբողջ կյանքումդ է՞լ»:
«Եթե ինձնից թեկուզ մի մասնիկ այդպիսի բան զգար, ես այն կկտրեի ու կնետեի: Դե բավական է լաց լինես Էմի,-ասաց սառը ձայնը:- Ես այլեւս չեմ կարող դիմանալ: Եթե նյարդերդ են քայքայվել, ես միջոցներ ձեռք կառնեմ, եւ քեզ անպայման կբուժեն»:
Արջ-Ջոննին ժպտաց. «Վիսկի՞»:
Երկու հոգի ոտքի ելան եւ առանց խոսելու վաճառասեղանին դրամ դրեցին: Չաղ Կարլը երկու բաժակ լցրեց ու, երբ Արջ-Ջոննին մեկը մյուսի ետեւից խմեց դրանք, Կարլը մի բաժակ եւս լցրեց: Բոլորն էլ կռահեցին, թե ինչպես է հուզվել նա: «Բուֆֆալո» բարում ոչոքի ձրի չէին հյուրասիրում: Արջ-Ջոննին հաճախորդներին պարգեւեց իր ժպիտն ու գողունի քայլվածքով դուրս գնաց: Դուռը փակվեց նրա ետեւից, փակվեց դանդաղ անաղմուկ:
Երկար ժամանակ բոլորը լուռ էին: Թվում էր, թե ամեն մեկը մտածում է յուրովի: Հաճախորդները մեկը մյուսի ետեւից դուրս ելան: Բացվող դռնից ներս խուժեցին տտմած մառախուղի պատառները: Ալեքսն էլ ելավ ու գնաց: Ես հետեւեցի նրան:
Զզվելի գիշերն ինձ դիմավորեց գարշահոտ մուժով: Թվում էր, թե այդ մուժը կառչել է շինություններին եւ իր շոշոափուկներով թափանցել ամենուր: Ես արագացրի քայլերս ու հասա Ալեքսին:
-Ի՞նչ էր ասում,-հարցրեցի ես:- Ինչի՞ մասին էր խոսում:
Սկզբում թվում էր, թե չի պատասխանի: Բայց փոքր-ինչ լռելուց հետոնա կանգ առավ ու դարձավ ինձ.
-Հերն էլ անիծած: Լսեցեք: Ամեն գյուղ իր արիստոկրատներն ունի, ունի իր անբասիր գերդաստանը: Բարեհոգի, պառաված օրիորդներ Իմալին եւ Էմի Հոքինսներն էլ մեր արիստոկրատներն են: Նրանց հայրը կոնգրեսմեն է եղել: Այդ ներկայացումը իմ դուրը չեկավ: Արջ-Ջոննին այդ բանը չպետք է աներ: Ախր այդ արիստոկրատները կերակրում են նրան: Պետք չէր, որ նրան վիսկի տային: Հիմա արդեն շարունակ կթափառի Հոքինսների տան շրջակայքում… հիմա արդեն գիտե, որ փոխարենը վիսկի կստանա:
-Նրանք ձեր ազգականնե՞րն են,-հարցրեցի ես:
-Ոչ, բայց նրանք… նրանք ուղղակի նման չեն իրար: Իմ հարեւանությամբ նրանք էլ մի ֆերմա ունեն: Գիտեք, դժվար է ձեզ բացատրել… Այդ Հոքինսները միշտ օրինակ ենք մեր երեխաներին, եթե ուզում ենք… եթե ուզում ենք ասել, թե ինչպիսին պետք է լինեն լավ մարդիկ:
-Բայց—առարկեցի ես,- մի՞թե Արջ-Ջոննին այնպիսի բան ասաց, որը կվարկաբեկեր նրանց:
-Չգիտեմ: Չգիտեմ, թե ինչ է կատարվում: Ավելի ճիշտ, ես ինչ-որ բաներ գիտեմ… է՛հ, գնանք քնելու: Ֆորդս տանն եմ թողել: Ոտքով տեղ կհասնեմ:



Շարունակելի

Smokie
08.02.2011, 22:02
Հաջորդ օրն առավոտյան ժամը ութին ես ճահճի միջով քայլում էի դեպի հողահան մեքենան: Գործավորները փոխում էին թմբուկների ճոպանները: Ես հետեւեցի նրանց աշխատանքին եւ տասնմեկի մոտերքը վերադարձա Լոմա: Միսիս Ռացի տան առջեւ իր ֆորդի մեջ նստել էր Ալեսքս Հարթնելլը: Նա ձայն տվեց ինձ.
-Իսկ ես պատրաստվում էի գալ ձեր ետեւից, հողահանի մոտ: Այս առավոտ երկու հավ եմ մորթել ու մտածեցի, որ լավ կլինի, եթե ճաշի հրավիրեմ ձեզ:
Ուրախությամբ ընդունեցի հրավերը: Մեր խոհարարը, գունատ եւ բարձրահասակ մի մարդ, լավ կերակուրներ էր եփում, բայց վերջերս նրա նկատմամբ ինչ-որ տհաճություն էի զգում: Նա բամբուկե ծխափողին ամրացրած կուբայական սիգարեթներ էր ծխում: Ինձ դուր չէր գալիս, երբ առավոտները դողդողում էին նրա մատները: Ձեռքերը մաքուր էին, բայց գունատ. Կարծես ալրաթաթախ լինեին: Ես նստեցի Ալեքսի կողքին, եւ ֆորդը զառիվայրով ցած սահեց դեպի բերրի տեղամասերը, որոնք բլրի հարավ-արեւմտյան մասում էին գտնվում: Պայծառ լուսավորում էր արեւը: Երբ դեռ փոքր էի, մի կաթոլիկ տղա ինձ ասաց, որ արեւը ամեն կիրակի լուսավորում է. թեկուզ մի ակնթարթ նա դուրս է գալիս ամպերի ետեւից, որովհետեւ փառաբանում է աստծո բարի օրը: Ես միշտ ուզում էի ստուգել, թե դա ճի՞շտ է արդյոք: Մենք աղմուկով իջնում էինք դեպի հարթավայրը:
-Հիշու՞մ ես Հոքինսներին,-բարձրաձայն հարցրեց Ալեքսը:
-Իհարկե հիշում եմ:
Ալեքսը պարզեց ձեռքը.
-Նրանց տունն է:
Տունը գրեթե նկատելի չէր նոճիների խիտ ու բարձր պարսպի ետեւից: Վերջինիս վրայից միայն տանիքն ու պատուհանների վերին մասերը: Նոճիներխ խնամքով խուզված էին: Եւ այդ պարիսպը թվում էր անհավատալի կերպով հաստ ու թավ:
-Այսպիսի պարիսօը կպատսպարի ամենասաստիկ քամիներից անգամ,-ասաց Ալեքսը:
-Բայց ոչ թե Արջ-Ջոննիից:
-Նա մռայլվեց ու ցույց տվեց դաշտում գտնվող սպիտակավուն տունը:
-Իսկ այնտեղ ապրում են չինացի բնավարձակալողները: Լավ աշխատողներ են: Ափսոս որ դրանց պես մարդիկ ես էլ չունեմ:
Այդ պահին պարսպի անկյունից ճանապարհ դուրս եկավ երկտեղանի մի կառք: Կաքռին լծած մոխրագույն ձին արդեն պառավել էր, բայց նկատելի էր անմիջապես, որ նրան լավ են խնամում: Կառքը փայլում էր մաքրությունից, լծասարքը՝ նույնպես: Ձիու ամեն աչքակալին նշմարելի էր մի մծ, արծաթավուն տառ՝ «Հ»:
-Նրանք են,-ասաց Ալեքսը:-Եկեղեցի են գնում:
Երբ մեքենան անցավ նրանց մոտով, մենք հանեցինք գլխարկներս ու խոնարհվեցինք, նրանք էլ հանդիսավորությամբ բարեւեցին մեզ: Ես կանանց լավ զննեցի: Եւ նրանց արտաքինն ինձ ապշեցրեց: Նրանք ճիշտ այնպիսին էին, ինճպես պատկերացնում էի: Արջ-Ջոննին հիմա ավելի զարմանահրաշ թվաց ինձ. նա կարողանում էր միայն ձայնի ելեւէջներով պատմել նաեւ մարդկանց արտաքինի մասին: Ես այլեւս չհարցրեցի, թե կանանցից որ մեկն է Իմալինը եւ որը՝ Էմին: Անթարթ աչքերի խիստ արտահայտություն, սուր եւ ընդգծված ծնոտ, կարծես ալմաստով կտրված բերանի պարզ գծագրություն, սլացիկմարմին՝ ահա Իմալինը: Էմին շատ նման էր քրոջը, սակայն միեւնույն ժամանակ նրանց տարբերությունն ակներեւ էր: Մարմնի սահուն անցումներ, բերանի մեղմ արտահայտություն, լիքը շուրթեր, բարձր կուրծք: Բայց եւ այնպես նա հիշեցնում էր Իմալինին: Եւ եթե Իմալինի դեմքը պաղած էր ու անշարժ ի բնե, ապա Էմին կարծես քարացած դիմակ հագած լիներ: Իմալինը կլիներ հիսունից հիսունհինգ տարեկան, իսկ Էմին՝ մի տասը տարով փոքր: Ես նրանց վրա միայն մի հայացք նետեցի ու ինձ այլեւս չվիճակվեց հանդիպելու Հոքինսներին: Բայց որքան էլ տարօրինակ է, կյանքումս ոչ ոքի այնպես լավ չեմ հիշում, ինչպես այդ կանանց:
-Դուք կռահեցի՞ք, թե ինչու ես նրանց արիստոկրատներ անվանեցի,-ասաց Ալեքսը:
Ես գլխով արեցի: Դժվար չէր դա կռահելը: Գյուղաբնակները իրենց զգում էին այնպես, ինչպես եթե… ոնց ասեմ… դե, իրենց շատ հանգիստ էին զգում այդպիսի օրինավոր կանանց հարեւանությամբ:
Կերակուրը հրաշալի էր: Ալեքսի քույրը տապակել էր հավերը եւ ճաշը պատրաստել այնպես, ինչպես հարկն է: Ես մեր խոհարարի մասին մտածում էի է՛լ ավելի լուրջ կակածներով ու չարությամբ: Ճաշից հետո հոյակապ բրենդի խմեցինք:
-Չեմ հասկանում,-ասացի ես:- Ինչու՞ եք դուք ընդհանրապես բար գնում: Այնտեղի վիսկին…
-Իհարկե,-ընդհատեց Ալեքսը:- Բայց այդ բարը Լոմայի ուղեղն է: Մեր լրագիրն է, մեր թատրոնը, մեր ակումբը:
Դա ճիշտ էր: Ու երբ Ալեքսը նստեց իր ֆորդի ղեկի առջեւ, որպեսզի ինձ ետ տանի, մենք երկուսով էլ գիտեինք, որ չանցած երկու ժամ, դարձյալ հանդիպելու ենք «Բուֆֆալու» բարում:
Արդեն գյուղ էինք մտնում, երբ ճանապարհի վրա պարեց դիմացից եկող ավտոմեքենայի աղոտ լապտերների լույսը: Ալեքսը մեքենան կանգնեցրեց ճանապարհի լայնքով ու մարեց շարժիչը:
-Բժիշկն է, դոկտոր Հոլմսը,-բացատրեց նա ինձ:
Դիմացից եկող մեքենան կանգ առավ:
-Բարեւ ձեզ, դոկտոր,-գոչեց Ալեքսը:- Ես խնդրում եմ այցելեք քրոջս: Նրա կոկորդը ցավում է:
-Աչքիս վրա, Ալեքս,-պատասխանեց դոկտոր Հոլմսը,-անպայման կանցնեմ: Ձեր մեքենան մի կողմի վրա քաշեք: ես շտապում եմ:
Ալեքսը դանդաղում էր:
-Ո՞վ է հիվանդացել, դոկտոր:
_Միսիս Էմին է մի քիչ վատ զգում իրեն: Ճանապարհ տվեք:
Ալեքսը մեքենան ետ քաշելով, դոկտորին ճանապարհ տվեց: Մենք եւս շարժվեցինք: Ես այն է՝ ուզում էի նկատել, որ պարզ գիշեր է, երբ նայելով առաջ, տեսա մառախուղի գզգզվածպատառիկներ, որոնք ճահճի կողմից օձերի պես դանդաղ սողում էին դեպի բլուրը: Մեր ֆորդը կանգ առավ բարի մոտ: Մենք ներս մտանք:
Երբեք չէի տեսել, որ բարում այդպիսի խաղաղություն տիրեր: Ոչ ոք չէր կռվում, չէր երգում, չէր աղմկում: Չաղ Կարլի անբարյացակամ, մռայլ հայացքի տակ կերուխումը աղմկալի զվարճությունից ինչ-որ ձեւով վերափոխվել էր հանգիստ, գործարար զբաղմունքի: Ալեքսն ու ես վիսկի էինք խմում: Ազատ աթոռներ չկային, եւ մենք վաճառասեղանին հենված կանգնել ու շատախոսում էինք սպորտի, առեւտրի եւ մեր իրական ու մտացածին արկածախնդրությունների մասին… Մի խոսքով, զբաղված էինք բարի համար շատ սովորական խոսակցությամբ: Երեւի մի երկու ժամ արդեն անց էինք կացրել այնտեղ, երբ Ալեքսն ասաց, թե ուզում է տուն գնալ: Ես էլ զգացի, որ ուզում եմ հեռանալ:



