PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Գագիկ Բյուրականցի



Հեն
02.02.2011, 15:17
Գագիկ Հարությունի Բյուրականցի
Հատվածներ «Լույս սիրո» պոեմից



Ծով եմ , օվկիան եմ քեզանով լցված
Ու Քեզ սիրելով , պաշտելով սաստիկ , խտանում եմ ներսից ,
Որ ընդարձակվեմ ապագայի մեջ նոր զորեղությամբ :

Անվերջ անդադար սիրո խտացումից
Բռնկվել եմ ես իմ խորքերի մեջ հրդեհով ահեղ ,
անպարագիծ ,

Եվ այս անհամար հրով բռնկված՝
Դեպի գալիքն եմ թռչում հեռավոր . սիրո լույս եմ ես
տանում գալիքին :

Հայացքդ գարնան առավոտ է ՝ արևի գույներով ողողված,
Եվ կուրծքդ այնքան գեղեցիկ է երգում , նազում է այնքան
գեղեցիկ ,
Որ կարող է հարություն տալ դրախտի առասպելին :
Քո մեջ խնդության ծովն է շառաչում , երկինք է հառնում
բոցը հմայքիդ :
Սիրում եմ կյանքը լոկ նրա համար , որ նա Քո նման ծաղիկ
է ծնել .
Աշխարհի բոլոր քաղցրությունների խտացումն ես դու ,
Դառնությունները ծնվում են այնտեղ , որտեղ դու չկաս :
Տեսքդ բոցի պես կլանում է ինձ . թե չծնվեիր իմ էության մեջ ,
Չէր ծնվի բնավ իմ ներաշխարհում Ծիր Կաթինը սիրո ,
Չէր կանաչի իմ մեջ այգին երանության :
Հպատակն եմ ես Քո մեծ իշխանության , Քո արմատն եմ
սնում ողնաշարիս մեջ ,
Եվ իմ ուղեղի յուրաքանչյուր բջիջ Քեզանով է լցված :


* * *


Հայացքս հառել եմ արևելք .
Ուր որ է կծագի լուսաբացը՝ դու ինձ մոտ կգաս լուսաբացի
միջով :
Նրա համար են իմ ձեռքերը ծնվել ,
Որ գոտի դառնան մեջքիդ կրակը փնջելու համար ,
Տեսնես կհասնե՞մ մեջքիդ կրակին ,
Թե պիտի գրկեմ տառապանքն իմ և արձան դառնամ
տառապանքների :
Շքեղ եմ ինչպես ամենաչքնաղ քաղաքն աշխարհում .
Շքեղությունս բռնկումն է Քո ներաշխարհիս մեջ ,
Դու՝ սուրբ մեղեդի , հողմ ու փոթորիկ երաժշտության ,
Իմ սեգ սիրո գերխտացում ու կերպարանք ,
Քեզ ինձ է մեկնել հողն իր ափերով .
Առանց Քեզ կործանված քաղաք եմ :
Հզոր ես այնքան , որ կարող ես երկնել մանուկ
արշալույսներ .
Քեզ պահ եմ տվել իմ արմատներին ,
Որ մեր գալիքը հուրհրա անթիվ արևների լույսով :
Գարունն է ծաղկել այտերիդ վրա ՝
Աստղերը փունջ-փունջ ծաղիկներ են՝ պոկված Քո այտերից ,
Ինչ գեղեցիկ է գարունը խոսում Քո շրթունքներով ,
Ինչ գեղեցիկ է լույսը Մարդանում Քո հասակի մեջ :
Քո ժպիտների ալիքներն այնքան քաղցրություն ունեն ,
Որքան քաղցրություն չի կարող ծնել հողը հազար տարում ,
Դու՝ իմ հոգու հպարտություն , Քեզանով է միայն սիրտս
խելագարվել :
Ծաղիկ-ծաղկոց է շուրջս , ամենուր ,
Քո նման ծաղիկ չկա ոչ մի տեղ՝ իզուր եմ փնտրում :
Քեզ համբուրելը տաճար սարքել է ...
Լուսաբացն ես դու ... ներիր ինձ , սեր իմ , Քեզ շփոթեցի
լուսաբացի հետ.
Քո մի ժպիտը բավական է , որ հազար լուսաբաց վառվի
այս աշխարհում :
Դու ծնվել ես հենց արեգակի միջից , ներիր ինձ , սեր իմ ,
սխալվեցի նորից .
Արեգակը ծնվեց Քո թարթիչներից , դրա համար էլ ջերմ է
ու գեղեցիկ :
Դու գրքերի մեջ այն գիրքն ես միայն ,
Որին հայոց երկրում մագաղաթ են կոչում ու պաշտում են հավետ :
Դու իմ սրտի , հոգու պաշտամունքն ես միակ . կուրացել եմ
Քեզնով հավերժապես :

