PDA

Դիտել ողջ տարբերակը : Հինգ առասպել զենքի մասին, որոնց բոլորը հավատում են (կինոների շնորհիվ)



Հայկօ
26.01.2011, 21:48
Հինգ առասպել զենքի մասին, որոնց բոլորը հավատում են (կինոների շնորհիվ)



http://img692.imageshack.us/img692/6886/24935.jpg



Նույնիսկ հիմա, երբ շատ երկրներում մոլեգնում է զենքի տենդը, իսկ հասարակ քաղաքացին կարող է ամեն քայլափոխի մտնել խանութ ու զենք գնել, միևնույնն է՝ առավոտից երեկո աջուձախ կրակելը առօրյա երևույթ չէ (դե, մեծամասնության դեպքում): Այսինքն՝ մարդիկ հիմնականում շատ քիչ բան գիտեն հրազենի մասին: Հոլիվուդի խորամանկ սցենարիստները շա՜տ վաղուց հասկացել են այդ փաստը և որպես տիպիկ հոլիվուդցիներ՝ օգտագործել են դա որպես գլուխ պահելու և այլևս երբեք ոչ մի ուրիշ փաստ չստուգելու արդարացում: Եվ այսպես...

Հայկօ
26.01.2011, 21:51
5. Խլացուցիչ + կրակոց = մեղմ շշուկ



http://img404.imageshack.us/img404/2417/24956.jpg



Որտեղ եք տեսել.

Կրակի գծի վրա, Կռու պոպոք 2, Ծերուկներն այստեղ տեղ չունեն, Հրաձիգը, գործնականում բոլոր Ջեյմս Բոնդ կինոներում


Առասպելը.

Բոլոր լրտեսները, չարագործները և մարդասպանները անգիր գիտեն. եթե դու գնում ես օֆիսում, գրադարանում կամ թատրոնում ինչ-որ մեկին սպանելու, ապա հագցրու խլացուցիչը: Այդ զարմանալի հարմարանքը զարհուրելի «գըգը՜մփ»-ը դարձնում է մոտավորապես «պծյու» հիշեցնող ծվծվոցի նման մի բան:



http://img403.imageshack.us/img403/5132/41701243.jpg
Պծյու: Պծյու-պծյու-պծյու:



Զիզի-բիզի ատրճանակները միակ զենքերը չեն, որ կարելի է «խլացնել»: Ամենամեծ ու ամենավախենալու հրացանների վրա էլ է կարելի հատուկ խլացուցիչներ հարմարեցնել, որոնց շնորհիվ նույնիսկ աշխարհի ամենախաղաղ թաղամասում և նույնիսկ գիշերով ոչ ոք չի լսի, թե դու ոնց ես հարևան սենյակում բնաջնջում խաղաղ (և ոչ այնքան խաղաղ) բնակչությանը:



http://img171.imageshack.us/img171/5473/39853578.jpg
ՊԸԾՅՈՒ՜...



Բացի դրանից, չնայած որ կինոների խլացուցիչները միշտ էլ շատ թանկ, հետաքրքիր և մի քիչ էլ սեքսուալ տեսք ունեն, հոլիվուդյան իմաստունները ուսուցանում են, որ ցանկացած երկար ու դատարկ առարկա կարելի է որպես խլացուցիչ օգտագործել: Վերցում ենք, օրինակ, մեկ լիտրանոց պլաստմասսե դատարկ շիշ, մեջը ճխտում ենք, ասենք, հին գուլպաներ, և ահավասիկ՝ դու նույնքան զինված ու վտանգավոր ես, ինչքան Մարկ Ուոլբերգը «Հրաձիգում»:



http://img96.imageshack.us/img96/2276/66746827.jpg
Կներեք, ձեր զենքից ՆԱՍԿԻԻ հոտ է գալիս



Խնդիրը.

Պայթող վառոդի ձայնը բարձր է: Շատ բարձր: Նույնքան բարձր, ինչքան թափ հավաքող ինքնաթիռի ձայնը (http://www.gcaudio.com/resources/howtos/loudness.html): Փոքրիկ մետաղյա խողովակը ուղղակի ի վիճակի չէ դրա դեմն առնելու: Ահա թե ինչ ձայն է հանում խլացված ատրճանակը.




http://www.youtube.com/watch?v=51AEuOts1YU



Եթե վիդեոն չեք կարող նայել, թույլ տվեք համառոտ ամփոփել այն ձեզ համար. ատրճականից իսկական ատրճանակի ձայն է գալիս: Մեծ, բարձր, վախենալու «ԳԸՄՓ» ձայն: Ցանկացած դեպքում՝ դա հաստատ այն «փֆտ»-ը կամ «տըպ»-ը չէ, որ կարելի է լսել, երբ, ասենք, փոքրիկ փիսիկը ցատկում է փափուկ բարձի վրա:

Սովորական կրակոցի ձայնը 140-ից 160 դեցիբել է. դա արդեն այն մեծությունն է, երբ նույնիսկ մեկ անգամ լսելը կարող է ընդմիշտ վնասել ձեր լսողությունը: Եթե ձեր կողքին երբեք չեն կրակել, հավատացեք՝այդ ձայնը մարդկանց ստիպում է ամբողջ մարմնով ցնցվելով վեր թռնել: Խլացուցիչն այդ ձայնն իջեցնում է մինչև 120-130 դեցիբել (http://en.wikipedia.org/wiki/Suppressor#Real_world_data), ինչը մոտավորապես հավասար է ասֆալտ քանդող ավտոմատ մուրճի աղմուկին: Դա դեռ բավական բարձր է՝ մոտ լինելու դեպքում ֆիզիկական ցավ պատճառելու համար:

Այսինքն՝ խլացուցիչն իրականում ընդամենը ստիպում է, որ մեծ զենքից մի քիչ ավելի փոքր զենքի ձայն գա: Եթե դու Ջեյմս Բոնդն ես ու որոշել ես խլացված ատրճանակով թափանցել թշնամու բանակ, քո միակ հույսը փաստորեն այն է, որ թշնամիներդ գուցե որոշեն, որ քո զենքը չափազանց փոքրիկ ու ճղճիմ երևույթ է՝ լուրջ վտանգ լինելու համար, և խղճան ու խնայեն քեզ:



http://img338.imageshack.us/img338/2781/76931410.jpg
Էդ ինչ ա, խլացուցիչով զե՞նք: Յախք, ֆու:



Բա էլ ու՞մ են պետք խլացուցիչները: Դե՜, եթե դու բաց ու աղմկոտ տարածության մեջ ես, խլացուցիչները կարող են ահագին օգուտ տալ: Մասնավորապես՝ դրանց շնորհիվ շատ դժվար է լինում հասկանալը, թե կրակոցը որ կողմից էր կամ ինչքան հեռվում:

Իսկ հիմա՝ խլացուցիչով շոթգանների մասին: Դրանք իրոք գոյություն ունեն: Ահա խնդրեմ.




http://www.youtube.com/watch?v=8j5P0LXemAA



Այո. սույն խլացուցիչը ոնց որ թե ավելի է բարձրացնում հրացանի ձայնը:

Հայկօ
26.01.2011, 21:57
4. Կախարդական ավտոմատներ



http://img543.imageshack.us/img543/7152/24955.jpg



Որտեղ եք տեսել.

Աստղային դեսանտ, Մումիա, Մաքս Պեյն, Կոմանդո, Ջոն Վուի բոլոր կինոները, Սպիով դեմքը


Առասպելը.

Լիքը հին ու անհամ կատակներ կան այն մասին, թե ինչպես կինոներում երբեք ոչ ոքի փամփուշտները չեն վերջանում (եթե, իհարկե, սցենարում հակառակը գրված չէ): Հոլիվուդը, թերևս, որոշ հարգանք է ցուցաբերում միայն ռևոլվերների նկատմամբ (ընդամենը 11-12 կրակոց՝ սովորական վեցկրականի ցիլինդրի համար): Բայց երբ գործը հասնում է ավտոմատ զենքերին, բոլորը ասես խենթանում են: Ընդ որում՝ այնքան համոզիչ են խենթանում, որ մարդկանց մեծամասնության մեջ սխալագույն կարծիք է ձևավորվել այդ զենքերի մասին: Մարդիկ շատ լուրջ համոզված են, որ ավտոմատները կարող են մի քանի հարյուր անգամ ավելի շատ փամփուշտ կրակել, քան դրանց մեջ իրականում տեղավորվում է:

Հոլիվուդը սատանայաբար օգտվում է այն բանից, որ դրսից չի երևում, թե ավտոմատի ներսում ինչ կա, ու մեզ համոզում է, որ յուրաքանչյուր ավտոմատի ներսում փամփուշտների պուճուրիկ կախարդական գործարան է աշխատում: Ըստ երույթին՝ հենց դրա շնորհիվ է, որ «Կոմանդոյում» կարելի է տեսնել, թե ինչպես է Առնոլդը կինոյի մոտավորապես կեսի ընթացքում անընդմեջ կրակում ուր պատահի, բայց այդպես էլ պահունակը չի փոխում.




http://www.youtube.com/watch?v=D307Lp_idbk



Խնդիրը.

Եթե դու հետևում ես վերջին նորություններին կամ Modern Warfare ես խաղացել, ապա դու հաստատ տեսել ես այս զենքը.



http://img200.imageshack.us/img200/2912/45926110.jpg
Շվայնեն փաղթիզանեն



Սա M4 կարաբին է: Սրա մեջ տեղավորվում է 30 փամփուշտ: Ահա թե ինչպես է ինչ-որ երեխա լրիվ ավտոմատ ռեժիմով կրակում այդ 30 փամփուշտը.




http://www.youtube.com/watch?v=mchVNcme9Os



Տեսա՞ք: Կարծում եք՝ չորս վայրկյան հետո կրակահերթը դադարեց, որովհետև կրակողը հոգնե՞ց: Չէ մի չէ՜. փամփուշտները վերջացան: Դե լավ, կինոների լավ տղերքի զենքը տեսանք, հիմա անցնենք վատ տղերքի ստանդարտ զենքին: Ծանոթացեք՝ AK-47.



http://img7.imageshack.us/img7/1196/38902717.jpg
Օ՜ ոոոոոոոոոոոոոո՜չ



Հիմա տեսնենք, թե ինչպես է ինչ-որ մեկը լրիվ ավտոմատ ռեժիմով AK կրակում.




http://www.youtube.com/watch?v=O0mNJwRbS_o



Կրկին՝ չորս վայրկյան հետո պահունակը դատարկ է: Պատճառն այն է, որ լրիվ ավտոմատ զենքերը իրոք ահավոր արագ են կրակում՝ րոպեում մոտավորապես 700 փամփուշտ (http://www.colt.com/mil/M4_2.asp): Պարզապես դու ոչ թե 700 փամփուշտ ունես, այլ ընամենը 30-ը: Հաշվարկները թողնում եմ ձեզ:

ԱՄՆ-ի բանակում սովորական հետևակ զինվորի սպառազինությունը ներառում է ընդամենը 210 փամփուշտ (http://factoidz.com/military-machine-guns-functions-and-characteristics/): Սա նշանակում է, որ լրիվ ավտոմատ ռեժիմով մարտը կտևի առավելագույնը մի կես րոպե, եթե նույնիսկ հաշվի առնենք պահունակները փոխելու համար անհրաժեշտ ժամանակը: Բարեբախտաբար՝ ավտոմատ ռեժիմն այնքան հազվադեպ է օգտագործվում, որ շատ մարտական զենքեր նույնիսկ չունեն էլ այդ հնարավորությունը (http://en.wikipedia.org/wiki/M16_rifle#Introduction):



http://img824.imageshack.us/img824/8219/43004484.jpg



«Հլը մի րոպե՜», կասեք դուք: «Ես լիքը իսկական կադրեր եմ տեսել Վիետնամի ու Չեչնիայի մասին, ու էնտեղ հեռվում անընդհատ ավտոմատի կրակահերթեր են լսվում: Ուրեմն ինչ-որ մեկը կրակում է էդ ձեր ավտոմատ ռեժիմով, չէ՞, ցեցը ձեզ ուտի»:

Իհա՛րկե դուք ճիշտ եք, իհա՛րկե կրակում են, պարզապես՝ ոչ կոնկրետ մարդկանց վրա: Լրիվ ավտոմատ կրակը հիմնականում օգտագործվում է հակառակորդի դիրքերը ճնշելու նպատակով, այսինքն՝ ստիպելու համար, որ վատ տղերքը կռանան ու կռացած մնան իրենց խրամատներում, քանի դեռ լավ տղերքը դիրքավորվում են: Գործնականում բոլոր փամփուշտներն էլ հենց միայն դրա վրա են ծախսվում (սնայպերներ, կներեք. խոսքը ավտոմատ զենքի մասին է): Ըստ վիճակագրության՝ Իրաքում և Աֆղանստանում ոչնչացված յուրաքանչյուր գրոհայինի համար ծախսվել է 250,000 փամփուշտ (http://www.globalsecurity.org/org/news/2005/050925-israel-bullets.htm): Այսինքն՝ մոտավորապես երեք տոննա զինամթեր՝ ամեն դիակի վրա: Հիմա դիակների քանակը բազմապատկեք երեք տոննայով ու պատկերացրեք, թե ի՜նչ սարսափելի բեռ է վզին դրած քարշ տալիս Առնոլդը իր բոլոր կինոներում:

Հայկօ
26.01.2011, 22:06
3. Զրահաբաճկոնները պողպատյա պատեր են



http://img716.imageshack.us/img716/3785/24954.jpg



Առասպելը.

Բախտի բերմամբ, թե պատահմամբ այնպես է ստացվել, որ քո բոլոր հանճարեղ պլանները ձախողվել են, ու հիմա մի խումբ կատաղած աֆրիկացի ահաբեկիչներ քաղաքով մեկ ընկել են քո հետևից: Նրանք ուզում են իրենց AK-47-երով մի քանի հարյուր գնդակ մեխել քո մեջ (և թերևս խմել քո արյունը), բայց նրանք հաշվի չեն առել քո Գաղտնիքը. քո հագին է քո հավատարիմ զրահաբաճկոնը:



http://img59.imageshack.us/img59/7109/17306024.jpg
- Ես գլխավոր հերոս եմ, մեր գլխին երբեք չեն կրակում:



Կինոներում զրահաբաճկոնների շնորհիվ զենքերի մեծամասնությունը նմանվում է ջրի խաղալիք ատրճանակների: AK-47-ից արձակած դեմհանդիման կրակահերթը ունակ է մարդկանց մեծամասնության իրանը վերածելու ժելեատիպ անհամասեռ զանգվածի. ուզում ես՝ այգին պարարտացրու, ուզում ես՝ ձկներիդ կերակրիր: Բայց Հոլիվուդի թեթև ձեռքով կադրում է հայտնվում մեծն Կեվլարե Զրահաբաճկոնը, և... և Գենդալֆն ու իր բոլոր պաշտպանական փուչիկները գլուխները պատովն են տվել:



http://img521.imageshack.us/img521/4907/68355794.jpg
Հա, դու: Գլուխդ պատովն ես տվել:



Խնդիրը.

«Հետ դեպի ապագան» նայե՞լ եք: Հիշու՞մ եք, թե ինչպես էին ահաբեկիչները կրակում Էմմետ Բրաունի վրա: Իրական կյանքում նրան պաշտպանող բաճկոնի օգուտը միայն այն կլիներ, որ դոկտոր Էմմետի կտորները իրար կպած կմնային քիչ թե շատ ընդունելի (պատոլոգ-անատոմի համար) մի փաթեթի մեջ, ոչ թե ցրիվ կգային աշխարհով մեկ: Ավելին՝ չնայած զրահների կատարելագործման հաջորդ 25 տարիներին՝ այսօր նույնպես ոչ մի զրահաբաճկոն քաջարի դոկտորին չէր պաշտպանի այդպիսի հարձակումից:




http://www.youtube.com/watch?v=Y1uaYhptJTQ



Այսօր այն զրահաբաճկոնները, որ կարելի է թաքցնել հագուստի տակ, իրոք բացառիկ պաշտպանություն են ապահովում (http://en.wikipedia.org/wiki/Ballistic_vest#Performance_standards) ատրճանակների մեծ մասի դեպքում: Բայց ավտոմատ հրազենի դիմաց դրանք նույնքան արդյունավետ են, ինչքան, ասենք, վզից հուլունք կախելն ու գնդակահարվելու պահին ձեր աստծուն աղոթելը:



http://img109.imageshack.us/img109/1520/68382006.jpg
Եթե, իհարկե, ձեր աստվածը Մեկուկես Տոննայանոց Զրահի աստվածը չէ (Defense +20, Fear +17)



Բանակը իր սեփական հատուկ զրահաբաճկոնները ունի, որոնք կոչված են պաշտպանելու հենց այդպիսի բաներից: Դրանք ավելի ծանր ու ավելի ամուր են: Բայց նույնիսկ դրանք շատ թե քիչ արդյունավետ են համարվում միայն 14 մետրից ավելի մեծ հեռավորությունների համար (http://www.ncjrs.gov/pdffiles1/nij/223054.pdf): Ոստիկանները, իրենց հերթին, երբեք բանակային զրահաբաճկոններ չեն հագնում (իսկ 45 տոկոսը ընդհանրապես ոչ մի զրահ չի հագնում (http://www.bodyarmornews.com/body-armor-news/officer-no-longer-resists-body-armor.htm)): Պատճառը երևի այն է, որ ռազմական զրահաբաճկոնները ավելի քան 15 կիլոգրամ (http://en.wikipedia.org/wiki/Interceptor_body_armor) են կշռում ու հազարավոր դոլարներ արժեն: Եվ քանի որ հրազենային հանցագործությունների մեկ տոկոսից էլ պակասի (http://www.guncite.com/gun_control_gcassaul.html) ժամանակ է ավտոմատ մարտական հրազեն կիրառվում, ապա իսկական մարտական զրահաբաճկոնների վրա փող չծախսելը հիմնականում արդարացված պրակտիկա է համարվում:



http://img217.imageshack.us/img217/1629/12593284.jpg
Հիմնականում

Հայկօ
26.01.2011, 22:11
2. Զենքը չրխկոցով լարելը



http://img15.imageshack.us/img15/6762/24953o.jpg



Որտեղ եք տեսել.

Բունդոկի Սրբերը, Կռու պոպոք, Կատաղած շները, այս ցուցակի բոլոր կինոները (http://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Main/DramaticGunCock)


Առասպելը.

Կինոներում զենքը լարելը համարվում է բացականչական նշանի պես մի բան: Երբ Շատ Չար Ոստիկանը սկսում է հարցաքննել միակ ողջ մնացած հանցագործին, կարելի է վստահաբար ասել, որ հաստատ գալու է մի պահ, երբ նա կհանի ու «կչխկացնի» իր ատրճանակը՝ խեղճ օրինախախտին հասկացնելու համար, որ նրա բանը բուրդ է: Այդ չրխկոցի ձայնն այնքա՜ն ազդեցիկ է, որ «Բունդոկի Սրբերում» ՄակՄանուս եղբայրները իրենց փոքրիկ չարաճճի աղոթքը հենց դրանով էին եզրափակում.




http://www.youtube.com/watch?v=uaGrYLDSNZ0



Խնդիրը.

Այդ «չխկոցը» հետ քաշվող ու լարվող շնիկի ձայնն է: Կինոներն այդպես փորձում են ասել. «Այ հիմա այս զենքը արդեն պատրաստ է կրակելու (ընգեր ջան), մնում է միայն ձգանը սեղմել»: Եվ այնուամենայնիվ՝ այդ չրխկ-թրխկը դրա հետ ոչ մի կապ չունի: Այդ չրխկ-թրխկը ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի: Զենքը հենց սկզբից էլ հրաշալիորեն կազմ ու պատրաստ էր:

Օրինակի համար՝ հենց նույն «Բունդոկի սրբերում» մեր իռլանդացի եղբայրների ատրճանակները Beretta 92F-եր են (նույն զենքը, ինչ Ջոն ՄակԿլեյնն էր օգտագործում «Կռու պոպոքում»): Այդ ատրճանակներն այնպես են ստեղծված, որ ձգանը սեղմելու հետ միաժամանակ նաև հետ է քաշվում շնիկը՝ այդպիսով խնայելով այդ լրացուցիչ քայլն ու այն լրացուցիչ երկու վայրկյանները, որի ընթացքում կրակողին կարող են, ասենք, գնդակահարել: «Զենքը չխկոցով լարելը նշանակում է լրջին տալ» կարծիքը գուցե դեռ ճիշտ էր վայրի կովբոյական արևմուտքում, երբ հին ռևոլվերների ամեն կրակոցից հետո հարկավոր էր շնիկը նորից հետ քաշել: Բայց դա արդեն մոտ 150 տարի է, ինչ անհույս հնացած մեթոդ է (http://en.wikipedia.org/wiki/Robert_Adams_%28handgun_designer%29): Հոլիվուդը, փաստորեն, ավելի է հետ ընկել ռազմական տեխnլոգիաներից, քան մենք համարձակվում էինք պատկերացնել մեր ամենախենթ երազներում:



http://img814.imageshack.us/img814/6818/oldcowboyphoto.jpg
Մոդայի վերջին ճիչը



Ի դեպ՝ այդպիսի ատրճանակները ամեն կրակոցից հետո ավտոմատ նաև լարում են շնիկը (քանի որ ձգանը դրանից հետո մի քիչ ավելի փափուկ է սեղմվում): Կարծում ենք՝ այս մի փաստն էլ արժի ընդգծել՝ ցույց տալու համար, որ, փաստորեն, ՄակՄանուս եղբայրները ինչ-որ մեկին մահապատժի ենթարկելուց առաջ դիտմամբ իջեցնում էին իրենց ատրճանակների շնիկները՝ միայն ու միայն որպեսզի հետո կարողանան այդ հերոսական ձայնը հանել:

Տխմարությունն այսքանով չի սահմանափակվում: Երբեմն կինոներում ինչ-որ մեկի ձեռքի զենքը հատուկ հետ քաշվող շնիկ չունի (կոտորակային հրացան, ավտոմատ զենք...): Այդ դեպքում շնիկը հետ քաշելը փոխարինվում է զենքը ինչ-որ այլ կերպ «լարելու» պրոցեսով. հրացանի տակի գլանն է հետ քաշվում, կամ ավտոմատի կողքի փակաղակը... Ինչու՞. որովհետև դա վերոհիշյալ դրամատիկ շխկոցը հանելու միակ տարբերակն է:



http://img820.imageshack.us/img820/1309/75519538.jpg



Հարցն այն է, որ այդ զենքերի վրա դրա միակ նպատակը դատարկ պարկուճը դուրս գցելն ու փոխարենը հաջորդ փամփուշտը դնելն է. մի բան, որ արդեն իսկ ավտոմատ կերպով տեղի էր ունեցել նախորդ կրակոցից հետո: Այնպես որ՝ իմացեք, որ ձեր յուրաքանչյուր վայելչագեղ «չրխկոցը» ուղեկցվելու է նաև մեկ ուրիշ՝ մի քիչ ավելի տխուր ձայնով. դա ձեր չկրակած փամփուշտներից մեկի գետնին ընկնելու ձայնն է:

Հայկօ
26.01.2011, 22:17
1. Կրակելով կարելի է ամեն ինչ պայթեցնել



http://img340.imageshack.us/img340/6774/24952.jpg



Որտեղ եք տեսել.

Ծնոտներ, Կազինո Ռոյալ, Մատրիքս


Առասպելը.

Կինոներում բոլոր գնդակներն ու գոնե մի քիչ բռնկվող նյութերը զոքանչ-փեսա փոխհարաբերությունների մեջ են: Երբ արճճե գնդակը մխրճվում է մեքենայի բաքի մեջ, մեքենան ու դրա բոլոր ուղևորները այրվելով հօդս են ցնդում: Այս երևույթն ուղղակի անփոխարինելի է, երբ, օրինակ, Մորֆեուսը ուզում է երկվորյակ ալբինոսների խորոված պատրաստել մայրուղու մեջտեղում:



http://img14.imageshack.us/img14/6021/37839976.jpg
Ասում են՝ տապակած դրեդներից ջեռկիի համ է գալիս



Պրոպանը, ջրածինն ու թթվածինը նույնպես համապատասխանում են այս գեղեցիկ սկզբունքին: Եթե սցենարիստը քեզ դրել է անելանելի փակուղու մեջ, ապա ուշադիր նայիր չորս կողմդ, գտիր մետաղյա հերմետիկ տարայի մեջ լցված գազը, կրակիր բալոնի վրա, և կրակե փոթորիկը քարուքանդ կանի քեզ նեղություն պատճառող ամեն ինչ: Կրակիր շնաձկան բերանի մեջի թթվածնային բալոնին, և շնաձուկը այնպես կպայթի, ասես ամբողջ շաբաթ միայն դինամիտով է սնվել:


Խնդիրը.

Մեքենա կամ բալոն արտադրող ընկերությունները ընդհանրապես չեն սիրում դատվել խանձված սպառողների կամ ջղայնացած ապահովագրողների հետ: Եթե նրանց արտադրանքը ամեն պատահական հարվածից կամ ծակոցից վերածվելու լիներ շենքի մեծության կրակի գնդի, ապա մեքենայի անիվը յուրաքանչյուր բաց փոսի մեջ գցելը կդառնար անկախության օրվա հրավառություն, իսկ յուրաքանչյուր լուրջ ավտովթարը՝ Մայքլ Բեյի կինո:

Mythbusters (http://mythbustersresults.com/episode15)-ի խելոք մարդիկ իրենց էպիզոդներից երկուսում շատ լավ ցույց են տվել «կրակիր բաքի վրա» առասպելի սխալականությունը, ինչպես նաև անողոք հաշվեհարդար են տեսել մի տոննա ուրիշ (http://mythbustersresults.com/episode38) հրազենային լեգենդների հետ: Պարզվում է, որ մեքենային հարկավոր է շատ բարդ ու խիստ հատուկ ձևերով համոզել (http://www.intuitor.com/moviephysics/mpmain.html), որ այն պայթի: Եթե կարողանաք մի փոքրիկ ծակ բացել բաքի վրա, դրսում ուժեղ կրակ վառել և բաքի մեջի վառելիքը այնպես գոլորշիացնել, որ բաքն արդեն հազիվհազ դիմանա ներքին ճնշմանը, ապա հնարավոր է, որ այն ի վերջո կրակոցներից պայթի: Եթե, իհարկե, հատուկ այրող փամփուշտներ օգտագործեք:



http://img560.imageshack.us/img560/6659/93445135.jpg
Պլան Բ



Ընդ որում՝ հոլիվուդյան «գնդակները կարող են մեքենա պայթեցնել» սկզբունքի մեջ ամենաանտրամաբանականն ու աբսուրդը այն է, որ այդ նույն գնդակները ուրիշ ոչ մի բան չեն կարողանում ծակել: Խնդրեմ, հիացեք, թե ինչպես Ջոն Կյուսակը, առանց մի քերծվացք անգամ ստանալու, ավտոմատի կրակահերթերից թաքնվում է սովորական չիփսերի հետևում.




http://www.youtube.com/watch?v=AZt0fAZ018E



Ավելին ասենք. երբեմն կինոյի լավ տղերքից մեկնումեկը փոխհրաձգության ժամանակ որոշում է թաքնվել մեքենայի դռան հետևում: Նման դեպքերում նրա վրա կրակողները նույն հաջողությամբ կարող են կրակել Քեոփսի բուրգի վրա: Սա արդեն ասես ծաղր լինի, որովհետև չնայած որ գնդակները չեն կարող պայթեցնել մեքենայի բաքը, դրանք հեշտությամբ ծակում-անցնում են (http://www.theboxotruth.com/docs/buickot4.htm) դռան բարակ թիթեղի միջով:


Մի խոսքով՝ մեր իմացած ամեն ինչ սխալ է: Եթե հանկարծ մի օր կինոների սցենարները սկսեն կրկնվել մեր փողոցներում, և մենք ստիպված լինենք մեզ պաշտպանել էսկիմոս ահաբեկիչներից, ջիպերով աֆրիկացիներից կամ Չինաստանի Ազգային Բանակից, ապա Հոլիվուդի շնորհիվ ուղիղ հինգ րոպեում մեր բմբուլները քամուն կտան: Չնայած՝ Չինաստանի Ազգային Բանակի դեպքում մեր բմբուլները քամուն կտան այսպես թե այնպես:

Հայկօ
27.01.2011, 01:57
Հուսով եմ՝ կարդալը ձեզ համար նույնքան հաճելի էր, ինչքան ինձ համար՝ գրելը :):

AniwaR
27.01.2011, 02:05
Հուսով եմ՝ կարդալը ձեզ համար նույնքան հաճելի էր, ինչքան ինձ համար՝ գրելը :):

:aha Սենց երկար գրառումներ հազվադեպ եմ կարդում, բայց էս մեկը սկզբից մինչև վերջ՝ վիդեոները պարտաճանաչ նայելով կարդացել եմ: Շա՜տ հետաքրքիր էր::hands

LoK®
27.01.2011, 02:10
Հաճելի էր :)
Էս վերջին վիդեոյում էլ մի բան նկատեցի, որ մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել: Միկրոալիքային վառարանում "եփվող" պայթուցիկ նյութերը պայթում են թայմերի լրանալուն պես` այսինքն երբ որ վառարանը անջատվում ա :)) Երևի ջղայնությունից են պայթում, որ իրանց դադարեցնում են տաքացնել :)

Kuk
27.01.2011, 02:51
Հուսով եմ՝ կարդալը ձեզ համար նույնքան հաճելի էր, ինչքան ինձ համար՝ գրելը :):

Շատ լավն էր, մի շնչով՝ ծերից ծեր: Ողջ Հոլիվուդը հանիր տռաս, սարքիր գռուզավիկ ու մեջը լիքը զենք բարձեցիր:))
Ես որ կինոների սիրահար չեմ, մեծ հետաքրքրությամբ լրիվ կարդացի:good

Հայկօ
27.01.2011, 02:55
Շատ լավն էր, մի շնչով՝ ծերից ծեր: Ողջ Հոլիվուդը հանիր տռաս, սարքիր գռուզավիկ ու մեջը լիքը զենք բարձեցիր:))
Ես որ կինոների սիրահար չեմ, մեծ հետաքրքրությամբ լրիվ կարդացի:good

Հանուն անկեղծության համենայն դեպս ասեմ, որ հիմնական իմաստը թարգմանել եմ, ոչ թե գրել :): Հետաքրքիր բան էր, որոշեցի մենակ-մենակ չվայելել :)):

Lion
27.01.2011, 08:29
Հուսով եմ՝ կարդալը ձեզ համար նույնքան հաճելի էր, ինչքան ինձ համար՝ գրելը :):

Ընտիր էր :hands Շատ բաներ, իհարկե, ես մինչ այդ էլ նկատել էի ու գիտեի, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր: Դե իսկ հումորը` սպանեց;)

Ջուզեպե Բալզամո
27.01.2011, 12:19
Գերազանց… շատ լավ էր: Օ՛ ջան, հոլիվուդը շատ տարբեր պայթուցիկ բաներ ունի (կոմպ, հեռուստացույց, ֆլորեսենտ լամպ, թոստեր… և այլն) դրանց մասին էլ նյութ պատրաստի էլի, եղբայր… ;)

Skeptic
27.01.2011, 13:42
Հաճելի էր :)
Էս վերջին վիդեոյում էլ մի բան նկատեցի, որ մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել: Միկրոալիքային վառարանում "եփվող" պայթուցիկ նյութերը պայթում են թայմերի լրանալուն պես` այսինքն երբ որ վառարանը անջատվում ա :)) Երևի ջղայնությունից են պայթում, որ իրանց դադարեցնում են տաքացնել :)

Իսկ ռումբերը միշտ վնասազերծվում են պայթելուց ընդամենը մի (կամ լավագույն դեպքում` մի քանի) վայրկյան առաջ: :esim

Yellow Raven
27.01.2011, 16:57
Նկարների տակի քոմմենթները վերջն են:))

Interdenominational
27.01.2011, 19:28
Հրաշալի հոդված էր :)

CocoRocha
29.01.2011, 21:13
հումորը շատ լավն էր, նյութն էլ շատ հետաքրքիր:hands

vansed
16.02.2012, 16:17
Շատ լավ նյութ էր, մի շնչով կարդացի, ապրես, սաղ հանեցիր ջրի երես..............