Շարունակելի

Անտիգոնե
08.02.2011, 22:34
Անձրևը...

Ակսել Բակունց

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։
Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ...
Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում Է կեղևը։ Անտառում մառախուղ է, կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաբոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝ «Երեմիա սուրբ ծերունի»... Խշշում են քարափի ուռիները։ Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։
Ահա քարանձավը... Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։ Քամուց ծփում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը։ Կարմիր մասուրներ կան մատների վրա։ Նա նայում է ինչպես եղջերուն, չզիտես խեղճ աղերսով, թե անբարբառ աղոթքով։ Գուցե խարույկ է եղել նրա մոտ։ Վառել է չիբուխը խարույկի կրակից, և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացող այսերի և մարդագող ալքերի հեքիաթը, երկար, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը։
Գվվում է ձորը անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները։
Գվվում է քարանձավը, և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պես հնչում է մութ փչակից.
...Էս խոր ձորերում էս է՝ չորս քսան տարիս լրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքս լիացավ։
Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում։ Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները։
Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը։
Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն լուսերես ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու...
* * *
Գետը։
Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ։ Այն ափին բարձրացել է հիդրոցենտրալի բազմահարկ շենքր, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տունը, որ ծվարել են քարափի գլխին։
Շենքի ներսը՝ այս ձորերին անծանոթ եռուզեռով խլրտում են մարդիկ, որոնք հերոսական ջանքերով և դժվար զրկանքներով հաստատեցին լույսի այս ամրոցը։ Ահա երկաթակուռ բետոնի անկործան և անփոփոխ հունով, Ձորագետի ջրերը բարձր ժայռից իջնում են ծանր տուրբինների վրա։ Ամեհի թափով պտտվում է սյունը, հարյուրավոր մեքենաներ դարձ են անում, ռիթմով դառնում և վերևի ընդարձակ դահլիճում գեներատորը երկնում է հազար-հազար կիլովատ։
Մեքենաների ժխորի մեջ լսում եմ տարիների համառ աշխատանքի պատմությունը - երեք ագրեգատ, յուրաքանչյուրը մի քանի հազար ձիու ուժ... բացի այդ՝ մի պեյլտոն ագրեգատ...։ Օդային ֆիդերները տանում են այդ ուժը դեպի պղնձաձուլարանները, դեպի ցիանամիդի և գրանիտի գործարանները, դեպի Ստեփանավան։ Հետագայում մի գիծ կմիանա Քանաքեռի հիդրոկայանին, իրար կմիանան Լենինականը, Երևանը և հիմք կդրվի Հայաստանի էներգետիկ հզոր հանգույցին։
Զվարթ աղմկում են մեքենաները, և դժվար է լսվում այդ պատմությունը։ Բաց պատուհանից ներս է մտնում անտառի գաղջ բույրը և նոր ներկած վահանների հոտը։
Մեկը կանգնել է ամպերոմետրի մարմարե տախտակների մոտ և ուշադրությամբ նայում է պղնձե սլաքների ընթացքին։ Նա երբեմն բաց պատուհանից նայում է դիմացի լեռներին, անտառին և այն երեք տանը, որ կուչ են եկել քարափի գլխին։
Նրա կապույտ աչքերից, նիհար և բարձր հասակից երևում է այդ լեռների մարդը, անբան հովիվների շառավիղը՝ լոռեցի բանվորը։ Ոչ ահ կա սրտում, ոչ խոնարհ վախ աստծուց, թավադից, չարքից ու չարչուց։
Լոռու ձորում կնստի ձմեռը, և ծմակներում կոռնա քաղցած գազանը, հոտոտելով նա կհասնի մինչև քարափի եզրը և ահից ետ կդառնա, երբ տեսնի լույսերով ողողված ձորը։
Ձմռան գիշերը լուսավոր դահլիճում մարդը կլսի մեքենաների զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքից ծանր բեռ բարձրանում էր լոռեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում։ Այն ժամանակները, երբ «մի տուն լիքը մանուկներ» ահով էին լսում և բուքի ոռնոցը, և պարտքատիրոջ ոտնաձայնը... Ապա կանցնի նորոգ օրերի պատմությանը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «ղակոնը» նրան քշեց Սիբիր։ Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը... Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա...
Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխիս ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ...
* * *
Ես նայում եմ նրան և հիշում իմ երկրի հին պատմությունը։
Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ։
Ինչպես մի եղեգն՝ նախ խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը։
Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ առասպելներ հին փառքի մասին։
Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը։ Նա հերկել է ուրիշի հողը, սերմել է արյուն-քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը վանքը և ռուբլու արքան։
Նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը։
Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը։ Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հասնեն տափարակների վրա և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը։
Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա, իջնում է աշնան բարեբեր անձրևը...

Անտիգոնե
08.02.2011, 23:21
Հոգուն վրա հասավ

Նար-Դոս
Ձմեռնամուտ օրերից մեկն էր։ Մութը դեռ բոլորովին չէր կոխել երկիրը։ Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես։ Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից։ Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու։ Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից՝ մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես։ Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում:
Նախշքար Դավիթը գնում էր տուն, մատների ծայրերը կապույտ արխալուղի գրպանները կոխած։ Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը և կարմիր աղլուխը, որ մի ծայրով պնդացրած էր կողքին կաշու գոտկից։ Ամբողջ հագուստը, սկսած գոտկից մինչև ոտնամանները, ծածկված էր ամեն գույնի ներկերի բծերով, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում սպիտակները։ Նա անցնում էր անհույս ու աննպատակ մարդու անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր տրտունջի և հայհոյանքի պես մի բան։ Ցուրտ քամին ծեծում էր նրա մազակալ երեսը, փոշով ծածկում մորուքը, բեղերն ու թավ հոնքերը, ստիպում ծածկել աչքերը, սպառնում խլել գդակը, որ նա քաշել էր մինչև ականջները, և երբեմն-երբեմն գրոհ տալիս նրա վրա այնքան ուժգին, որ նա ակամա կանգ էր առնում և ամբողջ մարմնով առաջ թեքվում, որ ետ-ետ չգնա։ Բայց նա ոչինչ չէր զգում․ զգում էր միայն մի բան — սիրուհու չափ տենչալի և մահվան չափ անդիմադրելի․ զգում էր ծարավ, ոգելից խմիչքի անհուն ծարավ, որից լեզուն ցամաքել էր բերանում, որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում և ամբողջ մարմինը կարծես զրկվել էր սովորական ջերմությունից:
Ամբողջ երեք շաբաթ էր, որ պարապ էր. գործ չկար, չէր ճարվում։ Ձմեռնամուտ էր. տուն շինողը շինել պրծել էր, վերանորոգողը՝ վերանորոգել պրծել, այլևս ոչ ոք նոր տուն չէր շինում, ոչ ոք հատակները, պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս։ Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին:
Ամառվա և աշնան աշխատանքի փողն օրը գալիս էր, օրը գնում։ Այժմ — ոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր։ Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, ոչ արաղից, ոչ գինուց։ Մի ամբո՜ղջ օր... Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել։ Այնինչ մինչև այսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ ամսվա ընթացքում և հետո, երբ գրպանում միշտ փող կար, պատահե՞լ էր մի օր, գեթ մի հատիկ օր, որ բանի ժամանակ ձեռաց չվազեր մոտակա «պադվալը», բերանը մի քիչ թաց անելու կամ բանից հետո ամբողջ ժամերով չնստեր գինետանը իր ընկերների հետ և լավ «թրջված» տուն չդառնար կեսգիշերին բայաթի երգելով։ Իսկ ա՞յժմ... Գոնե ապառիկ տային մի կես թունգի գինի կամ մի «տրիցատկա» արաղ.— չէ՛, չէին տալիս անխիղճները, այսինքն տվել էին, բայց էլ չէին տալիս, տեսնելով, որ արդեն հավաքված պարտքը վճարել չի կարողանում, մինչդեռ այդ ապերախտների մոտ էր թողել իր վաստակած գրեթե բոլոր փողերը։ Գոնե ընկերներից մեկն ու մեկը հրավիրեր.— չէ՛, չէին հրավիրում․ ամենքն էլ իր պես պարապ էին, ամենքի գրպանումն էլ մկներ էին խաղում։ Անտեր տանն էլ չկար այնպիսի մի բան — արծաթե գդալ, ոսկե մատանի, ականջի օղ, կամ գորգ, թեկուզ կնոջից ծածուկ տաներ գրավ դներ կամ ծախեր․— տունը սրբած, կինն ու երեխաները՝ տկլոր, ինքը՝ դառ ու դատարկ:
Այսօր գինեվաճառը, որի մոտ նա թողել էր իր ամառվա գրեթե ամբողջ վաստակը, բաց արեց նրա առջև դավթարը և ասաց.
— Այ, ուստա Դավիթ, տասը մանեթ հինգ շայի նիսիա կա վրեդ. բե տու, ախպեր, ու էլի ինչքան ուզում ես՝ նստի խմի, քեզ անուշ ըլի:
Ու, չնայելով Դավթի աղաչանք-պաղատանքին, մեռավ-կտրվեց՝ մի բաժակ օղի չտվեց, որ ցամաքած բերանը բաց աներ ու մի քիչ տաքանար այս անպիտան ցուրտ եղանակին:
Այժմ նա տուն էր դառնում հույսը բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա։ Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ, օրն էլ — ո՞վ գիտե դարձյալ քանի՜ օրեր — նույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար։ Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց մի դրամ խցկված լինի կարկատանների արանքը, ինչպես շատ անգամ էր պատահել փող ունեցած ժամանակ, բայց մատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը:
Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթափվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկ կտուրներով, ծուռտիկ-մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո՛րը գետնի մեջ խրված, ո՛րը գետնից բարձր:
Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում։ Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը։ Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց, ներսից փակ էր։ Այդ բանն ավելի կատաղեցրեք Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ:
— Մեռել ե՞ք, սատկել ե՞ք, — գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով:
Ներսից լսվեց դռան փականքի շրխկոցը։ Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի:
Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով:
Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգաց գլխին։ Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ-տապ արած հավի պես։ Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի և իր մանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած աշխատում էր պաշտպանել գլուխը՝ շեքերի մեջ կոխած:
Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով.
— Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք։ Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանո՞ւմ։ Այ խլանաք դուք, խլանաք։ Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ։ Գիտամ, էնքան բան-ման ունես անտեր տանդ, որ վախենում ես նի չթափվեն, չթալանեն։ Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը։ Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձեր գլխին։ Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ...
Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով:
Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից։ Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչ միայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր «գործի»: Կնոջ միակ պատասխանը լռությունն ու անտարբերությունն էր լինում։ Շունը հաչեր, թե Դավիթը — այդ միևնույն էր նրա համար։ Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում-գոռգոռում, հայհոյում էր ամենա զզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր:
Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին։ Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտ հայհոյանք ու ծեծ։ Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի, — այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ, — բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր․ այդ էլ չկար։ Ինչ, վաստակում էր, իր փորն էր ածում։ Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ, խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահ ու դողով, թե ահա որտեղ որ է պիտի գա իր դահիճը արբած-տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին։ Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էր հագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով:
Մային աշխատում էր, գիշեր-ցերեկ աշխատում — կար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկ վաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում․ կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում։ Հարատև աշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին։ Նրա կյանքը դարձել էր մի տեսակ անասնական․ չէր իմանում ի՛նչ օր է լուսանում, ի՛նչ օր մթնում․ մի բան էր միայն իմանում — երեխաները քաղցած են՝ պետք է աշխատել, երեխաները տկլոր են՝ պետք է աշխատել, տանտերը պահանջում է վարձը՝ պետք է աշխատել:


Շարունակելի

Անտիգոնե
08.02.2011, 23:23
Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է․ կարում է ամբողջ օրը՝ վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա՝ գեթ վաղը մի քիչ հաց առնելու։ Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին։ Փոքրն արդեն շատ վնգստալուց հոգնել, քնել է, մեծն էլ, աղջիկը՝ չես իմանում ինչի է սպասում։ Նրա մատները փետացել են, ասեղը հազիվ են բռնում, մեջքը կորացել, չորացել է, որ շտկում է, կարծում է, թե ողնաշարն ուզում է կոտրվել:
Երկար, շատ երկար գոռաց, գոռգոռաց Դավիթը, հայհոյեց, էլ մեռել ու կենդան չթողեց, հետո պառկեց թախտի վրա, ձեռները դրեց գլխի տակ և սկսեց նայել առաստաղի կաթիլքից բազմազան գույներ ստացած, ճաքճքած գերաններին:
Փոքրիկ աղջիկը, որ հոր ահից հենց այնպես էլ մնացել էր դռան մոտ պպզած, ուր դռան ճեղքերից փչող սառը քամին մրսեցնում էր նրա վտիտ մարմինը, կամաց վեր կացավ, կատվի քայլերով գնաց բարձրացավ թախտը և նստեց մոր մոտ, մերկ սրունքները ծածկելով չթի դերիայի կարճ փեշերի տակ։ Շուտով նրա աչքերի կոպերը ծանրացան, և նա նստած տեղը սկսեց նիրհել:
Մայրն ատամներով կտրեց կարի թելը, որի ժամանակ աչքն ընկավ նիրհի մեջ գլուխը բարձր ու ցածր անող աղջկա վրա:
— Աղջի, քունդ տանում ա, գնա քնի:
Աղջիկը բաց արեց շաղված աչքերը, մի րոպե ապուշ-ապուշ նայեց մորը, հետո սուր-սուր եղունգներով սկսեց քորել գլուխը և կամացուկ վնգստաց.
— Հաց եմ ուզում:
— Ես էլ եմ ուզում, — արձագանք տվավ թախտի ծայրից փոքրիկը, որ հոր գոռգոռոցի վրա զարթել էր և, մինչև այժմ լուռ, մթելի տակից պլզած աչքերով նայում էր ճրագին:
— Էգուց, էգուց, բալա ջան, հմի քնեցեք, — ասաց մայրը:
Բայց փոքրիկը և նրանից սիրտ առած մեծը սկսեցին ավելի ու ավելի վնգստալ:
— Սո՜ւս, շան լակոտներ, թե չէ, էս ա վեր կացա, — հանկարծ գոռաց Դավիթը, արագորեն շուռ գալով պառկած տեղը և բռունցքը ուժգին զարկելով թախտին:
Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց։ Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի մի ծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց:
Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը․ իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն-երբեմն Դավթի մռմռոցը։ Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա՛ կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն-երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով:
Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավն ավելի ու ավելի էր նեղում նրան։ Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի, կամ կմեռնի, կամ կգժվի։ Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն․ գլուխը ծանր էր քարի պես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին, ծնկների մեջ ինչ-որ մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են դժվժում․ չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում։ Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելու համար:
— Օ՛, ես ձեր... — մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը։ Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելի երևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետան մեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը:
Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով։ Մտածում էր՝ ի՞նչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար․ մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջև կանգնած մարդու մտատանջանքով։ Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն էր ընկնում ջրի կուլան։ Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգ առավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը։ Բայց ոգելից խմիչքի ծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել։ Եվ Դավիթը կամա-ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան:
Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան դեմքը մի րոպե կարծես պայծառացավ:
Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել։ Ողողեց, ողողեց օղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ծծել։ Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին։ Այդ միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էր ստացել, որ կարծես լուծողական էր ընդունում:
Կինն առաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը:
Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ-որ փնթփնթաց քթի տակ:
— Հը՛, ի՞նչ ես փնթփնթում,— կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից։ Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետո ավելացրեց ծանր ու սպառնալից,— ջանդ խո քոր չի գալիս։ Թե քոր ա գալիս, քորեմ...
Կինը ձայն ծպտուն չհանեց:
Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը։ Ջուրը թեև մի քիչ օղու համ էր ստացել, բայց իհարկե, այն չէր, ինչ որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակների մեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը։ Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով։ Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր:
Դուռը դրսից ծեծեցին:
Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց։ Այդ անշուշտ Ակոբն էր— անդրանիկ որդին՝ ութ տարեկան, որ նոր էր վերադառնում խանութից։ Չորրորդ ամիսն էր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր:
Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին:
Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած․
— Տո, խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ։ Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՛լի։ Այ չորանաս էդ ճրագի տակը, հը՜, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս։ Մի հարցնող ըլի, օգուտդ ի՞նչ ա, է՞, էդ անտեր-մունդռիկ կարիցը։ Նավթն էլ մինչև լիս էրում ես:
Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու:
Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով։ Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպով զարնում իրար, բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ-որ անհուն բերկրանքով:
— Մայիլո ջա՜ն,— մտնելուն պես բացականչեց նա,— ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց։ Ա՜յ:
Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ:
— Աբա՛, աբա՛...
Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային:
Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ:
— Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք․ հաց կառ...
Խոսքը չվերջացավ կնոջ բերանում․ Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա:
— Ի՛նձ տու,— բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից:
Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ...
Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած՝ լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամին փչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա։ Մեծ դժվարությամբ նստեց, երկու ձեռքով բռնեց ծոծրակը, աչքերը փակեց ինչ-որ սուր ցավից և մի երկար ու ձիգ թառանչ քաշեց:
— Դուռը կողպի, Ակոբ ջան, դուռը կողպի, ցուրտ ա,— հազիվ կարողացավ արտասանել նա:

Smokie
09.02.2011, 14:34
Դուռն անաղմուկ բացվեց, եւ սենյակ սահեց Արջ-Ջոննին: Նրա երկար ձեռքերը ցնցվում էին. Նա ճոճում էր իր մեծ, փրչոտ գլուխն ու հիմար մի արտահայտությամբ ժպտում բոլորին: Նրա քառակուսի ներբանները կատվի թաթեր էին հիշեցնում:
-Վիսկի՞,- կռնչաց նա: Բայց ոչ ոք չարձագանքեց: Եւ նա սկսեց իր կեղտոտ առեւտուրը: Անցյալ անգամվա պես պառկեց փորի վրա: Լսվեցին միապաղաղ, իմ կարծիքով չինարեն խոսքեր: Իսկ հետո թվաց, թե ճիշտ նույն բառերը արտաբերեցին մի այլ ձայնով, բայց ավելի դանդաղ Արջ-Ջոննին բարձրացրեց իր փրչոտ գլուխն ու հարցրեց.
-Վիսկի՞:
Ճարպկորեն, առանց որեւէ ճիգի, նա ոտքի ելավ: Իմ հետաքրքրասիրությունը շարժվեց: Ես ներկայացում դիտելու անսահման պահանջ զգացի: եւ վաճառասեղանին նետեցի քառորդ դոլլար: Ջոննին լակեց վիսկին: Բայց մեկ րոպ անց ես զղջացի արածիս համար: Վախենում էի նայել Ալեքսի կողմը, որովհետեւ Արջ-Ջոննին գողեգող առաջ եկավ դեպի սենյակի կենտրոնն ու այնպիսի կեցվածք ընդունեց, կարծես պատուհանի տակ կանգնած ականջ էր դրել:
Իմալինի պաղ ձայնն ասաց. «Նա այստեղ է դոկտոր»: Այդ պահին ես փակեցի աչքերս Արջ-Ջոննիին չտեսնելու համար:
Դոկտորի ձայնը լսել էի ճանապարհին: Եւ այդ հենց նրա ձայնն էր, որ հարցրեց. «Ասացիք թեթեւ ուշաթափությու՞ն»:
«Այո դոկտոր»:
Կարճ դադարից հետո լսվեց դոկտորի շատ ցածր ձայնը. «Ինչու՞ է նա այդպես արել Իմալին»:
Իսկ ի՞նչ է արել»: Այս հարցի մջ գրեթե սպառնալից երանգ կար:
«Ես ձեր տնային բժիշկն եմ, Իմալին: Ես բուժում էի ձեր հորը: Դուք պարտավոր եք ինձ ասել ճշմարտությունը: Կարծում եք, չե՞մ տեսնում նրա վզի այս կարմրավուն շերտը: Որքա՞ն ժամանակ է նա կախված մնացել»:
Երկար լռություն տիրեց: Երբ կինը դարձյալ խոսեց, նրա ձայնի մեջ այլեւս սառնություն չկար: Ձայնը շատ ցածր էր: «Երկու կամ երեք րոպե: Նա կփրկվի՞, դոկտոր»: Սա ասվեց գրեթե շշուկով: Այո, նա շուտով կսթափվի: Այնքան էլ չի վնասվել: Ինչու՞ է այդպիսի բան արել»:
Պատասխանի մեջ շատ ավելի սառնություն կար, քան սկզբում. «Ես չգիտեմ, սըր»:
«Դա նշանակում է, որ չե՞ք կամենում ասել»:
«Դա նշանակում է այն, ինչ արդեն ասացի»:
Ապադոկտորի ձայնն սկսեց բացատրել, թե ինչպես պետք է խնամել հիվանդին, խորհուրդ տվեց պառկեցնել անկողնում եւ կաթ ու մի քիչ էլ վիսկի խմացնել: «Եւ, վերջապես, ավելի քնքուշ եղեք,- ասաց նա:- Ամենից գլխավորը նրա հտ քնքշորեն վարվելն է»:
Իմալինի ձայնը փոքր-ինչ դողաց. «Դու ոչ ոքի չե՞ք ասի… դոկտոր»:
«Ես բժիշկ եմ,- մեղմ ձայնով ասաց դոկտորը:- Իհարկե, ոչ ոքի չեմ ասի: Եւ այսօր եւեթ որեւէ հանգստացնող դեղ կուղարկեմ ձեզ»:
-Վիսկի՞:
Անմիջապես բացեցի աչքերս: Սարսափելի Արջ-Ջոննին ժպտադեմ նայում էր հաճախորդներին:
Մարդիկ լուռ էին: Չաղ Կարլը հայացքը հառել էր հատակին: Շրջվեցի Ալեքսի կողմը, որպեսզի ներողություն խնդրեմ, քանի որ այս ամենի մեղավորը ես էի:
-Չգիտեի, որ նա այսքան բան կասի,- ասացի:- Ներեցեք:
Ես դուրս եկա բարից եւ գնացի իմ անհրապույր սենյակը: Բացելով պատուհանը՝ նայեցի քուլա-քուլա զարկերակվող մառախուղին: Ճահճի խորքերից սկզբում դանդաղ, ապա սաստկացող արագությամբ հռնդաց դիզելային շարժիչը:
Հաջորդ օրն առավոտյան մեր գլխին մի այնպիսիդժբախտ պատահար եկավ, ինչպիսին հաճախ է տեղի ունենում շինարարական աշխատանքների ժամանակ: Ճոպանը կտրվեց, շերեփն ընկավ կամրջանավի վրա եւ խորասուզվեց այն: Երբ կամրջանավը դուրս քաշեցինք ջրից, ճոպաններից մեկն էլ կտրվեց եւ ածելու պես սափրեց գործավորներից մեկի ոտքերը: Մենք ոլորափոկերով կապեցինք տուժածի կտրված ոտքերն ու շուտափույթ հասցրեցինք Սալինաս: Հետո եւս մի քանի աննշան պատահարներ տեղի ունեցան: Խոհարարի մասին իմ կարծիքը հաստատվեց. նա փորձել էր մեքենավարին մի տուփ մարիխուանա վաճառել: Ընդհանրապես, գլխացավանք շատ կար: Երկու շաբաթ հետո միայն տեղ հասան նոր կամրջանավը, նոր գործավորն ու նոր խոհարարը:
Ես այնպես էի խրվել գործի մեջ, որ ժամանակ չէր մնում խառնվելու Լոմայի անցուդարձին: Բայց երբ շերեփը դարձյալ խրվեց հողի մեջ, եւ դարձյալ հռնդաց հնամենի դիզելը, մի օր երեկոյան ճանապարհս շեղեցի դեպի Ալեքս Հարթնելլի ֆերման: Հոքինսների տան մոտով անցնելիս ներս նայեցի նոճիների պարսպի հյուսված դարպասի ճեղքից: Պատուհաններից մեկը լուսավորված էր գիշերային լամպի թույլ լույսով: Փչում էր մի քամի, որը գետնի վրայով հալածում էր երնջակի նմանվող մառախուղի քուլաները: Ես մերթ հայտնվում էի պարզ օդում, մերթ էլ մի ակնթարթ միայն անհետանում թանձր մառախուղի մեջ: Ինձ այնպես թվաց, թե լսեցի ինչ-որ մեղմ մի հառաչ Հոքինսների տան պարսպի ետեւից: Հետո տեսա մի մութ կերպարանք, որը արագաքայլ կտրում անցնում էր դաշտը: Քստքստացող քայլվածքից կռահեցի, որ դա սանդալ հագած շինացի բատրակներից մեկն է:
Իմ թակոցի վրա դուռը բացեց Ալեքսը: Ըստ երեւույթին նա շատ ուրախացավ ինձ տեսնելով: Ալեքսի քույրը մեկնել էր: Ես նստեցի վառարանի մոտ, իսկ նա մի շիշ բրենդի բերեց:
-Ինչպե՞ս են Հոքինս քույրերը,-հարցրեցի ես:- Երբ անցնում էի նրանց տան մոտով, ինձ թվաց, թե ինչ-որ մեկը լաց է լինում:
Կռահեցի, որ Ալեքսւ եւ՛ ուզում եւ՛ չէր ուզում նրանց մասին խոսել:
-Ես նրանց այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ: Միսս Էմին իրեն վատ էր զգում: Ես նրան չտեսա: Միայն Իմալինին տեսա…
Եւ հանկարծ Ալեքսը չկարողացավ զսպել իրեն.
-Այդ մարդկանց հետ ինչ-որ բան է տեղի ունենում, ինչ-որ բան…
-Իսկ դուք պատահաբար ազգական չե՞ք նրանց,- հարցրեցի ես:
-Ի՞նչ ասեմ… մեր հայրերն ընկերներ են եղել: Աղջիկներին մենք մորաքույր Էմի եւ մորաքույր Իմալին էինք կանչում: Նրանք ոչ ոքի վատություն չեն արել: Բոլորիս համար էլ շատ վատ բան կլիներ, եթե Հոքինս քույրերը չլինեին Հոքինս քույրեր:
-Համայնքի խի՞ղճը:
-Համայնքի ապահովությունը,- առարկեց նա:- Մի տուն, որտեղ փոքրիկ տղան կարող է կոճապղպեղի թխվածք ստանալ: Մի տուն որտեղ մանկամարդ աղջիկը կարող է խորհուրդներ ստանալ: Հոքինսները հպարտ են, որ հավատում են այնպիսի բաների, որ մենք ճշմարիտ ենք համարում: Եւ նրանք այնպես են ապրում, կարծես… կարծես ազնվությունը լավագույն քաղաքականությունն է, իսկ բարեգործությունն էլ, իրոք, լինում է անկաշառ: Նրանք շատ անհրաժեշտ են մեզ:
-Հասկանում եմ:
-Բայց միսս Իմալինը ամբողջ էությամբ պայքարում է ինչ-որ բանի դեմ, եւ… եւ ես կարծում եմ, որ այդ պայքարում նա կհաղթի:
-Ի՞նչ եք ուզում դրանով ասել:
-Ես էլ չգիտեմ, թե ինչ: Բայց շատ եմ մտածել, թե չարժե՞ արդյոք գնդակահարել Արջ-Ջոննիին եւ դիակն էլ նետըել ճահիճը: Իս, իրոք, շատ եմ մտածել այդ մասին:
Մենք ուրիշ թեմաներով էլ մի քիչ զրուցեցինք եւ ես վերադարձա Լոմա:
Ճահճում կատարվող աշխատանքների հաճելի ու համաչափ ընթացքը ոչնչով չէր խախտվում: Անձնակազմը եւս զգում էր, որ բոլոր ձախորդությունները մնացել են ետեւում, եւ գործն էլ ընկել է իր հունի մեջ: Նոր խոհարարը այնպիսի հաջողությամբ էր քծնում գործավորներին, որ հիմա մարդիկ պատրաստ էին նույնիսկ տապակած բետոն ուտելու: Խոհարարի մարդկային վերաբերմունքը շատ ավելի էր բարձրացնում անձնակազմի տրամադրությունը, քան նրա եփութափը:
Ալեքսին կատարած իմ այցելության հաջորդ օրը ես փայտամած մայթով քայլում էի դեպի «Բուֆֆալո» բարը, իմ ետեւից քարշ տալով մառախուղի թրթռացող շիթեր: Վիսկիի գավաթը սրբող Չաղ Կարլը ինձ ընդառաջ եկավ: Ես բղավեցի. «Վիսկի», թույլ չտալով, որ հարցնի. «Ի՞նչ կխմեիք»: Ւլեքսը բարում չէր: Թիմոթոին անփոփոխ ու արտակարգ հաջողությամբ փասիանս էր բացում: Նրան հաջողվեց չորս անգամ անընդմեջ բացել փասիանսը եւ չորս անգամ էլ նա այդ հաջողությունը նշեց չորս բաժին վիսկի կուլ տալով: Ներս էին մտնում նորանոր հաճախորդներ:
Ժամը տասին նորությունը հայտնի դարձավ բոլորին: Երբ հետո մտածում ես նման բաների մասին, շատ դժվար է լինում հիշելը, թե ինչպես դա տեղի ունեցավ: Մտնում է ինչ-որ մեկը. սկսվում է փսփսոցը: Եւ հանկարծ բոլորն էլ տեղեկանում են, թե ինչ է պատահել, իմանում են բոլոր մանրամասները: Միսս Էմին ինքնասպանություն է գործել: Ո՞վ բերեց այդ լուրը: Ես չգիտեմ: Միսս Էմին կախվել է: Բարում այդ մասին գրեթե չէին խոսում: Նկատելի էր, որ մարդիկ ջանում էին զսպել իրենց: Այն ինչ պատահել էր, չէր տեղավորվում նրանց ուղեղում: Նրանք խումբ առ խումբ կանգնել ու ցածրաձայն զրուցում էին:
Դուռը դանդաղ բացվեց, եւ գողունի ներս մտավ Արջ-Ջոննին: Նրա մեծ փրչոտ գլուխը ցնցվում էր, դեմքին լողում էր ապուշային ժպիտը Քառակուսի ներբանները անաղմուկ սահում էին հատակի վրայով: Նա շուրջը նայեց ու կռնչաց.
-Վիսկի՞ Ջոննի համար վիսկի՞:
Այժմ արդեն բոլորն էլ իրոք ուզում էին իմանալ ամեն բան: Մարդիկ անհարմար էին զգում, բայց նրանց ամբողջ էությունն էր պահանջում այդ: Չաղ Կարլը վիսկի լցրեց: Թիմոթի Ռոցը խաղաթղթերը մի կողմ նետեց ու ոտքի ելավ: Ջոննին կուլ տվեց վիսկին: Ես փակեցի աչքերս:
Բժշկի ձայնը կոշտ էր ու կտրուկ. «Որտե՞ղ է նա, Իմալին»:
Այդպիսի ձայն, որը պատասխանե բժշկին, ես երբեք չէի լսել: Սառը, ինքնավստահ, զսպվածության մամլակով սեղմված մի ձայն էր դա, որի բռնազբոսիկ սառնության մեջ զգացվում էր ահաբեկիչ մի հուսահատություն. «Նա այս սենյակում է դոկտոր»:
«Հըմ»: Տեւական դադար: «Երկա՞ր է կախված մնացել»:
«Չգիտեմ, դոկտոր»:
«Ինչու՞ նա արեց այդ, Իմալին»:
Միապաղաղ ու սառը ձայնը. «Ես… չգիտեմ. դոկտոր»:
Ավելի երկարատեւ դադար: Եւ ապա. «Հըմ: Իմալին, դուք գիտեի՞ք, որ նա երեխայի էր սպասում»:
Սառը ձայնը հեւաց, լսվեց մի հառաչ եւ ապա շշուկ. «Այո՛ դոկտոր»:
«Եւ այդ պատճառո՞վ էր, որ այդքան երկար ժամանակ չէիք մտնում նրա սենյակը»:
Իմալինի ձայնի մեջ դարձյալ հայտնվեց զսպվածությունը. «Դուք կարո՞ղ եք բժշկական եզրակացություն տալ, առանց հիշատակելու, որ նա սպասում էր…»:
«Իհարկե կարող եմ: Անպայման: Դագաղագործի հետ էլ ես ինքս կպայմանավորվեմ: Մի հուզվեք»:
«Շնորհակալություն դոկտոր»:
«Գնամ զանգահարելու: Չեմ կարող ձեզ մենակ թողնել: Գնանք մյուս սենյակը, Իմալին: Ես ձեզ հանգստացուցիչ կտամ»…
-Վիսկի՞: Ջոննիի համար վիսկի՞:
Ես տեսա ժպիտն ու ցնցվող փրչոտ գլուխը: Չաղ Կարլը մի գավաթ էլ լցրեց: Արջ-Ջոննին խմեց, սողաց դեպի սենյակի խորքը, մտավ սեղանի տակ ու քնեց:
Լուռ էին բոլորը: Մարդիկ մոտենում, վաճառասեղանին էին դնում մետաղադրամներ: Թվում էր, թե բոլորն շփոթված են: Մի քանի րոպե անց բար մտավ Ալեքսը: Նա արագաքայլ մոտեցավ ինձ:
-Լսել ե՞ք,-ցածրաձայն հարցրեց նա:
-Այո՛:
-Ես դրանից էլ վախենում էի,- ասաց նա:- Այդ մասին ձեզ ասացի անցյալ օրը: դրանից էլ վախենում էի:
-Գիտե՞ք, որ նա հղի էր:
Ալեքսը քարացավ: Նայեց շուրջը, հետո նորից դարձավ դեպի ինձ:
-Արջ-Ջոննի՞ն,-հարցրեց նա:
Ես գլխով արեցի:
Ալեքսը ափով տրորեց աչքերը:
-Չեմ հավատում:
Ուզում էի ինչ-որ բան ասել, բայց կռնչոց լսելով, շրջվեցի: Որջից դուրս եկող գորշուկի պես Արջ-Ջոննին սողաց առաջ, ոտքի ելավ ու մոտեցավ վաճառասեղանին:
-Վիսկի՞:
Նա աղերսաժպիտ նայեց Չաղ Կարլին:
Ալեքսը մեջտեղ եկավ ու դիմեց բոլորին.
-Լսե՛ք, տղաներ: Այս պատմությունը հեռուները գնաց: Ես չեմ ուզում, որ նման բաներ կրկնվեն:
Ալեքսը դարձավ դեպի տկարամիտը.
-Միսս Էմին կերակրում էր քեզ: Այս զգեստերն էլ քեզ նա է տվել:
Ջոննին ժպտաց.
-Վիսկի՞:
Եւ դարձյալ սկսեց իր ծամածռությունները: Ես լսեցի չինարեն հիշեցնող միապաղաղ խոսակցության ձայն: Ալեքսը թեթեւացած շունչ քաշեց:
Հետո մի այլ ձայն լսեցի. Դանդաղ, անվստահ, դրանից առաջ ասված բառերը կրկնող, բայց արդեն ոչ միապաղաղ ձայն
Ալեքսը այնքան արագ նետվեց առաջ, որ չկարողացա նույնիսկ որսալ նրա այդ շարժումը: Ալեքսի բռունցքը նստեց Արջ-Ջոննիի ժպտացող բերանի վրա:
-Ասացի բավական է:
Արջ-Ջոննին ճոճվեց, բայց արագությամբ կարողացավ վերականգնել հավասարակշռությունը: Շուրթերը ճեղքվել էին, եւ արյունահոսություն էր սկսվել, բայց առաջվա պես ժպտում էր: Շարժվում էր դանդաղ, բայց ճարպկորեն: Նրա ձեռքերը խեցգետին որսացող ուոտնանու շոշափուկների պես գրկեցին Ալեքսին: Ես ոտքի թռա, բռնեցի մի ձեռքն ու սկսեցի քաշել, բայց Ալեքսից պոկել չկարողացա: Չաղ Կարլը գարեջրի պոմպը ձեռքին մոտ վազեց: Նա այնքան հարվածեց փրչոտ գլխին, որ Արջ-Ջոննիի ձեռքերը թուլացան, եւ նա ընկավ գետնին: ես գրկեցի Ալեքսին ու նստեցրի աթոռի վրա:
-Նա ձեզ չվնասե՞ց:
Ալեքսի շնչառությունը դարձավ ավելի համաչափ:
-Մեջքս ցավացրեց,- ասաց նա:-Ոչինչ, կանցնի:
-Դու մեքենայո՞վ եք: Ես ձեզ տուն կտանեմ:
Ո՛չ ես եւ ո՛չ էլ նա չնայեցինք Հոքինսների տան կողմը, երբ անցնում էինք նոճիների պարսպի մոտով: Ամբողջ ճանապարհին Ալեքսը ոչ մի խոսք չասաց: Բայց երբ արդեն անկողին էր մտել, հարցրեց.
-Ի՞նչ եք կարծում, ոչ ոք չնկատե՞ց: Ես նրան ժամանակի՞ն սաստեցի հը՞…
-Ինչի՞ մասին է խոսքը:
-Դե լավ, լսեք,- ասաց նա:- Մեջքիս ցավի պատճառով ստիպված եմ մի քանի օր անկողնում պառկել: եթե հանկարծ լսեք, որ ավելորդ բաներ է խոսում կսաստե՞ք նրան:
-Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը:
Ալեքսը նայեց աչքերիս մեջ:
-Կարծում եմ, որ կարող եմ ձեզ վստահել,- ասաց նա:- Այն երկրորդ ձայնը… միսս Էմիի ձայնն էր:


Վերջ
Թարգմ. Կարեն Սիմոնյան

Smokie
14.02.2011, 18:51
Հերբերթ Ջորջ Ուելս



-Պետք է ազատվեմ դրանից,-ասաց վագոնի անկյունում նստած մարդը՝ հանկարծ խզելով լռությունը:
Հինչքլիֆն աչքերը բարձրացրեց: Նա գրեթե չէր լսում: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացել էր իր ճամպրուկի բռնակներից կախված քոլեջյան գլխարկին: Այն նշան էր նոր ձեռք բերված ուսուցչի պաշտոնի: Նա ամբողջովին տարված էր գլխարկը դիտելով, հաճելի ակնկալություններով ու մի տեսակ երաշխիքի զգացումով, որ վերջինս ծնել էր նրա մեջ: Հինչքլիֆը հենց նոր էր ընդունվել Լոնդոնի համալսարան եւ պատրաստվում էր Հոլմհուդի միջնակարգ դպրոցում ուսուցչի կրտսեր օգնական դառնալ, որն, անկասկած շատ նախանձելի պաշտոն էր: Նա հայացքը սեւեռեց իր ուղեկցին:
-Ինչու՞ այն չտալ որեւէ մեկին,-ասաց վերջինս:- Տալ որեւէ մեկին: Իսկ ինչու՞ ոչ:
Մարդը բարձրահասակ էր, թուխ, արեւախանձ ու գունատ: Նա ձեռքերը պինդ խաչել էր կրծքին, ոտքերը դրել դիմացի նստարանին ու խաղում էր իր ուղիղ, սեւ բեղերի հետ: Մարդը հանկարծ հայացքը սեւեռեց իր ոտքերին:
-Իսկ ինչու՞ ոչ:
Հինչքլիֆը հազաց:
Անծանոթը բարձրացրեց աչքերը, նա շատ տարօրինակ մուգ մոխրագույն աչքեր ուներ եւր գրեթե մի ամբողջ րոպե անտարբերությամբ նայեց Հինչքլիֆին: Հետո նրա աչքերն արտահայտություն ստացան:
-Այո,- ասաց նա դանդաղորեն,- իսկ ինչու՞ ոչ, տալ ու հաշիվները փակել:
-Չեմ հասկանում ձեզ, ինչումն է բանը,-հարցրեց Հինչքլիֆը կրկին հազալով:
-Չե՞ք հասկանում,-ասաց անծանոթը մեքենայաբար իր տարօրինակ աչքերը Հինչքլիֆից սահեցնելով պայուսակից ցուցադրաբար կախված գլխարկին եւ հետո՝ կրկին Հինչքլիֆի աղվամազով ծածկված դեմքին:
-Դուք այնքան անսպասելի սկսեցիք,-արդարացավ Հինչքլիֆը:
-Իակ ինչու՞ չպետք է սկսեի որ,- պատասխանեց անծանոթը մտքերի մեջ ընկած:
-Ուսանո՞ղ եք,- դիմեց նա Հինչքլիֆին:
-Այո, հեռակայում եմ Լոնդոնի համալսարանում,- պատասխանեց վերջինս անզուսպ հպարտությամբ, ջղային քաշելով փողկապը:
-Գիտությամբ եք տարված,- ասաց անծանոթն ու հանկարծ ոտքերն իջեցրեց նստարանից, բռուցքը դրեց ծնկին եւ հայացքն այնպես սեւեռեց Հինչքլիֆին, որ կարծես թե մինչ այդ ուսանող չէր տեսել:
-Այո,-ասաց նա՝ տնկելով ցուցամատը: Հետո վեր կացավ, վերեւից իջեցրեց մի պայուսակ ու լռությամբ այնտեղից դուրս հանեց արծաթյա թղթի մեջ փաթաթված ինչ-որ կլոր բան, զգուշույամբ բացեց այն եւ պարզեց Հինչքլիֆին մի փոքրիկ, շատ ողորկ ոսկեդեղնավուն պտուղ: Հինչքլիֆի բերանը բաց մնաց զարմանքից: Անծանոթը չառաջարկեց վերցնել այն, եթե անգամ ինքը ցանկանար:
-Սա,- ասաց տարօրինակ մարդը,- իմաստության ծառի խնձորն է: Ապա նայեցեք սրան. փոքրիկ, փայլուն ու հրաշալի: Իմացություն: Ուզում եմ այն ձեզ նվիրել:
Հինչքլիֆը մի պահ տենդագին մտածեց, որին հաջորդեց բացատրությունը. «խենթ է»,- կայծակի նման անցավ նրա մտքով, եւ ամեն ինչ հասկանալի դարձավ: «Հումորով խենթ»: Հինչքլիֆը գլուխը մի փոքր թեքեց:
-Իմացության ծառի խնձորը, ահա թե ինչ,- ասաց նա՝ զննելով այն կեղծ հետաքրքրությամբ: Հետո նայեց զրուցակցին:
-Բայց ինչու՞ ինքներդ չեք ուտում այն: Համ էլ ինչպե՞ս է ձեր ձեռքն ընկել:
-Ող մի կերպ գույնը չի գցում: Արդեն երեք ամիս է, ինչ մոտս է, բայց միշտ փայլուն է, ողորկ, հասած ու ցանկալի, ինչպես տեսնում եք:
Անծանոթը ձեռքը դրեց ծնկին ու սկսեց զննել պտուղը՝ ընկնելով մտքերի մեջ: Հետո թղթով փաթաթեց, կարծես հրաժարվելով ուրիշին տալու մտադրությունից:
-Բայց ինչպե՞ս է այն ձեր ձեռքն ընկել,- Հինչքլիֆը սիրում էր վիճել,- հետո որտեղի՞ց գիտեք, որ այն իմացության ծառի պտուղն է:
-Ես գնել եմ այն մի հայից, երեք ամիս առաջ, մի բաժակ ջրով ու մի կտոր հացով: Հայաստան: Այդ հրաշք երկիրը միակն է, որտեղ մինչեւ օրս պահպանվում է Նոյան տապանը՝ Արարատ լեռան սառցադաշտերի մեջ թաղված:
Հայը, հետապնդվելով քրդերից, մյուս գաղթականների հետ բարձրացավ լեռները, հասավ մարդկանց մինչ այդ անհայտ վայրեր: Փախչելով մոտալուտ հետապնդումից, նրանք հասան լեռնագագաթների մեջ ընկած մի զառիթափի՝ ամբողջովին ծածկված կանաչ խոտով: Խոտը նման էր դանակի շեղբի եւ ներս մտնողին անգթորեն կտրատում էր: Քրդերը մոտենում էին, նրանք ստիպված էին նետվել խոտի մեջ, սակայն ամենասարսափելին այն էր, որ գաղթականները այդ գնով ճամփա էին հարթում քրդերի համար: Բոլորը սպանվեցին, կենդանի մնացին միայն երկուսը: Հայը լսում էր իր ընկերների աղաղակները, մյուս կողմից գալիս էր խոտի խշշոցի ձայնը. խոտը մարդաբոյից բարձր էր: Հետո լսվեցին բղավոց ու պատասխան գոռոցներ եւ, երբ նա կանգ առավ, շուրջն ամեն ինչ լռեց: Նա նորից սկսեց ճանապարհ բացել իր համար՝ առանց ըմբռնելու եղածը, կտրտված ու արյունաքամ: Շուտով դուրս եկավ ժայռերով շրջապատված մի գահավիժող զառիթափ: Հետո տեսավ, որ ամբողջ խոտը կրակի մեջ է, որից ելնող ծուխը վարագույրի պես կանգնել է իր եւ թշնամիների միջեւ:
Անծանոթը կանգ առավ:
-Հետո՞,- ասաց Հինչքլիֆը,- իսկ հետո՞:
-Կանգնած էր նա խոտերի շեղբերից պատառոտված ու արյունաքամ, իսկ ժայռերը փայլում էին կեսօրվա արեւի տակ, երկնքի հալեցրած արույրը եւ կրակից ելնող ծուխը գալիս էին դեպի նա: Հայը չհամարձակվեց մնալ այնտեղ: Մահից չէ, որ վախենում էր, այլ՝ տանջանքներից: Կրակից շատ հեռու ճիչ ու աղաղակ լսեց, լսեց թե ինչպես էին կանայք ճչում: Դժվարությամբ մագլցեց ժայռերից մեկի գագաթը, ամենուր մացառուտներ էին չորացած ճյուղերով, որոնք փշերի նման ցցվել էին տերեւների միջից: Հետո մագլցեց մի ուրիշ բլուր: Այստեղ նա գտավ իր ուղեկցին, որը հովիվ էր, փախստական: Արհամարհելով ցուրտը, քաղցը, ծարավը նրանք ձյան ու սառույցի միջով շարունակեցին իրենց ճանապարհը դեպի բարձունքները: Երեք օր շարունակ թափառեցին: Եւ ահա երրորդ օրը հայտնվեց տեսիլքը: Հիրավի, քաղցած մարդկանց հաճախ են տեսիլքներ երեւում: Եւ դրանից հետո հայտնվեց այս պտուղը:
Անծանոթը բարձրացրեց թղթով փաթաթված պտուղը:
-Ես ուրիշ լեռնաբնակներից էլ եմ լսել այդ լեգենդի մասին,- ասաց նա ու շարունակեց:- Արդեն երեկո էր: Երկինքը աստղաշատ էր դառնում: Նրանք լերկ զառիկողի վրայով իջան մի մութ դաշտավայր: Վերջինս ամբողջովին ծածկված էր տարօրինակ, ծուռտիկ ծառերով: Դրանցից կախված էին լուսատիտիկների նման փոքրիկ գնդեր, արտասովոր կլորավուն դեղին լույսեր: Հանկարծ դաշտավայրը լուսավորվեց հեռու հեռվում փայլուն ոսկեգույն բոցով, որն առաջ էր շարժվում: Գաճաճ ծառերը կորել էին մթության մեջ, իսկ շրջակայքի զառիթափերը դարձել էին բոսորագույն: երբ տեսիլքը հայտնվեց, նրանք, որ քաջատեղյակ էին լեռնային լեգենդներին, անմիջապես գլխի ընկան, որ իրենց տեսածը դրախտն է: Երկուսն էլ անշնչացած փռվեցին գետնին: Երբ նորից սիրտ արեցին նայել, դաշտավայրը միաառժամանակ մթության մեջ էր, հետո կամաց-կամաց լուսավորվեց ու դարձավ դեղնադարչնագույն: Այդ տեսնելով հովիվը ոտքի կանգնեց ու ճչալով վազեց դեպի լույսը, մյուսը վախեցավ հետեւել նրան: Նա կանգնել էր զարմանքից քար կտրած, ահաբեկված ու դիտում էր դեպի կրակը վազող իր ուղեկցին: Հազիվ էր հովիվը տեղից շարժվել, երբ լսվեց պայթյունի ձայն ու դեպի դաշտավայրը շտապող աներեւույթ թեւերի թափահարում: Սոսկալի ահն ու սարսափը տարածվեց օդում: Տեսնելով այս ամենը, իմ հերոսը շրջվեց՝ հույս ունենալով փախչել: Նա նորից վազեց զառիթափն ի վեր: Լսելով ետեւից եկող թեւերի թափահարումը, սայթաքեց, ընկավ գաճաճ թփերից մեկի մոտ: Այստեղ մի հասած պտուղ ընկավ նրա ձեռքը: Հենց այս խնձորը: Ձայներն անմիջապես շրջապատեցին նրան: Նա ընկավ ուշակորույս: Երբ ուշքի եկավ, պառկած էր իր ավերված գյուղում:
Մենք այցելեցինք վիրավորվածին: Տեսի՞լք: Բայց պտուղը դեռ նրա ձեռքին էր: Կային մարդիկ, որոնք լսել էին այդ լեգենդը, եւ գիտեին թե ինչ պտուղ է:
Նա կանգ առավ:
-Ահա հենց այս պտուղն է,- ասաց նա:
Դա ամենեւին էլ Սասեքս մեկնող գնացքի երրորդ կարգի վագոնում պատմելու բան չէր: Այստեղ իրականը կարծես սոսկ վարագույր էր անիրականի համար, եւ ահա անիրականը երեւան էր գալիս:
-Այդ պտու՞ղն է,- հազիվ արտաբերեց Հինչքլիֆը:
-Լեգենդը պատմում է,- ասաց անծանոթը,- որ պարտեզի շրջակայքում եղած գաճաճ ծառերի մացառուտներն աճել են Ադամի ձեռքի խնձորից: Տեսնելով կծած խնձորը, Ադադմը հասկացել էր իր արածի ամբողջ լրջությունը եւ բարկացած մի կողմ նետել այն: Ահա հենց այդ տեղում էլ աճել են դրանք, այդ ամայի դաշտավայրում՝ շրջապատված հավերժական ձյունով: Իսկ հրեղեն սրերը Ահեղ Դատաստանի պահապաններն են:
-Բայց ես կարծում էի, թե այդ ամենը հեքիաթ է եղել, ավելի ճիշտ՝ զրույց: Ուզում եք ասել, որ Հայաստանում…
Անծանոթն անավարտ հարցին պատասխանելու փոխարեն կրկին պարզեց խնձորը:
-Բայց դուք հաստատ չեք կարող ասլ, թե դա իմացության ծառի պտուղն է: Հնարավոր է, որ այդ մարդը երեւակայական տեսիլք է տեսել, ենթարդենք…
-Հապա նայեցեք սրան,- ասաց անծանոթը:
Այն մի տարօրինակ գունդ էր, ոչ թե իսկական խնձոր: Հինչքլիֆի աչքին զարնեց անսովոր կերպով փայլփլող ոսկեգույնը: Փայլն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե լույսը գնդի մեջ է մտել: Երբ նա նայեց խնձորին, ավելի հստակ պատկերացրեց լեռների մեջ գտնվող ամայի դաշտավայրը, պահապան հրեղեն սրերը, հասկացավ ամբողջ զրույցի իմաստը, այդ պատմության այն տարօրինակ կողմերը, որոնք հնուց են գալիս: Նա ձեռքով տրերեց աչքերը:
-Բայց,- ասաց նա…
-Երեք ամիս է, նույնիսկ մի փոքր ավելի, ինչ այս պտուղն ինձ մոտ է, բայց այն դարձյալ ողորկ է ու լիքը: Ոչ չորանում է, ոչ թառամում, ոչ էլ փչանում:
-Եւ դուք ինքներդ հավատում եք, որ այն իսկապես…
-Արգելված պտուղն է,- շարունակեց անծանոթը:
Ոչ մի կերպ հնարավոր չէր կասկածել նրա անկեղծությանն ու ողջախոհությանը:
-Իմացության պտուղը,- շարունակեց նա:
-Ենթադրենք, թե դա իրոք իմացության պտուղն է,- ասաց Հինչքլիֆը մի փոքր լռելուց հետո. նա շորունակում էր նայել խնձորին:- Բայց վերջիվերջո սա այն իմացությունը չէ, որին ես եմ ձգտում: Ուզում եմ ասել Ադամն ու Եւան արդեն այն կերել են:
-Մենք ժառանգել ենք նրանց մեղքերը, ոչ թե իմաստնությունը,- ասաց անծանոթը:- Այս խնձորը կրկին ամեն ինչ հստակ ու պարզ կդարձնի: Մենք պետք է փորձենք հասկանալ ամեն ինչի էությունը, պետք է փորենք ըմբռնել ամեն ինչի ամենախոր իմաստը:
-Այդ դեպքում ինչու՞ ինքներդ չեք ուտում այն,- ասաց Հինչքլիֆը ոգեւորված:
-Ես վերցրի այն ուտելու համար: Բայց ես իմ կյանքն արդեն ապրել եմ, պարզապես այն ուտելը հազիվ թե…
-Իմաստնությունն ուժ է,- ասաց Հինչքլիֆը:
-Բայց մի՞թե այն երջանկություն է, ես ձեզնից մեծ եմ, ձեր երկու տարիքն ունեմ, գուցե մի բան էլ ավելի: Քանի անգամ ձեռքս առա այն, բայց ամեն ինչ իմանալու մտքից քաջությունս կորցրեցի: Այդ սարսափելի պարզությունը… Եւ հանկարծ ամբողջ աշխարհը դառնում է անգթորեն պարզ ու հասկանալի:
-Կարծում եմ, որ այդ ընդհանուր առմամբ մեծ առավելություն կլիներ:
-Ենթադրենք, դուք իմացաք, թե ի՞նչ են զգում ու մտածում ուրիշները ձեր մասին, թափանցեցիք այն մարդկանց սրտի խորքերը, որոնց դուք սիրում եք, գնահատում նրանց սերը:
-Այդ դեպքում անմիջապես կճանաչեք ստախոս ու անազնիվ մարդկանց,- ասաց Հինչքլիֆը՝ խորապես ցնցված այդ մտքից:
-Իսկ ինքդ քեզ ճանաչելն ավելի վատ է, ինքդ քեզ՝ առանց ամենաներքին պատրանքների: Ինքդ քեզ ուրիշի աչքով ընկալելը: Այն բոլոր ցանկություններն ու տենչանքները, որոնք առաջնորդում են քո արարքներին: Այս ամենն, ըստ իս, այնքան էլ լավ հեռանկար չէ:
-Ինքդ քեզ ճանաչելը հիանալի բան է:
-Դուք երիտասարդ եք,- ասաց անծանոթը:
-Եթե չեք ուզում խնձորն ուտել, եւ այն ձեզ անհանգստություն է պատճառում, ինչու՞ մի կողմ չեք նետում:
-Տեսնու՞մ եք, դարձյալ ինձ չհասկացաք: Ինչպե՞ս կարելի է նման սքանչելիքը դեն նետել: Ձեռք բերելուց հետո դժվար է դրանից բաժանվելը: Մյուս կողմից, անհրածեշտ է այն նվիրել այնպիսի մեկին, որը գիտության ծարավի է եւ չի սարսափում պայծառատես լինելուց:
-Իսկ գուցե այդպտուղը թունավոր է,- ասաց Հինչքլիֆը:
Հետո վագոնի պատուհանից դուրս նայելիս նրա հայացքն ընկավ մի անշարժ բանի. ճերմակ տախտակի վրա սեւ տառերեվ գրված էր «…ՄՀՈՒԴ» Նա նյարդացած վեր թռավ տեղից:
-Օ, արդեն հասանք Հոլմհուդ:
Եւ ներկան ջնջեց բոլոր այն խորհրդավոր մտքերը, որոնք պաշարել էին նրան: Հաջորդ րոպեին Հինչքլիֆն արդեն ճամպրուկը ձեռքին բացում էր վագոնի դուռը: Հսկիչը թափահարում էր կանաչ դրոշակը:
-Խնդրեմ, լսեց նա իր ետեւում ու տեսավ անծանոթ մուգ, փայլուն աչքերն ու վագոնի բաց դռնից իրեն պարզված ոսկյա պտուղը:
-Ոչ, ոչ,- բղավեց անծանոթն ու ձեռքը պարզեց կրկին այն ետ վերցնելու համար:
-Մի կողմ քաշվեք,- գոռաց գյուղական ուղեկցորդն ու առաջ նետվեց դուռը փակելու:
Անծանոթն ինչ-որ բան գոռաց, գլուխն ու թեւերը դուրս հանեց պատուհանից:
Բայց հետո կամուրջը Հինչքլիֆի տեսադաշտը փակեց:




Շարունակելի

Smokie
14.02.2011, 20:15
Նա կանգնել էր ապշած, հրաշք պտուղը ձեռքի մեջ ու նայում էր, թե ինչպես էր վերջին վագոնը ծածկվում ոլորանի ետեւում: Մի ակնթարթ կանգնել էր շփոթված, հետո զգաց, որ կառամատույցին կանգնածներից ոմանք հետաքրքրությամբ իրեն են նայում. արդյոք սա իրենց դպրոցի ուսուցիչը չէ՞: Իր առաջին ելույթն է, ինչ է: Նրանք հիմա իր ձեռքինը նարինջ կկարծեն: Նա կարմրեց այդ մտքից եւ խնձորը գրպանը դրեց: Հիմա էլ գրապանն ուռավ: Ուրիշ ելք չկար, ու նա շարժվեց նրանց կողմը՝ անհաջող փորձ անելով թաքցնել իր անճարակությունը: Նրան պետք էր իմանալ դպրոց տանող ճամփան եւ մեկ էլ՝ թե ինչպես կարելի է տանել իր ճամպրուկները եւ սնդուկները, որոնք տախտակամածի վրա էին: Ինչ հեքիաթներ ասես, որ նրանչպատմեցին. ուղեբեռը կարելի է տանել բեռնակառքով, արժեքը՝ վեց պենս, ինքը կարող է ետեւից ոտքով գնալ: Նրանց ձայների մեջ կարծես թե հեգնանք կար: Եւ նա դառնորեն հասկացավ գործի էությունը: Գնացքում հանդիպած անծանոթի տարօրինակ անկեղծությունն ու պատմածի արտաքին փայլը միաժամանակ շեղեցին Հինչքլիֆի մտքերի հոսքը: Նրա առաջիկա ծրագրերը մի տեսակ աղոտ տեսք ստացան: Ինչ կրքեր ասես, որ չբորբոքվեցին ու մարեցին: Սակայն մտահոգությունը նոր պաշտոնի համար եւ այն տպավորությունը, որ նա պետք է թողներ Հոլմհուդի եւ իր աշխատակիցների վրա, ավելի քան խառնեցին նրա մտքերը:
Խնձորը տհաճորեն ուռեցրել էր նրա սեւ պիջակի գրպանը, որի կարերն անգամ չէին երեւում: Նա անցավ սեւզգեստ մի տարեց կնոջ կողքով ու զգաց, որ վերջինս նայում է իր ուռած գրպանին: Հինչքլիֆը միայն մի ձեռնոց էր դրել, իսկ երկրորդը ձեռնափայտի հետ պահել էր մյուս ձեռքում, այնպես որ խնձորը ձեռքին բռնելը բացառվում էր: Մի տեղ, երբ ճանապարհը բավականին մեկուսացած էր քաղաքից, նա հանեց խնձորն ու փորձեց տեղավորել գլխարկի մեջ: Խնձորը շատ մեծ էր, եւ գլխարկը ծիծաղելիորեն տարուբերվում էր: Եւ երբ նա փորձեց այն դուրս հանել գլխարկից, հանկարծ անկյունում հայտնվեց մսագործի աշակերտը:
-Գրողը տանի,-ասց Հինչքլիֆը:
Նա ցանկանում էր ուտել խնձորն ու անմիջապես իմաստնանալ, բայց փողոցում այդ անելն անխոհեմություն կլիներ: Եթե աշակերտներից մեկը տեսնի իրեն այդ պահին, անկասկած խիստ նկատողություն կստանա նման վարքի համար: Խնձորը շատ հյութալի էր երեւում: Նրա հյութը կարող էր թափվել դեմքի, շապիկի, թեւքերի վրա: Կամ էլ, թերեւս կիտրոնահյութի պես թթու էր, որից հագուստները կարող էին գունաթափվել: Հանկարծ արահետի ոլորանին հայտնվեցին արեւով ողողված երկու աղջկական կերպարանք: Նրանք զրուցելով դանդաղ քայլում էին դեպի քաղաք եւ ամեն վայրկյան կարող էին իրենց շուրջը նայել ու տեսնել մի կարմրատակած երիտասարդի, որի ձեռքին ֆոսֆորափայլ, դեղնավուն լոլիկ կար:
-Գնա գրողի ծոցը,- ասաց նա ու մի թեթեւ շարժումով քարե պատի վրայով խնձորը շպրտեց ճանապարհին կից մի պարտեզ: Երբ արդեն այն չկար, Հինչքլիֆը մի պահ միայն կորստի թեթեւ ցավ զգաց: Նա ձեռքին հարմարեցրեց ձեռնափայն ու ձեռնոցը եւ, դեռ չհասած աղջիկներին, շարունակեց քայլել ուղիղ, ամոթխած ու այլայլված:
Սակայն գիշերը Հինչքլիֆը երազում տեսավ դաշտավայրը, հրեղեն սրերը, գաճաճ ծառերն ու հասկացավ, որ սխալ է վարվել, քանի որ խնձորն իրոք իմացության ծառի պտուղն էր: Նա արթնացավ ծանր զգացողությամբ: Առավոտյան նրա ափսոսանքն անցավ, բայց հետո նորից վերապրեց այդ զգացումը, այս անգամ այն սկսեց տանջել նրան:
Վրեջապես, մի լուսնկա գիշեր, ժամը տասնմեկին մոտ, երբ ամբողջ Հոլմհուդն արդեն քնած էր, Հինչքլիֆի ափսոսանքի զգացումն այս անգամ նրան մղեց արկածախնդրության:
Նա աննկատ դուրս եկավ տնից, խաղահրապարակի պատի վրայով, քաղաքի միջով գնաց Լեյն կայարանը եւ մագլցեց այն պարտեզը, որտեղ նետել էր խնձորը: Բայց, ավաղ, ոչինչ չգտավ ցողոտ կանաչի ու կաթնուկների հազիվ նշմարելի գլխիկների մեջ:



Վերջ

թարգմ. Գայանե Նասոյան