Հեն
02.02.2011, 21:15
Ատում եմ բոլոր քաղքենիներին .
Օրը հազար անգամ հավատարմության խոստում են
տալիս ,
Օրը հազար անգամ պղծում են իրենց սերը նվիրական :
Մեր սերը հանկարծ երկուստեք ծագեց մեր սրտերի մեջ՝
Մեր մեջ կուտակված լույսի խտացումից ու մեզ պարուրեց
նոր կյանքի բոցով :
Վառվում ենք իրար կարոտից , վառվում ,
Եվ մեր կարոտի բոցը գնալով հրդեհում է մեզ ,
Եվ մեր հրդեհին խավարում չկա :
Մենք ծիածանի գույներն ենք՝ հավերժ ձուլված իրար մեջ ,
Հավերժ իրար սրտում ,
Անբաժանելին մեր սերն է միայն . մեր սիրո մեջ է
արևը ծագում :
Աշխարհ ենք եկել , որ մեկս մեկիս սիրել-պաշտելով՝
Սիրո նոր օրենք սահմանենք կյանքում ,
Եվ ընդարձակենք սահմանները սիրո . չի տեղավորվում
կյանքը սիրո մեջ :
Չկա աշխարհում ոչ մի գանձատեր , որ իր գանձերով
գերազանցի մեզ .
Մեր սերն է միակ գանձը մեր անսպառ :
Թե աշխարհի բոլոր օվկիանոսները դատարկվեն ջրից ,
Օդից դատարկվի երկինքը համատարած ,
Մեր սերը սիրով կլցնի նրանց դատարկությունը ,
Եվ չի նոսրանա խտությունը նրա :
Ես այն ծաղիկն եմ , որ կարող է ծաղկել միայն Քո
սիրո մեջ,
Դու այն ծաղիկն ես , որ կարող է ծաղկել միայն իմ
սիրո մեջ .
Մեր սերը նորովի կկերտի մեր կյանքը ,
Ու մենք լույս կտանք մեր սիրո մեջ :
Լուսե կամար եմ ես , լուսե կամար ես դու՝
Հայկական հողից կամարված համայն աշխարհի վրա .
Ուզում ենք մեր սիրով մութն աշխարհից վանել
Եվ միավորել բովանդակ աշխարհը սիրո և կյանքի
լույսերի մեջ :
Մեր սերն է դարձնում անապատը ծաղկուն ,
Որձաքարը՝ արև , Երևանիս սրտում :
Մեր սիրո մեջ է այն ուժը միակ , որ Տիգրիս գետից
աստղեր պիտ հանի
Եվ աշխարհը ցնցի նոր աստղերի լույսով :

Հեն
03.02.2011, 13:47
Նայում եմ հանկարծ Քո աչքերի մեջ՝ կսկիծն իր ահեղ թևերն է փռել:
Նայում ես հանկարծ իմ աչքերի մեջ՝ կսկիծն իր ահեղ թևերն է փռել:
Ուզում եմ խոսել՝ չեմ կարողանում, ուզում ես խոսել՝ չես կարողանում.
Կանգնել ենք այսպես իրար դեմ-դիմաց իբրև երկու արձան:
Ուզում եմ գնալ՝ չեմ կարողանում, ուզում ես գնալ՝ չես կարողանում...
Արևոտ օր է՝ երկինքն է լալիս, արևոտ օր է՝ կարկուտ է գալիս.
Երկու քարարձան փարվում են իրար
Եվ արցունք դարձած ընկնում են գետին ...

* * *

Եթե քեզ խլեն, ես մի ցոլացող աստղ կդառնամ,
Վերջին կրակս աշխարհին տալով՝ կմարեմ հավետ:
Որտեղի՞ց ծլեց խավարը չնչին,
Որ սեպ է խրում մեր սրտերի մեջ, մեր հոգիներում:
Ծաղիկ լինեիր դեռ աչքերդ փակ,
Գայի, պոկեի, բացվեիր ըղձյալ համբյուրներիս մեջ.
Ոչ ոք չիմանար մեր սիրո մասին, ոչ ոք չդավեր:
Հողը չի մերժում խոփը գութանի, բայց աղերսում է ճակատի քրտինք,
Սերը չի մերժում լույսը երկնքի, բայց աղերսում է իր սիրեցյալին.
Սրեր պիտ խրել սրտում խավարի, խավարն է ժանգը մարդկային ցեղի,
Լույս պիտի ցանել մարդկանց հոգիներում,
Որ հավերժանա սերը սրտերի մեջ, որ աշխարհը սիրո ժպիտներով լցվի:

Հեն
04.02.2011, 12:35
Թե բաժանեն հանկարծ կյանքում մեզ իրարից,
Եվ դու բախտից զարկված ճգնես ինքդ Քո մեջ,
Ես կբուսնեմ հողից իբրև սիրո ծաղիկ,
Կգուրգուրեմ Քեզ միշտ, կփայփայեմ հավերժ:
Թե ծարավես սաստիկ ու չգտնես կյանքում ջուրը Քո երազի,
Ես կբխեմ հողից իբրև սիրո աղբյուր.
Կամոքեմ ծարավդ բոցակեզ ու կապրեմ սրտիդ մեջ առհավետ:
Թե գիշեր իջնի Քո ճամփի վրա,
Ես իսկույն մի ջինջ աստղ կդառնամ Քո ափերի մեջ.
Կլուսավորեմ Քո բախտի ուղին,կձուլվեմ Քո բախտին չարաղետ,
Իսկ եթե մեկ օր միտք անես հանկարծ,
Թե ինչո՞ւ եմ ես ծաղկի փոխակերպվել,
Ինչո՞ւ եմ դարձել աստղ ու աղբյուր, ու լաց լինես իմ կորստի համար.
Ես ծնունդ կառնեմ Քո արցունքներից
Ու Քեզ կպահեմ համբույրներիս մեջ հավերժ ու հաստատ:


Արագած լեռան լանջերի վրա մի տաճար կա սիրո. իմ մարմինն է դա,
Ուր որ ծունկ իջած՝ աղոթում եմ Քեզ և կաղոթեմ հավերժ:
Քո պատկերն ունեն արտերը ծփուն. Քեզ են հիշեցնում, երբ հեռու ես դու:
Ինչո՞ւ ես ձայնդ դրել ջրերի մեջ. քիչ է մնացել ես էլ նրանց հետ
Արտերի մեջ սուզվեմ ու ցորենհասկ դառնամ:
Գերխտացումն ես դու իմ կարոտի,
Եթե ճիշտ է, որ կարոտը Մարդու, Մարդը կարոտի մեջ է բնակվում,
Նշանակում է՝ ես հավերժորեն Քո մեջ եմ ապրում:
Համարժեքն ես դու իմ բովանդակ կյանքի.
Դու ես ծին տալիս իմ երազներին, իմ ժպիտներին Քեզնով բախտավոր.
Այնտեղ է սիրտս, ուր ոտքդ դնես:
Ես ճայ եմ ճարտար, որն աչքերիդ մեջ իր բախտի ծովն է փնտրում անդադար:
Համակարգ եմ նոր՝ Քեզ եմ պարտական ջերմությունն իմ, լույսն իմ բովանդակ:
Բերդաքաղաք եմ՝ իմ պարիսպն ես դու, Քեզանով եմ ես անառիկ ու վեհ:

Հեն
04.02.2011, 13:20
Աղբյուր դարձար երազիս մեջ.
Փաթաթվեցի Քո ջրերին, աղերսեցի, որ Մարդանաս դու վերստին.
-Չէ, չէ,- ասացիր, - դավում են այստեղ մեր սերը սաստիկ.
Մեր սիրո համար քայլելու ոչ մի ճանապարհ չկա,
Եկ աղբյուր դառնանք, խառնվենք գետի ջրերին վարար ու լույս տանք կյանքին,
Իսկ հետո... հետո կծնվենք նորից, նորից աշխարհ կգանք,
Երբ էլ չի լինի խավարը կյանքում...
Ու ես նետվեցի ակունքը Քո ջինջ ու էլ չեմ հիշում, չեմ հիշում ոչինչ...


* * *

Սիրուց է ծնվել կրակն աշխարհում.
Մերժված սրտերի միջից են հանել կրակն առաջին:
Այս արեգակն էլ ինձ նման մեկ օր մի թունդ սիրահար պատանի է եղել.
Խլել են նրա սիրած աղջկան, և սիրո ցավից
Կրակվել է խեղճ սիրտը պատանու ու դարձել արև:
Եթե Քեզ խլեն, գուցե ես ինքս էլ արև կդառնամ սիրո ցավերից,
Բայց կյանքի համար բյուր հազար անգամ Մարդ է հարկավոր, քան թե արեգակ:

Աղաչում եմ Քեզ, ով բարեբեր ամառ,
Բացվիր այս անգամ սրտերի մեջ Մարդկանց.
Դաշտերին Մարդն էլ ամառ կբերի:
Ա՛րև, ներս մտիր Մարդու զարկերակից և բնակվիր հավերժ ներաշխարհում Մարդու,
Քանզի մարդկային լույս է հարկավոր տիեզերքին հիմա:
Սե՛ր, ծիածանվիր Մարդկանց սրտերի մեջ,
Սե՛ր, ծիածանիր Մարդկանց իրար սրտում,
Երջանկության լճակ, ծովացիր Մարդու հոգու մեջ վսեմ,
Եվ թող իմ սերն էլ իմ մեջ ծովանա,
Ա՜խ առանց որի, կյանքը սրտիս մեջ ասեղների փունջ է,
Տատասկների դաշտ է աչքերիս մեջ:

Լույս, որ կարող ես այնպես խտանալ, որ Քո խտացումից Մարդ ծնվի կյանքում,
Մարդ, որ կարող ես այնպես խտանալ, որ Քո խտացումից կյանք ու սեր ծնվի,
Ինչո՞ւ եք նաև այնպես խտանում,
Որ սեր ու կյանքի կործանում ծնվի, մահ ծնվի կյանքում:

Հեն
07.02.2011, 14:02
ԼՈՒՅՍ ԱՉԱՑ՝ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Հառնում,ցնծում է Հայաստանս՝
Լույս ալիքների մակընթացության և իմ սիրո մեջ:
Սովորական մի երկիր չէ Հայաստանս.
Արեգնադեմ կառույցների, ջինջ աստղերի համակարգ է Հայաստանս:
Իմ պապերի ճակատների լայնությունն է,
Իմ ծոռների հոգիների բարձրությունն է
Եվ իմ սիրո խելացնոր քաղցրությունն է Հայաստանս:
Այնտեղ, ուր որ արևները մայր են մտնում,
Ժամանակը կանգ է առնում թևաթափված,
Գիտե՞ք, թե դա ինչ ասել է՝
Արեգակներն սպառել են ուժերն իրենց,
Ժամանակը կորցրել է իր թևերը
Եվ իջել են իմ զորավոր Հայաստանում լիցքավորվեն, թևավորվեն,
Մի նոր ձևով ձևավորվեն:
Այդ ասել է նաև, հարկավ, արևների լիցքավորման,
Ժամանակի թևավորման մեծ երկիր է Հայաստանս:
Եվ վերջապես, անկեղծորեն խոստովանեմ.
Մարդ-երկիր է Հայասատանս:

Հեն
07.02.2011, 15:09
Երբ ամեն գարուն
Վազերիս դալար մատների վրա
Նվագում եմ էտի երգը լուսաբերիկ,
Լաց է լինում որթաստանս գիշեր ու զոր,
Լաց է լինում, որ սպառի արցունքի բեռն այս աշխարհի,
Լաց է լինում, որ չարտասվի Մարդը երբեք:
Եթե երբևէ իմ որթաստանում տեսնեք խոցված վազեր,
Հիշեցեք իսկույն՝
Վտանգի լեռն է ճաք տվել, կախվել Մարդու գլխի վրա՝
Փրկեցեք Մարդուն:
Թե բերքի անկման տեսարան բացվի Ձեր աչքերի դեմ,
Տագնապեցեք սաստիկ՝
Մարդու արյուն է թափվել ինչ-որ տեղ՝ փրկեցեք Մարդուն,
Իսկ եթե տեսնեք կաթվածահար վազեր,
Տագնապ շեփորեցեք տիեզերքով մեկ՝
Ջերմամիջուկային ամպերն են փորձում որթաստանս ջնջել՝
Փրկեցեք Մարդուն:

Հեն
07.02.2011, 16:14
Արեգնաջիղ մեր ձեռքերի արարչությամբ՝
Հորդ գետերի վաղնջական հունը ճեղքել
Ու հարության ծովաշռինդ երգ ենք վառել
Մեր լեռներին:
Թրծենք նորից բահերը մեր
Բոցաբորբոք արեգակի սրտում:
Խրենք նորից բահերը մեր կրծքում հողի,
Ծրենք հողի կուրծքը բեղուն
Եվ դեղձենու
Շողատրցակ տունկեր խրենք ծրերի մեջ:
Արեգնածով Կաթնծրի պոչից քաշենք,
Բերենք ի վար,
Կաթնծրի կաթով սնենք Դեղձուկների սիրտը բոցե
Եվ Արագած լեռը կրկին
Ծիածանենք Դեղձուկների Կաթնծրով:
- Հե՜-հե՜-հե՜-հե՜յ,
Տնկիների դեզը պրծավ. տնկի բերեք,
Մարդահայաց արեգակի սրտում անգամ
Բերքաբերիկ տնկիների մի համակարգ պիտի տնկենք,
Որ չմնա տիեզերքում և ոչ մի կետ առանց բերքի,
Որ Մարդը բացվի Մարդու կյանքի մեջ՝
Անցյալ ու գալիք գարունների բորբ բուրավետությամբ
Եվ քաղցրությամբ բոլոր ամառների:
Շանթաբեղիկ մեկն այնտեղ
Ծունկ է ծալել քառանվագ հոգնության տակ
Հե՜-հե՜յ, թռե՛ք,
Մեր մեղրահամ,
Մեղրաբուրմունք ոսկեհատով լիցքավորեք ոգին Նրա,
Թող բորբոքի գործը նորից,
Որ միշտ գործով արեգակվի դեմքը Մարդու:

Հեն
18.02.2011, 12:36
... Ձյունաբերան բուքը խուժեց լեռներն ի վար,
Ջերմության վերջին ապստամբության մեջքը փշրտեց
Ու գահակալվեց այգեստանների կայսրության վրա:
Անպարկեշտ քամին հնօրյա ցմփոր զուռնան նվագեց,
Ու փաթիլները մինչև լուսաբաց իրենց հաղթական պարը պարեցին:
Ցավածփուն հառաչների մի բույլ պայթեց շեկ վազերիս սրտում.
Որպես տագնապի ամպրոպաձայն շեփոր:
Արեգնամկան Մարդը, բոցադեմ գարունը դրած երկաթ ուսերին,
Այգեստան մտավ, ու ծիածանվեց երգն ամենուր:
Լուսակնացոլուն բահը ձեռքն առավ Մարդը վերստին,
Խրեց հողի մեջ, և այգաբացի հիմնը շռնդաց տիեզերքով մեկ:
Արեգակն արդեն ժամանեց զենիթ՝ Մարդը հանգիստ չառավ,
Արեգակն արդեն իջավ մայրամուտ՝ Մարդը հանգիստ չառավ:
- Հանգիստ առ մի քիչ, Քեզ մայր չի՞ բերել, - շշնջաց քամին,
Բայց Մարդը բնավ չլսեց նրան.
Հողի պատանքից դուրս քաշեց մեկ-մեկ վազերը բոլոր,
Բահն ուսին առավ.
Բահն ուսին առած Մարդը կարծես լուսե մի Կաթնծիր լինի՝ իջած հողի վրա:

Հեն
18.02.2011, 12:42
Գիշեր ու ցերեկ,
Գիշեր ու ցերեկ լույս են արարում վազերն իմ կրկին,
Որ աշխարհը դառնա հավասար բաշխված լույսի հարսանիք:
Բոլոր լույսերն էլ իմ որթաստանում օժտված են միայն պատկերով Մարդու,
Քանզի աշխարհի բոլոր լույսերի ակունքն էլ Մարդն է,
Իսկ որթաստանն իմ զբաղված է լոկ
Մարդու հոգուց բխող տիեզերական բոլոր լույսերի բյուրապատկումով:
Թե չեք հավատում Դուք իմ ասածին,
Տեղադրեք Մարդուն գիշերվա գերխիտ մթության մեջ
Եվ ձեր սեփական աչքերով արդեն կտեսնեք Դուք պարզ,
Որ գիշերն իսկույն կփոխարկվի լույսի:
Եթե չլիներ Մարդն աշխարհում,
Լույսի կարոտից կճաքեր տրտում սիրտը տիեզերքի,
Եվ որթաստանիս տեղակ փշաստան կլիներ:
Քանզի թեպետև կանգնած է Մարդը կենտրոնում նրա,
Սակայն իր ոգով ընդգրկում է ողջ տիեզերքը:
Մարդու առաջին կոչումն ու դերը ամպազերծելն է Մարդու ճակատը
Եվ անշուշտ, նաև աշխարհն օծելը Մարդու և վազի եղբայրությամբ:

Հեն
22.02.2011, 12:21
Տիեզերական մարմինները լոկ մի կերպարանք ունեն՝
Կլորությունն է կերպարանքը նրանց:
Տիեզերական մարմիններն իրենց կլոր կերպարանքով մեզ ուզում են ասել,
Որ մարդուց այն կողմ ամեն բան հավասար է զրոյի:
Հենց միայն կլոր լինելուց բացի
Մարդու գլուխն էլ որևէ մի այլ կերպարանք չունի,
Դրանով հանդերձ ասվում է նորից մի պարզ ճշմարտություն՝
Թե որ Մարդու մեջ Մարդկայինը չկա, հավասար է նա զրոյի:
Աշխարհի բոլոր մոլորակներն էլ իրենց պտույտով
Գծում են միայն մի հսկա զրո,
Որով վերստին ապացուցվում է նույն անժխտելին՝
Թե որ Մարդու մեջ Մարդկայինը չկա, հավասար է նա զրոյի:
Եթե կան մարդիկ (ես չեմ կասկածում),
Որ դատարկ են Մարդուց ու Մարդկայինից,
Լուսանկարել, առավել ևս գեղանկարել պետք չէ նրանց կյանքում.
Ավազի վրա գծեցեք մի ձող՝ գլխին մի զրո,
Եվ դա կլինի ամենաչքնաղ պատկերը նրանց:
Աշխարհը քայլում է Մարդու կերպ առած,
Աշխարհը շնչում է թոքերով Մարդու,
Ծաղիկը բացվում է Մարդու աչքերի բուրմունքը վրան,
Աշխարհը Մարդն է. Պոկեցեք Մարդուն աշխարհից,
Եվ Ձեր դեմ կզնգա մի դափ-դատարկ զրո:

Հեն
17.03.2011, 01:37
Ես որոշել եմ անխարդախ սիրո առողջարան բացել հենց սրտի մեջ Մարդու,
Եվ աշխարհի բոլոր ցավերը բուժել խտացումներով մարդկայնացած սիրո:
Սերը խնդության քաղցր ծաղիկ է. սերը բաց կանի ամեն մի փակ դուռ:
Նրա համար է տրվել սիրտը Մարդուն, որ սերն էլ իր ակունքն ունենա,
Որ եթե մեկը սապատվի հանկարծ, բոլոր սրտերն էլ հառաչանքով լցվեն,
Իսկ բարեհաջող ծնունդի դեպքում՝ երջանկությամբ շողան:
Աստղային բոլոր ցոլանքները մեկտեղ
Մի կաթիլ սիրո ջերմությունը չունեն և՝ լույսը չունեն մի կաթիլ սիրո:
Մի կաթիլ սիրով կարելի է հազար լուսաբացներ վառել մեռնող Մարդու դեմքին,
Եվ ապրողների ջղերի մեջ սփռել անթիվ արեգակներ:
Մի կաթիլ սիրով կարելի է կանխել թռչող արկերի պայթյունը դաժան,
Եվ այնպես կրթել արկ ու ականներին, որ պայթեն մահվան բիբերի մեջ
Եվ անմահության կրակներ փնջեն Մարդու դեմքի վրա:
Մարդու հայացքը այն դաշտավայրն է, ուր սերն է ծաղկում,
Մարդու ձեռքերը երգող ծաղիկներ են, որոնց սերմերից
Քաղաքներ են ծլում ու որթաստաններ՝
Մարդկային բոլոր սրտերն իրար կամրջելու հզոր հավակնությամբ լեցուն:
Մարդու գլուխը միակ ծաղիկն է, որ ծաղկելուն պես
Քաղցրանում է կյանքը, խտանում է լույսը համայն տիեզերքում,
Եվ ապագայի ծառն է կանաչում՝ պտղաբերելու հանճարեղությամբ փառավորված :

Հեն
07.08.2011, 12:33
Երբ թոշնում են ժպիտներիդ շուշանները շենշող շրթունքներիդ վրա,
Այդ ես եմ լալիս ամպի կերպ առած, իմ սրտում են պայթում ամպրոպները բոլոր:
Ժպիտներդ մեկ-մեկ ես պահ եմ տվել իմ հիշողության լուսաբացներին,
Ավանդատուն եմ դարձրել իմ հոգին՝
Ժպիտներդ այնտեղ ցուցադրելու ազնիվ նվիրումով:
Ամենաթովիչ երաժշտության հնչյունների պես
Ուզում եմ հավերժ հոգուս մեջ մնաս.
Քո սիրուց պայծառ մեղեդի չկա՝
Քո սիրուց են ծագում գարունները կյանքիս,
Քո սիրուց է ծագում լույսն իմ աչքերի:
Երակներիս միջով թռչող կարմիր թռչուն, Թավիկ է անունը Քո սուրբ,
Ես Քեզ Քեզանից նվաճել եմ սիրով ու պատվաստել սրտիս,
Դու ինձ ինձանից նվաճել ես սիրով ու պատվաստել սրտիդ.
Աննվաճելին սիրով են նվաճում, սիրով են կերտում այգն ապագայի՝
Բացառում եմ կյանքից բռնությունը հավետ:
Աշխարհի բոլոր ճամփաներն ինձ լոկ Քեզ են բերել,
Լոկ Քեզ են բերում, Քեզ են բերելու:
Քեզ է տենչացել իմ սիրավառ հոգին,
Քեզ է տենչում հիմա, Քեզ է տենչալու հավիտյան:
Քո սերն ինձ դրդեց, որ լքեմ իմ մաշկը, դուրս գամ իմ ափերից, ծովանամ Քո մեջ,
Եվ արդ բախում եմ դռները հոգուդ՝ պահիր ինձ հավերժ Քո սրտում, անգին,
Ետդարձի ոչ մի ճար, ճամփա չկա.
Սերը ետդարձի ճամփաներ չունի, մենք պիտի ճեղքենք ծովը խավարի,
Մենք մեր սիրո մեջ պիտի կերտենք մեր տունը սեփական
Եվ մի նոր, հզոր կերպարանք առած, պիտի հրթիռվենք մեր սիրո միջով
Դեպի երազը, դեպի արևը, դեպի սիրտն ազգիս:

«. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .»