PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոյի հետաքրքիր աշխարհը



Հայկօ
01.02.2011, 21:46
Վիրտուալ (և ոչ միայն) թափառումներիս ժամանակ երբեմն ինչ-որ հետաքրքիր բանի եմ հանդիպում կինոյի և ընդհանրապես՝ կինոյի հետ կապված ամեն ինչի վերաբերյալ: Այս թեմայում կփորձեմ ժամանակ առ ժամանակ ներկայացնել այդ նյութերից մի քանիսը կամ գրել կինեմատոգրաֆի մասին սեփական հետաքրքիր կամ անհետաքրքիր մտքերս:

Հայկօ
01.02.2011, 21:53
Առյուծ արքան. մի գողության պատմություն



http://img201.imageshack.us/img201/9122/lionm.jpg



Կարելի է երկար ու ձանձրալի մենագրություն գրել՝ ապացուցելով, որ «Առյուծ արքան» նույն շեքսպիրյան Համլետն է, որը դիսնեյականների թեթև ձեռքով տեղափոխվել է աֆրիկյան սավաննաներ ու փոքր-ինչ գիշատիչ երանգ է ձեռք բերել (նույնիսկ բամբասում են, որ Շեքսպիրը սկզբում ցանկանում էր, որ իր պիեսներում կենդանիներ էլ խաղան, բայց հետո միտքը փոխեց, երբ առյուծները փախան ու դարձան 1600 թվի լոնդոնյան կոտորածի պատճառը): Սպանված հայր, աքսոր, վրեժ... Սակայն իրականությունը շատ ավելի անշուք է: Դիսնեյը նստեց, մտածեց-մտածեց ու որոշեց, որ մեծ դրամատուրգի ամենահայտնի գործը բավարար գեղարվեստական հենք չի կարող լինել իր համար, և պարզապես դրեց ու դեմքի լկտիագույն արտահայտությամբ պատճենեց հին ճապոնական մի մուլտֆիլմ՝ դեռ օրորոցում խեղդելով սեփական օրիգինալության բոլոր նշույլները:

Ահա թե ինչից է պատճենած «Առյուծ արքան».



http://img151.imageshack.us/img151/5950/26845832.jpg

Անհասկանալի կանաչ տեքստ. «Սպիտակ առյուծ Կիմբան (http://www.kimbawlion.com/rant2.htm)»



Կիմբային՝ նկարի վրայի փոքրիկ ալբինոս կորյունին, ստեղծել է ճապոնացի հռչակավոր նկարիչ ու մուլտիպլիկատոր Օսամու Տեզուկան (http://en.wikipedia.org/wiki/Osamu_Tezuka) (հայտնի Astro Boy (http://en.wikipedia.org/wiki/Astro_Boy)-ի հեղինակը): Նմանությունն ավելի քան ակնհայտ է: Չնայած... Հետո՞ ինչ: Ստեղծել է՝ ստեղծել է: Չէ՞ որ մենք խոսում ենք մեծն և սարսափելի «Առյուծ արքայի» մասին: Սրբապղծությու՛ն: Ինչպե՞ս կարելի է չնկատել երկու մուլտֆիլմերի ահռելի տարբերությունը: Մեկի գլխավոր հերոսի անունը Կիմբա է, իսկ մյուսինը՝ Սիմբա: Տեսա՞ք: Կ - Ս: Լրիվ տարբեր տառեր են: Եթե, իհարկե, մոռանանք, որ նրանք երկուսն էլ առյուծներ են, երկուսն էլ լուրջ ընտանեկան խնդիրներ ունեն, երկուսն էլ...

Մի րոպե: Հերթով, հերթով:

Դիսնեյը, իհարկե, կարող է հավերժ մերժել, որ «Առյուծ արքան» իրականում «Կիմբայի» ռիմեյքն է, բայց, օրինակ, ինչպե՞ս բացատրենք «Առյուծ արքայի» DVD-տարբերակներից մեկում ներառված այս նախնական սքեչը.



http://img833.imageshack.us/img833/5130/78188050.jpg

Խորագիր. միայն դալտոնիկների համար



Այո, սկզբում Սիմբան սպիտակ էր: Հետո եկավ մի պահ, երբ Դիսնեյը որոշեց գլուխը չզբաղեցնել զանազան հեղինակային իրավունքներով ու բանակցություններով, և առանց երկար-բարակ մտածելու վերցրեց ու ներկեց առյուծի ձագին: Խնդրեմ, ճանապարհն ազատ է, կանաչ լույս: Փոխարենը Դիսնեյը ճապոնական օրիգինալից վերցրեց գրեթե բոլոր հայտնի տեսարանները, սյուժեն, ինչպես նաև այնպիսի կերպարների, ինչպիսիք են շաման կապիկը, Սիմբայի ընկեր կապույտ թռչունն ու չար բորենիները:



http://img534.imageshack.us/img534/5084/66875737.jpg

http://img826.imageshack.us/img826/3822/12036262.jpg

Դեժավյու



«Կիմբայում» գլխավոր չարագործը Կիմբայի հորաքույրն էր: Դիսնեյի տարբերակում չարագործի սեռը փոխեցին, և նա դարձավ Սիմբայի հորեղբայրը: Սակայն քսերոքսի դեմն առնելն արդեն անհնար էր: Վերևում նշեցինք, որ մեկին մեկ կրկնված են նույնիսկ լավագույն տեսարանները: Խնդրեմ. Սիմբան խոսում է իր հոր՝ ամպերի խորքից հայտնված ուրվականի հետ, Սիմբան կանգնած է ժայռի գլխին... Սիմբա՞ն, թե՞ Կիմբան:



http://img822.imageshack.us/img822/3159/97170065.jpg

http://img835.imageshack.us/img835/9770/96275727.jpg

Գտեք տասը տարբերություն



Ուզու՞մ եք ձեր սեփական մաշկի վրա զգալ պլագիատի ողջ ծանրությունը: Փորձեք մուլտֆիլմ նկարել ծվծվան ձայնով Զիկի Մաուսի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Բադիկի մասին: Հետո համաշխարհային շուկայում այդ մուլտֆիլմով աշխատեք գոնե մեկ ցենտ և հաշվեք, թե քանի վայրկյան հետո Դիսնեյի փաստաբանները կզանգեն ձեզ:

Barekendan
02.02.2011, 23:15
Իսկ գիտե՞ք,որ Օսամու Տեզուկան Ուոլտ Դիսնեյի ընկերն է եղել: Տեզուկայի անիմատորների ամբողջ թիմը ժամանակին վերապատրաստվել է Դիսնեյից ժամանած մասնագետների կողմից, իսկ ինքը Տեզուկան ամբողջ կյանքը Դիսնեյի մեծագույն երկրպագուն էր մնում և անիմատոր էր դառել Դիսնեյից տպավորված:

Դիսնեյը ժամանակին նրանից իրավունք էր խնդրել իր «Astro-Boy» մուլտֆիլմի ամերիկյան տարբերակը նկարահանել: Տեզուկան համաձայնվել էր այն պայմանով, որ ինքն էլ կնկարi «Բեմբի»-ի մուլտֆիլմի վրա հիմնված կոմիքս, ինչը և արեց: Դիսնեյը ամերիկյան Աստրոբոյ այդպես էլ չհանեց:

Lion King-ը ավելի նման է Դիսնեյի ստեղծագործական խմբի կողմից ճապոնական դասական մուլտին մատուցած հարգանքի տուրքի: Իսկ դե պնդումները,որ Կիմբայի գոյության մասին անտեղյակ էին, արդեն Ընկերության որոշ ոչ այնքան պարկեշտ ղեկավարների հրամանն է, իմ կարծիքով: Ու էս հաստատ էն դեպքը չի երբ կրկնօրինակի հաջողությունը լիովին հիմնված է օրիգինալ գործից փոխառած էլեմենտների վրա:
Եթե իսկապես որոշել էին թխեին ու չբռնվեին, առյուծի անունն էլ որ հաստատ կփոխեին: Էտքան հիմար հաստատ չեն:

Հայկօ
03.02.2011, 13:34
Ես լեգենդ եմ / I Am Legend
Ինչպիսին պիտի լիներ ֆիլմի իրական ավարտը



http://img191.imageshack.us/img191/424/12043n.jpg



Ուշադրություն. ներքևի տեքստը կազմված է բացառապես անողոք և թունավոր սպոյլերներից: Ես զգուշացրեցի:



http://img194.imageshack.us/img194/6802/73755216.jpg



Ֆիլմը, ինչպես հայտնի է, Ռիչարդ Մետսոնի դասական վեպի էկրանավորումն է: Ուիլլ Սմիթը խաղում է դոկտոր Ռոբերտ «Լեգենդ» Նեվիլի դերը, ով միակ և վերջին մարդն է՝ CGI մուտանտներով լցված հսկայական քաղաքում: Դոկտորն իր տունը վերածել է անառիկ ամրոցի և զբաղվում է հետևյալ կասկածելի գործունեություններով.



եղջերու է որսում Նյու-Յորքի ամայի փողոցներում
Բոբ Մառլի է լսում
կատաղի ու անխնա պատերազմ է մղում մուտանտների դեմ
ողջ-ողջ բռնում է վերոհիշյալ մուտանտներին (ովքեր ժամանակին մարդիկ էին)
գիտական կտտանքների է ենթարկում այդ մուտանտներին իր մռայլ նկուղում
ցանկանում է գտնել մուտանտներին բուժելու և կրկին մարդ դարձնելու միջոցը
ազատ ժամանակ փորձում է մենակությունից չգժվել
զրուցում է մանեկենների և շան հետ


Մի խոսքով՝ դոկտոր Նեվիլն ապրում է բավականին հագեցած կյանքով: Ֆիլմի վերջում մուտանտները ճեղքում են նրա պաշտպանությունը և լցվում են տան նկուղ (դու մի ասա՝ հրեշներով լցված քաղաքի հենց մեջտեղում տոնածառի պես լույս տվող տան մեջ փակվելը վատ միտք էր. ու՞մ մտքով կանցներ): Իսկ հետո քաջարի դոկտորը ստիպված պայթեցնում է ինքն իրեն, իր լաբորատորիան ու ամեն ինչ՝ համայն մարդկությանը փրկության շանս նվիրելով: Մոռացա ասել, որ մինչ այդ պարզվում է, որ ողջ մնացած մարդիկ էլի կան, և հենց այդ մարդկանցից մեկն էլ Նեվիլի ինքնազոհողության շնորհիվ կարողանում է փախչել ու մուտանտներին բուժող դեղը հասցնել Զիոն... Կներեք, մարդկանց քաղաք:



http://img143.imageshack.us/img143/4803/93266052.jpg



Սա ֆիլմի հայտնի ավարտն է: Իսկ օրիգինալ տարբերակում մուտանտները ճեղքում են պաշտպանությունը, լցվում են նկուղ... Հետո պատահում է սա.




http://www.youtube.com/watch?v=b-rJsnXsgMo



Այո: Ֆիլմի օրիգինալ ավարտում պարզվում է, որ մուտանտները մտածող, բանական և խաղաղ ապրելու պատրաստ էակներ են, ովքեր պարզապես փորձում էին ազատել Նեվիլի բռնած մուտանտներից մեկին: Հիշեցնեմ, որ Նեվիլն իր մուտանտ-պատանդների հետ նարդի չէր խաղում, այլ խիստ ցավոտ և մահացու գիտափորձեր էր անում նրանց հետ:

Գիրքը նույն կերպ է ավարտվում: Ավելին՝ հենց դա է գրքի ողջ իմաստը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է ֆիլմի վերնագիրը «Ես լեգենդ եմ»: Նեվիլը վերջում հասկանում է, որ իրականում կինոյի «լավ տղերքը» հենց մուտանտներն են, իսկ ինքը նրանց սարսափելի լեգենդների հրեշն է, որովհետև անընդհատ զանազան դաժանագույն միջոցներով ու ամեն հարմար առիթով կոտորածի էր ենթարկում նրանց: Այդ արարածները հանգիստ-խաղաղ ապրում էին իրենց համար, սիրահարվում էին, ամուսնանում էին, գուցե հիպոթեկով տուն էին գնում կամ զբաղվում էին ընտանիքի պլանավորմամբ, իսկ հետո հայտնվում էր դժոխային դոկտորն ու ընտանեկան գողտրիկ անկյունը վերածում էր արյան ծովի: Գուցե «Ես հայվան եմ» վերնագիրը ավելի հարմա՞ր կլիներ:



http://img201.imageshack.us/img201/9537/67718267.jpg



Լեգենդ 2.0

Տեստային հանդիսատեսն, ըստ երևույթին, չհավանեց օրիգինալ ավարտը, և ստուդիան պոստ-փորդաքշնի ժամանակ որոշեց ընտրել մեկ այլ տարբերակ, որտեղ Նեվիլը կռվում է չար մուտանտների դեմ և զոհում է իրեն՝ պաշտպանելու համար իր նոր դաշնակիցներին: Իմաստուն դոկտորը այդ վեհ նպատակի համար որոշում է նռնակը պայթեցնել մուտանտների դեմքից մոտ երկու սանտիմետր հեռավորության վրա՝ զուգահեռաբար ոչնչացնելով իր ամրոցն ու վիրավորելով ընկերներին: Ավելորդ չի լինի նշելը, որ եթե հիմք ընդունենք օրիգինալ ավարտը, ապա Ուիլլ Սմիթը այդպիսով առանց աչքը թարթելու կյանքից զրկում է մի խումբ բանական արարածների, ովքեր ուղղակի փորձում էին փրկել գերի ընկած մի աղջկա:



http://img21.imageshack.us/img21/7168/legend2c.jpg



Այստեղից էլ բխում է ֆիլմի հաջորդ խնդիրը: Ֆիլմի ընթացքում այստեղ-այնտեղ մի քանի փոքրիկ հուշումներ կան, որ այդ արարածները իրականում բանական էակներ են (նրանց լարած բարդ թակարդները, առաջնորդի կերպարը և այլն): Ավարտը զրոյի է հավասարեցնում այդ ամենը: Նոր ավարտի մեջ մուտանտները ուղղակի թնդանոթի միս են, անուղեղ վայրի կենդանիներ, ում միակ նպատակը կինոյի մեջ ստանդարտ խուճապ ու քաոս ստեղծելն է: Բարի գալուս Հոլիվուդ:



http://img694.imageshack.us/img694/2885/legend4.jpg



Այս ամեն ինչի մեջ ամենատխուրը երևի այն է, որ փաստորեն՝ ֆիլմը ստեղծողներից և ոչ ոք չի հավատացել նախնական տարբերակի կոչին: Հանդուրժողականություն, ուրիշների մասին մտածելու կոչ, բռնության դատապարտում... Կտրել-գցել աղբամանը, չափազանց բարդ է: Նրանք ուղղակի մի քանի կիլոմետր գեղեցիկ/ցնցող/սարսափելի տեսարաններ են սոսնձել իրար ու անունը դրել են կինո: Ամեն դեպքում՝ շատ չքննադատենք, քանի որ ֆիլմը ինքնին վատը չէ, սակայն տխմար ավարտը հողին է հավասարեցնում ամեն ինչ: Այս ավարտի աղաղակող անտրամաբանականությանը ես դեռ էլի կանդրադառնամ, իսկ հիմա ուղղակի փաստենք, որ չարժեր տեստային հանդիսատեսի դուդուկի տակ պարել, և որ ձայն բազմացը ոչ միշտ է ձայն Աստծու: Եթե ուզում եք համոզվել, կարդացեք YouTube-ի մեկնաբանությունները:


Հ.Գ. Ֆիլմի DVD տարբերակի մեջ ներառված օրիգինալ ավարտը կոչվում է «Վիճելի օրիգինալ ավարտ» (Controversial Original Ending): Անկասկած՝ թշնամիներիդ հետ խաղաղություն հաստատելն ու իրար հասկանալը շատ ավելի վիճելի է, քան դրանց բոլորին ռումբերով գրողի ծոցը ուղարկելը:

Ռուֆուս
03.02.2011, 14:37
I Am Legend-ը տխմարագույն ֆիլմ է, բայց մյուս ավարտով միգուցե դուրս գար :}

Barekendan
03.02.2011, 19:25
Անհասկանալի կանաչ տեքստ. «Սպիտակ առյուծ Կիմբան»

Ճապոներեն չգիտեմ, բայց գիտեմ,որ օրիգինալ տարբերակում առյուծի անունը Լեո է, Կիմբա՝ միայն անգլերեն թարգմանության մեջ:

Barekendan
03.02.2011, 19:41
Այս ավարտի աղաղակող անտրամաբանականությանը ես դեռ էլի կանդրադառնամ, իսկ հիմա ուղղակի փաստենք, որ չարժեր տեստային հանդիսատեսի դուդուկի տակ պարել

Հիշում եմ, շատ նման էր էկրանավորած Ս. Քինգի "Dreamcatcher"-ը: Ֆիլմի արտակարգ առաջին կեսը՝ լրիվ հավատարիմ գրքին ու շատ հետաքրքիր: Երկրորդ կեսից սկսած ֆիլմը վերածվում էր անհեթեթությունների շարքի: Եթե որոշում են շեղվել գրքից, գոնե պետք չի դա անել ֆիլմի կեսը նկարահանելուց հետո, որ գոնե ֆիլմի սկիզբն ու վերջը իրար հետ համահունչ լինեն:

Հայկօ
10.02.2011, 20:37
Ուշադրություն. սպոյլերներ: «Յոթ» ֆիլմը չտեսածներ, մի՛ կարդացեք, թե չէ կփոշմանեք (երևի):


http://img194.imageshack.us/img194/6802/73755216.jpg


Նայել եք, չէ՞, «Յոթ» (Se7en) (http://www.imdb.com/title/tt0114369/) տրիլլերը: Դե, երևի գիտեք. ռեժիսոր՝ Դևիդ Ֆինչեր, դերերում՝ Մորգան Ֆրիմեն, Բրեդ Փիթ, Գվինեթ Պելտրոու, Կևին Սփեսյի և զանազան այլ՝ ոչ այնքան արժանահիշատակ սինեմատոգրաֆիկ պլանկտոններ: «Յոթը» Ֆինչերի վերադարձն էր մեծ կինո՝ խայտառակ «Օտարը 3»-ից հետո: Վերադարձը, մեր մեջ ասած, շատ հաջող ստացվեց և երևի այնքան ոգևորեց Ֆինչերին, որ վերջինս դրանից հետո իրար հետևից նկարեց «Խաղը» ու «Մարտական ակումբը» սուպեր-մեգա-հիթերը և վերջնականապես արմատակալեց հոլիվուդյան Օլիմպոսում: Բայց եկեք մի պահ մոռանանք հոլիվուդյան կրքերն ու վերադառնանք մեր ֆիլմին: Ըստ սյուժեի՝ կինոյի ամբողջ ընթացքում մի շարք մեկը մյուսից դաժան սպանություններ են լինում, իսկ քաջարի ուստիկաններ Ֆրիմենն ու Փիթը հետաքննում-հետաքննում, բայց այդպես էլ ոչ մի բան չեն հասկանում ֆիլմի ոչ այնքան խճճված սցենարից: Ֆրիմենը խաղում է փորձառու, բայց ծեր ու շատ հոգնած քննիչի դերը, Փիթը՝ երիտասարդ ու եռանդուն նորելուկի է մարմնավորում, իսկ այ Կեվին Սփեյսին հերիք չէ՝ ողջ ֆիլմի ընթացքում գրեթե չի երևում էկրանին, նաև առաջին անգամ հայտնվում է կադրում որպես ինչ-որ քրջոտ ֆոտոլրագրող: Խնդիրն այն է, որ մինչև ֆիլմի գրեթե վերջը այդպես էլ պարզ չէ, թե ով է հանելուկային մարդասպանը, և խիզախ քննիչները գաղափար անգամ չունեն, թե ում են փնտրում: Հետո, իհարկե, Սփեյսին գալիս ու ինքնակամ հանձնվում է օրինապահ մարմիններին, այնուհետև զանազան զարմանահրաշ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ներառում են մեկ ստվարաթղթե արկղ և մեկ ծակ գլուխ, և այլ և այլն, շատ չխորանանք: Հարցն այն է, որ երբ Սփեյսի-մարդասպանը լուսանկարչի տեսքով ժամանում է դեպքի վայր, սկզբում ամեն ինչ այնպես է նկարած, որ ո՛չ հերոսները և ո՛չ էլ շարքային հանդիսատեսը չգիտակցեն, որ դա հենց ինքը՝ անտագոնիստն է, և միայն հետո ափով խփեն ճակատներին ու հառաչեն «վա՜յ քու արա, ո՜նց բաց թողեցինք դրան»: Սակայն այստեղ հաշվի չի առնված մեկ փաստ. Կևին Սփեյսիի գերհայտնի ֆիզիոնոմիան: Երբ դետեկտիվ տրիլլերի էկրանին հանկարծ հայտնվում է AAA դասի մի դերասան, ով առաջին հայացքից խաղում է ինչ-որ մի էպիզոդիկ դեր, բոլորը միանգամից հասկանում են, որ այստեղ ինչ-որ տեղ պիտի շան գլուխ թաղված լինի: Ինչպես ասում էր իմաստուն Ստանիսլավսկին՝ եթե պատից քսան միլիոնանոց դերասան է կախած, ապա կինոյի վերջում նրան անպայման պիտի կրակեն: Այսպիսով՝ այս փոքրիկ անակնկալի էֆեկտը իսպառ անհետանում է: Իսկ ֆիլմը շատ լավն է, ընդ որում՝ հատկապես տպավորիչ է հենց Սփեյսիի խաղը, ով ընդամենը մի քանի րոպե է փայլում էկրանին, բայց հաջողացնում է այդ ընթացքում ծալել-գրպանը դնել ոչ պակաս տաղանդավոր Մորգան Ֆրիմենին և Բրեդ Փիթին: Ֆոտոլրագրողային տեսարանում էլ, մեր մեջ ասած, նրա դեմքն այնքան էլ լավ չի երևում: Ահա այս գեղեցիկ նոտայով էլ ավարտենք սույն բարձրաձայն անկապ մտորումը: Շնորհակալություն ուշադրության համար: